Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞Ք ՄԱՀԱՑԱԾ ԱՆՁԻ ԴԵՄ ՀԱՅՑ ՀԱՐՈՒՑՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴՅՈ՞Ք ՄԱՀԱՑԱԾ ԱՆՁԻ ԴԵՄ ՀԱՅՑ ՀԱՐՈՒՑՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԵՆԹԱԿԱ Է ԿԱՐՃՄԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                Քաղաքացիական գործ թիվ

    դատարանի որոշում                         ԱՐԴ1/0004/02/18

    Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ1/0004/02/18    2020 թ.

Նախագահող դատավոր` Ա. Պետրոսյան

    Դատավորներ`        Լ. Գրիգորյան

                       Դ. Սերոբյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

2020 թվականի հոկտեմբերի 20-ին

գրավոր ընթացակարգով քննելով Աննա Գալստյանի իրավահաջորդ Լիլիթ Գալստյանի խնամակալ Քրիստինե Գալստյանի ներկայացուցիչ Էդգար Հակոբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.09.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) ընդդեմ Ռոբերտ Հովսեփյանի, անհատ ձեռնարկատեր Աշխեն Լևոնյանի, Հռիփսիմե Մկրտչյանի և Աննա Գալստյանի` գումար բռնագանձելու և բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Ռոբերտ Հովսեփյանից, անհատ ձեռնարկատեր Աշխեն Լևոնյանից, Հռիփսիմե Մկրտչյանից համապարտության կարգով բռնագանձել 7.819,71 ԱՄՆ դոլար և 2.000 ՀՀ դրամ` որպես պարտքի գումար և նախապես վճարած պետական տուրքի գումարը, ինչպես նաև վարկի 7.675.46 ԱՄՆ դոլարին սկսած 07.07.2017 թվականից մինչև պարտավորության դադարման օրը, բայց ոչ ավելի քան 28.08.2019 թվականը հաշվարկել և բռնագանձել պայմանագրով նախատեսված տարեկան 17% դրույքը, սկսած 07.07.2017 թվականից մինչև պարտավորության դադարման օրը յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար ժամկետանց վարկի 301,01 ԱՄՆ դոլար գումարին հաշվարկել պայմանագրով նախատեսված 0,15% տոկոսադրույքով հաշվարկվող տույժ, իսկ ժամկետանց տոկոսի 109,81 ԱՄՆ դոլար գումարին` 0,4% տոկոսադրույքով հաշվարկվող տույժ` բռնագանձումը տարածելով Աննա Գալստյանին սեփականության իրավունքով պատկանող` գրավադրված գույքի վրա:

ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Հ. Մելքոնյան) (այսուհետ` Դատարան) 28.02.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի, այն է` վճռվել է Ռոբերտ Հովսեփյանից, անհատ ձեռնարկատեր Աշխեն Լևոնյանից և Հռիփսիմե Մկրտչյանից համապարտ պատասխանատվության կարգով հօգուտ Բանկի 7.819,71 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, 2.000 ՀՀ դրամ և տոկոսներ բռնագանձելու, ինչպես նաև բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու մասով բավարարել, իսկ հայցը` ժամկետային տոկոսի և 231,25 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ ժամկետային վարկի նկատմամբ տույժ հաշվարկելու և բռնագանձելու պահանջի մասով, մերժել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06.09.2019 թվականի որոշմամբ Աննա Գալստյանի իրավահաջորդ Լիլիթ Գալստյանի խնամակալ Քրիստինե Գալստյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 28.02.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աննա Գալստյանի իրավահաջորդ Լիլիթ Գալստյանի խնամակալ Քրիստինե Գալստյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 6-րդ, 61-րդ և 63-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 242-րդ հոդվածը, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանի կողմից անտեսվել է այն հանգամանքը, որ Դատարանը տեղեկացված է եղել հայցադիմումը դատարան մուտքագրելու օրվա դրությամբ Աննա Գալստյանի մահվան փաստի մասին, ավելին` Դատարանը հաստատված է համարել նշված փաստը, սակայն չի կարճել գործի վարույթը: Այսինքն` սույն գործով հայցը հարուցված է եղել պատասխանող մահացած Աննա Գալստյանի դեմ, ուստի Դատարանը Աննա Գալստյանի մասով պետք է կարճեր գործի վարույթը, մինչդեռ սույն հանգամանքն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 06.09.2019 թվականի որոշումը և այն փոփոխել` քաղաքացիական գործի վարույթը մասնակի` Աննա Գալստյանի մասով կարճել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Բանկի հայցադիմումը ընդդեմ Ռոբերտ Հովսեփյանի, անհատ ձեռնարկատեր Աշխեն Լևոնյանի, Հռիփսիմե Մկրտչյանի և Աննա Գալստյանի` գումար բռնագանձելու և բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջի մասին, փոստային առաքմամբ Դատարան է ներկայացվել 28.12.2017 թվականին, որը Դատարանի 11.01.2018 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ (հատոր 1-ին, գ. թ. 1-30):

2) ՀՀ քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի պետ Ռուզաննա Միրզոյանի կողմից տրված մահվան վերաբերյալ թիվ 403 ակտի գրանցման համաձայն` Աննա Գալստյանը մահացել է 09.01.2015 թվականին (հատոր 1-ին, գ. թ. 102):

3) 20.03.2009 թվականին տրված թիվ 28093 ծննդյան վկայականի համաձայն` Լիլիթ Գալստյանն Աննա Գալստյանի դուստրն է (հատոր 2-րդ, գ. թ. 15):

4) ՀՀ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի 27.01.2015 թվականի թիվ 16 որոշմամբ Քրիստինե Գալստյանը նշանակվել է քրոջ` Աննա Գալստյանի դուստր Լիլիթ Գալստյանի նկատմամբ խնամակալ (հատոր 2-րդ, գ. թ. 21):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում այն հիմնավորմամբ, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք մահացած անձի դեմ հայց հարուցվելու դեպքում գործի վարույթը ենթակա է կարճման, թե գործի վարույթը պետք է կասեցվի, քանի որ վիճելի իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 20-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական իրավունքներ ունենալու և պարտականություններ կրելու ունակությունը (քաղաքացիական իրավունակություն) բոլոր քաղաքացիների համար ճանաչվում է հավասարապես: Քաղաքացու իրավունակությունը ծագում է նրա ծննդյան պահին և դադարում է մահվամբ:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական դատավարության (այսուհետ` դատավարություն) կողմերն են հայցվորը և պատասխանողը: Հայցվորներ են քաղաքացիները և իրավաբանական անձինք, որոնք հայց են հարուցել: Պատասխանողներ են քաղաքացիները և իրավաբանական անձինք, որոնց դեմ հայց է հարուցվել:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարությունից կողմերից մեկի դուրս գալու դեպքում (քաղաքացու մահ, իրավաբանական անձի վերակազմակերպում, պահանջի զիջում, պարտքի փոխանցում) դատարանը կատարում է այդ կողմի փոխարինում նրա իրավահաջորդով` այդ մասին նշելով որոշման մեջ: Իրավահաջորդություն հնարավոր է դատավարության ցանկացած փուլում:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե գործին մասնակցող քաղաքացու մահից հետո վիճելի իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության:

Վերը նշված իրավական նորմերի համակարգային վերլուծությունից հետևում է, որ քաղաքացիական դատավարության մասնակից հանդիսանալու համար սուբյեկտը պետք է օժտված լինի դատավարական իրավունակությամբ, ինչը ենթադրում է դատավարական իրավունքներ ունենալու և դատավարական պարտականություններ կրելու ունակություն:

Դատավարական իրավունակությունը բոլոր ֆիզիկական անձանց համար օրենսդրորեն ճանաչվում է հավասար չափով, այն ծագում է ֆիզիկական անձանց ծննդյան պահից և դադարում վերջիններիս մահվամբ, իսկ ֆիզիկական անձի տարիքը, հոգեկան հիվանդությունները, առողջական վիճակը, ընդհանուր առմամբ, չեն ազդում իրավունակության վրա: Ֆիզիկական անձինք կարող են մասնակից լինել քաղաքացիական դատավարությանը, այսինքն` հանդես գալ հայցվորի, պատասխանողի կամ երրորդ անձի դերում, ունենալ դատավարական իրավունքներ և կրել դատավարական պարտականություններ` սկսած իրենց ծննդյան պահից մինչև մահը, իսկ մահացած, այսինքն` իրավունակությունը դադարած ֆիզիկական անձը չի կարող հանդես գալ որպես դատավարության մասնակից:

Վերը նշվածից ելնելով` հարկ է արձանագրել, որ դատական պրակտիկայում բացառություն չեն կազմում այն դեպքերը, երբ դատավարության մասնակից ֆիզիկական անձը մահանում է գործի քննության ընթացքում: Այդ դեպքը, մասնավորապես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում դասվում է գործի վարույթը կասեցնելու պարտադիր հիմքերի շարքին, եթե դատավարության մասնակից հանդիսացող ֆիզիկական անձի մահից հետո վիճելի իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն: Այդ դեպքում դատարանը կասեցնում է գործի վարույթը մահացած դատավարության մասնակցին նրա իրավահաջորդով փոխարինելու նպատակով:

Վճռաբեկ դատարանը, իր նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով գործին մասնակցող քաղաքացու մահվան հիմքով գործի վարույթը կասեցնելու հարցին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ գործին մասնակցող քաղաքացու մահվան դեպքում նրան իրավահաջորդով փոխարինելը հետապնդում է դատավարությունում կողմի ներկայությունն ապահովելու և դրա միջոցով նրա` ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության ապահովման նպատակ, որի բացակայության դեպքում գործի վարույթը վկայակոչված հիմքով կասեցվել չի կարող, քանի որ իրավունքների պաշտպանությունը կարող է իրականացվել միայն շահագրգիռ անձի կողմից որոշակի դատավարական գործողություններ կատարելու դեպքում (տե՛ս, Սամվել, Սահակ և Սուլթան Մարկոսյաններն ընդդեմ Լուսիկ Գևորգյանի և մյուսների թիվ ԵԿԴ/0808/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.11.2013 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերը նշված դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 3-րդ կետի հիմքով գործի վարույթը կասեցնելու դատարանի լիազորությունը կիրառելի է միայն այն դեպքում, երբ մահացած ֆիզիկական անձն իր կենդանության օրոք մասնակցել է դատավարությանը, այսինքն` կենդանության օրոք հանդես է եկել հայցվորի, պատասխանողի կամ երրորդ անձի դերում: Այլ կերպ ասած` անձի մահվան հիմքով գործի վարույթը կասեցնելն իրավաչափ է այն պարագայում, երբ ֆիզիկական անձը մինչև իր մահը հանդիսացել է դատավարության մասնակից:

Հաշվի առնելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատավարական իրավահաջորդության և այդ կապակցությամբ գործի վարույթի կասեցման վերաբերյալ կանոնները կիրառելի են միայն այն դեպքում, երբ, մասնավորապես, ֆիզիկական անձը մասնակից է դարձել գործին և մահացել է դատավարության ընթացքում:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել նաև, որ եթե հայցը հարուցվել է մինչև այդ արդեն իսկ մահացած քաղաքացու դեմ, ապա վերը նշված կանոնները կիրառվել չեն կարող, քանի որ մինչև հայցի հարուցումը մահացած քաղաքացին չի կարող համարվել դատավարության կողմ կամ գործին մասնակցող անձ` այդպիսին դարձած չլինելու պատճառով: Ընդ որում, անձինք գործին մասնակցող անձի կարգավիճակ են ստանում քաղաքացիական գործի հարուցման պահից, իսկ քաղաքացիական գործը հարուցվում է օրենքի պահանջների պահպանմամբ անձի կողմից ներկայացրած հայցի հիման վրա Դատարանի կողմից հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելու պահից:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համատեքստում մինչև հայցի հարուցումը մահացած, այսինքն` իրավունակությունը դադարած ֆիզիկական անձի դեմ հայց հարուցվելու պարագայում գործի վարույթը ենթակա է կարճման` վեճը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով:

Սույն գործի փաստերի համաձայն` Աննա Գալստյանը մահացել է 09.01.2015 թվականին: Բանկի հայցադիմումը ընդդեմ Ռոբերտ Հովսեփյանի, անհատ ձեռնարկատեր Աշխեն Լևոնյանի, Հռիփսիմե Մկրտչյանի և Աննա Գալստյանի` գումար բռնագանձելու և բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջի մասին, փոստային առաքմամբ Դատարան է ներկայացվել 28.12.2017 թվականին, որը Դատարանի 11.01.2018 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատարանի 28.02.2019 թվականի վճռով Բանկի հայցը բավարարվել է մասնակի, մասնավորապես ի թիվս այլնի վճռվել է Ռոբերտ Հովսեփյանից, անհատ ձեռնարկատեր Աշխեն Լևոնյանից և Հռիփսիմե Մկրտչյանից համապարտ պատասխանատվության կարգով հօգուտ Բանկի բռնագանձել 7.819,71 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև բռնագանձումը տարածել 28.08.2014 թվականին կնքված թիվ 468557-N1C373346 վարկային քարտով չվերականգնվող սահմանաչափի տրամադրման և երրորդ անձի գույքի գրավի պայմանագրով գրավադրված` Աննա Գալստյանին սեփականության իրավունքով պատկանող` ՀՀ Երևան քաղաքի Թերլեմեզյան փողոցի թիվ 22/2 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա: Մասնավորապես Դատարանը, հաստատված համարելով, որ Աննա Գալստյանը մահացել է մինչև Բանկի կողմից հայցադիմումը Դատարան ներկայացնելը, անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 242-րդ հոդվածի իրավակարգավորումներին, գտել է, որ Բանկի պահանջը` բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու մասին, ենթակա է բավարարման:

Վերաքննիչ դատարանը, 06.09.2019 թվականի որոշմամբ մերժելով Աննա Գալստյանի իրավահաջորդ Լիլիթ Գալստյանի խնամակալ Քրիստինե Գալստյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը և Դատարանի 28.02.2019 թվականի վճիռը թողնելով անփոփոխ, արձանագրել է. «սույն քաղաքացիական գործի նյութերում առկա չէ Աննա Գալստյանի իրավահաջորդությունը փաստող որևէ ապացույց, որպիսի պայմաններում Դատարանը զրկված էր գործի քննության ընթացքում կատարել այդ կողմի փոխարինում նրա իրավահաջորդով, քանի որ առկա չէր նախկին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 36-րդ հոդվածով սահմանված դատավարական իրավահաջորդության լուծման հիմքը»:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և Վերաքննիչ դատարանի եզրահանգման հիմնավորվածությանը, գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի պահանջների խախտում, քանի որ Բանկի կողմից հայցադիմումը Դատարան ներկայացնելու պահի դրությամբ պատասխանող Աննա Գալստյանը մահացած է եղել, այսինքն` դադարած է եղել վերջինիս իրավունակությունը ու գործունակությունը, նա այլևս չի հանդիսացել քաղաքացիական իրավահարաբերությունների սուբյեկտ:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանն իրավասու չէր մինչ հայց հարուցելը մահացած` իրավունակությունը դադարած գործին մասնակցող անձի մահվան հիմքով կասեցնել գործի վարույթը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մինչև հայց հարուցելը մահանալու պատճառով Աննա Գալստյանը չի կարող համարվել դատավարության կողմ կամ գործին մասնակցող անձ, հետևաբար նաև դուրս գալ դատավարությունից, ինչը բացառում է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 36-րդ հոդվածով սահմանված կարգով նրան իրավահաջորդով փոխարինելու հնարավորությունը: Այսինքն` դատավարական իրավահաջորդության և գործի վարույթի կասեցման վերաբերյալ վերոհիշյալ նորմերը տվյալ դեպքում կիրառելի չեն, որպիսի տրամաբանությունից ելնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն պարագայում չի կարող քննարկվել դատավարական իրավահաջորդության հարցը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռների և նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքում նշվում են վերաքննիչ բողոքի հիմքերը` նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այն խախտումները, որոնք կարող են ազդել գործի ելքի վրա:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանն անդրադառնում է վերաքննիչ բողոքի հիմքին և դրա հիմնավորումներին, եթե բողոք բերած անձը տվյալ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել է առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Բացառություն է այն դեպքը, երբ բողոք բերող անձը զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե`(...)

11) ստորադաս դատարանում առկա է եղել գործի վարույթը կարճելու հիմք. (...):

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից` դատական ակտը ենթակա է բեկանման, եթե առկա են նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ և 11-րդ կետերով սահմանված` դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներով անդրադարձել է վերաքննության սահմաններին և վերաքննիչ դատարանի` առաջին ատյանի դատարանում քննության առարկա չդարձված վերաքննիչ բողոքի փաստարկին անդրադառնալու իրավասությանը: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը, գործին մասնակցող անձանց վերապահելով առաջին ատյանի դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկելու իրավունք, միաժամանակ սահմանել է, որ վերաքննիչ բողոքը ենթակա չէ քննության, եթե բողոք բերած անձը բողոքում արտահայտած իր դիրքորոշման մասին չի հայտնել առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Ընդ որում, բացառություն է դիտել այն դեպքը, երբ բողոք բերած անձի համար անհնարին է եղել հայտնել վերաքննիչ բողոքում բերած դիրքորոշումը (տե՛ս, Նիկոլա Աբրահամյանն ընդդեմ Վարդուհի Մինասյանի թիվ ԱՐԱԴ/0313/02/09 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, մեկ այլ որոշմամբ զարգացնելով վերը նշված իրավական դիրքորոշումը, հավելել է, որ այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում առաջին ատյանի դատական ակտը վերանայելիս հայտնաբերվում է, որ կողմը վերաքննիչ բողոքում նշված փաստարկի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում որևէ դիրքորոշում չի հայտնել և չի փաստարկել դրա չհայտնելու անհնարինությունը, ապա վերաքննիչ դատարանն իրավասու չէ քննության առնելու նշված փաստարկի վերաբերյալ վերաքննիչ բողոքի հիմքը և հիմնավորումը:

Նման սահմանափակումը պայմանավորված է ոչ լրիվ վերաքննության ինստիտուտի առանձնահատկություններով: Մասնավորապես` ոչ լրիվ վերաքննության պարագայում վերաքննիչ դատարանը վերանայում է առաջին ատյանի դատական ակտը, այլ ոչ թե` գործն ընդհանրապես: Ըստ այդմ էլ, եթե ստորադաս դատարանը որևէ պահանջով վերջնական եզրահանգում չի կատարել, կամ կողմը վերաքննիչ բողոքում նշված փաստարկի վերաբերյալ որևէ դիրքորոշում չի հայտնել առաջին ատյանի դատարանում, ապա վերաքննության օբյեկտը բացակայում է (տե՛ս, «Էքսպրես Կրեդիտ ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՓԲԸ-ն ընդդեմ Արայիկ, Արմեն և Սուրեն Մելքումյանների թիվ ԵԿԴ/2680/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):

Արձանագրելով, որ վերոգրյալ կարգավորումը գործում էր նախորդ քաղաքացիական դատավարության օրենսգրքի գործողության ընթացքում` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ նաև 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի դրույթներին` նկատի ունենալով, որ բացի վերոգրյալ կարգավորումներից, գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը նախատեսել է նաև այլ բացառություններ վերաքննության սահմաններից:

Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի: Վերոնշյալ 365-րդ հոդվածի 3-րդ մասով թվարկվում են դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը, որոնց դեպքում դատական ակտը ենթակա է բեկանման` անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից (տե՛ս նաև, «Հ. Վ. Մ. Միլի Ֆուդ» ՍՊԸ-ն ընդդեմ «Երևան Ջուր» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/0219/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2018 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ թեև վերաքննիչ դատարանն իրավասու չէ քննության առնելու այն փաստարկի վերաբերյալ վերաքննիչ բողոքի հիմքը և հիմնավորումը, որի առնչությամբ բողոք բերած անձը բողոքում արտահայտած իր դիրքորոշման մասին չի հայտնել առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ, այդուհանդերձ օրենսդիրն իմպերատիվ կերպով ամրագրել է վերաքննիչ դատարանի պարտականությունը` դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերի առկայության դեպքում, անկախ վերաքննիչ բողոքի հիմքերից և հիմնավորումներից, հետևաբար նաև` դրանց շրջանակում գործին մասնակցող անձանց դիրքորոշումներն առաջին ատյանում ներկայացված լինելուց կամ չլինելուց, բեկանել վիճարկվող դատական ակտը: Հետևաբար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի սահմանափակումը չի վերաբերում այն դեպքերին, երբ առկա է դատական ակտի անվերապահ բեկանման հիմք:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ վերաքննիչ դատարանն իրավասու է բեկանել դատական ակտը` վեճը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով, անգամ եթե այդ հիմքի առկայության վերաբերյալ ստորադաս դատարանում կողմերը դիրքորոշում չեն հայտնել, ինչպես նաև վերաքննիչ բողոքը նման հիմք չի պարունակում:

Սույն գործով Աննա Գալստյանի իրավահաջորդ Լիլիթ Գալստյանի խնամակալ Քրիստինե Գալստյանի ներկայացուցչի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը չի պարունակել գործի վարույթը` վեճը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով կարճելու վերաբերյալ դիրքորոշում:

Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում պահանջի մի մասով առկա է եղել գործի վարույթը կարճելու հիմք, որը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն` անվերապահ բեկանման հիմք է (անկախ բողոքում նման հիմքի առկայությունից): Հետևաբար, անգամ վերաքննիչ բողոքում գործի վարույթը կարճելու հիմքի բացակայության պայմաններում, Վերաքննիչ դատարանն իրավասու է և պարտավոր է կարճել գործի վարույթը` չխախտելով վերաքննության սահմանների վերաբերյալ օրենսդրական կարգավորումները:

Հիմք ընդունելով վերոգրյալ պատճառաբանություններն ու վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա սույն քաղաքացիական գործի վարույթը` բռնագանձումը 28.08.2014 թվականին կնքված թիվ 468557-N1C373346 վարկային քարտով չվերականգնվող սահմանաչափի տրամադրման և երրորդ անձի գույքի գրավի պայմանագրով գրավադրված` Աննա Գալստյանին սեփականության իրավունքով պատկանող` ՀՀ Երևան քաղաքի Թերլեմեզյան փողոցի թիվ 22/2 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա տարածելու պահանջի մասով ենթակա է կարճման` վեճը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով, քանի որ հայցադիմումում որպես պատասխանող նշված անձն իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վերը նշված նորմերի իմաստով, մահացած լինելու պատճառով չէր կարող հանդես գալ որպես գործին մասնակցող անձ:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետի համաձայն` պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ տվյալ գործով վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու դեպքում, եթե գործը ենթակա չէ դատարանում քննության, (...):

Նկատի ունենալով, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետի ուժով վճարված պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ տվյալ գործով վարույթը կարճելու դեպքում, եթե գործը ենթակա չէ դատարանում քննության, իսկ սույն դեպքում Աննա Գալստյանի իրավահաջորդ Լիլիթ Գալստյանի խնամակալ Քրիստինե Գալստյանի ներկայացուցչի միջնորդությունը` վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 04.03.2020 թվականի որոշմամբ բավարարվել է, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վճռաբեկ դատարանում պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.09.2019 թվականի որոշումը և փոփոխել այն` գործի վարույթը` բռնագանձումը Աննա Գալստյանին սեփականության իրավունքով պատկանող` գրավադրված գույքի վրա տարածելու պահանջի մասով, կարճել:

2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

Հատուկ կարծիք

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատի կողմից թիվ ԱՐԴ1/0004/02/18 քաղաքացիական գործով 20.10.2020

թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ

մասերի վերաբերյալ

 

20.10.2020 թվական

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2020 թվականի հոկտեմբերի 20-ին գրավոր ընթացակարգով քննելով Աննա Գալստյանի իրավահաջորդ Լիլիթ Գալստյանի խնամակալ Քրիստինե Գալստյանի ներկայացուցիչ Էդգար Հակոբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.09.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) ընդդեմ Ռոբերտ Հովսեփյանի, անհատ ձեռնարկատեր Աշխեն Լևոնյանի, Հռիփսիմե Մկրտչյանի և Աննա Գալստյանի` գումար բռնագանձելու և բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.09.2019 թվականի որոշումը և փոփոխել այն` գործի վարույթը` բռնագանձումը Աննա Գալստյանին սեփականության իրավունքով պատկանող գրավադրված գույքի վրա տարածելու պահանջի մասով, կարճել:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:

 

1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.

«Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Ռոբերտ Հովսեփյանից, անհատ ձեռնարկատեր Աշխեն Լևոնյանից, Հռիփսիմե Մկրտչյանից համապարտության կարգով բռնագանձել 7.819,71 ԱՄՆ դոլար և 2.000 ՀՀ դրամ` որպես պարտքի գումար և նախապես վճարած պետական տուրքի գումարը, ինչպես նաև վարկի 7.675,46 ԱՄՆ դոլարին սկսած 07.07.2017 թվականից մինչև պարտավորության դադարման օրը, բայց ոչ ավելի քան 28.08.2019 թվականը հաշվարկել և բռնագանձել պայմանագրով նախատեսված տարեկան 17% դրույքը, սկսած 07.07.2017 թվականից մինչև պարտավորության դադարման օրը յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար ժամկետանց վարկի 301,01 ԱՄՆ դոլար գումարին հաշվարկել պայմանագրով նախատեսված 0,15% տոկոսադրույքով հաշվարկվող տույժ, իսկ ժամկետանց տոկոսի 109,81 ԱՄՆ դոլար գումարին` 0,4% տոկոսադրույքով հաշվարկվող տույժ` բռնագանձումը տարածելով Աննա Գալստյանին սեփականության իրավունքով պատկանող` գրավադրված գույքի վրա:

ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Հ. Մելքոնյան) (այսուհետ` Դատարան) 28.02.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի, այն է` վճռվել է Ռոբերտ Հովսեփյանից, անհատ ձեռնարկատեր Աշխեն Լևոնյանից և Հռիփսիմե Մկրտչյանից համապարտ պատասխանատվության կարգով հօգուտ Բանկի 7.819,71 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, 2.000 ՀՀ դրամ և տոկոսներ բռնագանձելու, ինչպես նաև բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու մասով բավարարել, իսկ հայցը` ժամկետային տոկոսի և 231,25 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ ժամկետային վարկի նկատմամբ տույժ հաշվարկելու և բռնագանձելու պահանջի մասով, մերժել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06.09.2019 թվականի որոշմամբ Աննա Գալստյանի իրավահաջորդ Լիլիթ Գալստյանի խնամակալ Քրիստինե Գալստյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 28.02.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աննա Գալստյանի իրավահաջորդ Լիլիթ Գալստյանի խնամակալ Քրիստինե Գալստյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել»:

 

2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմքեր, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.

«Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 6-րդ, 61-րդ և 63-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 242-րդ հոդվածը, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանի կողմից անտեսվել է այն հանգամանքը, որ Դատարանը տեղեկացված է եղել հայցադիմումը դատարան մուտքագրելու օրվա դրությամբ Աննա Գալստյանի մահվան փաստի մասին, ավելին` Դատարանը հաստատված է համարել նշված փաստը, սակայն չի կարճել գործի վարույթը: Այսինքն` սույն գործով հայցը հարուցված է եղել պատասխանող մահացած Աննա Գալստյանի դեմ, ուստի Դատարանը Աննա Գալստյանի մասով պետք է կարճեր գործի վարույթը, մինչդեռ սույն հանգամանքն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 06.09.2019 թվականի որոշումը և այն փոփոխել` քաղաքացիական գործի վարույթը մասնակի` Աննա Գալստյանի մասով կարճել»:

 

3. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր նշել է հետևյալը.

«1) Բանկի հայցադիմումը ընդդեմ Ռոբերտ Հովսեփյանի, անհատ ձեռնարկատեր Աշխեն Լևոնյանի, Հռիփսիմե Մկրտչյանի և Աննա Գալստյանի` գումար բռնագանձելու և բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջի մասին, փոստային առաքմամբ Դատարան է ներկայացվել 28.12.2017 թվականին, որը Դատարանի 11.01.2018 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ (հատոր 1-ին, գ. թ. 1-30):

2) ՀՀ քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի պետ Ռուզաննա Միրզոյանի կողմից տրված մահվան վերաբերյալ թիվ 403 ակտի գրանցման համաձայն` Աննա Գալստյանը մահացել է 09.01.2015 թվականին (հատոր 1-ին, գ. թ. 102):

3) 20.03.2009 թվականին տրված թիվ 28093 ծննդյան վկայականի համաձայն` Լիլիթ Գալստյանն Աննա Գալստյանի դուստրն է (հատոր 2-րդ, գ. թ. 15):

4) ՀՀ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի 27.01.2015 թվականի թիվ 16 որոշմամբ Քրիստինե Գալստյանը նշանակվել է քրոջ` Աննա Գալստյանի դուստր Լիլիթ Գալստյանի նկատմամբ խնամակալ (հատոր 2-րդ, գ. թ. 21)»:

 

4. Վճռաբեկ դատարանը որպես Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.

«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում այն հիմնավորմամբ, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք մահացած անձի դեմ հայց հարուցվելու դեպքում գործի վարույթը ենթակա է կարճման, թե գործի վարույթը պետք է կասեցվի, քանի որ վիճելի իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 20-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական իրավունքներ ունենալու և պարտականություններ կրելու ունակությունը (քաղաքացիական իրավունակություն) բոլոր քաղաքացիների համար ճանաչվում է հավասարապես: Քաղաքացու իրավունակությունը ծագում է նրա ծննդյան պահին և դադարում է մահվամբ:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական դատավարության (այսուհետ` դատավարություն) կողմերն են հայցվորը և պատասխանողը: Հայցվորներ են քաղաքացիները և իրավաբանական անձինք, որոնք հայց են հարուցել: Պատասխանողներ են քաղաքացիները և իրավաբանական անձինք, որոնց դեմ հայց է հարուցվել:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարությունից կողմերից մեկի դուրս գալու դեպքում (քաղաքացու մահ, իրավաբանական անձի վերակազմակերպում, պահանջի զիջում, պարտքի փոխանցում) դատարանը կատարում է այդ կողմի փոխարինում նրա իրավահաջորդով` այդ մասին նշելով որոշման մեջ: Իրավահաջորդություն հնարավոր է դատավարության ցանկացած փուլում:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե գործին մասնակցող քաղաքացու մահից հետո վիճելի իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության:

Վերը նշված իրավական նորմերի համակարգային վերլուծությունից հետևում է, որ քաղաքացիական դատավարության մասնակից հանդիսանալու համար սուբյեկտը պետք է օժտված լինի դատավարական իրավունակությամբ, ինչը ենթադրում է դատավարական իրավունքներ ունենալու և դատավարական պարտականություններ կրելու ունակություն:

Դատավարական իրավունակությունը բոլոր ֆիզիկական անձանց համար օրենսդրորեն ճանաչվում է հավասար չափով, այն ծագում է ֆիզիկական անձանց ծննդյան պահից և դադարում վերջիններիս մահվամբ, իսկ ֆիզիկական անձի տարիքը, հոգեկան հիվանդությունները, առողջական վիճակը, ընդհանուր առմամբ, չեն ազդում իրավունակության վրա: Ֆիզիկական անձինք կարող են մասնակից լինել քաղաքացիական դատավարությանը, այսինքն` հանդես գալ հայցվորի, պատասխանողի կամ երրորդ անձի դերում, ունենալ դատավարական իրավունքներ և կրել դատավարական պարտականություններ` սկսած իրենց ծննդյան պահից մինչև մահը, իսկ մահացած, այսինքն` իրավունակությունը դադարած ֆիզիկական անձը չի կարող հանդես գալ որպես դատավարության մասնակից:

Վերը նշվածից ելնելով` հարկ է արձանագրել, որ դատական պրակտիկայում բացառություն չեն կազմում այն դեպքերը, երբ դատավարության մասնակից ֆիզիկական անձը մահանում է գործի քննության ընթացքում: Այդ դեպքը, մասնավորապես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում դասվում է գործի վարույթը կասեցնելու պարտադիր հիմքերի շարքին, եթե դատավարության մասնակից հանդիսացող ֆիզիկական անձի մահից հետո վիճելի իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն: Այդ դեպքում դատարանը կասեցնում է գործի վարույթը մահացած դատավարության մասնակցին նրա իրավահաջորդով փոխարինելու նպատակով:

Վճռաբեկ դատարանը, իր նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով գործին մասնակցող քաղաքացու մահվան հիմքով գործի վարույթը կասեցնելու հարցին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ գործին մասնակցող քաղաքացու մահվան դեպքում նրան իրավահաջորդով փոխարինելը հետապնդում է դատավարությունում կողմի ներկայությունն ապահովելու և դրա միջոցով նրա` ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության ապահովման նպատակ, որի բացակայության դեպքում գործի վարույթը վկայակոչված հիմքով կասեցվել չի կարող, քանի որ իրավունքների պաշտպանությունը կարող է իրականացվել միայն շահագրգիռ անձի կողմից որոշակի դատավարական գործողություններ կատարելու դեպքում (տե՛ս, Սամվել, Սահակ և Սուլթան Մարկոսյաններն ընդդեմ Լուսիկ Գևորգյանի և մյուսների թիվ ԵԿԴ/0808/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.11.2013 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերը նշված դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 3-րդ կետի հիմքով գործի վարույթը կասեցնելու դատարանի լիազորությունը կիրառելի է միայն այն դեպքում, երբ մահացած ֆիզիկական անձն իր կենդանության օրոք մասնակցել է դատավարությանը, այսինքն` կենդանության օրոք հանդես է եկել հայցվորի, պատասխանողի կամ երրորդ անձի դերում: Այլ կերպ ասած` անձի մահվան հիմքով գործի վարույթը կասեցնելն իրավաչափ է այն պարագայում, երբ ֆիզիկական անձը մինչև իր մահը հանդիսացել է դատավարության մասնակից:

Հաշվի առնելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատավարական իրավահաջորդության և այդ կապակցությամբ գործի վարույթի կասեցման վերաբերյալ կանոնները կիրառելի են միայն այն դեպքում, երբ, մասնավորապես, ֆիզիկական անձը մասնակից է դարձել գործին և մահացել է դատավարության ընթացքում:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել նաև, որ եթե հայցը հարուցվել է մինչև այդ արդեն իսկ մահացած քաղաքացու դեմ, ապա վերը նշված կանոնները կիրառվել չեն կարող, քանի որ մինչև հայցի հարուցումը մահացած քաղաքացին չի կարող համարվել դատավարության կողմ կամ գործին մասնակցող անձ` այդպիսին դարձած չլինելու պատճառով: Ընդ որում, անձինք գործին մասնակցող անձի կարգավիճակ են ստանում քաղաքացիական գործի հարուցման պահից, իսկ քաղաքացիական գործը հարուցվում է օրենքի պահանջների պահպանմամբ անձի կողմից ներկայացրած հայցի հիման վրա Դատարանի կողմից հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելու պահից:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համատեքստում մինչև հայցի հարուցումը մահացած, այսինքն` իրավունակությունը դադարած ֆիզիկական անձի դեմ հայց հարուցվելու պարագայում գործի վարույթը ենթակա է կարճման` վեճը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով:

Սույն գործի փաստերի համաձայն` Աննա Գալստյանը մահացել է 09.01.2015 թվականին: Բանկի հայցադիմումը ընդդեմ Ռոբերտ Հովսեփյանի, անհատ ձեռնարկատեր Աշխեն Լևոնյանի, Հռիփսիմե Մկրտչյանի և Աննա Գալստյանի` գումար բռնագանձելու և բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջի մասին, փոստային առաքմամբ Դատարան է ներկայացվել 28.12.2017 թվականին, որը Դատարանի 11.01.2018 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատարանի 28.02.2019 թվականի վճռով Բանկի հայցը բավարարվել է մասնակի, մասնավորապես ի թիվս այլնի վճռվել է Ռոբերտ Հովսեփյանից, անհատ ձեռնարկատեր Աշխեն Լևոնյանից և Հռիփսիմե Մկրտչյանից համապարտ պատասխանատվության կարգով հօգուտ Բանկի բռնագանձել 7.819,71 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև բռնագանձումը տարածել 28.08.2014 թվականին կնքված թիվ 468557-N1C373346 վարկային քարտով չվերականգնվող սահմանաչափի տրամադրման և երրորդ անձի գույքի գրավի պայմանագրով գրավադրված` Աննա Գալստյանին սեփականության իրավունքով պատկանող` ՀՀ Երևան քաղաքի Թերլեմեզյան փողոցի թիվ 22/2 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա: Մասնավորապես Դատարանը, հաստատված համարելով, որ Աննա Գալստյանը մահացել է մինչև Բանկի կողմից հայցադիմումը Դատարան ներկայացնելը, անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 242-րդ հոդվածի իրավակարգավորումներին, գտել է, որ Բանկի պահանջը` բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու մասին, ենթակա է բավարարման:

Վերաքննիչ դատարանը, 06.09.2019 թվականի որոշմամբ մերժելով Աննա Գալստյանի իրավահաջորդ Լիլիթ Գալստյանի խնամակալ Քրիստինե Գալստյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը և Դատարանի 28.02.2019 թվականի վճիռը թողնելով անփոփոխ, արձանագրել է. «սույն քաղաքացիական գործի նյութերում առկա չէ Աննա Գալստյանի իրավահաջորդությունը փաստող որևէ ապացույց, որպիսի պայմաններում Դատարանը զրկված էր գործի քննության ընթացքում կատարել այդ կողմի փոխարինում նրա իրավահաջորդով, քանի որ առկա չէր նախկին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 36-րդ հոդվածով սահմանված դատավարական իրավահաջորդության լուծման հիմքը»:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և Վերաքննիչ դատարանի եզրահանգման հիմնավորվածությանը, գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի պահանջների խախտում, քանի որ Բանկի կողմից հայցադիմումը Դատարան ներկայացնելու պահի դրությամբ պատասխանող Աննա Գալստյանը մահացած է եղել, այսինքն` դադարած է եղել վերջինիս իրավունակությունը ու գործունակությունը, նա այլևս չի հանդիսացել քաղաքացիական իրավահարաբերությունների սուբյեկտ:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանն իրավասու չէր մինչ հայց հարուցելը մահացած` իրավունակությունը դադարած գործին մասնակցող անձի մահվան հիմքով կասեցնել գործի վարույթը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մինչև հայց հարուցելը մահանալու պատճառով Աննա Գալստյանը չի կարող համարվել դատավարության կողմ կամ գործին մասնակցող անձ, հետևաբար նաև դուրս գալ դատավարությունից, ինչը բացառում է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 36-րդ հոդվածով սահմանված կարգով նրան իրավահաջորդով փոխարինելու հնարավորությունը: Այսինքն` դատավարական իրավահաջորդության և գործի վարույթի կասեցման վերաբերյալ վերոհիշյալ նորմերը տվյալ դեպքում կիրառելի չեն, որպիսի տրամաբանությունից ելնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն պարագայում չի կարող քննարկվել դատավարական իրավահաջորդության հարցը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռների և նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքում նշվում են վերաքննիչ բողոքի հիմքերը` նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այն խախտումները, որոնք կարող են ազդել գործի ելքի վրա:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանն անդրադառնում է վերաքննիչ բողոքի հիմքին և դրա հիմնավորումներին, եթե բողոք բերած անձը տվյալ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել է առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Բացառություն է այն դեպքը, երբ բողոք բերող անձը զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե`(...)

11) ստորադաս դատարանում առկա է եղել գործի վարույթը կարճելու հիմք. (...):

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից` դատական ակտը ենթակա է բեկանման, եթե առկա են նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ և 11-րդ կետերով սահմանված` դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներով անդրադարձել է վերաքննության սահմաններին և վերաքննիչ դատարանի` առաջին ատյանի դատարանում քննության առարկա չդարձված վերաքննիչ բողոքի փաստարկին անդրադառնալու իրավասությանը: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը, գործին մասնակցող անձանց վերապահելով առաջին ատյանի դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկելու իրավունք, միաժամանակ սահմանել է, որ վերաքննիչ բողոքը ենթակա չէ քննության, եթե բողոք բերած անձը բողոքում արտահայտած իր դիրքորոշման մասին չի հայտնել առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Ընդ որում, բացառություն է դիտել այն դեպքը, երբ բողոք բերած անձի համար անհնարին է եղել հայտնել վերաքննիչ բողոքում բերած դիրքորոշումը (տե՛ս, Նիկոլա Աբրահամյանն ընդդեմ Վարդուհի Մինասյանի թիվ ԱՐԱԴ/0313/02/09 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, մեկ այլ որոշմամբ զարգացնելով վերը նշված իրավական դիրքորոշումը, հավելել է, որ այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում առաջին ատյանի դատական ակտը վերանայելիս հայտնաբերվում է, որ կողմը վերաքննիչ բողոքում նշված փաստարկի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում որևէ դիրքորոշում չի հայտնել և չի փաստարկել դրա չհայտնելու անհնարինությունը, ապա վերաքննիչ դատարանն իրավասու չէ քննության առնելու նշված փաստարկի վերաբերյալ վերաքննիչ բողոքի հիմքը և հիմնավորումը:

Նման սահմանափակումը պայմանավորված է ոչ լրիվ վերաքննության ինստիտուտի առանձնահատկություններով: Մասնավորապես` ոչ լրիվ վերաքննության պարագայում վերաքննիչ դատարանը վերանայում է առաջին ատյանի դատական ակտը, այլ ոչ թե` գործն ընդհանրապես: Ըստ այդմ էլ, եթե ստորադաս դատարանը որևէ պահանջով վերջնական եզրահանգում չի կատարել, կամ կողմը վերաքննիչ բողոքում նշված փաստարկի վերաբերյալ որևէ դիրքորոշում չի հայտնել առաջին ատյանի դատարանում, ապա վերաքննության օբյեկտը բացակայում է (տե՛ս, «Էքսպրես Կրեդիտ ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՓԲԸ-ն ընդդեմ Արայիկ, Արմեն և Սուրեն Մելքումյանների թիվ ԵԿԴ/2680/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):

Արձանագրելով, որ վերոգրյալ կարգավորումը գործում էր նախորդ քաղաքացիական դատավարության օրենսգրքի գործողության ընթացքում` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ նաև 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի դրույթներին` նկատի ունենալով, որ բացի վերոգրյալ կարգավորումներից, գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը նախատեսել է նաև այլ բացառություններ վերաքննության սահմաններից:

Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի: Վերոնշյալ 365-րդ հոդվածի 3-րդ մասով թվարկվում են դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը, որոնց դեպքում դատական ակտը ենթակա է բեկանման` անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից (տե՛ս նաև, «Հ. Վ. Մ. Միլի Ֆուդ» ՍՊԸ-ն ընդդեմ «Երևան Ջուր» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/0219/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2018 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ թեև վերաքննիչ դատարանն իրավասու չէ քննության առնելու այն փաստարկի վերաբերյալ վերաքննիչ բողոքի հիմքը և հիմնավորումը, որի առնչությամբ բողոք բերած անձը բողոքում արտահայտած իր դիրքորոշման մասին չի հայտնել առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ, այդուհանդերձ օրենսդիրն իմպերատիվ կերպով ամրագրել է վերաքննիչ դատարանի պարտականությունը` դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերի առկայության դեպքում, անկախ վերաքննիչ բողոքի հիմքերից և հիմնավորումներից, հետևաբար նաև` դրանց շրջանակում գործին մասնակցող անձանց դիրքորոշումներն առաջին ատյանում ներկայացված լինելուց կամ չլինելուց, բեկանել վիճարկվող դատական ակտը: Հետևաբար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի սահմանափակումը չի վերաբերում այն դեպքերին, երբ առկա է դատական ակտի անվերապահ բեկանման հիմք:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ վերաքննիչ դատարանն իրավասու է բեկանել դատական ակտը` վեճը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով, անգամ եթե այդ հիմքի առկայության վերաբերյալ ստորադաս դատարանում կողմերը դիրքորոշում չեն հայտնել, ինչպես նաև վերաքննիչ բողոքը նման հիմք չի պարունակում:

Սույն գործով Աննա Գալստյանի իրավահաջորդ Լիլիթ Գալստյանի խնամակալ Քրիստինե Գալստյանի ներկայացուցչի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը չի պարունակել գործի վարույթը` վեճը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով կարճելու վերաբերյալ դիրքորոշում:

Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում պահանջի մի մասով առկա է եղել գործի վարույթը կարճելու հիմք, որը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն` անվերապահ բեկանման հիմք է (անկախ բողոքում նման հիմքի առկայությունից): Հետևաբար, անգամ վերաքննիչ բողոքում գործի վարույթը կարճելու հիմքի բացակայության պայմաններում, Վերաքննիչ դատարանն իրավասու է և պարտավոր է կարճել գործի վարույթը` չխախտելով վերաքննության սահմանների վերաբերյալ օրենսդրական կարգավորումները:

Հիմք ընդունելով վերոգրյալ պատճառաբանություններն ու վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա սույն քաղաքացիական գործի վարույթը` բռնագանձումը 28.08.2014 թվականին կնքված թիվ 468557-N1C373346 վարկային քարտով չվերականգնվող սահմանաչափի տրամադրման և երրորդ անձի գույքի գրավի պայմանագրով գրավադրված` Աննա Գալստյանին սեփականության իրավունքով պատկանող` ՀՀ Երևան քաղաքի Թերլեմեզյան փողոցի թիվ 22/2 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա տարածելու պահանջի մասով ենթակա է կարճման` վեճը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով, քանի որ հայցադիմումում որպես պատասխանող նշված անձն իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վերը նշված նորմերի իմաստով, մահացած լինելու պատճառով չէր կարող հանդես գալ որպես գործին մասնակցող անձ»:

 

Վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը դրանց վերաբերյալ:

 

Այսպես`

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:

Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն` նույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատավարական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե առկա է նույն օրենսգրքի 365-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման: (...)

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայության հիմքով վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Տվյալ դեպքում օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի և նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով` դատավարական իրավունքի նորմերի խախտման առումով այդպիսի խախտում, իսկ դրա արդյունքում` դատական ակտի բեկանման հիմք է համարում դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտումը կամ դրանց սխալ կիրառումը, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը, ինչպես արդեն իսկ վերը նշվեց, սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը բացառապես պայմանավորել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` արձանագրելով, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել արդարադատության բուն էությունը խաթարող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի (այսուհետ` Նախկին օրենսգիրք) 109-րդ հոդվածի 1-ին կետի խախտում, և Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանել է ու փոփոխել` գործի վարույթը` բռնագանձումը Աննա Գալստյանին սեփականության իրավունքով պատկանող գրավադրված գույքի վրա տարածելու պահանջի մասով, կարճել է:

Դրանից ելնելով անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ բացառապես Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններին` պարզելու համար, թե արդյո՞ք դրանցում նշվածները կարո՞ղ էին բավարար հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանին արդարադատության բուն էությունը խաթարող` Նախկին օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի խախտում վերագրելու համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետի համաձայն` բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են դատական ակտը բեկանելիս այն շարժառիթները, որոնցով Վճռաբեկ դատարանը չի համաձայնվել այդ ակտը կայացրած դատարանի հետևությունների հետ:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանել է և փոփոխել` գործի վարույթը` բռնագանձումը Աննա Գալստյանին սեփականության իրավունքով պատկանող գրավադրված գույքի վրա տարածելու պահանջի մասով, կարճել է բացառապես հետևյալ շարժառիթով` «իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա սույն քաղաքացիական գործի վարույթը` բռնագանձումը 28.08.2014 թվականին կնքված թիվ 468557-N1C373346 վարկային քարտով չվերականգնվող սահմանաչափի տրամադրման և երրորդ անձի գույքի գրավի պայմանագրով գրավադրված` Աննա Գալստյանին սեփականության իրավունքով պատկանող` ՀՀ Երևան քաղաքի Թերլեմեզյան փողոցի թիվ 22/2 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա տարածելու պահանջի մասով ենթակա է կարճման` վեճը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով, քանի որ հայցադիմումում որպես պատասխանող նշված անձն իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վերը նշված նորմերի իմաստով, մահացած լինելու պատճառով չէր կարող հանդես գալ որպես գործին մասնակցող անձ»:

Կարծում եմ, որ վերը նշված շարժառիթը չէր կարող բավարար հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և փոփոխելու, գործի վարույթը` բռնագանձումը Աննա Գալստյանին սեփականության իրավունքով պատկանող գրավադրված գույքի վրա տարածելու պահանջի մասով, կարճելու համար հետևյալ պատճառաբանությամբ:

Ինչպես արդեն իսկ նշվեց վերը, Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանին վերագրել է Նախկին օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի խախտում այն առումով, որ սույն գործով առկա է եղել գործի վարույթը Նախկին օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով կարճելու հիմք, որը, անկախ վերաքննիչ բողոքում նշված հիմքի առկայությունից, հանդիսացել է անվերապահ բեկանման հիմք, սակայն Վերաքննիչ դատարանը գործի վարույթը չի կարճել: Վճռաբեկ դատարանը այդպիսի հիմք է համարել մինչև Բանկի կողմից հայցադիմումը Դատարան ներկայացնելը պատասխանող Աննա Գալստյանի մահացած լինելու փաստը:

Նախկին օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության:

Կարծում եմ, որ նշված հիմքով գործի վարույթը դատարանը կարող էր կարճել այն դեպքերում, երբ, օրինակ, հայցադիմումում նշված պահանջը ենթակա չէ քննության և լուծման քաղաքացիական դատավարության կարգով, քանի որ այն կարող է քննվել և լուծվել այլ դատավարության կարգով, կամ ընդհանրապես բացառվում է այդ վեճի քննությունը դատական կարգով: Այսինքն` գործի վարույթը տվյալ հիմքով կարճելը պետք է կապված լինի այնպիսի հանգամանքների հետ, որոնք սկզբունքորեն բացառում են անձի դատական պաշտպանության իրավունքը կամ այդ իրավունքի իրացման հնարավորությունն ընդհանուր իրավասության դատարաններում նաև քաղաքացիական դատավարության կարգով:

Ավելին` ՀՀ ազգային ժողովի կողմից 09.02.2018 թվականին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով օրենսդիրն արդեն իսկ հայցը մինչև դրա հարուցումը մահացած պատասխանողի դեմ հարուցված լինելու հանգամանքի առկայությունը նախատեսել է որպես գործի վարույթը կարճելու ինքնուրույն հիմք` այն առանձնացնելով գործը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չլինելու հիմքով գործի վարույթը կարճելու` նույն օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքից: Կարծում եմ, որ օրենսդրի նման վարքագիծը ևս կարող է վկայել է այն մասին, որ ինքը` որպես օրինաստեղծ մարմին, ի սկզբանե իր կողմից ընդունված Նախկին օրենսգրքում այդ հանգամանքի առկայությունը չի դիտել որպես վեճը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով գործի վարույթը կարճելու ևս մեկ հիմք: Հակառակ պարագայում օրենսդիրը կշարունակեր պահպանել նման դիրքորոշումը, և հայցը մինչև դրա հարուցումը մահացած պատասխանողի դեմ հարուցված լինելու հանգամանքի առկայությունը նոր ընդունված քաղաքացիական դատավարության օրենսդրության մեջ չէր նախատեսի որպես գործի վարույթը կարճելու ինքնուրույն հիմք:

Դրանից ելնելով` կարծում եմ, որ մինչև հայցադիմումը Դատարան ներկայացնելը պատասխանողի մահացած լինելու փաստը չէր կարող հայցադիմումը վարույթ ընդունված լինելու պայմաններում հիմք հանդիսանալ գործի վարույթը Նախկին օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետում նշված` վեճը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով գործի վարույթը կարճելու համար:

Նման պայմաններում, կարծում եմ, որ Վերաքննիչ դատարանին չէր կարող վերագրվել Նախկին օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի խախտում թույլ տալը, առավել ևս` արդարադատության բուն էությունը խաթարող:

Այսինքն` Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշված վերը նշված շարժառիթը չէր կարող բավարար հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և փոփոխելու` գործի վարույթը` բռնագանձումը Աննա Գալստյանին սեփականության իրավունքով պատկանող գրավադրված գույքի վրա տարածելու պահանջի մասով, կարճելու համար:

 

Դատավոր` Գ. Հակոբյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
20.10.2020
N ԱՐԴ1/0004/02/18
Որոշում