Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի ՕՐԵՆՍԳՐՔԻ 53-ՐԴ, 54-ՐԴ, ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական               Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                        թիվ ԵԱՔԴ/2620/02/15

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/2620/02/15   2020 թ.

Նախագահող դատավոր` Գ. Խանդանյան

    Դատավորներ`        Հ. Ենոքյան

                       Ս. Թորոսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2020 թվականի մայիսի 15-ին

գրավոր ընթացակարգով քննելով Լենա Ավագյանի, Վահագն, Վահե Ղազարյանների վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.03.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Մանուշակ Գրիգորյանի ընդդեմ Լենա Ավագյանի, Վահագն, Վահե Ղազարյանների, երրորդ անձ ՀՀ Երևան քաղաքի «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի` Երևան քաղաքի Հ. Էմինի 4-րդ շենքում գտնվող թիվ 2 բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու, որպես հետևանք նոտարի կողմից տրված ժառանգության իրավունքի վկայագրերը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին և ըստ հակընդդեմ հայցի` Լենա Ավագյանի, Վահե, Վահագն Ղազարյանների ընդդեմ Մանուշակ Գրիգորյանի և Միխայիլ Գրիգորյանի` Երևան քաղաքի Հ. Էմինի 4-րդ շենքի թիվ 2 հասցեի բնակարանից վտարելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Մանուշակ Գրիգորյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը Երևան քաղաքի Հ. Էմինի 4-րդ շենքում գտնվող թիվ 2 բնակարանի նկատմամբ:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Լենա Ավագյանը, Վահե, Վահագն Ղազարյանները պահանջել են Մանուշակ Գրիգորյանին իր ընտանիքի հետ միասին վտարել Լենա Ավագյանի, Վահե, Վահագն Ղազարյանների սեփականությունը հանդիսացող` Երևան քաղաքի Հ. Էմինի 4-րդ շենքում գտնվող թիվ 2 բնակարանից:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Հ. Շահբազյան) (այսուհետ` Դատարան) 17.10.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.03.2018 թվականի որոշմամբ Լենա Ավագյանի, Վահագն, Վահե Ղազարյանների վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 17.10.2017 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Լենա Ավագյանը, Վահագն, Վահե Ղազարյանները:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասը, 60-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 53-րդ, 54-րդ, 200-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածը, 280-րդ հոդվածի 1-ին կետը, 1225-րդ հոդվածի 5-րդ կետը, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետը, 172-րդ հոդվածի 5-րդ կետը, 198-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերը:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Լենա Ավագյանը, Վահագն, Վահե Ղազարյանները, լինելով վիճելի բնակարանի սեփականատերերը, տնօրինելով իրենց սեփականությունը հանդիսացող գույքը, կատարել են գործողություններ, թույլատրել են, որ Մանուշակ Գրիգորյանը ժամանակավորապես բնակվի իրենց սեփականությունը հանդիսացող տանը:

Սույն գործով ապացուցված է, որ գույքի սեփականատերերն իրենց գործողություններով չեն հրաժարվել և ինչպես գրավոր, այնպես էլ այլ եղանակով իրենց սեփականության իրավունքը չեն փոխանցել Մանուշակ Գրիգորյանին:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Ռոմեն Ղազարյանը, լինելով հետախուզման մեջ, ուղղակի զրկված լինելով իր իրավունքների պաշտպանության հնարավորությունից, չէր կարող որևէ կերպ պաշտպանել իր սեփականատիրոջ իրավունքը:

Միաժամանակ սույն գործում բացակայում են բավարար ապացույցներ, որով կարող էր հաստատվել Մանուշակ Գրիգորյանի կողմից վեճի առարկա գույքի տիրապետման բարեխղճությունը: Գործով հիմնավորված չէ, որ այդ գույքի տիրապետումը հիմնված է այնպիսի փաստի վրա, որը տիրապետողին կարող էր տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա գույքն իր տիրապետմանը անցնելու պահից տիրապետել է որպես սեփականը:

Ստորադաս դատարանները չեն անդրադարձել այն փաստին, որ սեփականության վկայականում հստակ նշված է, որ սեփականության իրավունքով 1/4 բաժնեմասն է պատկանում Ռոմեն Ղազարյանին և սեփականության իրավունքի վկայականում հստակ ընդգծված է, որ սեփականության տեսակը ընդհանուր համատեղ սեփականություն է:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 29.03.2018 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը մերժել, իսկ հակընդդեմ հայցը բավարարել, կամ բեկանել որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Երևանի քաղաքապետի 26.06.1997 թվականի թիվ 643 որոշմամբ թույլատրվել Հ. Էմինի 4-րդ շենքի թիվ 2 բնակարանը ձևակերպել Ռոմեն Ղազարյանի անվամբ, որպես ընտանիքի բոլոր անդամների ընդհանուր համատեղ սեփականություն: 14.08.1997 թվականին Ռոմեն Ղազարյանը բնակարանի սեփականաշնորհման համար վճարել է 1000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 127, 132):

2) ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության 25.06.2015 թվականի թիվ 8/2-829(Ղ-1) գրության համաձայն` Ռոմեն Լենդրուշի Ղազարյանը 22.04.1998 թվականից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀ բաժնի կողմից գտնվել է հետախուզման մեջ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, 235-րդ հոդվածի 1-ին մասի, 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերի, 338-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերի և 340-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: 20.02.2014 թվականին Ռոմեն Լենդրուշի Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը և հետախուզումը դադարեցվել են` քրեական պատասխանատվության ենթարկելու օրենքով սահմանված վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով (հատոր 2-րդ, գ.թ. 21):

3) Թիվ ԱԲ 210968 մահվան վկայականի համաձայն` Ռոմեն Լենդրուշի Ղազարյանը մահացել է 15.02.2015 թվականին, որի մասին մահվան վերաբերյալ ակտերի գրանցման գրքում կատարվել է թիվ 1719 գրանցումը (հատոր 1-ին, գ.թ. 122):

4) 02.09.2015 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 20142, 20143, 20144 վկայագրերի համաձայն` ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանը հաստատել է, որ համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216-րդ հոդվածի` Ռոմեն Լենդրուշի Ղազարյանի, մահացած 15.02.2015 թվականին, գույքի նկատմամբ ժառանգ են հանդիսանում որդիները` Վահագն և Վահե Ռոմենի Ղազարյանները և կինը` Լենա Հայրապետի Ավագյանը: Ժառանգական գույքը, որի համար տրված են վկայագրերը, բաղկացած է (...) 3. Երևան քաղաքի Հ. Էմինի 4 շենքի թիվ 2 հասցեում գտնվող անշարժ գույքի 1/12 բաժնից (...) (հատոր 2-րդ, գ.թ. 22-24):

5) 18.06.2015 թվականի ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի կողմից հաստատված Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՀՈ բաժանմունքի ավագ տեսուչ Խ. Կասյանի 18.06.2015 թվականի վարչական վարույթը կասեցնելու մասին որոշմամբ որոշվել է Լ.Ավագյանի և Մ.Գրիգորյանի դիմումների վերաբերյալ հարուցված վարչական վարույթը կասեցնել` մինչև վարչական դատավարության կարգով քննվող գործով որոշման կայացնելը: Նշված որոշման համաձայն` 11.05.2015 թվականին ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվել է Բագրատունյաց 1-ին նրբանցք 3-րդ շենքի թիվ 6 բնակարանի բնակչուհի Լենա Ավագյանի դիմումն այն մասին, որ համաձայն Երևանի քաղաքապետի 26.06.1997 թվականի թիվ 643 որոշման, Հ. Էմին 4/2 հասցեում գտնվող տունը հանդիսանում է իր ընտանիքի չորս անդամների համատեղ սեփականությունը: Սակայն իր հանգուցյալ ամուսնու` Ռոմեն Ղազարյանի բանավոր ցանկությամբ այնտեղ բնակվող Մանուշակ Գրիգորյանը, ով բնակվում է ընտանիքով, չի ցանկանում ազատել տունը, ուստի խնդրել է Մ. Գրիգորյանին պարտավորեցնել ազատելու իրեն և որդիներին` Վահե և Վահագն Ռոմենի Ղազարյաններին պատկանող տունը (հատոր 2-րդ, գ.թ. 19):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ մասի 1-ին կետերով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Նախկին օրենսգիրք) 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետախուզման մեջ գտնվող անձի գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման խնդրին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով` անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաև այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ վերլուծելով վկայակոչված իրավակարգավորումները, արձանագրել է, որ ձեռքբերման վաղեմությունն օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց է:

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք նախապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես դրանք են`

1. Տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքն անձի փաստացի տիրապետմանն անցնելիս: Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն:

2. Փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում:

3. Տիրապետումը պետք է լինի տասը տարի և անընդմեջ: Այսինքն` 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն:

4. Տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն` փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տե՛ս, Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններն ընդդեմ Մանվել Սարիբեկյանի և մյուսների թիվ 3-1435/ՎԴ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, վերահաստատելով ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման պայմանների վերաբերյալ իր նախկին դիրքորոշումը, անդրադարձել է այդ պայմաններից բարեխղճության պայմանի գնահատման առանձնահատկություններին և արձանագրել է, որ նման իրավահարաբերություններում առավել կարևորվում է ինչպես անշարժ գույքի փաստացի տիրապետողի վերաբերմունքը տիրապետվող գույքի նկատմամբ, այնպես էլ գրանցված սեփականատիրոջ վարքագիծը և վերաբերմունքն այլ անձի կողմից իր սեփականության տիրապետման նկատմամբ:

Ըստ էության օրենքով նախատեսված տասը տարվա ժամանակահատվածն այն սահմանափակ ժամանակահատվածն է, որի ընթացքում անշարժ գույքի սեփականատիրոջ գործողությունները կարող են ազդել գույքի փաստացի տիրապետողի կողմից նրա` գույքը որպես սեփական տիրապետելու բարեխղճության վրա, քանի որ այս իրավահարաբերության համար էական է անշարժ գույքի սեփականատիրոջ վերաբերմունքը նման տիրապետման վերաբերյալ, որովհետև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի կիրառման առումով սեփականատիրոջ կողմից գույքի տիրապետման իրավազորության իրականացումն ինքնին բացառում է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչում որևէ սուբյեկտի համար: Նման մեկնաբանությունը բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 3-րդ կետի բովանդակությունից:

Անշարժ գույքի գրանցված սեփականության իրավունք ունեցող անձի վարքագիծը և վերաբերմունքն առանց օրենքի և պայմանագրի հիման վրա գույքը փաստացի տիրապետող անձի տիրապետման նկատմամբ էական է դառնում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի բովանդակության առումով գնահատական տալու համար, քանի որ հիշատակված հոդվածը` որպես սեփականությունից հրաժարվելու հիմք, կարևորում է ոչ միայն գրավոր փաստաթղթի առկայությունը, այլ նաև սեփականատիրոջ գործողությունները (անգործությունը):

Անշարժ գույքի գրանցված սեփականատիրոջ կողմից գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանությանն ուղղված գործողությունները պետք է իրականացվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով նախատեսված ժամկետի ընթացքում` մինչև գույքի փաստացի տիրապետողի կողմից ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ճանաչման պահանջ ներկայացնելը: Այս առումով պետք է նշել, որ ժառանգման կարգով իրականացված իրավահաջորդության դեպքում գույքի նկատմամբ ժառանգների սեփականության իրավունքի ծագումն ինքնըստինքյան չի վերացնում անշարժ գույքի փաստացի տիրապետողի մոտ առկա տիրապետման բարեխղճությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ծագման համար գույքն այլ անձի անցնելու ձևերը, որոնք էլ պայմանավորում են ձեռք բերողի մոտ բարեխղճության առկայությունը կամ բացակայությունը, տարբեր են: Ինչպես կամահայտնության գրավոր կամ բանավոր ձևերը, այնպես էլ անձի գործողությունները և հավասարապես անգործությունը կարող են վկայել տիրապետման բարեխղճության մասին (տե՛ս, Օֆիկ Ենոքյանն ընդդեմ Հովակիմ Կարոյանի և Սվետլանա Կիրակոսյանի թիվ ԵՇԴ/0987/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Բարեխղճության ծագումը, ինչպես և մյուս պայմանները կարևորվում են գույքի փաստացի տիրապետման անցնելու պահին: Այդուհանդերձ, առանձին դեպքերում բարեխղճությունը ժամանակագրական առումով կարող է չհամընկնել գույքի փաստացի տիրապետման անցնելու պահի հետ: Այլ կերպ` գույքը փաստացի տիրապետման անցնելու պահին այն ձեռք բերողի մոտ կարող է բացակայել բարեխղճությունը և ծագել ավելի ուշ: Նման դեպքերում ինքնին չպետք է բացառել ձեռքբերման վաղեմության առկայությունը: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նման դեպքերում տասը տարվա ժամկետի հաշվարկի հոսքը սկսվում է ոչ թե գույքի փաստացի տիրապետմանն անցնելու պահից, այլ տիրապետման ընթացքում բարեխիղճ դառնալու պահից (տե՛ս, Գայանե Խաչատրյանը և Նորայր Սարգսյանն ընդդեմ Բուրաստան Դավթյանի և մյուսների թիվ ԱՐԱԴ/0084/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Սույն գործով Դատարանը, հայցը բավարարելով և հակընդդեմ հայցը մերժելով, արձանագրել է, որ Ռոմեն Ղազարյանն ինքն է կայացրել ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող բնակարանը տնօրինելու վերաբերյալ որոշումները, ինչն ընդունել ու չեն վիճարկել կողմերը: Արդյունքում` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի ուժով Ռոմեն Ղազարյանը, գործելով նաև մյուս սեփականատերերի անունից և նախապես ստանալով նրանց համաձայնությունը (սկզբնական հայցով պատասխանողներն ընդունել են, որ իրենք համաձայնել են Ռոմեն Ղազարյանի ցանկության հետ և նրա հետ միասին թույլատրել են, որպեսզի բնակարանը հանձնվի Մանուշակ Գրիգորյանին) 1997 թվականից հետո` 1998 թվականի սկզբին, երբ հեռացել է Հանրապետությունից, բնակարանը փոխանցել է Մանուշակ Գրիգորյանին` այն թողնելով վերջինիս միանձնյա տիրապետմանը, օգտագործմանն ու տնօրինմանը: Դատարանը հատկանշական է համարել այն, որ 17 տարի Մանուշակ Գրիգորյանը բնակվել է այդ հասցեում, և այդ ընթացքում գրանցված սեփականատերերից յուրաքանչյուրը, տեղյակ լինելով, որ գույքի հետ կապված բոլոր հարցերը լուծում է Մանուշակ Գրիգորյանը` այնտեղ այդ ընթացքում փաստացի բնակվելով, չի իրացրել իր սեփականության իրավունքի տարրերից և ոչ մեկը` ցուցաբերելով բացարձակ անգործություն:

Դատարանը գտել է, որ Մանուշակ Գրիգորյանի կողմից ձեռնարկված միջոցներն` ուղղված գույքի կառավարմանն ու որպես սեփականը տիրապետելուն, ևս վկայում են այն մասին, որ վերջինիս մոտ եղել է հենց այն համոզմունքը, որ Ռոմեն Ղազարյանը, ով գործել է նաև մյուս սեփականատերերի անունից, և առհասարակ մյուս սեփականատերերը գույքը թողել են իրեն որպես սեփականություն, քանի որ վերջինս Ռոմեն Ղազարյանի` Հայաստանի Հանրապետությունից մեկնելուց հետո, ստացել է բնակարանը` վերջինիս և մյուսների կամքով, առանց որևէ բռնության (...):

Վերաքննիչ դատարանը, վերահաստատելով Դատարանի վերոգրյալ դիրքորոշումը, 29.03.2018 թվականի որոշմամբ մերժել է Լենա Ավագյանի, Վահե և Վահագն Ղազարյանների վերաքննիչ բողոքը:

Վերը շարադրված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Նախկին օրենսգրքի 47-րդ հոդվածի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը:

Այդ տեղեկությունները հաստատվում են`

1) գրավոր և իրեղեն ապացույցներով.

2) փորձագետների եզրակացություններով.

3) վկաների ցուցմունքներով.

4) գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցներն իրավաբանական ուժ չունեն և չեն կարող դրվել դատարանի վճռի հիմքում:

Նախկին օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վերոնշյալ հոդվածների վերլուծության հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի և թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տե՛ս, Սվետլանա Ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը, զարգացնելով նշված դիրքորոշումը, մեկ այլ որոշման շրջանակներում արձանագրել է, որ յուրաքանչյուր դեպքում որևէ ապացույցի թույլատրելիության հարցը լուծելիս դատարանները պետք է ղեկավարվեն հետևյալ կանոններով.

1) գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը կարող է հաստատվել բացառապես օրենքով նախատեսված ապացույցներով.

Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը բխում է Նախկին օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի իրավակարգավորումից, որով սպառիչ սահմանված է ապացուցման միջոցների շրջանակը: Մասնավորապես` գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը կարող է հաստատվել միայն գրավոր և իրեղեն ապացույցներով, փորձագետների եզրակացություններով, վկաների և գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:

2) Օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցներն իրավաբանական ուժ չունեն և չեն կարող դրվել դատարանի վճռի հիմքում.

Նախկին օրենսգրքի 47-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված թույլատրելիության նշված կանոնը ենթադրում է ապացույցի դատավարական ձևի համապատասխանությունն օրենքի պահանջներին` աղբյուրի, ստացման եղանակի, պայմանների, ինչպես նաև ապացույցի ձևակերպման տեսանկյունից:

ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել ընդգծել, որ վերոնշյալ կանոնի համատեքստում ապացույցի թույլատրելիությունը պետք է դիտարկվի ոչ միայն դատավարական, այլ նաև նյութաիրավական օրենսդրության նորմերը պահպանված լինելու առումով:

3) Գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

Նախկին օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետով ամրագրված թույլատրելիության վերոնշյալ կանոնի բովանդակությունից հետևում է, որ այն դեպքերում, երբ օրենքում կամ իրավական ակտում ուղղակիորեն նշված չէ այն ապացույցը, որով թույլատրվում է հաստատել այս կամ այն փաստը, ապա վերջինս կարող է հաստատվել Նախկին օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ցանկացած ապացույցով:

Նախկին օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետով ամրագրված թույլատրելիության վերոնշյալ կանոնը մեկնաբանվում է հետևյալ կերպ.

- գործի հանգամանքները կարող են հաստատվել բացառապես օրենքով նախատեսված ապացույցներով, այլ ապացույցների կիրառումը բացառվում է, կամ.

- գործի հանգամանքները կարող են հաստատվել օրենքով նախատեսված ապացույցներով (անհրաժեշտ ապացույց), սակայն այլ ապացույցների վարույթ ներգրավելու հնարավորությունը սահմանափակված չէ:

Ապացույցների թույլատրելիության նշված կանոնի մասնավոր դրսևորումներից է նաև այս կամ այն ապացույցի օգտագործման արգելքը, որը նշանակում է, որ ի հավաստում գործի լուծման համար նշանակություն ունեցող որևէ հանգամանքի չի կարող ներկայացվել որևէ կոնկրետ ապացույց, եթե նյութական օրենսդրությունն արգելում է դրա օգտագործումը (տե՛ս, «ՋԻ ԷՅՋ ՍԹՈՐԻՋ ԷՆԹԵՐՓՐԱՅԶՍ» ՍՊԸ-ն ընդդեմ Սևակ Արզարունու, Արտյոմ Մարտիրոսյանի թիվ ԵԿԴ/2593/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերից հետևում է, որ վեճի առարկա հանդիսացող անշարժ գույքի համասեփականատեր Ռոմեն Ղազարյանը, իրացնելով համատեղ սեփականության մասնակցի իրավազորությունը, Երևան քաղաքի Հ. Էմինի 4-րդ շենքում գտնվող թիվ 2 բնակարանում բնակեցրել է սույն գործով սկզբնական հայցով հայցվոր Մանուշակ Գրիգորյանին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` համատեղ սեփականության մասնակիցները միասին տիրապետում և օգտագործում են ընդհանուր գույքը, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը տնօրինվում է բոլոր մասնակիցների համաձայնությամբ, անկախ այն բանից, թե մասնակիցներից ով է կնքում գույքը տնօրինելու գործարքը:

Այսինքն` սկզբնական հայցով պատասխանողների կողմից համատեղ սեփականության մասնակցի գործողությունների դեմ չառարկելը լիովին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի տրամաբանության մեջ է և որևէ կերպ չի կարող ազդել նրանց իրավունքների ծավալի վրա: Ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ճանաչման համար էական է դառնում Ռոմեն Ղազարյանի և համատեղ սեփականության մյուս մասնակիցների վարքագիծը և վերաբերմունքը Մանուշակ Գրիգորյանի կողմից գույքի տիրապետման վերաբերյալ:

Գործում առկա փաստական հանգամանքները թույլ են տալիս եզրահանգելու, որ Երևան քաղաքի Հ. Էմինի 4-րդ շենքի թիվ 2 հասցեում գտնվող անշարժ գույքը համատեղ սեփականության մասնակիցները, սկզբնական հայցով հայցվոր Մանուշակ Գրիգորյանի կողմից վիճելի գույքի տիրապետումը պայմանավորել են Ռոմեն Ղազարյանի հետ վերջինս հետ համատեղ կյանքով: Եվ դրանից ելնելով` իրավական միջոցներ չեն ձեռնարկել Մանուշակ Գրիգորյանի տիրապետումը վիճելի անշարժ գույքի նկատմամբ դադարեցնելու համար: Ինչ վերաբերում է Ռոմեն Ղազարյանի կողմից վիճելի գույքի նկատմամբ սեփականության իրավունքից հրաժարվելուն, ապա պետք է նշել, որ քրեական հետապնդման և հետախուզման մեջ գտնվելու պայմաններում ստորադաս դատարանների այն եզրահանգումը, որ Ռոմեն Ղազարյանը հրաժարվել է իր սեփականությունը հանդիսացող գույքից, չի հիմնավորվում գործում առկա այլ ապացույցներով: Ավելին` նույնիսկ այդպիսի հանգամանքի առկայության դեպքում հայցապահանջի բավարարման համար պետք է գնահատման արժանանային մյուս համասեփականատերերի վարքագիծը և գործողությունները (անգործությունը) ևս:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում վճռաբեկ բողոքի փաստարկն ապացույցների սխալ գնահատման վերաբերյալ, քանի որ դատարանների ըստ էության ճիշտ իրավական վերլուծությունները չեն համապատասխանում գործի փաստական հանգամանքներին, ինչն էլ հանգեցրել է սխալ եզրահանգման: Ինչ վերաբերում է ժառանգական իրավահարաբերությունների հետ կապված նյութական նորմերի խախտմանը, ապա Վճռաբեկ դատարանը դրանք առարկայազուրկ է համարում, նկատի ունենալով, որ ձեռքբերման վաղեմության իրավունքով սեփականության իրավունք ճանաչելու հայցապահանջի առկայության պայմաններում ժառանգության իրավունքի վկայագրերը կարող են նաև չվիճարկվել, քանի որ վերը նշված հիմքով սեփականության իրավունքի ճանաչումը որևէ կերպ պայմանավորված չէ ժառանգության վկայագրի առկայությամբ կամ բացակայությամբ:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու ու վերը նշված հանգամանքները պարզելու նպատակով գործը նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.03.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող  Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 28 հուլիսի 2020 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
15.05.2020
N ԵԱՔԴ/2620/02/15
Որոշում