ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 հուլիսի 2022 թվականի N 1029-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻ ՇԱՐՔ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 47-րդ հոդվածը և «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 27-րդ պարբերությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել արտահանման ժամանակավոր արգելք վեց ամիս ժամկետով`
1) ԱՏԳ ԱԱ 4101` խոշոր եղջերավոր անասունների (ներառյալ գոմեշների) կամ ձիազգի կենդանիների (թարմ կամ աղադրված, չորացրած, մոխրած, աղջրած կամ այլ կերպ պահածոյացված, բայց չդաբաղած, չմագաղաթացրած կամ հետագա մշակման չենթարկված) չմշակված մորթեր` մազածածկույթով կամ առանց մազածածկույթի, կրկնորդված կամ չկրկնորդված.
2) ԱՏԳ ԱԱ 4102` ոչխարների չմշակված մորթեր կամ գառների մորթիկներ (թարմ կամ աղադրված, չորացրած, մոխրած, աղջրած կամ այլ կերպ պահածոյացված, բայց չդաբաղած, չմագաղաթացրած կամ հետագա մշակման չենթարկած)` բրդյա ծածկույթով կամ առանց բրդյա ծածկույթի, կրկնորդված կամ չկրկնորդված.
3) ԱՏԳ ԱԱ 4103` այլ չմշակված մորթեր (թարմ կամ աղադրված, չորացրած, մոխրած, աղջրած կամ այլ կերպ պահածոյացված, բայց չդաբաղած, չմագաղաթացրած կամ հետագա մշակման չենթարկած)` մազածածկույթով կամ առանց մազածածկույթի, կրկնորդված կամ չկրկնորդված:
2. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված արգելքը չի տարածվում «Ժամանակավոր ներմուծում», «Վերամշակում` մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգերով ձևակերպված և հետագայում վերաարտահանվող, հետագայում վերաներմուծման պայմանով «Վերամշակում` մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով ձևակերպվող վերոնշյալ ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող ապրանքների վրա:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սահմանված կարգով ծանուցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին սույն որոշման 1-ին կետով սահմանված ապրանքների արտահանման ժամանակավոր արգելքի մասին:
4. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետի կատարման նկատմամբ վերահսկողությունը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 8-ից և գործում է մինչև 2023 թվականի հունվարի 8-ը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. հուլիսի 7
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 7 հուլիսի 2022 թվական: