ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 օգոստոսի 2019 թվականի N 1011-Լ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
(Խ-221-11.07.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի
(Խ-221-11.07.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. օգոստոսի 13
Երևան
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
(Խ-221-11.07.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` նախագիծ) առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը (այսուհետ` օրենսգիրք) լրացնել 338.2-րդ հոդվածով և քրեական պատասխանատվություն սահմանել «նոտարին ակնհայտ կեղծ տեղեկատվություն կամ ակնհայտ կեղծ փաստաթուղթ ներկայացնելու» համար:
Ներկայացված նախագիծը, ըստ էության, քրեաիրավական գնահատականի է արժանացնում մի արարք, որն արդեն իսկ օրենսգրքով քրեորեն պատժելի է համարվում: Մասնավորապես, օրենսգրքի 325-րդ հոդվածը inter alia քրեական պատասխանատվություն է սահմանում նաև ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու համար: Համեմատական վերլուծության ենթարկելով նախագծով ներկայացված և օրենսգրքի նշված հոդվածի տարրերը` տեսնում ենք, որ դրանք օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմերով, ինչպես նաև սուբյեկտով ամբողջովին նույնանում են: Նոտարին կեղծ փաստաթուղթ ներկայացնելը, փաստացի, ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու ձևերից մեկն է, որոնց համար անձին քրեական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ է հիմնավորել, որ նա գործել է ուղղակի դիտավորությամբ, այսինքն` տեղյակ է եղել և գիտակցել է, որ իր կողմից օգտագործվող փաստաթուղթը կեղծ է, իսկ հանցագործության կատարման նպատակը, որպես օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ, օրենսգրքի 325-րդ հոդվածով սահմանված քրեորեն պատժելի արարքում նույնպես սահմանված չէ, ինչը նշանակում է, որ նշված արարքը կատարելու դեպքում անձը ենթակա է քրեական պատասխանատվության` անկախ արարքի կատարման նպատակից:
Այս կապակցությամբ պետք է նշել, որ իրավապահ մարմինների աշխատողների կողմից արդեն իսկ նման մոտեցում է ցուցաբերվում, և նոտարին կեղծ փաստաթուղթ տրամադրելու արարքը պրակտիկայում որակվում է օրենսգրքի 325-րդ հոդվածով: Նոտարին ակնհայտ կեղծ փաստաթղթեր ներկայացնելու դեպքերով առկա է նաև ձևավորված կայուն դատական պրակտիկա, որոնք, ի թիվս այլ դատավճիռների, արտահայտված են Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի 2010 թվականի հուլիսի 23-ի թիվ ԵՇԴ/0115/01/09 որոշմամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2017 թվականի օգոստոսի 30-ի թիվ ՇԴ3/0036/01/17 և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2019 թվականի հուլիսի 4-ի թիվ ԼԴ/0027/01/19 քրեական գործերով կայացված դատավճիռներով:
Անդրադառնալով նախագծով ներկայացված 338.2-րդ հոդվածով և օրենսգրքի 325-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների օբյեկտներին, պետք է նշել, որ օրենսգրքի 325-րդ հոդվածն ամրագրված է կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործություններին վերաբերող գլխում, և դրա անմիջական օբյեկտը, քննարկվող արարքի շրջանակներում, փաստաթղթերի հետ վարվելու սահմանված կարգն ու օրինական փաստաթղթաշրջանառության պահպանությանն ուղղված հասարակական հարաբերություններն են: Նախագծով ներկայացված 338.2-րդ հոդվածը նախատեսվում է ընդգրկել արդարադատության դեմ ուղղված հանցագործություններին վերաբերող գլխում, իսկ դրա անմիջական օբյեկտը, դատելով նախագծով ներկայացված հիմնավորումներից, նոտարների պատշաճ գործունեությունն ապահովելուն ուղղված հասարակական հարաբերություններն են: Մինչդեռ, անհրաժեշտ ենք համարում նշել, որ նոտարների իրավական կարգավիճակը և «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը նախատեսում են բավարար իրավական երաշխիքներ նոտարների գործունեության համար, ինչպես նաև նոտարների համար սահմանում են պարտականություն` բոլոր դեպքերում ստուգել իրենց ներկայացված տեղեկատվության, փաստաթղթերի իսկությունը և դրանց` օրենքին համապատասխանությունը:
Ինչ վերաբերում է նոտարին ակնհայտ կեղծ տեղեկատվություն փոխանցելուն, ապա պետք է նշել, որ այս դեպքում նույնպես նոտարի վրա դրված է իրավաբանական փաստերի վերաբերյալ իրեն ներկայացված տեղեկատվության ստուգման պարտականությունը: Նշված պարտականության կատարումը կարող է արտահայտվել փաստաթղթեր ներկայացնելու պահանջով: Այդ փաստաթղթերի շրջանակից դուրս նոտարին հայտնած տեղեկատվությունը ոչ միշտ կարող է էական նշանակություն ունենալ նրա գործառույթների իրականացման համար: Հետևաբար, այդ տեղեկատվությունը կեղծված ներկայացվելու դեպքում դա չի կարող համարվել բավարար հանրային վտանգավորություն ներկայացնող հանգամանք` այն որպես հանցագործություն օրենսգրքում սահմանելու համար:
Ելնելով շարադրվածից և նկատի ունենալով այն հանգամանքը, որ ակնհայտ կեղծ փաստաթղթի օգտագործումը, որպես կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործություն, արդեն իսկ նախատեսված է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ նախագծով առաջարկված` նոտարին կեղծ տեղեկատվություն և փաստաթուղթ ներկայացնելու արարքը նախատեսելու անհրաժեշտությունը բացակայում է: