ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
Ք. Երևան
18 օգոստոսի 2022 թ. ԲԴԽ-80-Ո-Կ-20
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՎԱՀԱԳՆ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Բարձրագույն դատական խորհուրդը, ծանոթանալով Արդարադատության նախարարի` «Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Թորոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2022 թվականի հուլիսի 29-ի թիվ 65-Ա որոշմանը և կից ներկայացված փաստաթղթերին.
ՊԱՐԶԵՑ
Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել փաստաբան Դավիթ Ավագյանի կողմից 2022 թվականի փետրվարի 26-ին Արդարադատության նախարարին ներկայացված հաղորդումը:
Ուսումնասիրելով վերոնշյալ հաղորդումը` Արդարադատության նախարարը 2022 թվականի մայիսի 31-ի թիվ 52-Ա որոշմամբ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Թորոսյանի նկատմամբ հարուցել է կարգապահական վարույթ:
Արդարադատության նախարարի 2022 թվականի հուլիսի 29-ի թիվ 65-Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Թորոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը Բարձրագույն դատական խորհուրդը քննում է կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունն ստանալու պահից եռամսյա ժամկետում:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհրդի նախագահը հրավիրում և վարում է Բարձրագույն դատական խորհրդի նիստերը, ստորագրում է Բարձրագույն դատական խորհրդի որոշումները, (...):
Բարձրագույն դատական խորհրդի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» 2020 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշման Հավելված 1-ի 91-րդ կետի համաձայն` Խորհրդի նախագահը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթի բոլոր նյութերը ստանալու պահից մեկամսյա ժամկետում քննարկման համար նշանակում է Խորհրդի նիստ: Միջնորդությունը և վարույթի նյութերը Խորհրդի անդամներին է ներկայացվում նիստից առնվազն 10 օր առաջ:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի 11-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» 2020 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշման Հավելված 1-ի 91-րդ կետով.
ՈՐՈՇԵՑ
Արդարադատության նախարարի կողմից ներկայացված` Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Թորոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության քննության կապակցությամբ Բարձրագույն դատական խորհրդի նիստը նշանակել 2022 թվականի օգոստոսի 25-ին ժամը 15:00-ին` Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքում (ք. Երևան, Կորյունի 17):
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ս. ՉԻՉՈՅԱՆ
Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 19 օգոստոսի 2022 թվական: