ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ 2-4098
դատարանի որոշում 2021 թ.
Քաղաքացիական գործ թիվ 2-4098
Նախագահող դատավոր` Մ. Հարթենյան
Դատավորներ` Կ. Համբարձումյան
Ն. Մարգարյան
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող Ռ. Հակոբյան
զեկուցող Ա. Բարսեղյան
Ս. Անտոնյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Ա. Մկրտչյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան
2021 թվականի հուլիսի 23-ին
գրավոր ընթացակարգով քննելով Կարինե Խաչատուրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.07.2020 թվականի «Նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի Հայկ Բեգլարյանի լիազորված անձ «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռ. Հարությունյանի ընդդեմ Կարինե Խաչատուրյանի, Սեդա և Աննա Փիլոյանների` հասարակության և պետության կարիքների համար փոխհատուցմամբ սեփականությունն օտարելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Հայկ Բեգլարյանի լիազորված անձ «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռ. Հարությունյանը պահանջել է պարտավորեցնել պատասխանողներին սեփականության իրավունքով պատկանող` Երևան քաղաքի Փ. Բուզանդ փողոցի թիվ 85 հասցեում գտնվող` 46,3 քմ մակերեսով բնակարանն օտարել Հայկ Բեգլարյանին:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի (դատավոր` Գ. Կարախանյան) (այսուհետ` Դատարան) 29.12.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 17.07.2020 թվականի որոշմամբ Կարինե Խաչատուրյանի կողմից Դատարանի 29.12.2007 թվականի վճիռը նոր հանգամանքով վերանայելու վերաբերյալ բողոքը վերադարձվել է: Դատավոր Կ. Համբարձումյանը ներկայացրել է հատուկ կարծիք:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կարինե Խաչատուրյանը (ներկայացուցիչ` Սերգեյ Գրիգորյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը նոր հանգամանքով դատական ակտը վերանայելու բողոքը վերադարձնելիս կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերով սահմանված պահանջների խախտման պատճառաբանությամբ: Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված է վերաքննիչ բողոքն, ի թիվս այլ հիմքերի, նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները չպահպանելու հիմքով վերադարձվելու դեպքում այն կրկին ներկայացնելու իրավական հնարավորություն:
Այսպիսով` Վերաքննիչ դատարանը, չկիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասը, անձին զրկել է արդար դատաքննության բաղադրիչ հանդիսացող դատարանի մատչելիության իրավունքից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 17.07.2020 թվականի «Նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք անձն իրավունք ունի նոր հանգամանքով դատական ակտի վերանայման բողոքում թույլ տրված խախտումները վերացնելուց հետո կրկին ներկայացնել վերանայման բողոքը, եթե այն վերադարձվել է բողոքի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջների չպահպանման հիմքով:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արդեն իսկ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, ի թիվս այլնի Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը, Վարդան Աբրահամյանն ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):
Եվրոպական դատարանի կայուն դատական պրակտիկայի համաձայն` պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «...պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե՛ս, Khalfaoui v. France, թիվ 34791/97 գանգատով ՄԻԵԴ 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման վարույթի ներքոշարադրյալ իրավակարգավորումներին: Այսպես`
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 421-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման բողոքում պետք է նշվեն` բողոք բերող անձի և գործին մասնակցող անձանց անունները (անվանումները), նրանց բնակության (գտնվելու վայրի) հասցեները, դատական ակտի վերանայման համար հիմք հանդիսացող նոր երևան եկած կամ նոր հանգամանքի շարադրանքը և հիմնավորումը, թե ինչու է այն հիմք դատական ակտի վերանայման համար: Նույն հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետի համաձայն` բողոքին կցվում են` բողոքը և կից փաստաթղթերը գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու կամ նրանց հանձնելու մասին ապացույցներ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 422-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` դատարանը բողոքն ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում, որոշում է կայացնում նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոքը վերադարձնելու մասին, եթե` չեն պահպանվել նույն օրենսգրքի 421-րդ հոդվածի պահանջները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական ակտի վերանայման բողոքը վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների կողմից ենթակա է վերադարձման նաև համապատասխանաբար նույն օրենսգրքի 371-րդ և 395-րդ հոդվածներով սահմանված հիմքերով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 422-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական ակտի վերանայման բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշվում են բողոքում թույլ տրված բոլոր առերևույթ խախտումները: Նման որոշում կայացնելու դեպքում բողոք բերած անձին ուղարկվում է միայն դատական ակտի վերանայման բողոքը վերադարձնելու մասին որոշումը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 422-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` նույն օրենսգրքի 420-րդ հոդվածի պահանջների խախտման, սահմանված ժամկետը լրանալուց հետո բողոքը ներկայացվելու և սահմանված ժամկետը վերականգնելու միջնորդություն չպարունակելու կամ մեկից ավելի դատական ակտերի դեմ բողոք բերված լինելու հիմքերով բողոքը վերադարձնելու որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, թույլ տրված խախտումները վերացվելու և կրկին ներկայացվելու դեպքում դատարանը մեկամսյա ժամկետում որոշում է կայացնում նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման վարույթ հարուցելու մասին: Բողոքը կրկին ներկայացվելու դեպքում խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրամադրվում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե` չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշվում են բողոքում թույլ տրված խախտումները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում, իսկ վճարման կարգադրության կամ որոշման դեմ ներկայացված բողոքով եռօրյա ժամկետում սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը: Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում:
ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում (ՍԴՈ-701, ՍԴՈ-751, ՍԴՈ-758, ՍԴՈ-767, ՍԴՈ-833, ՍԴՈ-935, ՍԴՈ-943, ՍԴՈ-984, ՍԴՈ-1099, ՍԴՈ-1275) արտահայտել է իրավական դիրքորոշումներ Հայաստանի Հանրապետությունում նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի, դրա արդյունավետության և կենսունակության չափանիշների, այդ ինստիտուտի միջոցով անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի իրականացման համար անհրաժեշտ իրավական երաշխիքների վերաբերյալ:
ՀՀ սահմանադրական դատարանը 27.01.2021 թվականի թիվ ՍԴՈ-1573 որոշմամբ արձանագրել է, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի` «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հիման վրա ներպետական մակարդակում որոշ գործերի վերաքննության կամ վերաբացման մասին R (2000) 2 հանձնարարականի համաձայն` դատարանի վճիռների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելուն ուղղված Նախարարների կոմիտեի պրակտիկան ցույց է տալիս, որ բացառիկ հանգամանքներում գործերի վերաքննությունը կամ վարույթի վերաբացումը հանդիսանում է ամենաարդյունավետ, եթե ոչ միակ միջոցը մինչև խախտումը գոյություն ունեցած վիճակը վերականգնելուն (restitutio in integrum) հասնելու համար, ուստի Նախարարների կոմիտեն խրախուսում է Պայմանավորվող պետություններին, մասնավորապես, ուսումնասիրել իրենց ազգային իրավական համակարգերը` ապահովելու գործի վերաքննության համարժեք հնարավորությունների առկայություն, այդ թվում` վարույթի վերաբացումը, այն դեպքերում, երբ Դատարանը գտել է Կոնվենցիայի խախտում: Սահմանադրական դատարանը գտել է, որ այն դեպքում, երբ անձի կոնվենցիոն իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, անձը պետք է ունենա այդ իրավունքի վերականգնման նպատակով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու հնարավորություն:
Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը 31.05.2016 թվականի թիվ ՍԴՈ-1275 գործով կայացված որոշմամբ հայտնել է այն իրավական դիրքորոշումը, որ «(...) նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման դիմում ներկայացնելու վերաբերյալ դրույթներ սահմանելիս օրենսդիրը պետք է, ելնելով անձի` դատարանի մատչելիության և արդյունավետ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքներից, օրենսդրորեն անհրաժեշտ երաշխիքներ նախատեսի դրանց ապահովման համար»:
Վերը նշված իրավական նորմերի և դիրքորոշումների համակարգային մեկնաբանության արդյունքում` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը նախատեսել է նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք բերելու իրավական հնարավորություն` միաժամանակ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերով սահմանելով վերանայման բողոք ներկայացնելու ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Ընդ որում, օրենսդիրը ամրագրել է նաև դատական ակտի վերանայման բողոքի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջների չպահպանման բացասական հետևանքները, այն է` վերանայման բողոքը ենթակա է վերադարձման` համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության 422-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ հիմքից բացի դատական ակտի վերանայման բողոքը վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների կողմից ենթակա է վերադարձման նաև համապատասխանաբար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ և 395-րդ հոդվածներով սահմանված հիմքերով, որոնք ևս նույնաբովանդակ կարգավորում են սահմանում առ այն, որ բողոքը ենթակա է վերադարձման, եթե չեն պահպանվել դրա ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է վերաքննիչ բողոքը վերադարձնելու և այն կրկին ներկայացնելու դատավարական նորմերի վերլուծությանը: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոք բերած անձի կողմից չեն պահպանվել վերաքննիչ բողոքին ներկայացվող և օրենքով սահմանված պահանջները, դատարանը վերադարձնում է վերաքննիչ բողոքը: Այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերաբերում են բողոքի ձևին և բովանդակությանը, ապա դատարանը տրամադրում է օրենքով սահմանված ժամկետ դրանք վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար: Ընդ որում, նշված ժամկետը բողոք բերած անձին տրամադրվում է օրենքի ուժով և ենթակա չէ որևէ սահմանափակման (տե՛ս, Գեորգի Ավետիսյանն ընդդեմ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի թիվ ԵԷԴ/0327/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.03.2018 թվականի որոշումը):
Վերահաստատելով և զարգացնելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ դրանք կիրառելի են նաև այն դեպքերի նկատմամբ, երբ նոր հանգամանքով դատական ակտի վերանայման բողոքը վերաքննիչ դատարանը վերադարձնում է բողոքի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջների չպահպանման հիմքով: Այսպես` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նախ անդրադառնալ այն իրավիճակին, երբ դատական ակտի վերանայման բողոքը վերադարձվել է ՀՀ քաղաքացիական դատավարության 371-րդ հոդվածով սահմանված հիմքերով: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի «Վերաքննիչ բողոքը վերադարձնել» վերտառությամբ 371-րդ հոդվածով սահմանված` վերաքննիչ բողոքը վերադարձնելուն վերաբերող իրավական կարգավորումները անհրաժեշտ է համակարգային մեկնաբանել: Այսինքն` եթե դատարանը դատական ակտի վերանայման բողոքը վերադարձնում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածով սահմանված` վերաքննիչ բողոքի վերադարձման հիմքով, ապա կիրառման ենթակա է նաև համապատասխան հիմքով վրա հասնող հետևանքը: Այսպես` ՀՀ քաղաքացիական դատավարության 371-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 1-ի կետի` վերաքննիչ բողոքի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջների չպահպանման հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն անդրադառնալով հաջորդ իրավիճակին, այն է` երբ դատական ակտի վերանայման բողոքը վերադարձվել է ՀՀ քաղաքացիական դատավարության 422-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով, այսինքն` դատական ակտի վերանայման բողոքի ձևին և բովանդակության ներկայացվող պահանջների չպահպանման հիմքով, հարկ է համարում արձանագրել հետևյալը. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 422-րդ հոդվածը նշված պարագայում ըստ էության չի նախատեսում վերը նշված հիմքով այն վերադարձնելու դեպքում օրենքով սահմանված ժամկետում թույլ տրված խախտումները վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու հնարավորություն: Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քաղաքացիական դատավարությունում` դատական ակտի բողոքարկման ընդհանուր կառուցակարգի պարագայում օրենսդիրն անձին հնարավորություն է տվել բողոքի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջների չպահպանման հիմքով այն վերադարձնելու դեպքում օրենքով սահմանված ժամկետում թույլ տրված խախտումները վերացնել և բողոքը կրկին ներկայացնել: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նոր հանգամանքով դատական ակտի բողոքարկման պարագայում ևս պետք է ապահովվի անձի համարժեք հնարավորությունը բողոքի ձևին և բովանդակությանը վերաբերվող խախտումների առկայության պարագայում դրանք օրենքով սահմանված ժամկետում վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու: Նշված դեպքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ենթակա է կիրառման ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի այն կանոնակարգումը, որի համաձայն` դատավարական ժամկետները սահմանվում են նույն օրենսգրքով, այլ օրենքներով, իսկ օրենքով սահմանված չլինելու դեպքում` դատարանի կողմից: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշվածը նպատակ ունի երաշխավորել դատարանի մատչելիության և արդյունավետ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքը` այդ կերպ ապահովելով գործի վերաքննության համարժեք հնարավորությունների կենսագործումն «ընդհանուր» և «բացառիկ» վերաքննությունների պարագայում:
Ավելին, հարկ է նշել, որ բողոքում բարձրացված հարցադրման կապակցությամբ կայուն դատական պրակտիկա է ձևավորվել վճռաբեկության վարույթի մասով: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը, թիվ ԵԿԴ/3468/02/08 քաղաքացիական գործով 05.08.2020 թվականի «Դատական ակտի վերանայման վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ արձանագրելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 421-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի և 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 4-րդ մասի պահանջների խախտումներ, վերադարձրել է նոր հանգամանքով դատական ակտի վերանայման բողոքը և վերադարձնելուց հետո թույլ տրված խախտումները վերացնելու և կրկին ներկայացնելու համար սահմանել է եռօրյա ժամկետ: Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը պատճառաբանել է, որ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 422-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է դատարանի որոշումն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետ թույլ տրված խախտումները վերացնելու և վերանայման բողոքը կրկին ներկայացնելու համար, եթե դատական ակտի վերանայման բողոքը ներկայացվել է օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո և չի պարունակում ժամկետը վերականգնելու միջնորդություն, իսկ մյուս հիմքերով նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոքը վերադարձնելուց հետո թույլ տրված խախտումները վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար որևէ ժամկետ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված չէ: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտել է, որ պետք է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի այն կանոնակարգումը, որի համաձայն` դատավարական ժամկետները սահմանվում են նույն օրենսգրքով, այլ օրենքներով, իսկ օրենքով սահմանված չլինելու դեպքում` դատարանի կողմից»:
ՀՀ վճռաբեկ դատարանը նույնաբովանդակ դիրքորոշում է արտահայտել նաև թիվ ԼԴ2/0371/02/19 քաղաքացիական գործով 02.04.2021 թվականի, թիվ ԼԴ2/0366/02/20 քաղաքացիական գործով 07.04.2020 թվականի, թիվ ԵԴ/26953/02/18 քաղաքացիական գործով 10.03.2021 թվականի և թիվ ԼԴ2/1590/02/19 քաղաքացիական գործով 07.04.2021 թվականի «Դատական ակտի վերանայման վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումներում:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն` Կարինե Խաչատուրյանի ներկայացուցիչ Սերգեյ Գրիգորյանը Դատարանի 29.12.2007 թվականի վճռի դեմ 25.06.2019 թվականին ներկայացրել է նոր հանգամանքով դատական ակտի վերանայման բողոք (հատոր 2-րդ, գ.թ. 3-5):
Վերաքննիչ դատարանը 17.07.2020 թվականի «Նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ արձանագրել է, որ չեն պահպանվել ՀՀ քաղաքացիական դատավարության 421-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի, նույն հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետի պահանջները, այն է` բողոքում նշված չեն գործին մասնակցող անձանց` տվյալ դեպքում Հայկ Բեգլարյանի հասցեն, պատասխանողներ Աննա և Սեդա Փիլոյանների անուններն ու հասցեները, բողոքը չի պարունակում հիմնավորում նոր հանգամանքով դատական ակտի վերանայման վերաբերյալ, ինչպես նաև վերանայման բողոքին կցված չեն գործին մասնակցող անձանց բողոքի օրինակն ուղարկելու մասին ապացույցները:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ չեն պահպանվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջները, այն է` չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները, մասնավորապես` վերանայման բողոքը չի բովանդակում նշում նյութական կամ դատավարական իրավունքի նորմի այն խախտման մասին, որն ազդել է գործի ելքի վրա (ՀՀ քաղաքացիական դատավարության 368-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ), ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության հիմնավորումները (ՀՀ քաղաքացիական դատավարության 368-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ):
Արդյունքում Վերաքննիչ դատարանը եկել է այն եզրահանգման, որ բողոք բերած անձի կողմից թույլ են տրվել նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոքի ձևական և բովանդակային պահանջների խախտումներ, հետևաբար վերանայման բողոքը ենթակա է վերադարձման: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը գտել է, որ նոր հանգամանքով դատական ակտի վերանայման բողոքը վերադարձվել է այն հիմքերով, որոնք ներառված չեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 422-րդ հոդվածով սահմանված` խախտումները վերացնելու համար ժամկետ տրամադրելու հիմքերի կազմում, հետևաբար խախտումները վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար ժամկետ չի տրամադրվել (հատոր 2-րդ, գ.թ. 26-28):
Վերը շարադրված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի` նոր հանգամանքով դատական ակտի վերանայման բողոքը կրկին ներկայացնելու համար ժամկետ չտրամադրելու վերաբերյալ եզրահանգման իրավաչափությանը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտի վերանայման բողոքը վերադարձրել է ինչպես ՀՀ քաղաքացիական դատավարության 421-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի, նույն հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետի պահանջների, այնպես էլ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջների խախտման հիմքով: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նշված պահանջները վերաբերում են բողոքի բովանդակությանը, ընդ որում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջների խախտման հիմքով վերադարձը նախատեսում է օրենքով սահմանված ժամկետ դրանք վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու իրավական հնարավորություն: Ինչ վերաբերում է նույն օրենսգրքի 421-րդ հոդվածի պահանջները չպահպանելու հիմքով վերադարձի պայմաններում բողոքում թույլ տրված խախտումները շտկելու և բողոքը կրկին ներկայացնելու հնարավորությանը, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված դեպքում Վերաքննիչ դատարանը պետք է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի հիմքով ապահովեր բողոք բերող անձի դատական ակտի վերանայման հնարավորությունը` համապատասխան ժամկետի տրամադրմամբ` այդ կերպ ապահովելով նաև գործի վերաքննության համարժեք հնարավորությունների կենսագործումն «ընդհանուր» և «բացառիկ» վերաքննությունների պարագայում:
Մինչդեռ սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից նոր հանգամանքով դատական ակտի վերանայման բողոքն առանց ժամկետի տրամադրման վերադարձվելու պայմաններում, անձը զրկվել է բողոքում թույլ տրված խախտումները շտկելու և կրկին ներկայացնելու հնարավորությունից, ինչի արդյունքում սահմանափակվել է բողոք բերած անձի` ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված դատական պաշտպանության և մասնավորապես` վերադաս դատական ատյանի մատչելիության իրավունքը: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 17.07.2020 թվականի «Նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոքը վերադարձնելու մասին» որոշումը ենթակա է վերացման` Վերաքննիչ դատարանի կողմից համապատասխան ժամկետի տրամադրմամբ վերանայման բողոքը վերադարձնելու որոշում կայացնելու համար:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 17.07.2020 թվականի «Նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.07.2020 թվականի «Նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Ռ. Հակոբյան
Զեկուցող Ա. Բարսեղյան
Ս. Անտոնյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Ա. Մկրտչյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան
Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 23 հուլիսի 2021 թվական: