Սեղմել Esc փակելու համար:
ՀԻՄՆԱՎՈՐՎԱ՞Ծ Է ԱՐԴՅՈՔ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼ Ա.Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԻՄՆԱՎՈՐՎԱ՞Ծ Է ԱՐԴՅՈՔ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼ Ա.ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 112 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                         ԵԴ/1138/01/20

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Նախագահող դատավոր` Կ. Մարդանյան

    Դատավորներ`        Ն. Հովակիմյան

                       Ս. Համբարձումյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Հ. Ասատրյանի

                   

                   մասնակցությամբ դատավորներ` Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Լ. Թադևոսյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

    18 մարտի 2022 թվական                       ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Արթուր Մամիկոնի Մխիթարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2021 թվականի մարտի 3-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Կենտրոնական բաժնի հետաքննության բաժանմունքում, 2020 թվականի հուլիսի 23-ին, հարուցվել է թիվ 15877220 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

Նախաքննության մարմնի` 2020 թվականի հուլիսի 28-ի որոշմամբ Մանվել Տախվերդյանը ճանաչվել է տուժող:

i

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի քննչական բաժնում 2020 թվականի սեպտեմբերի 29-ին հարուցվել է թիվ 13117220 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

Նախաքննության մարմնի` 2020 թվականի սեպտեմբերի 29-ի որոշմամբ թիվ 13117220 քրեական գործը միացվել է թիվ 15877220 քրեական գործին, նախաքննությունը շարունակվել է մեկ վարույթում` 15877220 համարի ներքո:

Նախաքննության մարմնի` 2020 թվականի հոկտեմբերի 9-ի որոշմամբ Արթուր Մամիկոնի Մխիթարյանը ձերբակալվել է, իսկ 2020 թվականի հոկտեմբերի 12-ին` արգելանքից ազատ է արձակվել:

i

Նախաքննության մարմնի` 2020 թվականի հոկտեմբերի 12-ի որոշմամբ Ա.Մխիթարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության մարմնի` նույն օրվա մեկ այլ որոշմամբ Ա.Մխիթարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել` ստորագրություն չհեռանալու մասին:

2020 թվականի հոկտեմբերի 30-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի նոյեմբերի 24-ի դատավճռով ամբաստանյալ Ա.Մխիթարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 (երեք) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի կանոնների կիրառմամբ հաշվակցվել է Ա.Մխիթարյանի անազատության մեջ գտնվելու երեք օրը և նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 2 (երկու) տարի 11 (տասնմեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով:

3. Ամբաստանյալ Ա.Մխիթարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան), 2021 թվականի մարտի 3-ի որոշմամբ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի նոյեմբերի 24-ի դատավճիռը մասնակիորեն` պատժի կրման մասով բեկանել և փոփոխել է: Ամբաստանյալի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված` 2 (երկու) տարի 11 (տասնմեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ պայմանականորեն չի կիրառել` սահմանելով փորձաշրջան` 3 (երեք) տարի ժամկետով: Ամբաստանյալի վարքի նկատմամբ վերահսկողությունը դրվել է ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիոն ծառայության համապատասխան ստորաբաժանման վրա:

Դատավճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի` 2021 թվականի մարտի 3-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի հուլիսի 12-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի հոկտեմբերի 28-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

5. Արթուր Մխիթարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ. «նա 2020 թվականի հուլիսի 14-ին` ժամը 16:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մոսկովյան փողոցում գտնվող Թամանյանի արձանի դիմաց, ավտոմեքենան կայանելու շուրջ ծագած վիճաբանության ժամանակ փայտյա մահակով հարվածներ է հասցրել Մանվել Էդուարդի Տախվերդյանի գլխի հատվածին` դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառելով ծանր վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածք:

Այսպես.

Մանվել Էդուարդի Տախվերդյանը, 2020 թվականի հուլիսի 14-ին` ժամը 15:00-ի սահմաններում, իր կողմից որպես տաքսի վարվող «Օպել Աստրա Ջի» մակնիշի ավտոմեքենան ցանկացել է կայանել Երևան քաղաքի Մոսկովյան փողոցում գտնվող Թամանյանի արձանի դիմաց և, քանի որ այնտեղ կայանված են եղել տաքսի ավտոմեքենայի վարորդներ հանդիսացող Արթուր Մամիկոնի Մխիթարյանի և Արայիկ Կիրակոսյանի ավտոմեքենաները, խնդրել է Արթուր Մխիթարյանին, որպեսզի իր ավտոմեքենան փոքր ինչ առաջ տա, որպեսզի ինքը ևս կարողանա կայանել, որին ի պատասխան Արթուր Մխիթարյանը սկսել է ագրեսիվ պահվածք դրսևորել և իր հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ: Մանվել Տախվերդյանն էլ իր հերթին սկսել է հայհոյել Արթուր Մխիթարյանին և այդ ամենին միջամտել է Արայիկ Կիրակոսյանը և հանդարտեցրել իրավիճակը, որից հետո թե՛ Մանվել Տախվերդյանի և թե՛ Արթուր Մխիթարյանի ավտոմեքենաները նստել են հաճախորդներ և նրանք գնացել են պատվերը կատարելու:

Շուրջ 30 րոպե անց, երբ Մանվել Տախվերդյանը վերադարձել է նույն վայր և ավտոմեքենան կայանել երկրորդ գծի վրա, նրան է մոտեցել Արթուր Մխիթարյանը և խնդրել հեռախոսահամարը, հայտնելով, որ ինչ որ անձինք ցանկանում են խոսել նրա հետ, սակայն Մանվել Տախվերդյանը չի փոխանցել հեռախոսահամարը, որին ի պատասխան Արթուր Մխիթարյանը նրան անվանել է վախկոտ: Մանվել Տախվերդյանը ավտոմեքենայից իջնելով մոտեցել է Արթուր Մխիթարյանին և հայտնել, որ նա չի վախենում, ինչից անմիջապես հետո Արթուր Մխիթարյանն իր աջ ձեռքի բռունցքով մեկ անգամ հարվածել է Մանվել Տախվերդյանի դեմքի ձախ հատվածին, որից հետո ավտոմեքենայի բեռնախցիկից վերցնելով սև գույնի, փայտյա մահակ 2 անգամ հարվածել է Մանվել Տախվերդյանի գլխին և ևս մեկ անգամ հարվածել ուսին` դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս` գանգուղեղային տրավմայի` գլխուղեղի թեթև աստիճանի սալջարդի, գլխի ձախ կողմնային, ստորին շրթունքի միջանցիկ սալջարդ-պատռված վերքերի, ձախից գագաթոսկրի գծային կոտրվածքի ձևով»(1):

__________________________

1) Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 218-219:

 

6. Առաջին ատյանի դատարանը 2020 թվականի նոյեմբերի 24-ի դատավճռով արձանագրել է հետևյալը. «(...) Ամբաստանյալ Արթուր Մխիթարյանի նկատմամբ, նրան վերագրվող հանցագործության կատարման համար պատիժ նշանակելիս` դատարանը որպես հանցագործության վտանգավորության բնույթը և աստիճանը բնութագրող հանգամանքներ հաշվի է առնում հետևյալը.

- Ա.Մխիթարյանին վերագրվող արարքը` Մ.Տախվերդյանի առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը գնահատվել է որպես կյանքի համար վտանգ ներկայացնող ծանր վնասի պատճառում,

- ամբաստանյալին մեղսագրված արարքի կատարման եղանակը, մարմնական վնասվածքների քանակը, տեղակայումը, այն, որ ամբաստանյալն արարքը կատարել է իր ֆիզիկական հնարավորությունների և գործիքների օգտագործմամբ` Արթուր Մխիթարյանն իր աջ ձեռքի բռունցքով մեկ անգամ հարվածել է Մանվել Տախվերդյանի դեմքի ձախ հատվածին, որից հետո ավտոմեքենայի բեռնախցիկից վերցնելով փայտյա մահակ` երկու անգամ հարվածել է Մանվել Տախվերդյանի գլխին և մեկ անգամ հարվածել նրա ուսին,

- հանցագործության հանգամանքները, այն, որ հանցանքը կատարել է Մ.Տախվերդյանի հետ կենցաղային հարցերի` ավտոմեքենայի կայանման հարցի շուրջ վիճաբանության ընթացքում,

- ամբաստանյալի հոգեբանական վերաբերմունքն իր կատարած արարքի և դրա հետևանքների նկատմամբ, այն, որ Ա.Մխիթարյանն ընդունել է մեղքը և զղջացել կատարածի համար:

Պատիժ նշանակելիս Դատարանը հաշվի է առնում նաև Ա.Մխիթարյանի խնամքին 3-րդ կարգի հաշմանդամ հոր առկայությունը, որպես նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք հաշվի է առնում նրա խնամքին մինչև տասնչորս տարեկան մեկ երեխայի` 2012թ. ապրիլի 13-ին ծնված Վիտո Արթուրի Մխիթարյանի առկայությունը, իսկ պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չի արձանագրում:

Վերոհիշյալ հանգամանքները գնահատելով խախտված հասարակական հարաբերության սոցիալական նշանակության, այդ ոլորտում պետության քրեական քաղաքականության ուղղվածության համատեքստում` Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Ա.Մխիթարյանն իր կատարած, ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար ենթակա է պատժի ազատազրկման ձևով, որը նա պետք է կրի, քանի որ դրան խոչընդոտող հանգամանքներ առկա չեն, պատժի կրումից նրան ազատելու վերաբերյալ բավարար հիմնավորումներ դատարանին չեն ներկայացվել (...)»(2):

__________________________

2) Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 41-44:

 

7. Վերաքննիչ դատարանը, մասնակիորեն բեկանելով և փոփոխելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, արձանագրել է հետևյալը. «(...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Արթուր Մխիթարյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու անհրաժեշտությունը որոշելիս Առաջին ատյանի դատարանը կատարված արարքի հանրային վտանգավորության բնույթի ու աստիճանի համատեքստում` համակցության մեջ պատշաճ գնահատման չի ենթարկել ամբաստանյալ Արթուր Մխիթարյանի անձը բնութագրող, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, այդ թվում նաև` նրա խնամքին այլ անձանց առկայությունը և այդ համատեքստում նշանակված պատժի ազդեցությունը վերջինիս ընտանիքի կյանքի պայմանների վրա, որպիսի պայմաններում արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի երաշխավորման տեսանկյունից նշանակված պատիժը Արթուր Մխիթարյանի կողմից ռեալ կրելու վերաբերյալ հանգել է սխալ հետևության:

Մասնավորապես` Առաջին ատյանի դատարանը թեպետ արձանագրել է ամբաստանյալ Արթուր Մխիթարյանի անձը բնութագրող և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող մի շարք հանգամանքներ, այնուամենայնիվ նրա նկատմամբ նշանակված պատիժը կրելու անհրաժեշտությունը որոշելու համատեքստում` դրանք բավարար չափով չի վերլուծել, մասնավորապես` նրա խնամքին այլ անձանց առկայության պայմաններում գնահատման չի արժանացրել նշանակված պատժի ազդեցության հարցն Արթուր Մխիթարյանի ընտանիքի կյանքի պայմանների վրա:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Արթուր Մխիթարյանի անձը բնութագրող սոցիալ-հոգեբանական և ժողովրդագրական հատկանիշները, վերջինիս պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, ինչպես նաև ծանրացնող հանգամանքների բացակայությունը տվյալ դեպքում օբյեկտիվ հիմք են հանդիսանում և հիմնավորում են նրա նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելը:

Վերաքննիչ դատարանի գնահատմամբ օբյեկտիվորեն գոյություն ունեցող վերը նշված հանգամանքների համակցությունն էականորեն նվազեցնում է ամբաստանյալի անձի հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը և վկայում է Արթուր Մխիթարյանին ազատությունից զրկելու աննպատակահարմարության ու առանց պատիժը փաստացի կրելու պատժի նպատակներին հասնելու հնարավորության մասին, որը բխում է նաև պատիժ նշանակելու կարևորագույն` մարդասիրության սկզբունքի պահանջներից:

Վերաքննիչ դատարանը կարևորություն է տալիս նաև այն հանգամանքին, որ Արթուր Մխիթարյանի կողմից իր նկատմամբ նշանակված պատիժը ռեալ կրելու դեպքում այն կարող է բացասական ազդեցություն ունենալ նրա ընտանիքի կյանքի պայմանների վրա, հաշվի առնելով, որ վերջինիս խնամքին են գտնվում` մինչև տասնչորս տարեկան երեխան և հաշմանդամ հայրը:

Վերաքննիչ դատարանը հաշվի է առնում նաև ամբաստանյալ Արթուր Մխիթարյանի նկատմամբ տուժող Մանվել Տախվերդյանի կողմից բողոք և պահանջ չունենալու հանգամանքը:

Վերաքննիչ դատարանն արձանագրում է նաև, որ թեև արարքի բնույթով ու վտանգավորության աստիճանով պայմանավորված` Արթուր Մխիթարյանին մեղսագրվում է ծանր հանցագործության կատարում, այնուամենայնիվ հաշվի առնելով գործի հանգամանքները` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ինքնին այդ հանգամանքը հիմք չէ ամբաստանյալ Արթուր Մխիթարյանի նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելն անթույլատրելի ճանաչելու համար:

Վերոգրյալից ելնելով Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Արթուր Մխիթարյանի նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի դատական ակտում առկա եզրահանգումները` վերը նշված և պատշաճ չգնահատված հանգամանքների համատեքստում, մարդասիրության, արդարության ու պատասխանատվության անհատականացման սկզբունքի երաշխավորման տեսանկյունից չեն կարող գնահատվել որպես հիմնավորված:

i

Ամփոփելով վերոգրյալը, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Արթուր Մխիթարյանի նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելն անթույլատրելի ճանաչելով` Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի խախտում (...)»(3):

__________________________

3) Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 47-55:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը ճիշտ չի կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ, 62-րդ, 63-րդ, 70-րդ հոդվածների կանոնները, բեկանելով և փոփոխելով Առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի նոյեմբերի 24-ի դատավճիռը և նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, թույլ է տրվել նյութական իրավունքի խախտում, որն ազդել է պատժի մասով գործով ճիշտ դատական ակտ կայացնելու վրա:

Ըստ բողոքաբերի` Առաջին ատյանի դատարանը կայացրել է պատճառաբանված և հիմնավոր դատավճիռ, պատիժը կրելու անհրաժեշտության վերաբերյալ հանգել է ճիշտ եզրահանգման, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական և հիմնավորված չէ:

Մասնավորապես, բողոքաբերը նշել է, որ Առաջին ատյանի դատարանն Ա.Մխիթարյանի նկատմամբ պատիժ նշանակելիս` որպես հանցագործության վտանգավորության բնույթը և աստիճանը բնութագրող հանգամանքներ, հաշվի է առել վերջինիս վերագրվող արարքը` Մ.Տախվերդյանի առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը գնահատվել է որպես կյանքի համար վտանգ ներկայացնող ծանր վնասի պատճառում, ամբաստանյալին մեղսագրված արարքի կատարման եղանակը, մարմնական վնասվածքների քանակը, տեղակայումը, այն, որ ամբաստանյալն արարքը կատարել է իր ֆիզիկական հնարավորությունների և գործիքների օգտագործմամբ:

Ըստ բողոքաբերի` պատիժ նշանակելիս Առաջին ատյանի դատարանը հաշվի է առել նաև Ա.Մխիթարյանի խնամքին 3-րդ կարգի հաշմանդամ հոր առկայությունը, որպես նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք` խնամքին մինչև տասնչորս տարեկան մեկ երեխայի առկայությունը, իսկ պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չի արձանագրել:

Վերաքննիչ դատարանը նույն հանգամանքների մատնանշմամբ գտել է, որ պատիժը կրելու անհրաժեշտության վերաբերյալ Առաջին ատյանի դատարանը հանգել է սխալ եզրահանգման:

Բողոքաբերը փաստել է նաև, որ Ա.Մխիթարյանը բնութագրվում է բացասական, վիճաբանության ընթացքում սկսել է ագրեսիվ պահվածք դրսևորել և տուժողի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ:

Մեղադրյալի անձի բարձր վտանգավորության մասին է վկայում նաև հարվածների տեղակայումը տուժողի մարմնի վրա: Դրանցից երկուսը հասցվել են կենսականորեն կարևոր նշանակություն ունեցող օրգանին` գլխին:

Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը փաստել է, որ պատիժը կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս Վերաքննիչ դատարանի համոզվածությունը, վստահությունն այն մասին, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, ըստ էության հիմնված չէ օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք կարող էին վկայել պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին:

9. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2021 թվականի մարտի 3-ի որոշումը և օրինական ուժի մեջ թողնել Առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի նոյեմբերի 24-ի դատավճիռը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ է արդյոք ամբաստանյալ Ա.Մխիթարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը:

i

11. ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում` զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում` պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով»:

12. Վճռաբեկ դատարանն առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքում պատիժ նշանակելու և նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցերին անդրադարձել է իր մի շարք նախադեպային որոշումներում(4):

__________________________

i

4) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Արմեն Գրիգորյանի գործով 2021 թվականի փետրվարի 10-ի թիվ ԵԴ/0335/01/19, Սարգիս Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ, Նարեկ Խաչատրյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0191/01/14, Արսեն Կարապետյանի և Ռուբեն Գուլգուլյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱԴԴ/0011/01/14, Սերգեյ Աբովյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԱԴԴ/0038/01/15, Անդրանիկ Ալավերդյանի գործով 2021 թվականի հուլիսի 20-ի թիվ ԿԴ2/0026/01/19 որոշումները:

 

13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ա.Մխիթարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ նա, 2020 թվականի հուլիսի 14-ին, ավտոմեքենան կայանելու շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, փայտյա մահակով երկու անգամ հարվածել է Մ.Տախվերդյանի գլխին և ևս մեկ անգամ հարվածել ուսին` դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս` գանգուղեղային տրավմայի` գլխուղեղի թեթև աստիճանի սալջարդի, գլխի ձախ կողմնային, ստորին շրթունքի միջանցիկ սալջարդ-պատռված վերքերի, ձախից գագաթոսկրի գծային կոտրվածքի ձևով(5):

__________________________

5) Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

 

Առաջին ատյանի դատարանը, գնահատելով կատարված հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, հանցագործության կատարման հանգամանքները, եղանակն ու գործիքը, ամբաստանյալ Ա.Մխիթարյանի անձը բնութագրող տվյալները` գտել է, որ նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով հնարավոր չէ հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներին` սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը և հանցագործությունների կանխմանը, հետևաբար` պատժի նպատակների իրացվելիությունն ապահովելու նպատակով, Առաջին ատյանի դատարանը գտել է, որ Ա.Մխիթարյանը պետք է կրի իր նկատմամբ նշանակված պատիժը(6):

__________________________

6) Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

 

Վերաքննիչ դատարանը, չհամաձայնելով Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ դիրքորոշման հետ, հաշվի առնելով Ա.Մխիթարյանի կողմից կատարած հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, նրա անձը բնութագրող հատկանիշները, վերջինիս խնամքին մինչև տասնչորս տարեկան մեկ երեխայի, 3-րդ կարգի հաշմանդամ հոր առկայությունը, տուժող Մ.Տախվերդյանի կողմից բողոք և պահանջ չունենալու հանգամանքը, պատիժն ու պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, արձանագրել է, որ վերաքննիչ բողոքում նշված փաստարկները` ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին, հիմնավորված են, ուստի Ա.Մխիթարյանի կողմից առանց նշանակված պատիժը ռեալ կրելու հնարավոր է հասնել արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը և հանցագործությունների կանխմանը(7):

__________________________

7) Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

 

14. Նախորդ կետում շարադրված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 11-12-րդ կետերում վկայակոչված և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ա.Մխիթարյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական վերլուծության չի ենթարկել ամբաստանյալի կողմից կատարված հանցավոր արարքի բնույթի և հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող մի շարք գործոններ:

Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը պատշաճ վերլուծության և գնահատման չի ենթարկել`

- հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքի և դրա հետևանքների նկատմամբ, մասնավորապես այն, որ ամբաստանյալը գործել է ուղղակի դիտավորությամբ, գիտակցել է, որ իր գործողություններով տուժողի առողջությանը պատճառում է ծանր վնաս, նախատեսել է իր արարքի և հետևանքների միջև առկա անմիջական պատճառական կապը,

- ամբաստանյալի մոտ փայտյա մահակի առկայությունը և հանրորեն վտանգավոր արարքը մահակի գործադրմամբ կատարելը,

- վիճաբանության ընթացքում ամբաստանյալի ագրեսիվ պահվածքը, տուժողի հասցեին հնչեցրած սեռական բնույթի հայհոյանքները,

- հասցված մարմնական վնասվածքի բնույթն ու տեղակայումը, մասնավորապես այն, որ ամբաստանյալը բռունցքով տուժողի դեմքին հարվածելուց հետո, դրանով չբավարարվելով, ավտոմեքենայի բեռնախցիկից վերցրած փայտյա մահակով երկու անգամ հարված է հասցրել տուժողի կենսական կարևոր օրգանին` գլխին և առողջությանը պատճառել այնպիսի ծանր վնասվածք, որն ուղեկցվել է գանգուղեղային տրավմայի` գլխուղեղի թեթև աստիճանի սալջարդի, գլխի ձախ կողմնային, ստորին շրթունքի միջանցիկ սալջարդ-պատռված վերքերի, ձախից գագաթոսկրի գծային կոտրվածքի ձևով որը վտանգավոր է կյանքի համար:

15. Ընդհանրացնելով սույն որոշման նախորդ կետում կատարված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանն ամբաստանյալ Ա.Մխիթարյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս պատշաճ ուշադրություն չի դարձրել խախտված հասարակական հարաբերության բնույթին ու կարևորությանը, կատարված հանրորեն վտանգավոր արարքի և դրա հետևանքների նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքին, օգտագործված գործիքին, պատճառված մարմնական վնասի բնույթին և տեղակայմանը:

Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ա.Մխիթարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավորված չեն:

i

16. Միևնույն ժամանակ, Առաջին ատյանի դատարանը, պատշաճ կերպով վերլուծելով և գնահատման ենթարկելով գործում առկա` ամբաստանյալ Ա.Մխիթարյանի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, ծանրացնող հանգամանքների բացակայությունը, մեղսագրվող արարքի բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը, ամբաստանյալ Ա.Մխիթարյանի նկատմամբ նշանակել է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նվազագույն պատիժ, և վերջինիս նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցում հանգել է ճիշտ հետևության` իրավաչափորեն արձանագրելով, որ վերջինիս նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով հնարավոր չէ հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված պատժի նպատակներին:

i

17. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, ամբաստանյալ Ա.Մխիթարյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում: Այսինքն` թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված նյութական իրավունքի խախտում:

Մինչդեռ, սույն գործով Առաջին ատյանի դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, ուստի անհրաժեշտ է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2021 թվականի մարտի 3-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի նոյեմբերի 24-ի դատավճռին` հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

 

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Արթուր Մամիկոնի Մխիթարյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2021 թվականի մարտի 3-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2020 թվականի նոյեմբերի 24-ի դատավճռին` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Ասատրյան

Դատավորներ` Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

Հրապարակվել է datalex.am կայքէջում` 18 մարտի 2022 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
18.03.2022
N ԵԴ/1138/01/20
Որոշում