ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 հուլիսի 2022 թվականի N 1051-Ն
ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՋԱՐԴՄԱՆ, ՏԵՍԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
2. ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԶԱՏՈՒՄԸ ԵՎ ՀԱՆՔԱՀԱՐՍՏԱՑՈՒՄՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐՈՎ
128. Էլեկտրամագնիսական և մագնիսական զատիչների շահագործման ժամանակ արգելվում է մագնիսական համակարգին մոտեցնել երկաթե առարկաներ: Էլեկտրամագնիսական զատիչների կանգնեցման ժամանակ մագնիսական համակարգի փաթույթներից էլեկտրական լարումը պետք է հանվի:
129. Չոր մագնիսական և էլեկտրամագնիսական զատման ժամանակ սարքավորումները պետք է մտցվեն հերմետիկորեն փակված խողովակաոստ պատյանի մեջ` արտածծիչ օդափոխության համակարգի հետ միացման համար: Արգելվում է զատիչների շահագործումն անսարք կամ անջատված օդափոխությամբ:
130. Ճոռերը և զատիչները դիտելու և խառնելու անցքերն աշխատանքի ժամանակ պետք է լինեն փակ: Արգելվում է ձեռքով փայտի կտորներ և այլ առարկաներ ջոկել սնուցիչների վաքերից:
131. Արգելվում է կարգավորել զատիչի ժապավենի բացվածքը և ուղղել ժապավենի ընթացքը` դրա տակ կողմնակի առարկաներ դնելու միջոցով:
132. Կողմնակի անձանց մուտքն էլեկտրազատիչների շինություն արգելվում է:
133. Էլեկտրազատիչի իրանը պետք է փոշուց և խոնավությունից լինի անթափանց: Եթե իրանը և դրա դիտանցքերը հերմետիկացված չեն, զատիչի աշխատանքն արգելվում է:
134. Զատիչի` դեպի ներքին էլեկտրամասերի մուտքն ապահովող դռնակները պետք է ունենան էլեկտրական բլոկավորում, ինչը կբացառի դրանց բացվելու հնարավորությունը զատիչի աշխատանքի ժամանակ:
135. Արգելվում է ձեռք տալ էլեկտրազատիչի` բարձր լարման ցանցից անջատված հոսանքատար մասերին` մինչև չավարտվի դրանց լրիվ լիցքաթափումը:
136. Արգելվում է բացել էլեկտրազատիչի դռնակները և միայնակ կատարել վերանորոգման աշխատանքներ` առանց երկրորդ անձի ներկայության, բացառությամբ ցածր լարման սարքերի ապահովիչները փոխելու, հպակները մաքրելու և ձգելու դեպքերի: Այդ դեպքում պետք է տվյալ սարքերից նախօրոք հանվի էլեկտրական լարումը:
137. Էլեկտրամագնիսային զատիչների թմբուկների փոխումը և սարքավորման ընթացիկ վերանորոգումը թույլատրվում է կատարել միայն էլեկտրական սխեմայի քանդված վիճակում: Արգելվում է էլեկտրամագնիսական զատիչի աշխատանքի ժամանակ կտրել թմբուկների ռետինե երեսպատվածքների քերծվածքը (պատռվածքը):
138. Էլեկտրազատիչի մեքենավարի և ուղղիչ սարքերի օպերատորի աշխատանքային տեղերը պետք է սարքավորվեն հատուկ դիէլեկտրիկ մեկուսիչներով:
3. ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԾԾՄԲԱՅԻՆ ՀԱՆՔԱՔԱՐԻ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ
139. Այն արտադրական շինությունները, որոնցում հնարավոր են պայթյունավտանգ և հրդեհավտանգ կամ թունավոր գազերի ու գոլորշիների անջատումներ, ինչպես նաև ապարաջարդիչ բաժանմունքներում, որտեղ անջատվում են ծծմբային գազեր, պետք է նախատեսվեն վթարային արտածծիչ օդափոխության սարքեր:
140. Ապարաջարդիչ մեքենաների ջարդիչների աշխատանքային գոտում ծծմբային հանքաքարի փոշու պայթյունը կանխելու նպատակով անհրաժեշտ է ապահովել`
1) օգտագործված գոլորշու կամ մանր փոշիացված ջրի մշտական մղումը (մառախլագոյացմամբ, բոցամղիչով) աշխատող ջարդիչների ջարդման գոտի.
2) ապարաջարդիչ մեքենայի վրա ստատիկ էլեկտրականության կուտակումներից ամբողջ էլեկտրատեխնիկական սարքավորումների, խողովակագծերի, մետաղե գազատարների, փոխակրիչների հենոցի, բոլոր մետաղե կոնստրուկցիաների պաշտպանությունը` հողանցման շղթայի անընդհատությունն ապահովելու միջոցով:
141. Ապարաջարդիչ մեքենաների ջարդման բաժանմունքների և փոխակրիչային սրահների տաքացվող մասերում (չոր ջարդման դեպքում) ծծմբային փոշու այրման օջախները մարելու համար պետք է նախատեսվի հակահրդեհային խողովակագիծ` իր ծորակներով, իսկ չտաքացվող շինություններում ու սրահներում` կրակմարիչներ:
142. Ապարաջարդիչ մեքենաների մուրճային ջարդիչների բաժանմունքներում աշխատողները ծծմբային գազերից պաշտպանվելու համար պետք է ապահովված լինեն մեկուսիչ հակագազերով:
143. Արգելվում է ծծմբային հանքաքարի ջարդման միջին ջարդիչների տեղակայումը մակերևույթի զրոյական նիշից ցածր:
4. ՀԱՆՔԱՀԱՐՍՏԱՑՈՒՄԸ ՌԱԴԻՈՄԵՏՐԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ
144. Այն հարստացուցիչ ֆաբրիկաներում, որոնցում իոնացնող ճառագայթման աղբյուրների (ռադիոիզոտոպային և ռենտգենյան սարքեր, տարրական մասնիկների արագացուցիչներ) օգտագործմամբ կիրառվում են հանքահարստացման և հսկողության ռադիոմետրիկ եղանակներ, պետք է պահպանվեն ճառագայթային անվտանգության նորմերի ու կանոնների պահանջները:
145. Այն աշխատանքները և գործընթացները, որոնց ժամանակ օգտագործվում են ճառագայթման աղբյուրներ, ինչպես նաև դրանց օգտագործման վրա հիմնված զտման, հսկողության ու անալիզի մեթոդներ և համապատասխան տեղակայանքներ, զտիչներ, սարքեր և այլն, պետք է իրականացվեն ճառագայթային անվտանգության հրահանգներին խստորեն համապատասխան:
146. Այն հարստացուցիչ ֆաբրիկաներում, որտեղ կիրառվում են իոնացնող ճառագայթման աղբյուրներ, պետք է մշակվեն և իրականացվեն իոնացնող ճառագայթումից պաշտպանության միջոցառումներ` հաշվի առնելով մարդկանց վրա իոնացնող ճառագայթման ազդեցության բոլոր տեսակները: Միջոցառումները պետք է ապահովեն համապատասխան կատեգորիայի մարդկանց համար արտաքին և ներքին ճառագայթահարման բոլոր աղբյուրներից դոզայի գումարային արժեքների իջեցումը ճառագայթային անվտանգության նորմերով սահմանված թույլատրելի մակարդակներից գործնականորեն հասանելի ցածր մակարդակների:
147. Համապատասխան ռադիոմետրիկ սարքերով պետք է հսկվի օգտագործվող բոլոր իոնացնող ճառագայթման աղբյուրներից բոլոր տեսակի ճառագայթումների (գամմա, բետտա, ալֆա, ռենտգենյան) հզորությունը:
148. Աշխատատեղերում գամմա ճառագայթման հզորությունը և մակերեսային ռադիոակտիվ աղտոտվածությունը չպետք է գերազանցեն ճառագայթային անվտանգության նորմերով սահմանված սահմանային թույլատրելի մեծությունները:
149. Հարստացուցիչ ֆաբրիկաների ռադիոակտիվ իզոտոպների հետ աշխատանքներ իրականացնող անձնակազմը կարող է անցնել աշխատանքների կատարմանը միայն հատուկ ուսուցումից հետո և բժշկական հակացուցումների բացակայության դեպքում:
150. Այն հարստացուցիչ ֆաբրիկաներում, որտեղ կիրառվում են իոնացնող ճառագայթման աղբյուրներ, սույն կանոնների պահանջներին զուգահեռ, պետք է կիրառվեն նաև ճառագայթային անվտանգության պահանջները, որոնք սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի «Ճառագայթային անվտանգության նորմերը հաստատելու մասին» N 1219-Ն և «Ճառագայթային անվտանգության կանոնները հաստատելու մասին» N 1489-Ն որոշումներով և այլ իրավական ակտերով:
5. ՀԱՆՔԱՀԱՐՍՏԱՑՈՒՄԸ ԳՐԱՎԻՏԱՑՄԱՆ ԵՂԱՆԱԿՈՎ
151. Ֆաբրիկաների աշխատողներին լվացման թմբկագլանների և գրավիտացիոն հարստացման ապարատների զննման, վերանորոգման, ներքին մակերևույթները խյուսից ու մնացած հանքանյութից մաքրման նպատակով թույլտվությունը տրվում է համաձայն գազավտանգ աշխատանքների անվտանգ կատարման վերաբերյալ հրահանգի պահանջների` հաստատված ֆաբրիկայի ղեկավարության կողմից:
152. Արգելվում է գրավիտացիոն ապարատի աշխատանքի ժամանակ ձեռք տալ դրա շարժվող և պտտվող մասերին, յուղել առանցքակալները, ապարատից հեռացնել կողմնակի առարկաները:
153. Լվացված հանքաքարի գրավիտացման հանքահարստացման նյութերի նմուշառումը ձեռքով կատարելը թույլատրվում է միայն այդ նպատակի համար նախատեսված տեղերում: Արգելվում է ձեռքով հարստացման արգասիքների նմուշը վերցնելը` անմիջապես աշխատող մեխանիզմներից:
154. Ռոտորային տեսակի մղակային սարքերի շահագործման ժամանակ օդի` դեպի մթնոլորտ արտանետման համար ծառայող պատուհանները պետք է փակվեն մետաղե ցանցերով:
155. Արգելվում է ձգափակման սարքի մաղի փոխման կամ վերանորոգման, նստարկման մեքենայի ներքին իրանի մաքրման, վերանորոգման աշխատանքների հետ միաժամանակ կատարել ջրազրկման էլևատորի ծայրակալի մաքրում կամ վերանորոգում: Կտրող մեքենայի իրանում նշված աշխատանքների կատարման ժամանակ էլևատորի էլեկտրական սխեման պետք է լինի կազմատված (քանդված), և պետք է կախվի նախազգուշացնող ցուցատախտակ:
156. Արգելվում է առանց պաշտպանիչ ակնոցների ծանր կախույթների (սուսպենզիաների) հանքահարստացման համար կիրառվող սարքերի մետաղե մասերից պոկել պնդացած ֆերոսիլիցիումը, այլ ծանրիչները և հանքաքարը:
157. Եթե հանքանյութն ապարատին մատուցելու և հարստացման արգասիքները հեռացնելու համար ճոռերն ունեն 450-ից բարձր թեքություն, ապա դրանք պետք է վերևից փակվեն` հանքանյութի և խյուսի դուրս թափվելը կանխելու համար:
6. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽՏԱՑՄԱՆ ԵՎ ՋՐԱԶԵՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ
158. Շառավիղային խտացուցիչները, բրգաձև և տաշտաձև պարզարանները պետք է ցանկապատվեն, եթե դրանց կողերի վերին եզրը գտնվում է աշխատանքային հարթակից 1000 մմ-ից պակաս բարձրության վրա: Վերևից ծածկված բրգաձև պարզարանները կողերի երկայնքով կարող են չցանկապատվել, մինչդեռ բոլոր անցքերը, վերանորոգման մտոցները և ելանցքերը պետք է փակվեն մետաղե կափարիչներով:
159. Արգելվում է մարդկանց քայլել շառավղային խտացուցիչների, բրգաձև և տաշտաձև պարզարանների կողերի վրայով:
160. Արգելվում է խյուսի խտության չափման և նմուշառման ժամանակ կանգնել օղակաձև ճոռի վրա և անցնել ցանկապատից ներս:
161. Արգելվում է խտացուցիչի շարժվող ֆերմայի բեռնային ծայրը դուրս հանել օղակաձև ճոռերի սահմաններից դեպի սպասարկման հարթակները:
162. Խտացուցիչի շարժվող ֆերմայի վրա բարձրանալու համար պետք է նախատեսվեն բազրիքներ ունեցող սանդուղքներ: Խտացուցիչի օղակաձև ճոռի մաքրումը թույլատրվում է կատարել միայն շարժվող հենոցի շարժաբերն անջատելուց հետո:
163. Ջրազերծման մաղերի լայնությամբ նյութի հավասարաչափ բաշխումն ապահովող սարքավորման կառուցվածքը պետք է լինի այնպիսին, որպեսզի բացառվի ջրազերծվող նյութի արտանետումը և խյուսի ցայտումը:
164. Արգելվում է կատարել սեկտորների ձգում և առձգիչ լարերի խզվածքների վերականգնում թմբկագլանային և սկավառակային վակուում-ֆիլտրերի աշխատանքի ժամանակ:
165. Ֆիլտրող ապարատների շահագործման ժամանակ ծածկույթները և հենոցները սորախցուկից (նստվածքներ քամիչում) պետք է մաքրվեն հատուկ բահերի կիրառմամբ:
166. Արգելվում է ֆիլտրամամլիչի սեղմակի աշխատանքի ժամանակ ուղղել հենոցները, սալիկները և ֆիլտրացնող քաթանը:
167. Ֆիլտրամամլիչը սորախցուկից մաքրելուց առաջ պետք է փչամաքրվի սեղմած օդով` մինչև դրա մեջ գտնվող հեղուկի լրիվ հեռացումը: Մաքրման աշխատանքների կատարմանը պետք է միաժամանակ մասնակցի առնվազն երկու անձ:
168. Հեղուկի ցայտումից խուսափելու համար` ֆիլտրամամլիչը պետք է ծածկվի հաստ գործվածքով կամ այլ նյութերով:
169. Եթե ֆիլտրացնող սարքերի աշխատանքի ժամանակ անջատվում են վնասակար նյութեր, ապա արտածծող օդափոխության համակարգը պետք է գործի անընդհատ ռեժիմով:
170. Թմբկագլանային ֆիլտրերը նստվածքների լվացման հարմարանքներով սարքավորվելու դեպքում պետք է ունենան ցանկապատ` սպասարկող անձնակազմին ցայտումից պաշտպանելու համար:
171. Հանովի հենոցներով մետաղաթիթեղավոր ֆիլտրերը պետք է սարքավորվեն անշարժ հարթակներով` նախատեսված նստվածքների լվացման համար:
172. Կենտրոնախուսակը պետք է սարքավորվի ավտոմատ կարգով գործող բլոկավորմամբ, որը կկանխի դրա աշխատանքը բաց կափարիչի, գերբեռնվածության, բարձր թրթռումների և անկայուն սնուցման դեպքերում:
173. Արգելվում է աշխատել շոգեհարման ապարատների վրա, եթե անսարք են փակիչ արմատուրը, ապահովիչ կափույրները և մոնոմետրերը, բաց է ապարատը, չի գործում արտածծիչ օդափոխությունը: Արգելվում է նաև այդպիսի ապարատների վրա աշխատել` առանց ակնոցների, ինչպես նաև` դիտման ապակիների անսարքության դեպքում:
174. Շոգեհարման ապարատների վրա մտոցները պետք է դասավորված լինեն այնպես, որպեսզի ապահովվի միջանցիկ օդափոխություն, իսկ ապահովիչ կափույրների արտանետիչ խողովակները լինեն դուրս հանված:
175. Շոգեհարման ապարատի զննումն աշխատանքի ժամանակ թույլատրվում է կատարել միայն դիտման ապակու միջոցով: Ապարատների եռակցման կարերի զննման համար պետք է նախատեսվի շարժական սարք:
176. Շոգեհարման ապարատները բացելուց առաջ անհրաժեշտ է`
1) բաց թողնել գոլորշին և համոզվել, որ ապարատի մեջ ճնշումն իջել է մինչև մթնոլորտային ճնշման մակարդակը.
2) անջատել շոգու և լուծույթի գծերը, դրանք փակել հուսալի խցափակիչներով.
3) ապարատի ներսում ջերմաստիճանը նվազեցնել 40 oC-ից ցածր:
177. Շոգեհարման ապարատները, որոնցից աշխատանքի ժամանակ պետք է վերցվեն նմուշներ, չափվեն դրանց մակարդակը և խտությունը, պետք է սարքավորվեն այդ աշխատանքների անվտանգ կատարումն ապահովող համակարգերով:
178. Վառարանների գործարկումը և կանգնեցումը, բոցամուղի կարգավորումը պետք է կատարվեն համաձայն վառարանների սպասարկման հրահանգի` հաստատված կազմակերպության ղեկավարի կողմից:
179. Արգելվում է մարդկանց գտնվելը վառարանի ներսում, կատարել աշխատանքներ` դրանց զննման և վերանորոգման համար, եթե դրանց ներսում ջերմաստիճանը բարձր է 60 oC-ից:
180. Արգելվում է վառարանների միացման ժամանակ բաց թողնել դռնակները, մաքրել հատակը կամ հարվածապոկել պատերին կպած զանգվածը:
181. Վառարանների մոտ թափված հեղուկ վառելանյութը (մազութը) պետք է անհապաղ ծածկել ավազով ու հավաքել:
182. Հեղուկ վառելանյութի ծախսային տակառում հրդեհ առաջանալու դեպքում անհրաժեշտ է հեղուկ վառելիքն անհապաղ վերալցնել վթարային բաքի մեջ, ձեռնարկել միջոցներ` հրդեհը հատուկ միջոցներով մարելու համար, ահազանգել հակահրդեհային ծառայությանը:
7. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՈՍԿԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՀԱՆՔԱՔԱՐԵՐԻ ԵՎ ԱՎԱԶՆԵՐԻ ՀԱՆՔԱՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ
183. Ոսկու կորզման ֆաբրիկաների (շլիխահարստացուցիչ ֆաբրիկա, շլիխահարստացուցիչ սարքավորումներ) շահագործման ժամանակ արգելվում է կիրառել ամալգամացման գործընթացը (պրոցես): Օգտակար հանածոների մշակված ծննդավայրերից զուգահեռաբար արդյունահանված սնդիկը պետք է հավաքվի և հետագայում իրացվի:
184. Եթե ոսկու կորզման ֆաբրիկաներում նախկինում իրականացվել են ամալգամացման գործընթացներ, այդ ֆաբրիկաների լիկվիդացման ժամանակ անհրաժեշտ է օգտահանել սնդիկը և ոսկու ամալգամը, կատարել հատակի, դրենաժային ջրատար առուների, հորահատակների և գրունտի վերևի շերտի մաքրում:
185. Ոսկու կորզման այն ֆաբրիկաները, որտեղ օգտագործվում են բարձր թունավորությամբ ռեագենտներ (ցիանիդներ և այլն), արտադրամասերի և բաժանմունքների հատակը, պատերը, շինարարական կոնստրուկցիաները և տանիքը պետք է լինեն ամուր, հարթ, ունենան հեշտ լվացվող, լուծույթները չներծծող ծածկույթ: Միջհարկային ոչ հոծ ծածկույթների ազատ ծայրերը, բացի բազրիքներից, պետք է սարքավորվեն նաև 20 սմ-ից ոչ պակաս բարձրությամբ` խոնավություն չընդունող արգելափակոցներով:
186. Ոսկու կորզման ֆաբրիկաների հատակները (այդ թվում` տարողությունների և սարքավորումների տակ) պետք է ունենան թեքություն դեպի դրենաժային ջրատարները և հորահատակները: Հարթակներում և միջհարկային ծածկույթներում տեղակայված սարքավորումների տակ պարտադիր է ունենալ դրենաժային համակարգ` հոսքով դեպի ներքևում տեղաբաշխված հիմնահորերը կամ տարողությունները: Հատակների դրենաժային համակարգերը, բաղկացած պոմպերով ջրատարներից և հորանատակից, պետք է ապահովեն բոլոր հոսքերի հավաքումը և դրանց հետմղումը տեխնոլոգիական գործընթացներին:
187. Արգելվում է մեկ շինության մեջ համատեղել ցիանավորումը թթու միջավայրում ընթացող գործընթացների հետ: Բացառություններ թույլատրվում են, եթե երկու գործընթացները կազմում են միասնական տեխնոլոգիական շղթա: Այդպիսի դեպքերում պետք է ձեռնարկվեն զգուշավոր միջոցներ (բոլոր ապարատների աշխատանքը վակուումի տակ, աշխատանքային տեղերում օդի բաղադրության անընդհատ հսկողություն և այլն):
188. Ֆաբրիկայի այն բաժանմունքները, որտեղ տեխնոլոգիական գործընթացն ընթանում է թթու միջավայրում, պետք է մյուս մասերից առանձնացվեն դրենաժային համակարգով, թթու դրենաժային ջրերը դուրս մղելուց առաջ պետք է չեզոքացվեն: Այդ բաժանմունքների հատակը, պատերը, շինարարական կոնստրուկցիաները և սարքավորումները պետք է ունենան թթվադիմացկուն ծածկույթ:
189. Անհրաժեշտ է նախատեսել օդի տեղային արտածծում`
1) ֆաբրիկայի մանրացման բաժանմունքում` աղացների բարձման և բեռնաթափման բկանցքերից, որտեղ աղումը կատարվում է ցիանավորված միջավայրում.
2) կոնցենտրատի չորացման բաժանմունքում` չորացման վառարանների բարձման և բեռնաթափման բացվածքներից.
3) ցինկային նստվածքների չորացման բաժանմունքում` չորացման պահարանների (վառարանների) բեռնաթափման դիտանցքերից.
4) ռեագենտների բաժանմունքում` թունավոր ռեագենտների տարաների բացման և դատարկման խցերից, ռեագենտների սնուցիչներից, պղտորաններից և կուտակիչ չաներից.
5) արտադրահոսքերի վնասազերծման բաժանմունքում` վնասազերծման ապարատներից.
6) կլանման բաժանմունքում` դարսաշերտերից և քարամաղերից խեժի առանձնացման համար.
7) վերականգնման (ռեգեներացման) բաժանմունքում` վերականգնման աշտարակներից և ռեագենտների տարողություններից.
8) էլեկտրոլիզի բաժանմունքում` էլեկտրոլիզատորներից և գրաֆիտացված գործվածքի (վատինի) այրման համար վառարաններից:
190. Ապարատների օդափոխման համակարգը, որտեղ հնարավոր է բարձր կոնցենտրացիայով պայթյունավտանգ և հրդեհավտանգ նյութերի (ջրածնի, ծծմբածխածնի, ցիանական ջրածնի և այլն) անջատում, պետք է պատրաստվի պայթունաանվտանգ կատարմամբ:
191. Սպասարկող անձնակազմի անմիջական շփումը ցիանական լուծույթների (խյուսերի) հետ բացառելու և աշխատանքային գոտում թունավոր անջատումներն իջեցնելու համար ցիանավորման բաժանմունքի սարքավորումները և տարողությունները պետք է առավելագույն չափով խցանվեն կամ սարքավորվեն տեղական արտածծման պատսպարանով:
192. Տեխնոլոգիական գործընթացի նկատմամբ հսկողությունը և սարքավորումների կառավարումը պետք է ամբողջովին իրականացվեն ավտոմատ կարգով:
193. Ցիանավորման գործընթացի սարքավորումների տարողությունները պետք է հանդերձվեն ավտոմատ սարքերով, որոնք լուծույթների (խյուսի) պատահական արտահոսքի դեպքում կտան նախազգուշացում:
194. Ցիանական լուծույթների (խյուսերի) կամ դրանց գոլորշիների հետ շփվող սարքավորումների հանգույցները, խողովակագծերը, արմատուրները և այլ սարքեր պետք է պատրաստվեն ցիանակայուն նյութերից, էլեկտրահաղորդման լարերը և գունավոր մետաղներից պատրաստված հանգույցները պետք է չեզոքացվեն ցիանիդների հետ շփումներից:
195. Չպատսպարված և օդի չարտածծվող սարքավորումներում ու տարողություններում գտնվող ցիանական լուծույթների կոնցենտրացիան պետք է մշտական պահվի ոչ պակաս 0,01-0,025% մակարդակի վրա:
196. Ցիանավորման և ցիանական լուծույթների նախապատրաստման բաժանմունքներում օդաքաշ օդափոխությունից հեռացվող օդը պետք է բարձրացվի շինության վերին գոտի, իսկ ներհոսման օդափոխման համակարգերից օդը պետք է մղվի աշխատանքային գոտիներ` ֆիքսված աշխատանքային տեղերով և անցարաններով: Ֆիլտրացման պատյանները (պաստառները) մինչև պարզիչ և նստեցուցիչ սարքերի ֆիլտրերից հանելը, պետք է լվացվեն ջրով` մինչև ցիանիդների լրիվ հեռացումը:
197. Թթուներով ֆիլտրացման պատյանների (պաստառների) լվացումը թույլատրվում է միայն մեկուսացված շինություններում` սարքավորված ընդհանուր փոխանակման օդափոխիչներով:
198. Ֆիլտրացման գործվածքի (վատինի) վերականգնման համար կատարվող բոլոր աշխատանքները (թթվային մշակում, լվացում, չորացում) պետք է առավելագույն չափով մեքենայացվեն:
199. Ցինկային նստվածքների չորացման, մանրացման, նմուշառման և փաթեթավորման համար շինությունները պետք է մեկուսացվեն ցիանավորման և ընդհանուր փոխանակման օդափոխման սարքավորումների բաժանմունքներից:
200. Ցինկային նստվածքների չորացումը պետք է կատարվի խցանված չորացման պահարաններում (վառարաններում)` վակուումի տակ: Արգելվում է ցինկային նստվածքների չորացումը բաց սալօջախներով:
201. Չորացված ցինկային նստվածքներով բովարանն անհրաժեշտ է սառեցնել խցանված պահարաններում` վակուումի տակ:
202. Ցիան պարունակող արտադրական ջրահոսքերի վնասազերծման համար շինությունները պետք է ֆաբրիկայի մյուս շինություններից և սարքավորումներից մեկուսացվեն հեռակառավարմամբ գործող ընդհանուր փոխանակման և վթարային օդափոխությամբ:
203. Ցիան պարունակող արտադրական ջրահոսքերի վնասազերծումը քլորաարտադրանքների և այլ ռեագենտների կիրառմամբ թույլատրվում է միայն ամուր փակված սարքավորման մեջ` հանդերձված հեռակառավարմամբ օդաարտածծիչ և հսկողության սարքերով:
204. Արգելվում է թունավոր նյութերից չվնասազերծված արտահագուստը դուրս հանել ֆաբրիկայի տարածքից և արտահագուստով դուրս գալ դրա սահմաններից: Արտահագուստը պետք է մաքրել և վերանորոգել կենտրոնացված կարգով` նախնական վնասազերծումից հետո:
205. Աշխատանքը ցիանական լուծույթների (խյուսի) հետ թույլատրվում է միայն ռետինե ձեռնոցներով, գոգնոցով, երկարաճիտ կոշիկներով: Ցիանական լուծույթների հետ կատարվող աշխատանքների աշխատատեղերը պետք է սարքավորվեն տեղական արտածծիչ օդափոխմամբ:
206. Շտապ օգնություն կազմակերպելու նպատակով ցիանավորման բաժանմունքի ամբողջ սահմանագծով պետք է ստեղծվեն պրոֆիլակտիկ կետեր, որոնք բոլոր աշխատանքային հարթակներում պետք է տեղաբաշխվեն այնպիսի հաշվարկով, որպեսզի դրանց միջև հեռավորությունը` ցանկացած ցիանապարունակ սարքավորումներից, չգերազանցի 25 մ: Պրոֆիլակտիկ կետերի մուտքերը պետք է լինեն լավ լուսավորված, մատչելի, չծանրաբեռնված սարքավորումներով ու այլ առարկաներով: Պրոֆիլակտիկ կետերը պետք է մշտապես ապահովված լինեն սառը և տաք ջրով, դեղարկղով, հակաթունային դեղերով, վիրակապման միջոցներով և հակաթույների ընդունման կարգի մասին կազմակերպության ղեկավարի կողմից ընդունված հրահանգով:
207. Աշխատանքային շինություններում բարձր թունավորմամբ նյութերի ներթափանցումը կանխելու համար պետք է կատարվի բաժանմունքի սարքավորումների լրիվ հերմետիկացում, իսկ թունավոր գազերի արտածումը կատարվի անմիջապես պատսպարանի տակից: Վերականգնման և ապակլանման գործընթացների նկատմամբ հսկողությունը և կառավարումը պետք է լինեն ավտոմատացված:
208. Կլանվածքազատման, ապակլանվածքազատման, վերականգնման, ռեագենտների պահման և նախապատրաստման շինությունները պետք է սարքավորվեն օդի միջավայրի հսկողության ավտոմատ սարքերով` բլոկավորված ազդարարման համակարգի (ձայնային, լուսային) հետ, որոնք աշխատանքային տեղերում շոգու մեջ կապտաթթվի պարունակությունը սահմանային թույլատրելի չափաքանակների բարձրացման դեպքում` կտան ազդարարում:
209. Կլանվածքազատման, վերանորոգման և էլեկտրոլիզի շինություններում աշխատելը թույլատրվում է միայն անընդհատ աշխատող ընդհանուր փոխանակման օդափոխության դեպքում: Օդափոխության համակարգի խափանման դեպքում մարդիկ պետք է անմիջապես տեղահանվեն շինությունից:
210. Աշտարակներով խեժի փոխադրման դեպքում աշտարակների դիտարկման պատուհանները և կափարիչները պետք է ամուր փակվեն:
211. Աշտարակներում այլ խառնուրդով խեժերի փոխադրման գործընթացում (հիմնայինից թթվային և հակառակը) լուծույթներն ամբողջությամբ պետք է առանձնացվեն: Լուծույթների փոխադրումը խեժերի հետ միասին արգելվում է:
212. Աշտարակներից խեժի և լուծույթների նմուշառումը թույլատրվում է կատարել միայն կափարիչներով մտոցներից կամ աշտարակի կողքի դռնակից: Նմուշառման նպատակով աշտարակի կափարիչը բացելն արգելվում է:
213. Ցիանավորման գործընթացում կլանվածքազատման և վերականգնման թթու լուծույթների հետ վերադարձնելը թույլատրվում է միայն դրանց ալկալիով (կիր, կծու նատրիում) չեզոքացման դեպքում:
214. Ապրանքային ռեագենտների էլեկտրոլիզի շինությունները պետք է սարքավորվեն ընդհանուր փոխանակման և վթարային օդափոխությամբ, ունենան սարքերի լրակազմ համակարգ` օդում թթուների գոլորշու և ջրածնի կոնցենտրացիան սահմանային թույլատրելի չափաքանակներից բարձրանալու դեպքում ահազանգման համար:
215. Էլեկտրոլիզատորներում կաթոդային բլոկների փոխման ժամանակ աշխատողները պետք է հագնեն ռետինե արտահագուստ, ռետինե երկարաճիտ կոշիկներ, ձեռնոցներ, օգտագործեն պաշտպանիչ ակնոցներ:
216. Փոխակրիչագազազտիչային լվացման սարքերով աշխատելու դեպքում կապն սպասարկող անձնակազմի (օպերատորի, բունկերավարի, օդափոխման կայանի մեքենավարի) միջև պետք է լինի երկկողմանի:
217. Լվացման (մաքրման) սարքի ժապավենից գլաքարերի վարնետման համար պետք է կառուցվեն հատուկ վաքեր: Գլաքարերի պահեստավորման տեղերը պետք է ցանկապատվեն:
218. Բունկերներից կախվածքների հեռացումը թույլատրվում է կատարել ջրի ճնշման շիթով կամ հատուկ հարմարանքով: Բունկերներից գլաքարերի հեռացումը թույլատրվում է կատարել ամբարձիչ կռունկի կամ հատուկ սարքի օգնությամբ` սնուցիչները և փոխակրիչը կանգնեցնելուց հետո:
219. Ձմեռային պայմաններում աշխատելու համար նախատեսված արտադրական սարքերի տաքացման համար պետք է մշակվեն միջոցառումներ` սպասարկող անձնակազմի անվտանգության և սարքավորման հուսալի աշխատանքի ապահովման համար:
8. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՌԵԱԳԵՆՏԱՅԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՌԵԱԳԵՆՏԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ
220. Ռեագենտներ օգտագործող բոլոր կազմակերպությունները պետք է ունենան դրանց պահման վտանգավորության դասին համապատասխան ռեագենտային ռեժիմի կիրառման մասին հրահանգ` հաստատված կազմակերպության ղեկավարի կողմից:
221. Ռեագենտների հետ կատարվող աշխատանքների ժամանակ պետք է ձեռնարկվեն միջոցներ` դրանց հնարավոր ցրցտումը, փոշիացումը, գետնին, հատակին ու սարքավորումների վրա թափվելը կանխարգելելու համար: Հատակին կամ սարքավորման վրա թափված ռեագենտները պետք է հավաքվեն, մեկուսացվեն, ջրով լվացվեն և վնասազերծվեն:
222. Ռեագենտային բաժանմունքում պետք է տեղադրվեն վթարային ցնցուղ և լվացարան` մաշկի վրայից քիմիկատների արագ հեռացման համար, ինչպես նաև խմելու ջրի ցայտաղբյուր` աչքերը լվանալու համար:
223. Կողմնակի անձանց արգելվում է մուտք գործել այն շինությունները, որոնցում պահվում են ռեագենտներ, կամ դրանց հետ կատարվում են աշխատանքներ:
224. Օդափոխման համակարգերի և ռեագենտախողովակների հիմնական նորոգման, զննման, մաքրման, վնասազերծման աշխատանքներում ընդգրկված անձինք նախապես պետք է այդ աշխատանքների կատարման համար պատասխանատու անձի կողմից հրահանգավորվեն, ստանան կարգադրագիր-թույլտվություն` կատարվող աշխատանքների ծավալի և անվտանգության միջոցառումների նշմամբ:
225. Արգելվում է մաքրման համար օգտագործվող նյութերը, լաթակտորները ցրել, թափել կամ թողնել չաներում կամ սարքավորումներում: Դրանք պետք է հավաքվեն առանձին մետաղե արկղերի մեջ, անհրաժեշտության դեպքում` ոչնչացվեն կամ չեզոքացվեն:
226. Ռեագենտների պահման շինությունում գտնվելու ընթացքում աշխատողներին արգելվում է ծխել, շինությունում պահել անձնական վերնազգեստը, ընդունել սնունդ:
227. Լուծույթների պահումը, նախապատրաստումը, ռեագենտների փոխադրումը և օգտագործումը պետք է իրականացվեն` համաձայն ֆաբրիկայի ղեկավարի կողմից մշակված հրահանգների:
228. Օգտագործման համար ոչ պիտանի ռեագենտների աղտոտված նստվածքների և ռեագենտային բաժանմունքի հոսքի քիմիական մաքրումը կամ վնասազերծումը պետք է կատարվի առանձին շինությունում` զատված տեխնոլոգիական ցիկլի շինություններից: Արգելվում է այնպիսի հոսքերի միախառնումը, որոնց փոխներգործության հետևանքով կարող են գոյանալ թունավոր նյութեր (ծծմբաջրածին, ցիանական ջրածին, մկնդեղային ջրածին և այլն) կամ խողովակագծերը խցանող նստվածքներ:
229. Ռեագենտները` համաձայն կազմակերպության ղեկավարի կողմից ընդունված հրահանգի, պետք է պահվեն փակ շինություններում կամ ծածկերի տակ: Թույլատրվում է աերոֆլոտները*, յուղերը, նավթը, աղաթթուները, նատրիումի հիդրոսուլֆատը, օկսալը (Տ-80) պահել ռեագենտի մեկուսացված պահեստի տարածքում, մետաղե տարողություններում և ցիստեռններում` արևից և տեղումներից պաշտպանող ծածկոցների տակ, իսկ աղաթթուն` բաց պահեստներում` շշերի մեջ:
230. Արգելվում է նույն պահեստում համատեղ պահել այնպիսի ռեագենտներ, որոնք կարող են միմյանց հետ մտնել փոխներգործության մեջ: Արգելվում է նաև ռեագենտները պահել վնասված տարաներում: Ռեագենտների վերափաթեթավորումը, ընդունումը և բացթողումը պետք է կատարվեն հատուկ առանձնացված հարթակներում:
231. Հեղուկ ռեագենտների պահման համար օգտագործվող տարողությունները (ցիստեռն, ռեզերվուար) և դրանց միացված կառուցվածքները պետք է հանդերձվեն սարքերով, որոնք կապահովեն ռեագենտների լրիվ հեռացման հնարավորությունը: Արգելվում է ագրեսիվ թթուների և ալկալիների խողովակագծերն անցկացնել աշխատանքային հարթակների և անցատեղերի վրայով:
232. Քսանտոգեն և ցիանիդ պարունակող տարաների բացումը, ինչպես նաև խիստ թունավոր նյութերի հետ կապված աշխատանքների կատարումը, այդ թվում` նաև լուծույթների պատրաստումը, պետք է լինեն մեքենայացված:
233. Քսանտոգենի, ծծմբային նատրիումի, ցիանիդի պահեստների շինություններում օդի ջերմաստիճանը պետք է լինի 25 oC-ից ոչ բարձր: ՈՒժեղ ներգործությամբ թունավոր նյութերը պետք է պահվեն առանձնացված հատուկ պահեստներում: Արգելվում է թունավոր ռեագենտների և չհանգած կրի համատեղ պահումն այլ ռեագենտների հետ: Չհանգած կիրը պետք է պահվի առանձնացված չհրկիզվող շինության մեջ` բացառելով կրի շփումը ջրի հետ:
234. Ռեագենտների պահման պահեստներում, որտեղ հնարավոր են թունավոր ներգործությամբ պայթյունավտանգ գոլորշիների և գազերի կուտակումներ, օդաքաշումը պետք է կատարվի շինության ստորին և վերին գոտիներից` օդի անշարժությունը կանխելու համար:
235. Ռեագենտային տնտեսության բոլոր շինությունները, ռեագենտների պահեստների հատակը, պատերը և կրող շինարարական կառուցվածքները պետք է ունենան քիմիական պաշտպանություն: Պահեստների հատակը պետք է ունենա ջրառվակ և որոշակի թեքություն` ջրերի հեռացման և չեզոքացման համար:
236. Ցիանիդի, աերոֆլոտի, նատրիումի սուլֆոհիդրատի, ամոնիակի և ուժեղ հոտ ունեցող ռեագենտների փոխադրումը և պահումը պետք է կատարվեն միայն ամուր խցանված և սարքին վիճակում գտնվող ցիստեռններով կամ տակառներով:
237. Հեղուկ, ագրեսիվ և բարձր թունավորությամբ ռեագենտների փոխադրումը ֆաբրիկայի տարածքով թույլատրվում է կատարել միայն հատուկ սարքավորված տրանսպորտային միջոցով և տարաներով` կանխելով ռեագենտների կորուստը: Ծղոտը, փայտը, թեփը, որոնցում պահվում են շշերը, պետք է ներծծված լինեն քլորային ցինկի կամ ծծմբաթթվային նատրիումի լուծույթով:
238. Մարդկանց մուտքը ռեագենտների պահեստ թույլատրվում է միայն պահեստների 10 րոպե տևողությամբ օդափոխումից հետո: Օդափոխիչի կանգառի դեպքում փակ պահեստներում աշխատելն արգելվում է: Օդափոխիչի գործարկիչը պետք է տեղադրվի պահեստի դռան դրսի մասում: Օդափոխիչի անսարքության դեպքում դրա վերանորոգման նպատակով պահեստ պետք է մտնի առնվազն երկու անձ` օգտագործելով համապատասխան անհատական պաշտպանության միջոցներ:
239. Յուրաքանչյուր ռեագենտի պահեստավորման տեղը պետք է նշվի համապատասխան ռեագենտի անվան գրառմամբ: Ռեագենտների պահումը` չտեսակավորված ձևով, արգելվում է:
240. Թթուները, ամոնիակային ջուրը, աերոֆլոտները, նատրիումի սուլֆոհիդրատը և այլ ռեագենտներ պետք է դատարկվեն մեքենայացված եղանակով: Հեղուկ ռեագենտները ցիստեռներ լցնելուց հետո, դրանց մնացորդները պետք է փողրակներից հեռացվեն, ապա անջատվեն փողրակներն ու լվացվեն:
241. Դյուրավառ ռեագենտները ցիստեռններից խողովակագծեր և այլ ցիստեռններ դատարկելու ժամանակ պետք է լինեն հողանցված:
242. Հեղուկ ռեագենտների և քիմիկատների վերամղումից առաջ պետք է ստուգվեն հսկման համակարգի հուսալիությունը, տարողությունների լցավորման մակարդակը:
243. Եռակցման աշխատանքները ռեագենտների պահեստներում և դրանց մոտակայքում ու պոմպակայանում կարող են կատարվել ֆաբրիկայի ղեկավարի թույլտվությամբ` միջոցառումների նշմամբ: Ընդ որում, բոլոր հեշտ ցնդվող քիմիկատները պետք է նախօրոք հեռացվեն պահեստի տարածքից:
244. Ռեագենտների պահեստները պետք է ունենան`
1) ձայնային և լուսային ազդարարման համակարգեր` ընդհանուր փոխանակման և տեղական օդափոխության աշխատանքների դադարեցման մասին: Ազդարարման այդպիսի համակարգերի առկայությունը պարտադիր չէ, եթե պահեստներում պահվում են ոչ թունավոր և պայթյունավտանգ գոլորշիներ չառաջացնող ռեագենտներ.
2) ուղիղ հեռախոսային կապ` ֆաբրիկայի ղեկավարության, հրդեհային անվտանգության ծառայության և բուժսպասարկման կետի հետ.
3) մակարդակաչափեր` անշարժ տեղակայված հեղուկ ռեագենտների պահման տարողությունների համար:
245. Ռեագենտների բաժանմունքները, որոնցում կատարվում են պինդ և հեղուկ ռեագենտների լուծումը, լուծույթների պատրաստումը, դրանց պարզեցումը և պատրաստված ռեագենտների մղումը ֆաբրիկայի ծախսային բաքեր, պետք է ֆաբրիկայի մնացած շենքերից լինեն մեկուսացված:
246. Ռեագենտների պատրաստման բաժանմունքների շինություններում ջերմաստիճանային ռեժիմը պետք է սահմանվի` ելնելով դրանցում պատրաստվող ռեագենտների ֆիզիկաքիմիական հատկանիշներից:
247. Ռեագենտների բաժանմունքներում, որտեղ հնարավոր է մեծ քանակությամբ վնասակար գազերի անջատում, պետք է նախատեսվի վթարային արտածծող օդափոխություն և ունենալ հակագազեր, որոնց քանակը պետք է ապահովի մեկ հերթափոխի աշխատողների ավելի քան 50%-ի պահանջը:
248. Լուծույթների չաները և պարզարանները, ինչպես նաև դրանց հետ կապված կառուցվածքները, պետք է տեղակայվեն այնպես, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի դրանցում պահվող լուծույթները լիովին դատարկել վթարային տարողությունների մեջ: Ռեագենտային բաժանմունքում պետք է լինի ավտոմատ գործող ձայնային և լուսային ազդանշանների համակարգ` չաներում գտնվող ռեագենտների մակարդակի հսկման համար:
249. Օրգանական և մյուս հրդեհապայթյունավտանգ նյութերի լուծման համար նախատեսված սարքերը պետք է պատրաստվեն այնպես, որպեսզի դրանցում բացառվի կայծի առաջացումը:
250. Ցիանային լուծույթների պատրաստման բաժանմունքը պետք է մեկուսացվի ռեագենտային մյուս բաժանմունքներից և լինի մշտապես փակ: Բաժանմունքի հոսքաջրերի դրենաժը նույնպես պետք է առանձնացված լինի մյուս ռեագենտների հոսքաջրերի դրենաժից: Բոլոր սարքերը և կայանքները, որոնք նախատեսված են ցիանով լցված անոթների բացման և բունկերների ու չանալուծիչների մեջ լցավորման համար, ինչպես նաև պատրաստի լուծույթների պահման համար, պետք է լինեն պատսպարված և հերմետիկացված, ունենան տեղական արտածծիչներ` բլոկավորված պահեստային օդափոխության կայանքի հետ:
251. Յուրաքանչյուր ռեագենտի չան և պարզարան պետք է ունենան ռեագենտի մակարդակի չափը հսկող ցուցանակ, ավելցուկի հեռացման խողովակ, ինչպես նաև գրառում` ռեագենտի անվանման նշմամբ:
252. Բոլոր խողովակագծերը և տարողությունները պետք է ներկվեն պայմանական գույներով, անվտանգության նշանների խորհրդանշային նկարագրություններով և բացատրական գրառումներով:
253. Ռեագենտների թմբուկների բացման, խոշոր կտորների մանրացման, բաքլուծիչների մեջ դրանց բեռնավորման դեպքերի համար անվտանգության պահանջները պետք է շարադրված լինեն ֆաբրիկայի ղեկավարի կողմից հաստատված աշխատանքային հրահանգներում:
254. Արգելվում է տարաները պահել ռեագենտների աշխատանքային շինություններում. դրանք պետք է վնասազերծվեն և տեղափոխվեն պահեստ: Ցիանային միացությունների տարաները պետք է վնասազերծվեն անմիջապես և փոխադրվեն պահեստ` մնացած տարաներից առանձին:
9. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՆՔԱՔԱՐԻ, ԽՏԱՆՅՈՒԹԻ ԵՎ ՈՉ ՀԱՆՔԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՀԵՍՏՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ
255. Էքսկավատորային պահեստների սարքավորումները և դրանց շահագործումը պետք է համապատասխանեն բաց եղանակով մշակվող օգտակար հանածոների, հանքավայրերի անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնների պահանջներին:
256. Ենթադարսակային սրահները պետք է ունենան ջեռուցում, փոշեորսմամբ դրենաժային և արտածծման համակարգեր:
257. Դարսակահարդարիչի օգնությամբ առանցքային (կատարաձև) պահեստների ձևավորման ժամանակ պետք է հսկվի ռելսային գծերի և ջրահավաքման առուների վիճակը, կանխվի աշխատանքային հարթակների ելարանների ու սանդուղքների սառցակալումը: Օրվա մութ ժամերին դարսակահարդարիչի աշխատանքային տեղը պետք է լուսավորվի:
258. Սորուն նյութերը խողովակագծով պահեստ փոխադրելու ժամանակ պետք է ապահովվի խողովակագծերի միացումների հերմետիկությունը, վերաբարձման տեղերի ամուր ծածկույթը:
259. Օրվա մութ ժամերին երկաթուղային ռելսագծերը, էքսկավատորների հանքախորշը, ավտոտրանսպորտի շրջադարձային հարթակները պետք է լուսավորվեն:
260. Էքսկավատորի աշխատանքի ժամանակ մարդիկ պետք է գտնվեն դրա շերեփի գործողության գոտուց դուրս:
261. Էքսկավատորով կամ կամրջակային փոխաբեռնիչով նյութերի բարձրացման ժամանակ մարդիկ պետք է աշխատեն ըստ էքսկավատորավարի ազդանշանների: Էքսկավատորի ոչ աշխատանքային ժամերին շերեփը պետք է իջեցվի գետնին, փակվի խցիկն ու հոսանքազրկվի շարժաբերը:
262. Պահեստներում դարսակների ձևավորման, ինչպես նաև դրանց բեռնաթափման ժամանակ անհրաժեշտ է ձեռնարկել միջոցներ` փոշեորսման և փոշեճնշման համար:
263. Պահեստներում բուլդոզերի աշխատանքի ժամանակ արգելվում է դրանք թողնել առանց հսկողության, աշխատող շարժիչով և բարձրացված հարթաշերեփով:
264. Պահեստավորվող նյութի թեքության առավելագույն անկյունը վերելքի վրա բուլդոզերի աշխատանքի ժամանակ պետք է լինի 250-ից ոչ ավելի, իսկ թեքության տակ (վայրէջքի բեռով) աշխատանքի ժամանակ` 300-ից ոչ ավելի: Դեպի բունկերներ տանող մատուցման ուղիների թեքությունը նյութի բարձման ժամանակ պետք է լինի 60-ից ոչ ավելի:
265. Հետիոտն և խճուղային ճանապարհները հանքաքարի պահեստների կողմից պետք է արգելափակվեն հողապատնեշով կամ ցանկապատով:
266. Այն պահեստներում, որոնցում հանքաքարի բարձումը կատարվում է ժապավենային փոխադրիչի միջոցով, վերին սրահի երկայնական ճեղքերը, որոնցով հանքաքարը թափվում է պահեստ, պետք է ցանկապատվեն մշտական բազրիքներով կամ փակվեն 200 x 200 մմ չափերով անցքեր ունեցող վանդակապատով:
------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում