Սեղմել Esc փակելու համար:
ԴԱՏԱԿԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՊԵՏՔ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴԱՏԱԿԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԻՐԱԿԱՆ ԵՎ ՈՉ ԹԵ ՊԱՏՐԱՆՔԱՅԻՆ, ԻՆՉԸ ԵՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                 Քրեական գործ

    վերաքննիչ քրեական դատարանի որոշում       թիվ ԵՇԴ/0006/01/17

Գործ թիվ ԵՇԴ/0006/01/17

Նախագահող դատավոր` Մ. Հարությունյան

    Դատավորներ`        Ա. Դանիելյան

                       Ս. Համբարձումյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

                   նախագահությամբ`            Լ. Թադևոսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Հ. Ասատրյանի

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

    2021 թվականի փետրվարի 2-ին                       ք. Երևանում

գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Արմեն Վլադիմիրի Կարապետյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի փետրվարի 11-ի որոշման դեմ պաշտպան Տ.Սարգսյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2016 թվականի հունիսի 17-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, 266-րդ հոդվածի 4-րդ մասի և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 11143516 քրեական գործը:

Նախաքննության մարմնի` 2016 թվականի հունիսի 20-ի որոշմամբ Արմեն Վլադիմիրի Կարապետյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, երկու դրվագով` 266-րդ հոդվածի 4-րդ մասով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

1.1. 2016 թվականի հոկտեմբերի 3-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 62224816 քրեական գործը:

Նախաքննության մարմնի` 2016 թվականի հոկտեմբերի 26-ի որոշմամբ թիվ 62224816 քրեական գործը միացվել է թիվ 11143516 քրեական գործին և նախաքննությունը շարունակվել է 11143516 համարով:

Նախաքննության մարմնի` 2016 թվականի դեկտեմբերի 29-ի որոշմամբ Ա.Կարապետյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, երկու դրվագով` 266-րդ հոդվածի 4-րդ մասով, 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 333-րդ հոդվածի 1-ին մասով:

2017 թվականի հունվարի 11-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2018 թվականի հոկտեմբերի 1-ի որոշմամբ Ա.Կարապետյանի նկատմամբ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց կիրառվել է գրավը` 700.000 (յոթ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Մ.Մովսիսյանի` 2019 թվականի ապրիլի 1-ի որոշմամբ Ա.Կարապետյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով, երկու դրվագով` 266-րդ հոդվածի 4-րդ մասով, 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 333-րդ հոդվածի 1-ին մասով:

3. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2019 թվականի հոկտեմբերի 14-ի դատավճռով Ա.Կարապետյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով, երկու դրվագով` 266-րդ հոդվածի 4-րդ մասով, 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 333-րդ հոդվածի 1-ին մասով և դատավճիռների ու հանցանքների համակցությամբ դատապարտվել է ազատազրկման` 9 (ինը) տարի 2 (երկու) ամիս 15 (տասնհինգ) օր ժամկետով` առանց գույքի բռնագրավման և տուգանքի` 600.000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: Կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավը թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

4. Պաշտպանի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)` 2020 թվականի փետրվարի 11-ի որոշմամբ թողնվել է առանց քննության:

5. Վերաքննիչ դատարանի` վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Ա.Կարապետյանի պաշտպան Տ.Սարգսյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի մայիսի 26-ի որոշմամբ վարույթ է ընդունվել: Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի հունվարի 22-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

6. Վերաքննիչ դատարանը, առանց քննության թողնելով ամբաստանյալ Ա.Կարապետյանի պաշտպան Տ.Սարգսյանի վերաքննիչ բողոքը, իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի համաձայն` «Վերաքննիչ բողոքը պետք է բովանդակի`

(...)

5) բողոքի հիմքերը և պահանջը.

5.1) վերաքննիչ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները` վկայակոչելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն որոշումները, որոնք վերաքննիչ բողոք բերած անձը վերաբերելի է համարում` մեջբերելով դրանց հակասող մասերը և կատարելով համեմատական վերլուծություն (...):

2.1. Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը թողնում է առանց քննության, եթե`

1) վերաքննիչ բողոքը բերվել է սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ և 5.1-ին կետերով սահմանված պահանջների խախտմամբ.

(...)»:

(...) Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ տվյալ դեպքում պաշտպան Տիգրան Սարգսյանի կողմից չեն պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 5.1-րդ կետով սահմանված վերաքննիչ բողոքի պահանջները, այսինքն բացակայում են վերաքննիչ բողոքի հիմքերը, մասնավորապես չի նշվել, թե առկա է արդյոք դատական սխալ, թե ոչ, ինչում է դրսևորվել ենթադրյալ դատական սխալը, և նյութական կամ դատավարական ինչ իրավունք է խախտվել և ինչ ազդեցություն է ունեցել գործի ելքի վրա: Իր վերաքննիչ բողոքում պաշտպան Տ.Սարգսյանը չի նշել որևէ դատական սխալ` նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի կոնկրետ և հստակ խախտում, որը կարող էր ազդել գործի ելքի վրա: Հետևաբար չի նշվել նաև գործի ելքի վրա ենթադրյալ դատական սխալի ազդեցության վերաբերյալ հիմնավորումները և այլն:

(...) Ամփոփելով վերոգրյալը, Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ տվյալ դեպքում պաշտպան Տիգրան Սարգսյանի կողմից չեն պահպանվել վերաքննիչ բողոքին առաջադրվող պահանջները, ինչի հետևանքով վերջինս իրավական տեսանկյունից օբյեկտիվորեն անկարող է իրացնել դատական բողոքարկման իր իրավունքը, հետևաբար վերջինիս կողմից ներկայացված բողոքը պետք է թողնել առանց քննության` բողոքին առաջադրվող պահանջները պահպանված չլինելու հիմքով»(1):

 

_____________________________

1) Տե՛ս քրեական գործ, հատոր 10-րդ, թերթեր 8-13:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

7. Բողոքի հեղինակի պնդմամբ` Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Մասնավորապես, բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածը, ինչի արդյունքում իր պաշտպանյալը զրկվել է իր նկատմամբ կայացված դատական ակտի` վերադաս դատարանի կողմից վերանայման հնարավորությունից:

Բողոքաբերը նշել է, որ վերաքննիչ բողոքի բովանդակությանն առավել խիստ պահանջներ ներկայացնելու և ներկայացված բողոքն առանց քննության թողնելու դեպքում կարող են խախտվել անձի` արդար դատաքննության կոնվենցիոն և սահմանադրական իրավունքները:

Բողոք բերած անձի համոզմամբ` իր բողոքը ենթակա էր վարույթ ընդունման և գործը պետք է նշանակվեր դատական քննության, քանի որ պահպանված էր վերաքննիչ բողոքին ներկայացվող պահանջները, նշված են եղել այն խախտումները, որոնք կարող էին գործի ելքի համար էական նշանակություն ունենալ:

8. Վերոշարադրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2020 թվականի փետրվարի 11-ի որոշումը, և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք Վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելն այն պատճառաբանությամբ, որ չի պահպանվել բողոքի հիմքը և հիմնավորումը ներկայացնելու վերաքննիչ բողոքին առաջադրվող պահանջը, հանգեցրել է ամբաստանյալ Ա.Կարապետյանի` դատական պաշտպանության և դատական մատչելիության իրավունքների խախտման:

10. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:

ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն` «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք»:

11. Արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող դատական մատչելիության իրավունքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.

- դատական մատչելիության իրավունքը բացարձակ չէ, և պետությունները կարող են այն իրացնելու հնարավորությունը պայմանավորել որոշակի պահանջներով և չափանիշներով(2),

 

____________________________

2) Տե՛ս Luordo v. Italy գործով 2003 թվականի հոկտեմբերի 17-ի վճիռը, գանգատ թիվ 32190/96, 85-րդ կետ, Staroszczyk v. Poland գործով 2007 թվականի հուլիսի 9-ի վճիռը, գանգատ թիվ 59519/00, 124-րդ կետ, Stanev v. Bulgaria գործով 2012 թվականի հունվարի 17-ի վճիռը, գանգատ թիվ 36760/06, 230-րդ կետ:

 

- պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի` դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը(3),

 

______________________________

3) Տե՛ս նույն տեղում:

 

- դատական մատչելիության իրավունքի սահմանափակումը 6-րդ հոդվածի 1-ին մասին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն(4),

 

______________________________

4) Տե՛ս Khalfaoui v. France գործով 1999 թվականի դեկտեմբերի 14-ի վճիռը, գանգատ թիվ 34791/97, 36-րդ կետ, Hirschhorn v. Romania գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 29294/02, 50-րդ կետ:

 

- ներպետական դատական ատյանները դատավարական կանոնները կիրառելիս պետք է ձեռնպահ մնան դրանց չափազանցված ձևականացումից, որն իր ազդեցությունը կունենա դատավարության արդարացիության վրա(5): Դատական մատչելիության իրավունքը խախտվում է, երբ սահմանված կարգավորումները դադարում են ծառայել իրավական որոշակիության և արդարադատության պատշաճ կազմակերպման նպատակներին և վերածվում են իրավասու դատարանի կողմից գործն ըստ էության քննության առնելու խոչընդոտի(6):

 

_______________________________

5) Տե՛ս Walchli v. France գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 35787/03, 29-րդ կետ:

6) Տե՛ս Efstathiou and others v. Greece գործով 2006 թվականի հուլիսի 27-ի վճիռը, գանգատ թիվ 36998/02, 24-րդ կետ:

 

12. Արդար դատաքննության իրավունքի համատեքստում կարևորելով դատական մատչելիության իրավունքը` Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել այն մասին, որ «Դատական մատչելիության իրավունքը պետք է լինի իրական և ոչ թե պատրանքային, ինչը ենթադրում է, որ անձն իր իրավունքների ու ազատությունների խախտման յուրաքանչյուր դեպքում` ողջամիտ սահմանափակումների պայմաններում, պետք է դատարան դիմելու, իր խախտված իրավունքները և ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա: Դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավոր սահմանափակումները չպետք է ձևական բնույթ կրեն, որպեսզի շահագրգիռ անձը հավասար պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքի իրացման հնարավորություն ունենա: Հակառակ դեպքում կխախտվեն անձի` դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքները»(7):

 

__________________________________

7) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արթուր Այվազյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ՇԴ2/0007/15/12 որոշումը, 16-րդ կետ, Լևոն Հարությունյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0337/06/15 որոշումը, 13-րդ կետ:

 

13. Սահմանադրական դատարանը, 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշմամբ փաստել է. «(...) Վերաքննիչ բողոքում հայտնաբերված թերությունների կամ սխալների նկատմամբ պետք է դրսևորվի տարբերակված մոտեցում, ինչի հետևանքով անհրաժեշտ կլինի նաև սահմանազատել դրանցից հետևող հնարավոր իրավական հետևանքները: Եթե ձևական պահանջների խախտման դեպքում չափազանց խիստ հետևանքներ նախատեսելը կսահմանափակի անձի հիմնական իրավունքի իրացման հնարավորությունը, ապա բովանդակային պահանջների խախտման հանդեպ անհամաչափ մեղմ գնահատականը կարող է այդ իրավունքի չարաշահման նախադրյալներ ստեղծել:

(...)

Այսպիսով, եթե վերաքննիչ բողոք ներկայացրել է այն անձը, ով չուներ այդ իրավունքը, կամ բողոքը ժամկետանց է (բացակայում է այն վերականգնելու հիմնավոր որևէ պատճառ), կամ այն բերվել է այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ վերաքննիչ բողոքարկման և նման այլ այնպիսի հիմքերի առկայությամբ, երբ անձը վերաքննիչ դատարանի գնահատմամբ փաստի ուժով, իրավական տեսանկյունից օբյեկտիվորեն անկարող է իրացնել դատական բողոքարկման իր իրավունքը, ապա վերջինիս իրացման արգելքը, ինչը նախատեսված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասում, իրավական պատշաճ գործընթացի արդյունքում կարող է գնահատվել իրավաչափ: Մինչդեռ, վերաքննիչ բողոքի բովանդակությանը ներկայացվող բնույթով ձևական որևէ նախապայմանի խախտման հիմքով, երբ առկա է այն շտկելու իրավական ողջամիտ հնարավորություն, անձին Սահմանադրությամբ երաշխավորված դատական բողոքարկման իր իրավունքի իրացումից զրկելը, սահմանափակելը, Սահմանադրական դատարանի գնահատմամբ չի կարող բխել մարդու իրավունքների ու ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի երաշխավորման և իրացման սահմանադրորեն ամրագրված սկզբունքներից, ինչպես նաև այդ բնագավառում հանրային իշխանությանն առաջադրված սահմանադրաիրավական նպատակներից: Հետևաբար, Սահմանադրական դատարանը գտնում է, որ, վեճի առարկա իրավակարգավորմամբ նախատեսված ձևական պահանջների չպահպանման հիմքով սահմանափակելով անձի հիմնական իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության, այդ թվում` արդարադատության մատչելիության իրավունքը, խախտվել է Սահմանադրության 78-րդ հոդվածում ամրագրված համաչափության սկզբունքը: Սահմանադրության 75-րդ հոդվածի սահմանադրաիրավական բովանդակության տեսանկյունից այդ իրավակարգավորումը չի համապատասխանում իրավունքների ու ազատությունների արդյունավետ իրականացման ընթացակարգի չափանիշներին (...)»(8):

 

________________________________

8) Տե՛ս Սահմանադրական դատարանի` 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշման 4.3-4.5-րդ կետերը:

 

14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Վերաքննիչ բողոքը պետք է բովանդակի`

(...)

5) բողոքի հիմքերը և պահանջը.

5.1) վերաքննիչ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները` վկայակոչելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն որոշումները, որոնք վերաքննիչ բողոք բերած անձը վերաբերելի է համարում` մեջբերելով դրանց հակասող մասերը և կատարելով համեմատական վերլուծություն, կամ որոնք են նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հետևանքով գործի վերանայման հիմքերը. (...)»:

15. Մեջբերված նորմի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը Հարություն Հարությունյանի գործով արձանագրել է, որ եթե կոնկրետ դեպքում առկա է վերաքննիչ բողոքի բովանդակությանը ներկայացվող բնույթով ձևական նախապայմանի խախտում, ապա այն շտկելու ողջամիտ հնարավորության առկայության պայմաններում բողոքն առանց քննության թողնելու մասին որոշում կայացնելով, Վերաքննիչ դատարանը prima facie ոչ իրավաչափորեն սահմանափակում է անձի դատարան դիմելու և արդյունավետ իրավական պաշտպանություն հայցելու իրավունքը(9):

 

________________________________

9) Տե՛ս Հարություն Հարությունյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԱՐԱԴ/0033/15/19 որոշման 16-17-րդ կետերը:

 

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վերաքննիչ դատարանի` 2020 թվականի փետրվարի 11-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի հոկտեմբերի 14-ի դատավճռի դեմ պաշտպանի բողոքը թողնվել է առանց քննության` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 5.1-րդ կետերով վերաքննիչ բողոքին ներկայացվող պահանջները պահպանված չլինելու պատճառաբանությամբ(10):

 

_______________________________

10) Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

 

17. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքը գնահատելով սույն որոշման 10-15-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե կոնկրետ դեպքում առկա է եղել վերաքննիչ բողոքի բովանդակությանը ներկայացվող բնույթով ձևական նախապայմանի խախտում, ապա այն շտկելու ողջամիտ հնարավորության առկայության պայմաններում Վերաքննիչ դատարանի կողմից այն առանց քննության թողնելը հիմնավոր համարվել չի կարող: Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքարկմանը ներկայացվող դատավարական պահանջներին տրված նման մեկնաբանությամբ դատապարտյալի բողոքն առանց քննության թողնելու մասին որոշում կայացնելով, ոչ իրավաչափորեն սահմանափակել է դատարան դիմելու անձի իրավունքը, որի արդյունքում խախտվել են անձի` դատական պաշտպանության և դատարանի մատչելիության իրավունքները:

18. Հետևաբար, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ամբաստանյալ Ա.Կարապետյանի պաշտպան Տ.Սարգսյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավոր չէ:

Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի` 2020 թվականի փետրվարի 11-ի որոշումը պետք է բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության` սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ համապատասխան որոշում կայացնելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Արմեն Վլադիմիրի Կարապետյանի պաշտպան Տ.Սարգսյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի փետրվարի 11-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահությամբ` Լ. Թադևոսյան

                         Դատավորներ`     Հ. Ասատրյան

                                         Ս. Ավետիսյան

                                         Ե. Դանիելյան

                                         Ա. Պողոսյան

                                         Ս. Օհանյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 2 փետրվարի 2021 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
02.02.2021
N ԵՇԴ/0006/01/17
Որոշում