Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 մայիսի 2024 թվականի N 136-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 378-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

100. Առանց Առևտրային հաշվառքի սարքի Ջրամատակարարում ունեցող Բաժանորդների դեպքում, բացառությամբ Կանոնների 112-րդ և 113-րդ կետերով նախատեսված դեպքերի`

1) բազմաբնակարան շենքի բնակիչ Բաժանորդին մատակարարված Խմելու ջրի քանակը Հաշվարկային ամսվա համար հաշվարկվում է 30 մ3, բացառությամբ Կանոնների 101-րդ կետով սահմանված դեպքի.

2) ոչ բազմաբնակարան շենքի բնակիչ Բաժանորդին մատակարարված Խմելու ջրի քանակը Հաշվարկային ամսվա համար հաշվարկվում է 100 մ3, բացառությամբ Կանոնների 101-րդ կետով սահմանված դեպքի.

3) ոչ բնակիչ Բաժանորդին մատակարարված Խմելու ջրի քանակը Հաշվարկային ամսվա յուրաքանչյուր օրվա համար հաշվարկվում է ներանցման խողովակի թողունակությամբ` շարժման 1,5մ/վրկ արագությամբ և Ջրամատակարարման հրապարակված գրաֆիկի հիման վրա հաշվարկված Խմելու ջրի օրական քանակով, բացառությամբ Կանոնների 101-րդ կետով սահմանված դեպքի.

4) եթե Բաժանորդն ունի նաև Առևտրային հաշվառքի սարքով Ջրամատակարարում, ապա սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված դեպքերում, եթե Հաշվարկային ամսվա ընթացքում Առևտրային հաշվառքի սարքով մատուցված Ծառայության քանակը չի գերազանցում սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված չափաքանակները, ապա Առևտրային հաշվառքի սարքով մատուցված Ծառայության քանակը չի հաշվարկվում, իսկ եթե գերազանցում է` հաշվարկվում է միայն Առևտրային հաշվառքի սարքով մատուցված Ծառայության քանակը:

101. Մատակարարի կողմից Կանոնների համաձայն Առևտրային հաշվառքի սարք չտեղակայելու դեպքում Բաժանորդին մատուցված Ծառայության քանակը յուրաքանչյուր օրվա համար հաշվարկվում է Բաժանորդին մատուցված Ծառայության միջին օրական քանակի տասը տոկոսի չափով: Բաժանորդին մատուցված Ծառայության միջին օրական քանակը հաշվարկվում է Կանոնների 102-րդ կետի համաձայն:

102. Բաժանորդին մատուցված Ծառայության միջին օրական քանակը հաշվարկվում է Հաշվարկային ամսվան նախորդող վերջին մեկ տարվա Հաշվարկային ամիսների մատուցված Ծառայության միջին օրական քանակի չափով, իսկ եթե վերջին մեկ տարում Ծառայություն չի մատուցվել, ապա Ծառայության մատուցում ունեցած վերջին Հաշվարկային ամսվա մատուցված Ծառայության միջին օրական քանակի չափով, բացառությամբ մեկ տարուց կարճ ժամանակահատվածով Բաժանորդ հանդիսանալու դեպքի, որի դեպքում հաշվարկը կատարվում է Բաժանորդ հանդիսացած Հաշվարկային ամիսների մատուցված Ծառայության միջին օրական քանակի չափով:

103. Բաժանորդին մատուցած Ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարի վերաբերյալ Բաժանորդի առարկության դեպքում Մատակարարն իրավունք չունի դադարեցնել Բաժանորդին Ծառայությունների մատուցումը, եթե Բաժանորդը վճարել է մատուցած Ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարի` իր կողմից չվիճարկվող մասը: Բաժանորդը պետք է ողջամտորեն հիմնավորի մատուցած Ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարի վիճարկվող մասի հետ չհամաձայնվելը` հիմնավորումները գրավոր ներկայացնելով Մատակարարին:

104. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում Կանոնների 105-րդ, 106-րդ և 107-րդ կետերով սահմանված կարգով կատարվում է Բաժանորդին մատուցված Ծառայության քանակի և դրա դիմաց վճարման ենթակա գումարի վերահաշվարկ: Մատուցված Ծառայության վերահաշվարկված քանակի դիմաց վճարման ենթակա գումարը հաշվարկվում է մատուցված Ծառայության վերահաշվարկված քանակի և Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրվա դրությամբ գործող Ծառայությունների մատուցման սակագների արտադրյալով: Սույն կետը չի սահմանափակում Մատակարարի կամ Բաժանորդի իրավունքը` Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մյուս կողմից պահանջելու պատճառած վնասի հատուցում:

105. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում, երբ

1) հնարավոր է եղել որոշել Առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի սխալանքի թույլատրելի տիրույթից Բաժանորդին մատուցված Ծառայության քանակի շեղումը, ապա վերահաշվարկը, բացառությամբ Կանոնների 106-րդ կետով նախատեսված դեպքի, կատարվում է հետևյալ բանաձևով`

 

ԱՏ(օր) * Ս(%)

Վ(վք) = Մ(մօծ) * ______________,

100% * Ս(%)

 

որտեղ`

Վ(վք)-ն մատուցված Ծառայության վերահաշվարկված քանակն է (մ3),

Մ(մօծ)-ն մատուցված Ծառայության միջին օրական քանակն է (մ3): Մատուցված Ծառայության միջին օրական քանակի հաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով`

 

Հ(ջք)

Մ(մօծ) = ------,

Տ(օր)

 

որտեղ`

Հ(ջք)-ն Առևտրային հաշվառքի սարքի նախավերջին ցուցմունքի գրանցման պահից մինչև Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն Առևտրային հաշվառքի սարքով մատուցված Ծառայության քանակն է (մ3), իսկ եթե նշված ժամանակահատվածում Առևտրային հաշվառքի սարքով Ծառայության մատուցում չի գրանցվել, ապա Առևտրային հաշվառքի սարքով Ծառայության մատուցում ունեցած վերջին Հաշվարկային ամսում մատուցված Ծառայության քանակն է (մ3),

Տ(օր) -ն Առևտրային հաշվառքի սարքի նախավերջին ցուցմունքի գրանցման պահից մինչև Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն ընկած ժամանակահատվածն է (օր), իսկ եթե նշված ժամանակահատվածում Առևտրային հաշվառքի սարքով Ծառայության մատուցում չի գրանցվել, ապա Առևտրային հաշվառքի սարքով Ծառայության մատուցում ունեցած վերջին Հաշվարկային ամսում Ծառայության մատուցում ունեցած օրերի քանակն է,

ԱՏ(օր)-ն վերահաշվարկի ժամանակահատվածն է (օր), որը հավասար է Առևտրային հաշվառքի սարքի նախավերջին ցուցմունքի գրանցման պահից մինչև Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն ընկած ժամանակահատվածին: Եթե վերահաշվարկի ժամանակահատվածը գերազանցում է 60 օրը, ապա այն կատարվում է 60 օրվա համար` ինչը սակայն չի սահմանափակում Մատակարարի իրավունքը համապատասխան հիմնավորումների առկայության դեպքում վերահաշվարկի համար կիրառել ավելի կարճ ժամանակահատված,

Ս(%)-ն Առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի սխալանքի թույլատրելի տիրույթից մատուցված Ծառայության քանակի շեղումն է (%), Ս%-ն բանաձևի հայտարարում հաշվի է առնվում բացասական «-» նշանով, երբ Առևտրային հաշվառքի սարքը դանդաղ է աշխատել, քան սխալանքի թույլատրելի տիրույթն է, և` դրական «+» նշանով, երբ Առևտրային հաշվառքի սարքն արագ է աշխատել, քան սխալանքի թույլատրելի տիրույթն է.

2) հնարավոր չի եղել որոշել Առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի սխալանքի թույլատրելի տիրույթից Բաժանորդին մատուցված Ծառայության քանակի շեղումը, ապա վերահաշվարկը, բացառությամբ Կանոնների 100-րդ կետով նախատեսված դեպքի, կատարվում է հետևյալ բանաձևով`

 

Վ(վք) = ՆՄ(մօծ) * ԱՏ(օր) - Ն(ջք,)

 

որտեղ`

ՆՄ(մօծ)-ն մատուցված Ծառայության միջին օրական քանակն է (մ3), որը հաշվարկվում է Կանոնների 102-րդ կետի համաձայն,

Ն(ջք)-ն Առևտրային հաշվառքի սարքի նախավերջին ցուցմունքի գրանցման պահից մինչև Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն ընկած ժամանակահատվածում Առևտրային հաշվառքի սարքով մատուցված Ծառայության քանակն է (մ3):

106. Եթե Առևտրային հաշվառքի սարքի խախտումն արտաքին միջամտության հետևանք է և Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ փաստվել է, որ արձանագրված խախտումը կարող էր հանգեցնել Առևտրային հաշվառքի սարքով փաստացի մատուցված Ծառայության քանակից պակաս քանակի գրանցման, ապա կատարվում է Բաժանորդին մատուցված Ծառայության քանակի վերահաշվարկ` ներանցման խողովակի թողունակությամբ` շարժման 1,5 մ/վրկ արագությամբ և Ջրամատակարարման հրապարակված գրաֆիկի հիման վրա հաշվարկված Խմելու ջրի օրական քանակի`

1) տասնհինգապատիկի չափով` բազմաբնակարան շենքի բնակիչ Բաժանորդի դեպքում.

2) երեսնապատիկի չափով` ոչ բազմաբնակարան շենքի բնակիչ Բաժանորդի դեպքում.

3) իննսունապատիկի չափով` ոչ բնակիչ Բաժանորդի դեպքում:

107. Միևնույն Բաժանորդի մոտ արտաքին միջամտությամբ Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքի հայտնաբերման օրվանից երկու տարվա ընթացքում կրկին արտաքին միջամտության հետևանքով Առևտրային հաշվառքի սարքի խախտում հայտնաբերելու դեպքում Մատակարարն իրավունք ունի Բաժանորդին մատուցված Ծառայության քանակը վերահաշվարկել Կանոնների 106-րդ կետով սահմանված չափաքանակների կրկնապատիկի չափով:

108. Այն դեպքում, երբ Բաժանորդ հանդիսացած ժամանակահատվածում ներառվող օրերի քանակը փոքր է Կանոնների 106-րդ կետով սահմանված բազմապատիկներից, ապա բազմապատիկներն ընդունվում են հավասար Բաժանորդ հանդիսացած ժամանակահատվածին:

109. Եթե Առևտրային հաշվառքի սարքը տեղակայված է Բաժանորդի սեփականություն հանդիսացող կամ այլ իրավական հիմքով տիրապետվող տարածքից դուրս, ապա Կանոնների 106-րդ և 107-րդ կետերով սահմանված կարգով մատուցված Ծառայության վերահաշվարկված քանակի դիմաց վճարման ենթակա գումարը վճարելու պահանջին Բաժանորդի չհամաձայնելու դեպքում Մատակարարը վեճը լուծում է դատական կարգով` մինչև վեճի վերջնական լուծումը չդադարեցնելով Բաժանորդին Ծառայությունների մատուցումը:

110. Եթե Մատակարարը Կանոնների 87-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն արձանագրություն չի կազմել, ապա Կանոնների 105-րդ, 106-րդ, 107-րդ, 112-րդ և 113-րդ կետերով սահմանված կարգով մատուցված Ծառայության վերահաշվարկված քանակի դիմաց վճարման ենթակա գումարը վճարելու պահանջին Բաժանորդի չհամաձայնելու դեպքում Մատակարարը վեճը լուծում է դատական կարգով` մինչև վեճի վերջնական լուծումը չդադարեցնելով Բաժանորդին Ծառայությունների մատուցումը:

111. Եթե Առևտրային հաշվառքի սարքի խախտումը պայմանավորված է Մատակարարի գործողություններով, ապա Մատակարարը Բաժանորդին վճարում է տույժ` մատուցված Ծառայության վերահաշվարկված քանակի դիմաց վճարման ենթակա գումարի կրկնապատիկի չափով: Մատակարարը տույժն առանձին տողով հաշվի է առնում Բաժանորդին մատուցված Ծառայությունների դիմաց վերահաշվարկի կատարմանը հաջորդող Հաշվարկային ամսում ներկայացվելիք հաշվարկային փաստաթղթում` նվազեցնելով Բաժանորդին մատուցված Ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարից:

112. Բաժանորդի կողմից` դադարեցված Ծառայության վերականգնման կամ Առևտրային հաշվառքի սարքի շրջանցման (այդ թվում` Բաժանորդի կողմից Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման) դեպքում Մատակարարը կազմում է խախտման մասին արձանագրություն` համաձայն Կանոնների 87-րդ կետի 1-ին ենթակետի, և իրականացնում Բաժանորդին մատուցված Ծառայության քանակի վերահաշվարկ համապատասխանաբար ներանցման խողովակի կամ շրջանցմամբ միացված ներանցման խողովակի թողունակությամբ` շարժման 1,5 մ/վրկ արագությամբ և Ջրամատակարարման հրապարակված գրաֆիկի հիման վրա հաշվարկված Խմելու ջրի օրական քանակի`

1) տասնհինգապատիկի չափով` բազմաբնակարան շենքի բնակիչ Բաժանորդի դեպքում.

2) երեսնապատիկի չափով` ոչ բազմաբնակարան շենքի բնակիչ Բաժանորդի դեպքում.

3) իննսունապատիկի չափով` ոչ բնակիչ Բաժանորդի դեպքում:

113. Միևնույն Բաժանորդի մոտ վերջինիս կողմից` դադարեցված Ծառայության վերականգնման կամ Առևտրային հաշվառքի սարքի շրջանցման (այդ թվում` Բաժանորդի կողմից Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման) դեպքի հայտնաբերման օրվանից երկու տարվա ընթացքում կրկին Բաժանորդի կողմից համապատասխանաբար` դադարեցված Ծառայության վերականգնում կամ Առևտրային հաշվառքի սարքի շրջանցում (այդ թվում` Բաժանորդի կողմից Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցում) հայտնաբերելու դեպքում Մատակարարն իրավունք ունի Բաժանորդին մատուցված Ծառայության քանակը վերահաշվարկել Կանոնների 112-րդ կետով սահմանված չափաքանակների կրկնապատիկի չափով:

114. Եթե Բաժանորդ հանդիսացած ժամանակահատվածում ներառվող օրերի քանակը փոքր է Կանոնների 112-րդ կետով սահմանված բազմապատիկներից, ապա բազմապատիկներն ընդունվում են հավասար Բաժանորդ հանդիսացած ժամանակահատվածին:

115. Մատակարարը պարտավոր է վերահաշվարկին առնչվող ամբողջ տեղեկատվությունը գրավոր ներկայացնել Բաժանորդին` Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման, իսկ Կանոնների 112-րդ և 113-րդ կետերով սահմանված վերահաշվարկի դեպքում` խախտման հայտնաբերման օրվանից 35 աշխատանքային օրվա ընթացքում: Եթե Բաժանորդը չի համաձայնում վերահաշվարկի արդյունքին, ապա վերահաշվարկին առնչվող տեղեկատվությունը ստանալու պահից տասն աշխատանքային օրվա ընթացքում Մատակարարին է ներկայացնում գրավոր առարկություններ` համապատասխան հիմնավորումներով:

116. Եթե Բաժանորդը Կանոնների 115-րդ կետով սահմանված ժամկետում վերահաշվարկի արդյունքի մասին Մատակարարին չի ներկայացնում գրավոր առարկություններ, ապա Բաժանորդին մատուցված Ծառայության վերահաշվարկված քանակը և դրա դիմաց վճարման ենթակա գումարը, իսկ առարկություններ ներկայացնելու դեպքում` Ծառայության վերահաշվարկված քանակի և դրա դիմաց վճարման ենթակա գումարի` Բաժանորդի կողմից չվիճարկվող մասը Մատակարարն առանձին տողով հաշվի է առնում վերահաշվարկի կատարման օրը ներառող Հաշվարկային ամսում Բաժանորդին մատուցված Ծառայությունների դիմաց ներկայացվելիք հաշվարկային փաստաթղթում և (կամ) Բաժանորդին տրամադրվելիք վճարումը հավաստող փաստաթղթում, ելնելով վերահաշվարկի արդյունքից` ավելացնում է Բաժանորդին մատուցված Ծառայությունների քանակին և դրա դիմաց վճարման ենթակա գումարին կամ նվազեցնում դրանցից: Այս դեպքում վերահաշվարկի կատարման օր է համարվում Կանոնների 115-րդ կետով սահմանված` Բաժանորդի կողմից առարկություններ ներկայացնելու ժամկետի վերջին օրվան հաջորդող օրը:

117. Մատակարարը պարտավոր է Բաժանորդից մատուցված Ծառայության վերահաշվարկված քանակի և դրա դիմաց վճարման ենթակա գումարի վերաբերյալ առարկություններ ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում քննարկել և արդյունքների մասին գրավոր տեղեկացնել Բաժանորդին` պարզաբանելով մատուցված Ծառայության վերահաշվարկի արդյունքի հետ կապված վիճելի դրույթները և դրանց հիմքերը: Մատակարարը մատուցված Ծառայության վերահաշվարկում անճշտություն հայտնաբերելու դեպքում պարտավոր է կատարել ճշգրտում: Բաժանորդը պետք է ողջամտորեն հիմնավորի մատուցած Ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարի վիճարկվող մասի հետ չհամաձայնվելը` հիմնավորումները գրավոր ներկայացնելով Մատակարարին: Մատակարարն իրավունք չունի դադարեցնել Բաժանորդին Ծառայությունների մատուցումը մինչև վեճի վերջնական լուծումը:

118. Կանոնների 117-րդ կետով սահմանված վեճի վերջնական լուծումից հետո, բացառությամբ Կանոնների 119-րդ կետով սահմանված դեպքի, Բաժանորդին մատուցված Ծառայության վերահաշվարկված (վեճի արդյունքում որոշված) քանակը և դրա դիմաց վճարման ենթակա գումարը Մատակարարն առանձին տողով հաշվի է առնում վերահաշվարկի կատարման օրը ներառող Հաշվարկային ամսում Բաժանորդին մատուցված Ծառայությունների դիմաց ներկայացվելիք հաշվարկային փաստաթղթում և (կամ) Բաժանորդին տրամադրվելիք վճարումը հավաստող փաստաթղթում, ելնելով վերահաշվարկի արդյունքից` ավելացնում է Բաժանորդին մատուցված Ծառայությունների քանակին և դրա դիմաց վճարման ենթակա գումարին կամ նվազեցնում դրանցից: Այս դեպքում վերահաշվարկի կատարման օր է համարվում վեճի լուծման օրը:

119. Հանձնաժողովի գրավոր համաձայնության դեպքում Բաժանորդին մատուցված Ծառայության վերահաշվարկված քանակը և դրա դիմաց վճարման ենթակա գումարը Մատակարարը կարող է հաշվի առնել մինչև Կանոնների 117-րդ կետով սահմանված վեճի վերջնական լուծման օրն ընկած որևէ Հաշվարկային ամսում Բաժանորդին մատուցված Ծառայությունների դիմաց ներկայացվելիք հաշվարկային փաստաթղթում և (կամ) Բաժանորդին տրամադրվելիք վճարումը հավաստող փաստաթղթում:

120. Մատակարարը մատուցված Ծառայության վերահաշվարկում անճշտություն հայտնաբերելու դեպքում պարտավոր է կատարել ճշգրտում: Մատակարարը պարտավոր է մատուցված Ծառայության վերահաշվարկի ճշգրտմանն առնչվող ամբողջ տեղեկատվությունը համապատասխան հիմնավորումներով գրավոր ներկայացնել Բաժանորդին` վերահաշվարկում անճշտության հայտնաբերման օրվանից տասն աշխատանքային օրվա ընթացքում: Այս դեպքում մատուցված Ծառայության վերահաշվարկի ճշգրտման գործընթացն իրականացվում է Կանոնների 115-րդ, 116-րդ, 117-րդ և 118-րդ կետերով սահմանված կարգով:

121. Մատակարարը Բաժանորդին մատուցված Ծառայությունների դիմաց ներկայացված հաշվարկային փաստաթղթում և (կամ) Բաժանորդին տրամադրվելիք վճարումը հավաստող փաստաթղթում Բաժանորդին մատուցված Ծառայությունների քանակի և դրա դիմաց վճարման ենթակա գումարի անճշտություն հայտնաբերելու դեպքում Բաժանորդին մատուցված Ծառայությունների ճշգրտող քանակը և դրա դիմաց վճարման ենթակա գումարը հաշվի է առնում անճշտության հայտնաբերման օրը ներառող Հաշվարկային ամսում Բաժանորդին մատուցված Ծառայությունների դիմաց ներկայացվելիք հաշվարկային փաստաթղթում և (կամ) վճարումը հավաստող փաստաթղթում, ելնելով ճշգրտման արդյունքից` ավելացնում է Բաժանորդին մատուցված Ծառայությունների քանակին և դրա դիմաց վճարման ենթակա գումարին կամ նվազեցնում դրանցից:

122. Մատակարարը պարտավոր է`

1) մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը, հանրապետական սփռման առնվազն մեկ հեռուստաընկերության միջոցով առնվազն երկու անգամ, նվազագույնը մեկ ժամ ընդմիջումով` ժամը 18:00-23:00-ն ընկած ժամանակահատվածում, իրազեկել նախորդ Հաշվարկային ամսում Բաժանորդին մատուցված (վերահաշվարկված) Ծառայության քանակի և դրա դիմաց վճարման ենթակա գումարի վերաբերյալ տեղեկատվությունն իր հետ պայմանագիր կնքած Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների, փոստային բաժանմունքների սպասարկման կետերում տեղակայելու օրը, իսկ մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը տեղակայել: Մատակարարը պարտավոր է սույն կետում նշված ժամկետում ոչ բնակիչ Բաժանորդին ներկայացնել նախորդ Հաշվարկային ամսում մատուցված Ծառայության քանակի և դրա դիմաց վճարման ենթակա գումարի վերաբերյալ հաշվարկային փաստաթուղթ.

2) Բաժանորդի գրավոր պահանջի կամ Պայմանագրով նման պահանջ նախատեսված լինելու դեպքում, սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված տեղեկատվության տեղակայելուց հետո, երեք աշխատանքային օրվա ընթացքում տրամադրել այդ տեղեկատվությունը փոստով կամ էլեկտրոնային եղանակով: Տեղեկատվությունը փոստով ներկայացնելու ծառայության համար վճարում է Բաժանորդը.

3) Նախորդ Հաշվարկային ամսում Բաժանորդին մատուցած Ծառայության դիմաց ներկայացվող հաշվարկային (վճարման) փաստաթղթում ներառել տվյալ Բաժանորդի անունը, ազգանունը, հասցեն, Հաշվառման քարտի համարը, Հաշվարկային ամիսը, Առևտրային հաշվառքի սարքի նախորդ ու վերջին ցուցմունքները և դրանց գրանցման օրերը, Հաշվարկային ամսում վճարած գումարը (Հայաստանի Հանրապետության դրամ), Հաշվարկային ամսում Բաժանորդին մատուցված Ծառայության սակագինը (Հայաստանի Հանրապետության դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը), քանակը (մ3) և դրա դիմաց վճարման ենթակա գումարը (Հայաստանի Հանրապետության դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը), այդ թվում` տարանջատված ըստ մատուցված Ծառայության տեսակի, Բաժանորդին մատուցված Ծառայության դիմաց սուբսիդիայի առկայության դեպքում Հաշվարկային ամսվա համար հաշվարկված սուբսիդիայի գումարը (Հայաստանի Հանրապետության դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը), այդ թվում` տարանջատված ըստ մատուցված Ծառայության տեսակի, նախորդ տարվա նույն ամսում Բաժանորդին մատակարարված Խմելու ջրի քանակը, Հաշվարկային ամսվա սկզբին և ավարտին պարտքի մնացորդը (Հայաստանի Հանրապետության դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը), վճարման ամսաթիվը, հաջորդ Հաշվարկային ամսվա Ջրամատակարարման գրաֆիկով երաշխավորված ժամերը: Շուրջօրյա Ջրամատակարարման դեպքում վճարման փաստաթուղթը պետք է ներառի «Ջրամատակարարման գրաֆիկ` 24 ժամ» բառերը, իսկ մնացած դեպքերում` «Ջրամատակարարման գրաֆիկ` __ ժամ» բառերը և Ջրամատակարարման գրաֆիկի սկզբի և ավարտի ժամն ու րոպեն:

123. Բաժանորդը պարտավոր է Հաշվարկային ամսում մատուցված (վերահաշվարկված) Ծառայության քանակի դիմաց վճարման ենթակա գումարը վճարել Կանոնների 122-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված կարգով տեղակայելու օրվանից հետո 7 օրվա ընթացքում, իսկ ոչ բնակիչ Բաժանորդի դեպքում Կանոնների 122-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված փաստաթուղթը տեղակայելու օրվանից ուշ ներկայացնելու դեպքում` փաստաթղթի ներկայացման օրվանից հետո 7 օրվա ընթացքում:

124. Մատուցված (վերահաշվարկված) Ծառայության քանակի դիմաց Կանոնների 123-րդ կետով սահմանված ժամկետում վճարման ենթակա գումարը չվճարելու դեպքում Մատակարարն իրավունք ունի ոչ բնակիչ Բաժանորդից պահանջել վճարել տույժ` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար չվճարված գումարի 0.1 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան չվճարված գումարի 10 տոկոսը: Տույժը հաշվարկվում է Հաշվարկային ամսվան հաջորդող ամսի 20-ից, եթե դրանից առնվազն 7 օր առաջ Մատակարարը Կանոնների 122-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված կարգով ոչ բնակիչ Բաժանորդին տեղեկացրել է նախորդ Հաշվարկային ամսում մատուցված Ծառայության քանակի և դրա դիմաց վճարման ենթակա գումարի մասին, հակառակ դեպքում տույժը հաշվարկվում է Կանոնների 122-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված կարգով տեղեկացնելուց ոչ շուտ, քան 7 օր հետո:

125. Կանոնների 124-րդ կետի համաձայն տույժ հաշվարկված լինելու դեպքում Մատակարարը ոչ բնակիչ Բաժանորդի կատարած վճարումներից առաջնահերթ մարում է մատուցված Ծառայության դիմաց վճարման ենթակա գումարը` ըստ դրա վճարման համար սահմանված ժամկետի վաղեմության, հետո միայն հաշվարկված տույժը:

 

ԳԼՈՒԽ 11
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

 

126. Առևտրային հաշվառքի սարքի ձեռքբերման, տեղակայման, փոխարինման և շահագործման (ներառյալ` սպասարկման, ստուգաչափման, նորոգման և պահպանման) պատասխանատվությունն` անկախ դրա պատկանելությունից, կրում է Մատակարարը, բացառությամբ Կանոնների 83-րդ և 127-րդ կետերով սահմանված դեպքերի:

127. Բաժանորդը պատասխանատվություն է կրում այնպիսի գործողությունների կատարման համար, որոնք ուղղված են Բաժանորդի սեփականություն հանդիսացող կամ այլ իրավական հիմքով տիրապետվող տարածքում տեղակայված Առևտրային հաշվառքի սարքի խախտմանը:

128. Մատակարարը Դիմող անձին (Բաժանորդին) վճարում է տույժ`

1) Կանոնների II-րդ բաժնով սահմանված` Նոր միացմանը և Պայմանագրերին առնչվող ընթացակարգի կամ ժամկետի յուրաքանչյուր խախտման համար.

2) Կանոնների 9-րդ գլխով սահմանված` Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման, տեղակայման, ստուգաչափման ընթացակարգի կամ ժամկետի յուրաքանչյուր խախտման համար.

3) Կանոնների 10-րդ գլխով սահմանված` Ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարի հաշվարկման, վերահաշվարկման, վճարման ընթացակարգի կամ ժամկետի յուրաքանչյուր խախտման համար.

4) Կանոնների 13-րդ գլխով սահմանված` Ջրամատակարարման ընդհատման և Ծառայությունների մատուցման դադարեցման ընթացակարգի կամ ժամկետի յուրաքանչյուր խախտման համար.

5) Կանոնների 15-րդ գլխով սահմանված` դիմումի ներկայացման և քննարկման ընթացակարգի կամ ժամկետի յուրաքանչյուր խախտման համար.

6) Կանոններով սահմանված տեղեկության փոխանակման, փաստաթղթի հանձնման, ծանուցման` սույն կետի այլ ենթակետով չնախատեսված ընթացակարգի կամ ժամկետի յուրաքանչյուր խախտման համար:

129. Կանոնների 128-րդ կետի համաձայն տույժը վճարվում է`

1) Բաժանորդի դեպքում` մատուցված Ծառայությունների դիմաց հաշվարկված միջին ամսական գումարի 50 տոկոսի, բայց ոչ ավելի, քան 2000 դրամի չափով.

2) Դիմող անձի դեպքում` 2000 դրամի չափով, բացառությամբ Կանոնների 49-րդ կետով սահմանված ժամկետների խախտման, որոնց դեպքում Մատակարարը Դիմող անձին վճարում է տույժ կետանցի յուրաքանչյուր օրվա համար Միացման վճարի 0,5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան Միացման վճարի ընդհանուր գումարը:

130. Կանոնների 129-րդ կետի 1-ին ենթակետում նշված` Բաժանորդին մատուցված Ծառայությունների դիմաց հաշվարկված միջին ամսական գումարը հաշվարկվում է Հաշվարկային ամսվան նախորդող վերջին մեկ տարվա Հաշվարկային ամիսներին մատուցված Ծառայությունների դիմաց հաշվարկված գումարի միջին ամսական գումարի չափով, իսկ եթե վերջին մեկ տարում Ծառայություններ չեն մատուցվել, ապա Ծառայությունների մատուցում ունեցած վերջին Հաշվարկային ամսում մատուցված Ծառայությունների դիմաց հաշվարկված գումարի չափով, բացառությամբ այն դեպքի, երբ մեկ տարուց պակաս ժամանակահատվածով է Բաժանորդ հանդիսացել, որի ժամանակ հաշվարկը կատարվում է Բաժանորդ հանդիսացած Հաշվարկային ամիսներին մատուցված Ծառայության դիմաց հաշվարկված գումարի միջին ամսական գումարի չափով:

131. Մատակարարը Կանոնների 129-րդ կետով հաշվարկված տույժն առանձին տողով հաշվի է առնում`

1) Բաժանորդի դեպքում` Բաժանորդին մատուցված Ծառայությունների դիմաց հաջորդող Հաշվարկային ամսում ներկայացվելիք հաշվարկային փաստաթղթում և նվազեցնում Բաժանորդին մատուցված Ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարից.

2) Դիմող անձի դեպքում` Պայմանագրի կնքմանը հաջորդող ամսում` սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված կարգով, իսկ բազմաբնակարան շենքի կառուցապատող կամ Բաժանորդ չդարձած Դիմող անձի դեպքում` վճարում է մինչև խախտմանը հաջորդող ամսվա ավարտը` վերջինիս նախընտրած և օրենսդրությամբ սահմանված ձևով` կանխիկ կամ անկանխիկ փոխանցումով:

132. Կանոններով սահմանված պարտավորության խախտումը պատասխանատվություն, այդ թվում` տույժի վճարում, չի առաջացնում, եթե այն հետևանք է ֆորս մաժորի, որի դեպքում Մատակարարը կամ Դիմող անձը (Բաժանորդը) պարտավոր են անհապաղ տեղեկացնել միմյանց` ձեռնարկելով բոլոր անհրաժեշտ միջոցներն իրենց պարտավորությունների հետագա պատշաճ կատարումն ողջամիտ ժամկետում ապահովելու նպատակով:

 

ԲԱԺԻՆ IV
ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 12
ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

133. Մատակարարը պարտավոր է Բաժանորդին ապահովել ամենօրյա Ջրամատակարարմամբ:

134. Մատակարարը պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ` նոյեմբեր ամսվա վերջին տասնօրյակում, իր պաշտոնական կայքում հրապարակել Բաժանորդի հաջորդ տարվա Ջրամատակարարման գրաֆիկը, ինչպես նաև գրաֆիկի հրապարակված և Կանոնների 137-րդ կետով սահմանված կարգով Բաժանորդի իրազեկված լինելու մասին գրավոր ծանուցել Հանձնաժողովին: Ջրամատակարարման գրաֆիկը պետք է կազմվի և հրապարակվի հասցեական` այնպես, որ Բաժանորդը հնարավորություն ունենա ծանոթանալ իր Ջրամատակարարման գրաֆիկին:

135. Մատակարարը պարտավոր է մինչև սեպտեմբերի 1-ը Հանձնաժողովի համաձայնեցմանը ներկայացնել Բաժանորդի հաջորդ տարվա Ջրամատակարարման գրաֆիկը: Մատակարարը Ջրամատակարարման հրապարակվելիք գրաֆիկում փոփոխությունը կատարում է Հանձնաժողովի հետ համաձայնեցնելուց հետո:

136. Հրապարակված Ջրամատակարարման գրաֆիկը պետք է ներառի Բաժանորդին Ջրամատակարարմամբ ապահովելու երաշխավորված ժամանակահատվածը: Մինչև 17 ժամ տևողությամբ Ջրամատակարարում ունեցող Բաժանորդի Ջրամատակարարումը պետք է իրականացվի ժամը 7:00-24:00-ն ընկած ժամանակահատվածում:

137. Ջրամատակարարման գրաֆիկի հրապարակումից առնվազն երեք աշխատանքային օր առաջ Մատակարարը պարտավոր է Բաժանորդին հանրապետական սփռման առնվազն մեկ հեռուստաընկերության միջոցով` երեք օր անընդմեջ, օրական առնվազն երկու անգամ, նվազագույնը մեկ ժամ ընդմիջումով` ժամը 18:00-23:00-ն ընկած ժամանակահատվածում, իրազեկել Ջրամատակարարման գրաֆիկի հրապարակման ժամկետի և իր պաշտոնական կայքի անվանման մասին:

138. Կանոնների 133-րդ, 134-րդ, 135-րդ, 136-րդ և 137-րդ կետերով սահմանված պահանջները հանդիսանում են նվազագույն պահանջներ և չեն բացառում Մատակարարի կողմից Բաժանորդին Ջրամատակարարման գրաֆիկի հրապարակման ժամկետի և իր պաշտոնական կայքի անվանման մասին իրազեկման այլ եղանակների զուգահեռ կիրառումը:

139. Մատակարարը պարտավոր է Բաժանորդին ժամը 7:00-24:00-ն ընկած ժամանակահատվածում ապահովել ամենօրյա առնվազն վեցժամյա Ջրամատակարարմամբ:

 

ԳԼՈՒԽ 13
ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԸՆԴՀԱՏՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

140. Ջրամատակարարման ընդհատումներն են` պլանային ընդհատումը, վթարային ընդհատումը և ֆորս մաժորի հետևանքով ընդհատումը: Պլանային ընդհատումը պլանային աշխատանքների կատարման նպատակով Ջրամատակարարման նախատեսված ընդհատումն է, իսկ վթարային ընդհատումը և ֆորս մաժորի հետևանքով ընդհատումը ջրամատակարարման չնախատեսված ընդհատումներն են:

141. Ջրամատակարարման ընդհատման տևողությունը չպետք է գերազանցի 36 ժամը, իսկ 500 մմ-ից մեծ տրամագծով մայրուղային ջրատարներով իրականացվող Ջրամատակարարման ընդհատման դեպքում` 72 ժամը:

142. Պլանային ընդհատման և վթարային ընդհատման սկզբի ժամ է համարվում Ջրամատակարարման գրաֆիկով նախատեսված այն ժամը, որից հետո Ջրամատակարարում չի իրականացվել, ֆորս մաժորի հետևանքով ընդհատման սկզբի ժամ է համարվում ֆորս մաժորի ավարտի ժամը, իսկ Ջրամատակարարման վերականգնման ժամը կարող է չհամընկնել Ջրամատակարարման գրաֆիկի հետ: Մատակարարը պարտավոր է պահպանել պլանային ընդհատման համար նախապես հայտարարված սկզբի ժամը:

143. Մատակարարը պարտավոր է Ջրամատակարարման պլանային ընդհատման հասցեի (վայրի), օրվա, սկզբի և վերականգնման կանխատեսվող ժամի մասին տեղեկատվությունը ընդհատման օրվանից առնվազն երեք օր առաջ հրապարակել իր պաշտոնական կայքում, իսկ ընդհատման օրվանից ոչ շուտ, քան երկու օր առաջ տվյալ սպասարկման տարածքում հեռարձակվող առնվազն մեկ հեռուստաընկերության միջոցով առնվազն երկու անգամ, նվազագույնը մեկ ժամ ընդմիջումով` ժամը 18:00-23:00-ն ընկած ժամանակահատվածում, գրավոր, այդ թվում` էլեկտրոնային եղանակով, կամ հեռախոսազանգի միջոցով, կամ անհատապես ծանուցման այլ եղանակով իրազեկել Բաժանորդին:

144. Մատակարարը պարտավոր է Ջրամատակարարման ընդհատման մասին հարցում կատարած Բաժանորդին, հնարավորինս սեղմ ժամկետում, հարցումը ներկայացնելու եղանակով իրազեկել Ջրամատակարարման ընդհատման հասցեի (վայրի), օրվա, սկզբի և վերականգնման կանխատեսվող ժամի մասին:

145. Կանոնների 141-րդ, 142-րդ, 143-րդ և 144-րդ կետերով սահմանված պահանջները հանդիսանում են նվազագույն պահանջներ և չեն բացառում Մատակարարի կողմից Բաժանորդին Ջրամատակարարման ընդհատման տեսակի, հասցեի (վայրի), օրվա, սկզբի ժամի և վերականգնման կանխատեսվող ժամի մասին իրազեկման այլ եղանակների զուգահեռ կիրառումը:

146. Մատակարարն իրավունք չունի պլանային ընդհատում իրականացնել շաբաթ և կիրակի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համաձայն ոչ աշխատանքային օր համարվող տոներին և հիշատակի օրերին, բացառությամբ, երբ պլանային ընդհատումն իրականացնում է`

1) Բաժանորդի դիմումի հիման վրա կամ վերջինիս հետ փոխհամաձայնեցված կարգով` պայմանով, որ այն չի հանգեցնի այլ Բաժանորդի Ջրամատակարարման հրապարակված գրաֆիկի խախտման.

2) համայնքի ղեկավարի գրավոր համաձայնությամբ, եթե Ջրամատակարարման պլանային ընդհատումն այլ օրերին իրականացնելը կանդրադառնա պետական կամ համայնքային նշանակության կառույցների բնականոն աշխատանքի կամ միջոցառումների իրականացման ընթացքի վրա:

147. Մատակարարն իրավունք ունի առնվազն մեկ օր առաջ տեղեկացնելով` դադարեցնել Բաժանորդին մատուցվող Ծառայությունները Բաժանորդի կողմից`

1) մատուցված Ծառայությունների կամ մատուցված Ծառայության վերահաշվարկված քանակի դիմաց վճարման ենթակա գումարի կամ հաշվարկված տույժի չվճարման դեպքում Մատակարարի կողմից գրավոր, այդ թվում` էլեկտրոնային եղանակով, կամ շուրջօրյա հեռախոսակապի միջոցով Բաժանորդին զգուշացնելու պահից սկսած երեք աշխատանքային օրվա ընթացքում կրկին չվճարելու դեպքում,

2) Մատակարարի ներկայացուցչին Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի գրանցման կամ ապահավաքակցման նպատակով իր սեփականություն հանդիսացող կամ այլ իրավական հիմքով տիրապետվող տարածք մուտք գործել թույլ չտալու կամ Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքը չհաղորդելու դեպքում,

3) առանց Առևտրային հաշվառքի սարքի Ջրամատակարարումն Առևտրային հաշվառքի սարքով իրականացնելու նպատակով Մատակարարի նախաձեռնությամբ Առևտրային հաշվառքի սարք տեղակայելուն խոչընդոտելու դեպքում:

148. Մատակարարն իրավունք ունի հնարավորինս սեղմ ժամկետում տեղեկացնելով` դադարեցնել Բաժանորդին մատուցվող Ծառայությունները, եթե Ներքին ցանցի անբավարար վիճակը հանդիսանում է կամ կարող է հանդիսանալ այլ Բաժանորդի Ծառայությունների չմատուցման պատճառ: Մատակարարը պարտավոր է Բաժանորդի կողմից Ներքին ցանցի թերությունների վերացման մասին Մատակարարին իրազեկելու պահից 24 ժամվա ընթացքում վերսկսել Բաժանորդի Ծառայությունների մատուցումը:

149. Կանոնների 147-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված հիմքով Բաժանորդին մատուցվող Ծառայությունները դադարեցված լինելու դեպքում Մատակարարը պարտավոր է Բաժանորդի կողմից Առևտրային հաշվառքի սարք տեղակայելուն չխոչընդոտելու փաստի մասին իրազեկվելու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղակայել Առևտրային հաշվառքի սարք և վերսկսել Բաժանորդին Ծառայությունների մատուցումը:

150. Մատակարարը դադարեցնում է Բաժանորդին մատուցվող Ծառայությունները`

1) Պայմանագրի լուծման դեպքում.

2) Բաժանորդի կողմից Առևտրային հաշվառքի սարքի շրջանցմամբ միացված ներանցման խողովակի մասով` կազմելով արձանագրություն` համաձայն Կանոնների 87-րդ կետի 1-ին ենթակետի: Բաժանորդը պարտավոր է հատուցել Ծառայությունների մատուցման դադարեցման, այդ թվում` Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի խախտված պահպանման գոտիների վերականգնման հետ կապված Մատակարարի կատարած անհրաժեշտ ծախսերը: Բաժանորդի կողմից Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին Առևտրային հաշվառքի սարքի շրջանցմամբ կատարված միացումը Բաժանորդի Պայմանագրի հիման վրա մատուցվող Ծառայությունների դադարեցման հիմք չէ.

3) Բաժանորդի դիմումի հիման վրա` Բաժանորդի առաջադրած ժամկետում, բայց ոչ շուտ, քան դիմումի ներկայացման օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում.

4) Բաժանորդի կողմից գրավոր պահանջի և առաջարկվող ժամկետի ներկայացման դեպքում` նախապես տեղեկացնելով Ծառայությունների մատուցման տարածքում (այդ թվում` շենքում, շինությունում) փաստացի բնակվող Բաժանորդ չհանդիսացող անձին (վերջինիս վերաբերյալ Մատակարարի մոտ տեղեկատվության առկայության դեպքում), բացառությամբ այն դեպքի, երբ Բաժանորդի և Ծառայությունների մատուցման տարածքում (այդ թվում` շենքում, շինությունում) փաստացի բնակվող Բաժանորդ չհանդիսացող անձի միջև առկա է տվյալ տարածքի նկատմամբ իրավունքի վերաբերյալ վեճ, ինչի դեպքում Մատակարարն առաջնորդվում է Կանոնների 151-րդ կետով.

5) Ծառայությունների մատուցման տարածքի (այդ թվում` շենքի, շինության) նկատմամբ իրավունք ունեցող անձի գրավոր պահանջի և առաջարկվող ժամկետի ներկայացման դեպքում, եթե Բաժանորդը կամ Ծառայությունների մատուցման տարածքում (այդ թվում` շենքում, շինությունում) փաստացի բնակվող Բաժանորդ չհանդիսացող անձը չունի տվյալ տարածքի (այդ թվում` շենքի, շինության) նկատմամբ իր իրավունքները հավաստող փաստաթուղթ` նախապես տեղեկացնելով Բաժանորդին կամ Ծառայությունների մատուցման տարածքում (այդ թվում` շենքում, շինությունում) փաստացի բնակվող Բաժանորդ չհանդիսացող անձին (վերջինիս վերաբերյալ Մատակարարի մոտ տեղեկատվության առկայության դեպքում), բացառությամբ Կանոնների 151-րդ կետով նախատեսված դեպքի.

6) օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված դեպքերում:

151. Ծառայությունների մատուցման տարածքի (այդ թվում` շենքի, շինության) նկատմամբ իրավունքի վերաբերյալ վեճի առկայության դեպքում Կանոնների 150-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերի համաձայն մատուցվող Ծառայությունների դադարեցման հարցը լուծվում է վեճը օրենսդրությամբ սահմանված կարգով լուծելուց հետո: Այն դեպքում, երբ վեճը ծագել է կամ այդ մասին Մատակարարը տեղեկացել է Կանոնների 150-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերի համաձայն մատուցվող Ծառայությունների դադարեցումից հետո, Մատակարարը Ծառայությունների մատուցումը վերականգնում է վեճի մասին տեղեկանալու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

152. Այն դեպքում, երբ Բաժանորդի Առևտրային հաշվառքի սարքով Ծառայության մատուցում է ստանում այլ Բաժանորդ, ապա Բաժանորդին մատուցվող Ծառայության ընդհատման կամ դադարեցման դեպքում այլ Բաժանորդին մատուցվող Ծառայությունը նույնպես ընդհատվում կամ դադարեցվում է:

153. Բաժանորդի կողմից Կանոնների 147-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված վճարումն ամբողջությամբ կատարելուց հետո Մատակարարը պարտավոր է Բաժանորդի հետ համաձայնեցված կարգով` Բաժանորդի կողմից վճարումն ամբողջությամբ կատարելու մասին տեղեկանալու պահից 24 ժամվա ընթացքում, վերսկսել Բաժանորդի Ծառայությունների մատուցումը:

154. Մատակարարը չի դադարեցնում Բաժանորդին Ծառայությունների մատուցումը, եթե Բաժանորդը ներկայացրել է Կանոնների 147-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված` իր կողմից վճարման ենթակա գումարի` Մատակարարի համար ընդունելի պայմաններով վճարման երաշխիքներ կամ Մատակարարի հետ կազմել է դրա մարման ժամանակացույց: Բաժանորդի կողմից սույն կետով նախատեսված երաշխիքները կամ ժամանակացույցը խախտվելու դեպքում Մատակարարն իրավունք ունի առնվազն մեկ օր առաջ տեղեկացնելով` դադարեցնել Բաժանորդին Ծառայությունների մատուցումը:

155. Բաժանորդի Ծառայությունների մատուցման դադարեցման կարգը չպահպանելու դեպքում Բաժանորդն իրավունք ունի Մատակարարից պահանջել իր կրած վնասի հատուցում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ Պայմանագրով սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 14
ՇՈՒՐՋՕՐՅԱ ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊ ԵՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

 

156. Մատակարարը պարտավոր է գործարկել Դիմող անձին և Բաժանորդին հասանելի շուրջօրյա հեռախոսակապ, որի միջոցով, նախապես տեղեկացնելով հեռախոսազանգի ձայնագրման մասին, տրամադրվում է տեղեկություն կամ պարզաբանում:

157. Շուրջօրյա հեռախոսակապի միջոցով Դիմող անձի կամ Բաժանորդի դիմելու դեպքում Մատակարարը պարտավոր է իրազեկել առնվազն իր սպասարկման գրասենյակների և էլեկտրոնային կապի հասցեների մասին, որոնցով Դիմող անձը կամ Բաժանորդը կկարողանա տեղեկատվություն հաղորդել կամ ստանալ դիմումի, դրա ընթացքի, Ջրամատակարարման ընդհատման պատճառի և վերականգնման ժամկետի, մատուցված (վերահաշվարկված, ճշգրտված) Ծառայության քանակի, դրա դիմաց հաշվարկված և վճարված գումարի, հաշվարկված և վճարված տույժի, դրանց վճարման ժամկետների, Պայմանագրի կնքման ընթացակարգի և կնքման համար անհրաժեշտ փաստաթղթերի, Մատակարարի և Դիմող անձին կամ Բաժանորդի իրավունքների, պարտականությունների և այլնի վերաբերյալ:

158. Մատակարարը պարտավոր է ունենալ պաշտոնական կայք, որը հնարավորություն կտա Դիմող անձին կամ Բաժանորդին տեղեկատվություն ստանալ Մատակարարի կողմից իրականացվող ծրագրերի, սպասարկման գրասենյակների աշխատաժամերի, Մատակարարի և Դիմող անձի կամ Բաժանորդի իրավունքների, պարտականությունների և այլնի վերաբերյալ:

159. Մատակարարը պարտավոր է իր պաշտոնական կայքում գործարկել համակարգ, որը հնարավորություն կտա Դիմող անձից կամ Բաժանորդից ընդունել դիմում և Բաժանորդին գրանցման միջոցով հաղորդել Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքը: Նշված համակարգը պետք է երաշխավորի Դիմող անձի և Բաժանորդի անհատական տվյալների գաղտնիությունը:

160. Մատակարարը պարտավոր է իր պաշտոնական կայքում և սպասարկման կենտրոններում տեղադրել Պայմանագրի օրինակելի ձևը:

 

ԳԼՈՒԽ 15
ԴԻՄՈՒՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

161. Մատակարարը պարտավոր է ընդունել գրավոր, այդ թվում` էլեկտրոնային եղանակով, կամ բանավոր (այդ թվում` շուրջօրյա հեռախոսակապի միջոցով) դիմում և Դիմող անձի կամ Բաժանորդի դիմումին պատասխանել այն եղանակով, ինչ եղանակով ստացել է:

162. Մատակարարը պետք է ունենա ներքին իրավական ակտերով հաստատված` Ծառայությունների մատուցման գործառույթներին վերաբերվող դիմումի քննարկմանը և Մատակարարի ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց մոտ ընդունելության կազմակերպմանը վերաբերող ընթացակարգեր, որոնք պետք է տեղադրված լինեն Մատակարարի պաշտոնական կայքում և սպասարկման կենտրոններում:

163. Մատակարարը Դիմող անձի կամ Բաժանորդի դիմումին (բացառությամբ` բանավորի) պարտավոր է պատասխանել այն ստանալու օրվանից տասն աշխատանքային օրվա ընթացքում, եթե Հայաստանի Հանրապետության օրենքներով կամ Կանոններով առանձին դեպքերի համար այլ ժամկետ սահմանված չէ: Բանավոր դիմումին պարտավոր է պատասխանել այն ստանալուց հետո անմիջապես կամ հնարավորինս սեղմ ժամկետում: Եթե Դիմող անձը կամ Բաժանորդը Մատակարարին ուղղված դիմումի պատճենը հասցեագրել է նաև Հանձնաժողով, ապա Մատակարարը պարտավոր է դիմումի պատասխանի պատճենն ուղեկցող գրությամբ ներկայացնել Հանձնաժողով: Մատակարարը պարտավոր է սպառիչ պատասխանել դիմումին` հանգամանորեն ներկայացնելով դրա առնչությամբ գործող օրենսդրական դաշտը, Մատակարարի և Դիմող անձի կամ Բաժանորդի իրավունքներն ու պարտականությունները:

164. Մատակարարը պարտավոր է Դիմող անձի կամ Բաժանորդի դիմումի վերաբերյալ Հանձնաժողովի հարցմանը պատասխանել տասն աշխատանքային օրվա ընթացքում, եթե հարցմամբ այլ ժամկետ նախատեսված չէ:

 

ԲԱԺԻՆ V
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 16
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

165. Կանոնների 2-րդ կետի 19-րդ ենթակետով սահմանված «Սահմանազատման կետ» հասկացությունը տարածվում է 2016 թվականի դեկտեմբերի 31-ից հետո Նոր միացմամբ Բաժանորդ դարձած անձանց վրա, իսկ մնացած Բաժանորդների դեպքում սահմանազատման կետը որոշվում է համաձայն «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավական ակտերի:

166. Մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը տեղակայված` Բաժանորդի սեփականություն հանդիսացող Առևտրային հաշվառքի սարքը պահպանում է իր կարգավիճակը` մինչև դրա փոխարինումը: Մատակարարն իրավունք ունի փոխարինել Բաժանորդի սեփականություն հանդիսացող Առևտրային հաշվառքի սարքն` իր հայեցողությամբ և իր հաշվին կամ ներդրումային ծրագրի շրջանակում:

167. Կանոնների 8-րդ, 9-րդ, 10-րդ և 17-րդ կետերով սահմանված դրույթներն ուժի մեջ են մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:

168. 2026 թվականի հունվարի 1-ից Բաժանորդին մատակարարված Խմելու ջրի քանակի հաշվառումը պետք է իրականացվի Առևտրային հաշվառքի սարքի միջոցով: Այս նպատակով Առևտրային հաշվառքի սարքը ձեռք է բերում և տեղակայում Մատակարարն` իր հաշվին:

169. Կանոնների 76-րդ, 100-րդ, 101-րդ կետերը, 147-րդ կետի 3-րդ ենթակետը և 149-րդ կետը գործում են մինչև 2026 թվականի հունվարի 1-ը:

170. Մինչև 2017 թվականի հունվարի 1-ը տեղակայված Առևտրային հաշվառքի սարքի դեպքում Կանոնների 105-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված հիմքով վերահաշվարկ չի կատարվում, եթե Առևտրային հաշվառքի սարքի ստուգաչափման արդյունքում Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ արձանագրված առանց արտաքին միջամտության Առևտրային հաշվառքի սարքի խախտումը հանգեցրել է Առևտրային հաշվառքի սարքով փաստացի մատուցված Ծառայության քանակից պակաս քանակի գրանցման:

171. Կանոնների 139-րդ կետով սահմանված դրույթն «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի համաձայնագրով սահմանված Մատակարարի սպասարկման տարածքի գոտիների մասով ուժի մեջ է մտնում մինչև 2026 թվականի հունվարի 1-ը` ըստ տվյալ համաձայնագրով սահմանված ժամանակացույցի:

172. Այն դեպքում, երբ անձը հանդիսացել է նախկին ջրամատակարար կազմակերպության բաժանորդ, սակայն վերջինիս և «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված չի եղել Ծառայությունների մատուցման համապատասխան պայմանագիր, 2017 թվականի հունվարի 1-ից այդ անձին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունները մատուցվել են հանձնաժողովի կողմից սահմանված պայմանագրի օրինակելի ձևի հիման վրա:

 

Հավելված

Խմելու ջրի մատակարարման և

ջրահեռացման (կեղտաջրերի

մաքրման) ծառայությունների

մատուցման կանոնների

 

ՄԻԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ

 

    _________________                          ____________ 20 ___ թվական

(կնքման վայրը)

 

Մատակարարը` ___________________________________________________________

(կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը)

 

ի դեմս _______________________________________________________________,

(անունը, ազգանունը, պաշտոնը, լիազորված լինելու դեպքում`

լիազորագրի տվյալները)

 

որը գործում է ___________________________________հիման վրա, մի կողմից,

(գործունեությունը կարգավորող

փաստաթղթի անվանումը)

 

և Դիմող անձը` _______________________________________________________,

(անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները,

իրավաբանական անձի դեպքում` անվանումը, ներկայացուցչի

անունը, ազգանունը, պաշտոնը, լիազորված լինելու դեպքում`

լիազորագրի տվյալները)

 

մյուս կողմից, համատեղ կոչվելով Կողմեր, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով, այլ օրենքներով, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) սահմանած` խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններով (այսուհետ` Կանոններ), սույն պայմանագրով և այլ իրավական ակտերով, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն պայմանագրի համաձայն` Մատակարարը միացնում է Դիմող անձի________ հասցեում գտնվող նոր կառուցվող կամ վերակառուցվող

__________________________________________________________________________

(խմելու ջրի մատակարարման և (կամ) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման)

 

համակարգը իր համակարգին (այսուհետ` Նոր միացում), իսկ Դիմող անձը` վճարում է Նոր միացման դիմաց:

 

2. ՆՈՐ ՄԻԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՄԻԱՑՄԱՆ ՎՃԱՐԸ

 

2. Մատակարարը Նոր միացումն ապահովում է սույն պայմանագրի կնքման պահից սկսած ________ աշխատանքային օրվա ընթացքում (որը չի կարող գերազանցել Կանոններով սահմանված ժամկետը):

3. Նոր միացման աշխատանքների ավարտից հետո Մատակարարը Կանոններով սահմանված կարգով ծանուցում է Դիմող անձին` ներկայացնելով Նոր միացման համար Դիմող անձից գանձվող վճարի (այսուհետ` Միացման վճար) ճշգրտված մասի վերաբերյալ տեղեկատվությունը:

4. Միացման վճարը կազմում է _______________ դրամ, որից կանխավճարը` _________ դրամ ներառյալ ԱԱՀ` համաձայն սույն պայմանագրի N 1 հավելվածի:

5. Միացման վճարը ենթակա է ճշգրտման` ելնելով Նոր միացման աշխատանքների համար անհրաժեշտ փաստացի կատարված աշխատանքների արժեքից:

6. Ճշգրտված Միացման վճարի և վճարված կանխավճարի դրական տարբերությունը Դիմող անձի կողմից ենթակա է վճարման մինչև խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման պայմանագրի կնքման նպատակով Մատակարարին դիմելը, իսկ բացասական տարբերությունը Մատակարարի կողմից ենթակա է վերադարձման Դիմող անձին` սույն պայմանագրի 3-րդ կետում նշված ծանուցման պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում` վերջինիս նախընտրած (կանխիկ կամ անկանխիկ) ձևով:

 

3. ԿՈՂՄԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

7. Կողմերը ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով, այլ օրենքներով, Կանոններով, սույն պայմանագրով և այլ իրավական ակտերով:

8. Սույն պայմանագրի համաձայն` Կողմերն ունեն Կանոններով սահմանված բոլոր իրավունքները և պարտականությունները:

 

4. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

9. Կողմերը պայմանագրային պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվություն են կրում օրենքով, Կանոններով և սույն պայմանագրով սահմանված կարգով և դեպքերում:

10. Կողմը պայմանագրային պարտավորությունների խախտման համար պատասխանատվություն չի կրում, եթե այն հետևանք է ֆորս մաժորի: Ֆորս մաժոր համարվող դեպքերը (հանգամանքները), ինչպես նաև դրանց կիրառման կարգը, սահմանվում է Կանոններով:

 

5. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

11. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից և գործում է մինչև սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման ավարտը:

12. Պայմանագիրը լուծվում է Կանոններով նախատեսված դեպքերում և կարգով:

13. Հանձնաժողովի կողմից Միացման պայմանագրի նոր օրինակելի ձև սահմանվելու կամ դրանում փոփոխություններ կամ լրացումներ կատարվելու դեպքում Հանձնաժողովի համապատասխան իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից սույն պայմանագիրը համարվում է նոր կամ փոփոխված (լրացված) ձևին համապատասխան կնքված կամ փոփոխված (լրացված):

14. Սույն պայմանագրում կողմերի փոխադարձ համաձայնությամբ, այդ թվում` Կանոններով նախատեսված դեպքում, փոփոխություններ կարող են կատարվել գրավոր, պայմանով, որ չեն հակասում սույն պայմանագրին, Կանոններին, Հանձնաժողովի ընդունած և այլ իրավական ակտերին:

15. Սույն պայմանագրի փոփոխումը կամ դադարումը կողմերին չի ազատում մինչ այդ պայմանագրով ստանձնած և չկատարված պարտավորությունների կատարումից:

 

6. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

16. Սույն պայմանագրում հասկացություններն ունեն Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով և Կանոններով սահմանված նշանակությունը, եթե այլ բան ուղղակիորեն նախատեսված չէ սույն պայմանագրով:

17. Դիմող անձն ապահովում է Մատակարարի լիազոր ներկայացուցիչների մուտքն իր տարածք Կանոններով սահմանված կարգով, եթե դա անհրաժեշտ է Մատակարարի կողմից Կանոններով սահմանված պարտականությունների կատարման համար:

18. Կողմերի միջև առաջացող բոլոր վեճերը (տարաձայնությունները) կարգավորվում են բանակցությունների միջոցով:

19. Վեճը (տարաձայնությունը) կողմերի համաձայնությամբ չկարգավորվելու դեպքում կողմերից յուրաքանչյուրը կարող է դիմել Հանձնաժողով` վերջինիս իրավասությունների շրջանակում վիճարկվող հարցերը լուծելու խնդրանքով կամ վեճի լուծումը հանձնել իրավասու դատարան, եթե կողմերի համաձայնությամբ չի որոշվել գործը հանձնել արբիտրաժի լուծմանը:

20. Սույն պայմանագիրը կնքված է հավասար իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից, յուրաքանչյուր կողմի համար` մեկական օրինակ:

 

7. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

21. Սույն պայմանագրի անբաժանելի մասը կազմող հավելվածներն են.

1) Միացման վճարի մասին N 1 հավելվածը.

2) Տեխնիկական պայմանների մասին N 2 հավելվածը:

 

8. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

    Մատակարար`                         Դիմող անձ`

    _____________________________      __________________________________

    գտնվելու վայրը`                    գտնվելու վայրը (բնակության վայրը)`

    ___________________________        _________________________________

    հեռախոս ___________________        ծանուցման հասցե`

    էլ. փոստ ____________________      ___________________________

    ՀՎՀՀ _________________________     էլ. փոստ ______________________

    միացման վճարի հ/հ ____________     հեռախոս _______________________

    բանկ _________________________     ՀՎՀՀ (իրավաբանական անձի

                                       դեպքում) _____________________

    գործունեության լիցենզիա N _____    բանկ ___________________________

                                       հ/հ_____________________________

_________________________________   _________________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)  (ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Կ.Տ.

(առկայության դեպքում)

 

Հավելված N 1

Միացման պայմանագրի

 

ՄԻԱՑՄԱՆ ՎՃԱՐ

._____________________________________________________________.

|Հ/Հ     |Աշխատանքի |Չափի  |Քանակը|Միավորի արժեքը|Ընդամենը    |

|        |անվանումը |միավոր|      |(հազար դրամ)  |(հազար դրամ)|

|________|__________|______|______|______________|____________|

|1       |          |      |      |              |            |

|________|__________|______|______|______________|____________|

|2       |          |      |      |              |            |

|________|_______________________________________|____________|

|Ընդամենը|                                       |            |

._____________________________________________________________.

 

Միացման վճարի չափը կազմում է --- դրամ (ներառյալ ԱԱՀ-ն), որից կանխավճարի չափն է --- դրամ (ներառյալ ԱԱՀ-ն):

Միացման վճարի չափը ենթակա է ճշգրտման` Կանոներով և միացման պայմանագրով սահմանված կարգով:

 

    Մատակարար` ________________     Դիմող անձ` ________________

 

Հավելված N 2

Միացման պայմանագրի

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 16 մայիսի 2024 թվական:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
10.05.2024
N 136-Ն
Որոշում