ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
25 նոյեմբերի 2021 թվականի N 297
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՊԻՏԱԼԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
«Ա» ՍՊԸ-ն հանդիսանում է ՀՀ ռեզիդենտ կազմակերպություն և նախատեսում է փոխառության ձևով ֆինանսական միջոցներ ներգրավել «Բ» ՍՊԸ-ից, որը հանդիսանում է Միացյալ Թագավորության ռեզիդենտ, իսկ «Բ» ՍՊԸ-ն այդ միջոցները ներգրավելու է քրաուդֆոնդինգի միջոցով: «Բ» ՍՊԸ-ն Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չի ձևավորում: Քրաուդֆոնդինգի մասնակիցներին «Բ» ՍՊԸ-ի կողմից տրամադրվելու են կամ ներդրված գումարից տոկոսներ կամ Ծաղկաձորում ստեղծվելիք զվարճանքների կենտրոնի տոմսեր` զեղչված գներով: Այս նպատակով ստացված փոխառության դիմաց «Ա» ՍՊԸ-ն վճարելու է տոկոսներ «Բ» ՍՊԸ-ին:
Հաշվի առնելով վերոգրյալը` արդյո՞ք «Հայաստանի Հանրապետության կառավարության և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության միջև եկամուտների և կապիտալի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 11-րդ հոդվածի 1-ին մասը կիրառելի է նկարագրված դեպքում:
Պատասխան
«Հայաստանի Հանրապետության կառավարության և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության միջև եկամուտների և կապիտալի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիայի`
i
- 1-ին հոդվածի համաձայն` կոնվենցիան կիրառվում է պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի ռեզիդենտ հանդիսացող անձանց նկատմամբ,
i
- 3-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետի համաձայն` «անձ» տերմինը ներառում է ֆիզիկական անձ, ընկերության և անձանց ցանկացած այլ միավորում,
i
- 24-րդ հոդվածի համաձայն` պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրի օրենսդրությանը համապատասխան ֆինանսապես թափանցիկ անձի միջոցով ստացված եկամտի, շահույթի կամ կապիտալի արժեքի հավելաճի տարրը համարվում է ստացված պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից այն չափով, որ չափով այդ տարրը այդ պայմանավորվող պետության հարկային օրենսդրության նպատակների համար դիտարկվում է որպես ռեզիդենտի եկամուտ, շահույթ կամ կապիտալի արժեքի հավելաճ,
i
- 11-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պայմանավորվող պետությունում առաջացող և մյուս պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարված տոկոսները կարող են հարկվել այդ մյուս պետությունում:
i
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` այդպիսի տոկոսները, սակայն, կարող են հարկվել այն պայմանավորվող պետությունում, որտեղ առաջանում են` այդ պետության օրենսդրությանը համապատասխան, բայց եթե տոկոսների փաստացի սեփականատերը մյուս պայմանավորվող պետության ռեզիդենտ է, ապա այդ ձևով գանձվող հարկը չպետք է գերազանցի տոկոսների համախառն գումարի 5 տոկոսը:
i
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերի դրույթները չեն կիրառվում, եթե տոկոսների փաստացի սեփականատերը, լինելով պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս պայմանավորվող պետությունում, որտեղ առաջանում են տոկոսները` այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, և պարտապահանջը, որի կապակցությամբ վճարվում են տոկոսները, փաստացի կապված է այդպիսի մշտական հաստատության հետ: Այդ դեպքում կիրառվում են կոնվենցիայի 7-րդ հոդվածի դրույթները:
«Կարող են հարկվել» տերմինը համաձայնագրերում օգտագործվում է այն իմաստով, որ պայմանավորվող պետությունն (երկիրը) իր ներքին օրենսդրությամբ կարող է չունենալ տվյալ տեսակի եկամտի հարկում, ինչը ՀՀ-ի դեպքում առկա չէ (ոչ ռեզիդենտի կողմից ՀՀ աղբյուրներից ստացվող տոկոսները ՀՀ-ում ենթակա են շահութահարկով հարկման 10% դրույքաչափով): Այսինքն, «կարող են հարկվել» տերմինը եկամտի աղբյուր երկրի (տվյալ դեպքում` ՀՀ-ի) համար ոչ թե հնարավորություն է, այլ պարտավորություն, քանի որ կրկնակի հարկման համաձայնագրերով հարկման առաջնահերթության իրավունքը պատկանում է եկամտի աղբյուր երկրին:
i
Հաշվի առնելով վերոգրյալը, հայտնում ենք, որ կոնվենցիայի 11-րդ հոդվածի 2-րդ մասը կիրառելի է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ռեզիդենտ հանդիսացող կազմակերպությունների նկատմամբ (ռեզիդենտության տեղեկանքի առկայության դեպքում), եթե վերջիններս հանդիսանում են այդ տոկոսների փաստացի սեփականատերը և ՀՀ-ում գործունեություն չեն իրականացնում մշտական հաստատության միջոցով:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ