Սեղմել Esc փակելու համար:
ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ԵՂԱՆԱԿՈՎ ՄՇԱԿՎՈՂ ՕԳՏԱԿԱՐ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ԵՂԱՆԱԿՈՎ ՄՇԱԿՎՈՂ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հուլիսի 2022 թվականի N 1049-Ն

 

ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ԵՂԱՆԱԿՈՎ ՄՇԱԿՎՈՂ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(4-րդ մաս)

 

392. Արտաքին հրդեհային ջրատար չունեցող ստորերկրյա հանքերում երկրի մակերևույթի վրա պետք է կառուցվի և միշտ ջրով լցավորված վիճակում պահվի հակահրդեհային ջրավազան, որի տարողությունը որոշվում է հաշվարկով: Ջրավազանները հանքահորի հետ պետք է միացված լինեն խողովակագծով` տրամագիծը` 100 մմ-ից ոչ պակաս: Ջրատար խողովակագծի մոտ պետք է տեղադրվեն պոմպեր (աշխատող և պահուստային), որոնց արտադրողականությունը և ճնշումը որոշվում են ըստ հանքի հակահրդեհային նախագծի: Պոմպերի շինությունները ձմռանը պետք է տաքացվեն:

393. Հրդեհի օջախ ունեցող ստորերկրյա հանքերում օդափոխիչների խափանման կամ օդափոխության հաստատված ռեժիմների խախտումների ժամանակ լեռնային փորվածքներում գտնվող բոլոր մարդիկ պետք է անմիջապես դուրս բերվեն երկրի մակերևույթ: Հրդեհի տեղամասը պետք է մեկուսացվի չհրկիզվող օդաանթափանցիկ և հակահրդեհային միջնապատով` օդի ջերմաստիճանի չափման և օդի մեջ CO, CO2, SO2, O2 գազերի պարունակությունն ստուգելու նպատակով օդի նմուշներ վերցնելու համար: Հրդեհի տեղամասը շահագործվող փորվածքներից բաժանող հակահրդեհային միջնապատի զննումը պետք է կատարվի ամենօրյա: Օդափոխության ռեժիմը վերականգնելուց հետո հանքի բոլոր փորվածքները պետք է լրիվ օդափոխվեն, կատարվի օդի բաղադրության վերլուծություն:

394. Հրդեհով բռնկված տեղամասերում հետագայում հանքաքարի հանույթի ժամանակ անհրաժեշտ է թողնել արգելափակոցային բնամասեր և հանույթը կատարել միայն մշակված տարածության լցափակմամբ:

395. Հրդեհներով բռնկված տեղամասերի բացումը և դրանց նախնական օդափոխությունը պետք է իրականացնեն լեռնափրկարար ծառայության աշխատողները:

396. Միայն դրական արդյունքներ ստանալուց հետո կարելի է թույլատրել աշխատողներին մտնել լեռնային փորվածքներ: Աշխատանքների վերսկսումից հետո, 3 օրվա ընթացքում, հրդեհված տեղամասում պետք է հերթապահեն լեռնափրկարարները և յուրաքանչյուր 30 րոպեն մեկ, ամեն մի փորվածքում որոշեն օդի բաղադրությունը և ջերմաստիճանը:

 

11. ՋՐԻ ԵՎ ԳԱԶԻ ՃԵՂՔՈՒՄՆԵՐԻ ԿԱՆԽՈՒՄԸ

 

397. Ջրապարունակ և ջրավորված օգտակար հանածոների ստորերկրյա հանքավայրերի մշակումը պետք է կատարվի «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով` փորձաքննություն անցած նախագծով:

398. Եթե ստորերկրյա եղանակով մշակվող օգտակար հանածոների հանքավայրերի սահմաններում կան հեղեղված փորվածքներ, ինչպես նաև փորվածքներ, որոնցում հնարավոր է տաք և թունավոր գազերի կուտակումներ, պետք է որոշվեն դրանցում ջրերի և գազերի ճեղքումների վտանգավոր գոտիները և մտցվեն մարկշեյդերական փաստաթղթերի մեջ:

399. Ջրավազանների տակ գտնվող արգելապատված կամ ապահովիչ բնամասերի սահմաններում լեռնային աշխատանքները կարող են կատարվել միայն ջրահեղեղված փորվածքներից ջուրը բաց թողնելուց կամ երկրի մակերևույթի վրա տեղադրված ջրավազաններից այն հանքավայրի սահմաններից դուրս մղելուց հետո:

400. Եթե ջրահեղեղված փորվածքներում նկատվում են ջրի և գազի հնարավոր ճեղքման նշաններ, անհրաժեշտ է անմիջապես դադարեցնել աշխատանքները, մարդկանց դուրս բերել ջրահեղեղման և գազավորման վտանգի տակ գտնվող փորվածքներից: Միաժամանակ անհրաժեշտ է հերթափոխում ոչ պակաս, քան 3 անգամ անցկացնել օդի բաղադրության արագընթաց վերլուծություն, վերցնել օդի նմուշ և ամիսը երկու անգամ կատարել օդի քիմիական վերլուծություն: Բոլոր հորատանցքերը, բացառությամբ դիտարկման և ջրապարունակ հորիզոնները հատող հորատանցքերից, պետք է ցեմենտածածկվեն:

401. Կազմակերպությունը, որն իրականացնում է հորատման աշխատանքներ, պետք է կազմի երկրաբանական հաշվետվություն, որի մեջ պետք է տեղադրական հատակագծերի (քարտեզների) վրա և կոորդինատների քարտեզացուցակներում ցույց տրվեն ելանցքների, հանքախորշերի ու փորվածքների հետ բոլոր հորատանցքերի հատման տեղերը: Երկրաբանական հաշվետվության մեկ օրինակը պետք է պահվի կազմակերպությունում, որը պարտավոր է հանքերին հաղորդել դրանց վերաբերյալ երկրաբանահետախուզական տվյալները:

402. Ջրի, տղմահողերի կամ խույսի ճեղքի վտանգի պայմաններում, հանքահորերի կառուցման և շահագործման ժամանակ, գործող լեռնային փորվածքները, մերձհանքահորային բակերը և գլխավոր ջրահեռացման սարքավորումները պետք է պատնեշապատվեն անջրաթափանցիկ անջրպետներով: Երկրի մակերևույթի ձագարները և հանքավայրերի մշակման հետևանքով առաջացած բաց ճեղքվածքները, հեղեղատներով անցումները պետք է անջրպետվեն ջրահեռացման առուներով` անձրևաջրերը և հեղեղաջրերը արտամղելու, դրանց մուտքը դեպի լեռնային փորվածքներ արգելափակելու համար:

403. Ջրածածկված ուղղահայաց և թեք փորվածքներից ջրի դուրս մղման ժամանակ պետք է ստուգվեն մթնոլորտի և այդ փորվածքների չօդափոխվող մասերի վիճակը` ջրի հայելամակերեսից վերև: Օդի փորձանմուշները` վերցված լեռնափրկարարների կողմից, պետք է հետազոտվեն ածխածնի (CO), ածխաթթու (CO2), մեթան գազի (CH4), ծծմբաջրածնի (H2S), թթվածնի (O2) և ջրածնի (H2) պարունակության համար:

404. Վնասակար գազերի հնարավոր կուտակման տեղերին մոտեցող փորվածքները պետք է լուսավորվեն մարտկոցային լամպերով: Եթե փորվածքներում հայտնաբերվում են վնասակար գազեր, դրանց չափումը պետք է կատարվի գազորոշիչներով: Այն դեպքերում, երբ հանքախորշերը մոտենում են փորվածքներին, որոնցում հնարավոր է վնասակար և այրվող նյութերի կուտակումներ, պետք է կազմվի գազի ճեղքման դեմ պաշտպանիչ միջոցառումների ծրագիր, որը հաստատվում է կազմակերպության ղեկավարության կողմից:

405. Եթե նույն հանքավայրում տեղակայված մի հանքահորը կամ հանքահորերի խումբը մյուս հանքահորերի համար ստեղծում են հնարավոր ջրահեղեղման կամ գազավորման վտանգ` հանքային դաշտի սահմաններում պետք է թողնվեն արգելապատված բնամասեր:

406. ՈՒղղաձիգ և թեք հանքահորերը, հետախուզահորերը, հանքուղիները պետք է դասավորվեն այնպես, և դրանց ելանցքներն ունենան այնպիսի սարքեր, որպեսզի մակերևութային ջրերը չթափանցեն լեռնային փորվածքներ: Լեռնային փորվածքները շահագործումից հանելու կամ կոնսերվացնելու դեպքում պետք է դրանցում մեկուսացվեն մակերևութային ջրերի հոսքը:

407. Ջրահանման գլխավոր և տեղամասային կայանքները պետք է ունենան երկու ջրահավաքիչներ` բաղկացած երկու և ավելի փորվածքներից:

408. Կառուցվող և վերակառուցվող հանքահորերի և նոր հորիզոնների համար գլխավոր ջրահավաքիչի տարողությունը պետք է հաշվարկված լինի 4 ժամից ոչ պակաս հոսքի համար, տեղամասայինը` 2 ժամից ոչ պակաս հոսքի համար: Ջրաքաշող հանքահորերի գլխավոր ջրահանման կայանքների ջրաքաշիչ տարողությունները պետք է հաշվարկել երկժամյա հոսքի համար:

409. 50 մ3 /ժ-ից ավելի ջրային հոսք ունեցող հանքերի ջրհանման գլխավոր կայանքները պետք է սարքավորված լինեն 3-ից ոչ պակաս պոմպային ագրեգատներով: Մեկ պոմպային ագրեգատի արտադրողականությունը գերազանցող ջրային հոսք ունեցող հանքերի համար պահեստային և վերանորոգման մեջ գտնվող ագրեգատների թիվը պետք է ընդունել սույն Կանոնի N 5 աղյուսակում բերված տվյալներին համապատասխան:

 

Աղյուսակ N 5

 

._____________________________________________________________________.

|Պոմպային ագրեգատների|                    Այդ թվում`                  |

|ընդհանուր թիվը      |                                                |

|                    |________________________________________________|

|                    |աշխատանքի մեջ|պահուստային     |վերանորոգման մեջ |

|____________________|_____________|________________|_________________|

|          4         |       2     |      1         |       1         |

|          5         |       3     |      1         |       1         |

|          7         |       4     |      2         |       1         |

|          8         |       5     |      2         |       1         |

|          9         |       6     |      2         |       1         |

|          11        |       7     |      3         |       1         |

._____________________________________________________________________.

 

410. Ջրհան կայանքների աշխատանքային պոմպերի արտադրողականությունը պետք է ապահովի շուրջօրյա ջրային հոսքի նորմալ դուրս մղումը` 20 ժամից ոչ ավելի ժամանակով:

411. Գլխավոր ջրհան կայանքը պետք է սարքավորված լինի երկուսից ոչ պակաս ջրահեռացման խողովակագծերով, որից մեկը` պահուստային: Աշխատանքային խողովակագծերը պետք է հաշվարկվեն պոմպային կայանքի լրիվ արտադրողականության վրա: Պոմպային խցում մղիչ խողովակագծերը պետք է լինեն օղակված և ունենան սողնակ` խողովակագծերից յուրաքանչյուրի ագրեգատի փոխարկումն ապահովելու համար:

412. Գլխավոր ջրհան կայանքը պետք է զննվի ոչ պակաս, քան շաբաթը մեկ անգամ` հանքի տեխնիկական պատասխանատու անձի կողմից:

413. Յուրաքանչյուր հանքում պարբերաբար, բայց ոչ պակաս, քան 6 ամիսը մեկ անգամ, պետք է կատարվի ջրի հոսքի չափում և ջրի քիմիական վերլուծություն:

 

12. ՊԱՀԱՆՋՆԵՐ ՀԱՆՔԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

 

414. Օգտակար հանածոների ստորերկրյա եղանակով մշակվող հանքավայրերի մշակման, գործող հանքերի վերակառուցման յուրաքանչյուր նախագիծ պետք է պարունակի հատուկ բաժին, որով սահմանվում են միջոցառումներ հանքում աշխատողների կյանքը և առողջությունը վնասակար գործոնների ազդեցությունից պաշտպանելու համար: Հանքի աշխատանքային գոտում օդի քիմիական նյութերի պարտադիր հետազոտությունները պետք է ներառվեն առողջության պահպանման սանիտարական կանոնների և նորմերի պահանջների կատարման միջոցառումների ծրագրի մեջ:

415. Հանքավայրի հորիզոններում, բլոկներում և հանքահանման հանքահորերում և այլ փորվածքներում պարտադիր կարգով պետք է նախատեսվեն փոշու դեմ պայքարի սարքավորումների տեղադրում, փոշենստեցման միջոցների անվանացանկը, դրանց աշխատանքային ռեժիմը:

416. Արգելվում է շահագործման հանձնել նոր կամ վերակառուցված հանքեր, եթե դրանց փորվածքներն, ապահովված չեն փոշու դեմ պայքարի անհրաժեշտ միջոցներով:

417. Արգելվում է հանքերում օդի մղումը կատարել տախտկամածովային վերհան սարքերով և վերելքավանդակներով սարքավորված հանքահորերով, փոխակրիչներով սարքավորված թեք հանքահորերով: Մաքրահանման հանքախորշերով, հանքամիջանցքներով և հանքիջանցքային ձագարներով: Օդը պետք է մղվի օդափոխման վերընթացներով փորվածքների կամ խիտ երեսապատված օդափոխման կամ հետիոտն բաժանմունք ունեցող փորվածքներով:

418. Արգելվում է շահագործել լեռնային մեքենաներ և սարքեր, եթե դրանք սարքավորված չեն ձայնամեղմիչ և հակաթրթռիչ միջոցներով, ինչը կապահովի արտադրական աղմուկին և թրթռմանը ներկայացվող` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի մարտի 6-ի N 138 հրամանով հաստատված և 2006 թվականի մայիսի 17-ի N 533-Ն հրամանով հաստատված սանիտարական և հիգիենիկ նորմերի պահանջների կատարումը:

419. Բոլոր լեռնային սարքավորումները, որոնք շահագործման ընթացքում առաջացնում են փոշի, պետք է ունենան սարքին վիճակում գտնվող և անխափան գործող փոշենստեցման կամ փոշեորսման հարմարանքներ: Արգելվում է ստորերկրյա հանքերում օգտագործել ներքին այրման շարժիչներով մեքենաներ` առանց չեզոքացուցիչների:

420. Պայթեցման աշխատանքների կատարման ժամանակ փոշու և գազերի նստեցման համար պետք է օգտագործվեն հատուկ միջոցներ (մշուշաստեղծ սարք, ջրափրփուր և այլն):

421. Օդի աղտոտվածության որոշման համար փորձանմուշների վերցման պարբերականությունը պետք է լինի սլիկոզավտանգ հանքախորշերում` ոչ պակաս երկու ամիսը մեկ անգամ, մյուս հանքախորշերում` երեք ամիսը մեկ անգամ:

422. Ստորերկրյա հանքերի բոլոր աշխատողները պետք է ապահովված լինեն հատուկ արտահագուստներով ու կոշիկներով, պաշտպանիչ սաղավարտներով և հակափոշային հակագազերով, աղմուկի դեմ անհատական պաշտպանիչ միջոցներով, խմելու ջրի անոթներով և ստանան հատուկ կաթ:

423. Ստորերկրյա հանքին կից պետք է կառուցվեն սանիտարակենցաղային շենքեր: Նշված շենքերը պետք է հաշվարկված լինեն հանքի լրիվ ծանրաբեռնվածությամբ աշխատանքի համար:

424. Սանիտարակենցաղային շենքերի կազմում պետք է լինեն արտահագուստի հանդերձարան, հագուստի չորացման և փոշեզրկման սենյակ և շնչադիմականոց, առաջին բուժօգնության միջոցներ:

425. Հանդերձարանի և ցնցուղարանի թողունակությունը պետք է ապահովի ստորերկրյա հանքի յուրաքանչյուր հերթափոխի բոլոր աշխատողների լողանալը և զգեստափոխվելը` ոչ ավելի, քան 45 րոպե տևողությամբ:

426. Ցնցուղարանը պետք է ապահովված լինի տաք և սառը ջրով` մեկ ցնցուղին ժամում 500 լիտր հաշվարկով: Տաք ջրի խողովակները պետք է լինեն մեկուսացված կամ հատակից 2 մ բարձրությամբ պաշտպանված: Ցնցուղարանում օդի ջերմաստիճանը պետք է լինի 250-ից ոչ ցածր:

427. Լողանալու համար նախատեսված ջուրը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի N 876 հրամանի պահանջներին: Ջրի որակի նկատմամբ արտադրական հսկողությունն իրականացնում է տվյալ կազմակերպությունը, իսկ վերահսկողությունը` Կառավարությանն ենթակա առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը:

428. Ցնցուղարանի, հագուստի պահման բաժանմունքի և հանդերձարանի հատակները պետք է լինեն խոնավակայուն և չսայթաքող, պատերը և միջնապատերը` մինչև 2. 5 մ բարձրությամբ` երեսպատված մետաղե սալիկներով:

429. Ստորերկրյա հանքի ղեկավարությունը պարտավոր է բոլոր աշխատողներին ապահովել անհրաժեշտ քանակի որակյալ խմելու ջրով: Հանքի խմելու ջուրը, եթե այն ունի ինքնուրույն համակարգ, պարբերաբար նորմատիվներով սահմանված ժամկետներում, պետք է ենթարկվի քիմիամանրէաբանական հետազոտության:

430. Ստորերկրյա հանքի ջրմուղների կառույցների աշխատողները, ովքեր անմիջականորեն առնչվում են խմելու ջրի մաքրմանը, վարակազերծմանը և ջրամատակարարման ցանցի սպասարկմանը, պետք է ենթարկվեն պարբերական բժշկական զննության` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 347-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան:

431. Խմելու ջրի տարաները պետք է պատրաստվեն սահմանված կարգով թույլատրված նյութերից:

432. Ստորերկրյա հանքի սանիտարակենցաղային շենքերի ու շինությունների համապատասխանության նկատմամբ հսկողությունն իրականացվում է տվյալ կազմակերպության կողմից, իսկ պետական վերահսկողությունը` Կառավարությանն առընթեր առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից:

433. Ստորերկրյա հանքի բոլոր սանիտարակենցաղային շենքերն ու շինությունները, համաձայն Քաղաքաշինության նախարարի 04.08.2004 թ.-ի N 83-Ն հրամանի, պետք է ունենան ներծծման-արտածծման օդափոխություն, որը կապահովի օդում վնասակար գազերի, գոլորշիների կամ աէրոզոլների սահմանային թույլատրելի քանակությունը:

434. Ստորերկրյա հանքի հիմնական լեռնային փորվածքներում, տրանսպորտային ագրեգատներում և ցնցուղարանի մաքուր հանդերձարաններում պետք է լինեն առաջին օգնության համապատասխան միջոցներ և դրա կազմակերպման համար ուսուցանված անձինք: Առաջին օգնությունը ցույց տալուց հետո բժշկական սպասարկումը (եթե դրա անհրաժեշտությունը կա) պետք է կատարվի լիցենզավորված առողջապահական կազմակերպությունում:

435. Օգտակար հանածոների ստորերկրյա եղանակով մշակվող հանքավայրերի լեռնային փորվածքները և կառույցները կոնսերվացվում ու փակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

436. Օգտակար հանածոների հանքավայրերն ստորերկրյա եղանակով մշակող կազմակերպությունները, համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 250-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ կետերի, պարտադիր կարգով պետք է մշակեն և հաստատեն հնարավոր վթարների կանխարգելման և դրանց հետևանքների վերացման գործողությունների պլանները:

437. Օգտակար հանածոների ստորերկրյա եղանակով մշակվող հանքավայրերում պայթեցման աշխատանքները կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 6-ի N 291-Ն որոշման պահանջներին համապատասխան:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 11 հուլիսի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.07.2022
N 1049-Ն
Որոշում