ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
16 օգոստոսի 2011 թվականի թիվ 769
քաղ. Մոսկվա
«ՓԱԹԵԹՎԱԾՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում տեխնիկական կանոնակարգման միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2010 թվականի նոյեմբերի 18-ի համաձայնագրի 13-րդ հոդվածին համապատասխան` Մաքսային միության հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) որոշեց.
1. Ընդունել «Փաթեթվածքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը (ՄՄ ՏԿ 005/2011) (կցվում է):
2. Հաստատել`
2.1. Ստանդարտների ցանկը, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է «Փաթեթվածքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 005/2011) պահանջների պահպանումը (կցվում է).
2.2. Ստանդարտների ցանկը, որոնք պարունակում են «Փաթեթվածքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 005/2011) պահանջները կիրառելու և կատարելու ու արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում) իրականացնելու համար անհրաժեշտ` հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում` նմուշառման կանոններ (կցվում է):
3. Սահմանել, որ`
3.1. «Փաթեթվածքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը (այսուհետ` Տեխնիկական կանոնակարգ) ուժի մեջ է մտնում 2012 թվականի հուլիսի 1-ից.
3.2. Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ կամ Մաքսային միության նորմատիվ իրավական ակտերով սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթերը, որոնք տրամադրվել կամ ընդունվել են Տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կարգավորման օբյեկտ հանդիսացող արտադրանքի համար (այսուհետ` արտադրանք), մինչև Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը, վավեր են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը, բայց 2014 թվականի փետրվարի 15-ից ոչ ուշ` բացառությամբ մինչև սույն Որոշման պաշտոնական հրապարակման օրը տրամադրված կամ ընդունված փաստաթղթերի, որոնք վավեր են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը:
Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ կամ Մաքսային միության նորմատիվ իրավական ակտերով ավելի վաղ սահմանված պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթերի տրամադրումը կամ ընդունումը չի թույլատրվում.
3.3. մինչև 2014 թվականի փետրվարի 15-ը, Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ կամ Մաքսային միության նորմատիվ իրավական ակտերով ավելի վաղ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխան, արտադրանքի արտադրությունը և շրջանառության մեջ դնելը թույլատրվում է նշված պարտադիր պայմաններին արտադրանքի համապատասխանության գնահատման (հավաստման) մասին այն փաստաթղթերի առկայության դեպքում, որոնք տրամադրվել կամ ընդունվել են մինչև Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելը.
3.4. սույն Որոշման 3.2 ենթակետում նշված համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթերի գործողության ժամկետում շրջանառության մեջ դրված արտադրանքի շրջանառությունը թույլատրվում է արտադրանքի պիտանիության (ծառայության) ժամկետում, որը սահմանվել է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
Նշված արտադրանքը մակնշվում է համապատասխանության ազգային նշանով (շուկայում շրջանառության նշանով)` Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը կամ Հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 386 որոշմանը համապատասխան:
Այդ արտադրանքի մակնշումը Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով չի թույլատրվում:
4. Հանձնաժողովի քարտուղարությանը` Կողմերի հետ համատեղ պատրաստել Տեխնիկական կանոնակարգի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների ծրագրի նախագիծը և սույն Որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած եռամսյա ժամկետում ապահովել սահմանված կարգով դրա ներկայացումը Հանձնաժողովի հաստատմանը:
5. Բելառուսական կողմին` ստանդարտների կիրառման արդյունքների դիտանցման հիման վրա Կողմերի մասնակցությամբ ապահովել սույն Որոշման 2-րդ կետում նշված ստանդարտների ցանկերի թարմացման վերաբերյալ առաջարկությունների պատրաստումը և Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած ոչ պակաս, քան տարին մեկ անգամ սահմանված կարգով հաստատման համար դրանց ներկայացումը հանձնաժողովի քարտուղարություն:
ԲԵԼԱՌՈՒՍԻ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Ս. ՌՈՒՄԱՍ ՈՒ. ՇՈՒԿԵԵՎ Ի. ՇՈՒՎԱԼՈՎ
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Մաքսային միության հանձնաժողովի
2011 թվականի օգոստոսի 16-ի
թիվ 769 որոշմամբ
Պաշտոնական հրապարակման օրը` 1 ապրիլի 2022 թվական: