Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` Հ ...

 

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 182-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ, 183-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 8-ՐԴ ՄԱՍԻ, 203-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 10 մարտի 2020 թ.

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի (զեկուցող), Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմողի` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` Ազգային ժողովի ներկայացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետ Կ. Մովսիսյանի,

i

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 4-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22, 40 և 71-րդ հոդվածների,

i

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 183-րդ հոդվածի 8-րդ մասի, 203-րդ հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2018 թվականի փետրվարի 9-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել` 2018 թվականի փետրվարի 27-ին և ուժի մեջ է մտել 2018 թվականի ապրիլի 9-ից:

Օրենսգրքի «Գործի վարույթը կարճելու հիմքերը» վերտառությամբ 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը սահմանում է.

«1. Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե`

...

 

2) նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն փաստական հիմքերով գործի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտ, բացառությամբ հայցը (դիմումը) առանց քննության թողնելու մասին որոշման»:

Օրենսգրքի «Գործի վարույթը կարճելու կարգը և հետևանքները» վերտառությամբ 183-րդ հոդվածի 8-րդ մասը սահմանում է.

«8. Գործի վարույթի կարճման դեպքում նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ չի թույլատրվում կրկին դիմել դատարան, բացառությամբ այն դեպքի, երբ սույն օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով գործի վարույթը կարճելուց հետո դատարանը մերժել է արբիտրաժի վճռի կամ ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը»:

Օրենսգրքի «Ընտանեկան վեճերով գործի քննության առանձնահատկությունները» վերտառությամբ 203-րդ հոդվածը սահմանում է.

«1. Ընտանեկան վեճեր քննելիս գործի քննությունն իրականացվում է սույն օրենսգրքով նախատեսված կանոնների պահպանմամբ` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով և սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված առանձնահատկությունները:

2. Երեխայի լավագույն շահերի ապահովման անհրաժեշտությունից ելնելով` դատարանը գործի լուծման համար անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով պարտավոր է, չսահմանափակվելով գործին մասնակցող անձանց միջնորդություններով, նրանց ներկայացրած ապացույցներով և գործում առկա այլ նյութերով, ձեռնարկել ողջամիտ միջոցներ գործի քննությունը լրիվ, բազմակողմանի իրականացնելու համար, մասնավորապես պահանջելու տեղեկություններ, ապացույցներ, լրացուցիչ բացատրություններ, հանձնարարելու գործին մասնակցող անձանց ներկայանալ դատական նիստի, նշանակելու փորձաքննություն, հարցաքննելու վկաների, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, ֆիզիկական և իրավաբանական անձանցից պահանջելու փաստաթղթեր:

3. Երեխայի լավագույն շահերի ապահովման անհրաժեշտությունից ելնելով` դատարանն իր նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ հայցի ապահովման կարգով կարող է գործին մասնակցող կամ այլ անձանց արգելել կամ պարտավորեցնել կատարելու որոշակի գործողություններ, թեկուզև հայցի ապահովման կիրառված միջոցն առերևույթ հանգեցնում է ներկայացված պահանջի փաստացի կատարման»:

Գործի քննության առիթը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ԵԴ/9967/02/19 քաղաքացիական գործով «Սահմանադրական դատարան դիմելու մասին» 2019 թվականի նոյեմբերի 7-ի որոշման հիման վրա նույն դատարանի 2019 թվականի նոյեմբերի 13-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով դիմումը և կից ներկայացված փաստաթղթերը, պատասխանողի գրավոր բացատրությունը, գործում առկա մյուս փաստաթղթերը, ինչպես նաև Օրենսգիրքը և այլ վերաբերելի իրավական ակտեր` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Դիմողի դիրքորոշումները

Դիմողը խնդրում է որոշել Օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 183-րդ հոդվածի 8-րդ մասի և 203-րդ հոդվածի համապատասխանությունը Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերին, 37-րդ հոդվածի 2 և 3-րդ մասերին, 78-րդ հոդվածին:

Դիմողի կարծիքով` հայցից հրաժարվելու հիմքով վարույթի կարճման դեպքում նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն փաստական հիմքերով կրկին դատարան դիմելու օրենսդրական բացարձակ արգելքն անհնարին է դարձնում ալիմենտի բռնագանձման պահանջի վերաբերյալ գործերով երեխայի լավագույն շահերի դատական պաշտպանությունը:

Դիմողը գտնում է, որ Օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը հակասում է Սահմանադրությանն այնքանով, որքանով գործի վարույթը կարճելու անվերապահ հիմք է սահմանում նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն փաստական հիմքերով առանց բացառության բոլոր, այդ թվում` ընտանեկան վեճերի վերաբերյալ գործերով դատարանի` օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտերը:

Դիմողը փաստում է, որ հայցից հրաժարվելու հիմքով օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտի առկայության պայմաններում նույն անձանց միջև, նույն փաստական հիմքերով ու միևնույն առարկայի մասին կրկին դատարան դիմելու արգելքը նպատակ ունի նույն վեճով այլևս չծանրաբեռնել դատարաններին, որոշակիացնել դատական պաշտպանության կողմերի իրավունքի իրականացումը և կանխել իրավունքի հնարավոր չարաշահման դեպքերը:

Դիմողի համոզմամբ, սակայն, քաղաքացիական դատավարության ցանկացած փուլում առանց որոշակի ժամկետի հայցից հրաժարվելու հայցվորի իրավունքի իրացման արդյունքում վրա հասնող` նույն անձանց միջև, նույն փաստական հիմքերով ու միևնույն առարկայի մասին կրկին դատարան դիմելու արգելքն իրավունքի չափազանց խիստ սահմանափակում է, որն ակնհայտորեն համաչափ չէ հետապնդվող նպատակին և խախտում է արդար դատաքննության իրավունքի իրացման և այդ իրավունքի սահմանափակման նպատակների միջև արդարացի հավասարակշռությունը` ի վնաս դատարան դիմելու իրավունքի: Արդյունքում` օրենքի ուժով անձի վրա դրվում է խիստ անհամաչափ բացասական բեռ, երբ հայցվորն ընդամենը հարցն արտադատական կարգով լուծելու նկատառումներով գործի քննության սկզբնական փուլում կամ դեռևս նախնական դատական նիստ չհրավիրված հրաժարվում է հայցից, սակայն հետագայում արտադատական կարգով հարցը չի լուծվում, և վերջինս այլևս զրկվում է դատարան դիմելու իրավունքից:

Ըստ դիմողի` հայցվորին ամեն դեպքում պետք է տրվեր հայցից հրաժարվելու իրավունքից օգտվելու հարցը որոշելու ողջամիտ ու որոշակի ժամկետ, որն էլ կլիներ սահմանադրական հիմնարար իրավունքի արդարացի, ողջամիտ ու անհրաժեշտ սահմանափակում` հաշվի առնելով այն ծանր բացասական հետևանքը, որը հետագայում ունենում է հայցվորը` հայցից հրաժարվելու հիմքով գործի վարույթը կարճելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտի գոյության պայմաններում զրկվելով կրկին հայց ներկայացնելու իրավունքից:

Օրենսգրքի 183-րդ հոդվածի 8-րդ մասը, ըստ դիմողի, նույնպես հակասում է Սահմանադրությանն այնքանով, որքանով գործի վարույթը կարճելու իրավական հետևանքների մասով առանց բացառության բոլոր, այդ թվում` ընտանեկան վեճերի վերաբերյալ գործերով վարույթի կարճման դեպքում նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ չի թույլատրվում կրկին դիմել դատարան, անկախ նրանից, թե ե՞րբ է հայցվորը հրաժարվել հայցից` կախված դատավարական փուլից կամ դատավարական գործողությունից: Ըստ դիմողի` օրենսդիրն ինքը պետք է որոշի, թե ո՞ր ժամկետն է իրականում նպատակահարմար կամ իրավաչափ, բայց հայցից հրաժարվելու նման հետևանքի դեպքում որևէ ժամկետի բացակայությունն այդ իրավունքի անհամաչափ սահմանափակում է:

i

Օրենսգրքի 203-րդ հոդվածի առնչությամբ դիմողը կարծում է, որ այն չի համապատասխանում Սահմանադրությանն այնքանով, որքանով չի նախատեսում առանձնահատուկ կարգավորում (որպես բացառություն)` հայցից հրաժարվելու հիմքով ընտանեկան վեճով գործի վարույթի կարճման դեպքում նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ ցանկացած պահի դատարան դիմելու հայցվորի իրավունքի մասին:

 

2. Պատասխանողի դիրքորոշումները

Պատասխանողը գտնում է, որ Օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 183-րդ հոդվածի 8-րդ մասը և 203-րդ հոդվածը համապատասխանում են Սահմանադրությանը:

Վկայակոչելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Սահմանադրական դատարանի առանձին դիրքորոշումներ` պատասխանողը փաստում է, որ դատարանի մատչելիության իրավունքը բացարձակ իրավունք չէ. որոշակի դեպքերում այն կարող է ենթարկվել անուղղակի սահմանափակումների, սակայն ցանկացած սահմանափակում պետք է հետապնդի իրավաչափ նպատակ, գործադրվող միջոցների և հետապնդվող նպատակի միջև պետք է առկա լինի համաչափության ողջամիտ հարաբերություն, և սահմանափակումը որևէ կերպ չպետք է ազդի իրավունքի էության վրա:

Պատասխանողը պնդում է, որ դատավարական միջոցների խնայողության սկզբունքն ապահովում է ուժերի ռացիոնալ օգտագործումը, արդարադատության ավելի արագ և արդյունավետ իրականացումը` ջանքերի նվազագույն գործադրմամբ, իսկ իրավական որոշակիության սկզբունքը ներառում է նաև վճիռների վերջնականության սկզբունքը, որն էլ իր հերթին ինչպես դատավարական միջոցների խնայողության, այնպես էլ դատավարության արդյունավետության սկզբունքների կարևորագույն երաշխիք է:

Պատասխանողը նշում է, որ նույն անձանց միջև, նույն առարկայի և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ, առանց բացառության, կրկին դատարան դիմելու արգելքը կամ հայցվորի` ցանկացած պահի դատարան դիմելու իրավունքն ապահովող դրույթի բացակայությունը նպատակ ունի ապահովել արդարադատության կանխատեսելիության և իրավական որոշակիության սկզբունքների պահպանումը:

Ըստ պատասխանողի` օրենսդրի կողմից բացառություն նախատեսելը` կապված վեճի առանձնահատկությամբ, կառաջացնի ոչ միայն արդարադատության անկանխատեսելիություն, այլ իրավունքի առջև բոլորի հավասարության սկզբունքի խախտման հնարավոր ռիսկեր, ինչն էլ անընդունելի է ժողովրդավարական և իրավական պետության համար:

 

3. Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները

Նկատի ունենալով, որ դիմողն, ըստ էության, բարձրացնում է հայցից հրաժարվելու հիմքով վարույթի կարճման դեպքում նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով կրկին դատարան դիմելու օրենսդրական արգելքի պայմաններում ալիմենտի բռնագանձման պահանջի վերաբերյալ գործերով երեխայի լավագույն շահերի դատական պաշտպանության ապահովման հարց, Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով վիճարկվող դրույթների Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննության առնել Սահմանադրության 36, 37, 61, 63, 75 և 78-րդ հոդվածների համատեքստում` պարզելով, մասնավորապես, հետևյալ հարցադրումները.

- ի՞նչ նպատակներ է հետապնդում հայցից հրաժարվելու հիմքով քաղաքացիական գործի վարույթի կարճման դեպքում նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով կրկին դատարան դիմելու օրենսդրական արգելքը, և արդյոք այն սահմանափակում է անձի դատական պաշտպանության, արդար դատաքննության սահմանադրական իրավունքները և համաչափ է հետապնդվող նպատակներին,

- արդյոք հայցից հրաժարվելու հիմքով վարույթի կարճման դեպքում նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով կրկին դատարան դիմելու օրենսդրական արգելքը հավասարապես վերաբերում է նաև ալիմենտի բռնագանձման պահանջներին, և այդ պարագայում արդյոք երեխայի լավագույն շահերի դատական պաշտպանությունն իրացնելու համար օրենքով սահմանված են անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր:

 

4. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

i

4.1. Սահմանադրության 61-րդ հոդվածով սահմանված արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի բովանդակությունը հանգում է անձի իրավունքների և ազատությունների պաշտպանության համար դատարան դիմելու իրավունքի երաշխավորմանը և այդ իրավունքի իրացման համար արդյունավետ միջոցների և պայմանների ստեղծման պետության պարտականությանը:

i

Դատական պաշտպանության իրավունքի արդյունավետության ապահովման երաշխիքներն ու չափորոշիչներն ամրագրված են Սահմանադրության 63-րդ հոդվածում, ինչպես նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածում: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` ՄԻԵԴ) նախադեպերով հաստատված է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված` արդար դատաքննության իրավունքը, որի մասնավոր տարրն է դատարանի մատչելիության իրավունքը, չի հանդիսանում բացարձակ իրավունք և կարող է ենթարկվել որոշակի սահմանափակումների, իսկ այդպիսի «... սահմանափակումը 6-րդ հոդվածի 1-ին մասին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն» («Khalfaoui v. France», app. no. 34791/97, 14/03/2000)»:

Նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով հայցի` դատարանի կողմից կրկնակի քննության արգելքը նպատակ ունի, նախ` երաշխավորել իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքի իրացումը` ապահովելով դատական որոշումների վերջնականությունը և կանխելով նույն հարցի վերաբերյալ դատարանի կողմից տարաբնույթ որոշումների կայացումը: Երկրորդ` նույն հարցի կրկնակի քննության արգելքը կոչված է ապահովելու արդյունավետ արդարադատության իրականացումը` թույլ չտալով նույն հարցով դատարանին կրկնակի ծանրաբեռնելը: Ի վերջո, այդ արգելքի նպատակն է նաև բացառել հայցվորի կողմից դատական պաշտպանության իրավունքի չարաշահումը:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ հայցից հրաժարվելու հիմքով քաղաքացիական գործի վարույթի կարճման դեպքում նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով կրկին դատարան դիմելու դեպքում դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման նշված նպատակներն իրավաչափ են և չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը:

4.2. Անձի սուբյեկտիվ իրավունքի կամ օրինական շահի պաշտպանությանը դատարանը ձեռնամուխ է լինում միայն այն դեպքում, երբ շահագրգռված անձն օրենքով սահմանված կարգով հայց է ներկայացնում: Ինչպես անձի սուբյեկտիվ իրավունքների և օրինական շահերի պաշտպանության նպատակով դատարան հայց ներկայացնելու իրավունքը, այնպես էլ հարուցված հայցից հրաժարվելու իրավունքը տնօրինչականության սկզբունքի ուժով պատկանում են բացառապես հայցվորին (Օրենսգիրք, հոդված 12):

i

Օրենսգրքի «Պահանջներից հրաժարվելը» վերտառությամբ 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը նախքան գործի վարույթը կարճելու մասին որոշում կայացնելը գործին մասնակցող անձանց բացատրում է պահանջից հրաժարվելու դատավարական հետևանքները: Հայցվորը պարտադիր կարգով իրազեկված է լինում այն մասին, որ հայցից հրաժարվելը հանգեցնելու է դատարանի կողմից համապատասխան եզրափակիչ դատական ակտի` գործի վարույթը կարճելու մասին որոշման կայացման (Օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետ), ինչպես նաև այն մասին, որ այլևս հնարավորություն չի ունենալու դատարանի` օրինական ուժի մեջ մտած այդ դատական ակտի առկայության պայմաններում նույն անձի դեմ, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով կրկին դիմելու դատարան (Օրենսգրքի 183-րդ հոդվածի 8-րդ մաս):

Անկախ գործի քննության փուլից հայցից հրաժարվելու հայցվորի որոշումը կամավոր է և պետք է լինի կշռադատված ու մտածված, pro et contra բոլոր հանգամանքների հաշվառմամբ: Հետևաբար, հայցից հրաժարվելու հիմքով քաղաքացիական գործի վարույթի կարճման դեպքում նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով կրկին դատարան դիմելու օրենսդրական արգելքը, լինելով անձի կամահայտնության դատավարական հետևանք, ընդհանուր առմամբ համապատասխանում է Սահմանադրության 78-րդ հոդվածում ամրագրված համաչափության սկզբունքին:

4.3. Արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները ենթադրում են կոնկրետ անձի կոնկրետ իրավունքի կամ ազատության պաշտպանություն, որի արդյունավետությունը կարող է գնահատվել` ելնելով տվյալ իրավունքի առանձնահատկություններից: Սույն գործի շրջանակներում դատական պաշտպանության արդյունավետությունը պետք է դիտարկել նաև այն տեսանկյունից, թե արդյոք գործի վարույթը կարճելու վերաբերյալ քննարկվող ընդհանուր կարգավորումները հնարավորություն տալիս են Սահմանադրության 37-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` երեխային վերաբերող հարցերում առաջնահերթ ուշադրության արժանացնել երեխայի շահերը:

Երեխայի լավագույն շահերի ապահովման անհրաժեշտությունը բխում է նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններից:

i

Այսպես, ՄԱԿ-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 23-րդ հոդվածի 4-րդ մասում ամրագրված է դաշնագրի մասնակից պետությունների, ի թիվս այլնի, ամուսնալուծության դեպքում ամուսինների իրավունքների և պարտականությունների հավասարությունն ապահովելու համար պատշաճ միջոցներ ձեռնարկելու պարտավորությունը, իսկ ամուսնալուծության դեպքում` բոլոր երեխաների անհրաժեշտ պաշտպանության պարտավորությունը:

i

ՄԱԿ-Ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում, անկախ այն բանից, թե դրանք ձեռնարկվում են սոցիալական ապահովության հարցերով զբաղվող պետական կամ մասնավոր հիմնարկների, դատարանների, վարչական կամ օրենսդրական մարմինների կողմից, առաջնահերթ ուշադրություն է դարձվում երեխայի լավագույն շահերին»: Բացի դրանից, նշված կոնվենցիայի 3-րդ հոդվածի 2-րդ մասը պարտավորեցնում է մասնակից պետություններին երեխային ապահովելու նրա բարեկեցության համար անհրաժեշտ պաշտպանությամբ և հոգատարությամբ ու այդ նպատակով ձեռնարկելու օրենսդրական ու վարչական բոլոր համապատասխան միջոցները:

i

Կոնվենցիայի Թիվ 7 արձանագրության 5-րդ հոդվածն ամրագրում է ամուսինների հավասարությունը, մասնավորապես` ամուսնալուծության դեպքում ամուսինների հավասար իրավունքները և մասնավոր իրավական բնույթի հավասար պատասխանատվությունը փոխադարձ հարաբերություններում և իրենց երեխաների հետ ունեցած հարաբերություններում: Հոդվածը պետություններին չի խոչընդոտում ձեռնարկել այնպիսի միջոցներ, որոնք անհրաժեշտ են երեխաների շահերը պաշտպանելու համար:

4.4. Ընտանեկան հարաբերությունների ոլորտը կարգավորող գործող իրավակարգավորումների համալիր վերլուծությունից հետևում է, որ երեխայի լավագույն շահերի պաշտպանության գրավականը, ըստ էության, «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքով սահմանված երեխայի իրավունքների ամբողջական և արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ պայմանների ապահովումն է:

i

«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր երեխա ունի ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների իրավունք, իսկ երեխայի զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման հարցում հիմնական պատասխանատվությունը կրում են ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները: Նույն օրենքի 14-րդ հոդվածը ամրագրում է դրույթ, համաձայն որի` երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը նրա ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների հիմնական պարտականություններից է:

i

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 43-րդ հոդվածի 1-ին մասի ուժով երեխան ունի իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության իրավունք, սակայն երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն իրականացնում են նրա ծնողները (օրինական ներկայացուցիչները):

Անդրադառնալով երեխայի և ծնողների փոխհարաբերություններին` ՄԻԵԴ-ը գտել է, որ` Կոնվենցիայի 8-րդ հոդվածը պահանջում է, որ իշխանությունները երեխայի և ծնողների շահերի միջև գտնեն արդար հարաբերակցություն և այդ շահերը հավասարակշռելիս հատուկ ուշադրություն դարձնեն երեխայի լավագույն շահերին, որոնք, կախված իրենց բնույթից և լրջությունից, կարող են գերակշռել ծնողների շահերը: Մասնավորապես, 8-րդ հոդվածի համաձայն` ծնողին չի կարող տրամադրվել այնպիսի միջոցներ ձեռնարկելու իրավունք, որոնք վնաս են հասցնում երեխայի առողջությանը և զարգացմանը («Rytchenko v. Russia», 20/01/2011, app. no. 22266/04, § 39):

Ավելի վաղ ՄԻԵԴ-ը նշել է, որ «ընտանեկան կյանքն» ընդգրկում է ոչ միայն սոցիալական, բարոյական կամ մշակութային բնույթի հարաբերություններ, այլև ներառում է նյութական շահեր, ինչպիսիք են, մասնավորապես, ալիմենտային պարտավորությունները...» («Marckx v. Belgium», 13/06/1979, app. no 6833/74, § 52):

4.5. Նկատի ունենալով ընտանեկան վեճերի առանձնահատկությունները, մասնավորապես, դրանց սոցիալական, բարոյական և խիստ զգայուն բնույթը` օրենսդիրը նախատեսել է այդ վեճերի քննության հատուկ կարգ: Օրենսգրքի 2-րդ ենթաբաժնի 202-րդ հոդվածի համաձայն` ընտանեկան վեճերը դատարանները քննում են հատուկ հայցային վարույթի կարգով, որի դեպքում գործի քննության ընդհանուր կանոնները կիրառվում են այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են նույն ենթաբաժնի դրույթներով (201-րդ հոդված):

Վերոհիշյալ ենթաբաժնի «Ընտանեկան վեճերով գործի քննության առանձնահատկությունները» վերտառությամբ 203-րդ հոդվածի վերլուծությունը ցույց է տալիս, որ օրենսդիրը, ելնելով երեխայի լավագույն շահերի ապահովման անհրաժեշտությունից, դատարանի համար ամրագրում է պարտականությունների ավելի լայն շրջանակ, քան դատարանն ունի ընդհանուր կարգով գործեր քննելիս, ինչը վերաբերում է գործի քննության բոլոր փուլերին:

Չնայած նշված հոդվածը նույնական հայցով դատարան դիմելու համար ուղղակիորեն բացառություն չի նախատեսում, սակայն դրա 2-րդ մասը, երեխայի լավագույն շահերի ապահովման անհրաժեշտությունից ելնելով, սահմանում է դատարանի պարտականությունը` գործի լուծման համար անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով չսահմանափակվելու գործին մասնակցող անձանց միջնորդություններով, նրանց ներկայացրած ապացույցներով և գործում առկա այլ նյութերով, ձեռնարկելու ողջամիտ միջոցներ գործի քննությունը լրիվ, բազմակողմանի իրականացնելու համար: Ըստ Օրենսդրի ձեռնարկվելիք ողջամիտ միջոցների շարքին են դասվում մասնավորապես` «պահանջելու տեղեկություններ, ապացույցներ, լրացուցիչ բացատրություններ, հանձնարարելու գործին մասնակցող անձանց ներկայանալ դատական նիստի, նշանակելու փորձաքննություն, հարցաքննելու վկաների, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, ֆիզիկական և իրավաբանական անձանցից պահանջելու փաստաթղթեր»:

Այսինքն` օրենսդիրը, երեխայի լավագույն շահերն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով, ընտանեկան վեճերի քննության համար նախատեսել է բացառություններ, քանի որ նման գործերով պետությունն ունի առաքելություն` ապահովելու, երաշխավորելու ու պաշտպանելու երեխայի լավագույն շահերը` անկախ մրցակցային դատավարության պայմաններում ծնողների հայեցողությամբ իրացվող իրավունքներից ու պարտականություններից:

4.6. Ծնողների սահմանադրական պարտականությունն է (Սահմանադրության 36-րդ հոդվածի 1-ին մաս) հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, կրթության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման մասին, ինչն անվերապահորեն ներառում է երեխայի համար ապրուստի միջոց տրամադրելու պարտավորությունը:

i

Ընտանեկան օրենսգրքի 68-րդ հոդվածը սահմանում է երեխաների ապրուստը հոգալու` ծնողների պարտականությունները: Այդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե ծնողներն ապրուստի միջոց չեն տրամադրում իրենց երեխաներին, ապա վերջիններիս պահելու համար միջոցները (ալիմենտը) ծնողներից բռնագանձվում են դատական կարգով:

Հնարավոր են դեպքեր, երբ ալիմենտի բռնագանձման պահանջի մասին հայցից հրաժարվելը պայմանավորված լինի ընտանիքը պահպանելու նպատակով դատական պաշտպանության մեխանիզմը տվյալ կոնկրետ ժամանակահատվածում չկիրառելու հայցվորի ցանկությամբ, ինչը չի նշանակում, որ հայցվորն ընդմիշտ հրաժարվում է ալիմենտի պահանջից:

Պրակտիկայում կարող են նաև լինել դեպքեր, երբ հայցվորը պատասխանողի հետ որոշակի բանավոր պայմանավորվածություններ ձեռք բերելու արդյունքում հրաժարվում է հայցից, սակայն վերջինս ինչ-ինչ պատճառներով չի կատարում պայմանավորվածություններից բխող պարտականությունները, անգամ կարող է ստեղծվել այնպիսի իրավիճակ, երբ պատասխանողը, իրականում ցանկություն չունենալով կատարելու իր նյութական պարտավորությունները երեխայի հանդեպ, չարաշահում է հայցվորի վստահությունը, համոզում է վերջինիս հրաժարվել իր դեմ հարուցված հայցից, սակայն չի կատարում տրված խոստումները: Արդյունքում` երեխան հայտնվում է անբարենպաստ պայմաններում, և ոտնահարվում են նրա շահերը:

4.7. Ընտանեկան օրենսգրքի վերաբերելի դրույթներից հետևում է, որ երեխայի համար ապրուստի միջոց տրամադրելու` ծնողի պարտավորությունը չի դադարում մյուս ծնողի ալիմենտի պահանջից հրաժարվելու հիմքով, այլ շարունակվում է մինչև երեխայի չափահաս դառնալը, իսկ երեխայի անաշխատունակության դեպքում նաև նրա չափահաս դառնալուց հետո: Հետևաբար, ալիմենտային իրավահարաբերությունները շարունակական են և ժամանակի ընթացքում կարող են, կողմերի վարքագծով կամ գույքային հնարավորություններով պայմանավորված, որոշակի փոփոխությունների ենթարկվել: Օրենսդիրը հնարավոր է համարել անգամ, որ փոփոխվի դատարանի եզրափակիչ վճռով արդեն սահմանված ալիմենտի չափը, եթե փոփոխվել է կողմերից մեկի գույքային և ընտանեկան դրությունը (Ընտանեկան օրենսգրքի 107-րդ հոդված):

Ընտանեկան օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն` ալիմենտ ստանալու իրավունք ունեցող անձը կարող է ալիմենտի բռնագանձման համար դիմել դատարան` անկախ ալիմենտի իրավունքի առաջացման պահից անցած ժամանակահատվածից, եթե ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությամբ նախկինում ալիմենտ չի վճարվել և, որպես կանոն, ալիմենտ հատկացվում է դատարան դիմելու պահից:

i

Օրենսգրքի 203-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` ընտանեկան վեճեր քննելիս դատարանները պարտավոր են, երեխայի լավագույն շահերի ապահովման անհրաժեշտությունից ելնելով, հաշվի առնել ինչպես այդ հոդվածի 2-րդ մասով, այնպես էլ ՀՀ ընտանեկան օրենսգրքով սահմանված առանձնահատկությունները: Հետևաբար, Ընտանեկան օրենսգրքի վերը հիշատակված կարգավորումների պայմաններում երեխայի լավագույն շահի և երեխայի համար հոգ տանելու ծնողի շարունակվող պարտավորության կատարման ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված` դատարանը պարտավոր է հաշվի առնել հայցից հրաժարվելու հիմքով ալիմենտի պահանջի մասին գործի վարույթի կարճման որոշումից հետո կողմերի վարքագծի, ընտանեկան կամ գույքային դրության փոփոխությունները և նույն կողմերի միջև նոր հայց ներկայացվելու դեպքում այն ըստ էության քննության առնել:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 4-րդ մասով, 170-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 71-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանը:

i

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 8-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը:

i

3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանը:

i

4. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    ՆԱԽԱԳԱՀՈՂ                              Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

10 մարտի 2020 թվականի

ՍԴՈ-1515

 

Հրապարակվել է պաշտոնական կայքէջում՝ 12 մարտի 2020 թվական:

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
10.03.2020
N ՍԴՈ-1515
Որոշում