Սեղմել Esc փակելու համար:
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 օգոստոսի 2019 թվականի N 1102-Լ

 

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-244-31.07.2019-ՊԱ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. օգոստոսի 30

Երևան

 

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-244-31.07.2019-ՊԱ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն`

«Վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում)...) մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:»:

Սույն օրենսգրքով նախատեսված իրավախախտումների համար վարչական պատասխանատվություն առաջանում է, եթե այդ խախտումներն իրենց բնույթով քրեական պատասխանատվություն չեն առաջացնում գործող օրենսդրությանը համապատասխան:

Նույն օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն`

«Վարչական տույժը համարվում է պատասխանատվության միջոց և կիրառվում է, նպատակ ունենալով վարչական իրավախախտում կատարած անձին դաստիարակել խորհրդային օրենքները պահպանելու, սոցիալիստական համակեցության կանոնները հարգելու ոգով, ինչպես նաև կանխել ինչպես իր իսկ` իրավախախտողի, այնպես էլ ուրիշ անձանց կողմից նոր իրավախախտումների կատարումը:»:

Օրենսգրքի մեկ այլ` 32-րդ հոդվածի համաձայն`

«(...) Տույժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:»:

Վերոգրյալ իրավական կարգավորումների համակարգային վերլուծությունից պարզ է դառնում, որ վարչական տույժը պետական հարկադրանքի միջոց է, որը նշանակվում է զանցանք կատարած անձի նկատմամբ և արտահայտվում է այդ անձին իրավունքներից ու ազատություններից օրենքով նախատեսված զրկմամբ կամ դրանց սահմանափակմամբ: Վարչական տույժը պետության վարչական քաղաքականության իրականացման հիմնական միջոցներից մեկն է և հանդիսանում է զանցանքին պետության պաշտոնական արձագանքը: Վարչական տույժի նպատակն է վարչական իրավախախտում կատարած անձին դաստիարակել օրենքները հարգելու ոգով, կանխել ինչպես իր իսկ` իրավախախտողի, այնպես էլ ուրիշ անձանց կողմից նոր իրավախախտումների կատարումը: Նշված նպատակներին հասնելու լուրջ երաշխիք է վարչական տույժ սահմանելիս և նշանակելիս արդարության և համաչափության սկզբունքների պահպանումը:

Վարչական տույժի արդարությունը դրսևորվում է զանցանքին վարչաիրավական միջոցներով արձագանքելու պարտադիրությամբ, ինչպես նաև զանցանքի և վարչաիրավական ներգործության միջոցների (տույժի) համաչափության ապահովմամբ: Տույժն արդարացի է, եթե համաչափ է կատարված զանցանքին, ինչպես նաև բավարար տույժի նպատակներին հասնելու տեսանկյունից:

Այս առումով, անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ նաև համաչափության սահմանադրական սկզբունքին: Այսպես, վարչական տուգանքը դրամական տուժանք է, որը` որպես վարչական իրավախախտման համար նշանակվող պատասխանատվության միջոց, կիրառվում է անձի մոտ իրավահպատակ վարքագիծ ձևավորելու և նոր վարչական իրավախախտումների կատարումը կանխելու նպատակներով: Ընդ որում, պատասխանատվության միջոց սահմանելիս օրենսդրի հայեցողական լիազորությունները սահմանափակված են Սահմանադրության 71-րդ հոդվածի 2-րդ մասով, համաձայն որի` օրենքով սահմանված պատիժը, ինչպես նաև նշանակված պատժատեսակն ու պատժաչափը պետք է համաչափ լինեն կատարված արարքին: Այդ սկզբունքի պահանջներով` վարչական իրավախախտումների համար նախատեսված տուգանքների չափերը պատահական չեն ու կոչված են ծառայելու վարչական տույժի նպատակների իրականացմանը: Այլ կերպ ասած, կոնկրետ արարքի համար վարչական տուգանքի չափը սահմանելիս հաշվի են առնվում այդ արարքի հանրային վտանգավորության աստիճանը, իրավախախտողին դաստիարակելու և այլ անձանց կողմից ևս հետագայում իրավախախտումների կատարումը կանխելու անհրաժեշտությունը: Ընդ որում, քիչ չեն դեպքերը, երբ իրավական նորմի գործնական իրացման արդյունքում ի հայտ եկած խնդիրներից ելնելով (վարչական տուգանքը չի ծառայում իր նպատակին)` տուգանքի չափերը օրենսդրի կողմից վերանայվում և փոփոխվում են:

ՀՀ սահմանադրական դատարանն իր` 2010 թվականի հոկտեմբերի 12-ի ՍԴՈ-920 որոշման մեջ, անդրադառնալով համաչափության սկզբունքի բովանդակությանը, նշել է, որ. «(...) համաչափության սկզբունքը պահանջում է ապահովել արդարացի հավասարակշռություն` սահմանվող պատասխանատվության միջոցի ու չափի և պատասխանատվության սահմանմամբ հետապնդվող իրավաչափ նպատակի միջև»:

Այսպիսով, տուգանքի չափ նախատեսելիս օրենսդրի հայեցողական լիազորությունները բացարձակ չեն, ինչից ենթադրվում է, որ օրենքով նախատեսված տուգանքի չափը ուղիղ համեմատական է արարքի հանրային վտանգավորության աստիճանին:

Տվյալ դեպքում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար սանկցիայի չափ սահմանելիս օրենսդիրը հատուկ ուշադրություն պետք է դարձնի ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնույթին:

Վերոնշյալ վերլուծությունների լույսի ներքո դիտարկելով նախագծով առաջարկվող իրավակարգավորումները` գտնում ենք, որ խնդրո առարկա զանցանքների համար նախագծով նախատեսված չափերով տուգանքների սահմանումը չի բխում օրենսգրքի 10-րդ գլխի ընդհանուր տրամաբանությունից, ինչպես նաև խնդրահարույց է ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված համաչափության սկզբունքի տեսանկյունից:

Միաժամանակ հարկ է նշել, որ ՀՀ ոստիկանության կողմից մշակված և արդեն իսկ ՀՀ Ազգային ժողով ներկայացված` տուգանային միավորների համակարգի ներդրմանն ուղղված օրինագծերի փաթեթով որդեգրված է սկզբունքորեն նոր մոտեցում: Մասնավորապես, նախատեսվում է ճանապարհային երթևեկության բնագավառի իրավախախտումների համար, տուգանքից բացի, որպես վարչական տույժ սահմանել նաև տուգանային միավորը, որոնց կիրառման արդյունքում օրինախախտ վարորդները կարող են ընդհուպ զրկվել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից մինչև 1 տարի ժամկետով: Բացի այդ, նախագծերով վերանայվել է նաև նշված ոլորտի տուգանային քաղաքականությունը:

Մասնավորապես, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 26-րդ մասով նախատեսված իրավախախտման համար հիշյալ օրինագծով նախատեսվել է տուգանային միավորի կիրառում: Ինչ վերաբերում է ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու համար նախատեսված պատասխանատվությանը, ապա օրինագծով ամբողջովին վերանայվել են տույժերի տեսակները, մասնավորապես` օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտման համար նախատեսվում է տուգանք 29 հազարի չափով, սակայն սահմանվում է լրացուցիչ տույժ 4 տուգանային միավորի ձևով: Նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավախախտման համար սահմանված տուգանքը փոխարինվում է վարելու իրավունքից զրկմամբ` 1 տարի ժամկետով: Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում է նախատեսվում նաև նշված հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված իրավախախտումների կատարման դեպքում` 2 տարի ժամկետով: Միաժամանակ, 126-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի կամ թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլի վարորդների կողմից կատարելու համար սահմանվելու է առավել խիստ պատասխանատվություն` 6 ամիս ժամկետով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում:

Ամփոփելով վերոգրյալը` գտնում ենք, որ նախագծով ներկայացված առաջարկությունը հայեցակարգային բնույթ ունի, և պետության կողմից մոտեցման ընտրությունը պետք է կրի համակարգային բնույթ, ուստի խնդրին ավելի համակարգային լուծում տալու նպատակով առաջարկում ենք օրենքի նախագծով քննարկվող հոդվածը թողնել անփոփոխ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.08.2019
N 1102-Լ
Որոշում