https://petekamutner.am/shared/Information/Irazekum%20288.pdf
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
19 նոյեմբերի 2021 թվականի N 288
ՊՐԻՆՑԻՊԱԼԻ ԱՆՈՒՆԻՑ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՒ ՊԱՅՄԱՆ ՆԱԽԱՏԵՍՈՂ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՈՂՄ ՀԱՆԴԻՍԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
Շրջանառության հարկ վճարող համարվող ընկերությունը պրինցիպալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրի կողմ է` պրինցիպալ: Պայմանագրի շրջանակներում, պրինցիպալը տրամադրում է ապրանք գործակալին, ով մանրածախ եղանակով իրականացնում է պրինցիպալի ապրանքի վաճառքը տրամադրելով գնորդներին ՀԴՄ կտրոն: ՀԴՄ մեքենան պատկանում է գործակալին և գրանցված է գործակալի անունով: Եթե գործակալը, մանրածախ առևտրի պարագայում տրամադրում է ՀԴՄ կտրոն իր (գործակալի) անունով գրանցված ՀԴՄ-ով, և ամեն ամսվա վերջ կազմում է համապատասխան հաշվետվություն պրինցիպալի հետ և իրականացնում փոխադարձ հաշվարկներ գործակալական պայմանագրի պահանջներին համապատասխան, արդյո՞ք այս պարագայում պրինցիպալը կշարունակի համարվել շրջանառության հարկ վճարող, թե՞ նման գործունեությունը, անկախ պայմանագրի պայմաններից, կհամարվի կոմիսիոն բնույթի գործունեություն և պրինցիպալը կդադարի համարվել շրջանառության հարկ վճարող:
Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
- 254-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ կետի համաձայն` շրջանառության հարկ վճարողներ չեն կարող համարվել` օրենսգրքի 31-րդ հոդվածով սահմանված` համատեղ գործունեության պայմանագրի, ինչպես նաև ապրանքների մատակարարման` կոմիսիայի կամ ապրանքների մատակարարման` գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրի կողմ հանդիսացող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները,
- 255-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` շրջանառության հարկ վճարողը դադարում է (բացառությամբ օրենսգրքի 254-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով սահմանված դեպքերի) այդպիսին համարվելուց, եթե` տեղի է ունեցել օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ, 5-րդ կամ 7-րդ կետերում նշված փաստերից որևէ մեկը` այդ փաստը տեղի ունենալու օրվանից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը:
Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ միջնորդական պայմանագրերի մասով շրջանառության հարկ վճարող չեն կարող համարվել միայն ապրանքների մատակարարման` կոմիսիայի կամ ապրանքների մատակարարման` գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրի կողմ հանդիսացող կազմակերպությունները:
Ընդ որում, միջնորդական (մասնավորապես` կոմիսիայի և գործակալության) ծառայությունների մատուցման պայմանագրերին ներկայացվող պահանջները սահմանված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 41-42-րդ գլուխներով:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ