ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 հունիսի 2022 թվականի N 976-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ և 22-րդ հոդվածները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշման NN 1 և 4 հավելվածներով հաստատված կարգերի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ` կոմիտե) ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, քաղաք Երևան, Կենտրոն, Մոսկովյան փողոց 37, թիվ 37 տարածք հասցեում գտնվող 319.9 քառ. մետր մակերեսով տարածքը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 943.75 քառ. մետր մակերեսով հողամասից 320/2626 բաժնային մաս հանդիսացող հողամասն (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 21102022-01-0180 վկայական) (այսուհետ` գույք) օտարել դասական աճուրդով:
(1-ին կետը փոփ. 25.05.2023 թիվ 805-Ա որոշում)
2. Սահմանել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2022 թվականի մարտի 22-ի դրությամբ գույքի գնահատված շուկայական արժեքը` 113 790 000 դրամ.
2) 876.95 քառ. մետր մակերեսով հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 289 393 500 դրամ, իսկ 320/2626 բաժնեմասին համապատասխան հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը` 37 950 000 դրամ.
3) աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գինը` գնահատված արժեքի 100 տոկոսի չափով` 113 790 000 դրամ.
4) աճուրդին մասնակցելու նախավճարը` գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով` 5 689 500 դրամ, որը աճուրդի հաղթող մասնակցի (այսուհետ` գնորդ) համար համարվում է գույքի վաճառքի գնի մաս և գնորդի կողմից հետագա վճարումները կատարելուց հրաժարվելու դեպքում վերադարձման ենթակա չէ ու փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: Աճուրդի չհաղթող մասնակցին (մասնակիցներին) նախավճարը վերադարձվում է աճուրդի կայացման օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում` իրենց կողմից ներկայացված հաշվեհամարին.
5) գնորդը պարտավոր է վճարել նաև գույքի արժեքի որոշման ծառայությունների վճարը` 193 164 դրամ գումարը (ներառյալ` ավելացված արժեքի հարկը), որը ենթակա է վճարման աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելու օրվանից 10 օրվա ընթացքում` գնահատողի համապատասխան հաշվին ու չի ներառվում աճուրդի արդյունքում գնորդի առաջարկած գնի մեջ.
6) աճուրդի արդյունքում գնորդի առաջարկած գինը ենթակա է վճարման արձանագրությունը ստորագրվելու օրվանից 10 օրվա ընթացքում:
(2-րդ կետը փոփ. 25.05.2023 թիվ 805-Ա որոշում)
3. Կոմիտեի նախագահին`
1) աճուրդի անցկացման օրվանից առնվազն 15 օր առաջ կոմիտեի պաշտոնական և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների մասին.
2) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում.
3) սույն որոշման 2-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերով նախատեսված վճարումներն իրականացնելուց հետո, տասներկուամսյա ժամկետում գնորդի հետ կնքել գույքի օտարման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:
(3-րդ կետը փոփ. 25.05.2023 թիվ 805-Ա որոշում)
4. Գնորդի կողմից սույն որոշման 2-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերով սահմանված ժամկետում վճարումները չկատարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, և լոտը վաճառելու նպատակով կազմակերպվում է նոր աճուրդ` նույն պայմաններով:
5. Սահմանել, որ գնորդը վճարումը կատարում է Հայաստանի Հանրապետության արժույթով, ընդ որում, աճուրդում առաջարկված գինը, նվազեցված վճարման ենթակա հողամասի կադաստրային արժեքի չափով` 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հատկացված հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը` համապատասխան գանձապետական հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. հունիսի
Երևան