Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՏԱՎՈՐ Ս...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 մայիսի 2022 թվականի N 774-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ԲՈՂՈՔՆԵՐԻ, ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ԿԱԶՄՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԳՅՈՒՏԵՐԻ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ, ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ, ԳՅՈՒՏԻ ՀԱՅՏԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ՀԱՅՏԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳՐՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ, ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ, ԳՅՈՒՏԵՐԻ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԴՐԱՆՑՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԵՐԸ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ՔԱՂՎԱԾՔԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԵՋ ՆՇՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԳՅՈՒՏԻ ԿԱՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՖՐԱՆՉԱՅԶԻՆԳԸ), ԴՐԱՆՑ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ, ԳՅՈՒՏԻ ԿԱՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ԱՐՏՈՆԱԳՐԱՏԻՐՈՋ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

12. ԳՅՈՒՏԻ ՀԱՎԱԿՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

 

186. Համաձայն օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասի, գյուտի հավակնության սահմանումը տեխնիկական հատկանիշների համախմբության միջոցով որոշում է գյուտի առարկան, որի համար խնդրարկվում է իրավական պահպանություն:

187. Հավակնության սահմանումը պետք է արտահայտի գյուտի էությունը, այսինքն` ներառի դրա էական հատկանիշների համախմբությունը, որը բավարար է հայտատուի կողմից նշված տեխնիկական արդյունքին հասնելու համար:

188. Հավակնության սահմանումը, որը ներկայացվում է մեկ կամ ավելի կետերով, պետք է լինի պարզ, հստակ և ամբողջապես հիմնված նկարագրության վրա:

189. Հավակնության սահմանումը պետք է բնութագրի գյուտը նկարագրության մեջ պարունակվող հատկանիշների և հասկացությունների միջոցով:

190. Հավակնության սահմանումը չպետք է պարունակի առևտրային, գովազդային և նմանատիպ այլ բնույթ ունեցող արտահայտություններ:

191. Հավակնության սահմանման հատկանիշի բնութագրումը չի կարող փոխարինվել` հղում կատարելով տեղեկատվության աղբյուրին, որում այդ հատկանիշը բացահայտված է:

192. Հավակնության սահմանումը համարվում է նկարագրության շրջանակներից դուրս եկող, եթե, մասնավորապես`

1) նկարագրության մեջ բացակայում են հավակնության սահմանման մեջ ներառված հատկանիշները և հասկացությունները, սակայն մասնագետի համար չեն կարող ակնհայտ ձևով ստացվել նկարագրության մեջ առկա տեղեկատվությունից.

2) հավակնության սահմանման և նկարագրության բովանդակությունն անհամատեղելի են:

193. Հավակնության սահմանման մեջ ներառված գյուտի հատկանիշներն արտահայտվում են այնպես, որ հիմնվելով տեխնիկայի մակարդակի վրա, մասնագետը հասկանա դրանց իմաստային բովանդակությունը:

194. Գյուտի տեխնիկական հատկանիշները արտահայտվում են համընդհանուր ընդունված տեխնիկական տերմիններով և հասկացություններով: Որպես տեխնիկական հատկանիշներ պայմանական նշանների, օրինակ` արտադրանքի կամ նյութի պայմանական անվանումների, օգտագործումը, թույլատրվում է միայն այն դեպքերում, երբ այդ հատկանիշների այդպիսի արտահայտումը հանրաճանաչ է և ունի ճշգրիտ նշանակություն, իսկ այլ ձևով դրանց արտահայտելը դժվար է:

195. Հավակնության սահմանումը չպետք է պարունակի հատկանիշներ, որոնց նշանակությունը նկարագրության մեջ բացահայտված չէ և տեխնիկական արդյունքին հասնելու համար դրանց անհրաժեշտությունը սահմանված չէ:

196. Գյուտի հավակնության սահմանումը չպետք է պարունակի գյուտի տեխնիկական հատկանիշների հետ կապված գյուտի նկարագրության կամ գծագրերի վրա հղումներ, բացառությամբ այն դեպքերի, երբ դա բացարձակապես անհրաժեշտ է գյուտի էությունը հասկանալու համար: Մասնավորապես, եթե գյուտը բնութագրելու համար օգտագործվում են նուկլեոտիդների և(կամ) ամինաթթուների հաջորդականություններ, ապա հավակնության սահմանման մեջ թույլատրվում է հղում կատարել հաջորդականությունների ցանկում դրանց համարին` «ՍԵՔ ԻԴ ՆՈ`» («SEQ ID NO:») տեսքով կամ համապատասխան գրաֆիկական նյութի վրա:

197. Եթե գյուտի հայտը ներառում է գծագրեր, ապա հավակնության սահմանման մեջ հիշատակված տեխնիկական հատկանիշներն կարող են ուղեկցվեն հղումային նշումներով: Հղումային նշումները (գծագրի տարրերի համարները), դրանց օգտագործման դեպքում, պետք է նշել տարրից հետո` փակագծերում: Եթե հղումային նշումները չեն նպաստում հավակնության սահմանման ավելի արագ հասկացմանը, ապա դրանք կարող են չկատարվել:

198. Գյուտի հատկանիշը կարելի է բնութագրել ընդհանրացված հասկացությամբ (որն արտահայտում է ֆունկցիան, հատկությունը և այլն), որն ընդգրկում է դրա իրականացման տարբեր մասնավոր ձևերը, եթե նկարագրության մեջ բերվում են տեղեկություններ, որոնք հաստատում են, որ հատկապես ընդհանուր հասկացության մեջ ներառվող բնութագրերն ապահովում են այլ հատկանիշների համախմբությամբ հայտատուի կողմից նշված տեխնիկական արդյունքին հասնելը:

199. Եթե գյուտը նախատեսում է դրա իրականացման ժամանակ փոխադարձ փոխարինելի միջոցների կիրառման հնարավորություն, ապա դրանք կարող են հավակնության սահմանման մեջ արտահայտվել իրենց ընդհանրացնող սեռային հասկացությամբ կամ ներկայացվել որպես այլընտրանքային հատկանիշներ:

200. Որպես այլընտրանքային հատկանիշներ պետք է հասկանալ գյուտի հատկանիշները (հատկանիշների խմբերը), որոնք ապահովում են գյուտի օբյեկտում միևնույն ֆունկցիայի (գործունեության մեկ տեսակի) իրականացումը, առանց ազդելու, երբ դրանք փոխադարձ փոխարինվում են, գյուտի այլ հատկանիշների և ձեռք բերվող տեխնիկական արդյունքի վրա:

201. Հավակնության սահմանման մեջ գծագրեր չեն բերվում:

202. Հավակնության սահմանման կետերի քանակը պետք է լինի ողջամիտ` կախված հայտարկված գյուտի բնույթից:

203. Եթե առկա է հավակնության սահմանման մի քանի կետ, ապա դրանք հաջորդաբար համարակալվում են արաբական թվանշաններով:

204. Հավակնության սահմանման կետը ներառում է գյուտի տեխնիկական հատկանիշներ, այդ թվում` գյուտի նշանակությունն արտահայտող սեռային հասկացությունը (գյուտի անվանումը), որոնք պետք է արտահայտվեն այնպես, որպեսզի հնարավոր լինի դրանց նույնականացումը:

205. Հավակնության սահմանման յուրաքանչյուր կետում էական հատկանիշների համախմբությունը պետք է լինի բավարար գյուտի նկարագրության մեջ նշված տեխնիկական արդյունքին հասնելու համար` նշված նշանակությամբ գյուտն իրագործելիս:

206. Գյուտի նշանակությունն արտահայտող սեռային հասկացությունը կարող է չներառվել նոր քիմիական միացություն բնութագրող հավակնության սահմանման մեջ:

207. Գյուտի հավակնության սահմանման մեջ չի կարող ներառվել կետ, որը բնութագրում է ոչ արտոնագրաունակ արտադրանք` դրա ստացման եղանակի միջոցով:

208. Գյուտի հավակնության սահմանման յուրաքանչյուր կետ (անկախ կամ կախյալ) շարադրվում է մեկ նախադասությամբ:

209. Հավակնության սահմանման անկախ կետը շարադրվում է`

1) կամ երկու մասի տեսքով, որոնցից առաջինը ներառում է գյուտի տեխնիկական հատկանիշները, որոնք իրենց համախմբությամբ հանդիսանում են տեխնիկայի նախորդող մակարդակի մաս (սահմանափակիչ մաս), իսկ երկրորդ` տարբերիչ մասը, սկսվում է «տարբերվում է նրանով, որ» բառակապակցությամբ, և ներառում է տեխնիկական հատկանիշներ, որոնց համար` առաջին մասի հատկանիշների հետ միասին, խնդրարկվում է իրավական պահպանություն.

2) կամ առանց տեխնիկական հատկանիշների համախմբության նշված մասերի բաժանման:

210. Գյուտի հավակնության սահմանումը, որը վերաբերում է որևէ օբյեկտի կիրառմանը, պետք է ներառի այդ օբյեկտի բնութագիրը (մասնավորապես` տեխնիկական հատկանիշները), որը բավարար է դրա նույնականացման համար, սեռային հասկացությունը, որն արտահայտում է օբյեկտի նոր (որոշակի) նշանակությունը, ինչպես նաև ցուցում այն մասին, որ գյուտի էությունը կայանում է նշված օբյեկտի կիրառման մեջ:

 

13. ԳՅՈՒՏԻ ՀԱՎԱԿՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

211. Հավակնության սահմանումը կարող է բնութագրել մեկ կամ մի քանի գյուտ, որոնք վերաբերում են մեկ կամ տարբեր տեսակի օբյեկտներին (սարք, նյութ, կենսատեխնոլոգիական արգասիք, եղանակ, այդ թվում` սարքի, նյութի, կենսատեխնոլոգիական արգասիքի կամ եղանակի կիրառում որոշակի նշանակությամբ):

212. Հավակնության սահմանումը կարող է լինել միօղակ կամ բազմօղակ:

213. Միօղակ հավակնության սահմանումը կիրառվում է տեխնիկական հատկանիշների համախմբությամբ մեկ գյուտի բնութագրման համար, որն իր կատարման կամ օգտագործման մասնավոր դեպքերում չունի այդ համախմբության զարգացում կամ ճշգրտում:

214. Բազմօղակ հավակնության սահմանումը կիրառվում է մեկ գյուտի բնութագրման համար` զարգացնելով և(կամ) ճշգրտելով դրա տեխնիկական հատկանիշների համախմբությունը գյուտի իրագործման կամ օգտագործման մասնավոր դեպքերի համար:

215. Բազմօղակ հավակնության սահմանումը կիրառվում է նաև գյուտերի խմբի բնութագրման համար:

216. Բազմօղակ հավակնության սահմանման կետերը համարակալվում են արաբական թվանշաններով` հաջորդաբար, սկսած 1-ից, ըստ դրանց շարադրության:

217. Մեկ գյուտ բնութագրող բազմօղակ հավակնության սահմանումն ունի մեկ անկախ կետ և դրան հաջորդող կախյալ կետ (կետեր):

218. Կախյալ կետերը պարունակում են անկախ կետի բոլոր հատկանիշները, որոնց հետ կապված են, ինչպես նաև այդ հատկանիշները զարգացնող և(կամ) ճշգրտող հատկանիշներ:

219. Կախյալ կետում բերվում են հավակնության սահմանման այն կետերում ներառված զարգացման և(կամ) ճշգրտման ենթակա հատկանիշները, որոնց ենթակա է տվյալ կախյալ կետը: Բոլոր այլ հատկանիշները, որոնք ներառված են հավակնության սահմանման այն կետերում, որոնց ենթակա է տվյալ կախյալ կետը, դրանում կարող են չնշվել:

220. Հավակնության սահմանման կախյալ կետը կարող է առնչվել անկախ կետի հետ ուղղակիորեն կան անուղղակի` այլ կախյալ կետերի միջոցով:

221. Հավակնության սահմանման կախյալ կետը չի կարող շարադրվել այնպես, որ բացառվի կամ փոխարինվի որևէ հատկանիշ, որը բերված է հավակնության սահմանման անկախ կետում:

222. Գյուտերի խումբ բնութագրող բազմօղակ հավակնության սահմանումն ունի մի քանի անկախ կետ, որոնցից յուրաքանչյուրը բնութագրում է խմբի գյուտերից մեկը:

223. Գյուտերի խմբում ներառված գյուտերը կարող են վերաբերվել նույն կամ տարբեր տեսակի օբյեկտներին:

224. Խմբի յուրաքանչյուր գյուտը կարող է բնութագրվել կախյալ կետերի օգտագործմամբ, որոնք ենթակա են միևնույն տեսակի օբյեկտներին վերաբերող մեկ կամ մի քանի անկախ և(կամ) կախյալ կետերին:

225. Բազմօղակ հավակնության սահմանումը կարող է բնութագրել գյուտերի խումբ, որն իրենից ներկայացնում է գյուտի տարբերակներ, այսինքն` գյուտի մի տեսակի օբյեկտներ, որոնք ունեն նմանատիպ տեխնիկական էություն, միևնույն նշանակություն և ապահովում են միևնույն տեխնիկական արդյունքի ստացումը սկզբունքորեն նմանատիպ ձևով:

226. Գյուտերի խմբում ներառված մի տեսակի օբյեկտները կարող են միմյանց հարաբերակցվել որպես «մաս» և «ամբողջություն»:

 

14. ԳՅՈՒՏԻ ՀԱՎԱԿՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

227. Գյուտի հավակնության սահմանումը կարող է բաղկացած լինել սահմանափակիչ մասից, որը ներառում է գյուտի օբյեկտի անվանումը (այն, որպես կանոն, իր նշանակությունն արտահայտող սեռային հասկացությունն է), և այդ օբյեկտի հատկանիշները, որոնք անհրաժեշտ են դրա սահմանման համար (համընկնում են գյուտի ամենամոտ նմանակի հատկանիշների հետ), և տարբերիչ մասից, որը ներառում է հատկանիշներ, որոնք տարբերում են գյուտն ամենամոտ նմանակից:

228. Գյուտի հավակնության սահմանման անկախ կետը պետք է ներառի գյուտի հատկանիշները, որոնք բնութագրում են դրա էությունը և անհրաժեշտ են գյուտը հասկանալու համար:

229. Գյուտի հավակնության սահմանման անկախ կետի հատկանիշները պետք է արտահայտվեն այնպես, որ դրանց համախմբությունը որոշի գյուտին տրամադրվող իրավական պաշտպանության ծավալը:

230. Գյուտի հավակնության սահմանման սահմանափակիչ մասը շարադրելուց հետո սովորաբար գրվում է «տարբերվում է նրանով, որ» բաժանիչ բառակապակցությունը, որից անմիջապես հետո շարադրվում են տարբերիչ մասի հատկանիշները:

231. Գյուտի հավակնության սահմանման կետի սահմանափակիչ մասը թույլատրվում է շարադրել առանց այն օբյեկտի բոլոր հատկանիշների թվարկման, որին այն վերաբերում է, եթե գյուտի նշանակությունն արտահայտող սեռային հասկացությունից ակնհայտ է օբյեկտի այդ հատկանիշների առկայությունը, իսկ գյուտի էությունը կայանում է հավակնության սահմանման սահմանափակիչ մասում բերված օբյեկտի առանձին հատկանիշների զարգացման, ճշգրտման և հստակեցման մեջ:

232. Այս դեպքում, հավակնության սահմանման կետը շարադրելիս գյուտի նշանակությունն արտահայտող սեռային հասկացությունից հետո գրվում է «բնութագրվում է», «ունի», «ներառում է» կամ այլ բառ, որոնցից հետո բերվում է գյուտը բնութագրող մնացած հատկանիշների համախմբությունը:

233. Գյուտի բնույթը կարող է լինել այնպիսին, որ գերադասելի է օգտագործել առանց սահմանափակիչ և տարբերիչ մասերի բաժանման կազմված հավակնության սահմանում: Մասնավորապես, դա վերաբերում է առաջարկություններին, որոնք բնութագրվում են.

1) նույն կարգի հայտնի տարրերի (մեքենաների, հանգույցների, ագրեգատների) համադրությամբ, այսինքն. գյուտարարական քայլը կայանում է այդ տարրերի միջև կապերի մեջ.

2) որևէ տարրի (հատկանիշի) բացառման կամ մեկ նյութը մյուսով փոխարինելու մեջ:

234. Ֆունկցիոնալ փոխկապակցված մասերի բարդ համակարգը նույնպես կարող է նկարագրվել առանց սահմանափակիչ և տարբերիչ մասերի բաժանման կազմված հավակնության սահմանմամբ` գյուտի արդեն նկարագրված հատկանիշների անհարկի կրկնությունը բացառելու նպատակով:

235. Գյուտի հավակնության սահմանումը կազմվում է առանց սահմանափակիչ և տարբերիչ մասերի բաժանման, եթե այն նաև, մասնավորապես, բնութագրում է`

1) անհատական քիմիական միացություն և դրա ստացման եղանակ.

2) պարզված կառուցվածքով կենսատեխնոլոգիական արգասիք.

3) սարքի, նյութի, կենսատեխնոլոգիական արգասիքի, եղանակի կիրառում.

4) նմանակներ չունեցող գյուտ (պիոներական գյուտ):

236. Եթե գյուտի էությունը կայանում է հայտնի սարքի, նյութի, կենսատեխնոլոգիական արգասիքի կամ եղանակի կիրառման մեջ նախկինում անհայտ նշանակությամբ, ապա հավակնության սահմանման մեջ ներառվում են հայտնի սարքի, նյութի, կենսատեխնոլոգիական արգասիքի կամ եղանակի նույնականացման համար անհրաժեշտ հատկանիշները, ինչպես նաև նշում այն մասին, որ գյուտը կայանում է հայտնի սարքի, նյութի, կենսատեխնոլոգիական արգասիքի կամ եղանակի նոր (առաջին, եթե գյուտի կիրառման ոլորտը հայտնի չէր) նշանակությամբ օգտագործման մեջ:

237. Գյուտի հավակնության սահմանման անկախ կետը պետք է վերաբերի միայն մեկ գյուտի:

238. Նշված պահանջը չի համարվում պահպանված, մասնավորապես, եթե գյուտի հավակնության սահմանման անկախ կետը ներառում է`

1) որպես այլընտրանքային ներկայացված հատկանիշներ, որոնք իրականում այդպիսին չեն.

2) հատկանիշ, որն արտահայտված է այնպես, որ ընդունվում է դրա բացակայության հնարավորությունը գյուտը բնութագրող հատկանիշների համախմբության մեջ: Այս պահանջը չի վերաբերում այն դեպքերին, երբ համախմբության հատկանիշի բացակայությունն այլընտրանքի արտահայտման ձևն է: Օրինակ, եթե նյութի բաղադրիչներից մեկի քանակն արտահայտված է 0-n %-ով և այդ միջակայքում ապահովվում է նշված տեխնիկական արդյունքը, ապա այդպիսի գրառումը չի կարող վկայել գյուտի միասնության պահանջի խախտման մասին.

3) տարբեր տեսակի օբյեկտներին վերաբերող գյուտերի բնութագիր.

4) գյուտի տարբերակներ.

5) միջոցների համախմբություն, որոնցից յուրաքանչյուրն ունի իր նշանակությունը` առանց այդ համախմբությամբ ընդհանուր նշանակության իրագործման:

239. Գյուտի հավակնության սահմանման մեկ անկախ կետում տարբեր նշանակության միջոցներ հանդիսացող հատկանիշների համախմբումը թույլատրվում է միայն հետևյալ պայմանների պահպանման դեպքում`

1) այդ միջոցներից յուրաքանչյուրը կառուցվածքորեն և(կամ) ֆունկցիոնալ կապված է, առնվազն, մեկ այլ միջոցի հետ, որի բնութագիրը բերված է այդ կետում.

2) այդ միջոցներից յուրաքանչյուրն ազդում է բոլոր միջոցների օգտագործումից ստացվող ընդհանուր տեխնիկական արդյունքին հասնելու վրա, որն իրենից պետք է ներկայացնի այդ համատեղ օգտագործմամբ ապահովվող ամբողջական տեխնիկական արդյունքը:

240. Չի թույլատրվում մեկ կամ մի քանի անկախ կետերում շարադրել տարբեր նշանակության միջոցներ (օրինակ` պտուտակիչ և դուր), որոնք միմյանց չեն հարաբերակցվում որպես «մաս» և «ամբողջություն», եթե տվյալ օբյեկտի ամբողջությամբ օգտագործման արդյունքում ստացվող տեխնիկական արդյունքն իրենից ներկայացնում է միայն արդյունք, որը ստացվում է այդ միջոցներից մեկի կամ մի քանիսի (բայց ոչ բոլորի) օգտագործմամբ, կամ հավասար է այդ միջոցներից յուրաքանչյուրի առանձին օգտագործման արդյունքների պարզ գումարին:

241. Թույլատրվում է հավակնության սահմանման մեկ անկախ կետում բնութագրել տարբերակներ հանդիսացող մի քանի գյուտեր, եթե դրանք տարբերվում են միայն այնպիսի հատկանիշներով, որոնք արտահայտված են այլընտրանքի ձևով:

242. Եթե խմբի գյուտերից մեկը նախատեսվում է մյուսի ստացման (պատրաստման) կամ մյուսի իրագործման (մյուսում օգտագործման) համար, ապա հավակնության սահմանման համապատասխան կետում հղում է կատարվում այն կետին, որում բնութագրված է մյուս գյուտը:

243. Մասնավորապես, եթե հավակնության սահմանումը վերաբերում է, օրինակ` եղանակին և եղանակի իրականացման սարքին, ապա սարքի բնութագիրը պարունակող հավակնության սահմանման կետը պետք է պարունակի հղում այն կետին, որը պարունակում է այդ սարքի միջոցով իրականացվող եղանակի բնութագիրը: Այսպիսով, եթե սարքը նկարագրված է հավակնության սահմանման երկրորդ կետում, ապա այդ կետը պետք է սկսվի հետևյալ բառերով. «Սարք` 1-ին կետով եղանակի իրականացման համար ... «:

244. Նմանապես, կազմվում են գյուտերի այլ խմբեր նկարագրող հավակնության սահմանումը, ինչպիսիք են, օրինակ` նյութ և այդ նյութի օգտագործմամբ եղանակ և գյուտերի նմանատիպ այլ խմբեր:

245. Գյուտի հավակնության սահմանման կախյալ կետը ներառում է գյուտի անկախ և(կամ) կախյալ կետում բերված հատկանիշների համախմբության զարգացումը և(կամ) ճշգրտումը այն հատկանիշներով, որոնք գյուտը բնութագրում են միայն դրա կատարման կամ օգտագործման մասնավոր դեպքերում:

246. Հայտի մեջ կարող է ներառվել հավակնության սահմանման կախյալ կետերի ողջամիտ թվաքանակ, որոնք բացահայտում են հավակնության սահմանման անկախ կետում հայտարկված գյուտի առանձնահատուկ հատկանիշները:

247. Կախյալ կետի շարադրությունն սկսվում է սեռային հասկացության նշումից, որը, որպես կանոն, բերվում է հակիրճ ձևով անկախ կետի համեմատությամբ, և այն անկախ և (կամ) կախյալ կետի հղումից, որին վերաբերում է տվյալ կախյալ կետը, որից հետո բերվում են գյուտի պատրաստման կամ օգտագործման մասնավոր դեպքերը բնութագրող հատկանիշները:

248. Հավակնության սահմանման կախյալ կետում գյուտի նշանակությունն արտահայտող սեռային հասկացությունը ներկայացնող հատկանիշի զարգացումը և(կամ) ճշգրտումը կարող է իրականացվել միայն գյուտի հավակնության սահմանման անկախ կետում առկա նշանակության հստակեցմամբ կամ ճշգրտմամբ:

249. Կախյալ կետերում կարող է չօգտագործվել հավակնության սահմանման անկախ կետում օգտագործվող` «տարբերվում է նրանով, որ» բաժանիչ բառակապակցությունը:

250. Եթե օգտագործվում է սահմանափակիչ և տարբերիչ մասերից կազմված հավակնության սահմանում, ապա կախյալ կետը կարող է վերաբերել հավակնության սահմանման ինչպես տարբերիչ, այնպես էլ սահմանափակիչ մասերի հատկանիշներին:

251. Եթե գյուտի պատրաստման կամ օգտագործման մասնավոր դեպքում այն բնութագրելու համար կախյալ կետի հատկանիշների հետ մեկտեղ անհրաժեշտ են միայն անկախ կետի հատկանիշները, ապա կիրառվում է այդ կախյալ կետի ենթակայությունն անմիջականորեն անկախ կետին: Եթե նշված բնութագրման համար անհրաժեշտ են նաև հավակնության սահմանման մեկ կամ մի քանի այլ կախյալ կետերի հատկանիշները, օգտագործվում է տվյալ կախյալ կետի ենթակայությունն անկախ կետին համապատասխան կախյալ կետի միջոցով: Ընդ որում, տվյալ կախյալ կետում կատարվում է հղում միայն այն կախյալ կետին, որին նա ենթակա է անմիջականորեն:

252. Հավակնության սահմանման մի քանի կետերին կախյալ կետի անմիջական ենթակայությունը (բազմակի ենթակայություն) արտահայտելու համար դրանց հղումը բերվում է միայն այլընտրանքի տեսքով: Բազմակի ենթակայությամբ հավակնության սահմանման կետը չի կարող հիմք հանդիսանալ բազմակի ենթակայությամբ հավակնության սահմանման այլ կետերի համար:

253. Կախյալ կետերը կարող են նաև ունենալ բազմակի ենթակայություն հավակնության սահմանման մի քանի անկախ և (կամ) կախյալ կետերից, որոնք բնութագրում են միևնույն տեսակի օբյեկտ:

254. Չի կարելի հավակնության սահմանման կախյալ կետը շարադրել այնպես, որ փոխարինվեն կամ բացառվեն գյուտի հատկանիշները, որոնք բերված են հավակնության սահմանման այն կետում, որին ենթակա է տվյալ կախյալ կետը:

255. Եթե գյուտի հավակնության սահմանման կախյալ կետը ձևակերպված է այնպես, որ կատարվում է անկախ կետի հատկանիշների բացառում կամ փոխարինում, ապա ընդունելի չէ, որ տվյալ կախյալ կետը այն անկախ կետի հետ, որին ենթակա է, համատեղ բնութագրեն մեկ գյուտ:

 

15. ԳՅՈՒՏԻ ՏԱՐԲԵՐ ՕԲՅԵԿՏՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՎԱԿՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

256. Սարքի հատկանիշները հավակնության սահմանման մեջ շարադրվում են այնպես, որ սարքը բնութագրվի ստատիկ վիճակում: Սարքի կառուցվածքային տարրի կատարումը (իրագործումը, իրականացումը) բնութագրելիս կարող է նշվել դրա շարժունակության, որոշակի գործառույթի իրականացման հնարավորությունը (օրինակ` պտտման հնարավորությամբ, սևեռման հնարավորությամբ) և այլն:

257. Սարքի կառուցվածքային տարրի կատարումը (իրագործումը, իրականացումը) բնութագրելիս կարող են օգտագործվել նաև այնպիսի արտահայտություններ, որոնք պարզաբանում են նշանակությունը կամ գործառույթը, այս կամ այն հանգույցի կամ մեխանիզմի գործողության սկզբունքը, հատկապես երբ այն նպաստում է գյուտն առավել ամբողջական հասկանալուն (օրինակ` «...օգտագործված է X տարրը, որն ապահովում է...»):

258. Պարտադիր չէ, որ սարքի հատկանիշները ներկայացվեն որպես կոնկրետ նյութական միջոցներ: Այդ հատկանիշները կարող են ներկայացվել դրանց ֆունկցիոնալ հատկությունների միջոցով, պայմանով, որ մասնագետի մոտ կասկած չհարուցի հայտնի նյութական միջոցներով այդ գործառույթներն իրագործելու հնարավորությունը: Օրինակ` «Սարքն ունի X հանգույցի սառեցման օդափոխիչ»-ի փոխարեն կարելի է նշել. «Սարքն ունի X հանգույցի սառեցման միջոց», հատկապես, եթե դա չի փոխում գյուտի էությունը:

259. Եթե հայտնի սարքում հայտարկվում է որևէ հանգույցի կատարելագործման լուծում, ապա գյուտի հավակնության սահմանման սահմանափակիչ մասում պարտադիր չէ թվարկել դրա բոլոր էական հատկանիշները, որոնք այդ առարկայի անբաժանելի ու հիմնական մասն են կազմում: Օրինակ` եթե նկարագրվում է հեծանիվ, պարտադիր չէ նշել, որ այն ունի անիվներ:

260. Եթե գյուտի հավակնության սահմանումը բնութագրվում է այլընտրանքային միջոցների կիրառմամբ, որոնց սեռային պատկանելության որոշումը դժվար է, ապա այդ հասկացությունները ներկայացվում են` թվարկելով դրանք «կամ» շաղկապի միջոցով:

261. Եղանակին վերաբերող հավակնության սահմանումը ներառում է հատկանիշներ, որոնք վերաբերում են գործողության կամ գործողությունների համախմբության առկայությանը, գործողությունների իրագործման հերթականությանը (հաջորդաբար, միաժամանակ, տարբեր զուգակցությամբ և այլն) և գործողությունների իրագործման պայմանների, ռեժիմների, նյութերի (սկզբնական հումքի, օգտագործված գործիքների, ազդանյութերի, կատալիզորդների և այլն), սարքերի (հարմարանքների, գործիքների, սարքավորումների և այլն), մանրէների շտամների, բույսերի և կենդանիների բջիջների գծերի օգտագործմանը:

262. Գործողությունը որպես եղանակի հատկանիշ բնութագրելիս բայերը օգտագործվում են ներգործական սեռով, սահմանական եղանակով, երրորդ դեմքով, հոգնակի թվով (օրինակ` տաքացնում են, խոնավացնում են, սառեցնում են և այլն):

263. Եթե եղանակը բնութագրվում է այլընտրանքային միջոցների կիրառմամբ, որի սեռային բնորոշումը դժվար է, օրինակ, եթե խոսքը վերաբերում է քիմիական նյութերի կիրառմանը, որոնք կարող են փոխադարձ փոխարինելի լինել եղանակի իրականացման ընթացքում, ապա այդ միջոցները, ինչպես և «սարքին» վերաբերող հավակնության սահմանման դեպքում, կարող են ներկայացվել հավակնության սահմանման մեկ կետում, դրանք թվարկելով «կամ» շաղկապի միջոցով, օրինակ` «... օգտագործում են A նյութը կամ B նյութը» կամ «նյութն ընտրված է ...խմբից»:

264. Այսպիսի կառուցվածքը բնորոշ է այն գյուտերին, որոնցում օգտագործվում են փոխադարձ փոխարինելի քիմիական նյութեր, որոնք ունեն ընդհանուր էական կառուցվածքային տարր և ունեն նմանատիպ հատկություններ կամ ակտիվություն, որոնք հավակնության սահմանման մեջ կարող են բնութագրվել որպես այլընտրանքային հատկանիշներ:

265. Եթե փոխադարձ փոխարինելի քիմիական նյութերը չունեն ընդհանուր կառուցվածքային տարր, ապա որպես այլընտրանքային հատկանիշներ հավակնության սահմանման մեջ կարող են ներկայացվել միայն այն քիմիական նյութերը, որոնք պատկանում են որպես այդպիսին ընդունված քիմիական միացությունների մեկ դասին:

266. Ցանկացած ծագում ունեցող պարզված կառուցվածքով քիմիական միացությունը բնութագրող հավակնության սահմանումը ներառում է միացության անվանումն ըստ քիմիայի բնագավառում ընդունված անվանացուցակներից որևէ մեկի, կամ միացության անվանումը և նրա կառուցվածքային բանաձևը (միացության նշանակությունը կարող է չնշվել):

267 Չպարզված կառուցվածքով քիմիական միացություն բնութագրող հավակնության սահմանումը ներառում է միացության անվանումը, ինչպես նաև միացության նշանակության բնութագրի հետ միասին ֆիզիկաքիմիական և այլ բնութագրեր, որոնք թույլ են տալիս տարբերակել տվյալ միացությունն այլ միացություններից, մասնավորապես` դրա ստացման եղանակի հատկանիշները:

268. Նուկլեինաթթուներ և սպիտակուցներ բնութագրող հավակնության սահմանումը ներառում է դրանց անվանումը` նշանակության նշումով, հաջորդականության համարը (նուկլեոտիդների` նուկլեինաթթուների հաջորդականությունների ցանկում, և ամինաթթուների` սպիտակուցների հաջորդականությունների ցանկում), ինչպես նաև ֆիզիկաքիմիական և այլ բնութագրեր, որոնք թույլ են տալիս տարբերակել տվյալ արտադրանքը այլ արտադրանքից: Եթե նուկլեոտիդների հաջորդականությունը կոդավորում է սպիտակուցի ամինաթթվային հաջորդականություն, լրացուցիչ նշվում է այդ սպիտակուցի ֆունկցիան:

269. Գենը բնութագրող հավակնության սահմանումը ներառում է ԴՆԹ-ի նուկլեոտիդների հաջորդականությունը և(կամ) այդ գենով կոդավորվող սպիտակուցի ամինաթթուների հաջորդականությունը:

270. Ռեկոմբինանտային սպիտակուց բնութագրող հավակնության սահմանումը ներառում է ամինաթթվային հաջորդականություն և այն կոդավորող կառուցվածքային գենի նուկլեոտիդային հաջորդականություն:

271. Միակլոնալ հակամարմին բնութագրող հավակնության սահմանումը ներառում է` հակամարմնի համար ճանաչելի հակագենը, նշված հակամարմին արտադրող հիբրիդոմը և հակամարմնի նույնականացման այլ հատկություններ:

272. Հակաբիոտիկներ բնութագրող հավակնության սահմանումը ներառում է` արտազատման աղբյուրը (մանրէի կամ բջիջների կուլտուրայի շտամը), տարրերի կազմը, մոլեկուլային զանգվածը, նյութի օպտիկական ակտիվությունը, սպեկտրային վերլուծության տվյալները, նյութի գույնը և ֆիզիկական վիճակը, լուծելիությունը և գունային ռեակցիաները:

273. Բաղադրանյութ բնութագրող հավակնության սահմանումը ներառում է` դրա անվանումը, նշանակությունը, բաղադրանյութի մաս կազմող բաղադրամասերը և, անհրաժեշտության դեպքում, բաղադրամասերի քանակական պարունակությունը:

274. Եթե բաղադրանյութը բնութագրող հավակնության սահմանումը ներառում է բաղադրամասերի քանակական պարունակությանը վերաբերող հատկանիշներ, ապա դրանք արտահայտվում են ցանկացած միարժեք միավորներով, որպես կանոն, պարունակության նվազագույն և առավելագույն սահմանները (ստորին և վերին) բնութագրող երկու նշանակություններով: Ընդ որում, քանակական պարունակությունը գերադասելի է արտահայտել զանգվածային տոկոսներով (զանգվ.):

275. Բաղադրանյութի բաղադրամասերից մեկի պարունակությունը կարող է նշվել մեկ արժեքով, իսկ մնացած բաղադրամասերինը` որպես այդ միավոր արժեքի նկատմամբ արժեքների միջակայք (օրինակ` բաղադրամասերի պարունակությունը նշվում է հիմնական բաղադրամասերի 100 զանգվածային մասերի կամ լուծույթի 1 լիտրի նկատմամբ): Այդ դեպքում բաղադրամասերի պարունակության միջակայքը նշվում է զանգվածային տոկոսներով, փակագծերում:

276. Բաղադրանյութի կազմում հակաբիոտիկների, անատոքսինների և այլնի քանակական պարունակությունը կարող է նշվել այլ միավորներով, քան բաղադրանյութի մնացած բաղադրամասերինը (օրինակ` հազար միավորներով բաղադրանյութի մնացած բաղադրամասերի զանգվածային քանակության նկատմամբ):

277. Եթե բաղադրանյութին վերաբերող գյուտը բնութագրվում է լրացուցիչ բաղադրամասի ներառմամբ, ապա հավակնության սահմանման մեջ համապատասխան տարբերիչ հատկանիշից առաջ դրվում է «լրացուցիչ պարունակում է» բառակապակցությունը:

278. Այն բաղադրանյութերի համար, որոնց նշանակությունը որոշվում է միայն նոր ակտիվ տարրով, իսկ այլ բաղադրամասերը չեզոք կրողներ են տվյալ նշանակության բաղադրանյութերի մեջ ավանդային օգտագործվողների շարքից, հավակնության սահմանման մեջ թույլատրվում է նշել միայն այդ ակտիվ տարրի և, եթե դա անհրաժեշտ է, բաղադրանյութի կազմում դրա քանակական պարունակությունը, այդ թվում` «արդյունավետ քանակ» ձևով:

279. Այդպիսի բաղադրանյութ բնութագրելու մեկ այլ տարբերակն է, երբ բացի ակտիվ տարրից նշվում են նաև այլ բաղադրամասեր (կայունարարներ, կոնսերվանտներ, լցանյութեր, չեզոք կրողներ և այլն)` «նպատակային հավելույթ» ընդհանրացված հասկացության ձևով: Ընդ որում, անհրաժեշտության դեպքում, կարող է նշվել ակտիվ տարրի և նպատակային հավելույթի քանակական հարաբերակցությունը:

280. Բարդ բաղադրությամբ նյութերի համար թույլատրվում է դրա հատուկ անվանման օգտագործումը` բերելով նյութի և դրա հիմքի ֆունկցիաները կամ հատկությունները: Այս դեպքում գյուտի նկարագրության մեջ պետք է բերվի տեղեկատվության աղբյուրը, որում այդ նյութը նկարագրված է:

281. Այն նյութերի համար, որոնք բնութագրվում են դրանց ստացման եղանակով, հավակնության սահմանումը գերադասելիորեն ունի` «X նյութ Y-ով ստացված «ձևը:

282. Եթե բաղադրանյութը բնութագրվում է քիմիական նյութերի օգտագործմամբ, որոնց սեռային բնորոշումը դժվար է, և որոնք կարող են բաղադրանյութն իրականացնելիս փոխադարձ փոխարինվել, ապա այդ քիմիական նյութերը հավակնության սահմանման մեկ կետում կարող են ներկայացվել «կամ» շաղկապի միջոցով թվարկվելով, օրինակ` «...օգտագործվում է A նյութը կամ B նյութը...» կամ` «նյութը ընտրված է ....խմբից»:

283. Այսպիսի կառուցվածքը բնորոշ է այն գյուտերին, որոնցում օգտագործվում են փոխադարձ փոխարինելի քիմիական նյութեր, որոնք ունեն ընդհանուր էական կառուցվածքային տարր և ունեն նմանատիպ հատկություններ կամ ակտիվություն, որոնք հավակնության սահմանման մեջ կարող են բնութագրվել որպես այլընտրանքային հատկանիշներ:

284. Եթե փոխադարձ փոխարինելի քիմիական նյութերը չունեն ընդհանուր կառուցվածքային տարր, ապա որպես այլընտրանքային հատկանիշներ հավակնության սահմանման մեջ կարող են ներկայացվել միայն այն քիմիական նյութերը, որոնք պատկանում են որպես այդպիսին ընդունված քիմիական միացությունների մեկ դասին:

285. Միկրոօրգանիզմի շտամ բնութագրող հավակնության սահմանումը ներառում է նրա սեռային ու տեսակային անվանումը` լատիներեն, և շտամի նշանակությունը: Եթե շտամը ավանդադրված է, նշվում է լիազորված պաշտոնական հավաքածուի` ավանդադրման կենտրոնի անվանումը կամ հապավումը և հավաքածուի կողմից ավանդադրված օբյեկտին շնորհված գրանցման համարը: Եթե շտամն ավանդադրված չէ, նշվում է հեղինակի կողմից շնորհված անվանումը:

286. Բույսերի կամ կենդանիների բջիջների գիծ բնութագրող հավակնության սահմանումը ներառում է բջիջների անվանումը և դրանց նշանակությունը: Եթե գիծն ավանդադրված է, նշվում է լիազորված պաշտոնական հավաքածուի` ավանդադրման կենտրոնի հապավումը և հավաքածուի կողմից ավանդադրված օբյեկտին շնորհված գրանցման համարը, իսկ եթե գիծն ավանդադրված չէ, նշվում է հեղինակի կողմից գծին շնորհված անվանումը:

287. Գենետիկական կառուցվածք բնութագրող հավակնության սահմանումը ներառում է դրա անվանումը և հատկանիշներ, որոնք արտահայտում են կառուցվածքային իրականացումը:

288. Վեկտորը (պլազմիդը) բնութագրող հավակնության սահմանումը ներառում է` -ի նուկլեոտիդների հաջորդականությունը, ռեստրիկցիայի քարտեզը, մոլեկուլային կշիռը, հիմքերի զույգերի քանակը, ստացման աղբյուրը, վեկտորի (պլազմիդի) տարբերակման համար էական կառուցվածքային տարրերի ստացման եղանակը և ֆունկցիոնալ ակտիվությունը: Լրացուցիչ կարող է նշվել տվյալ վեկտորը (պլազմիդը) պարունակող ավանդադրված շտամը:

289. Տրանսֆորմանտը (կերպափոխված մանրէ) բնութագրող հավակնության սահմանումը ներառում է դրա հատկությունները և(կամ) վեկտորի (պլազմիդի) հատկությունները:

290. Հիբրիդոմը (միաձուլման եղանակով ստացված բջիջ) բնութագրող հավակնության սահմանումը ներառում է` հիբրիդոմի ծնողական բջիջները, հիբրիդոմի ֆունկցիաները ու հատկությունները, ինչպես նաև դրա ստացման եղանակը: Հիբրիդոմի ստացման եղանակը ներառում է ծնողական բջիջների նախնական մշակման փուլը, միաձուլման պայմանները, միաձուլված բջիջների ընտրության եղանակը, դրանց տարբերակման միջոցները և այլն:

291. Մանրէների շտամների, բույսերի կամ կենդանիների բջիջների գծերի կոնսորցիումներ բնութագրող հավակնության սահմանումը ներառում է յուրաքանչյուր շտամի սեռային և տեսակային անվանումը` լատիներեն, շտամի նշանակությունը, պաշտոնական հավաքածուի` ավանդադրման կենտրոնի հապավումը, ավանդադրված առարկային ըստ հավաքածուի շնորհված գրանցման համարը` մանրէների և բույսերի և(կամ) կենդանիների բջիջների խառը գծեր հանդիսացող կոնսորցիումների դեպքում, որոնցում յուրաքանչյուր մանրէի շտամը ավանդադրված է ինքնուրույն և կոնսորցիումի լատինական անվանումը, կոնսորցիումի նշանակությունը, պաշտոնական հավաքածուի` ավանդադրման կենտրոնի հապավումը, ավանդադրված առարկային ըստ հավաքածուի շնորհված գրանցման համարը` մանրէների և բույսերի և(կամ) կենդանիների բջիջների զուգորդումներ (ասոցիացիաներ) հանդիսացող կոնսորցիումների դեպքում, որոնք ավանդադրվում են որպես միասնական ամբողջություն:

292. Այն դեպքերում, երբ գյուտի օբյեկտը սարքի, նյութի, կենսատեխնոլոգիական արգասիքի, եղանակի կիրառումն է, օգտագործվում է հավակնության սահմանման հետևյալ կառուցվածքը` «... (նշվում է կիրառվող օբյեկտի անվանումը կամ բնութագիրը) կիրառումը որպես ... (նշվում է կիրառվող օբյեկտի հայտարկվող նշանակությունը)» կամ «կիրառում ...համար» կամ «... (նշվում է գործընթացի անվանումը) կիրառումը ... (նշվում է կիրառվող օբյեկտի հայտարկվող նշանակությունը) համար»:

 

16. ԳՅՈՒՏԻ ՀԱՄԱՌՈՏ ՇԱՐԱԴՐԱՆՔԸ (ՌԵՖԵՐԱՏԸ)

 

293. Գյուտի համառոտ շարադրանքը (ռեֆերատը) գյուտի բովանդակության համառոտ շարադրանքն է և ծառայում է միայն արտոնագրային որոնման նպատակներին:

294. Ռեֆերատը չի կարող օգտագործվել այլ նպատակներով, մասնավորապես` գյուտի իրավական ծավալի մեկնաբանման նպատակով:

295. Ռեֆերատը ներառում է`

1) գյուտի անվանումը,

2) տեխնիկայի բնագավառը, որին վերաբերում է գյուտը և (կամ) գյուտի կիրառման բնագավառը, եթե այն պարզ չէ գյուտի անվանումից,

3) գյուտի էության բնութագիրը` նշելով ստացվող տեխնիկական արդյունքը (բերվում են հայտարարված որակով գյուտի իրականացման համար անհրաժեշտ էական հատկանիշները):

296. Գյուտի էությունը ռեֆերատում շարադրվում է ազատ ձևով` հնարավորինս նշելով գյուտի հավակնության սահմանման անկախ կետում բերված գյուտի բոլոր էական հատկանիշները:

297. Եթե գյուտի օբյեկտը սարք է, ապա գերադասելի է դրա կառուցվածքը նկարագրել դինամիկայում, այսինքն` աշխատանքի մեջ: Սարքը նկարագրող ռեֆերատում տարրերի առկայությունը բնութագրելիս առաջարկվում է օգտագործել «ունի» բայը, քանի որ «ունի» բայի օգտագործումը ոճաբանորեն և տրամաբանորեն չի պահանջում թվարկել սարքի կառուցվածքի բոլոր հատկանիշները: Անհրաժեշտ է խուսափել «կազմված է ...ից» արտահայտությունից, որը տրամաբանորեն պահանջում է թվարկել բոլոր հատկանիշները:

298. Առաջարկվում է սարքի բաղկացուցիչ մասերը թվարկել ընդհանուրից դեպի մասնավորը, օրինակ` սարքավորում (մեքենա, համակարգ և այլն) -սարք- հարմարանք-մեխանիզմ-հանգույց-մանրամաս և այլն:

299. Եթե գյուտի օբյեկտը եղանակ է, ռեֆերատում պետք է շարադրվեն տվյալ եղանակը կազմող գործողությունները (գործողություն, պրոցես), դրանց իրականացման կոնկրետ պայմանները, գործողությունների հաջորդականությունը, պրոցեսների անցկացման ռեժիմները և այլն: Եղանակին վերաբերող ռեֆերատը կազմելիս անհրաժեշտ է օգտագործել ներգործական սեռի, սահմանական եղանակի երրորդ դեմքով և անպայման հոգնակի թվով բայեր (վերցնում են, տաքացնում են, միացնում են և այլն): Հարկ է խուսափել օգտակար տեղեկատվություն չպարունակող արտահայտություններից, ինչպես` «եղանակը կազմված է մի քանի գործողություններից», կամ «եղանակը պարունակում է հետևյալ գործողությունները» և այլն: Անհրաժեշտ է նկարագրել գյուտի բուն տեխնիկական էությունը:

300. Քիմիական նյութերի սինթեզին վերաբերող գյուտերի ռեֆերատներում անհրաժեշտ է նշել ստացվող նյութերի առավել կարևոր հատկությունները, պրոցեսների անցկացման ռեժիմները, կիրառման հնարավոր բնագավառները:

301. Եթե գյուտի օբյեկտը նյութ է, անհրաժեշտ է նշել նյութը բնութագրող էական կիրառական հատկանիշները, ինչպես նաև դրա օգտագործման հնարավորությունը: Հասարակ մեխանիկական խառնուրդների համար հատկությունների նշման հետ մեկտեղ անհրաժեշտ է թվարկել բաղադրամասերը և դրանց քանակական պարունակությունը:

302. Քիմիական միացությունների համար անհրաժեշտ է նշել միացությունների դասը, որին դրանք պատկանում են (օրինակ` նյութը պատկանում է ալկիլբենզոլային սուլֆոնիլային միզանյութերի դասին, որոնք օգտագործվում են որպես հակաշաքարախտային դեղամիջոցներ), ինչպես նաև դրանց քիմիական կառուցվածքը և ֆիզիկաքիմիական հատկությունները: Անհրաժեշտության դեպքում ռեֆերատում բերվում է քիմիական բանաձև, որը մյուս քիմիական բանաձևերի համեմատ գյուտը բնութագրում է լավագույն ձևով: Քիմիական բանաձևերը հարկ է բերել գծային տեսքի: Կառուցվածքային բանաձևերը, որտեղ հնարավոր է, հարկ է բերել այնպիսի տեսքի, որ հնարավոր լինի տպագրել մեկ տողով:

303. Եթե գյուտի օբյեկտը շտամ է, բոլոր դեպքերում անհրաժեշտ է հաշվի առնել մանրէների համակարգության և անվանացուցակի ժամանակակից մակարդակը: Բոլոր էական հատկանիշներն անհրաժեշտ է նշել ամբողջությամբ:

304. Միկրոօրգանիզմների անվանումների կրկնական հիշատակման դեպքում սեռի անվանումը կարող է նշվել կրճատ` առաջին տառով (մեծատառ) այն դեպքում, երբ կա տեսակային մակդիր: Ռեֆերատի տեքստում անհրաժեշտ է նշել ստացման եղանակը, կենսատեխնոլոգիական հատկությունները, աճեցման միջավայրի կազմը, կենսաբանական ակտիվությունը պարբերական և անընդհատ կուլտիվացման պայմաններում, աճի խթանիչները, սուբստրատի նպատակային արգասիքի թողարկման տոկոսը, նպատակային արգասիքի քանակը:

305. Եթե գյուտի օբյեկտ է հանդիսանում հայտնի սարքի, եղանակի և այլնի որոշակի նշանակությամբ կիրառումը, ապա ուղղակի նշվում է նոր նշանակությամբ կիրառումը:

306. Եթե հայտում ընդգրկված է գյուտերի խումբ (օրինակ` եղանակ և դրա իրականացման սարք, կամ նյութ և դրա ստացման եղանակ), ապա այդ գյուտերի էությունը շարադրվում է այնպես, որ պարզ լինի, թե ինչու են դրանք կազմում միասնական գյուտարարական մտահղացում:

307. Մաթեմատիկական բանաձևերը ներառվում են ռեֆերատում, եթե առանց դրանց ռեֆերատի տեքստը կազմելն անհնար է: Ռեֆերատի տեքստում մաթեմատիկական բանաձևերը պետք է բերվեն գծային տեսքի: Տառային նշանակումները և նշանները բանաձևերում պետք է տրվեն նկարագրությանը խիստ համապատասխան:

308. Կոտորակային միավորները գրելու համար անհրաժեշտ է օգտագործել թեք գիծ, օրինակ` կալ/մոլ:

309. Եթե ռեֆերատում էական հատկանիշ է մաթեմատիկական արտահայտությունը, ապա անհրաժեշտ է այն սկզբում նկարագրել ընդհանուր բառերով, օրինակ` «ճնշումը, ջերմաստիճանը և հոսքի արագությունը որոշվում է մաթեմատիկական արտահայտությամբ»: Դրանից հետո հարկ է գրել արտահայտությունն ամբողջությամբ:

310. Ռեֆերատը պետք է պարունակի ոչ ավելի, քան 150 բառ: Բացառություն կարող են կազմել այն գյուտերը, որոնք ունեն բազմաթիվ էական հատկանիշներ, որոնց բացակայությունը ռեֆերատի տեքստում կհանգեցնի գյուտի էության աղավաղմանը, օրինակ` օրգանական քիմիային, ավտոմատիկային, կենսատեխնոլոգիային, հաշվողական տեխնիկային, գյուտերի խմբին վերաբերող ռեֆերատների դեպքում:

311. Ռեֆերատի լեզուն պետք է լինի հակիրճ և ստույգ: Ռեֆերատի տեքստն անհրաժեշտ է կազմել առանձին կարճ նախադասություններով, չօգտագործել բարդ նախադասություններ և հավակնության սահմանմանը բնորոշ քերականական դարձվածքներ:

312. Ռեֆերատում մեկ նախադասության մեջ չպետք նկարագրել սարքի մի քանի հանգույց կամ բլոկ, մի քանի տարբեր օրգանական նյութեր, եղանակի մի քանի միատիպ գործողություններ, որոնք բնութագրվում են միայն անցկացման տարբեր պայմաններով:

313. Բոլոր քանակական ցուցանիշներն անհրաժեշտ է տեղադրել անմիջականորեն այն տերմինից հետո, որը դրանք բնորոշում են, օրինակ` «ծավալային զանգվածը` 500 կգ/մ3 և, իսկ բարդ նյութեր պարունակող բաղադրիչների քանակական հարաբերակցությունը բերել հաջորդաբար, այլ ոչ թե սյունակով:

314. Եթե հավակնության սահմանման մեջ որևէ հատկանիշ բնութագրված է ընդհանուր ձևով, իսկ նկարագրությունում կամ կախյալ կետերում այն կոնկրետացված է, ապա ռեֆերատի տեքստում հարկ է օգտագործել ավելի կոնկրետ տերմինը: Օրինակ` հավակնության սահմանման մեջ նշված «սառեցման միջոց» հատկանիշի փոխարեն հարկ է նշել նկարագրությունում նշված «սառնարան»-ը:

315. Ռեֆերատում չպետք է օգտագործել ժխտական դարձվածքներ: Իմաստավոր տերմինները պետք չէ փոխարինել դերանուններով, ածականներով և այլն: Ռեֆերատում պետք է կիրառվեն ստանդարտ տերմիններ, իսկ դրանք չլինելու դեպքում` առավել օգտագործվող, գիտատեխնիկական գրականության մեջ ընդունված տերմիններ: Ընդ որում, պետք է պահպանվի տերմինների միասնականությունը:

316. Ռեֆերատում չպետք է օգտագործել հապավումներ և կրճատումներ:

317. Ռեֆերատում բերվում են հղումներ այն նկարի տարրերի համարներին, որն ընտրված է (նշված է արտոնագիր ստանալու մասին դիմումի մեջ) ռեֆերատի հետ հրապարակելու համար:

318. Գրաֆիկական նյութը ներառվում է ռեֆերատի մեջ, եթե դրա տեքստում առկա են հղումներ այդ գրաֆիկական նյութին:

319. Յուրաքանչյուր էական հատկանիշ, որը նշված է ռեֆերատում և պատկերազարդված է գրաֆիկական նյութով, պետք է ուղեկցվի հղումային նշումով: Հղումային նշումները (տարրերի համարները), դրանց օգտագործման դեպքում, պետք է նշել տարրից հետո` փակագծերում:

 

17. ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՕԳՏԱԳՈՐԾՎԵԼ

 

320. Հայտը չպետք է պարունակի այլ անձանց հայտերի կամ արտոնագրերի, տեխնոլոգիական գործընթացների և արտադրանքի նկատմամբ արհամարհական կամ ոչ հարգալից արտահայտություններ, որոնք ակնհայտորեն չեն վերաբերում գյուտին:

321. Գյուտի նկարագրության «տեխնիկայի մակարդակը» բաժնում բերված հայտնի գյուտերի և այլ տեխնիկական լուծումների թերությունների զուտ նշումը չի համարվում անթույլատրելի քայլ:

 

18. ՏԵՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՆՇԱՆՆԵՐ

 

322. Գյուտի հավակնության սահմանման, նկարագրության և պարզաբանող նյութերում օգտագործվում են ստանդարտ տերմիններ ու կրճատումներ, իսկ դրանց բացակայության դեպքում` գիտատեխնիկական գրականության մեջ ընդունվածները:

323. Գրականության մեջ լայն տարածում չգտած տերմիններ և նշաններ գործածելիս դրանց նշանակությունը պարզաբանվում է տեքստում առաջին անգամ օգտագործելիս:

324. Չի թույլատրվում օգտագործել տերմիններ, որոնք գիտատեխնիկական գրականության մեջ բնութագրվում են որպես ոչ գիտական դասված հասկացություններ:

325. Բոլոր պայմանական նշանները վերծանվում են: Նկարագրության, հավակնության սահմանման մեջ և ռեֆերատում պահպանվում է տերմինների միասնականությունը, այսինքն` միևնույն հատկանիշներն անվանվում են միատեսակ: Տերմինների միասնականության պահանջը վերաբերում է նաև ֆիզիկական միավորների չափայնություններին և գործածվող պայմանական նշաններին:

326. Ֆիզիկական մեծություններն արտահայտվում են, գերադասելիորեն, գործող Միավորների միջազգային համակարգի (SI) միավորներով:

327. Անհրաժեշտության դեպքում, գյուտի անվանումը կարող է ներառել լատինական այբուբենի նիշեր և արաբական թվանշաններ: Գյուտի անվանման մեջ այլ այբուբենի նիշեր և հատուկ նշաններ չեն օգտագործվում:

328. Գյուտի անվանման մեջ և ռեֆերատում հունական այբուբենի տառերը պետք է գրվեն հայերեն տառադարձությամբ, օրինակ` «b»-ն պետք է գրվի` «բետա»:

 

19. ՀԱՅՏԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

329. Հայտի բոլոր փաստաթղթերը (դիմումը, նկարագրությունը, հավակնության սահմանումը, գրաֆիկական նյութերը և ռեֆերատը) ներկայացվում են այնպիսի տեսքով, որ հնարավոր լինի դրանց պատճենները վերարտադրել անսահմանափակ քանակով:

330. Թերթերը չպետք է լինեն ճմրթված կամ պատռված, չպետք է ունենան ծալատեղեր:

331. Հայտի փաստաթղթերը պատրաստում են էլաստիկ, ամուր, սպիտակ, հարթ, ոչ փայլուն թղթի վրա:

332. Գյուտի հայտի յուրաքանչյուր փաստաթուղթը և գյուտի հայտի նուկլեոտիդների և(կամ) ամինաթթուների հաջորդականությունների ցանկը սկսվում է առանձին թերթից:

333. Հայտի բոլոր թերթերը ամրացվում են այնպես, որպեսզի դիտելիս դրանց հնարավոր լինի հեշտությամբ շրջել, հեշտությամբ առանձնացնել և նորից ամրացնել, եթե դրանք առանձնացված են եղել վերարտադրության համար:

334. Հայտի փաստաթղթի յուրաքանչյուր թերթ օգտագործվում է միայն մեկ կողմից` տողերը զուգահեռ տեղադրելով թերթի կարճ կողմին:

335. Հայտի փաստաթղթի թերթերը պետք է ունենան A4 (29,7 սմ x 21 սմ) ձևաչափ:

336. Գյուտի նկարագրության, հավակնության սահմանման և ռեֆերատի թերթերի ազատ դաշտերը (լուսանցքները) պետք է լինեն ոչ պակաս, քան` վերինը` 2 սմ, ձախը` 2,5 սմ, աջը` 2 սմ, ստորինը` 2 սմ:

337. Գյուտի նկարագրության, հավակնության սահմանման և ռեֆերատի թերթերի ազատ դաշտերը (լուսանցքները) պետք է լինեն ոչ ավելի, քան` վերինը` 4 սմ, ձախը` 4 սմ, աջը` 3 սմ, ստորինը` 3 սմ:

338. Գրաֆիկական նյութեր պարունակող թերթերի օգտագործվող մակերեսի չափը չպետք է գերազանցի 26,2 սմ x 17 սմ-ը: Այդ թերթերն օգտագործված կամ օգտագործման համար ենթակա մակերեսի շուրջը չպետք է ունենան շրջանակ:

339. Գրաֆիկական նյութեր պարունակող թերթերի ազատ դաշտերը պետք լինեն ոչ պակաս, քան` վերինը` 2,5 սմ, ձախը` 2,5 սմ, աջը` 1,5 սմ, ստորինը` 1 սմ:

340. Լուսանկարների ձևաչափն ընտրվում է այնպես, որ այն չգերազանցի հայտի փաստաթղթերի թերթերի սահմանված չափերը: Փոքր ձևաչափի լուսանկարները ներկայացվում են թղթի թերթերի վրա սոսնձված` պահպանելով թերթի ձևաչափի և որակի նկատմամբ սահմանված պահանջները:

341. Հայտի թերթերի համարակալումը կատարվում է հաջորդաբար, արաբական թվանշաններով` սկսած 1-ից` հայտի յուրաքանչյուր փաստաթղթի համար առանձին:

342. Եթե հայտը պարունակում է գծագրեր և այլ գրաֆիկական նյութեր, դրանք համարակալվում են առանձին սերիայի ձևով (օրինակ` 1/2, 2/2):

343. Գյուտի հայտում նույն կերպ համարակալվում է նաև նուկլեոտիդների և(կամ) ամինաթթուների հաջորդականությունների ցանկը:

344. Թվանշանները դրվում են թերթի ստորին մասի կենտրոնում:

345. Նկարագրության և հավակնության սահմանման յուրաքանչյուր թերթի յուրաքանչյուր հինգերորդ տողը կարող է համարակալվել: Համարները դրվում են թերթի ձախ դաշտի աջ կողմում:

346. Դիմումը, նկարագրությունը, հավակնության սահմանումը և համառոտ շարադրանքը (ռեֆերատը) պետք է լինեն տպագրված:

347. Եթե հայտի փաստաթղթերը ներկայացման պահին տպագրված են ոչ համակարգչային եղանակով, փորձաքննության ընթացքում պետք է ներկայացվեն դրանց համակարգչային տպագրված տարբերակները:

348. Փաստաթղթերը տպագրվում են սև գույնի տառաշարով` շահագրգիռ անձանց դրանց ծանոթանալու և անմիջական վերարտադրելու հնարավորության ապահովմամբ:

349. Գյուտի նկարագրության, հավակնության սահմանման և ռեֆերատի տեքստերը պետք է լինեն տպագրված տողերի 1,5 միջակայքով, ընդ որում տպագրման տառատեսակի մեծատառերի բարձրությունը պետք է լինի 0,21 սմ-ից ոչ պակաս (առանց սյուների բաժանելու):

350. Միայն գրաֆիկական նիշերը, լատիներեն անվանումները, լատինական և հունական տառերը, մաթեմատիկական և քիմիական բանաձևերը կամ նիշերը կարող են գրվել ձեռագիր` սև գույնի թանաքով, մածուկով կամ տուշով: Չի թույլատրվում բանաձևերի խառը ձևակերպումը` մեքենագիր և ձեռագիր:

351. Ներկայացված նյութերը պետք է զերծ լինեն ջնջումներից, ուղղումներից, ընդմիջարկություններից, սոսնձված պիտակներից և ձեռագիր մակագրություններից, որոնք կարող են բովանդակային առումով որևէ կասկած հարուցել:

352. Գյուտի նկարագրության, հավակնության սահմանման և ռեֆերատի մեջ կարող են օգտագործվել քիմիական բանաձևեր:

353. Քիմիական միացությունների կառուցվածքային բանաձևերը տրվում են շարադրման ընթացքում` օգտագործելով տառային նշումներ: Բանաձևի տառային նշումների մեկնաբանությունները գրվում են իրար տակ, բաժանված:

354. Կառուցվածքային քիմիական բանաձևեր գրելիս օգտագործվում են տարրերի ընդհանուր գործածական խորհրդանիշները, և հստակորեն նշվում են տարրերի և ռադիկալների միջև կապերը:

355. Անհրաժեշտության դեպքում, քիմիական բանաձևերը կարելի է զետեղել թերթի երկար կողմին զուգահեռ: Այս դեպքում թերթերն անհրաժեշտ է ներկայացնել այնպես, որ բանաձևերի վերին մասը գտնվի թերթի ձախ կողմում:

356. Թղթային կրիչի վրա ներկայացվող նուկլեոտիդների և(կամ) ամինաթթուների հաջորդականությունների ցանկը պետք է ձևակերպված լինի համաձայն ՄՍՀԿ ST.25 ստանդարտի:

357. Մեքենաընթեռնելի ձևով (մեքենաընթեռնելի կրիչի վրա) ներկայացվող նուկլեոտիդների և ամինաթթուների հաջորդականությունների ցանկի պատճենը պետք է նույնական լինի թղթային կրիչի վրա ներկայացվածին:

358. Հաջորդականությունների ցանկի պատճենը մեքենաընթեռնելի ձևով ներկայացվում է մեկ ֆայլում: Կրիչի վրա տվյալները պատրաստվում են կոդային էջերի օգտագործմամբ` 1251 Վինդոուս-ի (1251 Windows) համար կամ 866 ԷմԷս ԴՈՍ-ի (866 MS DOS) համար (գերադասելիորեն` Վինդոուս-ի (Windows) համար Վորդ 6 (Word 6) տեքստային խմբագրիչի տարբերակից ոչ ցածրի օգտագործմամբ):

359. Ֆայլի սեղմումը ընդունելի է այն պայմանով, որ սեղմված ֆայլը ներկայացվում է որպես ինքնաբացվող արխիվ:

360. Մեքենաընթեռնելի կրիչը պետք է ունենա իրեն մշտապես կցված պիտակ, որի վրա տպատառերով տպագրված կամ ձեռագիր գրված է հայտատուի անունը, գյուտի անվանումը, ամսաթիվը, երբ է կատարվել գրառումը, օպերացիոն համակարգի և տեքստային խմբագրիչի անվանումները, որոնց միջոցով ստեղծվել է ֆայլը:

 

20. ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎԵՐԻ (ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԵՎ ՆԻՇԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

361. Գյուտի նկարագրության, հավակնության սահմանման մեջ, ինչպես նաև ռեֆերատում կարող են օգտագործվել մաթեմատիկական բանաձևեր (արտահայտություններ) և նիշեր:

362. Գյուտի հավակնության սահմանումը կարող է ներառել մաթեմատիկական բանաձևեր (արտահայտություններ), որոնց օգտագործումն անհրաժեշտ է գյուտը հասկանալու համար: Բանաձևերը կարող են բնութագրել, օրինակ` չափերի հարաբերակցությունը, որևէ պրոցեսի պարամետրերը կամ պարունակել որոնելի մեծության ստացման եղանակին վերաբերող տեղեկատվություն, եթե խոսքը, օրինակ` վերլուծության, որոշման կամ վերահսկման եղանակի մասին է:

363. Մաթեմատիկական բանաձևը (արտահայտությունը) հավակնության սահմանման մեջ կարող է զբաղեցնել տարբեր տեղ: Այսպիսով, օրինակ, եթե եղանակը բնութագրվում է դրա իրականացման ընթացքում կատարվող հաշվարկային գործողության կատարմամբ, որի արդյունքն ազդում է եղանակի հետագա գործողությունների իրականացման բնույթի վրա, ապա հաշվարկային բանաձևը համապատասխան տեղ կզբաղեցնի այս եղանակն իրականացնող գործողությունների թվարկման ժամանակ:

364. Մաթեմատիկական արտահայտությունների բոլոր տառային նշանակումները վերծանվում են: Տառային նշանակումների վերծանումը տրվում է բանաձևում բերված հերթականությամբ` սյունակով, անջատելով ստորակետերով:

365. >, <, = և մաթեմատիկական այլ նշաններն օգտագործվում են միայն մաթեմատիկական բանաձևերում, իսկ տեքստում հարկ է գրել բառերով` «մեծ է», «փոքր է», «հավասար է» և այլն:

366. Մեծությունների արժեքների միջակայքերը կարող են բերվել «-» նշանով կամ «...ից մինչև...» արտահայտությամբ, իսկ մեծությունների միջակայքերի հարաբերակցությունները բերվում են «:» նշանով:

367. Մեծությունների տոկոսային արտահայտման դեպքում տոկոսի նշանը «%» դրվում է թվից հետո: Եթե մեծությունները մի քանիսն են, տոկոսի նշանը դրվում է դրանց թվարկումից առաջ և դրանցից անջատվում է կետով, օրինակ, զանգվ. %. երկաթ` 15-20, պղինձ` 12-17 և այլն:

368. Մաթեմատիկական բանաձևերում տողադարձը թույլատրվում է միայն ըստ գործողության նշանի:

 

21. ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

369. Գյուտի նկարագրությունը և ռեֆերատը կարող են ունենալ աղյուսակներ: Հավակնության սահմանումը կարող է ունենալ աղյուսակներ միայն այն դեպքում, երբ դրանց կիրառման անհրաժեշտությունը բխում է դրա էությունից:

370. Աղյուսակները կարող են տեղադրվել ինչպես նկարագրության մեջ, այնպես էլ նկարագրության հավելվածի տեսքով: Այդ դեպքում աղյուսակները կարող են տեղադրվել թերթի երկար կողմին զուգահեռ: Այս դեպքում թերթերը ներկայացվում են այնպես, որ աղյուսակների վերին մասը գտնվի թերթի ձախ կողմում:

 

22. ԳՐԱՖԻԿԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

371. Գրաֆիկական նյութերը կատարվում են գծի ամբողջ երկարությամբ նույն հաստության սև չջնջվող հստակ գծերով և ստվերագծերով, առանց գունազարդման:

372. Գրաֆիկական նյութի մասշտաբը և հստակությունը ընտրվում են այնպես, որ չափերի` մինչև 2/3 գծային փոքրացմամբ վերարտադրման դեպքում հնարավոր լինի տարբերել բոլոր մանրամասները:

373. Գրաֆիկական նյութի վրա թվանշանները և տառերը պետք չէ տեղադրել փակագծերի, շրջանակների և չակերտների մեջ: Թվանշանների և տառերի բարձրությունը պետք է լինի 0,32 սմ-ից ոչ պակաս: Թվանշանները և տառերը պետք է լինեն հստակ, դրանց գծերի հաստությունը պետք է համապատասխանի պատկերների գծերի հաստությանը:

374. Յուրաքանչյուր գրաֆիկական նյութ, անկախ իր տեսակից (գծագիր, սխեմա, տարածական պատկեր, գրաֆիկ, էպյուր, տատանագիր և այլն), համարակալվում է արաբական թվանշանով` որպես նկար (նկ. 1, նկ. 2 և այլն), մեկ համարակալման հերթականությամբ` նկարագրության «գրաֆիկական նյութերի համառոտ նկարագրությունը» բաժնում հիշատակման հերթականությանը համապատասխան: Եթե նկարագրությունը պարզաբանվում է մեկ պատկերով, այն չի համարակալվում:

375. Գծագրի մեկ էջում կարող են զետեղվել մի քանի պատկերներ, ընդ որում, դրանք պետք է պարզորեն սահմանազատվեն մեկը մյուսից: Եթե երկու և ավելի թերթերում զետեղված պատկերները միասնական պատկերի մասեր են, ապա դրանք զետեղվում են այնպես, որ այդ պատկերը հնարավոր լինի ամբողջակազմել տարբեր թերթերում զետեղված պատկերներից` առանց որևէ մեկի որևիցե մասը բաց թողնելու: Առանձին պատկերները թերթում կամ թերթերում զետեղվում են այնպես, որ թերթերն առավելագույն չափով հագեցված լինեն և գծագիրը հնարավոր լինի կարդալ թերթի երկար կողմը ուղղաձիգ տեղադրելիս: Եթե պատկերները զետեղվում են թերթի երկար կողմին զուգահեռ, ապա դրանց վերին մասը պետք է գտնվի թերթի ձախ կողմում:

376. Գծագրերը պատրաստվում են տեխնիկական գծագրերի պատրաստման կանոնների համաձայն:

377. Գծագրերում պետք է օգտագործել ուղղանկյուն (օրթոգոնալ) պրոյեկցիաներ (տարբեր տեսքերով, կտրվածքներով և հատվածքներով), թույլատրվում է օգտագործել նաև աքսոնոմետրական պրոյեկցիան:

378. Կտրվածքները թեք ստվերագծով պետք է ցույց տալ այնպես, որ չխաթարվի հիմնական գծերի և հղումային նշանակումների պարզ ընթերցումը:

379. Գծագրում յուրաքանչյուր տարր կատարվում է մյուսներին համամասնորեն, բացառությամբ այն դեպքերի, երբ տարրն ավելի պարզ պատկերելու համար անհրաժեշտ է շեղվել համամասնությունից:

380. Գծագրերը չպետք է ներառեն որևէ մակագրություն, բացառությամբ առանձին անհրաժեշտ բառերի (օրինակ` «ջուր», «գոլորշի», «բաց», «փակ», «Ա-Ա» (հատվածքը նշելու համար), իսկ էլեկտրական սխեմաների, բլոկ-սխեմաների կամ տեխնոլոգիական սխեմաների դեպքում` հասկանալու համար անհրաժեշտ մի քանի կարճ առանցքային բառեր:

381. Գծագրի վրա չափերը չեն նշվում: Անհրաժեշտության դեպքում դրանք բերվում են նկարագրության մեջ:

382. Գծագրի վրա պատկերված տարրերը նշանակվում են արաբական թվանշաններով, գյուտի նկարագրությանը համապատասխան: Մի քանի նկարների վրա բերված միևնույն տարրը նշվում է միևնույն թվանշանով: Մի քանի նկարների վրա պատկերված տարբեր տարրերը չեն կարող նշվել միևնույն թվանշանով: Նկարագրության մեջ չհիշատակված նշանները գծագրերում չեն գրվում:

383. Հանգույցները և մանրամասերը նշող թվանշանները կամ կտրվածքները և հատվածքները նշող տառանշանները, որպես կանոն, զետեղվում են պատկերված հանգույցի կամ մանրամասի սահմաններից դուրս և գծով միացվում են համապատասխան մասերին: Դուրսբերման գիծը տարվում է այնպես, որ հեշտությամբ տարբերվի նկարի տարրերի եզրագծերից: Եթե թվով նշված հանգույցը (տարրը և այլն) ամբողջությամբ բերված է առանձին նկարում, ապա այդ դեպքում տվյալ հանգույցի նշման գիծը չի տարվում: Գծագրերում տառանշանները գրվում են հայերենով, իսկ որտեղ դա ընդունված է` լատինական կամ հունական տառերով:

384. Եթե սարքի տարբեր հանգույցներում օգտագործում են նույնական տարրեր, դրանք հարկավոր է նշել տարբեր թվանշաններով, իսկ դրանց նույնականության մասին նշել նկարագրությունում:

385. Գրաֆիկական նյութը սխեմայի տեսքով ներկայացնելու դեպքում օգտագործվում են ստանդարտ պայմանական գրաֆիկական նշաններ: Կարող են մի տեսակի սխեմայում պատկերվել մեկ այլ տեսակի սխեմայի տարրեր, օրինակ` էլեկտրական սխեմայում` կինեմատիկական կամ հիդրավլիկական սխեմայի տարրեր:

386. Եթե սխեման ներկայացված է ուղղանկյունների տեսքով, որպես տարրերի գրաֆիկական նշաններ, ապա տարրի նշման թվանշանից բացի, տարրի անվանումը նույնպես կարող է զետեղվել անմիջապես ուղղանկյան մեջ: Եթե ուղղանկյան չափերը թույլ չեն տալիս դա անել, ապա տարրի անվանումը կարող է նշվել երկարացման գծի վրա (անհրաժեշտության դեպքում, սխեմայի դաշտում տեղակայված` պատկերի ստորին մասում կատարվող գրառման տեսքով):

387. Որոշ դեպքերում տարրի նշման թվանշանը կարող է գրվել պատկերված սարքի եզրագծի ներսում` եզրագծի ներսում դատարկ տեղի առկայությունից կամ մի քանի տարրեր կամ ստվերագծված դաշտը գծով չհատելու անհրաժեշտությունից ելնելով:

388. Նկարագրության և հավակնության սահմանման մեջ գծագրեր, սխեմաներ և նկարներ չեն բերվում:

389. Տարածական պատկերները ներկայացվում են այն դեպքում, երբ հնարավոր չէ լուսաբանել գյուտը գծագրերով կան սխեմաներով:

390. Լուսանկարները ներկայացվում են միայն որպես գրաֆիկական պատկերների լրացում: Բացառիկ դեպքերում լուսանկարը կարող է ներկայացվել որպես գրաֆիկական պատկերման հիմնական ձև, օրինակ` եթե անհրաժեշտ է ցույց տալ վիրահատության փուլերը և այլն:

 

----------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.05.2022
N 774-Ն
Որոշում