ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ
31 հունվարի 2022 թվականի N 02-Ն
ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ) ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
4. ՇԵՆՔՈՒՄ ՄԵԿԻՑ ԱՎԵԼԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ) ԿԱՆՈՆՆԵՐ
31. Շահագործմանը և պահպանմանը ներկայացվող պահանջներն են.
1) Մուտքերի, աստիճանավանդակների, աստիճանների համար`
ա. Աստիճանները և աստիճանավանդակները պետք է լինեն առանց ներկվածքի և սվաղի վնասվածքների, պոկված կերամիկական սալիկների, փայտե բազրիքների ճաքերի և ճկվածքների, խարխուլ վիճակում գտնվող թեքահեծանների և աստիճանահարթակների ծածկույթների:
բ. Աստիճանավանդակների բնական լուսավորությունն ապահովող պատուհանները պետք է ապակեպատված լինեն:
գ. Մուտքերի հովարները և արտասանդուղքների աստիճանները ձյունատեղումների ժամանակ պետք է մաքրվեն` բացառելով ձյան սահումը:
դ. Աստիճանավանդակներում պետք է ապահովվի պատերի, պատուհանների, պատուհանագոգերի, գազի հաշվիչների արկղների, ջեռուցման մարտկոցների պարբերական մաքրումը:
ե. Մուտքերը և աստիճանավանդակները պետք է ապահովված լինեն արհեստական լուսավորվածությամբ:
զ. Աստիճանավանդակներում պետք է բացառել գույքի, ապրանքների, իրերի պահեստավորումը:
է. Աստիճանավանդակներում տեղադրված էլեկտրավահանակները և այլ անջատիչ սարքավորումները պետք է գտնվեն փակ պահարաններում, իսկ էլեկտրական հաղորդալարերն անցնեն փակ վիճակով:
ը. Մուտքի դռների և պատուհանների փեղկերի, ապակեկալների և առանձին տարրերի միացումները պետք է լինեն առանց ճեղքերի, առանց կցածալվածքներում մածկանի քայքայման, հերմետիկացնող միջադիրների բացակայության կամ մաշվածության, լցվածքների տարրերի փտման և կորացման, ապակեկալների հանգույցներում և դռների շերտերում կցորդումների թուլացման, ապակեկալների և դռների շերտերի ներկի շերտազատման և քայքայման:
2) Աղբամուղների և աղբահավաք խցերի համար`
ա. Աղբամուղները պետք է գործեն անխափան` քաղաքաշինական, սանիտարահիգիենիկ և հակահրդեհային նորմերի պահանջների ապահովմամբ:
բ. Պետք է իրականացվեն աղբամուղի և աղբահավաք խցերի դեզինսեկցիայի (պայքար միջատների դեմ) ու դեռատիզացիայի (պայքար կրծողների դեմ), իսկ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև դեզինֆեկցիայի (ախտահանման) աշխատանքներ:
գ. Աղբամուղների ձեղնահարկային դռնակները և հորանների ստուգիչ անցքերի կափարիչները պետք է պահվեն փակ վիճակում:
դ. Աղբամուղների բեռնավորող փականների կափարիչները պետք է ապահովված լինեն ռետինե միջադիրներով և հուսալի փակվեն:
ե. Աղբախցերի դռները պետք է ամուր փակվեն և ունենան սողնակ, նրանց ստորին մասը և շեմքերը պատվեն թիթեղով, իսկ հատակների անցքերը և բացվածքները ամրակցվեն` բացառելով կրծողների և միջատների թափանցումը:
զ. Աղբախցերի ներսի պատերը պետք է երեսապատված լինեն խոնավ եղանակով մաքրման հնարավորություն ընձեռող նյութերով և ապահովված լինեն ջրի ծորակով և հոսակով:
է. Աղբախցերը պետք է ապահովված լինեն բնական արտածման օդափոխությամբ:
ը. Աղբահավաք խցի մուտքը պետք է մեկուսացված լինի շենքի մուտքից, աղբահավաք խցի դռները պետք է հերմետիկ փակված լինեն:
թ. Աղբահավաք խցում աղբամուղի բացվածքի տակ պետք է տեղակայված լինի սպառման թափոնները ժամանակավոր պահվելու համար մետաղական կամ պլաստմասսե առնվազն 750 լիտր տարողությամբ կոնտեյներ: Աղբահավաք խցի հատակը պետք է ունենա թեքություն դեպի ջրահեռացման համակարգին միացված հատականցքին:
ժ. Շենքի մուտքերի տեսանելի մասերում աղբահանության սխեմայի և ժամանակացույցի առկայություն:
3) Փոստային բաժանորդային պահարանների համար`
ա. Պահարանները պետք է լինեն առանց ներկվածքի շերտի վնասվածքների, հարթ մակերեսով, փակվող խցիկներով:
բ. Պահարանները պետք է տեղակայված լինեն կապի ծառայությունների մատուցման համար հասանելի վայրում, պետք է լինեն սարքին վիճակում և համապատասխանեն հետևյալ չափանիշներին:
գ. Պահարանի բարձրությունը, երկարությունը, լայնությունը և բացվածքը պետք է ապահովեն ISO միջազգային ստանդարտով C4 (229 մմ x 324 մմ) չափսի ծրարի առանց վնասելու և ծալելու տեղադրումը ու պետք է լինեն ոչ պակաս, քան բարձրությունը` 40 մմ, երկարությունը` 250 մմ, լայնությունը 40 մմ, բացվածքի երկարությունը` 230 մմ և լայնությունը` 30 մմ:
դ. Պահարանը պետք է տեղադրված լինի այնպես, որ բացվածքի բարձրությունը գետնից լինի ոչ պակաս 0,7 մ-ից և ոչ ավելի 1,7 մ-ից:
4) Վերելակների և վերելակային հորերի համար`
ա. Վերելակները և վերելակի խցիկները պետք է լինեն առանց ուղղակի վտանգ սպառնացող վնասվածքների, անվտանգ շահագործման տեխնիկական նորմերից շեղված տեսանելի թերությունների և անսարքությունների: Ընդ որում, տարվա ընթացքում պետք է ապահովվի մասնագիտացված կազմակերպության կողմից վերելակների (մարդատար և բեռնատար) տեխնիկական զննումը:
բ. Պետք է բացառվեն վերելակների շահագործումն` առանց հաստատված տեխնիկական շահագործման թույլտվության,
գ. Վերելակների խցիկներում տեսանելի տեղում պետք է տեղադրված լինեն վահանակներ, որտեղ պետք է նշված լինի վերելակի անվանական բեռնունակությունը` կիլոգրամներով և ուղևորների առավելագույն թույլատրելի թվով:
դ. Վերելակների խցիկը պետք է լինի լուսավորված, դրա ընթացքի և բաց դռների ժամանակ այն պետք է ունենա նաև վթարային լուսավորությունն ապահովող միջոց:
ե. Վերելակների խցիկի ինքնավար կանգի ճշտությունը պետք է լինի +/-35 մմ-ի սահմաններում:
զ. Վերելակների հորանների ներքևի մասում նախատեսված գետնախորշերը պետք է պաշտպանված լինի դրա մեջ գրունտային ջրերի և կեղտաջրերի թափվելուց:
է. Վերելակների հորաններում չի թույլատրվում տեղադրել սարքավորումներ և անցկացնել վերելակներին չվերաբերող հաղորդակցուղիներ` բացառությամբ հակահրդեհային և պահպանության ազդանշանային, սպասարկող անձնակազմի, հորանի օդափոխության համար նախատեսված համակարգերի:
ը. Վերելակների սարքավորումները` կարապիկը, դրա հետ կապված մեխանիկական սարքերը, էլեկտրական սարքավորումները և բլոկները պետք է տեղադրվեն արտաքին ազդեցություններից հատուկ պաշտպանված սրահներում: Չի թույլատրվում կողմնակի մարդկանց մուտքն այդ սրահներ:
թ. Պետք է բացառվի միտումնավոր կամ պատահաբար գործարկված խցիկի ընթացքը, եթե բոլոր արտաքին դռները համապատասխան ձևով փակված չեն:
ժ. Վերելակների խցիկներում օրենսդրությամբ նախատեսված դեպքերում պետք է իրականացվեն նաև դեզինֆեկցիայի (ախտահանման) աշխատանքներ:
32. Վնասվածքները և թերությունները մատնանշող հիմնական արտաքին նշաններն են.
1) Մուտքերի, աստիճանավանդակների, աստիճանների համար`
ա. Մետաղական աստիճանահեծանների կոռոզիան:
բ. Հարթակների և աստիճանաբազուկների ճկվածքները:
գ. Աստիճանահարթակների հատակների և աստիճանների վրա փոսերը, ճաքերը:
դ. Պաշտպանակների, բռնաձողերի ամրակապի և պաշտպանիչ ցանցի թուլացումը:
ե. Մուտքերի պատուհանների փեղկերի և դռների ապակեկալներում, ինչպես նաև առանձին տարրերի միացումների միջև ճեղքերը:
զ. Հերմետիկացնող միջադիրների բացակայությունը կամ մաշվածությունը:
է. Ապակեկալների հանգույցներում և դռների շերտերում կցորդումների թուլացումը:
ը. Պատուհանային ջրթափերի եզրերի ոչ բավարար թեքությունը և անորակ խցումը:
թ. Պատուհանների շրջանակների, ապակեկալների և դռների շերտերի ներկի շերտազատումը և քայքայումը:
ժ. Պատուհանների և դռների փեղկերի ամրացման թուլացումը, կոտրված ապակիները:
ի. Դռների թուլացած ծխնիները, թուլակազմված բռնակները, մետաղաձողերը և այլ օժանդակ պարագաները (ֆուրնիտուրան):
2) Աղբամուղների և աղբահավաք խցերի համար`
ա. Աղբամուղի խողովակի ճաքերը և անցքերը:
բ. Միջհարկային տարածքների բացվածքներում հերմետիկ փակվող կափարիչների բացակայությունը:
գ. Աղբահավաք խցերի արտաքին դռների ոչ հերմետիկ փակվելը:
դ. Աղբամուղի և աղբախցի խցանվածությունը, կրծողների և միջատների առկայությունը:
ե. Աղբահավաք խցի ներքին մակերեսներում մաքրման, լվացման և ախտահանման համար` հարթ, բարեկարգ, ամբողջական մակերեսների բացակայությունը:
զ. Շենքի մուտքերի տեսանելի մասերում աղբահանության սխեմայի և ժամանակացույցի բացակայությունը:
է. Աղբախցի սողնակի, դռան ստորին մասի և շեմքերի պատման թիթեղի բացակայությունը:
3) Փոստային բաժանորդային պահարանների համար`
ա. Պահարանների ներկվածքի շերտի վնասվածքները, մակերեսի անհարթությունը, խցիկներում փականների բացակայությունը, անսարքությունները:
բ. Պահարանների անհասանելիությունը` կապի ծառայությունների մատուցման համար:
գ. սույն կետի «ա» և «բ» ենթակետերում նշված չափանիշներին անհամապատասխանությունը:
4) Վերելակների և վերելակային հորերի համար`
ա. Վերելակի խցիկի աշխատանքային ընթացքի արագության շեղումները:
բ. Խցիկի կանչի միջոցների անսարքությունը, խցիկի մուտքի դռների բացման-փակման կանոնավոր ռեժիմի խախտումը, խցիկի ազատ անկումը կանխարգելող սարքի անսարքությունը:
գ. Վերելակի կանգն ապահովող միջոցների, դրանց կցամասերի և այլ բաղկացուցիչ մասերի, վերելակի անկառավարելի ընթացքը կանխարգելող սարքերի անսարքությունը:
դ. Խցիկի կանգի անճշտությունը:
ե. Բավարար օդափոխության, վթարային լուսավորության միջոցների անսարքությունը:
զ. Վերելակի խցիկի բացակայության դեպքում վերելակի մուտքի դռների բացվելը:
է. Բոլոր արտաքին դռները համապատասխան ձևով փակված չլինելու պարագայում միտումնավոր կամ պատահաբար գործարկված խցիկի ընթացքը:
թ. Վերելակների խցիկների պատերի, հատակի և առաստաղի վնասվածությունը:
33. Շահագործման, պահպանման և արդիականացման կանոններ (այդ թվում` վնասվածքների և թերությունների վերացման միջոցով)
1) Մուտքերի, աստիճանավանդակների, աստիճանների համար`
ա. 32-րդ կետի 1-ին ենթակետի «բ» և «գ» պարբերություններում նշված վնասվածքների բացահայտման դեպքում աստիճանավանդակների տեխնիկական վիճակի հետազննության կազմակերպում` լիցենզավորված կազմակերպության միջոցով:
բ. 32-րդ կետի 1-ին ենթակետի «ա» և «դ» պարբերություններում նշված վնասվածքների բացահայտման դեպքում աստիճանների մետաղական տարրերի ներկում, աստիճանահարթակներում վնասված կամ պոկված կերամիկական սալիկների փոխարինում նորերով, աստիճանահարթակների ծածկույթների, աստիճանների և պաշտպանակների վնասված հատվածների փոխարինում նորով, ճոճվող պաշտպանակների ամրացում:
գ. 32-րդ կետի 1-ին ենթակետի մնացած պարբերություններում նշված վնասվածքների բացահայտման դեպքում` դռների և պատուհանների ամրացում, կոտրված ապակիների փոխարինում, բացվող դռների և պատուհանների պարակալների, ճեղքակալների, փեղկային շերտաձողերի և բռնակների ամրացում, դռների թուլացած ծխնիների ձգում:
2) Աղբամուղների և աղբահավաք խցերի համար`
ա. 32-րդ կետի 2-րդ ենթակետում նշված շահագործման շեղումների բացահայտման դեպքում դրանց վերացում` անհրաժեշտության դեպքում մասնագիտացված կազմակերպության ներգրավմամբ:
3) Փոստային բաժանորդային պահարանների համար`
ա. 32-րդ կետի 3-րդ ենթակետի «ա» պարբերության մեջ նշված վնասվածքների բացահայտման դեպքում պահարանների ներկարարական աշխատանքների իրականացում, փականների տեղադրում, անսարքությունների վերացում:
բ. 32-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» և «գ» պարբերություններում նշված վնասվածքների բացահայտման դեպքում անհամապատասխանությունները վերացնելու ուղղությամբ միջոցների ձեռնարկում:
4) Վերելակների և վերելակային հորերի համար`
ա. 32-րդ կետի 4-րդ ենթակետում նշված որևէ շեղումներ բացահայտման դեպքում վերելակների սպասարկման որակավորման վկայական ունեցող անձին, կամ մասնագիտացված կազմակերպությանը անմիջապես տեղեկացում:
6. ՇԵՆՔԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
34. Շահագործմանը և պահպանմանը ներկայացվող պահանջներն են.
1) Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կոյուղու) համակարգերի համար`
ա. Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կոյուղու) համակարգերը պետք է լինեն նորոգման համար պիտանի, առանց վնասվածքների և մաշվածության, խցանող-կարգավորող արմատուրի անսարքությունների, ծորումների ու հոսակորուստների:
բ. Պետք է ապահովվի խողովակաշարերի քանդովի միացումների, խցանող-կարգավորող արմատուրի, սպասարկման ենթակա սարքերի ու սարքավորումների, ստուգատեղերի, զտիչների, անցքամաքրիչների հասանելիությունը, առանձին տեղամասերի (կանգնակների) փակելու, դատարկելու հնարավորությունը:
գ. Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կոյուղու) համակարգերի սպասարկումը, նորոգումը, առանձին տարրերի փոխարինումը պետք է իրականացվեն մասնագիտացված կազմակերպությունների կողմից:
դ. Կոյուղու կանգնակների ստուգիչ պատուհանները պետք է ունենան դրանց մոտենալու ազատ հնարավորություն:
2) Գազամատակարարման համակարգի համար`
ա. Գազամատակարարման համակարգը պետք է լինի առանց վնասվածքների և թերությունների, համալրված` գազի արտահոսքի վտանգի դեպքում ինքնավար անջատման համակարգերով:
բ. Արտաձիգ օդափոխության հորանները և ծխաօդատար ուղիները պետք է ապահովեն նորմատիվային օդափոխությունը և քարշանքը բոլոր այն շինություններում, որտեղ տեղակայված են գազօգտագործող սարքավորումներ:
գ. Գազասպառման համակարգում կամ գազատարների պահպանման գոտիներում պետք է բացառվեն բաժանորդի կամ կողմնակի անձանց կողմից կատարված ինքնակամ փոփոխությունները, որոնք մատակարարի գնահատմամբ վտանգ են ներկայացնում մարդկանց առողջությանը, կյանքին կամ գույքին: Գազասպառման համակարգի սպասարկումը, նորոգումը, առանձին տարրերի փոխարինումը պետք է իրականացվի մասնագիտացված կազմակերպությունների կողմից:
3) էլեկտրամատակարարման համակարգի համար`
ա. Էլեկտրամատակարարման համակարգը պետք է լինի սարքին վիճակում, առանց վնասվածքների, շահագործումը` անվտանգ, ապահով, առանց մարդկանց կյանքին, առողջությանը կամ գույքին սպառնալիքի:
բ. Պետք է ապահովվի ցանցի կամ առանձին տեղամասերի հոսանքազրկումը և անխափան միացումը, ռելեական պաշտպանության առկայությունը:
4) Կենտրոնացված ջերմամատակարարման համակարգի համար`
ա. Կենտրոնացված ջերմամատակարարման համակարգը (ներառյալ այլընտրանքային էներգիայով աշխատող) պետք է լինի նորոգման համար պիտանի, առանց ցանցի մաշվածության, ծորումների ու հոսակորուստների, խցանող-կարգավորող արմատուրի վնասվածքների, անսարքությունների:
բ. Ջերմամատակարարման ցանցի քանդովի միացումները, խցանող-կարգավորող արմատուրը, կեղտազտիչները, չափիչ-ստուգիչ սարքերը, սպասարկման ենթակա այլ սարքերն ու սարքավորումները պետք է լինեն հասանելի:
գ. Ցանցում պետք է ապահովվի ջերմակրի նորմավորված ջերմաստիճանն ու հոսքը, ցանցի ջրալցումն ու դատարկումը, առանձին տեղամասերի անջատման-միացման, կարգավորման հնարավորությունը:
դ. Ջերմամատակարարման տեղակայանքները` կաթսան, կաթսաների համախումբը, այլընտրանքային էներգիայի աղբյուրներով աշխատող սարքավորումները (արևային ֆոտովոլտային և ջրատաքացման համակարգերը, ջերմային պոմպերը), այլ սարքավորումները (շրջանառու և մղող պոմպերը, ընդարձակման բաքերը, խցանող-կարգավորող արմատուրը, կեղտազտիչներ և այլն) պետք է լինեն գործարանային արտադրության, առանց վնասվածքների, թերությունների, դրանց տեխնիկական վիճակը, փաստացի տեխնիկական բնութագրերը պետք է համապատասխանեն անձնագրային տվյալներին, շահագործումը պետք է իրականացվի համաձայն նորմատիվային, նախագծային, անձնագրային փաստաթղթերի տեխնիկական պահանջների:
ե. Ջերմամատակարարման համակարգերի սպասարկումը, նորոգումը, առանձին տարրերի փոխարինումը պետք է իրականացվի մասնագիտացված կազմակերպությունների միջոցով:
5) Օդափոխության և օդի լավորակման համակարգերի համար`
ա. Օդափոխության և օդի լավորակման համակարգերի` օդատարների, սարքավորումների տեխնիկական վիճակը, տեղաբաշխումը, սպասարկման կարգը պետք է համապատասխանի գործող տեխնիկական կանոնակարգերի պահանջներին: Օդափոխության և օդի լավորակման համակարգերը պետք է լինեն կարգավորվող և կառավարվող, պայթունահրդեհաանվտանգ, առանց վնասվածքների, խզումների, նորոգման համար պիտանի, մաքրման, սպասարկման, նորոգման և փոխարինման համար հասանելի, չգերազանցեն թույլատրելի աղմուկի և թրթռումների սահմանը:
բ. Բնական և մեխանիկական օդափոխության համար նախատեսված հորերը և հորանները, ծխաօդատար ուղիները պետք է լինեն ամբողջական, առանց խցանումների, ապահովեն նախատեսված քարշանքը:
գ. Օդափոխության և օդի լավորակման համակարգերի սպասարկումը և նորոգումը պետք է իրականացվի մասնագիտացված կազմակերպությունների միջոցով:
6) Հրդեհային պաշտպանության համակարգի համար`
ա. Հակահրդեհային պաշտպանության համակարգի(երի) տարրերը` ծխատարները, օդափոխիչները պետք է լինեն մշտապես սարքին վիճակում:
բ. Հրդեհային պաշտպանության համակարգերը պետք է լինեն առանց ամբողջականության խզումների և ձևափոխումների:
7) Հաղորդակցման էլեկտրոնային համակարգերի (ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետային ցանց, հեռախոսակապ, հեռահաղորդակցման այլ համակարգեր) համար`
ա. Հաղորդակցման էլեկտրոնային համակարգերը և սարքավորումները պետք է լինեն սարքին վիճակում, առանց վնասվածքների և շահագործվեն անվտանգության պահանջներին համապատասխան:
բ. Պետք է ապահովել հաղորդակցման էլեկտրոնային համակարգերի և սարքերի, ինչպես նաև դրանց սպասարկման, կառուցման կամ արդիականացման համար կապի ծառայություններ մատուցողների համար անարգել հասանելիությունը:
գ. Շենքում մուտքերի հաղորդակցման մալուխների (բացառությամբ օպտիկամանրաթելային մալուխների) իրանները պետք է փակված լինեն մեկուսիչ չհրկիզվող նյութով և պատյաններով կամ դրանք անցկացվեն մեկուսիչ խողովակներով, բոլոր մետաղական արկղերի և էլեկտրական սարքավորումների իրանները պետք է հողանցված լինեն:
դ. Հաղորդակցման էլեկտրոնային համակարգերի տեղադրման ընթացքում պետք է ապահովել դեպի տանիքների վրա գտնվող հենասյուները տանող մուտքերի և ելքերի անվտանգությունը, որոնք անցնում են ձեղնահարկային տարածքների, պատուհանների, դռների միջով, ապահովել տանիքների մետաղական ցանկապատերի, ներկառուցված սարքավորումների, ռադիոհենասյուների հողանցումների ճշգրիտ շահագործումը:
ե. Հաղորդակցման էլեկտրոնային համակարգերի սպասարկումը և նորոգումը պետք է իրականացվի համակարգերը շահագործող կազմակերպությունների կողմից:
զ. Հաղորդակցման էլեկտրոնային համակարգերի շահագործման ընթացքում պետք է բացառվեն դրանց աշխատանքը խափանող սարքավորումների, այդ թվում` գովազդային սարքավորումների, վահանակների, ալեհավաքների տեղադրումը:
35. Վնասվածքները և թերությունները մատնանշող հիմնական արտաքին նշաններն են.
1) Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կոյուղու) համակարգերի համար`
ա. Ցանցի(երի) մասնակի կամ ամբողջական տեխնիկական մաշվածությունը, փականների, սողնակների անսարքությունը կամ բացակայությունը, ցանցի(երի) ամբողջական կամ առանձին հատվածի անջատման անհնարինությունը, ծորումների ու հոսակորուստների առկայությունը, ջրառի կետերում ճնշման անկումը կամ գերազանցումը թույլատրելի նորմատիվային արժեքից, կոյուղագծերի խցանումները, ծորումները, զտիչների, մաքրիչների անհասանելիությունը, արտաձգիչ խողովակների ամբողջականության խախտումը, բացակայությունը:
բ. Չջեռուցվող սենքերով անցկացված ջրագծերի, կոյուղագծերի թերի ջերմամեկուսացումը, ջրագծերի, կոյուղագծերի սառումը:
գ. Պոմպերի (պոմպակայանների) անսարքությունը, դրանց շահագործման ծախսատարությունը:
2) Գազամատակարարման համակարգի համար`
ա. Ցանցի տեխնիկական անբավարար վիճակը, մաշվածությունը, գազի արտահոսքը:
բ. Սպասարկողների անարգել մուտքի անհնարինությունը շենք և այն սենքեր, որտեղ անցնում են գազատար խողովակներ կամ տեղադրված են առևտրային հաշվիչները:
գ. Ծխաօդատար ուղիների ոչ պատշաճ վիճակը, ոչ լիարժեք քարշանքը կամ դրա բացակայությունը:
դ. Գազատար խողովակների անցման կամ հաշվիչների տեղադրման սենքերի թերի օդափոխությունը կամ օդափոխության բացակայությունը:
ե. Ընդհանուր սպասարկման համար նախատեսված գազասարքավորանքի(ների) գազի գերածախսը:
3) Էլեկտրամատակարարման համակարգի համար`
ա. Կյանքի համար վտանգավոր հոսանքատար հատվածների հասանելիությունը բաժանորդների կամ կողմնակի անձանց համար:
բ. Ցանցի ոչ պատշաճ, անբավարար տեխնիկական վիճակը, կախված, թուլացած էլեկտրահաղորդագծերի առկայությունը:
գ. Ընդհանուր օգտագործման տարածքների արհեստական լուսավորության բացակայությունը:
դ. Ընդհանուր սպասարկման համար նախատեսված էլեկտրասարքավորանքի հոսանքի գերածախսը:
4) Կենտրոնացված ջերմամատակարարման համակարգի համար`
ա. Ցանցի մաշվածությունը, բարձակների, հենարանների վնասվածքները, խցանող-կարգավորող արմատուրի անսարքությունները, ծորումները, հոսակորուստները, համակարգի կամ առանձին տեղամասերի դատարկման անհնարինությունը, սարքերի թերի ամրացումը շենքի հիմնական կոնստրուկցիաներին:
բ. Ջեռուցվող սենքերի թերի տաքացումը, ջրառի կետերում տաք ջրամատակարարման ջրի ջերմաստիճանի և ճնշման շեղումները նորմատիվային արժեքներից:
գ. Ջերմատար խողովակաշարերի թերի ջերմամեկուսացումը:
դ. Ջերմամատակարարման կարիքների համար ծախսվող էներգակիրների` գազի, էլեկտրական հոսանքի, կամ այլ վառելիքի գերածախսը:
5) Օդափոխության և օդի լավորակման համակարգերի համար`
ա. Օդափոխության և օդի լավորակման համակարգերի` օդատար ցանցի, ներածման/արտածման օդափոխության տեղակայանքի, այդ թվում ջերմության օգտահանման սարքավորման/ռեկուպերատորի, սառնամատակարարման տեղակայանքի, սենքերում օդի տեղական լրախոնավացման սարքերի, օդափոխիչների, համակարգի առանձին տարրերի տեխնիկապես մաշված, ոչ սարքին, աղտոտված վիճակը, վնասվածքները, սարքավորանքի հաշվարկային արտադրողականության չապահովումը:
բ. Ծխաօդատար ուղիների, օդափոխության հորերի, հորանների անբավարար քարշանքը կամ քարշանքի բացակայությունը:
գ. Համակարգի աղտոտվածությունը, անթույլատրելի աղմուկն ու թրթռումները:
դ. Համակարգի շահագործման անթույլատրելի հոսանքատարությունը:
6) Հրդեհային պաշտպանության համակարգի համար`
ա. Հակածխային պաշտպանության, հրդեհաշիջման համակարգերի` ծխահեռացման կափույրների և օդափոխիչների անսարքությունը, ծխատարների ամբողջականության խախտումը, հրդեհի ազդանշանման և ահազանգման համակարգերի անսարքությունը, հակահրդեհային ջրմուղի ցանցում հրդեհաշիջման համար անբավարար ջրաքանակը և ճնշումը:
բ. Բնակիչների տարահանմանը և փրկարարական աշխատանքին խոչընդոտող իրերի, շինարարական աղբի առկայությունը տարահանման ուղիներում:
գ. Ձեղնահարկի կամ շենքի ընդհանուր օգտագործման այլ սենքերի նպատակային նշանակությանն անհամապատասխան օգտագործումը (որպես խորդանոց կամ պահեստ):
7) Հաղորդակցման էլեկտրոնային համակարգերի (ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետային ցանց, հեռախոսակապ, հեռահաղորդակցման այլ համակարգեր) համար`
ա. Հաղորդակցման էլեկտրոնային համակարգերի և սարքերի, ինչպես նաև դրանց կառուցման կամ արդիականացման համար կապի ծառայություններ մատուցողների համար անհասանելիությունը:
բ. Հաղորդակցման էլեկտրոնային համակարգերի և սարքավորումների անսարքությունները, վնասվածքները և շահագործման անվտանգության պահանջների խախտումները:
գ. Մեկուսիչ չհրկիզվող նյութերի և պատյանների բացակայությունը (բացառությամբ օպտիկամանրաթելային մալուխների համար, որոնք մեկուսացնելու անհրաժեշտություն չկա):
դ. Դեպի տանիքներ տանող մուտքերի և ելքերի անվտանգության պահանջների խախտումները:
ե. Հաղորդակցման էլեկտրոնային համակարգերի աշխատանքը խափանող սարքավորումների, այդ թվում` գովազդային սարքավորումների, վահանակների, ալեհավաքների առկայությունը:
36. Շահագործման, պահպանման և արդիականացման կանոններ (այդ թվում վնասվածքների և թերությունների վերացման միջոցով)
1) Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կոյուղու) համակարգերի համար`
ա. 35-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության մեջ նշված թերության բացահայտման դեպքում ցանցի(երի) մասնակի կամ ամբողջական վերանորոգում, փակող-կարգավորող արմատուրի ակնադիտական զննում, նկուղային հարկերում, ձեղնահարկերում, տեխնիկական հարկերում, տեխնիկապես մաշված տեղամասերի, փակող-կարգավորող արմատուրի փոխարինում, ճնշման կարգավորիչների փոխարինում կամ տեղադրում, ջրմուղային ծորակների միջադիրների պարբերաբար փոխարինում, խցանումների վերացում, խցուկների լցում, զտիչների մաքրում, անցանելիության վերականգնում, ծորումների վերացում (կցվանքների լցափակում ցեմենտային շաղախով, խտացնող օղակների, ստուգիչների միջադիրների փոխարինում), կոյուղու կանգնակների ստուգիչ պատուհաններին ազատ մոտենալու հնարավորության ապահովում, ջրամատակարարման և կոյուղու ցանցի պարբերաբար մաքրում, լվացում, ցանցի(երի) ամբողջականության վերականգնման համար միջոցառումների ձեռնարկում:
բ. 35-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերության մեջ նշված թերության բացահայտման դեպքում ջրագծերի և (կամ) կոյուղագծերի վնասված ջերմամեկուսացման վերականգնում, սառչելու վտանգը կանխարգելող միջոցառումների նախատեսում:
գ. 35-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերության մեջ նշված թերության բացահայտման դեպքում ջրամատակարարման, ջրահեռացման պոմպի (պոմպակայանի) վերանորոգում կամ փոխարինում բարձր էներգաարդյունավետության ցուցանիշ ունեցող սարքավորանքով, պահուստային պոմպի(երի) ձեռքբերում, ջրամատակարարման համակարգի համալրում հիդրոօդաճնշման բաքով, ջրամատակարարման անջատման, կարգավորման ինքնավար համակարգերով:
2) Գազամատակարարման համակարգի համար`
ա. 35-րդ կետի 2-րդ ենթակետում նշված թերությունների բացահայտում գազամատակարարող կազմակերպությունների կամ վերջիններիս հանձնարարությամբ` սպասարկող կազմակերպությունների կողմից:
բ. 35-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերության մեջ նշված թերության վերացման և կանխարգելման համար մատակարարի կողմից տեխնիկական կանոնակարգերով սահմանված տեխնիկական սպասարկման և ստուգման աշխատանքների իրականացում` գազամատակարարող կազմակերպությունների կամ վերջիններիս հանձնարարությամբ` սպասարկող կազմակերպությունների կողմից:
գ. 35-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերության մեջ նշված թերության վերացման համար շենք և սպասարկման ենթակա սենքեր սպասարկող ծառայության անարգել մուտքի ապահովում:
դ. 35-րդ կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերության մեջ նշված թերությունը վերացնելու և կանխելու համար` ծխաօդատար ուղիների ամբողջականության և քարշանքի առկայության պարբերաբար ստուգում, ծխաօդատար ուղիների մաքրում:
ե. 35-րդ կետի 2-րդ ենթակետի «դ» պարբերության մեջ նշված թերությունը կանխելու և վերացնելու համար գազի առևտրային հաշվիչների արկղեր տեղադրված աստիճանավանդակների պարբերաբար օդափոխում` վերին և ստորին հարկի պատուհանները միաժամանակ բացելու միջոցով:
զ. 35-րդ կետի 2-րդ ենթակետի «ե» պարբերության մեջ նշված թերության դեպքում ընդհանուր շենքային սպասարկման համար նախատեսված գազօգտագործող սարքավորանքի փոխարինում ավելի բարձր էներգախնայողության ցուցանիշ ունեցող սարքավորանքով, կարգավորման ինքնավար համակարգերի ներդրում:
3) Էլեկտրամատակարարման համակարգի համար`
ա. 35-րդ կետի 3-րդ ենթակետում նշված վնասվածքների և թերությունների բացահայտման դեպքում ներշենքային էլեկտրամատակարարման համակարգի տեխնիկական վիճակի հետազննության կազմակերպում` լիցենզավորված կազմակերպության միջոցով:
բ. 35-րդ կետի 3-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերությունների մեջ նշված թերությունների վերացման և կանխարգելման համար պարբերական դիտողական զննումներ, ներանցային, ուժային, բաշխիչ և լուսավորման վահանակի սպասարկում, հարկային էլեկտրավահանակների տեխնիկական զննում, Էլեկտրավահանակային սենքի տեխնիկական զննում, սարքավորումների հողակցման ստուգում (պոմպեր, վահանային օդափոխիչներ, հարկային էլեկտրավահանակներ), էլեկտրահաղորդագծի աննշան անսարքությունների վերացում, կախված էլեկտրական լարերի ձգում, կյանքի համար վտանգավոր հոսանքատար հատվածների ցանկապատում, կողմնակի անձանց համար մատչելի վայրերում (օրինակ` մուտքերում կամ նկուղներում), հաղորդաձողի պաշտպանական պատյանի առկայություն, պահարան կամ արկղ` բանալիով փակվող դռնակով, վտանգավոր տեղամասերում նախազգուշական նշանի առկայությունը, Էլեկտրական մալուխների թաղանքի մեկուսացման ստուգում, մեկուսացման և հողակցման սարքավորանքի դիմադրության չափումների անցկացում:
գ. 35-րդ կետի 3-րդ ենթակետի «գ» պարբերությունում նշված թերության վերացման համար ընդհանուր օգտագործման տարածքների դիտողական զննումներ, շենքերի ճակատներին տեղադրված լուսատուների այրված լամպերի փոխարինում, լուսամփոփների, անջատիչների մաքրում և ամրակում, անսարք կոթառների փոխարինում:
դ. 35-րդ կետի 3-րդ ենթակետի «դ» պարբերության մեջ նշված թերության վերացման համար էլեկտրաէներգիայի ծախսի հաշվառման խմբային սարքերի և հոսանքի տրանսֆորմատորների ստուգում, շենքի ընդհանուր օգտագործման տարածքների շիկացման լամպերի փոխարինում ժամանակակից, լուսադիոդային լամպերով, շարժման, ժամանակի տվիչներով ինքնավար համակարգերի ներդնումով, ընդհանուր էլեկտրասարքավորանքի` ջրամատակարարման պոմպերի, օդափոխիչների, վերելակների և այլ հոսանքատար սարքերի, համակարգերի արդիականացում, արևային ֆոտովոլտային համակարգի ներդնում:
4) Կենտրոնացված ջերմամատակարարման համակարգի (ներառյալ այլընտրանքային էներգիայի աղբյուրներով աշխատող) համար`
ա. 35-րդ կետի 4-րդ ենթակետում նշված վնասվածքների և թերությունների բացահայտման դեպքում ջերմամատակարարման համակարգի տեխնիկական վիճակի հետազննության կազմակերպում` մասնագիտացված կազմակերպության միջոցով:
բ. 35-րդ կետի 4-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերություններում նշված վնասվածքները վերացնելու կամ կանխարգելելու համար ջեռուցվող սենքերի օդի և ջրառի կետերում տաք ջրի ջերմաստիճանների պարբերաբար չափում, ստուգում, ջեռուցման սարքերի, ջրատաքացուցիչների (ջերմափոխանակիչների) ակնադիտական զննում, ցանցի սեզոնային կոնսերվացում և ապակոնսերվացում, օդային խցանումների վերացում, կեղտանջատիչի և զտիչների մաքրում, խցանող-կարգավորող արմատուրի կանխարգելիչ սպասարկում, կիպահղկում, եռընթաց ծորակի, սողնակների սպասարկում, օդահավաքիչների, կոմպենսատորների, փականների, սողնակների կազմատում, զննում, մաքրում դիրտից, ջեռուցման սարքերի բարձակների (հենարանների) և անհրաժեշտության դեպքում խողովակաշարի ամրացում:
գ. 35-րդ կետի 4-րդ ենթակետի «գ» պարբերության մեջ նշված թերության բացահայտման դեպքում խողովակաշարի առանձին տեղամասերի ջերմամեկուսացման վերականգնում:
դ. 35-րդ կետի 4-րդ ենթակետի «դ» պարբերության մեջ նշված խնդրի լուծման համար սարքավորանքի փոխարինում ավելի բարձր էներգախնայողության ցուցանիշ ունեցող սարքավորանքով, ջերմակրի ջերմաստիճանային ռեժիմների ինքնավար կարգավորման, ջերմաստիճանային ռեժիմների, արտադրվող և սպառվող էներգիայի վերահսկման մշտադիտարկման համակարգերի ներդրում, ցանցի համալրում «խելացի» սարքերով:
5) Օդափոխության և օդի լավորակման համակարգերի համար`
ա. 35-րդ կետի 5-րդ ենթակետում նշված թերությունների, վնասվածքների բացահայտման դեպքում օդափոխության և օդի լավորակման համակարգի(երի) տեխնիկական վիճակի հետազննության կազմակերպում` լիցենզավորված կազմակերպության միջոցով:
բ. 35-րդ կետի 5-րդ ենթակետի «ա» պարբերության մեջ նշված թերության վերացման կամ կանխարգելման համար համակարգի (երի), սարքերի, սարքավորումների և տեղակայանքների տեխնիկական վիճակի ստուգում, զննում, վերահսկում, անհրաժեշտության դեպքում նորոգումներ` լիցենզավորված կազմակերպության ներգրավման միջոցով:
գ. 35-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության մեջ նշված թերության վերացման և կանխարգելման համար` ծխաօդատար ուղիների օդափոխության անցքերի քարշանքի առկայության պարբերաբար ստուգում, ծխաօդատար ուղիների գլխամասերի զննում, ծխատար և օդափոխության խողովակաշարերի գլխամասերի և քիվապատերի մետաղյա ծածկերի ստուգում, ամրացում, օդատար հորանների մաքրում, ամբողջականության վերականգնում:
դ. 35-րդ կետի 5-րդ ենթակետի «գ» պարբերության մեջ նշված թերության բացահայտման դեպքում օդատարների և համակարգի մյուս տարրերի պարբերաբար մաքրում, օդատարների օդափոխիչներին ճկուն անցումներով միացում, կիպությունն ու երկարակեցությունն ապահովող թրթռամեկուսիչ ներդիրների առկայություն, օդափոխիչի և էլեկտրական շարժիչի պտտման արագության կարգավորում, օդատարների ամրակապում, օդափոխիչի դիրքի խախտման ստուգում:
ե. 35-րդ կետի 5-րդ ենթակետի «դ» պարբերության մեջ նշված թերության վերացման համար օդափոխիչների փոխարինում ժամանակակից էներգախնայող, անաղմուկ սարքերով, շարժման, խոնավության, ածխածնի օքսիդի և այլ վնասակարությունների նկատմամբ զգայուն տվիչներով ինքնավար համակարգերի ներդնում, մատուցվող օդի տեխնիկական հարաչափերի ստուգում և վերահսկում, սարքավորումների, ջերմափոխանակիչ մակերևույթների մաքրում, հեռացվող օդի ջերմության օգտահանում` ռեկուպերացիոն սարքերի տեղադրում, օդորակման սարքերի ու համակարգերի արդիականացում, արևային ֆոտովոլտային համակարգի ներդնում համակարգի(երի) հոսանքի ծախսերի նվազեցման նպատակով:
6) Հրդեհային պաշտպանության համակարգի համար`
ա. 35-րդ կետի 6-րդ ենթակետում նշված թերությունների, վնասվածքների բացահայտման դեպքում հակահրդեհային պաշտպանության համակարգի(երի) տեխնիկական վիճակի հետազննության կազմակերպում` լիցենզավորված կազմակերպության միջոցով:
բ. 35-րդ կետի 6-րդ ենթակետի «ա» պարբերության մեջ նշված թերության հայտնաբերման դեպքում բնակիչներին հակահրդեհային անվտանգության վերաբերյալ բոլոր նախազգուշացումների ու դիտողությունների անվերապահորեն կատարման մասին իրազեկում և նախազգուշացում, տարահանման ուղիներում ավելորդ իրերի, շինարարական աղբի առկայության կանխում, պարբերաբար դիտողական զննումների, ստուգումների իրականացում, գործող նորմերին և կանոններին համապատասխան շենքերի հակահրդեհային միջտարածությունների պահպանում:
գ. 35-րդ կետի 6-րդ ենթակետի «բ» պարբերության մեջ նշված թերության կանխման նպատակով` տանիքածածկերի, ճակատների ջերմամեկուսացման, հարդարման ու երեսապատման, սենքերի և տարահանման ուղիների մակերևութային շերտերում օգտագործվող շինարարական նյութերի հրդեհային վտանգավորության սահմանափակում:
դ. 35-րդ կետի 6-րդ ենթակետի «գ» պարբերության մեջ նշված թերության կանխման նպատակով շենքի վարձակալությամբ տրվող սենքերի, ձեղնահարկերի պայթունահրդեհային և հրդեհային վտանգավորության մակարդակի նվազեցում:
ե. 35-րդ կետի 6-րդ ենթակետի «դ» պարբերության մեջ նշված թերության վերացման և կանխման համար հրդեհաշիջման հիդրանտային կամ ավտոմատ միջոցների առկայության ապահովում, այլ նպատակով հակահրդեհային ջրամատակարարման ցանցի ջրի օգտագործման արգելում, վթարային օդափոխման և հակածխային պաշտպանության ամբողջականության ապահովում, հրդեհաշիջման և ազդանշանային համակարգերի պարբերաբար փորձարկումներ, հակածխային պաշտպանության և հրդեհային ավտոմատ ազդանշանման համակարգերի աշխատունակության ստուգումներ:
7) Հաղորդակցման էլեկտրոնային համակարգերի (ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետային ցանց, հեռախոսակապ, հեռահաղորդակցման այլ համակարգեր) համար`
ա. 35-րդ կետի 7-րդ ենթակետում նշված շեղումների բացահայտման դեպքում անհամապատասխանությունները վերացնելու նպատակով համապատասխան կազմակերպության ներգրավում:
բ. Էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում կապի ծառայությունների դեպքում այդ համակարգերի սպասարկման և նորոգման աշխատանքների իրականացում` համակարգերը շահագործող կազմակերպությունների կողմից:
Պաշտոնական հրապարակման օրը` 3 փետրվարի 2022 թվական: