Սեղմել Esc փակելու համար:
ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ԵՎ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՎԱԾ ԵՆ ԱՐԴՅՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ԵՎ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՎԱԾ ԵՆ ԱՐԴՅՈ՞Ք ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 242-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                         ԵԴ/0771/01/19

Վերաքննիչ քրեական դատարանում որոշում

կայացրած դատարանի կազմը`

Նախագահող դատավոր` Ա. Դանիելյան

    Դատավորներ`        Ա. Վարդանյան

                       Մ. Հարությունյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Հ. Ասատրյանի

                   

                   մասնակցությամբ դատավորներ` Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Լ. Թադևոսյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

    4 մարտի 2022 թվական                        ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2021 թվականի մարտի 16-ի որոշման դեմ ամբաստանյալ Լուսինե Մերուժանի Պետրոսյանի պաշտպան Է.Հակոբյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

i

1. ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Գ.Ծառուկյանի` 2019 թվականի մայիսի 21-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 60172519 քրեական գործը:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ՀԿԳ քննիչ Ա.Ադամյանի` 2019 թվականի մայիսի 22-ի որոշմամբ քրեական գործն ընդունվել է վարույթ:

Նախաքննության մարմնի` 2019 թվականի հունիսի 5-ի որոշմամբ Լուսինե Մերուժանի Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննության մարմնի` 2019 թվականի հունիսի 12-ի որոշմամբ Լուսինե Պետրոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով:

2019 թվականի հոկտեմբերի 4-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)` 2020 թվականի օգոստոսի 18-ի դատավճռով ամբաստանյալ Լուսինե Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք` 150.000 (հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամի չափով` ավտոմոբիլ կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկելով` 1 (մեկ) տարի ժամկետով: Ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

2.1 Նույն դատավճռով որոշվել է նաև տուժող, քաղաքացիական հայցվոր Մարգո Սարգսյանի կողմից ներկայացված քաղաքացիական հայցը բավարարել, ամբաստանյալ Լուսինե Պետրոսյանից հօգուտ տուժողի բռնագանձել 1.551.764 (մեկ միլիոն հինգ հարյուր հիսունմեկ հազար յոթ հարյուր վաթսունչորս) ՀՀ դրամ` որպես հանցագործությամբ անմիջականորեն պատճառված վնասի փոխհատուցում:

2.2 Դատավճռով որոշվել է ամբաստանյալ Լ.Պետրոսյանին պատկանող` «INFINITI EX 35» մակնիշի 11 LL 661 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա դրված կալանքը պահպանել` մինչև վճռված գումարի բռնագանձումը, իսկ վերջինիս պատկանող «KIA» մակնիշի 11 LL 766 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի, ինչպես նաև անշարժ գույքի վրա դրված կալանքները վերացնել, և ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությանն ի պահ հանձնված` «KIA» մակնիշի 11 LL 766 հաշվառման համարանիշի ավտոմեքենան դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո վերադարձնել սեփականատիրոջը:

3. Պաշտպան Է.Հակոբյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2021 թվականի մարտի 16-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է, իսկ Առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի օգոստոսի 18-ի դատավճիռը` թողել անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ամբաստանյալ Լ.Պետրոսյանի պաշտպան Է.Հակոբյանը վճռաբեկ բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի սեպտեմբերի 3-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանը 2022 թվականի փետրվարի 23-ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

i

5. Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել տուժող Մ.Սարգսյանի ներկայացուցիչ Զ.Սակովան` խնդրելով մերժել վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը, կամ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու դեպքում քաղաքացիական հայցին անդրադառնալ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 163-րդ հոդվածի:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

i

6. Նախաքննության մարմնի որոշմամբ Լուսինե Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքի համար` «(...) նա 2019 թ. ապրիլի 24-ին` ժամը 15:30-ի սահմաններում, իրեն պատկանող «Կիա» մակնիշի 11 LL 766 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Հ.Ավետիսյան փողոցի թիվ 28 շենքի դիմաց թույլ է տվել ՀՀ Կառավարության 2007թ. հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշմամբ հաստատված ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնների 48-րդ կետի պահանջին հակասող գործողություն, այն է` հետընթաց կատարելիս չի համոզվել, որ դրա կատարումն անվտանգ է ու չի դիմել այլ անձանց օգնությանն, ինչի արդյունքում չի նկատել այդ պահին իր ավտոմեքենայի հետևամասով քայլող հետիոտն Մարգո Սամսոնի Սարգսյանին, հետընթացի ժամանակ վրաերթի է ենթարկել նրան ու անզգուշությամբ վերջինիս առողջությանը պատճառել ծանր վնաս, ինչի համար Մարգո Սարգսյանը բողոք է ներկայացրել Լուսինե Պետրոսյանի դեմ»(1):

___________________________

1) Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 59:

 

7. Առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի օգոստոսի 18-ի դատավճռի համաձայն` «Դատարանը, ամբաստանյալի մեղավորության հարցը լուծելիս հիմք է ընդունում դատաքննությամբ հետազոտված ներքոհիշյալ ապացույցները. ամբաստանյալ Լուսինե Պետրոսյանի նախաքննական և դատաքննական, տուժող Մարգո Սարգսյանի, պաշտպանության կողմի միջնորդությամբ հրավիրված վկաներ Տարոն Հովհաննիսյանի, Գագիկ Հովհաննիսյանի և Հասմիկ Սուքիասյանի կողմից տրված ցուցմունքները, մեղադրյալ Լուսինե Պետրոսյանի և տուժող Մարգո Սարգսյանի միջև կատարված առերես հարցաքննության արձանագրությունը, դատաբժշկական փորձաքննության թիվ 1284/հ եզրակացությունը, դատաավտոտեխնիկական փորձաքննության թիվ 19581908 եզրակացությունը, դատաքիմիական, դատահետքաբանական և մանրաթելային համալիր փորձաքննության թիվ 19591904 եզրակացությունը, «Կիա» մակնիշի 11 LL 766 հաշվառման համարանիշի ավտոմեքենան իրեղեն ապացույց ճանաչելու մասին որոշումը և այն զննության ենթարկելու արձանագրությունը, ճանապարհատրանսպորտային դեպքի զննության մասին 2019 թ.-ի ապրիլի 24-ին կազմված արձանագրությունը:

(...)

(...) Սույն գործով ձեռք բերված և մեղադրանքի հիմքում դրված ապացույցները համադրելով ամբաստանյալի, տուժողի և վկաների ցուցմունքների հետ, դատարանը փաստում է, որ դրանք փոխլրացնում և հաստատում են Լուսինե Պետրոսյանի կողմից նրան մեղսագրված արարքի կատարումը, ավելին, դրանք` ըստ էության, չեն հակասում նաև տուժող Մարգո Սարգսյանի կողմից նախաքննության հենց սկզբից տրված ու դատարանում վերահաստատված նույնանման ցուցմունքներին: (...)»(2):

___________________________

2) Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 4-34:

 

8. Վերաքննիչ դատարանի` 2021 թվականի մարտի 16-ի որոշման համաձայն` «Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Դատարանն, ամբաստանյալ Լուսինե Մերուժանի Պետրոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրական դատական ակտ կայացնելու հարցում հանգել է վերջնական ճիշտ հետևության, հետևաբար` վիճարկվող դատական ակտը բեկանելու և վերջինիս նկատմամբ արդարացման դատական ակտ կայացնելու կամ գործը նոր քննության ուղարկելու հիմքեր չկան: (...)»(3):

___________________________

3) Տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթեր 108-129:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

9. Բողոքի հեղինակը նշել է, որ ստորադաս դատարանը, ի թիվս այլնի, խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ, 107-րդ, 127-րդ և 365-րդ հոդվածների պահանջները, ինչի արդյունքում առերևույթ թույլ է տվել դատական սխալ` նյութական և դատավարական իրավունքի հիմնարար խախտում, որն ազդել է գործի ելքի վրա:

9.1. Ըստ բողոքաբերի` դատավճռով հաշվի չեն առնվել և պատշաճ չեն գնահատվել պաշտպանության կողմի միջնորդությամբ դատարան հրավիրված վկաների ցուցմունքները, և առանց հիմնավոր պատճառաբանության առավելություն է տրվել տուժող Մ.Սարգսյանի ցուցմունքներին, որոնք հակասական են և անարժանահավատ:

10. Բացի այդ, բողոք բերած անձը նշել է նաև, որ ամբաստանյալ Լ.Պետրոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:

11. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2021 թվականի մարտի 16-ի որոշումը, ճանաչել և հռչակել ամբաստանյալ Լ.Պետրոսյանի անմեղությունը, կամ գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության, կամ քրեական գործի վարույթը կարճել` վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված և պատճառաբանված են արդյո՞ք ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կատարելու մեջ ամբաստանյալ Լ.Պետրոսյանի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

13. Բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում ստուգման ենթարկելով քրեական գործի փաստական հանգամանքների բացահայտման և քրեական օրենքի կիրառման ճշտությունը, գործը քննելիս և լուծելիս քրեադատավարական օրենքի պահանջների պահպանումը, ինչպես նաև ուսումնասիրության և գնահատման ենթարկելով քրեական գործում առկա նյութերը` Վճռաբեկ դատարանը հանգում է հետևության, որ ստորադաս դատարանները ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքում ամբաստանյալ Լ.Պետրոսյանի մեղավորության վերաբերյալ հանգել են ճիշտ հետևության:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վկաների ցուցմունքների արժանահավատության վերաբերյալ ստորադաս դատարանների եզրահանգումները բավարար չափով հիմնավորված են և պատճառաբանված, իսկ առաջադրված մեղադրանքում Լ.Պետրոսյանի մեղքը հաստատվում է գործով ձեռքբերված և ստորադաս դատարանների դատական ակտերում պատշաճ վերլուծված ապացույցների բավարար համակցությամբ: Անդրադառնալով տուժող Մ.Սարգսյանի ցուցմունքների միջև առկա հակասությունների և անարժանահավատության վերաբերյալ պաշտպանի փաստարկին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդ հակասություններն էական չեն և տուժողի ցուցմունքներն անարժանահավատ չեն դարձնում:

14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ամբաստանյալ Լ.Պետրոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

i

15. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե` (...)

6) անցել են վաղեմության ժամկետները, (...)

5. Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը»:

i

ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարի ժամկետով ազատազրկումը, կամ որոնց համար նախատեսված է ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ, ինչպես նաև անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երեք տարի ժամկետով ազատազրկումը»:

i

ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.

1) երկու տարի` ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.

(...)

2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը (...)»:

i

ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «1. Ավտոմոբիլի կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոցի վարորդի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա»:

16. Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները:

17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Լ.Պետրոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքն ավարտվել է 2019 թվականի ապրիլի 24-ին(4): Առաջին ատյանի դատարանի մեղադրական դատավճիռը կայացվել է 2020 թվականի օգոստոսի 18-ին, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, իսկ Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել 2021 թվականի մարտի 16-ին(5):

___________________________

4) Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

5) Տե՛ս սույն որոշման 3-րդ կետը:

 

18. Նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 14-16-րդ կետերում վկայակոչված իրավանորմերի և շարադրված վերլուծության լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Լ.Պետրոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքի` որպես ոչ մեծ ծանրության հանցագործության համար ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու երկամյա ժամկետը լրացել է 2021 թվականի ապրիլի 24-ին, իսկ այդ պահի դրությամբ, նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտած չի եղել:

Հետևաբար, Լ.Պետրոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը պետք է դադարեցնել, և քրեական գործի վարույթը կարճել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

i

19. Վճռաբեկ դատարանը միաժամանակ գտնում է, որ Լ.Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը պետք է վերացնել: Հաշվի առնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 163-րդ հոդվածի պահանջն առ այն, որ քրեական դատավարությունում քաղաքացիական հայցը լուծվում է դատավճռով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տուժող Մ.Սարգսյանի քաղաքացիական հայցը պետք է թողնել առանց քննության: Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ քաղաքացիական հայցն առանց քննության թողնելու պայմաններում գույքի վրա դրված կալանքը պետք է վերացնել(6): Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 155-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, քրեական դատավարությունում հարուցված քաղաքացիական հայցը, որը դատարանի կողմից թողնվել է առանց քննության, կարող է հետագայում հարուցվել քաղաքացիական դատավարության կարգով:

___________________________

6) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արթուր Անդրեասյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0200/01/13 որոշման 20.2-րդ կետը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Ամբաստանյալ Լուսինե Մերուժանի Պետրոսյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2020 թվականի օգոստոսի 18-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2021 թվականի մարտի 16-ի որոշումը բեկանել, Լուսինե Մերուժանի Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ և քրեական գործի վարույթը կարճել:

2. Լուսինե Մերուժանի Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը վերացնել:

3. Լուսինե Մերուժանի Պետրոսյանին պատկանող «INFINITI EX 35» մակնիշի 11 LL 661 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի, «KIA» մակնիշի 11 LL 766 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի, ինչպես նաև անշարժ գույքի վրա դրված կալանքները վերացնել:

4. Տուժող Մարգո Սամսոնի Սարգսյանի քաղաքացիական հայցը թողնել առանց քննության:

5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Ասատրյան

Դատավորներ` Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

Հրապարակվել է datalex.am կայքէջում` 4 մարտի 2022 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
04.03.2022
N ԵԴ/0771/01/19
Որոշում