Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞Ք ՔԱՂԱՔԱՑՈՒ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴՅՈ՞Ք ՔԱՂԱՔԱՑՈՒ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՀԱՇՎԱՐԿԵԼԻՍ ԴՐԱՆՈՒՄ ՊԵՏՔ Է ՆԵՐԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                    Վարչական գործ

    դատարանի որոշում                         թիվ ՎԴ/2135/05/17

    Վարչական գործ թիվ ՎԴ/2135/05/17          2020 թ.

Նախագահող դատավոր` Կ. Բաղդասարյան

    Դատավորներ`        Կ. Մաթևոսյան

                       Կ. Ավետիսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2020 թվականի դեկտեմբերի 29-ին

գրավոր ընթացակարգով քննելով Արմեն Սարգսյանի ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 10.10.2018 թվականի որոշման դեմ, ըստ հայցի Արմեն Սարգսյանի ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության (այսուհետ` Նախարարություն)` պատասխանողին որոշակի գործողություններ կատարելուն, այն է` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հայցվոր Արմեն Սարգսյանի զինվորական ծառայության ժամկետը 01.09.1996 թվականից հաշվարկելով նրա զինվորական ծառայության ստաժը 01.09.1996 թվականից հաշվարկելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Արմեն Սարգսյանը պահանջել է պարտավորեցնել Նախարարությանը կատարելու որոշակի գործողություններ, այն է` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հայցվոր Արմեն Սարգսյանի զինվորական ծառայության ժամկետը հաշվարկելով 01.09.1996 թվականից նրա զինվորական ծառայության ստաժը հաշվարկել 01.09.1996 թվականից:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Հարությունյան) (այսուհետ` Դատարան) 20.11.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10.10.2018 թվականի որոշմամբ Նախարարության վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 20.11.2017 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արմեն Սարգսյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Նախարարության ներկայացուցիչը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել իրավահարաբերության ծագման պահին գործող «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 12-րդ հոդվածները:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ տվյալ դեպքում եթե օրենսդրությունը պահանջում է զինվորական ծառայության ժամկետում ներառել ռազմաուսումնական հաստատությունում ուսման ողջ ժամկետը, ապա ռազմաուսումնական հաստատություն ընդունված քաղաքացու` որպես կուրսանտ գրանցումը պետք է կատարվի այնպիսի սեղմ ողջամիտ ժամկետում, որպեսզի ապահովվի օրենսդրության նշված պահանջը:

Մինչդեռ, հայցվորի` որպես կուրսանտի կարգավիճակի ծագումը, ըստ այդմ նաև` զինվորական ծառայության ժամկետի հաշվարկը պայմանավորել են մի կամայական ամսաթվի ընդունված հրամանով: Ընդ որում, պատասխանողը որևէ կերպ չի հիմնավորել, թե ինչով է պայմանավորված հայցվորի` ռազմաբժշկական ֆակուլտետ ընդունվելուց հետո ավելի քան մեկ տարի անց խնդրո առարկա հրամանի ընդունումը (որպես կուրսանտ գրանցելը): Այսինքն` հայցվորի զինվորական ծառայության ժամկետը կախվածության մեջ է դրվել մի հանգամանքից, որն իր հիմքում չունի որևէ օբյեկտիվ ելակետ:

Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները չեն բխել գործի փաստացի հանգամանքներից և իրավահարաբերության ծագման պահին գործող օրենսդրությունից, հետևաբար այդպիսի մեկնաբանմամբ ու արձանագրմամբ հանգեցրել են սխալ դատական ակտի կայացմանը:

i

Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունից բխում է, որ, ըստ էության, նշված ֆակուլտետ ընդունվածները տարիներ շարունակ սովորելու հետ մեկտեղ չէին կարող համարվել կուրսանտ կամ զինծառայող, քանի դեռ արձակված չի եղել պաշտպանության նախարարի հրաման: Նշված փաստարկն իրավաչափ չէ, քանի որ Դատարանը, արդարացիորեն հղում կատարելով «Հայաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատություններ ընդունելության և օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատություններում սովորելու համար թեկնածուների ընտրության կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 26.04.2012 թվականի թիվ 525-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի 7-րդ ենթակետին, ընդգծել է, որ կուրսանտ է համարվում բարձրագույն ռազմամասնագիտական կրթության ռազմաուսումնական հաստատությունում սովորող շարքային կամ ենթասպայական կազմի զինծառայողը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 10.10.2018 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 20.11.2017 թվականի վճռին:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Գործում առկա նյութերը և գործի փաստերը համադրելով կիրառման ենթակա իրավական նորմերի հետ կարելի է եզրակացնել, որ ներկայացված վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման:

Հայցվորն առանց զորակոչվելու և առանց կուրսանտ գրանցվելու, ձեռք չբերելով զինծառայողի կարգավիճակ, գտնվելով տարկետման մեջ` որպես ուսանող, չէր կարող միայն ընդունման փաստով համարվել զինծառայող: Ընդ որում, կուրսանտը, գտնվելով պետական ծառայության մեջ, զինծառայողի կարգավիճակով պայմանավորված, ունի որոշակի իրավունքներ, պարտականություններ և արտոնություններ` սահմանված ՀՀ զինված ուժերի կանոնագրքով, օրենքներով, որոնք չեն տարածվում հավասար պայմաններում ուսանողների վրա:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. 26.08.2016 թվականի թիվ 27/1821 տեղեկանքի համաձայն` Արմեն Սարգսյանը 1996 թվականին ընդունվել է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետ` «բուժական գործ ցամաքային զորքերում» մասնագիտությամբ (հրաման` 30.08.1996թ. թիվ 63ուս.) (հատոր 1-ին, գ.թ. 13):

2. Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պետական քննական հանձնաժողովի 29.06.2002 թվականի որոշմամբ Արմեն Սարգսյանին շնորհվել է բժշկի որակավորում` «բժշկական գործ զինված ուժերում» մասնագիտությամբ (հատոր 1-ին, գ.թ. 10):

3. Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պետական քննական հանձնաժողովի 19.12.2006 թվականի որոշմամբ Արմեն Սարգսյանին շնորհվել է օրդինատորի աստիճան` «վիրաբուժություն» մասնագիտությամբ (հատոր 1-ին, գ.թ. 11):

4. Արմեն Սարգսյանի և Նախարարության միջև 24.11.1997 թվականին կնքվել է «ՀՀ ՊՆ ռազմական ուսումնական հաստատություններում սովորելու և հետագա զինվորական ծառայություն անցնելու մասին» պայմանագիր (հատոր 1-ին, գ.թ. 72-73):

5. ՀՀ պաշտպանության նախարարի կողմից 29.12.1997 թվականին ընդունվել է թիվ 709 հրամանը` Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանին կից ՀՀ ՊՆ Ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտների գրանցման մասին, որով հրամայվել է Երևանի պետական բժշկական համալսարանի «բուժական գործ ցամաքային զորքերում» մասնագիտությամբ սովորող 1-ին, 2-րդ և 3-րդ կուրսերի ուսանողներին, այդ թվում նաև 2-րդ կուրսի ուսանող Արմեն Սարգսյանին, Կենտրոնական տարածքային զինկոմիսարիատի միջոցով զորակոչել ՀՀ զինված ուժեր և գրանցել որպես համալսարանին կից ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտներ (հատոր 1-ին, գ.թ. 15-18):

6. Արմեն Սարգսյանի և Նախարարության միջև 09.10.1998 թվականին կնքվել է «ՀՀ ՊՆ և արտերկրների ռազմաուսումնական հաստատություններում սովորելու և հետուսումնական զինվորական ծառայություն անցնելու մասին» պայմանագիր (հատոր 1-ին, գ.թ. 74-75):

i

7. Ի պատասխան Նախարարության իրավաբանական վարչության պետին հասցեագրված Արմեն Սարգսյանի 02.02.2017 թվականի զեկուցագրի` Նախարարության իրավաբանական վարչության պետը 02.02.2017 թվականի թիվ 141 գրությամբ հայտնել է, որ համաձայն «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի` զինվորական ծառայության սկիզբը ռազմաուսումնական հաստատություններ ընդունվածների համար համարվում է տվյալ ռազմաուսումնական հաստատությունում սահմանված կարգով որպես կուրսանտ գրանցվելու օրը, ինչը Արմեն Սարգսյանի պարագայում համարվում է 29.12.1997 թվականը (հատոր 1-ին, գ.թ. 19):

8. Արմեն Սարգսյանի ներկայացուցիչը 13.02.2017 թվականի թիվ 038/17 գրությամբ դիմել է ՀՀ պաշտպանության նախարարին` խնդրելով օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրել հարցմամբ հայցվող տեղեկությունները, Արմեն Սարգսյանի հետ կնքված պայմանագրերը համապատասխանեցնել «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի պահանջների հետ, և ըստ այդմ հստակեցնել Արմեն Սարգսյանի զինվորական ծառայության մեջ գտնվելու իրական ժամկետները, կատարել Արմեն Սարգսյանի զինվորական ծառայության ստաժի վերահաշվարկ` այն համապատասխանեցնելով վերջինիս զինվորական ծառայության անցնելու ժամկետների հետ (հատոր 1-ին, գ.թ. 20-23):

9. Ի պատասխան վերը նշված գրության` Նախարարության կադրերի և ռազմական կրթության վարչության պետն Արմեն Սարգսյանի ներկայացուցչին է ուղարկել Նախարարության իրավաբանական վարչությունից կատարված հարցման պատասխանի պատճենը: Այսպես. Նախարարության իրավաբանական վարչության պետի տեղակալի 24.02.2017 թվականի թիվ 211 գրությամբ Նախարարության կադրերի և ՌԿ վարչության պետին հայտնվել է, որ բ/ծ մայոր Ա. Սարգսյանը 1996 թվականին ընդունվել է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետ, սակայն մինչև 1997 թվականի դեկտեմբեր ամիսն ունեցել է ուսանողի կարգավիճակ, քանի որ նրա վերաբերյալ չի տրվել ՀՀ պաշտպանության նախարարի հրաման ռազմաբժշկական ֆակուլտետ ընդունվելու մասին, տարածքային զինկոմիսարիատում չի ձևակերպվել նրա զորակոչը ՀՀ զինված ուժեր, այլ տրվել է ուսումը շարունակելու համար օրենքով սահմանված տարկետում: Նման կարգավիճակ են ունեցել 1995 թվականի, 1996 թվականի և 1997 թվականի ռազմաբժշկական ֆակուլտետ ընդունված անձինք, որոնց ՀՀ զինված ուժեր զորակոչելու, որպես կուրսանտ գրանցելու վերաբերյալ տրվել է ՀՀ պաշտպանության նախարարի 29.12.1997 թվականի թիվ 709 հրամանը, որի հիման վրա ֆակուլտետի 1-ին, 2-րդ և 3-րդ կուրսերի արդեն իսկ կուրսանտ գրանցված անձնակազմը զինվորական երդում է ընդունել 1998 թվականի հունվար ամսին: Վերը նշված հրամանում չի սահմանվել ռազմաբժշկական ֆակուլտետ ընդունված անձանց ընդունման օրվանից զորակոչ ձևակերպելու և կուրսանտ գրանցելու մասին, որի հիման վրա նշված անձանց զինվորական ծառայության սկիզբ է հաշվարկվում ՀՀ ՊՆ թիվ 709 հրամանի տրման օրը (հատոր 1-ին, գ.թ. 24-25):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այսինքն` Վերաքննիչ դատարանի կողմից` 10.12.1991 թվականին ուժի մեջ մտած և 18.10.1998 թվականին ուժը կորցրած «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը.

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. 10.12.1991 թվականին ուժի մեջ մտած և 16.10.1998 թվականին ուժը կորցրած «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի համաձայն արդյո՞ք քաղաքացու զինվորական ծառայության ժամկետը հաշվարկելիս դրանում պետք է ներառվի նաև ռազմական ուսումնական հաստատությունում ուսման ժամանակահատվածը:

i

10.12.1991 թվականին ուժի մեջ մտած և 16.10.1998 թվականին ուժը կորցրած «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում զինվորական ծառայությունը կազմված է ժամկետային և պահեստային զինվորական ծառայություններից:

Ժամկետային զինվորական ծառայությունը բաղկացած է պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայությունից: Պարտադիր զինվորական ծառայություն է համարվում Հայաստանի Հանրապետության զինված ուժեր զորակոչված շարքային ու սպայական կազմի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի կուրսանտների /ներառյալ հետուսումնական սահմանված ժամկետի/ զինծառայությունը: Պայմանագրային զինվորական ծառայություն է համարվում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում կամավոր հիմունքներով զինվորական ծառայություն անցնող շարքային, ենթասպայական, սպայական կազմի և կանանց զինծառայությունը:

Նույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն` ռազմական ուսումնական հաստատություններ ընդունված քաղաքացիներն ուսման ընթացքում համարվում են ժամկետային զինծառայողներ, օգտվում նրանց համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունքներից ու արտոնություններից և կրում պարտականություններ` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Հիշատակված իրավանորմերի բովանդակությունից հետևում է, որ քաղաքացիները, ընդունվելով ռազմական ուսումնական հաստատություն, ուսման ընթացքում համարել են ժամկետային զինծառայողներ, օգտվել են ժամկետային զինծառայողների համար օրենսդրությամբ սահմանված իրավունքներից, արտոնություններից և կրել են նրանց համար սահմանված պարտականությունները` օրենքով նախատեսված բացառությունների հաշվառմամբ: Փաստորեն, 10.12.1991 թվականին ուժի մեջ մտած և 16.10.1998 թվականին ուժը կորցրած «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում օրենսդիրն ամրագրել էր այն մոտեցումը, համաձայն որի` ռազմական ուսումնական հաստատություն ընդունված քաղաքացիների` ժամկետային զինծառայողի կարգավիճակի առկայությունը պայմանավորված էր այդ հաստատությունում ուսանելու փաստով: Հետևաբար, ռազմական ուսումնական հաստատություն ընդունված քաղաքացու զինվորական ծառայության ժամկետը հետագայում հաշվարկելիս վերը նշված իրավակարգավորումների հիման վրա դրանում ներառման ենթակա է նաև ռազմական ուսումնական հաստատությունում ուսման ժամանակահատվածը:

Սույն գործով Դատարանը, բավարարելով հայցը, նշել է, որ իրավական որոշակիության և կանխատեսելիության սկզբունքը, ի թիվս այլնի, պահանջում է, որ անձի այս կամ այն կարգավիճակի ծագումը պայմանավորված լինի որոշակի, ստույգ և օբյեկտիվ ելակետով: Տվյալ դեպքում, եթե օրենսդրությունը պահանջում է զինվորական ծառայության ժամկետում ներառել ռազմաուսումնական հաստատությունում ուսման ողջ ժամկետը, ապա ռազմաուսումնական հաստատություն ընդունված քաղաքացու` որպես կուրսանտ գրանցումը պետք է կատարվի այնպիսի սեղմ ողջամիտ ժամկետում, որպեսզի ապահովվի օրենսդրության նշված պահանջը: Վերոհիշյալ վերլուծության հիման վրա Դատարանը եզրահանգել է, որ հայցվորի զինվորական ծառայության ժամկետի հաշվարկի համար ելակետ պետք է ընդունվի ռազմաբժշկական ֆակուլտետում ուսման սկիզբը, այն է` 01.09.1996 թվականը, որպիսի պայմաններում միայն կարող է ապահովվել օրենսդրության այն պահանջի իրացումը, ըստ որի` ռազմաուսումնական հաստատություններ ավարտած զինվորական ծառայողների զինվորական ծառայության ժամկետում պետք է ներառվի ուսման ողջ ընթացքը, ըստ այդմ էլ` Արմեն Սարգսյանի զինվորական ծառայության ստաժը պետք է հաշվարկվի 01.09.1996 թվականից:

Վերաքննիչ դատարանը, բեկանելով և փոփոխելով Դատարանի 20.11.2017 թվականի վճիռը, գտել է, որ Դատարանը բավարար ուշադրություն չի դարձրել այն հանգամանքին, թե արդյոք Արմեն Սարգսյանը` 1996 թվականին ընդունվելով Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետ, մինչև ՀՀ Նախարարության հետ զինվորական ծառայության անցնելու մասին պայմանագրի կնքման պահը` 24.11.1997 թվականը, կատարել է զինծառայողների համար նախատեսված պարտականություններ: Մինչդեռ իրավահարաբերության ծագման պահին գործող իրավակարգավորման համաձայն, հայցվորն ուսման կապակցությամբ տարկետման մեջ գտնվելով, առանց բանակ զորակոչվելու և առանց կուրսանտ գրանցվելու, ձեռք չբերելով զինծառայողի կարգավիճակ, չէր կարող համարվել ժամկետային զինծառայող: Ինչ վերաբերում է «կուրսանտ» հասկացության վերաբերյալ Դատարանի արտահայտած դիրքորոշմանը առ այն, որ կուրսանտ և ուսանող հասկացությունները համարժեք են և ինչպես ուսանողի, այնպես էլ կուրսանտի պարագայում նրանց կարգավիճակը պայմանավորված է տվյալ ուսումնական հաստատություն ընդունվելու հանգամանքով, ապա Վերաքննիչ դատարանը գտել է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Զինապարտության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթն առ այն, որ ռազմական ուսումնական հաստատություններ ընդունված քաղաքացիներն ուսման ընթացքում համարվում են ժամկետային զինծառայողներ, վերաբերում է միայն ռազմական ուսումնական հաստատություններ ընդունված քաղաքացիներին, իսկ սույն վեճի պարագայում Արմեն Սարգսյանը 1996 թվականին ընդունվել է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան, որը ռազմական ուսումնական հաստատությունների թվին չի պատկանում, ինչպես, օրինակ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, չնայած ռազմաբժշկական ֆակուլտետի առկայությանը:

Սույն գործի փաստերի համաձայն` հայցվորը Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետ է ընդունվել 1996 թվականին պետական պատվերի շրջանակում, Արմեն Սարգսյանի և Նախարարության միջև «ՀՀ ՊՆ ռազմական ուսումնական հաստատություններում սովորելու և հետագա զինվորական ծառայություն անցնելու մասին» պայմանագիր կնքվել է 24.11.1997 թվականին, այնուհետև 29.12.1997 թվականին ՀՀ պաշտպանության նախարարի կողմից ընդունվել է թիվ 709 հրամանը` Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանին կից ՀՀ ՊՆ Ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտների գրանցման մասին, որով, ի թիվս այլ անձանց, Երևանի պետական բժշկական համալսարանի «բուժական գործ ցամաքային զորքերում» մասնագիտությամբ սովորող, 2-րդ կուրսի ուսանող Արմեն Սարգսյանին Կենտրոնական տարածքային զինկոմիսարիատի միջոցով զորակոչել են ՀՀ զինված ուժեր և գրանցել որպես համալսարանին կից ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտ: Դրան հաջորդել է Արմեն Սարգսյանի և Նախարարության միջև 09.10.1998 թվականին «ՀՀ ՊՆ և օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատություններում սովորելու և հետուսումնական զինվորական ծառայություն անցնելու մասին» պայմանագրի կնքումը:

Վերը նշված իրավական դիրքորոշումների հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ռազմական ուսումնական հաստատություն ընդունված լինելու դեպքում Արմեն Սարգսյանն այդ փաստի ուժով արդեն իսկ ձեռք է բերել ժամկետային զինծառայողի կարգավիճակ, օգտվել նրա համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունքներից ու արտոնություններից և կրել նրա համար սահմանված պարտականություններ` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Ասվածը նշանակում է, որ այդ դեպքում հետագայում` 29.12.1997 թվականին ընդունված թիվ 709 հրամանը և Արմեն Սարգսյանի հետ կնքված պայմանագրերը որևէ կերպ չեն փոփոխվել նշված ուսումնական հաստատությունում ուսանելու փաստով, 10.12.1991 թվականին ուժի մեջ մտած և 16.10.1998 թվականին ուժը կորցրած «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի ուժով հայցվորի ունեցած կարգավիճակից բխող իրավունքներն ու պարտականությունները:

Հետևաբար սույն վարչական գործով ներկայացված հայցի քննարկման համար էական է դառնում իրավահարաբերության ծագման պահին Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետը ռազմական ուսումնական հաստատություն լինելու հանգամանքի պարզումը:

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Արմեն Սարգսյանի հետ 27.11.1997 թվականին կնքվել է «ՀՀ ՊՆ ռազմական ուսումնական հաստատություններում սովորելու և հետագա զինվորական ծառայություն անցնելու մասին» պայմանագիր, կարելի է եզրակացնել, որ Նախարարությունը Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետը ներառել է ռազմական ուսումնական հաստատությունների ցանկում, իսկ 1997 թվականին հայցվորի հետ պայմանագիրը Նախարարության անունից կնքել է նույն ֆակուլտետի պետը:

Հաշվի առնելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումները` իրավահարաբերության ծագման պահին Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետը ռազմական ուսումնական հաստատությունների թվին չպատկանելու վերաբերյալ, հիմնավոր չեն:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները` «ուսանող» և «կուրսանտ» եզրույթների մասով, չեն կարող վճռորոշ դիտվել սույն գործով դրված հարցի լուծման համար նաև այն պատճառով, որ իրավահարաբերության ծագման պահին գործող «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածը ժամկետային զինծառայողի կարգավիճակի առկայությունը կապում էր ռազմական ուսումնական հաստատությունում «ուսման» հետ, որպիսի հաստատություն, ինչպես նշվեց, Արմեն Սարգսյանն ընդունվել էր 1996 թվականին:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում բողոք բերած անձի փաստարկները Վերաքննիչ դատարանի կողմից նյութական իրավունքի նորմի խախտման մասին:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Դատարանը 20.11.2017 թվականի վճռով եկել է ճիշտ եզրահանգման այն մասին, որ ռազմաուսումնական հաստատություններ ընդունված և ավարտելուց հետո զինվորական ծառայության անցած զինվորական ծառայողների զինվորական ծառայության ժամկետում պետք է ներառվի ուսման ողջ ընթացքը, հետևաբար` Արմեն Սարգսյանի զինվորական ծառայության ստաժը պետք է հաշվարկվի 01.09.1996 թվականից, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

i

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

i

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Արմեն Սարգսյանը վճռաբեկ բողոքի համար վճարել է 20.000 ՀՀ դրամ, և քանի որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արմեն Սարգսյանի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով ենթակա է հատուցման Նախարարության կողմից:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 10.10.2018 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 20.11.2017 թվականի վճռին:

2. ՀՀ պաշտպանության նախարարությունից հօգուտ Արմեն Սարգսյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող  Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
29.12.2020
N ՎԴ/2135/05/17
Որոշում