ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
3 նոյեմբերի 2016 թվականի թիվ 92
քաղ. Աստանա
ԴԵՂԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
Սահմանել, որ`
1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետության լիազորված մարմիններն իրավունք ունեն, Եվրասիական տնտեսական միության տվյալ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, իրականացնելու դեղապատրաստուկների փոխադարձ փոխարինելիությունը որոշելու ընթացակարգ` պետական և համայնքային կարիքների համար գնումներ կատարելիս օգտագործելու, պետական և համայնքային բյուջեների, պետական արտաբյուջետային ֆոնդերի միջոցներով ֆինանսավորվող դեղորայքային ապահովման ծրագրերն իրագործելու նպատակով:
Եվրասիական տնտեսական միության անդամ պետության լիազորված մարմնի` դեղապատրաստուկի փոխադարձ փոխարինելիությունը որոշելու մասին որոշումը գործում է Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության տարածքում, որի օրենսդրությանը համապատասխան այն ընդունվել է:
2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետության լիազորված մարմնի` Եվրասիական տնտեսական միության տարածքում վավեր գրանցման հավաստագրի տրման մասին որոշումն ընդունվում է` առանց հաշվի առնելու դեղապատրաստուկի փոխադարձ փոխարինելիության որոշման արդյունքները:
Դեղապատրաստուկի փոխադարձ փոխարինելիության որոշումը չի ազդում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղապատրաստուկի հետագա(1) շրջանառության վրա:
________________________
1) «Դեղամիջոցների շրջանառություն» հասկացությունը սահմանված է «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրի 1-ին հոդվածում:
3. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմիններն իրավունք ունեն վարելու Եվրասիական տնտեսական միության անդամ պետության տարածքում շրջանառության մեջ գտնվող փոխադարձ փոխարինելի դեղապատրաստուկների ռեեստր (ցանկ)` Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով` օգտագործելով Եվրասիական տնտեսական միության գրանցված դեղամիջոցների միասնական ռեեստրի տեղեկությունները, այդ թվում` շրջանառության սուբյեկտներին տեղեկացնելու համար:
4. Ռուսաստանի Դաշնության լիազորված մարմնին` ընդհանրացնել Ռուսաստանի Դաշնությունում դեղապատրաստուկների փոխադարձ փոխարինելիության որոշման արդյունքում ստացված տվյալները և մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնել զեկույց` նշված ընթացակարգի կիրառման արդյունքների մասին, և ներկայացնել այն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
5. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին» 2015 թվականի դեկտեմբերի 2-ին ստորագրված արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն ոչ շուտ, քան սույն Որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`
Հայաստանի Հանրապետությունից` Վ. Գաբրիելյան
Բելառուսի Հանրապետությունից` Վ. Մատյուշևսկի
Ղազախստանի Հանրապետությունից` Ա. Մամին
Ղրղզստանի Հանրապետությունից` Օ. Պանկրատով
Ռուսաստանի Դաշնությունից` Ի. Շուվալով
Պաշտոնական հրապարակման օրը` 6 մայիսի 2022 թվական: