ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
| Քաղ. Երևան |
27 սեպտեմբերի 2022 թ. |
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 15-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը` կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Է. Շաթիրյանի, Ա. Պետրոսյանի, Ա. Վաղարշյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`
դիմողի` Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի ներկայացուցիչ` Ազգային ժողովի պատգամավոր Ա. Վարդևանյանի,
գործով որպես պատասխանող կողմ ներգրավված Ազգային ժողովի ներկայացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետի պարտականությունները ժամանակավոր կատարող, նույն բաժնի գլխավոր մասնագետ Է. Մնացականյանի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22, 40 և 68-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
«Գնումների մասին» ՀՀ օրենքը (այսուհետ` նաև Օրենք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2016 թվականի դեկտեմբերի 16-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել` 2017 թվականի հունվարի 14-ին և ուժի մեջ է մտել 2017 թվականի ապրիլի 25-ից:
Օրենքի` «Գնման պլանավորումը և ֆինանսավորումը» վերտառությամբ 15-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է.
«2. Պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում ներառվում են ազգային անվտանգության ապահովման, «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պաշտոնատար անձանց արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման, ներառյալ` տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և նորոգման ոլորտում հատուկ տեխնիկական և ծրագրային, ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները և ծառայությունները»:
Օրենքի վերոնշյալ դրույթը փոփոխության է ենթարկվել «Գնումների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-4-Ն ՀՀ օրենքով (ընդունվել է 2022 թվականի հունվարի 21-ին, ուժի մեջ է մտել 2022 թվականի հունիսի 1-ից):
Գործի քննության առիթն Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի` 2022 թվականի հունվարի 19-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով դիմումը, պատասխանողի գրավոր բացատրությունը, գործում առկա մյուս փաստաթղթերը, վերլուծելով վիճարկվող և վերաբերելի իրավադրույթները` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Դիմողի դիրքորոշումները
Դիմողը Սահմանադրական դատարանի առջև բարձրացնում է երկու հարցադրում.
«1) Արդյո՞ք Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման, ներառյալ` տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և նորոգման ոլորտում հատուկ տեխնիկական և ծրագրային ապահովման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները և ծառայությունները հանդիսանում են սահմանափակման ենթակա տեղեկատվություն, և արդյո՞ք նման տեղեկատվության սահմանափակումը համապատասխանում է համաչափության սկզբունքին:
2) Արդյո՞ք Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման, ներառյալ` տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և նորոգման ոլորտում հատուկ տեխնիկական և ծրագրային ապահովման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները և ծառայությունները հանրությունից գաղտնի պահելը չի խախտում տեղեկատվության ազատության և հասանելիության Սահմանադրի կամքը»:
Դիմողը պնդում է, որ Սահմանադրության 51 և 42-րդ հոդվածների տեսանկյունից ակնհայտորեն առկա է սահմանափակում, և պարզ չէ, թե օրենսդիրն ինչ իրավաչափ նպատակ հետապնդելով է վիճարկվող նորմի միջոցով ուղղակիորեն սահմանափակել Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի` պետական միջոցների հաշվին իրականացվող ծախսերի վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը:
Դիմողն արձանագրում է. «ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածով երաշխավորված համաչափության սկզբունքի տեսանկյունից որևէ կերպ բավարարված չեն «Գնումների մասին» ՀՀ օրենքի վիճարկվող կարգավորմամբ պիտանիությունը, անհրաժեշտությունը և առավել ևս համարժեքությունը` Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման, ներառյալ` տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և նորոգման ոլորտում հատուկ տեխնիկական և ծրագրային ապահովման համար անհրաժեշտ ապրանքներն, աշխատանքները և ծառայությունները հանրությունից առհասարակ գաղտնի պահելով»:
Որպես իր ներկայացրած փաստարկների հիմնավորում` դիմողը նշում է, որ ժողովրդավարական հասարակություններում հանրային հաշվետվողականության և վերահսկողության կառուցակարգերն առանցքային նշանակություն ունեն, իսկ վիճարկվող կարգավորումներն ուղղակիորեն դուրս են մղում հասարակական կարծիքի միջոցով իրականացվող ժողովրդավարական վերահսկողության իրականացումը, արգելափակում են պետական իշխանության գործողությունների թափանցիկությունը և ուղղակիորեն բացառում են Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման, ներառյալ` տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և նորոգման ոլորտում հատուկ տեխնիկական և ծրագրային ապահովման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները և ծառայությունները, ի թիվս այլնի, անհրաժեշտության կամ բյուջետային միջոցների ողջամիտ ծախսերի գնահատման տեսանկյունից հաշվետու գործունեության ապահովումը:
Անդրադառնալով խնդրո առարկա սահմանափակման հիմքերին` դիմողը նշում է, որ սույն պարագայում առկա չէ սահմանափակման` պետական անվտանգության երաշխավորման նպատակ: Հակառակ պարագայում` պետական անվտանգության նկատառումներից ելնելով` հիշատակված պաշտոնատար անձանց թվին պետք է դասվեն նաև այլ պաշտոնատար անձինք, որոնք ևս իրենց գործունեությամբ ուղղակիորեն առնչվում են պետական անվտանգությանը: Դիմողի գնահատմամբ` «Վիճարկվող կարգավորումը որևէ կերպ չի առնչվում նաև հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի հիմքերի հետ»:
Դիմողի համոզմամբ` վիճարկվող կարգավորումը նաև ընդհանուր օրենսդրության տրամաբանությունից է շեղվել և ձևախեղել է պետական գաղտնիքի հասկացությունը, քանզի վիճարկվող կարգավորումն աղերս չունի «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով սահմանված «պետական գաղտնիք» հասկացության հետ:
Ամփոփելով իր դիրքորոշումը` դիմողը խնդրել է. «(...) որոշել Հայաստանի Հանրապետության «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1, 42, 51, 78 և 80-րդ հոդվածներին համապատասխանության հարցը»:
2. Պատասխանողի դիրքորոշումները
Ազգային ժողովը (այսուհետ` նաև պատասխանող) նշում է, որ պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում ներառվում են Հանրապետության նախագահի, վարչապետի և Ազգային ժողովի նախագահի արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները և ծառայությունները` հաշվի առնելով նրանց առանձնահատուկ կարգավիճակը, այն է` պետական պահպանության օբյեկտներ հանդիսանալը, ինչը համահունչ է տեղեկություններ ստանալու իրավունքի սահմանափակման` Սահմանադրությամբ ամրագրված իրավաչափ նպատակին:
Պատասխանողի կարծիքով` տվյալ պարագայում օրենսդիրը, իրացնելով իրավունքների և ազատությունների սահմանափակումներ նախատեսելու իր իրավասությունը, այն կատարել է այնպիսի համամասնությամբ, որ ընտրված սահմանափակումը համահունչ է Սահմանադրության 78-րդ հոդվածով նախատեսված համաչափության սկզբունքին, այն է` հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցը պիտանի և անհրաժեշտ է Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար:
3. Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դիմողը վիճարկում է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված այն դրույթները, որոնք վերաբերում են «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պաշտոնատար անձանց արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման, ներառյալ` տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և նորոգման ոլորտում հատուկ տեխնիկական և ծրագրային ապահովման համար անհրաժեշտ ապրանքներին, աշխատանքներին և ծառայություններին, Սահմանադրական դատարանը սույն սահմանադրաիրավական վեճի շրջանակներում կանդրադառնա միայն վերոնշյալ դրույթների սահմանադրականության հարցերին:
Միաժամանակ, սույն գործով սահմանադրաիրավական վեճի լուծման համար Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը.
- արդյո՞ք «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավակարգավորումներն անհամաչափորեն սահմանափակում են անձի` Սահմանադրությամբ նախատեսված կարծիքի արտահայտման ազատությունը և տեղեկություններ ստանալու իրավունքը:
4. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները
4.1. Կարծիքի արտահայտման ազատությունը և տեղեկություններ ստանալու իրավունքը ժողովրդավարական հասարակության գոյության և զարգացման կարևոր նախապայման են, և դրանց սահմանադրաիրավական հիմքերն ամրագրված են Սահմանադրության` «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները» վերտառությամբ 2-րդ գլխի 42 և 51-րդ հոդվածներում:
Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասն ամրագրում է յուրաքանչյուրի կարծիքի արտահայտման ազատությունը, որի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը»:
Սահմանադրության 51-րդ հոդվածի 1-ին մասն ամրագրում է տեղեկություններ ստանալու իրավունքը, որի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու և փաստաթղթերին ծանոթանալու իրավունք»:
Սահմանադրության 42-րդ հոդվածը բովանդակում է երկու հիմնարար նշանակություն ունեցող սահմանադրաիրավական արժեքներ` կարծիքի արտահայտման ազատությունը և տեղեկատվական ազատությունը: Նշյալ նորմի բովանդակային վերլուծությունից բխում է, որ կարծիքի արտահայտման ազատությունը և տեղեկություններ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը փոխկապակցված են, և մեկի առկայությունը ենթադրում է մյուսի գոյությունը:
Սահմանադրության 42-րդ հոդվածը, ամրագրելով կարծիքի արտահայտման ազատությունը, ի թիվս այլնի, երաշխավորում է նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը` այն դիտելով իբրև կարծիքի արտահայտման ազատության անքակտելի բաղադրատարր: Այս առումով Սահմանադրության 51-րդ հոդվածը, փոխլրացնելով Սահմանադրության 42-րդ հոդվածի իրավակարգավորումներն ամրագրում է տեղեկություններ ստանալու իրավունքը` երաշխավորելով յուրաքանչյուրի` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու և փաստաթղթերին ծանոթանալու սահմանադրաիրավական հնարավորությունը, ինչը ենթադրում է նաև պետության համարժեք պարտականություն` ապահովել և պաշտպանել խնդրո առարկա իրավունքի արդյունավետ իրացումը:
Սահմանադրության 51-րդ հոդվածի իրավակարգավորումից բխում է, որ տեղեկություններ ստանալու իրավունքն իրացվում է երկու ձևով` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալով ու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին փաստաթղթերին ծանոթանալով:
Սահմանադրական այսպիսի ձևակերպումը մի կողմից` նպատակ է հետապնդում որոշակիացնել այն հարցերի շրջանակը, որոնց վերաբերյալ անձն իրավունք ունի տեղեկություններ ստանալու պահանջ ներկայացնել, այսինքն` ունի կանխորոշող բնույթ, և դրանով պայմանավորված` սահմանադրական երաշխիք է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու (այդ թվում` փաստաթղթերին ծանոթանալու միջոցով) համար, իսկ մյուս կողմից` ունի նաև սահմանափակող բովանդակություն, որի շնորհիվ այդ իրավունքը կրողին հնարավորություն չի տալիս իրավունքի հասցեատիրոջից` հանրային իշխանությունից, պահանջել և ստանալ ցանկացած տեղեկություն:
Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում անդրադարձել է անձի տեղեկություններ ստանալու իրավունքին և նշել.
«Հանրային տեղեկատվության մատչելիությունը ժողովրդավարության և հանրության առջև պատասխանատու պետական կառավարման թափանցիկության էական նախապայմաններից է: Հասարակական կարծիքի միջոցով իրականացվող ժողովրդավարական վերահսկողությունը խթանում է պետական իշխանության գործողությունների թափանցիկությունը և նպաստում պետական մարմինների ու պաշտոնատար անձանց հաշվետու գործունեությանը:
Սահմանադրական այս իրավունքը, սակայն, բացարձակ իրավունք չէ և ենթակա է սահմանափակման ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածով սահմանված հիմքերով և կարգով: Այս սահմանադրական արժեքի հարաբերակցությունն այլ սահմանադրական արժեքների հետ, մասնավորապես, պետական անվտանգության հետ, որոշում է դրա հնարավոր սահմանափակումների բնույթը» (06.03.2012թ., ՍԴՈ-1010),
«(...) արտահայտվելու ազատությունը ոչ միայն մարդու իրավունքների ու ազատությունների, այլև հանրային շահերի համակարգում սկզբունքային կարևորության բաղադրիչ է, որի երաշխավորումը սահմանադրաիրավական և միջազգային իրավական պահանջ է» (26.12.2017թ., ՍԴՈ-1396):
Սահմանադրական դատարանն իր` 2016 թվականի փետրվարի 23-ի ՍԴՈ-1256 որոշման շրջանակներում անդրադարձել է նաև Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի` «Պետական մարմինների տրամադրության տակ գտնվող տեղեկատվության հասանելիության մասին» NR(81)19 հանձնարարականի պահանջներին:
Սահմանադրական դատարանն իր` 2016 թվականի փետրվարի 23-ի ՍԴՈ-1256 որոշմամբ արձանագրել է. «Ամփոփելով վերոհիշյալ պահանջները և համադրելով վեճի առարկա օրենքի իրավակարգավորումների հետ` ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից ու պաշտոնատար անձանցից տեղեկություններ ստանալու իրավունքը պետության համար ստեղծում է պոզիտիվ պարտականություններ ապահովելու համապատասխան իրավունքի պատշաճ և արդյունավետ իրականացումը»:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, անդրադառնալով տեղեկատվության ազատությանը, արձանագրել է, որ հանրությունն ունի ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվություն ստանալու իրավունք: Այս առնչությամբ դատարանի նախադեպային իրավունքը կապված է մամուլի ազատության հետ, որը հենց ծառայում է նման հարցերի վերաբերյալ տեղեկություններ և գաղափարներ հաղորդելուն (Tarsasag a Szabadsagjogokert v. Hungary, Application no. 37374/05, 14.04.2009, Final 14.07.2009):
Թեև այն չպետք է գերազանցի «ազգային անվտանգության շահերի» կամ «դատական իշխանության հեղինակությունը պահպանելու» համար նախատեսված սահմանները, այնուամենայնիվ, նրա պարտականությունն է հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ տեղեկատվություն և գաղափարներ հաղորդելը: Այդպիսի տեղեկատվություն և գաղափարներ հաղորդելու նպատակ ունի ոչ միայն մամուլը, այլև հանրությունն ունի դրանք ստանալու իրավունք: Հակառակ պարագայում` մամուլն անկարող կլինի իրականացնել իր «հանրային հսկիչի» կենսական դերը (Observer and Guardian v. The United Kingdom, Application no. 13585/88, 26.11.1991):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմիցս անդրադարձել է նաև մամուլի ազատությանը, մասնավորապես` ընդգծել է մամուլի էական դերը ժողովրդավարական հասարակության մեջ: Թեև մամուլը չպետք է անցնի որոշակի սահմանները, մասնավորապես` այլոց հեղինակության և իրավունքների պաշտպանության վերաբերյալ, այնուամենայնիվ, նրա պարտականությունն է իր պարտավորություններին և պատասխանատվությանը համապատասխան կերպով տրամադրել տեղեկատվություն և գաղափարներ հանրային հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերի վերաբերյալ: Մամուլի խնդիրն է նման տեղեկատվությունն ու գաղափարները տարածելը, իսկ հանրությունն ունի դրանք ստանալու իրավունք: Հակառակ դեպքում` մամուլը չէր կարողանա կատարել հասարակական վերահսկողության (public watchdog) իր կենսական դերը (Axel Springer AG v. Germany, Application no. 39954/08, 07.02.2012):
Այսպիսով, տեղեկություններ ստանալու իրավունքի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն երաշխիք է պետական մարմինների գործունեության թափանցիկության և հաշվետվողականության համար: Տեղեկություններ ստանալու իրավունքը սերտորեն կապված է կարծիքի արտահայտման ազատության հետ, քանի որ հասարակությունը նախ պետք է հնարավորություն ունենա ստանալ տեղեկություններ պետական մարմինների գործունեության վերաբերյալ, ապա վերլուծելով առկա տեղեկատվությունը և ձևավորելով որոշակի համոզմունք` արտահայտել իր կարծիքը: Վերոգրյալից բխում է, որ հանրության համար տեղեկությունը, որպես կանոն, պետք է մատչելի լինի, ինչի միջոցով էլ հնարավոր է արդյունավետ իրականացնել ժողովրդավարական պետություններին բնորոշ հասարակական վերահսկողությունը:
Միաժամանակ հարկ է նշել, որ սահմանադիրն ամրագրել է նաև այն իրավաչափ նպատակները, որոնց առկայության պարագայում խնդրո առարկա հիմնական իրավունքը/ազատությունը կարող է սահմանափակվել, այն է` կարծիքի արտահայտման ազատության պարագայում` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով (Սահմանադրության 42-րդ հոդվածի 3-րդ մաս), իսկ տեղեկություններ ստանալու իրավունքի համատեքստում` հանրային շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով (Սահմանադրության 51-րդ հոդվածի 2-րդ մաս):
4.2. Պետական գնումների ոլորտում թափանցիկությունը կենսական անհրաժեշտություն է յուրաքանչյուր ժողովրդավարական հասարակության համար: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետական գնումների ոլորտն ուղղակիորեն փոխկապակցված է պետական ֆինանսների կառավարման արդյունավետության հետ, պետության քաղաքականությունը պետք է միտված լինի ձևավորելու այնպիսի կառուցակարգեր, որոնց միջոցով կձևավորվի հաշվետվողականություն և հրապարակայնություն: Բացի դրանից, պետական գնումների վերաբերյալ օրենսդրության որակը կարևոր կանխարգելիչ նշանակություն ունի այդ ոլորտում հակակոռուպցիոն պայքարի տեսանկյունից: Ըստ այդմ` պետությունը պետք է հետևողականորեն, պարբերաբար հրապարակի գնումների ոլորտում ֆինանսական հաշվետվություններ, և հանրությունը պետք է իրական հասանելիություն ունենա դրանց, ինչն էլ թույլ կտա մի կողմից` զանգվածային լրատվության միջոցներին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին արդյունավետ իրականացնել իրենց վերահսկողությունը, մյուս կողմից` ձգտել բացառել կոռուպցիոն բնույթի գործարքների իրականացումը:
Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատված է «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման` «Գնումների գործընթացի կազմակերպման կարգ» վերտառությամբ N 1 հավելվածով:
Համաձայն նշված կարգի 4-րդ կետի` գնման գործընթացը մի քանի գործընթացների ամբողջությունն է, որն իր մեջ ներառում է գնումների պլանավորումը, գնման գործընթացի կազմակերպումը (ներառյալ գնման առարկայի բնութագրերի հաստատումը), պայմանագրի կնքումը, պայմանագրի կատարումը և կառավարումը:
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը սահմանում է բյուջետային համակարգի հիմքում դրվող սկզբունքները: Նույն հոդվածի 8-րդ մասն ամրագրում է հրապարակայնության սկզբունքը, ըստ որի` հաստատված բյուջեների և դրանց կատարման մասին հաշվետվությունները պարտադիր հրապարակվում են մամուլում և ապահովվում է բյուջեների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունը:
Անդրադառնալով խնդրո առարկա տեղեկատվության և պետական գաղտնիքի հարաբերակցությանը` հարկ է նշել հետևյալը.
Պետական գաղտնիքի հասկացությունը բացահայտված է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքով, որի 2-րդ հոդվածը պետական գաղտնիքը սահմանում է որպես Հայաստանի Հանրապետության ռազմական, արտաքին հարաբերությունների, տնտեսական, գիտատեխնիկական, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառների տեղեկություններ, որոնք պաշտպանվում են պետության կողմից, և որոնց տարածումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել Հայաստանի Հանրապետության անվտանգության համար:
Ըստ այդմ` պետությունը մի կողմից` պաշտպանում է յուրաքանչյուրի տեղեկություններ ստանալու իրավունքը, անհրաժեշտ կառուցակարգեր է նախատեսում տվյալ իրավունքի պատշաճ իրականացման համար, մյուս կողմից` տեղեկության այն մասը, որն իր բնույթով գաղտնի տեղեկություն է և որի բացահայտումը կամ կորուստը կարող է վնաս հասցնել հանրային շահերին կամ այլոց հիմնական իրավունքներին և ազատություններին, կարող է սահմանափակվել:
Այլ կերպ ասած` օրենսդիրը, նպատակ ունենալով պաշտպանել հանրային շահերը կամ այլոց հիմնական իրավունքները և ազատությունները, տեղեկության մի որոշակի մասին տվել է հատուկ իրավական պաշտպանություն և սահմանափակել դրա նկատմամբ հասարակության հասանելիությունը: Այդ տրամաբանությունն է ընկած նաև «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի հիմքում, որի 8-րդ հոդվածը սահմանում է տեղեկատվության ազատության սահմանափակումները, որտեղ սահմանափակումների շրջանակում, ի թիվս այլնի, նշված է նաև պետական գաղտնիք պարունակող տեղեկատվությունը:
«Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում ներառվում են ազգային անվտանգության ապահովման, «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պաշտոնատար անձանց արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման, ներառյալ` տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և նորոգման ոլորտում հատուկ տեխնիկական և ծրագրային, ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները և ծառայությունները:
Սահմանադրական դատարանը փաստում է, որ վիճարկվող դրույթում առկա է ոչ հստակ ձևակերպում, մասնավորապես` ի տարբերություն կեցության, սննդի և տրանսպորտային միջոցների` օգտագործվում է «արարողակարգային ծախսեր» ձևակերպումը, ինչի արդյունքում տպավորություն է ստեղծվում, որ գնման պլանում ներառվում են «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պաշտոնատար անձանց ոչ թե արարողակարգի, այլ արարողակարգային ծախսերի ապահովման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները և ծառայությունները:
«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված է, որ պետական պահպանություն տրամադրվում է`
1. Հանրապետության նախագահին,
2. վարչապետին,
3. Ազգային ժողովի նախագահին:
Վիճարկվող իրավակարգավորումների համատեքստում կարևոր է տարբերակել մի կողմից` հատուկ պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման համար ձեռնարկվող միջոցառումները (աշխատանքները, ապրանքները և ծառայությունները), որոնք իրենց բնույթով կարող են գաղտնիք լինել և հասանելի չլինել հասարակությանը, և մյուս կողմից` հատուկ պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման համար ձեռնարկվող միջոցառումների համար ընդհանուր ծախսերը, որոնք պետք է հանդիսանան հանրության համար հասանելի տեղեկատվություն:
Հաշվի առնելով վերոգրյալը` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը կազմելու, քննարկելու, հաստատելու, կատարելու, դրա նկատմամբ վերահսկողության հրապարակայնություն ապահովելու համար այն հրապարակվում է մամուլում և ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (բացառությամբ պետական գաղտնիք պարունակող հարցերի), իսկ քննարկումը լուսաբանվում է պետական լրատվության միջոցներով (բացառությամբ պետական գաղտնիք պարունակող հարցերի), որում ընդգրկված են նաև Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման, ներառյալ` տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և նորոգման ոլորտում հատուկ տեխնիկական և ծրագրային ապահովման համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ծախսերի ընդհանուր թիվը:
Ինչ վերաբերում է Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման, ներառյալ` տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և նորոգման ոլորտում հատուկ տեխնիկական և ծրագրային ապահովման համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ծախսերի բացվածքին, ապա դրանք, պայմանավորված իրենց բնույթով, այն է` պետական գաղտնիք լինելու հանգամանքով, չեն հրապարակվում, ուստի և հասանելի չեն հանրությանը:
4.3. Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման, ներառյալ` տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և նորոգման ոլորտում հատուկ տեխնիկական և ծրագրային ապահովման համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ծախսերի բացվածքի` պետական գաղտնիք լինելու և այդ հանգամանքով պայմանավորված` այդպիսի տեղեկության հրապարակման ոչ ենթակա լինելու սահմանադրականության հարցը ենթակա է բացահայտման և գնահատման իրավունքին միջամտության համաչափության շրջանակներում:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը և Սահմանադրական դատարանն իրենց նախադեպային իրավունքում զարգացրել և բազմիցս կիրառել են իրավունքին միջամտության իրավաչափության ստուգման եռատարր թեստը: Այն պահանջում է ցանկացած միջամտություն գնահատել հետևյալ չափանիշների համատեքստում.
1) նախատեսվա՞ծ է արդյոք միջամտությունն օրենքով,
2) հետապնդու՞մ է այն արդյոք իրավաչափ նպատակ,
3) ընտրված միջոցը բավարար և անհրա՞ժեշտ է արդյոք ժողովրդավարական հասարակությունում հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու համար:
Միջամտությունն օրենքով նախատեսված լինելու հանգամանքի գնահատման տեսանկյունից Սահմանադրական դատարանը փաստում է, որ խնդրո առարկա հիմնական իրավունքին միջամտությունը նախատեսվել է «Գնումների մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-21-Ն ՀՀ օրենքով, այսինքն` հիմնական իրավունքին միջամտությունը նախատեսված է օրենքով:
Անդրադառնալով իրավունքին միջամտության իրավաչափության ստուգման հաջորդ տարրի իրավաչափ նպատակի առկայության բացահայտմանը` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման, ներառյալ` տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և նորոգման ոլորտում հատուկ տեխնիկական և ծրագրային ապահովման համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ծախսերի բացվածքը պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում դասելու նպատակը բխում է նշված անձանց սահմանադրական բարձր կարգավիճակից և ուղղված է, ի թիվս այլնի, վերջիններիս կյանքի և առողջության պաշտպանության ապահովմանը: Այսինքն` հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց համար օրենքի ուժով պաշտպանության հատուկ ընթացակարգ նախատեսելը և վերջիններիս որոշակի երաշխիքներով օժտելը պայմանավորված է նրանց զբաղեցրած առանձնահատուկ կարգավիճակով, ուստի` նշյալ ծախսերի բացվածքի տարածումը կանխելը պետության համար ունի առաջնային նշանակություն:
Ավելին, «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության համաձայն` Հանրապետության նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահը` իրենց պաշտոնավարման ժամանակահատվածում, իրավունք չունեն հրաժարվելու պետական պահպանությունից: Այսինքն` նշված անձանց համար հատուկ պետական պաշտպանություն նախատեսելը ոչ միայն չի փոխպայմանավորվում վերջիններիս կամքով, այլև կամահայտնության բացակայությունն իրավական նշանակություն չունեցող հանգամանք է, և օրենքի ուժով նշված անձինք ենթակա են հատուկ պաշտպանության:
Հաշվի առնելով վերոշարադրյալը` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման, ներառյալ` տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և նորոգման ոլորտում հատուկ տեխնիկական և ծրագրային ապահովման համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ծախսերի բացվածքը պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում դասելու և դրանով պայմանավորված` տեղեկություններ փնտրելու, ստանալու և տարածելու ազատության և պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու իրավունքի սահմանափակման նպատակն իրավաչափ է և բխում է Սահմանադրության 42-րդ հոդվածով նախատեսված պետական անվտանգության և 51-րդ հոդվածով նախատեսված հանրային շահի պաշտպանության անհրաժեշտությունից:
Հիմնական իրավունքին միջամտության գնահատման հաջորդ տարրը ժողովրդավարական հասարակությունում հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու համար ընտրված միջոցի բավարարության և անհրաժեշտության գնահատումն է` համաչափության սահմանադրաիրավական սկզբունքի համատեքստում:
Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն` հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը:
Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման, ներառյալ` տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և նորոգման ոլորտում հատուկ տեխնիկական և ծրագրային ապահովման համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ծախսերի բացվածքը պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում դասելն օրենսդրի կողմից ընտրված պիտանի միջոց է, քանի որ այդ տեղեկությունը գաղտնիքի շարքին դասելով է որ հնարավոր է դառնում իրավաչափորեն չհրապարակել նշյալ տեղեկությունը` ապահովելով սահմանադրորեն արդարացված պետական անվտանգության և հանրային շահի պաշտպանությունը:
Միաժամանակ, օրենսդրի կողմից ընտրված միջոցը նաև անհրաժեշտ է, քանի որ առկա չէ որևէ այլ` սահմանադրորեն նախատեսված իրավաչափ նպատակներին հասնելու համար պիտանի միջոց, որը ևս օժտված կլինի ակնկալվող նպատակն իրացնելու կարողունակությամբ: Միայն նման այլ միջոցի առկայության դեպքում հնարավոր կլիներ գնահատման առարկա դարձնել այդ միջոցի և օրենսդրի կողմից ընտրված միջոցների արդյունավետությունը և Սահմանադրության 42-րդ հոդվածով նախատեսված ազատությունն ու 51-րդ հոդվածով նախատեսված իրավունքն առավել մեղմ սահմանափակելու հարցը: Հետևաբար` օրենսդրի կողմից ընտրված միջոցը պիտանի է և միակ պիտանի միջոցը լինելու հանգամանքով պայմանավորված` նաև անհրաժեշտ է սահմանադրորեն սահմանված նպատակներին հասնելու համար:
Ինչ վերաբերում է համաչափության սահմանադրական սկզբունքի համարժեքության տարրին, ապա այս առնչությամբ նախ` հարկ է նշել, որ Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման, ներառյալ` տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և նորոգման ոլորտում հատուկ տեխնիկական և ծրագրային ապահովման համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ընդհանուր ծախսերի թիվը բաց և հանրամատչելի տեղեկություն է, որն արտացոլված է յուրաքանչյուր տարվա բյուջեի մասին օրենքում (մասնավորապես` «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենք, N 1 հավելված, N 2 աղյուսակ):
Ընդ որում` Հանրապետության նախագահին, վարչապետին, Ազգային ժողովի նախագահին վիճարկվող դրույթով նախատեսված պաշտպանության նման բարձր մակարդակով օժտելը գերակա է տեղեկություններ փնտրելու, ստանալու և տարածելու ազատության ու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու իրավունքի նկատմամբ, հետևաբար` այդ հիմնական ազատությունն ու իրավունքը սահմանափակելու օրենսդրի մոտեցումն արդարացված է պետական անվտանգության (հանրային շահի) տեսանկյունից:
Բացի դրանից, սահմանափակման համարժեքության գնահատման տեսանկյունից կարևոր է նաև նկատի ունենալ, որ չնայած վիճարկվող դրույթով նախատեսված` տեղեկություններ փնտրելու, ստանալու և տարածելու ազատության ու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու իրավունքի սահմանափակմանը, պետական անվտանգության կամ հանրային շահի անվան ներքո Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման, ներառյալ` տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և նորոգման ոլորտում հատուկ տեխնիկական և ծրագրային ապահովման համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ծախսերի վերաբերյալ տեղեկատվությունն ամբողջապես փակ չէ, այլ գործում է միջնորդավորված հանրային վերահսկողության գործիքակազմը:
Այսպես, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի` «Պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը» վերտառությամբ 25-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության պետական և ծառայողական գաղտնիք պարունակող ծախսային հոդվածները, բացված տեսքով, օրենքով սահմանված դասակարգմամբ, ներկայացվում են Ազգային ժողով` առանձին փակ ծրարով:
Խնդրո առարկա հարցի շրջանակներում իր դերակատարությունն ունի նաև Հաշվեքննիչ պալատը, որի` որպես անկախ պետական մարմնի սահմանադրաիրավական գործառույթն է հանրային ֆինանսների և սեփականության ոլորտում հաշվեքննություն իրականացնելը պետական բյուջեի միջոցների օգտագործման օրինականության և արդյունավետության նկատմամբ:
«Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի կարգավորումներից բխում է, որ Հաշվեքննիչ պալատը պետական բյուջեի կատարման վերաբերյալ տալիս է եզրակացություն, որը կազմվում է հաշվետու տարվա պետական բյուջեի ֆինանսական և համապատասխանության հաշվեքննության միջոցով: Պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացությունը բաղկացած է լինում երկու մասից.
1. հայտնաբերված անհամապատասխանությունների, խեղաթյուրումների, ինչպես նաև առաջարկությունների վերաբերյալ տեղեկատվություն,
2. պետական բյուջեի կատարման վերաբերյալ կարծիք, որը, ըստ անհրաժեշտության, ներառում է`
ա. դրական եզրահանգում, եթե ստացվել է բավարար տեղեկատվություն հաշվեքննություն իրականացնելու համար, և էական խեղաթյուրումներ չեն հայտնաբերվել,
բ. ոչ լիարժեք եզրահանգում, եթե հայտնաբերվել են էական խեղաթյուրումներ, դրանց հետևանքները համատարած չեն, և հաշվետվություններն էականորեն խեղաթյուրված են, կամ հայտնաբերվել են էական խեղաթյուրումներ, դրանց հետևանքները համատարած չեն, և անհնար է ստանալ բավարար տեղեկատվություն հաշվեքննություն իրականացնելու համար,
գ. բացասական եզրահանգում, եթե հայտնաբերվել են էական խեղաթյուրումներ, դրանց հետևանքները համատարած են, և հաշվետվություններն էականորեն խեղաթյուրված են,
դ. հրաժարում եզրահանգում ներկայացնելուց, եթե հայտնաբերվել են էական խեղաթյուրումներ, դրանց հետևանքները համատարած են, և անհնար է ստանալ բավարար տեղեկատվություն հաշվեքննություն իրականացնելու համար:
Այսինքն` Ազգային ժողովին և Հաշվեքննիչ պալատին` որպես պետական բյուջեի կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական մարմինների, ողջ ծավալով հասանելի է Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման, ներառյալ` տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և նորոգման ոլորտում հատուկ տեխնիկական և ծրագրային ապահովման համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ծախսերի բացվածքը, ինչը հնարավորություն է տալիս այդ մասով ապահովել իշխանությունների հավասարակշռում, իսկ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների միջոցով` նաև պատշաճ և արդյունավետ միջնորդավորված հանրային վերահսկողություն:
Ելնելով վերոգրյալից` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վիճարկվող դրույթով ծախսերի բացվածքը պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում դասելը Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկություններ փնտրելու, ստանալու և տարածելու ազատության ու Սահմանադրության 51-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու իրավունքի համաչափ սահմանափակում է:
Ինչ վերաբերում է արդեն իսկ իրականացված ծախսերին, ապա հարկ է նշել, որ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասն ուղղակիորեն չի կարգավորում արդեն իսկ իրականացված, կատարված ծախսերի հրապարակման կամ չհրապարակման (այդ թվում` պետական գաղտնիք լինելու) հետ կապված հարաբերությունները: Վիճարկվող դրույթի նպատակն է պետական գաղտնիքի շարքին դասել և դրանով հրապարակման սահմանափակումներ նախատեսել այդ հոդվածով նշված պաշտոնատար անձանց արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման պլանում նախատեսելը և համապատասխան գործարքներն իրականացնելը:
Հաշվի առնելով վերոգրյալը` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ արդեն իսկ ավարտված գործարքներով գնումներին վերաբերող հարցերն ուղղակիորեն առնչություն չունեն վիճարկվող իրավակարգավորումների հետ:
Միաժամանակ, ժողովրդավարական պետություններին բնորոշ և արդյունավետ կառավարման բաղադրատարր հանդիսացող թափանցիկության և բաց կառավարման նպատակներից ելնելով` օրենսդրի խնդիրն է ապահովել այնպիսի քաղաքականություն, համաձայն որի` պետական մարմինները հնարավորինս մատչելի ձևով և համակարգված` ըստ ոլորտների (մասնավորապես` կեցության ծախսեր, արարողակարգային ծախսեր) հրապարակեն (հասանելի դարձնեն) Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման, ներառյալ` տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և նորոգման ոլորտում հատուկ տեխնիկական և ծրագրային ապահովման համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ծախսերի վերաբերյալ տեղեկությունները:
Նման մոտեցումը կբարձրացնի պետական մարմինների նկատմամբ հանրային վստահությունը և կվերահաստատի պետության վճռականությունը բաց կառավարմամբ կոռուպցիոն ենթադրյալ դրսևորումների վերաբերյալ հանրության մտայնությունը հաղթահարելու հարցում:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետը, 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 170-րդ հոդվածը, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 68-րդ հոդվածները` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը:
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՆԱԽԱԳԱՀՈՂ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
27 սեպտեմբերի 2022 թվականի
ՍԴՈ-1661
Հրապարակվել է ՍԴ պաշտոնական կայքէջում (concourt.am)` 30 սեպտեմբերի
2022 թվական: