ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 հունիսի 2022 թվականի N 877-Ն
ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Գնահատման գործունեության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը, 23-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել գնահատման հաշվետվությունների ուսումնասիրությունների իրականացման կարգը և դեպքերը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. հունիսի 17
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2022 թվականի հունիսի 17-ի
N 877-Ն որոշման
ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԴԵՊՔԵՐԸ
1. Սույն կարգով կարգավորվում են գնահատման հաշվետվությունների (այսուհետ` հաշվետվություններ) ուսումնասիրությունների իրականացման հետ կապված հարաբերությունների առանձնահատկությունները:
2. Հաշվետվությունների ուսումնասիրությունների, ներառյալ նախնական և վերջնական մասնագիտական եզրակացությունների տրամադրման հետ կապված հարաբերությունները, կարգավորվում են «Գնահատման գործունեության մասին» օրենքով (այսուհետ` օրենք), Հայաստանի Հանրապետության գնահատման ստանդարտներով, սույն կարգով, Հայաստանի Հանրապետության տարածքում գնահատման գործունեության մասնագիտական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով:
3. Հաշվետվությունների ուսումնասիրությունները կազմակերպում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեն (այսուհետ` կոմիտե) հանձնաժողովի միջոցով:
4. Հաշվետվությունների ուսումնասիրություններն իրականացվում են գնահատման գործունեության սուբյեկտների և շահառուների դիմումների հիման վրա, կոմիտեի նախաձեռնությամբ կամ կոմիտեի ղեկավարի հաստատած` ուսումնասիրությունների իրականացման տարեկան ժամանակացույցի համաձայն:
5. Կոմիտեի նախաձեռնությամբ հաշվետվությունների ուսումնասիրություններն իրականացվում են «Հաշվառման ծրագրի վարման կարգը և մուտքագրվող տվյալների ցանկը սահմանելու մասին» կոմիտեի ղեկավարի հրամանի պահանջներով սահմանված դեպքերում:
6. Հաջորդ տարվա ժամանակացույցը կոմիտեի ղեկավարի հրամանով հաստատվում է ընթացիկ տարվա դեկտեմբերի 20-ից ոչ ուշ:
7. Ժամանակացույցում փոփոխություն կարող է կատարվել հանձնաժողովի պատճառաբանված առաջարկությամբ` կոմիտեի ղեկավարի հրամանով:
8. Ուսումնասիրություններն սկսելուց առնվազն 10 օր առաջ հաշվետվությունների ուսումնասիրություններ իրականացնելու մասին կոմիտեի ղեկավարի հրամանի պատճենը կից գրությունով (որտեղ պահանջվում է տվյալ գնահատողի կողմից երկու տարվա ժամանակահատվածում կատարված բոլոր գնահատում ների ցանկը (այսուհետ` ցանկ) պատշաճ կարգով ուղարկվում կամ հանձնվում է գնահատողին:
9. Գնահատողի կողմից ցանկը ներկայացվում է կոմիտե էլեկտրոնային տարբերակով` կից գրությամբ: Ցանկը պետք է պարտադիր պարունակի հետևյալ տեղեկատվությունը`
1) անշարժ գույքի գնահատման հաշվետվությունների դեպքում` հաշվետվության հերթական համարը, անշարժ գույքի հասցեն, նպատակային նշանակությունը, մակերեսը, գնահատման նպատակը, գնահատված արժեքի տեսակը, գնահատված արժեքը, հաշվետվության կազմման ամսաթիվը և գնահատման կազմակերպության անվանումը.
2) շարժական գույքի գնահատման հաշվետվությունների դեպքում` հաշվետվության հերթական համարը, գնահատված օբյեկտի տեսակը, գնահատվող օբյեկտի քանակական տվյալները, գնահատման նպատակը, գնահատված արժեքի տեսակը, գնահատված արժեքը, գնահատման ամսաթիվը, գնահատման կազմակերպության անվանումը.
3) այլ օբյեկտների գնահատման հաշվետվությունների դեպքում` հաշվետվության հերթական համարը, գնահատված օբյեկտի տեսակը, գնահատման նպատակը, գնահատած արժեքի տեսակը, գնահատված արժեքը, գնահատման ամսաթիվը, գնահատման կազմակերպության անվանումը:
10. Ցանկից ուսումնասիրման ենթակա գնահատման հաշվետվությունների ընտրությունն իրականացնում է հանձնաժողովի նախագահը, իսկ վերջինիս բացակայության դեպքում (արձակուրդ, գործուղում և այլն)` քարտուղարը:
11. Սույն կարգի 10-րդ կետով սահմանված կարգով գնահատման հաշվետվությունների ընտրությունը կատարելուց հետո, հինգ աշխատանքային օրվա ընթացքում կոմիտեի ղեկավարի տեղակալի գրությամբ գնահատողից պահանջվում է ցանկից ընտրված գնահատման հաշվետվությունները ներկայացնել հանձնաժողովին: Հաշվետվությունները պետք է լինեն էլեկտրոնային, «Փի Դի Էֆ» (PDF) տարբերակով յուրաքանչյուրը երկու օրինակից, որոնցից մեկը պետք է լինի օրենքով սահմանված կարգով կազմված, իսկ մյուսը` առանց հաշվետվությունը նույնականացնող տվյալների (գնահատողի և գնահատման կազմակերպության տվյալներ, կնիք, ստորագրություն և այլն):
12. Գնահատողի կողմից ներկայացված առանց հաշվետվությունը նույնականացնող տվյալների գնահատման հաշվետվությունները տրամադրվում են հանձնաժողովի անդամներին:
13. Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ուսումնասիրման արդյունքում ներկայացնում է մասնագիտական եզրակացության իր նախնական տարբերակն ստորագրությամբ հաստատված:
14. Հանձնաժողովը պարտավոր է ուսումնասիրել և ստուգել`
1) կախված գնահատվող օբյեկտից, գնահատման առաջադրանքից և նպատակից օգտագործված գնահատման մոտեցումների համապատասխանությունն ստանդարտին.
2) կախված գնահատվող օբյեկտից և գնահատման նպատակից գնահատման հաշվետվությունում արտացոլված տվյալների համապատասխանությունն օրենքով, Հայաստանի Հանրապետության գնահատման ստանդարտներով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված պարտադիր պահանջներին և պայմաններին.
3) գնահատվող օբյեկտի նույնականացնող փաստաթղթերը.
4) ծախսային մոտեցման իրականացման շրջանակում գնահաշվարկը.
5) համեմատական մոտեցման իրականացման շրջանակում գնահաշվարկը.
6) եկամտային մոտեցման իրականացման շրջանակում գնահաշվարկը.
7) տարբեր մոտեցումներով և մեթոդներով հաշվարկված ցուցանիշների համաձայնեցման արդյունքում դուրս բերված վերջնական արդյունքը (արժեքը).
8) արժեքի որոշման համար իրականացված գործառույթների համապատասխանությունը գնահատման առաջադրանքին և օրենսդրության պահանջներին.
9) գնահատողի կողմից հավաքագրված տեղեկատվության որակը` տեղեկատվության ամբողջականությունը, տեղեկատվության համապատասխանությունն օբյեկտի փաստացի վիճակին, տեղեկատվության բավարարելիության աստիճանը և գնահատման հաշվետվությունում տեղեկատվության արտացոլումը.
10) կիրառված մոտեցումների և մեթոդների հիմնավորվածությունը:
15. Հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվում են հանձնաժողովի անդամների կողմից ներկայացված նախնական մասնագիտական եզրակացության տարբերակները, որի արդյունքում կազմվում է նախնական մասնագիտական եզրակացություն: Նախնական մասնագիտական եզրակացությունում ներառվում են նաև հանձնաժողովի անդամների հատուկ կարծիքները (առկայության դեպքում):
16. Նախնական մասնագիտական եզրակացությունն ուղեկցող գրությամբ պատշաճ կարգով ուղարկվում կամ հանձնվում է գնահատողին: Գրությամբ ծանուցվում է հանձնաժողովի նիստի անցկացման վայրը, ամսաթիվը և ժամը:
17. Հանձնաժողովը լսում է հաշվետվությունները կազմած գնահատողի կամ գնահատման գործունեություն իրականացնող իրավաբանական անձի ներկայացուցչի պարզաբանումները, հիմնավորումները, առարկություններն ու միջնորդությունները նախնական մասնագիտական եզրակացության վերաբերյալ և երկու աշխատանքային օրվա ընթացքում (անհրաժեշտության դեպքում ժամկետը կարող է երկարաձգվել մինչև հինգ աշխատանքային օր) քննարկում ներկայացվածը:
18. Հանձնաժողովը դռնփակ նիստում` հանձնաժողովի անդամ չհանդիսացող անձանց բացակայությամբ, հանձնաժողովի գնահատող անդամների բաց քվեարկության միջոցով` ձայների պարզ մեծամասնությամբ, իսկ ձայների հավասարության դեպքում` հօգուտ գնահատողի, ընդունում է վերջնական մասնագիտական եզրակացություն:
19. Նախնական և վերջնական մասնագիտական եզրակացություններն ստորագրվում են հանձնաժողովի գնահատող անդամների կողմից:
20. Գնահատողի նիստին չներկայանալու դեպքում, հանձնաժողովն արձանագրային որոշում է ընդունում նիստը հետաձգելու կամ առանց գնահատողի մասնակցության շարունակելու վերաբերյալ:
21. Հաշվետվություններում օրենքի, Հայաստանի Հանրապետության գնահատման ստանդարտների և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում, եթե առկա են օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 5-7-րդ կետերով սահմանված հիմքերը, հանձնաժողովը կոմիտեի ղեկավարին է ներկայացնում հանձնաժողովի նիստի արձանագրությունը և գնահատողի որակավորման վկայականը դադարեցնելու մասին վերջնական մասնագիտական եզրակացությունը, որոնց հիման վրա կոմիտեի ղեկավարի հրամանով գնահատողի որակավորման վկայականի գործողությունը դադարեցվում է:
22. Խախտումներ չհայտնաբերելու կամ այնպիսի խախտումներ հայտնաբերելու դեպքում, որոնք բավարար չեն օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 5-7-րդ կետերի հիմքերով գնահատողի որակավորման վկայականը դադարեցնելու համար, հանձնաժողովը կոմիտեի ղեկավարին է ներկայացնում հանձնաժողովի նիստի արձանագրությունը և հարուցված վարչական վարույթը կարճելու վերաբերյալ վերջնական մասնագիտական եզրակացությունը, որոնց հիման վրա կոմիտեի ղեկավարի հրամանով վարչական վարույթը կարճվում է:
23. Սույն կարգի 20-րդ կետում նշված արձանագրային որոշման քաղվածքը, 21-22-րդ կետերում նշված հրամանները, դրանց հիմք հանդիսացած վերջնական մասնագիտական եզրակացությունների հետ միասին, ընդունվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ կարգով ուղարկվում կամ հանձնվում են գնահատողին և գնահատման կազմակերպությանը (որոնց հետ գնահատողն ունի գնահատողի աշխատանքային պայմանագիր), ինչպես նաև օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով նախատեսված շահառուներին:
Պաշտոնական հրապարակման օրը` 17 հունիսի 2022 թվական: