Սեղմել Esc փակելու համար:
«ՋՐՎԵԺԻ ՄՍԱՄԹԵՐՔԻ ԿՈՄԲԻՆԱՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՋՐՎԵԺԻ ՄՍԱՄԹԵՐՔԻ ԿՈՄԲԻՆԱՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ Պ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 փետրվարի 2022 թվականի թիվ 64-Ա

 

«ՋՐՎԵԺԻ ՄՍԱՄԹԵՐՔԻ ԿՈՄԲԻՆԱՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (այսուհետ նաև` Հանձնաժողով) 2022 թվականի փետրվարի 22-ի նիստում, քննարկելով «Ջրվեժի Մսամթերքի Կոմբինատ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ նաև` Ընկերություն) նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին հարցը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Վարույթի ընթացքի հակիրճ նկարագրությունը.

Հանձնաժողովը 2021 թվականի օգոստոսի 24-ին ««Ջրվեժի Մսամթերքի Կոմբինատ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների վերաբերյալ վարույթ հարուցելու մասին» թիվ 205-Ա որոշմամբ (այսուհետ նաև` թիվ 205-Ա որոշում) հարուցել է վարույթ (այսուհետ նաև` Վարույթ):

Հանձնաժողովը 2021 թվականի հոկտեմբերի 26-ին ընդունել է «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2021 թվականի օգոստոսի 24-ի ««Ջրվեժի Մսամթերքի Կոմբինատ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների վերաբերյալ վարույթ հարուցելու մասին» թիվ 205-Ա որոշմամբ հարուցված վարույթի շրջանակներում փորձաքննություն նշանակելու մասին» թիվ 309-Ա որոշումը:

i

Հանձնաժողովը 2021 թվականի նոյեմբերի 16-ին ընդունել է «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2021 թվականի օգոստոսի 24-ի թիվ 205-Ա որոշմամբ հարուցված վարույթի ժամկետը երկարաձգելու մասին» թիվ 334-Ա որոշումը:

Վարույթի շրջանակներում 2022 թվականի հունվարի 18-ին տեղի է ունեցել Հանձնաժողովի նիստ (այսուհետ նաև` Նիստ), որի ընթացքում քննարկվել է Վարույթում առկա փաստական հանգամանքների վերաբերյալ հարցը: Նիստին մասնակցել է նաև Ընկերության ներկայացուցիչը:

 

2. Ընկերության դիրքորոշումը.

Ընկերությունը 2021 թվականի հոկտեմբերի 21-ին Հանձնաժողով ներկայացրած գրությամբ հայտնել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 9-ի N 68 որոշմամբ հաստատված «Մսի և մսամթերքի անվտանգության մասին» թիվ ՄՄ ՏԿ 034/2013 Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (այսուհետ նաև` Կանոնակարգ) 109-րդ կետի պահանջին համապատասխան «Կրակովյան» և «Կրասնոդարսկայա» անվանումներով կիսաապխտած երշիկների (այսուհետ նաև` Ապրանքներ) պիտակների (փաթեթավորման թաղանթների) օրինակները կներկայացվեն ավելի ուշ:

Ընկերությունը 2022 թվականի հունվարի 18-ին Հանձնաժողով է ներկայացրել Ապրանքների պիտակների փոփոխված տարբերակները (փաթեթավորման թաղանթները)` Կանոնակարգի 109-րդ կետի պահանջներին համապատասխան:

Նիստի ընթացքում Ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ Ընկերության կողմից Հանձնաժողով ներկայացված Ապրանքների բաղադրության վերջին փոփոխությունը կատարվել է 2021 թվականի հոկտեմբերի 15-ից, ինչը պայմանավորված է նշված ժամանակահատվածում հումքի` մսի գնի աճի հետ, որով պայմանավորված Ապրանքների բաղադրության մեջ կատարվել է փոփոխություն` ավելացվել են այլ բաղադրիչներ և նվազեցվել է մսի զանգվածը թույլատրելի սահմաններում:

 

3. Հանձնաժողովի կողմից պահանջված և ստացված փաստաթղթերը և այլ տեղեկատվությունը.

1. 2020 թվականի 1-ին կիսամյակում երշիկեղենի` 0,5%-ից բարձր իրացման ծավալներ ունեցող ընկերություններից, այդ թվում` Ընկերությունից հավաքագրվել են Ընկերության կողմից արտադրված երշիկեղենի հումքի մեջ ներառված բաղադրիչների վերաբերյալ տեղեկատվություն, երշիկեղենի յուրաքանչյուր տեսակի պիտակի (փաթեթավորման թաղանթի) օրինակները, ինչպես նաև ՊԵԿ-ից հավաքագրվել է մսի ծավալների վերաբերյալ տեղեկատվություն:

2. Հանձնաժողովի նախագահի` 2021 թվականի օգոստոսի 19-ի «Դիտանցում իրականացնելու մասին» թիվ 122-Ա հրամանի հիման վրա իրականացվել է դիտանցում (այսուհետ նաև` Դիտանցում), որի արդյունքում կազմվել է «Դիտանցման արդյունքների վերաբերյալ» թիվ 122 արձանագրությունը: Դիտանցմամբ լուսանկարվել և արձանագրվել են Ընկերության կողմից արտադրված երշիկեղենի պիտակների (փաթեթավորման թաղանթների) մակնշումները:

3. Ընկերության կողմից 2020 թվականի 1-ին կիսամյակում արտադրված երշիկեղենի բաղադրությունների մեջ օգտագործված բաղադրիչները համադրվել են Դիտանցմամբ արձանագրված պիտակների (փաթեթավորման թաղանթների) վրա մակնշված բաղադրիչների հետ, ինչպես նաև ստուգվել է պիտակների (փաթեթավորման թաղանթների) մակնշումների համապատասխանությունը Կանոնակարգի 109-րդ կետի և Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 881 որոշմամբ հաստատված «Սննդամթերքի մակնշման մասին» թիվ ՄՄ ՏԿ 022/2011 Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (այսուհետ նաև` «Սննդամթերքի մակնշման մասին» կանոնակարգ) 4-րդ կետի 4.4-րդ ենթակետի 1-ին պարբերության պահանջներին, որի արդյունքում պարզվել է հետևյալը.

1) «Ապրանքների պիտակների (փաթեթավորման թաղանթների) վրա տվյալ երշիկների խմբի վերաբերյալ տեղեկատվությունը չի մակնշվել,

2) Ապրանքների բաղադրություններում օգտագործված բաղադրիչները ըստ զանգվածային մասի նվազման չեն արտացոլված Ապրանքների պիտակների (փաթեթավորման թաղանթների) մակնշվածքում:

4. Հանձնաժողովի նախագահի 2021 թվականի հոկտեմբերի 12-ի թիվ ԳԳ-2565 գրությամբ (այսուհետ նաև` թիվ ԳԳ-2565 գրություն) Ընկերությունից պահանջվել է Հանձնաժողով ներկայացնել հետևյալ տեղեկատվությունը.

1) Ընկերության կողմից 2020 թվականի տարեկան, ինչպես նաև 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում Ապրանքների արտադրության և իրացման ծավալները` բնեղեն և արժեքային արտահայտությամբ` առանձնացված ըստ ամիսների և Ապրանքների,

2) Ապրանքների բաղադրությունը ձևավորող բաղադրիչները` համաձայն Ձևանմուշի,

3) 2021 թվականի հունիսի 1-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում` Ապրանքների բաղադրությունը ձևավորող բաղադրիչների փոփոխության առկայության դեպքում` բաղադրիչների փոփոխությունը, դրանց շարժառիթներն ու հիմնավորումները,

4) 2021 թվականի հունիսի 1-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում` Ապրանքների բաղադրությունը ձևավորող բաղադրիչների փոփոխության առկայության դեպքում` բաղադրությունը ձևավորող որ բաղադրիչներն են փոփոխվել` կցելով բաղադրիչների անվանումները և հիմնավորումները:

Ի պատասխան թիվ ԳԳ-2565 գրության` Ընկերությունը 2021 թվականի հոկտեմբերի 21-ին Հանձնաժողով է ներկայացրել տեղեկատվություն` համաձայն որի, Ընկերության կողմից «Կրակովյան» անվանումով կիսաապխտած երշիկի` 2020 թվականի արտադրության

ծավալը կազմել է      ` ընդհանուր        արժողությամբ, իրացման ծավալը`

դրամ, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի

11-ն ընկած ժամանակահատվածի արտադրության ծավալը`      ` ընդհանուր       դրամ

արժողությամբ, իրացումը`    դրամ, իսկ «Կրասնոդարսկայա» անվանումով կիսաապխտած

երշիկի` 2020 թվականի արտադրության ծավալը կազմել է        կգ` ընդհանուր  

      դրամ արժողությամբ, իրացման ծավալը`       դրամ, իսկ 2021 թվականի

հունվարի 1-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածի

արտադրության ծավալը`       կգ` ընդհանուր     դրամ արժողությամբ, իսկ

իրացումը`      դրամ:

Ի պատասխան թիվ ԳԳ-2565 գրության` Ընկերությունը Հանձնաժողով է ներկայացրել 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում Ապրանքների բաղադրությունը ձևավորող բաղադրիչների վերաբերյալ տեղեկատվությունը և հայտնել է հետևյալը.

1) ««Կրասնոդարյան» անվանումով կիսաապխտած երշիկի բաղադրությունում օգտագործվում են

 

,

2) ««Կրակովյան» անվանումով կիսաապխտած երշիկի բաղադրությունում օգտագործվում են

 

:

5. Հանձնաժողովի նախագահի 2021 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ ԳԳ-2603 գրությամբ (այսուհետ նաև` թիվ ԳԳ-2603 գրություն) Հանձնաժողովը դիմել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին (այսուհետ նաև` Տեսչական մարմին)` խնդրելով ներկայացնել համապատասխան ստորաբաժանման ներկայացուցչի թեկնածությունը (նշելով անունը, ազգանունը և պաշտոնը, կցելով թեկնածուի համաձայնությունը) Հանձնաժողովի կողմից իրականացվող հսկիչ գնումներին ներգրավվելու համար` Ապրանքները հսկիչ գնմամբ ձեռքբերելուց հետո լաբորատոր փորձաքննության ուղարկելու նպատակով:

Տեսչական մարմինը, ի պատասխան թիվ ԳԳ-2603 գրության, 2021 թվականի հոկտեմբերի 21-ին Հանձնաժողով է ներկայացրել «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ նաև` ՊՈԱԿ) հսկիչ թունաբանական բաժնի նմուշառողի թեկնածությունը և վերջինիս կողմից տրված համաձայնության պատճենը` հսկիչ գնումներով ձեռքբերված Ապրանքները հսկիչ գնմամբ ձեռք բերելուց հետո լաբորատոր փորձաքննության ուղարկելու գործընթացին:

6. Հանձնաժողովի նախագահի` 2021 թվականի հոկտեմբերի 26-ի «Հսկիչ գնում իրականացնելու մասին» թիվ 166-Ա հրամանի հիման վրա 2021 թվականի հոկտեմբերի 28-ին «Պար-Արտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մոտ իրականացվել է հսկիչ գնում (այսուհետ նաև` Հսկիչ գնում), որի արդյունքում կազմվել է «Հսկիչ գնման արդյունքների վերաբերյալ» թիվ 166 արձանագրությունը (այսուհետ նաև` թիվ 166 արձանագրություն):

Թիվ 166 արձանագրության համաձայն` Ընկերության կողմից արտադրված Ապրանքների պիտակների (փաթեթավորման թաղանթների) վրա առկա են հետևյալ գրառումները, մասնավորապես.

1) «Կրասնոդարսկայա» անվանումով կիսաապխտած երշիկի պիտակի (փաթեթավորման թաղանթի) վրա առկա է հետևյալ մակնշումը. Բաղադրությունը` ԽԵԿ, տավարի միս, խոզի միս, խոզաճարպ, կենդանական սպիտակուց, օսլա, սննդային հավելումներ, նատրիումի նիտրիտ` E250, ֆոսֆատ` E450, E451, թթվայնության կարգավորիչ` E575, E330, համի և բույրի ուժեղացուցիչ` E621, ներկանյութ, համեմունքներ, կերակրի աղ, սխտոր: Պիտակի վրա արտադրման ամսաթիվ նշված չի եղել:

2) «Կրակովյան» անվանումով կիսաապխտած երշիկի պիտակի (փաթեթավորման թաղանթի) վրա առկա է հետևյալ մակնշումը. Բաղադրությունը` ԽԵԿ, տավարի միս, խոզի միս, խոզաճարպ, կենդանական և բուսական սպիտակուց, սննդային հավելումներ, նատրիումի նիտրիտ` E250, ֆոսֆատներ` E450, E451, E452, համեմունքներ, կերակրի աղ, սխտոր: Արտադրված` 2021 թվականի հոկտեմբերի 20-ին:

7. Հսկիչ գնմամբ ձեռքբերված Ապրանքները հսկիչ գնման իրականացման վայրում հանձնվել են ՊՈԱԿ-ի աշխատակցին` փորձաքննության ուղարկելու նպատակով:

8. Հանձնաժողովի նախագահի 2021 թվականի հոկտեմբերի 27-ի թիվ ԳԳ-2743 գրությամբ (այսուհետ նաև` թիվ ԳԳ-2743 գրություն) Հանձնաժողովը դիմել է Տեսչական մարմին` խնդրելով Հանձնաժողովին տեղեկացնել` արդյոք վարույթի մասնակիցները կարող են ներկա գտնվել փորձաքննության գործընթացին, եթե այո` Հանձնաժողովին նախապես հայտնել փորձաքննության անցկացման վայրի, օրվա և ժամի մասին` վարույթի մասնակիցներին ծանուցելու համար:

Ի պատասխան թիվ ԳԳ-2743 գրության` ՊՈԱԿ-ը Հանձնաժողով է ներկայացրել գրություն հայտնելով, որ փորձարկման լաբորատորիայի կոմպետենտության պահանջները սահմանող «ISO/IEC 17025:2017» ստանդարտը լաբորատոր փորձարկումների պահանջները դիտարկելիս հիմնվում է ռիսկերի կառավարման մոդելի վրա:

Լաբորատոր փորձարկումներն իրականացվում են միջազգայնորեն և Եվրասիական տնտեսական միության կողմից ընդունված կարգով, որը չի ենթադրում կողմնակի անձանց մասնակցությունը կամ ներկայությունը այդ գործընթացում: Հաշվի են առնվում և գնահատվում են փորձարկումների հավաստիությունը խաթարող ռիսկերը/ռիսկային գործոնները: Որպես այդպիսին կարող է հանդիսանալ հայտատուի, պատվիրատուի, փորձարկումների արդյունքները վիճարկողի ներկայությունը: Վերջիններս կարող են հեռավար (օնլայն տարբերակով) այսպես կոչված մասնակից դառնալ փորձարկումների ընթացքին, սակայն ՊՈԱԿ-ը նման տեխնիկական հնարավորություն չունի: Յուրաքանչյուր կողմնակի անձի անմիջական մասնակցությունը ոչ միայն նպատակահարմար չէ, այլև բացառվում է ստանդարտի դրույթներից ելնելով, քանի որ կարող է վտանգել փորձարկումների ընթացակարգը` ստեղծելով ոչ ստանդարտ իրավիճակ, շեղելով փորձարկողի ուշադրությունը, այդպիսով հանդիսանալով կողմնակի ազդակ: Միջազգային ստանդարտը բացառում է նման պարագայում փորձարկումների իրականացումը և փորձարկման արդյունքները կարող են դիտարկվել ոչ արժանահավատ, ոչ հավաստի, ոչ հուսալի:

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մասը` ՊՈԱԿ-ը հայտնել է, որ վարույթների մասնակիցները չեն կարող ներկա գտնվել փորձաքննության գործընթացին:

ՊՈԱԿ-ը Հանձնաժողով է ներկայացրել թիվ 1392 հյուսվածքաբանական փորձարկման եզրակացությունը (այսուհետ նաև` Եզրակացություն), որի համաձայն` Ընկերության կողմից արտադրված «Կրակովյան» անվանումով երշիկի բաղադրության մեջ մսային բաղադրիչների քանակը կազմել է չափավոր (< 50%), մսի տեսակային պատկանելիությունը` տավարի կամ խոզ: «Կրասնոդարսկայա» անվանումով կիսաապխտած երշիկի բաղադրության մեջ մսային զանգվածը կազմել է չափավոր (< 50%), իսկ մսի տեսակային պատկանելիությունը` տավար կամ խոզ:

ՊՈԱԿ-ը 2021 թվականի դեկտեմբերի 16 ին Հանձնաժողով է ներկայացրել գրություն` հայտնելով, որ Հանձնաժողովի կողմից ներկայացված նմուշները ՊՈԱԿ-ում փորձարկման են ենթարկվել Կանոնակարգի պահանջների կատարման համար կիրառվող ստանդարտների շարքում ընդգրկված մեթոդների համաձայն: Արդյունքում տրվել է Եզրակացություն, որում նշված փորձարկման արդյունքների ձևակերպումներում տեղի են ունեցել տեխնիկական վրիպում, այն է` նշված մեթոդների շարքում ԳՕՍՏ 31769-2012 նորմատիվ փաստաթղթի նշագրի փոխարեն պետք է լինի ԳՕՍՏ 31796-2012:

9. Հանձնաժողովի նախագահի 2021 թվականի նոյեմբերի 26-ի թիվ ԳԳ-2982 գրությամբ (այսուհետ նաև` թիվ ԳԳ-2982 գրություն) Ընկերությունից պահանջվել է Հանձնաժողով ներկայացնել հետևյալ տեղեկատվությունը.

1) «Կրակովյան» անվանումով կիսաապխտած երշիկի բաղադրությունում չափավոր (< 50%) մսային զանգվածի և տվյալ երշիկի ընդհանուր զանգվածի տարբերությունում ինչ տեսակի բաղադրիչներ են օգտագործվել` նշելով դրանց քանակը տոկոսային արտահայտությամբ,

2) «Կրասնոդարսկայա» անվանումով կիսաապխտած երշիկի բաղադրությունում չափավոր (< 50%) մսային զանգվածի և տվյալ երշիկի ընդհանուր զանգվածի տարբերությունում ինչ տեսակի բաղադրիչներ են օգտագործվել` նշելով դրանց քանակը տոկոսային արտահայտությամբ:

Ի պատասխան թիվ ԳԳ-2982 գրության` Ընկերությունը 2021 թվականի դեկտեմբերի 6-ին Հանձնաժողով է ներկայացրել պահանջված տեղեկատվություն (տվյալ տեղեկատվության համաձայն` Ապրանքները արտադրվել և իրացվել են 2021 թվականի հոկտեմբերի 15-ից) և հայտնել է հետևյալը.

1) ««Կրասնոդարյան» անվանումով կիսաապխտած երշիկի բաղադրությունում օգտագործվում են

 

,

2) ««Կրակովյան» անվանումով կիսաապխտած երշիկի բաղադրությունում օգտագործվում են

 

:

10. 2021 թվականի հոկտեմբերի 15-ից արտադրված և իրացված Ապրանքների բաղադրությունը ձևավորող բաղադրիչների վերաբերյալ նոր տեղեկատվությունը համադրվել է թիվ 166 արձանագրությամբ արձանագրված պիտակների (փաթեթավորման թաղանթների) վրա մակնշված բաղադրիչների հետ, ինչպես նաև ստուգվել է Ապրանքների մակնշումների համապատասխանությունը Կանոնակարգի 109-րդ կետի և «Սննդամթերքի մակնշման մասին» կանոնակարգի 4-րդ կետի 4.4-րդ ենթակետի 1-ին պարբերության պահանջներին, որի արդյունքում պարզվել է հետևյալը.

1) Ապրանքների պիտակների (փաթեթավորման թաղանթների) վրա Ապրանքների խմբի վերաբերյալ տեղեկատվությունը չի մակնշվել,

2) «Կրակովյան» անվանումով կիսաապխտած երշիկի բաղադրության մեջ օգտագործված բաղադրիչները ըստ զանգվածային մասի նվազման արտացոլված չեն տվյալ ապրանքի մակնշվածքում:

11. Հանձնաժողովի նախագահի 2022 թվականի փետրվարի 2-ի թիվ ԳԳ-201 գրությամբ (այսուհետ նաև` թիվ ԳԳ-201 գրություն) Ընկերությունից պահանջվել է Հանձնաժողով ներկայացնել հետևյալ տեղեկատվությունը.

1) Ընկերության կողմից 2021 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբեր 31-ն ընկած ժամանակահատվածում Ապրանքների իրացման ծավալները (բնեղեն արտահայտությամբ) և դրանցից յուրաքանչյուրի իրացումից ստացված հասույթի չափերի վերաբերյալ` առանձնացված ըստ յուրաքանչյուր ապրանքի և ըստ ամիսների,

2) Ընկերության կողմից 2020 և 2021 թվականներին Ապրանքներից բացի, այլ կիսաապխտած երշիկների իրացումից ստացված հասույթի չափերի վերաբերյալ` առանձնացված ըստ տարիների (ոչ ամբողջական տարի արտադրված լինելու դեպքում` ըստ ամիսների):

Ի պատասխան թիվ ԳԳ-201 գրության` Ընկերությունը 2022 թվականի փետրվարի 9 ին Հանձնաժողով է ներկայացրել տեղեկատվություն, որի համաձայն Ընկերության կողմից 2021 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբեր 31-ն ընկած ժամանակահատվածում «Կրակովյան» անվանումով կիսաապխտած երշիկի իրացման

ծավալը կազմել է    դրամ, իսկ «Կրասնոդարսկայա» անվանումով կիսաապխտած երշիկի

իրացման ծավալը`    դրամ: Նույն տեղեկատվության համաձայն` Ընկերության կողմից

արտադրված այլ կիսաապխտած երշիկների իրացումից ստացված հասույթի չափը 2020

թվականին կազմել է    դրամ, 2021 թվականին`  դրամ, այսինքն, Ընկերության 2020

թվականին կիսաապխտած երշիկների իրացումից հասույթը կազմել է դրամ:

12. Հանձնաժողովի նախագահի 2021 թվականի օգոստոսի 27-ի թիվ ԳԳ-2196 գրությամբ (այսուհետ նաև` թիվ ԳԳ-2196 գրություն) Հանձնաժողովը դիմել է ՊԵԿ, ի թիվս այլնի, խնդրելով տրամադրել Ընկերության 2019 և 2020 թվականների տարեկան, ինչպես նաև 2021 թվականի 1-ին կիսամյակի հասույթների չափերի վերաբերյալ տեղեկատվությունը (առանձնացված` ըստ ժամանակահատվածների):

ՊԵԿ-ը, ի պատասխան թիվ ԳԳ-2196 գրության, 2021 թվականի սեպտեմբերի 1-ին տրամադրել է պահանջված տեղեկատվությունը, որի համաձայն` Ընկերության 2019

թվականի տարեկան հասույթի չափը կազմել է    դրամ, 2020 թվականի տարեկան

հասույթի չափը`    դրամ, իսկ 2021 թվականի 1-ին կիսամյակի հասույթի չափը`

դրամ:

13. Հանձնաժողովի նախագահի 2022 թվականի փետրվարի 1-ի թիվ ԳԳ-192 գրությամբ (այսուհետ նաև` թիվ ԳԳ-192 գրություն) Հանձնաժողովը դիմել է ՊԵԿ-ին` խնդրելով տրամադրել տեղեկատվություն`

1) Ընկերության 2021 թվականների տարեկան հասույթի չափի վերաբերյալ,

2) Ընկերության կողմից 2020 և 2021 թվականների ընթացքում Ապրանքների իրացումից ստացված հասույթի չափերի վերաբերյալ` առանձնացված ըստ տարիների (ոչ ամբողջական տարի արտադրված լինելու դեպքում` ըստ ամիսների) և ըստ ապրանքների,

3) Ընկերության կողմից 2020 և 2021 թվականներին Ապրանքներից բացի, այլ կիսաապխտած երշիկների իրացումից ստացված հասույթի չափերի վերաբերյալ` առանձնացված ըստ տարիների, իսկ անհնարինության դեպքում դուրս գրված բոլոր հաշվարկային փաստաթղթերի և ՀԴՄ կտրոնների միջոցով իրականացված գործարքների վերաբերյալ:

ՊԵԿ-ը, ի պատասխան թիվ ԳԳ-192 գրության, 2022 թվականի փետրվարի 2-ին տրամադրել է պահանջված տեղեկատվությունը, որի համաձայն` Ընկերության 2021

թվականի տարեկան հասույթի չափը`    դրամ, կիսաապխտած երշիկների իրացումից

ստացված հասույթի չափը 2020 թվականին կազմել է     դրամ, իսկ 2021 թվականին`

դրամ:

 

4. Գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկման արդյունքում Հանձնաժողովը հաստատված է համարում հետևյալ փաստական հանգամանքները.

1. Դիտանցմամբ արձանագրվել է, որ Ընկերության կողմից արտադրված Ապրանքների պիտակների (փաթեթավորման թաղանթների) վրա` դրանց անվանման մեջ կամ անվանմանը կից տվյալ ապրանքների խմբի վերաբերյալ տեղեկատվությունը չի մակնշվել:

2. Հսկիչ գնմամբ արձանագրվել է, որ Ընկերության կողմից արտադրված Ապրանքների պիտակների (փաթեթավորման թաղանթների) վրա` դրանց անվանման մեջ կամ անվանմանը կից տվյալ ապրանքների խմբի վերաբերյալ տեղեկատվությունը չի մակնշվել:

3. Ընկերությունը Հանձնաժողով է ներկայացրել Ապրանքների բաղադրությունը ձևավորող բաղադրիչների վերաբերյալ տեղեկատվություն, համաձայն որի Ապրանքներն արտադրվել և իրացվել են 2021 թվականի հոկտեմբերի 15-ից և հայտնել է հետևյալը. ««Կրակովյան» անվանումով կիսաապխտած երշիկի բաղադրությունում օգտագործվում են

 

, իսկ Հսկիչ գնմամբ արձանագրվել է, որ տվյալ երշիկի պիտակի վրա բաղադրիչները մակնշվել են հետևյալ հերթականությամբ` ԽԵԿ, տավարի միս, խոզի միս, խոզաճարպ, կենդանական և բուսական սպիտակուց, սննդային հավելումներ, նատրիումի նիտրիտ` E250, ֆոսֆատներ` E450, E451, E452, համեմունքներ, կերակրի աղ, սխտոր:

4. ՊԵԿ-ի կողմից Հանձնաժողով ներկայացված տեղեկատվության համաձայն` Ընկերության 2020 թվականի կիսաապխտած երշիկների իրացումից ստացված հասույթի

չափը կազմել է      դրամ:

5. Ընկերությունը Հանձնաժողով է ներկայացրել համապատասխան ապացույցներ իրավախախտման հետևանքները վերացրած լինելու վերաբերյալ: Մասնավորապես, Ընկերությունը փոխել է Ապրանքների պիտակները` մակնշվածքում ավելացնելով մսամթերքի խմբի վերաբերյալ տեղեկատվությունը:

 

5. Վարույթի փաստական հանգամանքների և վերաբերելի իրավական նորմերի ուսումնասիրության և վերլուծության արդյունքում Հանձնաժողովը եզրահանգում է հետևյալին.

1) Ընկերության կողմից իրավախախտում կատարված լինելու հարցի կապակցությամբ.

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի (այսուհետ նաև` Օրենք) 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անբարեխիղճ մրցակցություն է համարվում տնտեսավարող սուբյեկտի ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը հակասում է սույն օրենքին, այլ օրենքներին, նորմատիվ իրավական ակտերին կամ գործարար շրջանառության սովորույթներին, խախտում է տնտեսավարող սուբյեկտների միջև կամ վերջիններիս ու սպառողների կամ ձեռք բերողների միջև բարեխղճության` ազնվության, արդարության, ճշմարտության և (կամ) անաչառության սկզբունքները:

Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անբարեխիղճ մրցակցությունն արգելվում է: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` անբարեխիղճ մրցակցություն են սույն օրենքի 17-24-րդ հոդվածներում նախատեսված դեպքերը, ինչպես նաև սույն հոդվածի 1-ին մասի հատկանիշներին համապատասխանող այլ գործողությունները:

Վերոնշյալ իրավանորմերի համակարգային վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը սահմանել է գործողությունն անբարեխիղճ դիտարկելու երկու եղանակ. մի դեպքում անբարեխիղճ մրցակցության դեպքերն են Օրենքի 16-24-րդ հոդվածներով սահմանված առանձին դրսևորումները, մյուս դեպքում` Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշները պարունակող գործողությունները, այն է` տնտեսավարող սուբյեկտի ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը.

1. հակասում է Օրենքին, այլ օրենքներին, նորմատիվ իրավական ակտերին կամ գործարար շրջանառության սովորույթներին,

2. խախտում է մրցակիցների միջև կամ վերջիններիս և սպառողների կամ ձեռք բերողների միջև բարեխղճության` ազնվության, արդարության, ճշմարտության և (կամ) անաչառության սկզբունքները առկայության ցանկացած դեպքում:

Տվյալ դեպքում տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների վերաբերյալ վարույթը հարուցվել է անբարեխիղճ մրցակցության դրսևորման` հասարակության մոլորեցման առերևույթ խախտման հիմքով, ուստի քննարկման ենթակա է Ընկերության կողմից հասարակության մոլորեցման հարցը:

Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անբարեխիղճ մրցակցություն է համարվում հասարակության մոլորեցումը, այդ թվում`

1) ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը մոլորեցնում է կամ կարող է մոլորեցնել հասարակությանը տնտեսավարող սուբյեկտի, նրա գործունեության կամ առաջարկած ապրանքների, դրանց գովազդմանը, տարածմանը կամ իրացմանը նպաստող միջոցառումների, ապրանքի աշխարհագրական ծագման կամ Օրենքի 20-րդ հոդվածում թվարկված բնութագրերի կամ պայմանների վերաբերյալ.

2) ապրանքների որակն անհիմն չափազանցելը կամ որակի, քանակի կամ այլ բնութագրերի կամ ապրանքների ձեռքբերման կամ իրացման վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն չհիշատակելը կամ տեղեկատվությունն այն ձևով ներկայացնելը, որը կարող է հանգեցնել թյուր տպավորության ստեղծման (ապակողմնորոշման).

3) գովազդի մեջ (գովազդելու ընթացքում) կամ իրացման ընթացքում թերի կամ կեղծ կամ ոչ լիարժեք տվյալների (տեղեկությունների) նշումը կամ այնպիսի տվյալների (տեղեկությունների) բացակայությունը կամ տվյալների (տեղեկությունների) այն ձևով նշումը, որն սպառողին հնարավորություն չի տալիս ամբողջական պատկերացում կազմելու իրացվող կամ գովազդվող ապրանքի կամ տնտեսավարող սուբյեկտի վերաբերյալ.

4) օրենքին հակասող, այդ թվում` անբարեխիղճ կամ հակաօրինական կամ հավաստիության կամ պատշաճության խախտմամբ իրականացվող գովազդները, որոնք կարող են կանխել, սահմանափակել կամ արգելել տնտեսական մրցակցությունը կամ վնասել սպառողների շահերը:

Վերոգրյալ նորմերից հետևում է, որ տնտեսավարող սուբյեկտի կողմից իրացվող կամ գովազդվող ապրանքի վերաբերյալ տվյալների կամ տեղեկությունների թերի, կեղծ կամ ոչ լիարժեք լինելու կամ դրանում իրացվող կամ գովազդվող ապրանքի մասին ամբողջական պատկերացում կազմելու համար անհրաժեշտ որևէ տվյալի կամ տեղեկության բացակայության յուրաքանչյուր դեպքում Օրենքով տնտեսավարող սուբյեկտի կողմից կատարված գործողությունը կամ դրսևորած վարքագիծը դիտարկվում է որպես հասարակության մոլորեցմամբ անբարեխիղճ մրցակցություն:

Կանոնակարգի 109-րդ կետի համաձայն` մսամթերքի անվանման մեջ նշվում կամ անվանմանը կից տեղեկություն է տեղադրվում մսամթերքի խմբի (օրինակ` «մսային», «միս պարունակող», «մսաբուսական», «բուսամսային») և տեսակի մասին (օրինակ` «երշիկեղեն», «մսային արտադրանք», «կիսապատրաստվածք», «խոհարարական արտադրատեսակ», «պահածոներ», «խոզի ճարպից ստացված մթերք», «չոր մթերք», «արգանակ»):

«Սննդամթերքի մակնշման մասին» կանոնակարգի 4-րդ կետի 4.4-րդ ենթակետի 1-ին պարբերության համաձայն` սննդամթերքի բաղադրության մեջ մտնող բաղադրիչները նշվում են սննդամթերքի արտադրման պահի դրությամբ դրանց զանգվածային մասի նվազման կարգով, եթե սննդամթերքի առանձին տեսակների վերաբերյալ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներով այլ բան սահմանված չէ: Տվյալ բաղադրիչները նշելուց անմիջապես առաջ պետք է զետեղվի «Բաղադրությունը» գրառումը:

Սննդամթերքի մեջ բարդ բաղադրիչի (երկու և ավելի բաղադրիչներից կազմված) առկայության դեպքում սննդամթերքի բաղադրության մեջ սույն կետի 4.4 ենթակետի 1-ին պարբերության պահանջների պահպանմամբ նշվում են այդ բարդ բաղադրիչի բաղադրության մեջ մտնող բոլոր բաղադրիչների ցանկը, կամ նշվում է բարդ բաղադրիչը, որին փակագծերում լրացնում են բաղադրիչները` իրենց զանգվածային մասի նվազման կարգով: Այն դեպքում, երբ բարդ բաղադրիչի զանգվածային մասը կազմում է 2 տոկոս և դրանից պակաս, ապա թույլատրվում է չնշել նրա մեջ մտնող բաղադրիչները` բացառությամբ սննդային հավելումների, բուրավետիչների և դրանց բաղադրության մեջ մտնող սննդային հավելումների, կենսաբանական ակտիվ նյութերի և դեղաբույսերի, բաղադրիչների, որոնք ստացվել են ԳՁՕ-ների և սույն կետի 4.4 ենթակետի 14-րդ պարբերությունում նշված բաղադրիչների կիրառմամբ:

Եթե սննդամթերքը պարունակում է 2 տոկոս և դրանից պակաս զանգվածային մաս ունեցող բաղադրիչներ, ապա թույլատրվում է դրանք նշել ցանկացած հերթականությամբ այն բաղադրիչներից հետո, որոնց զանգվածային մասը կազմում է 2 տոկոսից ավելի, եթե սննդամթերքի առանձին տեսակների վերաբերյալ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով այլ բան սահմանված չէ:

Միաժամանակ, տնտեսավարող սուբյեկտները պարտավոր են մսամթերքի մակնշումներն իրականացնել այնպես, որ սպառողի համար ակնհայտ լինի, թե դրանք մսամթերքի որ խմբին և տեսակին են պատկանում, ինչպես նաև սննդամթերքի բաղադրության մեջ մտնող բաղադրիչները մակնշելիս տնտեսավարող սուբյեկտները պետք է նշեն «բաղադրություն» բառը, այնուհետև, ըստ հերթականության, նշեն օգտագործված բաղադրիչները` հիմք ընդունելով դրանց զանգվածային մասը: Այսինքն, մսամթերքի արտադրության մեջ օգտագործված բաղադրիչները պետք է մակնշվեն` ըստ սննդամթերքի արտադրման պահի դրությամբ դրանց զանգվածային մասի նվազման:

Այսինքն` տնտեսավարող սուբյեկտի կողմից մսամթերքի խմբի մասին տեղեկատվություն չմակնշելը և իրացնելը, ինչպես նաև մսամթերքում օգտագործված բաղադրիչներն ըստ դրանց զանգվածային մասի նվազման կարգով չմակնշելը և իրացնելը, համարվում է հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն, քանի որ առաջին դեպքում սպառողներին հնարավորություն չի տալիս ամբողջական պատկերացում կազմելու իրացվող ապրանքի վերաբերյալ, իսկ երկրորդ դեպքում սպառողների մոտ կարող է ստեղծել թյուր տպավորություն (ապակողմնորոշում), որ մսամթերքի բաղադրության մեջ օգտագործված բաղադրիչներն արտացոլված են ըստ դրանց զանգվածային մասի նվազման:

Սույն գործի փաստերի համաձայն` Դիտանցմամբ արձանագրվել է, որ Ընկերության կողմից արտադրված Ապրանքների պիտակների (փաթեթավորման թաղանթների) վրա` դրանց անվանման մեջ կամ անվանմանը կից տվյալ ապրանքների խմբի վերաբերյալ տեղեկատվությունը չի մակնշվել:

Բացի այդ, Հսկիչ գնմամբ արձանագրվել է, որ Ապրանքների պիտակների (փաթեթավորման թաղանթների) վրա` դրանց անվանման մեջ կամ անվանմանը կից տվյալ ապրանքների խմբի վերաբերյալ տեղեկատվությունը չի մակնշվել:

Այսպիսով, Հանձնաժողովն արձանագրում է, որ Ընկերության կողմից արտադրված «Կրակովյան» և «Կրասնոդարսկայա» անվանումներով կիսաապխտած երշիկների մակնշվածքում մսամթերքի խմբի մասին տեղեկություն չի մակնշվել, ինչը պարունակում է հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշներ: Ընդ որում, Ընկերությունը Հանձնաժողով է ներկայացրել համապատասխան ապացույց իրավախախտման հետևանքները վերացրած լինելու վերաբերյալ: Մասնավորապես, Ընկերությունը փոխել է Ապրանքների պիտակները` համապատասխանեցնելով Կանոնակարգի 109-րդ կետի պահանջներին:

Բացի այդ, Ընկերությունը Հանձնաժողով է ներկայացրել 2021 թվականի հոկտեմբերի 15-ից արտադրած և իրացրած Ապրանքների բաղադրությունը ձևավորող բաղադրիչների վերաբերյալ տեղեկատվություն և հայտնել է հետևյալը` ««Կրակովյան» անվանումով կիսաապխտած երշիկի բաղադրությունում օգտագործվում են

 

, մինչդեռ Հսկիչ գնմամբ արձանագրվել է, որ տվյալ երշիկի պիտակի վրա բաղադրիչները մակնշվել են հետևյալ հերթականությամբ` ԽԵԿ, տավարի միս, խոզի միս, խոզաճարպ, կենդանական և բուսական սպիտակուց, սննդային հավելումներ, նատրիումի նիտրիտ` E250, ֆոսֆատներ` E450, E451, E452, համեմունքներ, կերակրի աղ, սխտոր, արտադրված` 2021 թվականի հոկտեմբերի 20-ին:

Ավելին, Նիստի ընթացքում Ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ կախված մսի գնի փոփոխությունից (աճից) երշիկի բաղադրությունում մսի զանգվածը նվազեցվում է թույլատրելի սահմաններում:

Այսպիսով, Ընկերության կողմից «Կրակովյան» անվանումով կիսաապխտած երշիկի մակնշվածքում մսամթերքի բաղադրության մեջ օգտագործվող բաղադրիչներն ըստ դրանց զանգվածային մասի նվազման չմակնշելը և իրացնելը, սպառողների մոտ կարող է ստեղծել թյուր տպավորություն (ապակողմնորոշում), որ մսամթերքի բաղադրության մեջ օգտագործված բաղադրիչներն արտացոլված են ըստ դրանց զանգվածային մասի նվազման, ինչը պարունակում է հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշներ:

Այսպիսով, վերոգրյալի համատեքստում Հանձնաժողովը հաստատված է համարում Ընկերության կողմից հասարակության մոլորեցմամբ անբարեխիղճ մրցակցություն դրսևորելու փաստը, որպիսի պայմաններում Հանձնաժողովն անհրաժեշտ չի համարում անդրադառնալ Վարույթի հարուցման համար հիմք հանդիսացած առերևույթ անբարեխիղճ մրցակցության հատկանիշներ պարունակող այլ դրսևորումների քննարկմանը:

2) Ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու հարցի կապակցությամբ.

Օրենքի 92-րդ հոդվածի համաձայն` տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման համար Հանձնաժողովն իրավասու է տնտեսավարող սուբյեկտներին, պետական մարմիններին և դրանց պաշտոնատար անձանց տալու նախազգուշացում կամ նշանակելու տուգանք:

Օրենքի 93-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` անբարեխիղճ մրցակցության համար նշանակվող տուգանքի չափը կազմում է տնտեսավարող սուբյեկտի` տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև հինգ տոկոսը:

Օրենքի 93-րդ հոդվածի 13-րդ մասի համաձայն` նախորդ տարում 12 ամսից պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում սույն հոդվածով նախատեսված տուգանքների չափը կազմում է իրավախախտմանը նախորդող, բայց ոչ ավելի, քան 12 ամսվա գործունեության ժամանակահատվածի հասույթի նկատմամբ սույն հոդվածում նախատեսված տոկոսը:

Օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատասխանատվության միջոց կիրառելիս Հանձնաժողովը հաշվի է առնում տվյալ իրավախախտման բնույթը, տևողությունը, իրավախախտման հնարավոր կամ փաստացի ազդեցությունը շուկայում մրցակցային իրավիճակի կամ սպառողների շահերի վրա, տնտեսավարող սուբյեկտի կողմից տվյալ խախտման կրկնակիությունը, եթե նախորդ խախտման համար պատասխանատվության միջոց կիրառելու օրվանից չի անցել հինգ տարի, տնտեսավարող սուբյեկտի դիտավորության աստիճանը, տնտեսավարող սուբյեկտի կողմից իրավախախտում կատարվելու շարժառիթները և հանգամանքները, տնտեսավարող սուբյեկտի կողմից իրավախախտում կատարվելու փաստն ընդունելու կամ Հանձնաժողովի հետ համագործակցելու հանգամանքը, պատասխանատվությունից ազատելու հիմքերը, տնտեսավարող սուբյեկտի վրա նշանակվող տուգանքի հնարավոր ազդեցությունը, տվյալ տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտը և տնտեսավարող սուբյեկտի պատմությունը:

Հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 28-ի «Պատասխանատվության միջոցի ընտրության և տուգանքի հաշվարկման մեթոդաբանությունը սահմանելու մասին» թիվ 395-Ն որոշմամբ (այսուհետ նաև` թիվ 395-Ն որոշում) սահմանված պատասխանատվության միջոցի ընտրության և տուգանքի հաշվարկման մեթոդաբանությունը (այսուհետ նաև` Մեթոդաբանություն) կարգավորում է Հանձնաժողովի կողմից Օրենքով սահմանված տնտեսական մրցակցության բնագավառում պատասխանատվության միջոցների ընտրության և տուգանքի հաշվարկման հետ կապված հարաբերությունները:

Մեթոդաբանության 6-րդ կետի համաձայն` պատասխանատվության միջոցի ընտրությունը և տուգանքի հաշվարկումը յուրաքանչյուր դեպքում իրականացվում է վարույթի ընթացքում հաստատված փաստական հանգամանքների քննարկման արդյունքում Հանձնաժողովի հայեցողությամբ` հաշվի առնելով Մեթոդաբանությամբ ամրագրված դրույթները և վարույթի առանձնահատկությունները:

Մեթոդաբանության 12-րդ կետի համաձայն` տուգանքը հաշվարկվում է հետևյալ փուլերով.

1) որոշվում է տուգանքի բազային գումարը.

2) գնահատվում են վարույթի ընթացքում հաստատված ծանրացնող և մեղմացնող հանգամանքները, և հիմքերի առկայության դեպքում բազային գումարը ենթարկվում է համապատասխան փոփոխությունների.

3) Մեթոդաբանությամբ նախատեսված դեպքերում համապատասխանեցվում է պատասխանատվության միջոցը:

Մեթոդաբանության 13-րդ կետի համաձայն` Հանձնաժողովը տուգանքը հաշվարկում է Տ = Բ + Բ x (Ծ - Մ) բանաձևով, որտեղ` Տ-ն տուգանքի չափն է, Բ-ն տուգանքի բազային գումարն է, Ծ-ն բոլոր ծանրացնող հանգամանքների համար սահմանված տոկոսների հանրագումարն է, Մ-ն բոլոր մեղմացնող հանգամանքների համար սահմանված տոկոսների հանրագումարն է:

 

Բազային գումարի հաշվարկը.

Մեթոդաբանության 7-րդ կետի 1-ին ենթակետի «զ» պարբերության համաձայն` անբարեխիղճ մրցակցությունը ըստ բնույթի մրցակցային իրավախախտում է:

Մեթոդաբանության 14-րդ կետի համաձայն` մրցակցային իրավախախտումների դեպքում տուգանքի բազային գումարը որոշվում է ապրանքի իրացումից ստացված հասույթի գումարի, իրավախախտման համապատասխան ծանրության խմբի համար սահմանված տոկոսի և իրավախախտման տևողության արտադրյալի հաշվարկման միջոցով` Բ = Հ x Խ x Ժ բանաձևով, որտեղ` Բ-ն տուգանքի բազային գումարն է մրցակցային իրավախախտումների դեպքում, Հ-ն ապրանքի իրացումից ստացված հասույթի գումարն է, Խ-ն իրավախախտման համապատասխան ծանրության խումբն է, Ժ-ն իրավախախտման տևողությունն է:

Ապրանքի իրացումից ստացված հասույթ.

Մեթոդաբանության 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն` ապրանքների իրացումից ստացված հասույթ է համարվում իրավախախտման առարկա հանդիսացող կամ իրավախախտման մեջ ներգրավված ապրանքների և դրանց փոխադարձ փոխարինելի ապրանքների իրացումից ստացված հասույթը:

Մեթոդաբանության 17-րդ կետի համաձայն` Հանձնաժողովի կողմից վարույթ հարուցելու մասին որոշման ընդունման պահին չդադարեցված իրավախախտումների դեպքում իրացման հասույթի կամ ընդհանուր հասույթի չափի հաշվարկումն իրականացվում է վարույթ հարուցելու մասին որոշման ընդունմանը նախորդող տարվա վաճառքի հասույթի կամ ընդհանուր հասույթի չափից:

Տվյալ պարագայում Վարույթը հարուցելու մասին որոշման ընդունմանը նախորդող տարվա` 2020 թվականի Ապրանքների և դրանց փոխադարձ փոխարինելի ապրանքների` այլ

կիսաապխտած երշիկների իրացումից ստացված հասույթի չափը կազմել է     դրամ

համաձայն ՊԵԿ-ի տեղեկատվության:

Իրավախախտման ծանրության խումբը.

Հիմք ընդունելով Մեթոդաբանության 20-րդ կետի 3-րդ ենթակետը` սույն գործով ծանրության խումբը պետք է հաշվարկել 2.5 տոկոս դրույքաչափով:

Իրավախախտման տևողությունը.

Իրավախախտման տևողությունը հաշվարկելիս հիմք են ընդունվում Մեթոդաբանության 22-րդ, 23-րդ և 24-րդ կետերը: Սույն գործով Ընկերության կողմից իրավախախտում կատարվելու սկզբնաժամկետ է համարվում

 

` թիվ 205-Ա որոշմամբ:

 

:

    Վերոնշյալից բխում է, որ տուգանքի բազային գումարը կազմում է    ՀՀ դրամ`

ըստ հետևյալ հաշվարկի.

 

    Բ= Հ x Խ x Ժ=     x 2,5% x  =       դրամ:

 

Պատասխանատվությունը ծանրացնող և մեղմացնող հանգամանքներ.

Մեթոդաբանության 27-32-րդ կետերով սահմանված են պատասխանատվությունը ծանրացնող և մեղմացնող հանգամանքները, ինչպես նաև սահմանված են բազային գումարից ծանրացնող և մեղմացնող հանգամանքների հաշվարկման դրույքաչափերը:

Սույն գործով պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքը հետևյալն է.

Իրավախախտման հնարավոր կամ փաստացի ազդեցությունը շուկայում մրցակցային իրավիճակի և սպառողների շահերի վրա. Ընկերության կողմից մսամթերքի խմբի մասին տեղեկատվություն չմակնշելը և իրացնելը սպառողների հնարավորություն չի տալիս ամբողջական պատկերացում կազմելու իրացվող ապրանքի վերաբերյալ, իսկ մսամթերքում օգտագործված բաղադրիչներն ըստ դրանց զանգվածային մասի նվազման կարգով չմակնշելը և իրացնելը սպառողների մոտ կարող է ստեղծել թյուր տպավորություն (ապակողմնորոշում), որ մսամթերքի բաղադրության մեջ օգտագործված բաղադրիչներն արտացոլված են ըստ դրանց զանգվածային մասի նվազման, ինչը կարող է բացասական ազդեցություն ունենալ սպառողների շահերի վրա: Բացի այդ, նշված վարքագծի արդյունքում Ընկերությունը կարող է ստանալ մրցակցային առավելություն այլ` բարեխիղճ տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ:

Մեղմացնող հանգամանքը հետևյալն է.

Տնտեսավարող սուբյեկտի կողմից իրավախախտում կատարելու փաստն ընդունելը. Ընկերությունը, Հանձնաժողով ներկայացնելով Ապրանքների պիտակների փոփոխված տարբերակները, ըստ էության ընդունել է Վարույթով իրեն վերագրվող` Ապրանքների մակնշվածքում խմբի մասին տեղեկատվություն չմակնշելու դրսևորմամբ իրավախախտման փաստը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմնի կողմից քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ անձի ներկայացրած տվյալները, տեղեկությունները համարվում են հավաստի բոլոր դեպքերում, քանի դեռ վարչական մարմինը հակառակը չի ապացուցել:

Արգելվում է անձանցից պահանջել իրենց ներկայացրած տվյալները, տեղեկությունները հավաստող փաստաթղթեր կամ լրացուցիչ տեղեկություններ, եթե այդ պահանջը սահմանված չէ օրենքով:

Եթե վարչական մարմինը հիմնավոր կասկածներ ունի անձանց ներկայացրած տվյալների, տեղեկությունների իսկության վերաբերյալ, ապա ինքը պարտավոր է ինքնուրույն և իր հաշվին ձեռնարկել միջոցներ` դրանց իսկության մեջ հավաստիանալու համար:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` անձինք պատասխանատվություն են կրում վարչական մարմիններին կեղծ տվյալներ, տեղեկություններ ներկայացնելու համար:

Վերոգրյալի հիման վրա Հանձնաժողովն արձանագրում է, որ իրավախախտման հետևանքները վերացված լինելու վերաբերյալ վարույթով պատասխանողի կողմից ներկայացված տվյալները և տեղեկությունները գործում հակառակի վերաբերյալ ապացույցների բացակայության դեպքում Հանձնաժողովի կողմից ընդունվում են որպես հավաստի: Ընդ որում, Հանձնաժողով կեղծ տվյալներ և տեղեկություններ ներկայացնելու համար վարույթով պատասխանողը կրում է պատասխանատվություն:

Սույն վարույթով որպես ծանրացնող հանգամանք հաստատվել է իրավախախտման հնարավոր կամ փաստացի ազդեցությունը շուկայում մրցակցային իրավիճակի կամ սպառողների շահերի վրա, իսկ որպես մեղմացնող հանգամանք` տնտեսավարող սուբյեկտի կողմից իրավախախտում կատարելու փաստն ընդունելը:

Այսպիսով, ծանրացնող հանգամանքի դրույքաչափը կազմում է 20%, իսկ մեղմացնող հանգամանքի դրույքաչափը` 5%:

Տուգանքի հաշվարկը.

Վերոշարադրյալից հետևում է, որ տուգանքի չափը կազմում է 4 207 268 ՀՀ դրամ` համաձայն հետևյալ հաշվարկի.

    Տ= Բ + Բ x (Ծ - Մ) =      +      x (20%-5%) = 4 207 268 ՀՀ դրամ:

Այսպիսով, վերոնշյալ հանգամանքների համադրության արդյունքում և հիմք ընդունելով թիվ 395-Ն որոշումը, Հանձնաժողովն արձանագրում է, որ Ընկերության նկատմամբ անհրաժեշտ է նշանակել տուգանք` 4 207 268 (չորս միլիոն երկու հարյուր յոթ հազար երկու հարյուր վաթսունութ) դրամի չափով:

 

6. Եզրափակիչ մաս.

Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 67-րդ հոդվածի 2-րդ մասով, 101-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 70-րդ, 71-րդ հոդվածներով` Հանձնաժողովը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. «Ջրվեժի Մսամթերքի Կոմբինատ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Կրակովյան» և «Կրասնոդարսկայա» անվանումներով կիսաապխտած երշիկների պիտակների (փաթեթավորման թաղանթների) վրա տվյալ ապրանքների խմբի վերաբերյալ տեղեկատվություն չմակնշելը և իրացնելը, ինչպես նաև «Կրակովյան» անվանումով կիսաապխտած երշիկի պիտակի (փաթեթավորման թաղանթի) վրա տվյալ երշիկի բաղադրությունում օգտագործվող բաղադրիչները ըստ դրա զանգվածային մասի նվազման չմակնշելը և իրացնելը որակել որպես հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված իրավախախտման համար «Ջրվեժի Մսամթերքի Կոմբինատ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ նշանակել տուգանք 4 207 268 (չորս միլիոն երկու հարյուր յոթ հազար երկու հարյուր վաթսունութ) դրամի չափով:

3. «Ջրվեժի Մսամթերքի Կոմբինատ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանձնարարել.

1) մեկամսյա ժամկետում շտկել սույն որոշման 1-ին կետում նշված իրավախախտումը` դադարեցնել մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրն արտադրված «Կրակովյան» անվանումով կիսաապխտած երշիկի իրացումը, այդ թվում` այլ տնտեսավարող սուբյեկտների միջոցով իրացնելու դեպքում գրավոր հետ կանչել կամ դրա մակնշումը համապատասխանեցնել Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 881 որոշմամբ հաստատված «Սննդամթերքի մակնշման մասին» թիվ ՄՄ ՏԿ 022/2011 Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին.

2) սույն կետի 1-ին ենթակետով սահմանված հանձնարարությունը կատարելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնել Հանձնաժողովին` ներկայացնելով հիմնավորող ապացույցներ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պատճենը «Ջրվեժի Մսամթերքի Կոմբինատ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանձնելուն հաջորդող օրվանից:

5. Սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով տրված հանձնարարությունը սահմանված ժամկետում կամովին չկատարվելու դեպքում ենթակա են հարկադիր կատարման` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով:

6. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

7. Սույն որոշման բողոքարկումը չի կասեցնում դրա գործողությունը կամ կատարումը:

 

    ՆԱԽԱԳԱՀ                                Գ. ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

2022 թ. մարտի 1

Երևան

 

__________________

ԻՐՏԵԿ - Առևտրային գաղտնիք պարունակող որոշ տվյալներ բաց են թողնված

 

 

pin
Մրցակցության պաշտպանության հ
22.02.2022
N 64-Ա
Որոշում