Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 83...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 83-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                 ԼԴ2/0015/01/19

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԼԴ2/0015/01/19

Նախագահող դատավոր` Մ. Արղամանյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

                   նախագահությամբ`           Լ. Թադևոսյանի

                   մասնակցությամբ դատավորներ Հ. Ասատրյանի

                                             Ս. Ավետիսյանի

                                             Ե. Դանիելյանի

                                             Ա. Պողոսյանի

                                             Ս. Օհանյանի

 

    2021 թվականի փետրվարի 2-ին                       ք. Երևանում

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի հունիսի 21-ի որոշման դեմ Կախաբեր Գիորգիի Բաքնիաշվիլիի պաշտպան Վ.Սուղյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2019 թվականի մարտի 14-ին ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել է թիվ 58205519 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության մարմնի` 2019 թվականի մարտի 14-ի որոշմամբ Կախաբեր Գիորգիի Բաքնիաշվիլին ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2019 թվականի մարտի 15-ի որոշմամբ Կ.Բաքնիաշվիլիի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը` 2 (երկու) ամիս ժամկետով:

2. 2019 թվականի մայիսի 3-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

Առաջին ատյանի դատարանը, 2019 թվականի մայիսի 13-ին քրեական գործը դատական քննության նախապատրաստելու փուլում, քննության առնելով Կ.Բաքնիաշվիլիի նկատմամբ խափանման միջոց կիրառված կալանավորումը հիմնավոր կամ ոչ հիմնավոր համարելու հարցը, այն թողել է անփոփոխ` միաժամանակ մերժելով կալանավորումը գրավով կամ չհեռանալու մասին ստորագրությամբ փոխարինելու մասին պաշտպանի միջնորդությունը:

3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)` 2019 թվականի հունիսի 21-ի որոշմամբ պաշտպանի բողոքը մերժել է` Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի մայիսի 13-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ Կ.Բաքնիաշվիլիի պաշտպան Վ.Սուղյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի սեպտեմբերի 16-ի որոշմամբ վարույթ է ընդունվել:

Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի դեկտեմբերի 10-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Նախաքննության ընթացքում Կ.Բաքնիաշվիլիի մասնակցությամբ կատարված քննչական և դատավարական գործողություններին ներգրավված է եղել և մասնակցել է վրացերեն լեզվով թարգմանչական գործառույթ իրականացնող թարգման Մ.Ալավերդյանը(1):

__________________________

1) Տե՛ս Մինչդատական վարույթի ընթացքում ձեռքբերված փաստական տվյալները պարունակող լազերային կրիչը, թերթ 1:

 

6. Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի մայիսի 13-ի դատական նիստին մասնակցել են Կ.Բաքնիաշվիլին, պաշտպան Վ.Սուղյանը, թարգման Գ.Դանիելյանը(2):

_________________________

2) Տե՛ս դատական նիստի արձանագրություն, թերթեր 21-22:

 

6.1. Նույն դատական նիստի արձանագրության վերարտադրության համաձայն` «Դատական նիստը հայտարարվել է բացված, հրապարակվել է քննության ենթակա գործը, պարզվել է նիստին ներկայացած անձանց ցանկը. Դատարանը հայտարարել է, որ հայերենից ռուսերեն, ռուսերենից հայերեն թարգմանչական գործառույթ կատարելու համար ներկայացել է Գ.Դանիելյանը, վերջինիս բացատրվել է նրա իրավունքները և պարտականությունները, որին հաջորդել է դատարանի հետևյալ հարցադրումը.

Դատարան. - Դուք վրացերեն խոսո՞ւմ եք.

Թարգմանիչ. - խոսում եմ, բայց ոչ իրավաբանական մակարդակի, գրել-կարդալ գիտեմ (...).

Դատարան. - այսինքն, ըստ անհրաժեշտության` նաև վրացերեն էլ (...).

Թարգմանիչ. - շատ-շատ քիչ, այս մակարդակը, ես իմացություն չեմ իմանում.

Դատարան. - չէ, հասկանալի է (...).

Թարգմանիչ. - ռուսերեն, հայերեն, հա, վրացերենով չէ (...).

Դատարան. - իրավաբանական կողմը պաշտպանը կապահովի, այստեղ իրավաբանական այդքան բան չկա, ուղղակի մենք պետք է ապահովենք նրա լսված լինելու իրավունքը (...).

Թարգմանիչ.- կենցաղային մակարդակի (...).

Դատարան. - ինքը, որքան որ տեղեկացել եք, ռուսերեն (...).

Թարգմանիչ.- ասում է` երկար տարիներ չեմ խոսել, մինչև այդ որ խոսում էինք, ասել է` երկար տարիներ չի օգտագործել, այդքան չի կարողանում.

Դատարան.- լավ:

Այնուհետև դատարանը հայտարարել է դատարանի կազմը, որին հաջորդել են դատավարության մասնակիցներին բացարկ հայտնելու վերաբերյալ Կ.Բաքնիաշվիլիի դիրքորոշման ճշտումը, Կ.Բաքնիաշվիլիի ինքնության ստուգումը, քննության ենթակա հարցի էության պարզաբանումը և այդ առնչությամբ Կ.Բաքնիաշվիլիի դիրքորոշման ճշտումը, հրապարակվել է մեղադրողի գրությունը, դիրքորոշում է հայտնել պաշտպանը, ռուսերեն և վրացերեն լեզուների համադրությամբ հայտարարություն է արել Կ.Բաքնիաշվիլին, որից հետո դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ»(3):

___________________________

3) Տե՛ս դատական նիստի ձայնային արձանագրության լազերային կրիչը, թերթ 23:

 

7. Վճռաբեկ դատարանում առկա գործի նյութերում բացակայում է Առաջին ատյանի դատարանում ներգրավված թարգմանի` իր որակավորումը հաստատող որևէ փաստաթուղթ(4), և համաձայն դատական նիստի ձայնային արձանագրության` Կ.Բաքնիաշվիլիի իրավունքները և պարտականությունները պարզաբանվել են այնքանով, որքանով վերջինիս բացատրվել է բացարկ հայտնելու իրավունքը, թարգմանությունն իրականացվել է ռուսերեն և վրացերեն լեզուների համադրությամբ, Կ.Բաքնիաշվիլին դատավարության մասնակիցների հարցադրումներին հիմնականում պատասխանել է վրացերեն լեզվով(5):

_____________________________

4) Տե՛ս նյութեր:

5) Տե՛ս դատական նիստի ձայնային արձանագրության լազերային կրիչը, թերթ 23:

 

8. Գործի նյութերում առկա չէ Առաջին ատյանի դատարանի որոշման վրացերեն լեզվով թարգմանված օրինակը(6):

________________________

6) Տե՛ս նյութեր:

 

9. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «(...) Ուսումնասիրելով խափանման միջոցի վերաբերյալ նյութերը, վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2019 թվականի մայիսի 13-ի որոշումը պետք է թողնել օրինական ուժի մեջ, իսկ ներկայացված վերաքննիչ բողոքը մերժել (...)»(7):

_______________________________

7) Տե՛ս նյութեր, թերթեր 69-81:

 

10. Առաջին ատյանի դատարանը, կիրառելով դատական քննության արագացված կարգ, 2019 թվականի հուլիսի 29-ի դատավճռով Կ.Բաքնիաշվիլիին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել ազատազրկման` 6 (վեց) ամիս ժամկետով` պատժի սկիզբը հաշվելով 2019 թվականի մարտի 13-ից(8): 2019 թվականի սեպտեմբերի 13-ին Կ.Բաքնիաշվիլին, նշանակված պատիժն ամբողջությամբ կրելով, ազատ է արձակվել(9):

__________________________

8) Տե՛ս www.datalex.am դատական տեղեկատվական համակարգ, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2019 թվականի հուլիսի 29-ի թիվ ԼԴ2/0015/01/19 որոշումը:

9) Տե՛ս նյութեր, թերթ 109:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

11. Բողոքաբերի պնդմամբ` ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ, որի արդյունքում կայացրել են անօրինական դատական ակտեր:

11.1. Բողոքի հեղինակը մեջ է բերել քրեական դատավարության` լեզվի սկզբունքի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները, համադրել դրանք սույն գործի փաստական հանգամանքների հետ և գտել, որ խախտվել է Կ.Բաքնիաշվիլիի` նախընտրելի լեզվով հանդես գալու իրավունքը:

Ի հիմնավորումն իր վերոգրյալ փաստարկի` բողոքաբերը նշել է, որ Կ.Բաքնիաշվիլին ազգությամբ վրացի է, Վրաստանի Հանրապետության քաղաքացի: Բողոք բերած անձը փաստել է, որ դատական նիստի ժամանակ Առաջին ատյանի դատարանը հարցադրումների միջոցով պարզել է ամբաստանյալի` դատավարության լեզվին չտիրապետելու հանգամանքը և չի ապահովել վրացերեն լեզվին ազատորեն տիրապետող թարգմանի ներկայությունը: Ըստ բողոքաբերի` դատական նիստին ներգրավված է եղել հայերենից ռուսերեն թարգմանչական գործառույթ իրականացնող թարգման, սակայն իրականացրել է թարգմանություն վրացերեն լեզվով` չունենալով նման թարգմանչական գործառույթ իրականացնելու համար անհրաժեշտ կրթություն և գիտելիքներ, թարգմանությունների մեծ մասն իրականացվել է ռուսերեն լեզվով, այն դեպքում, երբ Կ.Բաքնիաշվիլին հայտարարել էր, որ ռուսերեն լեզվով խոսում և հասկանում է մեծ դժվարությամբ, իր հայտարարությունները հիմնականում կատարել էր վրացերեն լեզվով: Բողոքի հեղինակը նշել է նաև, որ Կ.Բաքնիաշվիլիին չեն հանձնվել իրեն հանձնման ենթակա դատավարական փաստաթղթերի թարգմանված օրինակները:

11.2. Բացի այդ, բողոքաբերը մեջ է բերել դատական պաշտպանության իրավունքի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները, համադրել դրանք սույն գործի փաստական հանգամանքների հետ և գտել, որ սույն գործով խախտվել է նաև Կ.Բաքնիաշվիլիի` դատական պաշտպանության իրավունքը:

Ի հիմնավորումն իր վերոգրյալ փաստարկի` բողոք բերած անձը նշել է, որ համապատասխան որակավորում չունեցող թարգմանի մասնակցությամբ Առաջին ատյանի դատարանն առանց Կ.Բաքնիաշվիլիի իրավունքները և պարտականությունները պարզաբանելու շարունակել է դատական նիստը` հայտարարելով դատարանի կազմը, ճշտելով դատավարության մասնակիցներին բացարկ հայտնելու վերաբերյալ վերջինիս դիրքորոշումը, ստուգելով նրա ինքնությունը և այլ դատավարական գործողություններ կատարելով, որոնց էությունը Կ.Բաքնիաշվիլիի համար հիմնականում անհասկանալի են եղել:

11.3. Բողոք բերած անձը նշել է նաև, որ Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել վերաքննիչ բողոքում բարձրացված` քրեական գործը դատական քննության նախապատրաստելիս Կ.Բաքնիաշվիլիի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու կամ փոխելու, ինչպես նաև դրա հիմնավորվածության հարցի քննության ընթացքում թույլ տրված վերոգրյալ խախտումների վերաբերյալ փաստարկին` կայացնելով չպատճառաբանված դատական ակտ:

12. Վերոշարադրյալի հիման վրա, Կ.Բաքնիաշվիլիի պաշտպան Վ.Սուղյանը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի մայիսի 13-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի հունիսի 21-ի որոշումը ու Կ.Բաքնիաշվիլիին ազատ արձակել կալանքից:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք Առաջին ատյանի դատարանի որոշման օրինական լինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումը:

14. ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի համաձայն` «Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները.

(...)

ե. օգտվելու թարգմանչի անվճար օգնությունից, եթե ինքը չի հասկանում դատարանում գործածվող լեզուն կամ չի խոսում այդ լեզվով»:

15. Իրեն հասկանալի լեզվով հանդես գալու իրավունքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` նաև Եվրոպական դատարան) նշել է, որ մեղադրյալը, ով չի կարողանում հասկանալ կամ խոսել դատավարության լեզվով, իրավունք ունի ստանալու թարգմանչի անվճար ծառայություն կամ վարույթի փաստաթղթերի կամ արձանագրությունների թարգմանություններ, ինչը նրան անհրաժեշտ է` օգտվելու համար արդար դատաքննության իրավունքից(10):

____________________________

10) Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Luedicke, Bekacem and Koc v. Germany գործով 1978 թվականի նոյեմբերի 28-ի վճիռը, գանգատ թիվ 6210/73, 6877/75, 7132/75, կետ 48:

 

15.1. Կամասինսկին ընդդեմ Ավստրիայի գործով վճռում Եվրոպական դատարանն արձանագրել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ մասի «ե» կետը չի ենթադրում քրեական դատավարությունում առկա բոլոր նյութերի, ապացույցների կամ պաշտոնական փաստաթղթերի գրավոր թարգմանություն: Թարգմանի օգնությունը պետք է ապահովվի այնքանով, որ մեղադրյալը տեղեկացվի իր դեմ առկա գործի մասին և կարողանա կազմակերպել իր պաշտպանությունը(11):

____________________________

11) Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Kamasinski v. Austria գործով 1989 դեկտեմբերի 19-ի վճիռը, 9783/82, կետ 74:

 

15.2. Կուսկանին ընդդեմ Միացյալ Թագավորության գործով վճռում Եվրոպական դատարանը նշել է, որ դիմումատուի` թարգմանչական ծառայություններից օգտվելու անհրաժեշտության ստուգման համար, դատավորը պետք է խորհրդակցի դիմումատուի հետ. դատավորը պետք է համոզված լինի, որ գործի լսումների ժամանակ թարգմանի բացակայությունը չի վնասի դիմումատուի լիարժեք ներգրավվածությանը նրա համար վճռորոշ գործում(12):

________________________________

12) Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Cuscani v. the United Kingdom գործով 2002 թվականի սեպտեմբերի 24-ի վճիռը, գանգատ թիվ 32771/96, կետ 38:

 

16. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի համաձայն`»1. Հայաստանի Հանրապետությունում քրեական դատավարության լեզուն հայերենն է:

2. Քրեական դատավարությանը մասնակցող անձինք, բացառությամբ քրեական վարույթն իրականացնող մարմնի, իրավունք ունեն դատարանում հանդես գալու իրենց նախընտրած լեզվով, եթե ապահովում են հայերեն թարգմանությունը: Քրեական դատավարությանը մասնակցող մեղադրյալին, եթե նա չի տիրապետում հայերենին, դատարանը պարտավոր է պետական միջոցների հաշվին ապահովել թարգմանչի ծառայություններով, բացառությամբ երբ մեղադրյալը ցանկանում է իր հաշվին ապահովել թարգմանությունը:

(...)»:

17. Վերոնշյալ նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, դատական պաշտպանության իրավունքի համատեքստում որպես անձի իրավունքների պաշտպանության արդյունավետ միջոցի երաշխիք, քրեական դատավարության լեզվին չտիրապետող մեղադրյալին իրավունք է վերապահում քրեական դատավարության ընթացքում հանդես գալ իր նախընտրած լեզվով` միաժամանակ սահմանելով դատավարության լեզվին չտիրապետող մեղադրյալին անհատույց թարգմանի ծառայություններով ապահովելու վարույթն իրականացնող մարմնի պարտականությունը, բացառությամբ, երբ մեղադրյալը ցանկանում է իր հաշվին ապահովել թարգմանությունը:

18. Վճռաբեկ դատարանը վերահաստատում է նախադեպային իրավունքում ձևավորած իր դիրքորոշումն առ այն, որ քրեական դատավարության լեզվին չտիրապետող անձանց` իրենց համար նախընտրելի լեզվով հանդես գալու իրավունքը պետք է ապահովվի դատավարության բոլոր փուլերում: Քրեական դատավարության լեզվի սկզբունքը քրեական վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնում է քրեական դատավարության լեզվին չտիրապետող անձանց ոչ միայն պարզաբանել իրենց համար նախընտրելի լեզվով հանդես գալու իրավունքը, այլև դրա իրականացումն ապահովել այնպես, որ չսահմանափակվեն և գործնականում իրագործվեն ինչպես գործի քննության ցանկացած փուլում իրենց նախընտրած լեզվով հանդես գալու, այնպես էլ` մյուս բոլոր այն իրավունքները, որոնք փոխկապակցված են այդ իրավունքի հետ և երաշխավորված են օրենքով(13):

______________________________

13) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Նաիրա Գելաշվիլու գործով 2007 թվականի մայիսի 4-ի թիվ ՎԲ-72/07, Գևորգ Խաչատրյանի և Սամվել Քրմոյանի գործով 2016 թվականի մարտի 30-ի թիվ ԵԿԴ/0059/01/14 որոշումները:

 

19. Նշված իրավունքի հետ սերտորեն փոխկապակցված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը, որն ամրագրում է դրա իրացման դատավարական երաշխիքներից մեկը: Այսպես, նշված նորմի համաձայն` «1.Թարգմանիչը քրեական գործով չշահագրգռված այն անձն է, որին քրեական վարույթն իրականացնող մարմինը հրավիրում է թարգմանություն իրականացնելու համար:

2. Թարգմանիչը պետք է ազատորեն տիրապետի քրեական դատավարության լեզվին և այն լեզվին, որից կատարվում է թարգմանությունը: (...)

4. Թարգմանիչը պարտավոր է`

(...)

2) քրեական վարույթն իրականացնող մարմնին ներկայացնել թարգմանչի` իր որակավորումը հաստատող փաստաթղթերը.

3) քրեական վարույթն իրականացնող մարմնի, ինչպես նաև կողմերի պահանջով դատական նիստի ընթացքում տեղեկություններ հայտնել իր մասնագիտական փորձի և համապատասխան քրեական գործով վարույթին մասնակցող անձանց հետ հարաբերությունների մասին. (...)»:

19.1. Մեջբերված քրեադատավարական դրույթը Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Նաիրա Գելաշվիլու գործով որոշման մեջ` իրավական դիրքորոշում ձևավորելով այն մասին, որ քրեական դատավարության լեզվին չտիրապետող անձանց(14)` իրենց համար նախընտրելի լեզվով հանդես գալու իրավունքը թղթակցվում է որպես թարգման ներգրավման ենթակա անձի` վերը մեջբերված դատավարական դրույթով սահմանված պահանջներին համապատասխանելու հանգամանքը պարզելու վարույթն իրականացնող մարմնի պարտականությանը:

______________________________

14) Դատավարության մասնակցի կողմից իր իրավունքների և պարտականությունների իրականացման համար քրեադատավարական լեզվին տիրապետելու հանգամանքի գնահատման մասին մանրամասն Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գևորգ Խաչատրյանի և Սամվել Քրմոյանի գործով 2016 թվականի մարտի 30-ի թիվ ԵԿԴ/0059/01/14 որոշումը:

 

Այսպես` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական դատավարության որևէ փուլում վարույթն իրականացնող մարմինը, ապահովելով թարգմանի օգնությամբ քրեական դատավարության լեզվին չտիրապետող անձանց կողմից օրենքով երաշխավորված իրենց իրավունքներն իրականացնելու հնարավորությունը, պարտավոր է համոզվել, որ որպես թարգման ներգրավման ենթակա անձի` քրեադատավարական լեզվին, այն լեզվին որից կատարվելու է թարգմանությունը, թարգմանության առանձնահատկություններին և տերմինաբանությանը տիրապետելու աստիճանն ակնհայտորեն բավարար է նրա կողմից իր պարտականությունների իրականացման համար: Յուրաքանչյուր դեպքում որպես թարգման ներգրավման ենթակա անձի կողմից համապատասխան լեզուներին ազատորեն տիրապետելու և թարգմանչական գործունեության փորձ ունենալու (ձեռնհասության) մասին վարույթն իրականացնող մարմնի եզրահանգումները պետք է կառուցվեն հստակ և որոշակի փաստական հանգամանքներից բխող հետևությունների վրա: Մասնավորապես` քրեական գործով վարույթին ներգրավման ենթակա թարգմանի ձեռնհասությունը կարող է հաստատվել, ի թիվս այլնի` համապատասխան բարձրագույն կամ այլ հաստատություն ավարտելու մասին դիպլոմով, դասընթացներ անցնելու, որպես թարգման աշխատելու մասին վկայականով, տեղեկանքով և այլ փաստաթղթերով: Որպես կանոն, թարգման պետք է ներգրավվի համապատասխան կրթություն և փորձ ունեցող անձը, ով իր մասնագիտական գործունեության ընթացքում թարգմանչական գործառույթներ է իրականացնում, և նրա ձեռնհասությունը կասկած չի հարուցում: Քրեական գործով վարույթին որպես թարգման ներգրավման ենթակա չեն նաև գործի ելքով շահագրգռված անձինք(15):

______________________________

15) Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Նաիրա Գելաշվիլու գործով 2007 թվականի մայիսի 4-ի թիվ ՎԲ-72/07 որոշումը:

 

19.2. Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական դատավարության լեզվին չտիրապետող անձանց և մասնավորապես մեղադրյալի իրավունքների լրացուցիչ երաշխիքների շարքում օրենսդիրն առանձնացնում է վարույթն իրականացնող մարմնի պարտականությունը` պարզելու որպես թարգման ներգրավման ենթակա անձի` քրեական գործով շահագրգռված չլինելու և ձեռնհասության հանգամանքները: Նշված պահանջներից որևէ մեկի բացակայության դեպքում, որպես թարգման ներգրավման ենթակա անձը չի կարող մասնակցել գործի քննությանը և ենթակա է բացարկման:

20. Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական դատավարության լեզվին չտիրապետող անձանց` իրենց համար նախընտրելի լեզվով հանդես գալու իրավունքի արդյունավետ իրացման նախադրյալ է նախորդ կետում քննարկված պահանջներին համապատասխանող անձին որպես թարգման ներգրավելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականությունը:

21. Քրեական դատավարության լեզվին չտիրապետող անձանց` իրենց համար նախընտրելի լեզվով հանդես գալու իրավունքի համատեքստում Վճռաբեկ դատարանը դիրքորոշում է արտահայտել նաև այն մասին, որ դատավարության լեզվին չտիրապետող անձանց իրավունքների լրացուցիչ երաշխիքների շարքում քրեադատավարական օրենսդրությունն առանձնացնում է տվյալ անձանց հանձնման ենթակա փաստաթղթերի վավերացված պատճեններն իրենց համար հասկանալի լեզվով տրամադրելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականությունը: Հանձնման ենթակա փաստաթղթերի ներքո պետք է հասկանալ ոչ թե քրեական գործում առկա բոլոր փաստաթղթերը, այլ միայն նրանք, որոնք քրեադատավարական օրենսդրությամբ ենթակա են հանձնման և անհրաժեշտ ու բավարար են անձի` արդար դատաքննության, այդ թվում` պաշտպանության իրավունքն ապահովելու տեսանկյունից(16):

________________________________

16) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Սուրեն Խաչատուրովի գործով 2017 թվականի օգոստոսի 21-ի թիվ 21/32-313-17 որոշման 24-րդ կետը:

 

22. Վերոնշյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ նախընտրելի լեզվով հանդես գալու անձի իրավունքը դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման նախադրյալ է, որն ապահովում է վերջինիս` գործնականում իրատեսական և իրագործելի լինելը: Քննարկվող իրավունքի օրենսդրական երաշխիքների չապահովումը քրեադատավարական օրենքի էական խախտում է, որը նախատեսված է դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերի շարքում (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետը)(17):

______________________________

17) Տե՛ս նույն որոշման 26-րդ կետը:

 

23. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Կ.Բաքնիաշվիլին քրեադատավարական լեզվին չի տիրապետում և մինչդատական վարույթի ընթացքում ներգրավված է եղել Կ.Բաքնիաշվիլիի նախընտրած` վրացերեն լեզվով թարգմանչական գործառույթ իրականացնող թարգման Մ.Ալավերդյանը(18):

__________________________

18) Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

 

Քրեական գործը դատական քննության նախապատրաստելիս, Կ.Բաքնիաշվիլիի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի քննարկման ժամանակ, Առաջին ատյանի դատարանը ներգրավել է թարգման, ում որակավորումը հաստատող որևէ փաստաթուղթ Վճռաբեկ դատարանում ստացված գործի նյութերում առկա չէ(19):

________________________

19) Տե՛ս սույն որոշման 6-րդ, 6.1-րդ և 7-րդ կետերը:

 

Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի մայիսի 13-ի դատական նիստի արձանագրության վերծանումից պարզ է դառնում, որ թարգմանը հրավիրվել է հայերենից-ռուսերեն և ռուսերենից-հայերեն թարգմանություն կատարելու համար, Կ.Բաքնիաշվիլին ռուսերեն լեզվին վատ է տիրապետում, իսկ ներգրավված թարգմանի կողմից մեղադրյալի նախընտրած լեզվին` վրացերենին տիրապետելու աստիճանն ակնհայտորեն անբավարար է եղել` վերջինիս կողմից թարգմանի իր պարտականությունները կատարելու համար(20):

_____________________________

20) Տե՛ս սույն որոշման 6.1-րդ կետը:

 

Թարգմանը թարգմանությունն իրականացրել է ռուսերեն և վրացերեն լեզուների զուգորդմամբ, մեղադրյալը դատավարության մասնակիցների հարցադրումներին պատասխանել է հիմնականում վրացերենով: Առաջին ատյանի դատարանը Կ.Բաքնիաշվիլիի իրավունքները և պարտականությունները պարզաբանել է այնքանով, որքանով նրան բացատրվել է բացարկ հայտնելու իրավունքը(21):

__________________________

21) Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

 

Գործի նյութերից երևում է նաև, որ մեղադրյալ Կ.Բաքնիաշվիլիին չի հանձնվել Առաջին ատյանի դատարանի դատական ակտի` վրացերեն լեզվով թարգմանված օրինակը(22):

__________________________

22) Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

 

24. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 14-22-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ա) Առաջին ատյանի դատարանի դատական նիստի ձայնային արձանագրության վերծանումից ակնհայտ է ներգրավված թարգմանի անձեռնհասությունը, և Առաջին ատյանի դատարանը դատավարության լեզվին չտիրապետող անձի` նախընտրած լեզվով հանդես գալու իրավունքի իրացման նպատակով չի ապահովել վրացերեն լեզվին ազատորեն տիրապետող թարգմանի մասնակցություն,

բ) առերևույթ բացարկման ենթակա թարգմանի մասնակցությամբ դատավարական համապատասխան ընթացակարգի ապահովման, անձի իրավունքների և պարտականությունների պարզաբանման ուղղությամբ Առաջին ատյանի դատարանի կողմից ձեռնարկված կոնկրետ գործողությունները ձևական բնույթ են կրել և գործնականում չեն կարող գնահատվել որպես արդյունավետ միջոց` դատավարության լեզվին չտիրապետող անձի համար արդար դատաքննության կազմակերպման տեսանկյունից.

գ) Առաջին ատյանի դատարանը պատշաճ չի իրացրել անձի դատավարական կարգավիճակից բխող վերջինիս իրավունքներն ու պարտականությունները պարզաբանելու գործառույթը ոչ միայն, այն առումով, որ չի ապահովել անձի համար նախընտրելի լեզվին ազատորեն տիրապետող թարգմանի մասնակցությունը, այլև Կ.Բաքնիաշվիլիի իրավունքները և պարտականությունները պարզաբանել է միայն բացարկ հայտնելու իրավունքի համատեքստում:

25. Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական լինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումն իրավաչափ չէ:

26. Վճռաբեկ դատարանն անթույլատրելի է համարում նաև Կ.Բաքնիաշվիլիի` արդար դատաքննության, այդ թվում` պաշտպանության իրավունքն ապահովելու տեսանկյունից վերոգրյալ դատավարական խախտումներին Վերաքննիչ դատարանի կողմից անդրադարձ չկատարելու փաստը, հատկապես այն պայմաններում, երբ վերջինիս պաշտպանը վերաքննիչ բողոքով փաստարկել է Առաջին ատյանի դատարանի կողմից վերոնշված իրավունքների խախտումը(23):

______________________________

23) Տե՛ս սույն որոշման 10.1-րդ կետը:

 

27. Այսպիսով, ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Կ.Բաքնիաշվիլիի` արդար դատաքննության, այդ թվում` պաշտպանության իրավունքն ապահովելու տեսանկյունից Առաջին ատյանի դատարանը և Վերաքննիչ դատարանը թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ ու 83-րդ հոդվածների խախտում, որն իր բնույթով էական է, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն` հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար: Սակայն, հաշվի առնելով, որ սույն գործով Կ.Բաքնիաշվիլիի վերաբերյալ առկա է օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ, իսկ 2019 թվականի սեպտեմբերի 13-ին Կ.Բաքնիաշվիլին ազատ է արձակվել` ամբողջությամբ կրելով նշանակված պատիժը(24), ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ակտերի բեկանման արդյունքում հնարավոր չէ վերականգնել անձի խախտված իրավունքը: Վերոգրյալի հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը պետք է բավարարել մասնակիորեն, ճանաչել Կ.Բաքնիաշվիլիի իրավունքների խախտման փաստը, իսկ ստորադաս դատարանի դատական ակտը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

______________________________

24) Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն:

2. Ճանաչել Կախաբեր Գիորգիի Բաքնիաշվիլիի իրավունքների խախտման փաստը:

3. Կախաբեր Գիորգիի Բաքնիաշվիլիի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի հունիսի 21-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Լ. Թադևոսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 2 փետրվարի 2021 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
02.02.2021
N ԼԴ2/0015/01/19
Որոշում