Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 հոկտեմբերի 2019 թվականի N 1350-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Խ-267-02.09.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. հոկտեմբերի 7

Երևան

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-267-02.09.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` նախագիծ) առաջարկվող կարգավորումները խնդրահարույց են և առաջարկում է նախագծով քննարկվող` գործող օրենսգրքի հոդվածները թողնել անփոփոխ ստորև ներկայացված հիմնավորմամբ.

1. Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ, համաձայն որի` սնանկության գործով պարտատերերի պահանջների հաստատման մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ հաստատված պահանջի քննության համար նշանակություն ունեցող փաստերը պարտապանի, պարտատերերի, սնանկության գործով կառավարչի և (կամ) պահանջի քննությանը մասնակից դարձված այլ անձանց մասնակցությամբ այլ գործեր քննելիս կրկին չեն ապացուցվում:

Նախագծով, ըստ էություն, առաջարկվում է նախադատելի համարել ոչ միայն սնանկության գործով դատարանի` օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտը, այլև սնանկության գործով պարտատերերի վերջնական ցուցակը հաստատելու, ինչպես նաև այդ ակտը կայացվելուց հետո ներկայացված նոր պահանջները հաստատելու (գրանցելու) կամ մերժելու վերաբերյալ դատական ակտերը` այն հիմնավորմամբ, որ այդ ակտերով հաստատված գործի քննության համար նշանակություն ունեցող փաստերը գործող կարգավորմամբ նախադատելի չեն համարվում, ինչն իրավակիրառ պրակտիկայում առաջացնում է խնդիրներ` անհարկի երկարացնելով դատական ընթացակարգով հարցի լուծումը:

Առաջարկվող կարգավորմանը հարկ ենք համարում անդրադառնալ դատական ակտերի նախադատելիության ինստիտուտի էության վերլուծության լույսի ներքո:

Այսպես` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նախկինում քննված քաղաքացիական, սնանկության կամ վարչական գործով դատարանի` օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտով հաստատված գործի քննության համար նշանակություն ունեցող փաստերը գործին մասնակցող նույն անձանց մասնակցությամբ այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված որոշակի արարքների և դրանք կատարած անձանց վերաբերյալ փաստերն այլ գործ քննելիս կրկին ապացուցման ենթակա չեն:

Նշված նորմերի ուժով օրենսդիրն ամրագրել է դատարանի` եզրափակիչ դատական ակտերի այնպիսի հատկանիշ, ինչպիսին է նախադատելիությունը (պրեյուդիցիալ բնույթը): Օրինական ուժի մեջ մտած դատական ակտի նախադատելիությունն այն է, որ եզրափակիչ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո դատարանի կողմից հաստատված և դատական ակտում ձևակերպված փաստերը չեն կարող կասկածի տակ դրվել կամ կրկին հետազոտվել նույն անձանց մասնակցությամբ այլ գործերի քննության ժամանակ:

Դատական ակտերի փոխադարձ պարտադիրությունը բացատրվում է նրանով, որ դատարանը, նույն անձանց մասնակցությամբ քննելով գործը, մանրազնին հետազոտում է բոլոր ապացույցները և կայացնում դատարանում պարզված իրականությանը համապատասխան դատական ակտ: Եվ երբ այդ ակտը մտնում է օրինական ուժի մեջ, ապա դրանով հաստատված փաստերը, գործողություններն ու իրավահարաբերություններն այլևս կասկած չեն հարուցում:

Այլ կերպ ասած` դատական ակտերի նախադատելիությունը պայմանավորված է համապատասխան դատական ակտերի վերջնական բնույթով:

Անդրադառնալով սնանկության վարույթում դատական ակտերի նախադատելիության հատկանիշին` հարկ է նշել, որ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք)` սնանկության վարույթի շրջանակներում պարտատերերի պահանջների հաստատման հետ կապված հարաբերությունները կարգավորող 46-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն` պարտատերերի վերջնական ցուցակը հաստատելու մասին դատարանի որոշումից հետո դատարան ներկայացրած նոր պահանջները և պահանջների փոփոխությունները դատարանը հանձնում է կառավարչին: Կառավարիչը պահանջը կամ պահանջի փոփոխությունն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, դրա պատճենն ուղարկում է պարտապանին, պարտատերերին կամ այդ մասին ամփոփ տեղեկատվություն է հրապարակում իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում:

Եթե պահանջի փոփոխության պատճենն ստանալուց կամ իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում տեղեկատվություն հրապարակելուց հետո` 7 օրվա ընթացքում, կառավարիչը, պարտապանը, պարտատերերը պահանջի, պահանջի փոփոխության դեմ գրավոր առարկություն չեն ներկայացնում դատարան, ապա կառավարիչը պահանջը կամ պահանջի փոփոխությունը գրանցում է պահանջների գրանցամատյանում` օրենքի 85-րդ հոդվածին համապատասխան:

Վերոշարադրյալ նորմերի վերլուծությունից բխում է, որ օրենքով նախատեսված է դատարանի կողմից պարտատերերի պահանջների ցուցակի հաստատումից հետո նոր պահանջներ ներկայացնելու, ինչպես նաև արդեն իսկ ներկայացված պահանջները փոփոխելու հնարավորություն, ինչը նշանակում է, որ դատարանի կողմից հաստատված պարտատերերի պահանջների ցուցակն իր բնույթով վերջնական չէ և ենթակա է որոշակի փոփոխությունների: Հետևաբար, վերջինս հաստատելու վերաբերյալ դատական ակտի համար նախադատելիության հատկանիշ սահմանելն այս առումով խնդրահարույց է:

Բացի դրանից, պարտատերերի պահանջների ցուցակը հաստատելու մասին որոշումը, օրենքի 17.1-ին հոդվածին համապատասխան, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա է բողոքարկման օրենքի 20-րդ և 46-րդ հոդվածներով սահմանված կարգով: Ընդ որում` օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասը նախատեսում է, որ պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել ամբողջությամբ կամ մասնակիորեն` առանձին պահանջների մասով, իսկ մասնակիորեն բողոքարկվելու դեպքում պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին դատարանի որոշումը չբողոքարկված պահանջների մասով մտնում է ուժի մեջ: Առաջարկվող կարգավորման պարագայում ստացվում է մի իրավիճակ, երբ նախադատելի կարող են լինել փաստեր, որոնք հաստատված են ուժի մեջ մտած դատական ակտով, որը, սակայն, մի մասով գտնվում է բողոքարկման փուլում: Արդյունքում այս առումով ևս կասկածի տակ է դրվում նման դատական ակտի վերջնական բնույթը, որը նախադատելիության կարևորագույն հատկանիշներից է:

Առաջարկվող կարգավորումը խնդրահարույց է նաև նախադատելիության սուբյեկտիվ սահմանների տեսանկյունից: Ըստ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների(1)` նախադատելիության սուբյեկտիվ սահմաններն այն անձինք են, որոնց համար դատական ակտով հաստատված հանգամանքներն ունեն նախադատելի նշանակություն:

___________________________

1) Օրինակ` թիվ ԱՐԱԴ/0209/02/13 քաղաքացիական գործով 18.07.2014թ. և թիվ ԿԴ1/0063/02/12 քաղաքացիական գործով 18.07.2014թ. որոշումները:

 

Դատական ակտի պրեյուդիցիալ կապի կամ նախադատելիության սուբյեկտիվ սահմանները որոշվում են գործին մասնակցող անձանց շրջանակով, այսինքն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված հանգամանքները նոր կայացվող դատական ակտ կարող են ներմուծվել միայն, եթե օրինական ուժի մեջ մտած դատական ակտով և նոր կայացվող դատական ակտով գործին մասնակցող անձինք նույնն են: Նախադատելիության ինստիտուտի կիրառումն անթույլատրելի է այն դեպքերում, երբ սկզբնական և հաջորդող գործերում գործին մասնակցող անձանց շրջանակը համընկնում է մասնակիորեն:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նախկինում քննված քաղաքացիական, սնանկության կամ վարչական գործով դատարանի` օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտով հաստատված գործի քննության համար նշանակություն ունեցող փաստերը գործին մասնակցող նույն անձանց մասնակցությամբ այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում: Նշված իրավակարգավորումից հետևում է, որ փաստերը կարող են նախադատելի նշանակություն ունենալ այն անձանց համար, որոնք մասնակցել են գործի քննությանը:

Օրենքի 46-րդ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ պահանջները հաստատելու մասին հարցի քննությանը, ըստ էության, ներգրավվում են կառավարիչը, պարտապանը և պարտատերերը. վերջիններս իրավունք ունեն ներկայացնելու առարկություններ ներկայացված պահանջի վերաբերյալ: Հետևաբար` պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշման կայացմանը մասնակից են դարձվում բացառապես վերոնշյալ սուբյեկտները: Այնինչ, սնանկության վարույթի հետ առնչվող այլ քաղաքացիական գործերի, մասնավորապես, նախագծի հիմնավորմամբ ներկայացված օրինակի դեպքում քաղաքացիական գործի քննությանը կարող են մասնակցել նաև այլ անձինք, օրինակ` գույքի համասեփականատերերը: Տվյալ պարագայում, փաստորեն, պահպանված չեն լինի պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշման նախադատելիության սուբյեկտիվ սահմանները, քանի որ վերջինիս վերաբերյալ հարցերի քննարկման ժամանակ ներգրավված սուբյեկտների շրջանակը կտարբերվի այլ գործի քննության ժամանակ մասնակցած անձանց շրջանակից: Չնայած այս առումով նախագծով առաջարկվում է պահանջների հաստատման մասին որոշմամբ հաստատված փաստերը նախադատելի դարձնել պահանջի քննությանը մասնակից դարձված այլ անձանց մասնակցությամբ գործեր քննելիս, սակայն հստակեցված չէ` որոնք են այդ անձանց շրջանակը, և ինչպես կարող են նրանք մասնակից դարձվել պահանջի քննությանը, այն պարագայում, երբ օրենքի 46-րդ հոդվածին համապատասխան` պահանջի քննության հարցին, ինչպես արդեն նշվեց, ներգրավվում են կառավարիչը, պարտապանը և պարտատերերը:

Հատկանշական է, որ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը, իր 2015 թվականի հուլիսի 17-ի թիվ ԿԴ1/1302/02/13 քաղաքացիական գործի շրջանակներում անդրադառնալով «պարտատերերի պահանջների ցուցակը հաստատելու մասին» որոշմամբ հաստատված հանգամանքների` որպես քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված և այլ քաղաքացիական գործ քննելիս ապացուցման կարիք չունեցող դիտարկվելու իրավաչափության հարցին, արձանագրել է, որ «պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշումը, հետևաբար նաև` պահանջների վերջնական ցուցակն ինքնին, հաշվի առնելով սնանկության վարույթի առանձնահատկությունները, պարտադիր է սնանկության վարույթի մասնակիցների իրավունքների ծավալը որոշելու համար: Հետևաբար «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված իրավունքների և պարտականությունների առումով այն պարտադիր է նաև սնանկության վարույթում պարտատեր գրանցված անձանց համար: Ավելին` պարտատիրոջ կողմից սնանկության վարույթում պահանջ չներկայացնելը կամ դրա մերժումը բացասական հետևանքներ է առաջացնում այդ պարտատիրոջ համար: Միաժամանակ վերլուծելով օրենքի 46-րդ հոդվածի 9-րդ մասի իրավակարգավորումը` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ պահանջների վերջնական ցուցակը սնանկության վարույթի շրջանակներում կարող է ենթարկվել որոշակի փոփոխությունների, ինչը վկայում է այն մասին, որ համապատասխան դատական ակտով հաստատված պարտատերերի ցուցակը և նրանց պահանջների չափն իրենց բնույթով չեն կարող միանշանակորեն համարվել վերջնական և անփոփոխելի հանգամանքներ:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի (ներկայումս ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մաս) համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վկայակոչված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է յուրաքանչյուր ապացույց հետազոտել նախ գործին դրա վերաբերելիության, օրենքով նման ապացույցի թույլատրելիության, արժանահավատության տեսանկյունից, ապա գնահատել գործում եղած բոլոր ապացույցների համակցությամբ, ինչի արդյունքում միայն հնարավոր կլինի պարզել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը:

ՀՀ վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով սնանկության վարույթի առանձնահատկությունները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի վկայակոչված հոդվածի իրավակարգավորումը, գտել է, որ «պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշումը չի կարող ունենալ օրինական ուժ ստացած վճռի կարգավիճակ և նախադատելի լինել այլ քաղաքացիական գործ քննելիս: Այդուհանդերձ, «պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշումը կարող է դիտվել որպես ինքնուրույն գրավոր ապացույց, որը կարող է պարունակել տեղեկություններ և գործում առկա այլ ապացույցների հետ համադրության արդյունքում հնարավորություն տալ դատարանին պարզելու գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը:

2. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով առաջարկվում է նախադատելի համարել նաև քրեական գործի շրջանակներում քննված քաղաքացիական հայցի մասով օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված` պատճառված վնասի առկայության և պատճառված վնասի չափի փաստերն այն հիմնավորմամբ, որ քրեական գործի շրջանակներում կարող է ներկայացվել հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման պահանջով քաղաքացիական հայց, որը քրեական գործը քննող դատարանի կողմից քննվում է քաղաքացիական դատավարության օրենսդրության նորմերի կիրառմամբ` պայմանով, որ դրանք չհակասեն քրեական դատավարության օրենսգրքին, ընդ որում` քրեական գործով ներկայացված քաղաքացիական հայցը դատարանի կողմից լուծվում է ոչ թե առանձին դատական ակտով, այլ դատավճռով:

Գտնում ենք, որ նշված կարգավորումը ևս խնդրահարույց է` հետևյալ հիմնավորմամբ:

Դատական պրակտիկան վկայում է, որ քրեական գործի շրջանակներում ներկայացված քաղաքացիական հայցերը քրեական գործը քննող դատարանների կողմից հիմնականում թողնվում են առանց քննություն` տուժողին հնարավորություն ընձեռելով քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ներկայացնելու վնասի հատուցման պահանջով ինքնուրույն քաղաքացիական հայց:

Այս պարագայում կարող է ստեղծվել այնպիսի իրավիճակ, երբ վնասի հատուցման պահանջի իրավունքն ու վնասի չափը քրեական գործով կայացված դատական ակտով համարվեն հաստատված` առանց քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված ապացուցման կանոնների պահպանման, քանի որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասն ամրագրում է, որ քրեական դատավարությունում քաղաքացիական հայցը հարուցվում, ապացուցվում և լուծվում է քրեական դատավարության օրենսգրքի դրույթներով սահմանված կանոններով: Այս պարագայում դատավճռով` քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով հաստատված վնասի առկայության և վնասի չափի փաստերը քաղաքացիական հայցը քննող դատարանի համար նախադատելի համարելն առանց քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման, կարծում ենք, խնդրահարույց է:

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.10.2019
N 1350-Լ
Որոշում