ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 հոկտեմբերի 2022 թվականի N 1603-Ա
ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 609-րդ, 610-րդ և 611-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 914-Ն որոշման 3-րդ կետի և 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածի 1-ին կետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված` քաղաք Երևան, Կենտրոն համայնք, Հանրապետության փողոց 47 շենք հասցեում գտնվող` 843,83 քառ. մետր մակերեսով վարչական շենքը (այսուհետ` անշարժ գույք) ուղղակի ձևով 10 տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը (այսուհետ` կուսակցություն) (գրանցման համարը` 211.172.871878, գտնվելու վայրը` Գ. Նժդեհի /Շ/29/բն. 15 Շենգավիթ 0026 Երևան Հայաստան)` իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման համար:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում կուսակցության հետ կնքել սույն որոշման առաջին կետում նշված անշարժ գույքի վարձակալության պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` դրանում նախատեսելով, որ`
1) վարձակալության տրամադրվող տարածքի ամսական վարձավճարը սահմանվում է 3 995 000 դրամ` համաձայն «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2021 թվականի հոկտեմբերի 13-ի դրությամբ իրականացված ամսական վարձավճարի շուկայական արժեքի գնահատման հաշվետվության.
2) կուսակցությունը պարտավոր է պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո 10 տարվա ընթացքում կատարել 95 000 000 դրամի ներդրումներ` համաձայն իր կողմից ներկայացված ծրագրի.
3) կուսակցությունը պարտավոր է իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե` յուրաքանչյուր հաշվետու տարվա ավարտից հետո 15-օրյա ժամկետում.
4) սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված ներդրումային պարտավորությունները չկատարելու կամ մինչև 50% կատարելու դեպքում կուսակցությունը 3 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված, բայց չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք` չկատարված ներդրումների գումարի 20%-ի չափով.
5) սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված ներդրումները 50 կամ ավելի տոկոսով կատարելու, սակայն ամբողջությամբ չկատարելու դեպքում կուսակցությունը 2 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված և չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք` չկատարված ներդրումների գումարի 15%-ի չափով.
6) կուսակցության կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում սույն որոշման հիման վրա կնքված պայմանագիրը ենթակա է լուծման.
7) վարձակալության հանձնված տարածքի վարձակալական վճարներից ստացված դրամական միջոցներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.
8) սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված ինչպես անբաժանելի, այնպես էլ բաժանելի բարելավումները վերադարձման ենթակա չեն.
9) պայմանագրի նոտարական վավերացման և դրանից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման կուսակցության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. Մաթևոսյան
2022 թ. հոկտեմբերի
Երևան