https://petekamutner.am/shared/Information/Irazekum%20276.pdf
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
28 հոկտեմբերի 2021 թվականի N 276
ՄԻԿՐՈՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏԻ ԿՈՂՄԻՑ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԻ ՕՏԱՐՈՒՄԸ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ (ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
Առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող հարկ վճարողը ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործվող հիմնական միջոցը օտարել է: Տվյալ դեպքում հիմնական միջոցի օտարումը միկրոձեռնարկատիրության սուբյեկտի կողմից կհամարվի՞ առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն:
Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի 267-րդ հոդվածի`
- 3-րդ մասին համապատասխան` միկրոձեռնարկատիրության սուբյեկտ կարող են համարվել այն ռեզիդենտ առևտրային կազմակերպությունը և անհատ ձեռնարկատերը, որոնց` նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել 24 միլիոն դրամը,
- 5-րդ մասով սահմանված են այն դեպքերը, երբ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունը և անհատ ձեռնարկատերը չեն կարող համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, մասնավորապես` նույն մասի 3-րդ կետին համապատասխան` միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել Երևան քաղաքի վարչական սահմաններում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը, Երևան քաղաքի վարչական սահմաններից դուրս` առևտրի իրականացման վայրերում, առևտրի կենտրոններում և տոնավաճառներում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև անձնական օգտագործման ավտոմեքենաների առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ կամ էլեկտրոնային առևտրի շրջանակներում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը:
Օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին համապատասխան` միկրոձեռնարկատիրության սուբյեկտը դադարում է այդպիսին համարվելուց, եթե տեղի է ունեցել օրենսգրքի 267-րդ հոդվածի 5-րդ մասի 1-3-րդ, 6-րդ, 8-րդ կամ 9-րդ կետերում նշված փաստերից որևէ մեկը` այդ փաստը տեղի ունենալու օրվանից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը:
Հաշվի առնելով վերոգրյալը, հայտնում ենք, որ միկրոձեռնարկատիրության սուբյեկտի կողմից` հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներին համապատասխան հաշվառված հիմնական միջոցի օտարումը, չի համարվում առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ