ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՀԱՐՁԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2022 թվականի սեպտեմբերի 13-ին` ժամը 00:05-ին, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետների ու ԱԹՍ-ների կիրառմամբ միաժամանակ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի` մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Մասնավորապես հրետակոծվել են Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Հարվածներ են հասցվում ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներին: Որոշ ուղղություններով ադրբեջանական ստորաբաժանումները ձեռնարկում են դիրքային առաջխաղացման գործողություններ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում:
Ստեղծված իրավիճակում մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության զինված ուժերին` Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման սուրբ գործում: Բոլոր քաղաքական ուժերին, մեր հայրենակիցներին` անկախ քաղաքական դիրքորոշումից, կոչ ենք անում պահպանել հանգստություն և համախմբվել պետականության շուրջ: Մեր Հայրենիքը միասնական և կուռ պաշտպանության կարիք ունի:
Միջազգային հանրությանը կոչ ենք անում խստորեն և հասցեական դատապարտել Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության սանձազերծած ագրեսիան, ՄԱԿ-ի Կանոնադրությամբ ամրագրված` տարածքային ամբողջականության դեմ ուժի և ուժի կիրառման սպառնալիքի արգելման սկզբունքի կոպտագույն խախտումները:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից ակնկալում ենք ստեղծված իրավիճակի անհապաղ քննարկում և իրավիճակից բխող գործողությունների իրականացում:
ՀԱՊԿ-ից պահանջում ենք Հավաքական անվտանգության պայմանագրով ստանձնած պարտավորություններից բխող անհապաղ միջոցառումների կատարում` ուղղված Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության պահպանմանը:
Դիմում ենք Ռուսաստանի Դաշնությանը` շուտափույթ իրագործելու Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրով ամրագրված պարտավորությունները` ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ
2022 թվական, սեպտեմբերի 13
Երևան
Հ-1
Պաշտոնական հրապարակման օրը` 13 սեպտեմբերի 2022 թվական: