ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
11 սեպտեմբերի 2020 թվականի թիվ 149-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի ԹԻՎ 288-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով սահմանել ներդրումային ծառայություններ մատուցող անձի` որպես շուկա ստեղծողի, գործունեության նկատմամբ գնային չարաշահման դեպքերի առկայության չափանիշներից և գնային չարաշահման դեպքերի արձանագրման համար հիմք հանդիսացող հանգամանքներից բացառություններ,
i
հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 171-րդ հոդվածի 3-րդ մասը,
i
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ե» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 21-ի «Գնային չարաշահման դեպքերի առկայության չափանիշները, գնային չարաշահման դեպքերի արձանագրման համար հիմք հանդիսացող հանգամանքները և գնային չարաշահում չհամարվող դեպքերն ու գործողությունները» Կանոնակարգ 4/17-ը հաստատելու մասին թիվ 288-Ն որոշմամբ հաստատված «Գնային չարաշահման դեպքերի առկայության չափանիշները, գնային չարաշահման դեպքերի արձանագրման համար հիմք հանդիսացող հանգամանքները և գնային չարաշահում չհամարվող դեպքերն ու գործողությունները» Կանոնակարգ 4/17-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումները.
i
1) Կանոնակարգի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-12-րդ ենթակետերով.
«7) շուկա ստեղծող` ներդրումային ծառայություններ մատուցող անձ, որը համաձայն կարգավորվող շուկայի օպերատորի կանոնների, կարգավորվող շուկայում շրջանառվող որևէ դասի արժեթղթի իրացվելիությունն ապահովելու նպատակով իրականացնում է շարունակական երկկողմանի գնանշումներ և իր անունից և իր հաշվին կնքում է տվյալ դասի արժեթղթերով գործարքներ,
8) թողարկող` այն թողարկողը, որի որևէ դասի արժեթղթի համար ներդրումային ծառայություններ մատուցող անձը շուկա ստեղծող է,
9) գնանշում` արժեթղթերով գործարքներ կնքելու նպատակով կարգավորվող շուկայի առևտրային համակարգում արժեթղթերի գնման կամ վաճառքի գնի հայտարարումը,
10) երկկողմանի գնանշում` արժեթղթերով գործարքներ կնքելու նպատակով կարգավորվող շուկայի առևտրային համակարգում արժեթղթերի առնվազն մեկ գնման և մեկ վաճառքի գնի միաժամանակյա հայտարարումը,
11) առևտրային նստաշրջան` օրվա այն ժամանակահատվածը, որի ընթացքում կարգավորվող շուկայի առևտրային համակարգում կարգավորվող շուկայի օպերատորի կանոններով սահմանված կարգով իրականացվում է արժեթղթերի առևտուրը,
12) սպրեդ` շուկա ստեղծողի կողմից առևտրային համակարգում ներկայացված գնման և վաճառքի հայտերում նշված գների կամ դրանց համարժեք եկամտաբերությունների տարբերությունը, որը հաշվարկվում է կարգավորվող շուկայի օպերատորի կողմից սահմանված կարգով:»,
i
2) Կանոնակարգի 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ ենթակետով.
«3) գործարքը կնքող անձը շուկա ստեղծող է, որը գործում է սույն կանոնակարգի Հավելված 4-ի պահանջներին և կարգավորվող շուկայի օպերատորի կողմից սահմանված շուկա ստեղծողի գործունեության վերաբերյալ կանոնին համապատասխան, որն առնվազն ներառում է.
ա. շուկա ստեղծողի կարգավիճակի շնորհման, կասեցման և դադարեցման հիմքերը և կարգը, ներառյալ` վաղաժամկետ դադարեցման դեպքում շուկայի օպերատորին տեղեկացման կարգը,
բ. շուկա ստեղծողի կողմից երկկողմանի գնանշման ապահովման կարգն ու պայմանները, շուկա ստեղծողի սպրեդի չափը և հաշվարկման կարգը,
գ. շուկա ստեղծողի գործունեությանը ներկայացվող պահանջները, սահմանափակումները և արտոնությունները,
դ. շուկա ստեղծողի և նրա գործունեության նկատմամբ սահմանված պահանջների և սահմանափակումների պահպանման և վերահսկման կարգը,
ե. շուկա ստեղծողի գործունեության պատասխանատվությունը` իր գործունեության նկատմամբ սահմանված պահանջների խախտման համար:»,
i
3) Կանոնակարգը լրացնել նոր Հավելված 4-ով` համաձայն սույն որոշման Հավելվածի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
3. Սույն որոշումն ուժի մտնելու պահից մեկամսյա ժամկետում կարգավորվող շուկայի օպերատորը պետք է իր կանոնները համապատասխանեցնի սույն որոշմամբ սահմանված պահանջներին:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մ. Գալստյան
2020 թ. սեպտեմբերի 16
Երևան
Հավելված
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2020 թվականի սեպտեմբերի 11-ի
թիվ 149-Ն որոշմամբ
«Հավելված 4
«Գնային չարաշահման դեպքերի առկայության
չափանիշները, դրանց արձանագրման համար
հիմք հանդիսացող հանգամանքները և
գնային չարաշահում չհամարվող դեպքերն ու
գործողությունները» սահմանող Կանոնակարգ
4/17-ի
ՇՈՒԿԱ ՍՏԵՂԾՈՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Շուկա ստեղծողը պարտավոր է իր, որպես շուկա ստեղծողի, գործառույթների շրջանակներում`
1) առևտրային նստաշրջանի ընթացքում ապահովել երկկողմանի գնանշման անընդհատությունը մրցակցային գներով,
2) երկկողմանի գնանշման հայտերը ներկայացնել մասնակի բավարարման պայմանով,
3) երկկողմանի գնանշման հայտերը ներկայացնել իր անունից և իր հաշվին,
4) իր և թողարկողի միջև առկա` շուկա ստեղծողի պարտավորությունների կատարման հետ կապված ցանկացած տեսակի համաձայնության կամ պայմանավորվածության մասին տեղեկատվությունը բացահայտել կարգավորվող շուկայի օպերատորին` բացառությամբ օրենքով պահպանվող գաղտնիքի:
2. Սույն Հավելվածի 1-ին կետի իմաստով երկկողմանի գնանշումը համարվում է`
1) մրցակցային գներով, երբ առքի և վաճառքի գնանշումները կատարվել են կարգավորվող շուկայի օպերատորի կանոնով սահմանված սպրեդի սահմաններում,
2) անընդհատությունն ապահոված, երբ երկկողմանի գնանշումն առևտրային համակարգում առկա է եղել կարգավորվող շուկայի օպերատորի կանոնով սահմանված ժամանակահատվածում:
3. Շուկա ստեղծողը իր կարգավիճակի վաղաժամկետ դադարեցման դեպքում պարտավոր է դադարեցումից առնվազն 30 օր առաջ տեղեկացնել կարգավորվող շուկայի օպերատորին այդ մասին:
4. Շուկա ստեղծողն իրավունք ունի փոփոխել երկկողմանի գնանշումը կարգավորվող շուկայի օպերատորի կանոնով սահմանված սպրեդի սահմաններում:
5. Կարգավորվող շուկայի օպերատորն իր կանոններով կարող է սահմանել սույն Հավելվածի 1-ին կետով սահմանված պահանջներից բացառություններ, եթե շուկա ստեղծողի կողմից իր անունից և իր հաշվին կնքված գործարքների ընդհանուր ծավալը գերազանցում է կարգավորվող շուկայի օպերատորի կանոնով սահմանված չափը:
6. Կարգավորվող շուկայի օպերատորն իր կանոններով կարող է շուկա ստեղծողի համար սահմանել սույն Հավելվածի 1-ին կետով նախատեսված պարտականությունների կատարումից բացառություններ` Օրենքի 80-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված արտակարգ դեպքերում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտակարգ իրավիճակներում:
7. Յուրաքանչյուր դասի արժեթղթերի գծով շուկա ստեղծողի վերաբերյալ տեղեկատվությունը պետք է հասանելի լինի կարգավորվող շուկայի օպերատորի ինտերնետային կայքում, այդ թվում` սույն Հավելվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով և 3-րդ կետով սահմանված տեղեկատվությունը:»:
Պաշտոնական հրապարակման օրը` 23 սեպտեմբերի 2020 թվական: