Սեղմել Esc փակելու համար:
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի` «ԿՈՒՅՐԵՐԻ,...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի` «ԿՈՒՅՐԵՐԻ, ՏԵՍՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԿԱ ...

 

 

i

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի` «ԿՈՒՅՐԵՐԻ, ՏԵՍՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԿԱՄ ԸՆԹԵՐՑՈՂՈՒԹՅԱՆ ՖՈՒՆԿՑԻԱՅԻ ԱՅԼ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԴՅՈՒՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՄԱՐԱՔԵՇԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 26 մայիսի 2020 թ.

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ն. Մարգարյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22, 23 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2013 թվականի հունիսի 27-ի` «Կույրերի, տեսողությունից հաշմանդամություն ունեցող կամ ընթերցողության ֆունկցիայի այլ դժվարություններ ունեցող անձանց համար հրատարակված ստեղծագործությունների մատչելիությունը դյուրացնելու մասին» Մարաքեշի պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր` 2020 թվականի հունվարի 16-ի N 32-Ա որոշմամբ 2013 թվականի հունիսի 27-ի` «Կույրերի, տեսողությունից հաշմանդամություն ունեցող կամ ընթերցողության ֆունկցիայի այլ դժվարություններ ունեցող անձանց համար հրատարակված ստեղծագործությունների մատչելիությունը դյուրացնելու մասին» Մարաքեշի պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու նպատակով դիմել է Սահմանադրական դատարան: Հիշյալ որոշումը Հայաստանի Հանրապետության վարչապետը Սահմանադրական դատարան է ներկայացրել 2020 թվականի մարտի 6-ին:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության` 2020 թվականի մարտի 6-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով վերոնշյալ պայմանագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Կույրերի, տեսողությունից հաշմանդամություն ունեցող կամ ընթերցողության ֆունկցիայի այլ դժվարություններ ունեցող անձանց համար հրատարակված ստեղծագործությունների մատչելիությունը դյուրացնելու մասին» պայմանագիրը (Պայմանագիր) ստորագրվել է 2013 թվականի հունիսի 27-ին Մարաքեշում:

2. Պայմանագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները`

ա) հեղինակային իրավունքը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսել վերարտադրման իրավունքի, տարածման իրավունքի և հանրությանը մատչելի դարձնելու իրավունքի սահմանափակում կամ բացառություն, ինչպես նախատեսված է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության Հեղինակային իրավունքի պայմանագրով (WCT), դյուրացնելու ստեղծագործությունների` մատչելի ձևաչափով օրինակների մատչելիությունը շահառուների համար: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումը կամ բացառությունը պետք է թույլ տա կատարել անհրաժեշտ փոփոխություններ` ստեղծագործությունն այլընտրանքային ձևաչափով մատչելի դարձնելու համար,

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանել Պայմանագրի 4-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների կամ բացառությունների` վարձատրության վճարման ենթակա լինելու կամ չլինելու հարցը,

գ) այնքանով, որքանով Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը թույլ է տալիս շահառուին, նրա անունից գործող անձին կամ լիազոր մարմնին պատրաստել ստեղծագործության մատչելի ձևաչափով օրինակներ, երաշխավորել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նրանց թույլատրվի նաև, առանց իրավատիրոջ համաձայնության, ներմուծել մատչելի ձևաչափով օրինակներ` ի շահ շահառուների,

դ) համարժեք իրավական պաշտպանություն և արդյունավետ տեխնիկական միջոցների շրջանցման դեմ արդյունավետ իրավական միջոցներ նախատեսելիս անհրաժեշտության դեպքում համապատասխան միջոցներ ձեռնարկել ապահովելու, որ այդ իրավական պաշտպանությունը չխոչընդոտի շահառուներին օգտվելու Պայմանագրով նախատեսված սահմանափակումներից և բացառություններից,

ե) Պայմանագրով նախատեսված սահմանափակումների և բացառությունների կիրառման ընթացքում ջանքեր գործադրել պաշտպանելու շահառուների անձնական տվյալների անձեռնմխելիությունը, ինչպես մյուսներինը` հավասար հիմունքներով,

զ) փորձել նպաստել մատչելի ձևաչափով օրինակների միջսահմանային փոխանակմանը` խրախուսելով տեղեկատվության կամավոր փոխանակումը լիազոր մարմինների միջև` մեկը մյուսին նույնականացնելու նպատակով,

է) ընդունել միջազգային համագործակցության և դրա խթանման կարևորությունը` որպես աջակցություն Պայմանագրի նպատակների և խնդիրների իրականացման համար տարվող ազգային ջանքերին,

ը) ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ Պայմանագրի կատարման համար:

3. Պայմանագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 13-րդ հոդվածի դրույթներին և, ի թիվս այլնի, նպատակաուղղված են դյուրացնելու տեսողությունից հաշմանդամություն ունեցող կամ այլ տպագիր ստեղծագործություններին հասանելիության դժվարություններ ունեցող անձանց համար ստեղծագործությունների հասանելիությունն ու օգտագործումը:

4. Պայմանագրին միանալու ժամանակ Ադրբեջանի Հանրապետությունը կատարել է հայտարարություն: Ըստ սույն գործում առկա նյութերի` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն առաջարկում է Պայմանագիրը Հայաստանի Հանրապետության կողմից վավերացնել կամ հաստատել Ադրբեջանի Հանրապետության կողմից կատարված հայտարարության դեմ Հայաստանի Հանրապետության հետևյալ հայտարարությամբ. «Ադրբեջանի Հանրապետության հայտարարությունը պարունակում է առարկայազուրկ և անհիմն մեղադրանքներ` ուղղված Հայաստանի Հանրապետությանը, և խեղաթյուրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը, որը հրահրվել ու շարունակվել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի (Արցախի Հանրապետության) ժողովրդի` մարդու իրավունքների և ինքնորոշման համար խաղաղ պահանջներին ի պատասխան ուժի կիրառման պատճառով»:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2013 թվականի հունիսի 27-ի` «Կույրերի, տեսողությունից հաշմանդամություն ունեցող կամ ընթերցողության ֆունկցիայի այլ դժվարություններ ունեցող անձանց համար հրատարակված ստեղծագործությունների մատչելիությունը դյուրացնելու մասին» Մարաքեշի պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    ՆԱԽԱԳԱՀՈՂ                              Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

26 մայիսի 2020 թվականի

ՍԴՈ-1538

 

Հրապարակվել է պաշտոնական կայքէջում՝ 27 մայիսի 2020 թվական:

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
26.05.2020
N ՍԴՈ-1538
Որոշում