ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 ապրիլի 2021 թվականի N 523-Ն
ԱՐՅԱՆ ՌԵԵՍՏՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ, ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը և 11-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել արյան ռեեստրի գործունեության, տեղեկությունների գրանցման, օգտագործման և տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. ապրիլի 9
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2021 թվականի ապրիլի 8-ի
N 523-Ն որոշման
ԿԱՐԳ
ԱՐՅԱՆ ՌԵԵՍՏՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ, ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են արյան ռեեստրի գործունեության, դրանում անհրաժեշտ տեղեկությունների գրանցման, օգտագործման և այդ տեղեկությունների տրամադրման հետ կապված հարաբերությունները:
2. Արյան ռեեստրն առցանց էլեկտրոնային տեղեկատվական համակարգ է, որին համակարգչային ցանցով միացած են`
1) Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը.
2) արյան դոնորություն և (կամ) փոխներարկումային (տրանսֆուզիոլոգիական, պերֆուզոլոգիական) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունները.
3) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը.
4) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը.
5) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը.
6) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Թոքաբանության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:
3. Արյան ռեեստրը վարում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը:
2. ԱՐՅԱՆ ՌԵԵՍՏՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ
4. Արյան ռեեստրը կազմված է երկու ենթաբաժնից`
1) դոնորության տվյալների բազա.
2) փոխներարկման տվյալների բազա:
5. Դոնորության տվյալների բազան ներառում է`
1) արյան դոնորություն իրականացնող բժշկական կազմակերպությունների վերաբերյալ տեղեկությունը.
2) արյան դոնորների անհատական տվյալները` ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, սեռը, հաշվառման վայրը (փաստացի բնակության վայրը).
3) արյան դոնորների առողջական վիճակի վերաբերյալ տեղեկությունը, ներառյալ` արյունատվության հակացուցումները` մշտական կամ ժամանակավոր. ընդ որում, արյունատվության ժամանակավոր հակացուցման դեպքում նշվում են հակացուցման ժամկետի ավարտման օրը, ամիսը, տարին.
4) դոնորական արյան փորձանմուշի հետազոտման արդյունքների վերաբերյալ տեղեկությունը` վարակային անվտանգության, ալանինամինատրանսֆերազա ֆերմենտի մակարդակի, արյան խմբի և ռեզուս գործոնի վերաբերյալ տվյալները.
5) արյունատվության դիմած դոնորների արյունատվության օրը, ամիսը, տարին.
6) արյունատվության դիմած դոնորների արյունից ստացված արյան բաղադրամասերի անվանումը և միավորների քանակը.
7) արյան դոնորություն իրականացնող բժշկական կազմակերպություններում արյան բաղադրամասերի պաշարների վերաբերյալ տեղեկությունը.
8) դոնորության համար բացարձակ հակացուցում ունեցող անձանց ցանկը, որը մշտապես համալրվում է սույն կարգի 2-րդ կետի 2-6-րդ ենթակետերում նշված կազմակերպություններից ստացված տվյալներով.
9) արյան դոնորություն իրականացնող բժշկական կազմակերպություններում խոտանված արյան և դրա բաղադրամասերի միավորների քանակի, խոտանված արյան բաղադրամասերի անվանման, ինչպես նաև խոտանման պատճառների վերաբերյալ տվյալները:
6. Փոխներարկման տվյալների բազան ներառում է`
1) փոխներարկումային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների տվյալները.
2) փոխներարկված արյան բաղադրամասերի վերաբերյալ տվյալները` արյան բաղադրամասի տեսակը, այդ բաղադրամասը պատրաստած բժշկական կազմակերպության տվյալները, պիտանիության ժամկետը, այն անձի տվյալները, ում փոխներարկվել է.
3) փոխներարկումային բարդության տեսակը` իմունային կամ ոչ իմունային, արագ զարգացող կամ ուշ զարգացող:
7. Արյան ռեեստրի տեղեկությունները գրանցվում են արյան դոնորություն և փոխներարկումային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների կողմից համապատասխան գործողությունը կատարելուց հետո` 24 ժամվա ընթացքում:
8. Սույն կարգի 7-րդ կետում նշված կազմակերպությունների կողմից տեղեկությունն առցանց գրանցելու նպատակով բժշկական կազմակերպության տնօրենը նշանակում է պատասխանատու(ներ):
3. ԱՐՅԱՆ ՌԵԵՍՏՐԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
9. Արյան ռեեստրի տեղեկություններն օգտագործում են սույն կարգի 2-րդ կետում նշված կազմակերպությունները: Ընդ որում`
1) արյան ռեեստրը վարողին հասանելի է դոնորության և փոխներարկումային տվյալների բազաներում գրանցված տեղեկությունը` ամբողջ ծավալով.
2) արյան դոնորություն իրականացնող բժշկական կազմակերպություններին հասանելի են դոնորության տվյալների բազայում գրանցված հետևյալ տեղեկությունները`
ա. Հայաստանի Հանրապետությունում արյան դոնորություն իրականացնող բժշկական կազմակերպություններում առկա փոխներարկման համար պիտանի արյան բաղադրամասերի (էրիթրոցիտային զանգված, թարմ սառեցված պլազմա, թրոմբոցիտային զանգված, կրիոպրեցիպիտատ) միավորների քանակի, դրանց պիտանելիության ժամկետների, արյան խմբի և ռեզուս գործոնի վերաբերյալ տեղեկությունը,
բ. արյան դոնորների առողջական վիճակի` արյունատվության հակացուցման վերաբերյալ տեղեկությունը,
գ. դոնորների արյունատվության օրը, ամիսը, տարին և իրենց արյունից ստացված բաղադրամասերի անվանումը և միավորների քանակը.
3) փոխներարկումային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններին հասանելի է դոնորության տվյալների բազայում գրանցված` Հայաստանի Հանրապետությունում արյան դոնորություն իրականացնող բժշկական կազմակերպություններում առկա փոխներարկման համար պիտանի արյան բաղադրամասերի (էրիթրոցիտային զանգված, թարմ սառեցված պլազմա, թրոմբոցիտային զանգված, կրիոպրեցիպիտատ) միավորների քանակի, դրանց պիտանելիության ժամկետների, արյան խմբի և ռեզուս գործոնի վերաբերյալ տեղեկությունը.
4) սույն կարգի 2-րդ կետի 3-6-րդ ենթակետերում նշված կազմակերպություններին հասանելի է դոնորության տվյալների բազայում գրանցված դոնորական արյան փորձանմուշի հետազոտության արդյունքների և վարակային անվտանգության վերաբերյալ տեղեկությունը:
4. ԱՐՅԱՆ ՌԵԵՍՏՐԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
10. Արյան ռեեստրից տեղեկատվություն ստանալու իրավունք ունեն`
1) դոնորը` դոնորին վերաբերող տվյալների մասով.
2) ռեցիպիենտը կամ նրա օրինական ներկայացուցիչը կամ կոնտակտային անձը` ռեցիպիենտին վերաբերող տվյալների մասով.
3) Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունը, հատուկ քննչական ծառայությունը, դատախազությունը, դատարանները` օրենքով սահմանված կարգով:
11. Դոնորի մոտ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդության կամ վարակակրության հայտնաբերման դեպքում արյան դոնորություն իրականացնող բժշկական կազմակերպության տնօրենը երեք աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած` առողջապահության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին` գրության մեջ նշելով դոնորի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, հաշվառման վայրը (փաստացի բնակության վայրը) և հայտնաբերված շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունը կամ վարակը:
12. Դոնորի գրավոր պահանջով արյան դոնորություն իրականացնող բժշկական կազմակերպությունը պարտավոր է հինգ աշխատանքային օրվա ընթացքում դոնորին ռեեստրից տրամադրել կազմակերպության տնօրենի ստորագրությամբ հաստատված քաղվածք` նշելով դոնորին վերաբերող տեղեկությունը:
13. Ռեցիպիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի կամ կոնտակտային անձի գրավոր պահանջով փոխներարկումային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունը պարտավոր է հինգ աշխատանքային օրվա ընթացքում սույն կետում նշված անձանց ռեեստրից տրամադրել կազմակերպության տնօրենի ստորագրությամբ հաստատված քաղվածք` նշելով ռեցիպիենտին վերաբերող տեղեկությունը:
Պաշտոնական հրապարակման օրը` 9 ապրիլի 2021 թվական: