Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

    Ք. Երևան                                    ԲԴԽ-13-Ո-Կ-03

08 ապրիլի 2021 թ.

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(2-րդ մաս)

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Բարձրագույն դատական խորհրդի 08 ապրիլի 2021թ. թիվ ԲԴԽ-13-Ո-Կ-03

որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ

 

Բարձրագույն դատական խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) 2021թ. ապրիլի 8-ին քննության առնելով Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով)` «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2021 թվականի հունվարի 25-ի թիվ Կ-16/2020 որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը (այսուհետ` Միջնորդություն) որոշել է. «Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, մերժել» (այսուհետ` Որոշում): Որոշման ամբողջական տեքստը հրապարակվել է 27.04.2021թ.:

Միջնորդության բավարարման օգտին են քվեարկել Խորհրդի նիստին մասնակցած Խորհրդի 9 անդամներից 2-ը, 5 անդամ քվեարկել է դեմ (որոնցից երեքը պատճառաբանական մասի վերաբերյալ ներկայացրել են հատուկ կարծիք), ինչի արդյունքում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) 94-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա ընդունվել է միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշում:

Համաձայն չլինելով Որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի հետ, գտնում ենք, որ դատավոր Արթուր Մկրտչյանի (այսուհետ նաև` Դատավոր) կողմից թիվ ԵԴ/3870/02/20 քաղաքացիական գործով թույլ է տրվել այնպիսի կարգապահական խախտում, որի համար Դատավորը պետք է ենթարկվեր պատասխանատվության, ուստի ներկայացնում ենք սույն հատուկ կարծիքը:

 

1. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.

1) 07.02.2020 թվականին Արմինե Հովհաննիսյանի ներկայացուցիչ Էլինա Գյուրջյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Զավեն Զոհրաբյանի` ամուսնալուծության, ալիմենտի բռնագանձման և անչափահասների բնակելի տարածության օգտագործման իրավունքը ճանաչելու պահանջների մասին:

Հայցադիմումը 07.02.2020 թվականին մակագրվել է Դատավորին և վերջինիս կողմից ստացվել` 10.02.2020 թվականին:

2) Դատարանը (դատավոր Արթուր Միշայի Մկրտչյան) 18.02.2020 թվականին որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին:

3) Հայցվոր կողմը չի ստացել վերը նշված որոշումը, ինչի կապակցությամբ Դատարանի նախագահին 23.04.2020 թվականին ներկայացրել է դիմում` շարադրելով հայցադիմումը վարույթ ընդունելու մասին տեղեկությունների բացակայության վերաբերյալ հաղորդման մեջ նշված փաստական տվյալները և խնդրելով անհապաղ ձեռնարկել միջոցներ գործի հետագա ընթացքն ապահովելու համար:

4) Դատարանի նախագահի կողմից վերը նշված դիմումը 29.04.2020 թվականին հասցեագրվել է Դատավորին` հետագա ընթացքը լուծելու համար:

5) Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին 18.02.2020 թվականի որոշումը Արմինե Հովհաննիսյանին ուղարկվել է Դատավորի օգնականի 26.05.2020 թվականի գրությամբ (գրությունը Դատարանի գրասենյակից ելքագրվել է հաջորդ օրը` 27.05.2020 թվականին) և այն հասցեատիրոջ կողմից ստացվել է 04.06.2020 թվականին: Նշված որոշման մասին տեղեկությունները «DataLex» դատական տեղեկատվական համակարգում լրացվել են 22.06.2020 թվականին:

6) Դատարանի 31.08.2020 թվականի որոշմամբ 30.09.2020 թվականին գործով հրավիրվել է առաջին նախնական դատական նիստը (նիստի վերաբերյալ ծանուցումները կողմերին ուղարկվել են 11.09.2020 թվականին), որը կայացել է և հետաձգվել:

7) Դատարանի 30.09.2020 թվականի որոշմամբ կողմերի միջև բաշխվել է ապացուցման պարտականությունը:

8) Թիվ ԵԴ/3870/02/20 քաղաքացիական գործով նախնական դատական նիստ է նշանակվել 01.12.2020 թվականին:

9) Դատարանի 01.12.2020 թվականի որոշմամբ թիվ ԵԴ/3870/02/20 քաղաքացիական գործով նախնական դատական նիստն ավարտվել է և գործը նշանակվել է դատաքննության 16.03.2021 թվականին, ժամը` 17:00-ին:

10) Դատավորն իր բացատրությամբ ընդունել է, որ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն իսկապես դատավարության մասնակիցներին ուղարկվել է դատավարական օրենքով նախատեսված ժամկետի խախտմամբ:

11) Ըստ ստացված տեղեկատվության` Դատարանի Քանաքեռ նստավայրի գրասենյակի աշխատակիցների «COVID-19» վիրուսով վարակվելու պատճառով գրասենյակի բնականոն աշխատանքը չի խաթարվել, այն շարունակել է աշխատել:

12) Ըստ 2020 թվականի 1-ին կիսամյակում Դատավորի վարույթում գտնվող գործերի վերաբերյալ տվյալների` 2019 թվականից առկա է 1454 փոխանցված գործ, 2020 թվականին ստացվել է 683 գործ, որից կարճվել է 50, ավարտվել է 1139 գործ, անավարտ` 940 գործ:

13) Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել 2020թ. մարտի 16-ի ժամը 18:30-ից (տե՛ս ՀՀ Կառավարության 16.03.2020 թվականի N 298-Ն որոշում):

14) Դատավորը միջնորդել է մերժել միջնորդությունը հղում անելով Օրենքի 156-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին:

 

2. Որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի հետ կապված մեկնաբանություններ.

1) Որոշմամբ միջնորդությունը մերժած Խորհրդի անդամներն արձանագրել են, որ «Դատավորի գործողություններում առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 2-րդ մասի խախտում, ինչն իր հերթին հանգեցրել է Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով սահմանված վարքագծի կանոնների խախտման:»:

2) Չնայած խախտման փաստի արձանագրմանը, Խորհուրդը որոշել է մերժել պատասխանատվության կիրառումը, քանի որ. «(...) հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում «COVID-19» վարակի համաճարակը, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ ժամանակահատվածում համաճարակով պայմանավորված եղել են նաև օբյեկտիվ գործոններ, որոնք ազդեցություն են ունեցել արդարադատություն իրականացնելիս Դատավորի գործունեության բնականոն ընթացքի երբեմնի խաթարման վրա, և Դատավորի կողմից թույլ տրված վերը նշված խախտումը եղել է անփութության և ոչ դիտավորության կամ կոպիտ անփութության արդյունք:»:

3) Մեզ համար անընդունելի են միջնորդությունը մերժած Խորհրդի անդամների կողմից վերը բերված պատճառաբանությունները: Մասնավորապես Որոշման մեջ անտեսվել է այն հանգամանքը, որը կողմերին հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ուղարկելու Դատավորի պարտականությունը ծագել է մինչև կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված արտակարգ դրության հայտարարումը, ինչը հաստատվում է նաև Որոշմամբ:

4) Դեռ ավելին, գործի նյութերով հիմնավորվում է, որ Դատավորի այն բացատրությունը, թե իբր հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը կողմերին ուշ ուղարկելը պայմանավորված է եղել դատարանի գրասենյակի աշխատանքի խափանմամբ, հերքվել է ինչպես Դատարանի գրությամբ, այնպես էլ այն հանգամանքով, որ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը գրասենյակին Դատավորի աշխատակազմի կողմից հանձնելու հենց հաջորդ օրն այն ուղարկվել է կողմերին:

5) Ակնհայտ է, որ Որոշման մեջ նշված այն եզրահանգումը, որ. «(...) Դատավորի կողմից թույլ տրված վերը նշված խախտումը եղել է անփութության և ոչ դիտավորության կամ կոպիտ անփութության արդյունք», նույնպես չի համապատասխանում իրականությանը, քանի որ, ինչպես հիմնավորվում է գործի նյութերով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 2-րդ մասի խախտումը Դատավորի կողմից վերացվել է միայն Դատարանի նախագահի կողմից հայցվորի դիմումը 29.04.2020 թվականին Դատավորին հասցեագրվելուց հետո շուրջ մեկ ամիս անց` 26.05.2020 թվականին: Անհասկանալի է, թե ինչու Որոշման մեջ Խորհուրդը քննարկելով Դատավորի կողմից ժամկետների բացթողումը, փաստելով, որ. «(...)Դատարանը պարտավոր էր 18.02.2020 թվականին կայացրած հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն օրենքով սահմանված եռօրյա ժամկետում գործին մասնակցող անձանց ուղարկել, մինչդեռ Հայցվորին ուղարկվել է Դատավորի օգնականի 26.05.2020 թվականի գրությամբ: Այսինքն, որոշումը կայացվելուց ավելի քան 3 ամիս անց:», չի անդրադառնում Հայցվորի սույն կետում նշված դիմումին, ինչը ուղղակի պատճառ է հանդիսացել Դատավորի կողմից խախտման վերացման: Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը օրենքով նախատեսված ժամկետում կողմերին չուղարկելը և հայցվորի կողմից այդ մասին հայտնելուց հետո որոշումը մեկ ամիս անց նոր ուղարկելը, այսինքն նույնիսկ դիմումից հետո անմիջապես գործողություններ չձեռնարկելը հաստատում են, որ խախտումը եղել է կոպիտ անփութության և ոչ թե անփութության արդյունք:

6) Համաձայն չենք նաև Միջնորդության մերժման հիմքում դրված Որոշման հետևյալ հիմնավորումների հետ. «Բարձրագույն դատական խորհուրդը, ուսումնասիրելով գործի նյութերը, գտնում է նաև, որ չնայած թույլ տրված դատավարական նորմի խախտման, կարևոր է արձանագրել, որ համաձայն ներկայացված նյութերի, Դատավորի կողմից թույլ տրված խախտումը չի հանգեցրել այնպիսի հետևանքների, որոնք առաջացրել են իրավունքի անհամաչափ սահմանափակում, կամ իրավունքից զրկում կամ կողմի համար առաջացրել են օրենքով չնախատեսված պարտականություն: Դատավորի արարքը չի հանգեցրել դատական իշխանության հեղինակազրկմանը, դրանով չեն խախտվել երեխայի իրավունքները և օրինական շահերը, և այն կարող է գնահատվել իբրև նվազ կարևորություն ունեցող խախտում` նկատի ունենալով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ ընտանեկան օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ մասի` ալիմենտ հատկացվում է դատարան դիմելու պահից, իսկ երեխան օրենքի ուժով (ՀՀ ընտանեկան օրենսգիրք) կարող է բնակվել ծնողներից ցանկացածի հետ, իսկ կայացվելիք վճիռը միայն որոշակիություն կմտցնի կողմերի հարաբերությունների մեջ»:

7) Քննարկվող գործով որոշումը ժամանակին չուղարկելու հետևանքով առաջացած բացասական հետևանքների արդյունքում Դատավորի դատավարական անգործությունն ուղղակիորեն ազդել է գործի հետագա ընթացքի վրա:

8) Մասնավորապես հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ժամանակին չուղարկելու արդյունքում դատավարությունը մտել է փակուղի, ինչն էլ հանգեցրել է նրան, որ գործով առնվազն 7 ամիս դատական նիստ չի հրավիրվել, և քանի դեռ պատասխանողի պատասխան կամ հակընդդեմ հայց ներկայացնելու իրավունքներն ապահովված չէին, հնարավոր չէր գործի ըստ էության քննությանն ուղղված կատարել անհրաժեշտ դատավարական գործողություններ: Ընդ որում, ալիմենտի գանձման պահանջի մասով կարող էր կիրառվել արագացված դատաքննություն, ինչն էլ իր հերթին ընդգծում է նման պահանջով դատական վարույթն անհապաղ սկսելու, ըստ այդմ` վարույթի սկիզբն ազդարարող հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն առնվազն եռօրյա ժամկետում կողմին ուղարկելու անհրաժեշտությունը:

9) Փաստորեն, հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ժամանակին չուղարկելու արդյունքում այլևս հնարավոր չէր կատարել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասով, 166-րդ հոդվածով, 303-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված դատավարական գործողությունները, այսինքն` դրանք այլևս չեն կատարվել հենց հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշմամբ գործի քննության սկիզբն ազդարարելու մասին տեղեկության բացակայության, այն կողմին ուղարկված չլինելու և այդ ուղղությամբ Դատավորի կողմից գործուն քայլեր չձեռնարկելու արդյունքում: Ընդ որում, «DataLex» դատական տեղեկատվական համակարգում լրացված չեն եղել հայցադիմումի դատավարական ընթացքի մասին տեղեկությունները, և էլեկտրոնային եղանակով ևս կողմերը զրկված են եղել հայցադիմումի ընդունման մասին տեղեկություն ստանալու և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով իրենց դատավարական իրավունքներից օգտվելու հնարավորություններից:

10) Բացի այդ, գործով ներկայացված պահանջներն իրենց հերթին պարզապես ընդգծում են հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ժամանակին ուղարկելու իրավական նշանակությունն ու արժեքը և բացահայտում են այն չուղարկելու Դատավորի անգործությունից բխող բացասական հետևանքները:

11) Սահմանադրության 37-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանա»: «Երեխայի իրավունքների մասին» (20 նոյեմբերի 1989 թվական) կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում, անկախ այն բանից, թե դրանք ձեռնարկվում են սոցիալական ապահովության հարցերով զբաղվող պետական կամ մասնավոր հիմնարկների, դատարանների, վարչական կամ օրենսդրական մարմինների կողմից, առաջնահերթ ուշադրություն է դարձվում երեխայի լավագույն շահերին»: Նույն հոդվածի 2-րդ հոդվածի համաձայն` «Մասնակից պետությունները պարտավորվում են երեխային ապահովել նրա բարեկեցության համար անհրաժեշտ պաշտպանությամբ և հոգատարությամբ` ուշադրության առնելով նրա ծնողների, խնամակալների կամ օրենքով նրա համար պատասխանատվություն կրող այլ անձանց իրավունքներն ու պարտականություններն, և այդ նպատակով ձեռնարկում են օրենսդրական ու վարչական բոլոր համապատասխան միջոցները»:

12) Համաձայն «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (Հռոմ, 1950թ. Նոյեմբերի 4) 7-րդ արձանագրության 5-րդ հոդվածի` «Ամուսնանալիս, ամուսնության ընթացքում և ամուսնալուծության դեպքում ամուսինների հավասար իրավունքներ և մասնավոր իրավական բնույթի հավասար պատասխանատվություն ունեն փոխադարձ հարաբերություններում: Սույն հոդվածը պետություններին չի խոչընդոտում ձեռնարկել այնպիսի միջոցներ, որոնք անհրաժեշտ են երեխաների շահերը պաշտպանելու համար»:

13) Ըստ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի` երեխայի խնամքի և դաստիարակության վերաբերյալ վեճը լուծելիս դատարանները պետք է առաջնորդվեն երեխայի լավագույն շահերով (C.v. Finland գործով 2006թ. մայիսի 9-ի վճիռ, Olsson v. Sweden գործով 1988թ. Մարտի 24-ի վճիռը):

14) «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածը պահանջում է, որպեսզի ապահովվի հավասարակշռություն երեխայի և ծնողների շահերի միջև, և այդ հավասարակշռման գործընթացում առանձնակի կարևորություն պետք է վերապահել երեխայի շահերին, որոնք, կախված դրանց բնույթից և շրջանակներից, կարող են գերակայել ծնողների շահերի նկատմամբ: «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի համաձայն` «Բնակելի տարածության վարձակալի կամ սեփականատիրոջ ընտանիքի անդամ հանդիսացող երեխան ունի այդ վարձակալի կամ սեփականատիրոջ զբաղեցրած բնակելի տարածությունում ապրելու իրավունք` անկախ իր բնակության վայրից (...)»: ՀՀ ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` «երեխան իր ծնողներից և ընտանիքի այլ անդամներից ապրուստի միջոց պահանջելու իրավունք ունի սույն օրենսգրքի 5-րդ բաժնով սահմանված կարգով ու չափերով»:

15) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածի համաձայն`

«1. Ընտանեկան վեճեր քննելիս գործի քննությունն իրականացվում է սույն օրենսգրքով նախատեսված կանոնների պահպանմամբ` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով և սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված առանձնահատկությունները:

2. Երեխայի լավագույն շահերի ապահովման անհրաժեշտությունից ելնելով` դատարանը գործի լուծման համար անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով պարտավոր է, չսահմանափակվելով գործին մասնակցող անձանց միջնորդություններով, նրանց ներկայացրած ապացույցներով և գործում առկա այլ նյութերով, ձեռնարկել ողջամիտ միջոցներ գործի քննությունը լրիվ, բազմակողմանի իրականացնելու համար, մասնավորապես պահանջելու տեղեկություններ, ապացույցներ, լրացուցիչ բացատրություններ, հանձնարարելու գործին մասնակցող անձանց ներկայանալ դատական նիստի, նշանակելու փորձաքննություն, հարցաքննելու վկաների, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, ֆիզիկական և իրավաբանական անձանցից պահանջելու փաստաթղթեր:

3. Երեխայի լավագույն շահերի ապահովման անհրաժեշտությունից ելնելով` դատարանն իր նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ հայցի ապահովման կարգով կարող է գործին մասնակցող կամ այլ անձանց արգելել կամ պարտավորեցնել կատարելու որոշակի գործողություններ, թեկուզև հայցի ապահովման կիրառված միջոցն առերևույթ հանգեցնում է ներկայացված պահանջի փաստացի կատարման»:

16) Ամբողջ վերոշարադրյալ իրավական նորմերի համակարգային վերլուծությունից հետևում է, որ երեխայի լավագույն շահերի պաշտպանության ապահովմանը միտված օրենսդրությամբ սահմանվել են այնպիսի կարգավորումներ, որոնք ստեղծում են պայմաններ հնարավորինս արագ և արդյունավետ ապահովելու երեխաների լավագույն շահերի պաշտպանությունը` դրանք գերակա համարելով անգամ ծնողական իրավունքներից ու պարտականություններից, միևնույն ժամանակ` սահմանելով այնպիսի մեխանիզմներ, որոնց պրակտիկ կիրառման արդյունքում երեխաների շահերը ենթարկվեն ուղղակի պաշտպանության` անկախ ծնողների վարքագծից: Վերը նշվածի մասին են վկայում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վերոհիշյալ կարգավորումները, որոնք ոչ միայն հնարավորություն են ստեղծում, այլև` պարտականություն են դնում դատարանի վրա չսահմանափակվել գործին մասնակցող անձանց միջնորդություններով, ինչպես նաև իր նախաձեռնությամբ հայցի ապահովման կարգով գործին մասնակցող կամ այլ անձանց արգելել կամ պարտավորեցնել կատարելու որոշակի գործողություններ, թեկուզև հայցի ապահովման կիրառված միջոցն առերևույթ կարող է հանգեցնել ներկայացված պահանջի փաստացի կատարման` երեխայի լավագույն շահերի ապահովման անհրաժեշտությունից ելնելով: Ընդ որում, եթե ծնողների գործողությունները կամ անգործությունը հակասում են երեխայի լավագույն շահերին, ապա դատարանը պարտավոր է ինքնուրույն միջամտել և իր նախաձեռնությամբ կատարել այնպիսի գործողություններ, որոնք պետք է ուղղված լինեն երեխայի լավագույն շահերի պաշտպանությանն ու կոնկրետ դեպքով կյանքի կոչեն երեխայի լավագույն շահերի պաշտպանությունը` այդ գործերով ցուցաբերելով առանձնահատուկ ուշադրություն, ջանասիրություն և հոգատարություն:

17) Հետևաբար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված դատավարական այն բոլոր գործողությունները, այդ թվում` հայցադիմում վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելն ու դրանից բխող հետագա դատավարական գործողությունները, երեխաների ապրուստի և բնակելի տարածության օգտագործման իրավունքի ճանաչման վերաբերյալ հարցերով գործի քննության ժամանակ պետք է կատարվեն հնարավորինս արագ և արդյունավետ կերպով, և նման գործերով դատավարությունը դատավորը պետք է կազմակերպի այնպես, որպեսզի երեխաների իրավունքների պաշտպանության հայցին հնարավորինս շուտ տրվի դատական լուծում` սկսած հայցադիմումը վարույթ ընդունելու հարցից:

18) Ի հակառակը վերոգրյալի, Խորհուրդը որոշել է, որ «(...) Դատավորի կողմից թույլ տրված խախտումը չի հանգեցրել այնպիսի հետևանքների, որոնք առաջացրել են իրավունքի անհամաչափ սահմանափակում, կամ իրավունքից զրկում կամ կողմի համար առաջացրել են օրենքով չնախատեսված պարտականություն: (...) չեն խախտվել երեխայի իրավունքները և օրինական շահերը, և այն կարող է գնահատվել իբրև նվազ կարևորություն ունեցող խախտում` նկատի ունենալով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ ընտանեկան օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ մասի` ալիմենտ հատկացվում է դատարան դիմելու պահից, իսկ երեխան օրենքի ուժով (ՀՀ ընտանեկան օրենսգիրք) կարող է բնակվել ծնողներից ցանկացածի հետ, իսկ կայացվելիք վճիռը միայն որոշակիություն կմտցնի կողմերի հարաբերությունների մեջ»: Չհամաձայնվելով Խորհրդի նշված եզրահանգման հետ, պետք է արձանագրել, որ Դատավորի գործողությունները կողմերի համար անմիջականորեն հանգեցրել են իրավունքի անհամաչափ սահմանափակման, քանի որ հայցվորը զրկված է եղել սպասվելիք բավարարումը ժամանակին ստանալուց, պատասխանողը` հայցադիմումի պատասխան ժամանակին ներկայացնելուց: Հայցվորը ստիպված կատարել է լրացուցիչ գործողություններ` Դատավորի անգործությունը վերացնելու ուղղությամբ, ինչի արդյունքում, նոր, ուղղվել է խախտումը:

19) Ակնհայտ է, որ Դատավորի գործողությունների արդյունքում երեխան տևական ժամանակ զրկված է եղել (հայցադիմումը ներկայացվել է 07.02.2020թ., իսկ գործը դատաքննության է նշանակվել 16.03.2021 թվականին, ժամը` 17:00-ին) ապրուստի միջոց, այն է` ալիմենտ ստանալու հնարավորությունից: Միջնորդությունը մերժած Խորհրդի անդամների այն պատճառաբանությունը, որ խախտումը կարող է գնահատվել «(...) իբրև նվազ կարևորություն ունեցող խախտում` նկատի ունենալով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ ընտանեկան օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ մասի` ալիմենտ հատկացվում է դատարան դիմելու պահից (...)» չի կարող որևէ կերպ ընդունելի լինել մեզ համար: Ալիմենտի վճարումը ոչ թե եկամուտ ստանալու այլ ապրուստի համար միջոցներ ունենալու նպատակ է հետապնդում: Կարևորելով ալիմենտի ժամանակին վճարումը ՀՀ ընտանեկան օրենսգրքի 96-րդ հոդվածը իրավունք է տալիս դատարաններին ալիմենտ բռնագանձելու որոշում կայացնել մինչև ալիմենտ բռնագանձելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, իսկ երեխաների համար ալիմենտ բռնագանձելիս` մինչև ալիմենտ բռնագանձելու մասին վճիռ կայացնելը: Ակնհայտ է, որ ալիմենտային պարտավորությունների ողջ նպատակը ժամանակին և հնարավորինս արագ ապրուստի միջոց տրամադրելու պարտականության ամրագրումն է, այնինչ, Որոշմամբ խեղաթյուրվում է այդ սկզբունքը և Դատավորի գործողություններն արդարացնելու համար փաստացի նշվում է, որ դատարան դիմելու պահից ալիմենտ հաշվարկելու հնարավորությունը «թույլ է տալիս» դատարաններին ձգձգել նմանատիպ գործերի քննությունը: Այնինչ, նման մեկնաբանության պայմաններում դատարանների կողմից ալիմենտային գործերով ձգձգումները կարող են հանգեցնել նրան, որ թեկուզև հայցվորը տևական ժամանակ հետո պատասխանողից կլորիկ գումար ստանալու իրավունք կունենա, սակայն, իրականում, երկարատև դատական գործընթացի արդյունքում կանգնած կլինի ապրուստի միջոցներ հայթայթելու խնդրի առջև: Կոպիտ ասած Որոշումից ստացվում է, որ «նորմալ է, եթե երեխան մեկ կամ երկու տարի սոված մնա, փոխարենը վերջում խոշոր գումար կստանա»:

20) Որոշմամբ Միջնորդությունը մերժած Խորհրդի անդամներն անդրադարձել են միայն հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը կողմերին ուշ ուղարկելու հանգամանքին, այնինչ, Միջնորդության մեջ որպես խախտում է նշված նաև հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ուշ ուղարկելու արդյունքում առնվազն 6 ամիս դատական նիստ չհրավիրվելու և դրա արդյունքում անհրաժեշտ դատավարական գործողություններն ուշացնելու հանգամանքը: Խորհուրդը պարտավոր էր գործով վերջնական որոշում կայացնելու համար քննարկեր Միջնորդության մեջ նշված բոլոր հիմքերն ու հիմնավորումները, անդրադառնար այն հանգամանքին, թե ինչ կլիներ, եթե հայցվորը չհիշեցներ Դատավորի անգործության մասին, ինչը չի կատարվել:

21) Որոշմամբ չի քննարկվել նաև Դատավորի կողմից ներկայացված պատասխանում բերված առարկությունը վարույթ հարուցող մարմնի կողմից վարույթ հարուցելու ժամկետների խախտման վերաբերյալ, որպիսի հանգամանքը դարձել է նաև քննարկման առարկա գործի բանավոր քննության փուլում: Դատավորը գտել է, որ վարույթը հարուցած մարմինը խախտել է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի ընթացքի համար Օրենքով սահմանված ժամկետները, և համաձայն է եղել այդ հիմքով վարույթի կարճմանը: Դատավորը նշել է, որ Օրենքի 144-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված է եռամսյա ժամկետ վարույթ հարուցելու համար այն դեպքում, երբ վարույթը հարուցվում է դատավորի վարքագծի կանոնները դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ խախտելու հիմքով: Հանձնաժողովը առարկել է և նշել, որ վարույթի հարուցման հիմք է հանդիսացել Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի խախտումը, որից ածանցվել է արդեն դատավորի վարքագծի կանոնների խախտումը, ուստի, որպես ժամկետների հաշվարկման հիմք պետք է դիտել Օրենքի 144-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, որը սահմանում է վարույթի հարուցման մեկ տարվա ժամկետ:

22) Կարծում ենք Խորհուրդը պարտավոր էր անդրադառնալ վարույթների հարուցման ժամկետների պահպանման այս կարևոր հարցին, որը չի կատարել: Այնուամենայնիվ սույն հատուկ կարծիքի ամբողջականության ապահովման նպատակով մենք գտնում ենք, որ սույն գործի փաստերի համատեքստում ավելի հիմնավոր է Հանձնաժողովի կողմից բերված բացատրությունը, քանի որ գործի նյութերից ակնհայտ է, որ Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով սահմանված վարքագծի կանոնների խախտումներն ածանցվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 2-րդ մասի խախտումից, և առանց դատավարական նորմի խախտման սույն գործով չէր ծագի նաև վարքագծի կանոնների խախտման հարց: ՈՒստի ցանկացած վարույթի ընթացքում, երբ հարց է ծագում ժամկետների պահպանման մասին, անհրաժեշտ է նախ և առաջ ուշադրություն դարձնել` պահպանվել են արդյո՞ք հիմնական խախտման համար վարույթ հարուցելու ժամկետները:

23) Վերոգրյալի արդյունքում գտնում ենք, որ Դատավորի գործողություններում առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 2-րդ մասի խախտում, ինչն իր հերթին հանգեցրել է Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով սահմանված վարքագծի կանոնների խախտման: Խախտումը կատարվել է կոպիտ անփութությամբ, բացակայում են Օրենքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքերը, և Խորհուրդը պարտավոր էր բավարարել Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը և դատավոր Արթուր Մկրտչյանին ենթարկել կարգապահական պատասխանատվության: Բարձրագույն դատական խորհրդի անդամներ`

 

Գ. Բեքմեզյան _____________________

Լ. Մելիքջանյան ___________________

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
08.04.2021
N ԲԴԽ-13-Ո-Կ-03
Որոշում