Սեղմել Esc փակելու համար:
2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԵՐՐՈՐԴ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐ ...

 

 

i

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԵՐՐՈՐԴ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ` ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 22 հոկտեմբերի 2019 թ.

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Ա. Գյուլումյանի (նախագահող), Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Շ. Քոչարյանի,

Համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2018 թվականի մայիսի 14-ին ստորագրված «Երրորդ պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ միջազգային ինտեգրացիոն միավորումների հետ` Եվրասիական տնտեսական միության միջազգային պայմանագրերի մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության` 2019 թվականի օգոստոսի 23-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Երրորդ պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ միջազգային ինտեգրացիոն միավորումների հետ` Եվրասիական տնտեսական միության միջազգային պայմանագրերի մասին» համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2018 թվականի մայիսի 14-ին Սոչիում` երրորդ պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ միջազգային ինտեգրացիոն միավորումների հետ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ` Միություն) միջազգային պայմանագրերի կնքման, դադարեցման և գործողության կասեցման կարգը սահմանելու նպատակով:

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

. որպես Միության անդամ պետություն (այսուհետ` անդամ պետություն) ուսումնասիրել միջազգային պայմանագիր կնքելու առաջարկությունը, ըստ անհրաժեշտության` անցկացնել խորհրդակցություններ և փոխգործակցության կարգով սահմանված ժամկետում ՀՀ դիրքորոշումների մասին գրավոր տեղեկացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին (այսուհետ` Հանձնաժողով),

. ապահովել մասնակցություն` Հանձնաժողովի ներկայացուցիչներից և անդամ պետություններից կազմված բանակցային պատվիրակության կազմում բանակցությունների անցկացմանը` Հանձնաժողովի խորհրդի կողմից հաստատվող հրահանգներին համապատասխան,

. ապահովել մասնակցություն` Հանձնաժողովի և անդամ պետությունների հետ համատեղ բանակցությունների անցկացման հրահանգների նախագծի մշակմանը,

. Համաձայնագրին համապատասխան փաստաթղթերի նախագծերի համաձայնեցումը կատարել փոխգործակցության կարգով սահմանված ժամկետում,

. միջազգային պայմանագիրը բոլոր անդամ պետությունների պետական լեզուներով ստորագրվելու դեպքում` ապահովել ներկայացված միջազգային պայմանագրի նախագծի` հայերեն թարգմանության լրամշակումը և դրա ուղարկումը Հանձնաժողով ոչ ուշ, քան մինչև միջազգային պայմանագրի ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի անցկացման արդյունքների մասին տեղեկատվության ուղարկումը,

. Միության համար միջազգային պայմանագրի պարտադիր լինելու վերաբերյալ համաձայնությունը հետ վերցնելու, միջազգային պայմանագրի դադարեցման, միջազգային պայմանագրից Միության դուրս գալու կամ դրա գործողության կասեցման մասին առաջարկությունը քննարկելուց հետո` փոխգործակցության կարգով սահմանված ժամկետում, Հանձնաժողովին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության դիրքորոշումների մասին:

i

3. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված` միջազգային իրավունքի հիման վրա բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված` արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2018 թվականի մայիսի 14-ին ստորագրված «Երրորդ պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ միջազգային ինտեգրացիոն միավորումների հետ` Եվրասիական տնտեսական միության միջազգային պայմանագրերի մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    ՆԱԽԱԳԱՀՈՂ                              Ա. ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

 

22 հոկտեմբերի 2019 թվականի

ՍԴՈ-1483

 

Հրապարակվել է պաշտոնական կայքէջում՝ 24 հոկտեմբերի 2019 թվական:

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
22.10.2019
N ՍԴՈ-1483
Որոշում