Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 597-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 ապրիլի 2021 թվականի N 469-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 597-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

7) առարկայական քննական հանձնաժողովի նախագահի կողմից ստորագրված քննական տետրերի ծածկագրերի արձանագրությունը մուտքագրման համար ներկայացվում է ԳԹԿ: Համեմատելով տիտղոսաթերթերը և ծածկագրերի արձանագրությունները` ԳԹԿ-ն կազմում է գնահատականների ցուցակ.

8) գնահատականների ցուցակները կենտրոնացված գրավոր քննության քննական կենտրոնում փակցվում են քննությունը հանձնելու հաջորդ օրը, ժամը 16.00-ին:

68. Կենտրոնացված գրավոր քննության գնահատականի բողոքարկումը`

1) դիմորդը կարող է բողոքարկել իր գնահատականը կենտրոնացված գրավոր քննությունների գնահատականների ցուցակները փակցնելու հաջորդ օրը` ժամը 9:00-18:00-ի ընթացքում.

2) բողոքարկման համար դիմորդը դիմում է ներկայացնում պատասխանատու քարտուղարին: Դիմումների ընդունման ժամկետի ավարտից հետո պատասխանատու քարտուղարը դիմումները հանձնում է քննական հանձնաժողովի նախագահին.

3) դիմումում նշվում է կենտրոնացված գրավոր քննական աշխատանքի այն հատվածը, որի գնահատման հետ դիմորդը համաձայն չէ.

4) բողոքարկման ժամանակ հանձնաժողովը վերանայում է միայն դիմորդի կողմից նշված հատվածը (հատվածները): Մյուս հատվածների վերանայումը և վերագնահատումը չեն թույլատրվում.

5) քննական հանձնաժողովի նախագահը և հանձնաժողովի` բողոքարկված կենտրոնացված գրավոր քննության քննական աշխատանքն ստուգած անդամը քննարկում են կենտրոնացված գրավոր քննական աշխատանքի բողոքարկված հատվածը` դիմորդի և նրա կողմից հրավիրված մասնագետի հետ.

6) բողոքարկված կենտրոնացված գրավոր քննության քննական աշխատանքի գնահատականը կարող է բարձրացվել, իջեցվել կամ չփոփոխվել.

7) բողոքարկման արդյունքները լրացվում են գնահատման էջի համապատասխան մասում, պարտադիր գրախոսվում քննական հանձնաժողովի նախագահի կողմից և հանձնվում պատասխանատու քարտուղարին.

8) կենտրոնացված գրավոր քննական աշխատանքի գնահատականի փոփոխման դեպքում ԳԹԿ է ներկայացվում քննական հանձնաժողովի նախագահի արձանագրությունը.

9) կենտրոնացված գրավոր քննության քննական աշխատանքի բողոքարկման արդյունքը ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում հրապարակվում է կենտրոնացված գրավոր քննության քննական կենտրոնում.

10) կենտրոնացված գրավոր քննության բողոքարկված քննական աշխատանքի վերագնահատման հետ անհամաձայնության դեպքում բողոքարկման արդյունքի հրապարակման հաջորդ օրը ժամը 9:00-18:00-ի ընթացքում դիմորդը կարող է դիմել ԳԹԿ-ի բողոքարկման հանձնաժողովին.

11) ԳԹԿ-ի բողոքարկման հանձնաժողովի կողմից հրավիրված փորձագետը, որը պետք է ունենա տվյալ առարկայից դասավանդման առնվազն հինգ տարվա մանկավարժական գործունեության փորձ և համապատասխան ոլորտում գիտական աստիճան, ներկայացնում է եզրակացություն, որի հիման վրա բողոքարկման հանձնաժողովը մեկօրյա ժամկետում ընդունում է վերջնական որոշում գնահատականը բարձրացնելու, իջեցնելու կամ նույնը թողնելու մասին.

12) սույն կետի 11-րդ ենթակետով նախատեսված բողոքարկման ընթացքում վերանայվում է կենտրոնացված գրավոր աշխատանքի միայն բողոքարկված մասը.

13) գնահատականի փոփոխման դեպքում բողոքարկման հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ համապատասխան արձանագրություն է ներկայացվում ԳԹԿ-ի տնօրենին:

 

VII. ՆԵՐԲՈՒՀԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ԵՎ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

69. Ներբուհական ընդունելության քննությունները կազմակերպվում են սույն կարգի 59-67-րդ կետերի պահանջներին համապատասխան`

1) ներբուհական ընդունելության քննություններն անցկացվում են տվյալ մասնագիտության մասնագիտական առարկաների առանձնահատկություններին և ծրագրերի պահանջներին համապատասխան.

2) ներբուհական ընդունելության քննությունների արդյունքների բողոքարկումն անցկացվում է սույն կարգի 65-րդ կետի 9-րդ ենթակետի պահանջներին համապատասխան` բացառությամբ «Երաժշտության տեսություն», «Սոլֆեջիո», «Հարմոնիա», «Կոլոքվիում», «Երաժշտական գրականություն», «Գծանկար», «Գծագրություն», «Գեղանկար», «Գունանկար», «Կոմպոզիցիա», «Լուսանկարչության հիմունքներ», «Քանդակագործություն», «Նկարչության հիմունքներ», «Նկարչություն» առարկաների քննությունների արդյունքների բողոքարկման, որոնց քննությունների արդյունքների բողոքարկումն անցկացվում է սույն կարգի 68-րդ կետի պահանջներին համապատասխան:

 

VIII. ՆԵՐԲՈՒՀԱԿԱՆ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ ՉՆԵՐԿԱՅԱՑԱԾ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ` ԼՐԱՑՈՒՑԻՉ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

70. Հարգելի պատճառով (հիվանդություն, պատահար և այլն) ներբուհական և կենտրոնացված քննությանը չներկայացած դիմորդներն ընդունող հանձնաժողով են ներկայացնում դիմում և բացակայությունը հիմնավորող փաստաթղթեր: Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարն ընդունում է դիմումները, ստուգում և փաստաթղթերը ներկայացնում բողոքարկման հանձնաժողով` լրացուցիչ քննության թույլատրելու համար:

71. Ներբուհական և կենտրոնացված քննության ընթացքում հիվանդության պատճառով քննությունն ընդհատած դիմորդի վերաբերյալ կազմվում է արձանագրություն հանձնաժողովի նախագահի, ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի ու ԳԹԿ-ի ներկայացուցչի կողմից: Քննական հանձնաժողովի նախագահն արձանագրությունը ներկայացնում է ԳԹԿ-ի բողոքարկման հանձնաժողով` քննության ավարտից անմիջապես հետո: Բողոքարկման հանձնաժողովն արձանագրության հիման վրա որոշում է ընդունում քննությունն ընդհատած դիմորդին լրացուցիչ քննության թույլատրելու և օրը նշանակելու մասին:

72. Տվյալ առարկայի քննությունների վերջին օրը բացակայած կամ քննությունն ընդհատած դիմորդները չեն կարող հանձնել այդ քննությունը:

 

IX. ԲՈՒՀԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

73. Բուհերի ընդունելության մրցույթն անցկացվում է երկու փուլով` հիմնական և լրացուցիչ:

74. Հիմնական փուլի մրցույթն անցկացվում է մեկ մասնագիտության (անվճար և վճարովի) հայտագրմամբ:

75. Լրացուցիչ փուլի մրցույթն անցկացվում է մեկ կամ ավելի բուհի` մինչև վեց մասնագիտության հայտագրմամբ, եթե տվյալ մասնագիտությունների առարկայից (առարկաներից) դիմորդն ունի դրական գնահատական (գնահատականներ), և այդ մասնագիտություններում (անվճար և վճարովի) առկա են թափուր տեղեր:

76. Հիմնական և լրացուցիչ փուլի մրցույթի անցկացման ժամանակ նախապատվությունը տրվում է տվյալ մասնագիտության քննություններից առավել բարձր միավոր (միավորներ) ունեցող դիմորդին:

77. Ընդունելության քննությունները գնահատվում են 20 միավորային համակարգով: Միասնական քննություններում դրական են համարվում 7.5 և բարձր միավորները: Բոլոր միավորները գնահատվում են հարյուրերորդական մասի պահպանմամբ` տվյալ առարկայի գնահատման չափանիշներով սահմանված քայլերին համապատասխան: Կենտրոնացված և ներբուհական քննությունների համար դրական են համարվում ութ և բարձր միավորները:

78. «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Մաթեմատիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», «Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն) առարկաների միասնական քննությունների գնահատականները համարժեքացվում են 20-միավորային համակարգին:

79. Դիմորդն անվճար և վճարովի ուսուցմամբ հայտագրած համապատասխան մասնագիտության մրցույթին մասնակցում է մրցութային քննություններից ստացած դրական միավորների գումարով` հարյուրերորդական մասի պահպանմամբ: Բուհ ընդունված դիմորդների ցուցակը կազմվում է տվյալ մասնագիտության (կրթական ծրագրի) համար սահմանված ընդունելության քննական առարկաներից ստացած միավորների գումարի նվազման կարգով: Այն մասնագիտությունների համար, որոնք ընդունելության քննությունների ցանկում նշված են որպես ոչ մրցութային, դիմորդը մրցույթին մասնակցում է այդ առարկաներից դրական միավոր ստանալու դեպքում:

80. Հանրապետական ընդունող հանձնաժողովի կողմից ընդունելության քննությունների հիմնական փուլի մրցույթի արդյունքները հաստատվելուց հետո, բուհերում թափուր տեղերի առկայության դեպքում, ընդունելության քննություններից դրական միավոր (միավորներ) ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 19-26-ը մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում կարող են մասնակցել լրացուցիչ` թափուր տեղերի մրցույթին` առցանց եղանակով լրացնելով դիմում-հայտ:

81. Թափուր տեղերի ընդունելության դիմում-հայտում հայտագրված որևէ մասնագիտությամբ (ըստ հայտագրման հերթականության) ընդունված դիմորդը չի մասնակցում հայտագրված հաջորդ մասնագիտությունների մրցույթին, իսկ չընդունված դիմորդն ըստ հերթականության մասնակցում է հաջորդ մասնագիտությունների մրցույթներին:

82. Դիմորդներն անվճար և վճարովի տեղերի մրցույթին կարող են մասնակցել և՛ միասնական քննությունների արդյունքներով, և՛ միասնական քննության արդյունքով ու բուհերի ընդունելության քննությունների ցանկում երկու աստղանիշով (**) նշված մասնագիտությունների առարկաների համար որպես մրցութային գնահատական ընդունելության դիմում-հայտում հայտագրած միջնակարգ կրթության ատեստատի կամ միջին մասնագիտական կամ նախնական մասնագիտական ուսումնական հաստատության ավարտական փաստաթղթի` պետական ավարտական քննությունների գնահատականներով, իսկ պետական ավարտական քննական գնահատականի բացակայության դեպքում` տարեկան գնահատականով:

83. Բուհերի ընդունելության մրցույթում ընդունելության քննությունների գնահատականներն առավելություն ունեն միջնակարգ կրթության ատեստատի կամ միջին մասնագիտական կամ նախնական մասնագիտական ուսումնական հաստատության ավարտական փաստաթղթի` պետական ավարտական քննությունների գնահատականների կամ տարեկան գնահատականների նկատմամբ: Ընդ որում`

1) մասնագիտության համար երկու աստղանիշով (**) առարկա (առարկաներ) սահմանված լինելու դեպքում մրցույթում առաջնահերթությունը տրվում է առավել թվով միասնական քննություններ հանձնած դիմորդներին.

2) նույն քանակի միասնական քննություն հանձնած և երկու աստղանիշով (**) առարկայի համար ավարտական փաստաթղթի գնահատականը ներկայացրած դիմորդների դեպքում առավելությունը տրվում է միասնականից առավել բարձր միավոր ունեցող դիմորդին.

3) միասնական քննությունից հավասար միավորների առկայության դեպքում առավելությունը տրվում է ավարտական փաստաթղթում երկու աստղանիշով (**) առարկայից առավել բարձր միավոր ունեցողին:

84. Նպատակային ուսուցման դիմած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվում են`

1) անվճար ուսուցման համակարգ` առանձին մրցույթով` առաջին փուլում հայտագրած մասնագիտությամբ, ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված անվճար տեղերի` մինչև 50 տոկոսի չափով.

2) անվճար ուսուցման մրցույթից դուրս մնալու դեպքում` ընդհանուր հիմունքներով մասնակցելով վճարովի ուսուցման մրցույթին:

85. Նպատակային ուսուցման դիմած դիմորդները բուհեր ընդունելության դիմում-հայտի հետ միասին ներկայացնում են համայնքի ղեկավարի կամ համապատասխան պետական մարմնի կողմից տրված տեղեկանք` նշված համայնքում կամ տվյալ պետական մարմնում կամ տվյալ պետական մարմնի ենթակայության կազմակերպություններում համապատասխան մասնագետ ունենալու պահանջի վերաբերյալ:

86. Նպատակային ուսուցման դիմած դիմորդներն ընդունվելուց հետո, մինչև հրամանագրումը, գործուղող և ընդունող կողմերի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքում են պայմանագիր:

87. Մրցութային հավասար միավորների դեպքում, ըստ հերթականության, առավելություն է տրվում`

1) բոլոր տարիների մեդալակիր դիմորդներին.

2) ներբուհական քննություններ հանձնած արվեստի գծով միջազգային և հանրապետական մրցույթների հաղթողներին` ընդունելության դիմում-հայտում համապատասխան մասնագիտություն հայտագրելու դեպքում.

3) հանրակրթական ուսումնական հաստատություններում 10-12-րդ դասարաններում սովորելու ընթացքում դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ ստացած դիմորդներին.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության բուհերի առկա ուսուցմամբ տվյալ ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկում բուհի կողմից նշված առաջին մրցութային քննությունից առավել բարձր միավոր ստացած դիմորդներին.

5) դպրոցի պետական ավարտական քննություններից առավելագույն միջին գնահատական ունեցող դիմորդներին.

6) տվյալ մասնագիտությանը համապատասխան միջին մասնագիտական կրթություն ստացած դիմորդներին:

88. Բուհերի այն մասնագիտությունների գծով, որոնց քննությունների անվանացանկում առարկաները նշված են մեկ (*) և երկու աստղանիշով (**), մրցույթին մասնակցելու համար`

1) մրցութային և ոչ մրցութային քննությունների գնահատականներ են համարվում միջնակարգ կրթության ատեստատի, միջին մասնագիտական (հիմնական և միջնակարգ կրթության հիմքով) կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատությունների ավարտական փաստաթղթերի տվյալ առարկաների պետական ավարտական քննական գնահատականները, իսկ պետական ավարտական քննական գնահատականի բացակայության դեպքում` տարեկան գնահատականը.

2) 10-միավորային համակարգով տարեկան գնահատականները համապատասխանաբար հավասարեցվում են հետևյալ միավորներին`

ա. «4»-ը համարժեք է 9 միավորին,

բ. «5»-ը համարժեք է 11 միավորին,

գ. «6»-ը համարժեք է 13 միավորին,

դ. «7»-ը համարժեք է 15 միավորին,

ե. «8»-ը համարժեք է 17 միավորին,

զ. «9»-ը համարժեք է 19 միավորին,

է. «10»-ը համարժեք է 20 միավորին.

3) միջնակարգ կրթության ատեստատի կամ համապատասխան ավարտական փաստաթղթի 5-միավորային համակարգով գնահատված տարեկան, քննական գնահատականները համապատասխանաբար հավասարեցվում են հետևյալ միավորներին`

ա. «3»-ը համարժեք է 13 միավորին,

բ. «4»-ը համարժեք է 17 միավորին,

գ. «5»-ը համարժեք է 20 միավորին:

89. Ընդունելության քննությունը դրական միավորով հանձնելու դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին մրցույթից դուրս ընդունվում են ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողները, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողների ծնողները, ամուսինը (կինը), մինչև 27 տարեկան զավակները` համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տված տեղեկանքների:

90. Վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում անվճար ուսուցման համակարգ են ընդունվում`

1) 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձինք և մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաները.

2) առանց ծնողական խնամքի մնացած` մինչև 23 տարեկան երեխաները:

91. Մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած և զորացրված դիմորդները` զորացրվելուց հետո` մեկ տարվա ընթացքում`

1) ընդհանուր մրցույթից դուրս (առանձին մրցույթով) անվճար ուսուցմամբ ընդունվում են` ըստ մասնագիտությունների` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված տեղերի: Մրցութային հավասար միավորների դեպքում մրցույթն իրականացվում է սույն կարգի 87-րդ կետի պահանջների համաձայն.

2) անվճար ուսուցման մրցույթից դուրս մնալու դեպքում դիմորդը բուհի նույն մասնագիտության վճարովի ուսուցման համակարգ ընդունվում է մրցույթից դուրս.

3) տվյալ մասնագիտությունից Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից բանակից զորացրվածների համար անվճար տեղեր հատկացված չլինելու դեպքում, զորացրված դիմորդն անվճար ուսուցման մրցույթին մասնակցում է ընդհանուր հիմունքներով, իսկ վճարովի ուսուցման համակարգ ընդունվում է մրցույթից դուրս:

92. Առանց ընդունելության քննության Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հատկացված պահուստային տեղերի հաշվին բուհ են ընդունվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 7-րդ կետով սահմանված դեպքերում, Ժաուտիկովյան, Մենդելեևյան և մեգապոլիսների օլիմպիադաների անհատական մրցանակակիրները, ինչպես նաև տարբեր մարզաձևերի գծով աշխարհի, Եվրոպայի առաջնությունների, օլիմպիական խաղերի մեդալակիրները` մրցանակն ստանալուց հետո երեք տարվա ընթացքում` ընդունելության դիմում-հայտում համապատասխան (առարկայական) մասնագիտություններ հայտագրելու դեպքում:

 

X. ԲՈՒՀԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

 

93. Ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա անվճար և վճարովի ուսուցմամբ մրցույթների արդյունքներն ամփոփելու նպատակով ստեղծվում է Հանրապետական ընդունող հանձնաժողով:

94. Հանրապետական ընդունող հանձնաժողովը կազմված է 27 անդամից: Հանրապետական ընդունող հանձնաժողովի նախագահը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարն է: Հանրապետական ընդունող հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալները, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչը, ԳԹԿ-ի երկու ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետության պետական բուհերի ռեկտորները, ոչ պետական բուհերի ռեկտորներից ներկայացուցիչներ և պատասխանատու քարտուղարը: Հանրապետական ընդունող հանձնաժողովի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը:

95. Հանրապետական ընդունող հանձնաժողովի որոշմամբ`

1) հաստատվում են անվճար և վճարովի ուսուցման համակարգի մրցույթների արդյունքները.

2) հաստատվում են սույն կարգի 85-րդ և 89-92-րդ կետերին համապատասխան արտոնություններից օգտվող դիմորդների ընդունելության արդյունքները.

3) վերաբաշխվում են մրցույթի արդյունքներով անվճար, վճարովի ուսուցման համակարգում թափուր մնացած տեղերը, ինչպես նաև անվճար, վճարովի համակարգի պահուստային տեղերը:

96. Հանրապետական ընդունող հանձնաժողովը հիմնական մրցույթի արդյունքները հաստատում է մինչև տվյալ տարվա հուլիսի 18-ը:

97. Ներբուհական քննությունների արդյունքներով մրցույթն անցկացվում է համապատասխան բուհում: Մրցույթի արդյունքը հաստատվում է հանրապետական ընդունող հանձնաժողովում, որից հետո բուհի ռեկտորը հրամանագրում է ուսանողներին:

98. Հանրապետական ընդունող հանձնաժողովը բուհերում լրացուցիչ` թափուր տեղերի մրցույթի արդյունքները հաստատում է հուլիսի 30-ին:

99. Հանրապետական ընդունող հանձնաժողովի կողմից հիմնական և լրացուցիչ մրցույթների արդյունքները հաստատվելուց հետո դիմորդը բուհ է ներկայացնում`

1) ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ (բնօրինակը).

2) 1 լուսանկար (3 x 4 սմ չափսի).

3) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական) բնօրինակը.

4) զինվորական գրքույկ (բնօրինակը)` առկայության դեպքում.

5) սույն կարգի 89-92-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են տվյալ արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր:»:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 2 ապրիլի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.04.2021
N 469-Ն
Որոշում