ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ
դատարանի որոշում թիվ ԵԴ/31316/02/20
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/31316/02/20 2021 թ.
Նախագահող դատավոր` Հ. Ենոքյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող Ռ. Հակոբյան
զեկուցող Ն. Տավարացյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Հ. Բեդևյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Ա. Մկրտչյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
2021 թվականի դեկտեմբերի 02-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.03.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ ըստ հայցի Ընկերության ընդդեմ Արմինե Ավետիսյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Արմինե Ավետիսյանից բռնագանձել 317.827,20 ՀՀ դրամ, վարկի գումարի մնացորդի` 259.459,70 ՀՀ դրամի նկատմամբ մինչև պարտավորության փաստացի կատարման պահը ընկած ժամանակահատվածի համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված բանկային տոկոսները` սկսած 21.10.2020 թվականից:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Դ. Մխեյան) (այսուհետ` Դատարան) 29.01.2021 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Հ. Ենոքյան) (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.03.2021 թվականի որոշմամբ Դատարանի 29.01.2021 թվականին կայացված վճռի դեմ Ընկերության կողմից բերված վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Դիանա Խաչատրյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը չի կիրառել «Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 14.10.2016 թվականի թիվ 168-Ն որոշման հավելված հանդիսացող «Վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները և դրանց լրացման կանոնների» 8-րդ կետը, որոնք պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ներկայացված վճարման հանձնարարականով պետական տուրքի վճարումը կատարվել է էլեկտրոնային եղանակով` ինտերնետ-բանկինգ համակարգով, որը համապատասխանում է վճարահաշվարկային փաստաթուղթ ներկայացնելու համար սահմանված վավերապայմաններին:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վճարման հանձնարարականում ստացող ֆինանսական կազմակերպության իրավասու անձի ստորագրության առկայության վավերապայմանը պարտադիր չէ այն դեպքերում, երբ վճարման հանձնարարականը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ հանձնարարականի ներքևի ձախ հատվածից ակնհայտ է, որ փաստաթուղթը հաստատված է էլեկտրոնային ստորագրությամբ «DIGIPASS GO» սարքի միջոցով, բացի այդ, վճարման հանձնարարականը համարվում է ուղարկված, երբ այն ուղարկվում է ստացող բանկին, այսինքն` վճարման հանձնարարականը վավեր է վճարողի կողմից ստացող բանկին ուղարկվելու պահից:
Միաժամանակ Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը վերադարձրել է նաև այն հիմքով, որ վերաքննիչ բողոքը ստորագրվել է Դիանա Խաչատրյանի կողմից, մինչդեռ գործի նյութերում բացակայում է, իսկ վերաքննիչ բողոքին կից ներկայացված չէ վերջինիս` Ընկերության ներկայացուցիչ լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթը: Տվյալ դեպքում վճռաբեկ բողոքում նշված հիմքն Ընկերության կողմից չի վիճարկվում:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն` պետական տուրքի մասով, վերացնել Վերաքննիչ դատարանի 24.03.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` էլեկտրոնային եղանակով կատարված և թղթային տարբերակով ներկայացված պետական տուրքի վճարման վերաբերյալ փաստաթղթին առնչվող վավերապայմանների վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար.
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք էլեկտրոնային եղանակով կատարված պետական տուրքի վճարման վերաբերյալ փաստաթուղթը կարող է համարվել պետական տուրքի վճարման փաստը հավաստող պատշաճ ապացույց այն դեպքում, երբ այն ներկայացված է թղթային տարբերակով և դրանում առկա է վճարող իրավաբանական անձի իրավասու անձի էլեկտրոնային ստորագրությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, (...) մասին ապացույցները: (...):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե` չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերով սահմանվել են վերաքննիչ բողոք ներկայացնելու կարգը, ինչպես նաև վերաքննիչ բողոքի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Ընդ որում, օրենսդիրն ամրագրել է այն բացասական հետևանքները, որոնք կարող են վրա հասնել այն պարագայում, երբ բողոք բերած անձը չի պահպանել վերաքննիչ բողոքի ներկայացման կարգին կամ ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները:
ՀՀ վճռաբեկ դատարանը, վերլուծելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի, «Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 04.11.2014 թվականի թիվ 300-Ն, 13.01.2015 թվականի թիվ 2-Ն, 01.02.2000 թվականի թիվ 18 և 25.04.2000 թվականի թիվ 97 որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 14.10.2016 թվականի թիվ 168-Ն որոշման հավելված հանդիսացող «Վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները և դրանց լրացման կանոնների» (այսուհետ` Կանոններ) համապատասխան դրույթները, նախկինում կայացրած որոշմամբ իրավական դիրքորոշում է հայտնել վճարահաշվարկային համակարգի հասկացության վերաբերյալ` արձանագրելով, որ այն իրենից ներկայացնում է որոշակի տեխնիկա ծրագրային միջոցների ամբողջություն (վճարային գործիքներ, քլիրինգ և այլն), որի միջոցով ապահովվում է վճարման կատարումը շահառուին: Նշված որոշմամբ անդրադառնալով նաև վճարահաշվարկային փաստաթղթի հասկացությանը` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ այն բանավոր, գրավոր կամ էլեկտրոնային եղանակով բանկին տրված հանձնարարությունն է` վճարելու կամ հանձնարարելու այլ բանկի վճարել շահառուին հաստատագրված կամ հաշվարկվող գումար (տե՛ս, Ստեփան Ոսկանյանն ընդդեմ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/2967/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.09.2018 թվականի որոշումը):
Կանոնների 1-ին կետի համաձայն` նշված կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն վճարահաշվարկային ծառայություններ մատուցող կազմակերպություններին ներկայացված` դրամական միջոցները մուտքագրելու, ելքագրելու, փոխանցելու կամ վճարելու վերաբերյալ կարգադրություն պարունակող և (կամ) վճարահաշվարկային ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից ծառայությունների մատուցումը և (կամ) գործարքների կատարումը հաստատող, մատուցված ծառայությունների և (կամ) կատարված գործարքների վերաբերյալ տեղեկատվություն պարունակող փաստաթղթերի (այսուհետ` վճարահաշվարկային փաստաթղթեր) վավերապայմանները և դրանց լրացման կանոնները:
Կանոնների 5-րդ կետի համաձայն` նույն կարգը սահմանում է հետևյալ վճարահաշվարկային փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները և դրանց լրացման կանոնները`
1) վճարահաշվարկային փաստաթղթեր, որոնք պարունակում են կարգադրություն դրամական միջոցները մուտքագրելու, ելքագրելու, վճարելու, փոխանցելու, վճարումը (փոխանցումը) չեղյալ համարելու վերաբերյալ և (կամ) հաստատում (հավաստում) են ծառայությունների մատուցումը և (կամ) գործարքների կատարումը (...):
Հավելվածի 14-րդ կետի համաձայն` նույն կարգով սահմանված վճարահաշվարկային փաստաթղթերում վավերապայմանների լրացման համար գործում են հետևյալ կանոնները.
Վճարահաշվարկային փաստաթղթերի վավերապայմաններում կիրառվող`
1) «համարը» վավերապայմանում լրացվում է տվյալ փաստաթղթի չկրկնվող (ունիկալ) համարը, ընդ որում` համարի ունիկալության պահանջը կարող է չպահպանվել, եթե հաճախորդը նույն կարգի 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված վճարահաշվարկային փաստաթղթերը ներկայացնում է թղթային եղանակով,
2) «ամսաթիվ» վավերապայմանը լրացվում է որպես «օր, ամիս, տարի»,
3) «արժույթը (բառերով կամ կոդով)» դաշտում լրացվում է գործարքի գումարի արժույթը բառերով, եթե վճարահաշվարկային փաստաթուղթը հայերեն է, կամ նշվում է տվյալ արժույթի համար սահմանված կոդը` ըստ ԻՍՕ (ISO) 4217 ստանդարտի, եթե վճարահաշվարկային փաստաթուղթը հայերեն չէ,
4) «գործարքի նպատակ» դաշտում նշվում է տնտեսական գործառնության բովանդակությունը (...),
5) «ստորագրություն» վավերապայմանը նույն կարգով սահմանված վճարահաշվարկային փաստաթղթում լրացվում է.
ա. թղթային եղանակով փաստաթղթերի ներկայացման դեպքում պարտադիր դրվում է հաճախորդի ստորագրությունը, ընդ որում` իրավաբանական անձանց դեպքում դրվում է իրավաբանական անձի իրավասու անձի (անձանց) ստորագրությունը(ները), իսկ ֆիզիկական անձանց դեպքում կարող է դրվել նաև լիազոր անձի ստորագրությունը (...):
8) «Անունը, ազգանունը կամ անվանումը» վավերապայմանում լրացվում է գործարքն իրականացնող անձի անունը և ազգանունը` ֆիզիկական անձ լինելու դեպքում կամ անվանումը` իրավաբանական անձ լինելու դեպքում,
9) «Միջնորդավճարը» դաշտում ֆինանսական կազմակերպության կողմից նշվում է գործարքի կատարման համար գանձվող միջնորդավճարը` գումարային արտահայտությամբ կամ վճարվող, փոխանցվող, մուտքագրվող կամ ելքագրվող գումարի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ,
10) «Գումարը (թվերով և (կամ) բառերով)» դաշտում լրացվում է վճարվող, փոխանցվող, մուտքագրվող կամ ելքագրվող գումարը` թվերով և բառերով, եթե վճարահաշվարկային փաստաթուղթը ներկայացվել կամ տրամադրվել է թղթային եղանակով, հակառակ դեպքում, եթե վճարահաշվարկային փաստաթուղթը ներկայացվել կամ տրամադրվել է էլեկտրոնային եղանակով, նշվում է գումարը` թվերով և (կամ) բառերով:
Հավելվածի 17-րդ կետի համաձայն` «Վճարման հանձնարարական» փաստաթղթի համար սահմանվում են հետևյալ վավերապայմանները և դրանց լրացման կանոնները:
Ըստ հավելվածի նշված կետի նախատեսվել են «Վճարման հանձնարարական» փաստաթղթի նվազագույն վավերապայմանները, որտեղ ի թիվս այլնի, մասնավորապես` 25-րդ կետում նշվել է, որ վճարման հանձնարարականը ստացող ֆինանսական կազմակերպության` գործարքը ձևակերպող աշխատակցի անունը, ազգանունը և (կամ) գործարքը ձևակերպող աշխատակցին նույնականացնող դրոշմակնիքը, ինչպես նաև ստորագրությունը պարտադիր է վճարման հանձնարարականը թղթային եղանակով ներկայացվելու դեպքում:
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ անդրադարձել է Կանոններով սահմանված վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմաններին` նշելով, որ էլեկտրոնային եղանակով վճարահաշվարկային փաստաթղթի ներկայացման դեպքում որպես ստորագրություն կիրառվում է ֆինանսական կազմակերպության կողմից սահմանված` գործարքն իրականացնող անձին նույնականացնող ծածկագրի և (կամ) այլ միջոցի տրամադրումը: Ընդ որում, ստորագրության վավերապայմանի պահանջը համարվում է կատարված, եթե հաճախորդը տալիս է իր համաձայնությունը գործարքն իրականացնելու համար` գործարքի սպասարկումն ապահովող սարքի (միջոցի) կիրառմամբ համապատասխան հրահանգ տալու միջոցով: ՀՀ վճռաբեկ դատարանը, նշված որոշմամբ անդրադառնալով, մասնավորապես վճարման հանձնարարականի վավերապայմաններին, նշել է, որ դրանում վճարումը ստացող ֆինանսական կազմակերպության իրավասու անձի ստորագրության առկայության վավերապայմանը պարտադիր չէ այն դեպքում, երբ վճարման հանձնարարականը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով (տե՛ս, «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ն ընդդեմ Տարոնիկ Գրիգորյանին թիվ ԱՐԱԴ/0405/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.10.2018 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով վկայակոչված դիրքորոշումը, անհրաժեշտ է համարում քննարկվող իրավական հարցադրման համատեքստում հավելել, որ Կանոնների 14-րդ կետի 5-րդ ենթակետի ուժով էլեկտրոնային եղանակով կատարված վճարումների վերաբերյալ վճարահաշվարկային փաստաթղթերը թղթային տարբերակով ներկայացնելու դեպքում պահանջվում է բացառապես վճարող իրավաբանական անձի իրավասու անձի ստորագրությունը:
Սույն գործի դատավարական փաստերի համաձայն` Ընկերությունը փոստային առաքման եղանակով 03.03.2021 թվականին Դատարանի 29.01.2021 թվականի վճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք (գ.թ. 36-44):
Վերաքննիչ դատարանը 24.03.2021 թվականի որոշմամբ վերադարձրել է վերաքննիչ բողոքը` ի թիվս այլ խախտման նաև պետական տուրքի գումարը վճարված լինելու փաստը հավաստող որևէ թույլատրելի ապացույց ներկայացված չլինելու հիմքով: Նշված որոշմամբ Վերաքննիչ դատարանը, ի թիվս այլնի, նշել է, որ վերաքննիչ բողոքին կցված` որպես դրա ներկայացման համար նախատեսված պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը չի կարող պետական տուրքը վճարված լինելու փաստը հավաստող թույլատրելի ապացույց համարվել նախ` այն պատճառով, որ այն իրենից ներկայացնում է միակողմանի ստորագրված վճարման հանձնարարական և չի կարող դրանում նշված գումարը համապատասխան հաշվեհամարին փոխանցված լինելու փաստը հավաստել, բացի այդ` էլեկտրոնային եղանակով ներկայացվող փաստաթուղթը պետք է համապատասխանի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածով նախատեսված կարգին, մասնավորապես պետական տուրքը պետական վճարումների էլեկտրոնային (www.e-payments.am) համակարգի միջոցով վճարելու օրենսդրի պահանջին, ինչը տվյալ դեպքում պահպանված չէ (գ.թ. 57-58):
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործում առկա վերաքննիչ բողոքի համար էլեկտրոնային համակարգով վճարված պետական տուրքի անդորրագրի ուսումնասիրությունից հետևում է, որ ներկայացված վճարահաշվարկային փաստաթղթով պետական տուրքի վճարումը կատարվել է էլեկտրոնային եղանակով, իսկ վճարումը հավաստող ապացույցը ներկայացվել է դատարան թղթային տարբերակով: Մասնավորապես` նշված վճարման անդորրագրում առկա է փաստաթղթի համարը` «b64414e2-0954-4e14-a3a6-5a9o6fd96c77», վճարման օրը, ամիսը, տարին` «03.03.2021 թվական», վճարված գումարի չափը` «9,534.80», արժույթը` «AMD» (ՀՀ դրամ), վճարման նպատակը` «Պետական տուրք դատարան վերաքննիչ բողոք ներկայացնելու համար», վճարող ընկերության անվանումը` «ԿԱՄՈՒՐՋ ՈՒՎԿ ՓԲԸ» (բողոքաբեր), վճարող ընկերության հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)` «00260185», վճարող ընկերության բանկի անվանումը` «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ ՓԲԸ», շահառուի (ստացող) անվանումը` «Կենտրոնական գանձապետարան», շահառուի հաշվեհամարը` «900005016010, գործարքն իրականացնող անձի տվյալները, այն է` ստորագրող Արմինե Արշակյան, ստորագրության կարգ I, II, ամսաթիվը, սարքի անվանումը` «DIGIPASS GO», սարքի սերիան` 2795196746, էլեկտրոնային ստորագրությունը` 792226, վճարող ընկերության բանկի իրավասու անձի ստորագրությունը և կնիքը:
Վերոգրյալից հետևում է, որ բողոքին կից ներկայացված վճարահաշվարկային փաստաթուղթը պարունակում է Կանոնների 14-րդ կետով և Հավելվածի 25-րդ կետով սահմանված վավերապայմանները, մասնավորապես` պետական տուրքի վճարումը հավաստող ապացույցը ներկայացվել է Վերաքննիչ դատարան թղթային տարբերակով` հաճախորդի իրավասու անձի ստորագրությամբ, հետևաբար այն հանդիսանում է վճարման փաստը հավաստող պատշաճ ապացույց:
Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի կիրառության հարցին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված հոդվածով սահմանված են փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով դատարան ներկայացնելու կարգին վերաբերող դրույթներ, իսկ սույն որոշմամբ քննարկվող դեպքում վերաքննիչ բողոքը և կից փաստաթղթերը, այդ թվում` էլեկտրոնային եղանակով պետական տուրքի վճարումը հավաստող ապացույցը ներկայացվել են թղթային տարբերակով` փոստային ծառայության միջոցով:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 14.10.2016 թվականի թիվ 168-Ն որոշմամբ սահմանված կանոնները, որոնք պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, արդյունքում սխալ է գնահատել պետական տուրքի վճարումը հավաստող ապացույցը` թույլ տալով դատավարական նորմի խախտում: Վերաքննիչ դատարանը, օրենքով սահմանված համապատասխան հիմքի բացակայության պայմաններում վերադարձնելով վերաքննիչ բողոքը, խախտել է Ընկերության արդար դատաքննության իրավունքը:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը 24.03.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման մեջ նշել է նաև, որ վերաքննիչ բողոքը ստորագրվել է Դիանա Խաչատրյանի կողմից, մինչդեռ գործի նյութերում բացակայում է, իսկ վերաքննիչ բողոքին կից ներկայացված չէ վերջինիս` Ընկերության ներկայացուցիչ լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթը:
Վերը նշվածը հաշվի առնելով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության կողմից բերված վճռաբեկ բողոքին կից ներկայացվել է Ընկերության կողմից Դիանա Խաչատրյանին տրված պատշաճ լիազորագիրը (տրվել է 10.02.2021 թվականին մեկ տարի ժամկետով), հետևաբար տվյալ դեպքում բացակայում է վերաքննիչ բողոքը նշված հիմքով վերադարձնելու անհրաժեշտությունը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.03.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Ռ. Հակոբյան
Զեկուցող Ն. Տավարացյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Հ. Բեդևյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Ա. Մկրտչյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 2 դեկտեմբերի 2021 թվական: