ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 մայիսի 2022 թվականի N 774-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ԲՈՂՈՔՆԵՐԻ, ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ԿԱԶՄՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԳՅՈՒՏԵՐԻ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ, ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ, ԳՅՈՒՏԻ ՀԱՅՏԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ՀԱՅՏԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳՐՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ, ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ, ԳՅՈՒՏԵՐԻ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԴՐԱՆՑՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԵՐԸ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ՔԱՂՎԱԾՔԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԵՋ ՆՇՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԳՅՈՒՏԻ ԿԱՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՖՐԱՆՉԱՅԶԻՆԳԸ), ԴՐԱՆՑ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ, ԳՅՈՒՏԻ ԿԱՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ԱՐՏՈՆԱԳՐԱՏԻՐՈՋ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(4-րդ մաս)
23. ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՄԸ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՄԻՋՈՑՈՎ
391. Հայտատուն, արտոնագրատերը, այլ շահագրգիռ անձը Գրասենյակի հետ գործավարությունը կարող է վարել ներկայացուցչի միջոցով: Ներկայացուցչի իրավասությունը վավերացվում է նրանց կողմից տրված լիազորագրով, որը կազմվում է հասարակ գրավոր ձևով` առանց նոտարական վավերացման:
392. Եթե մեկ հայտում նշված են մի քանի հայտատու կամ արտոնագիրը տրված է մի քանի արտոնագրատիրոջ անունով, ապա նրանցից յուրաքանչյուրն իրավունք ունի գործերը վարելու Գրասենյակում, սակայն նրանք` կամ պետք է բոլորը միասին ստորագրեն հայտատուի կամ արտոնագրատիրոջ ստորագրությունը պահանջող յուրաքանչյուր փաստաթուղթ, կամ հայտատուների կամ արտոնագրատերերի կազմից պետք է նշանակեն ընդհանուր ներկայացուցիչ, կամ էլ պետք է նշանակեն այլ ներկայացուցիչ: Այս պահանջը տարածվում է նաև այլ շահագրգիռ անձանց վրա, որոնք վարում են գործերը Գրասենյակում:
393. Եթե մեկ հայտում նշված մի քանի հայտատուներ սույն կարգի 392-րդ կետի համաձայն չեն նշանակում ընդհանուր ներկայացուցիչ, ապա Գրասենյակը դիմումում առաջինը նշված հայտատուին ընդունում է որպես ընդհանուր ներկայացուցիչ և հայտով նամակագրությունը վարում է այդ հայտատուի հետ: Այս պահանջը համապատասխանաբար կիրառվում է նաև մի քանի արտոնագրատերերի նկատմամբ, որոնք իրավունք ունեն գործերը վարել մեկ արտոնագրով, ինչպես նաև Գրասենյակի հետ գործերը վարող այլ շահագրգիռ անձանց նկատմամբ:
394. Եթե ընդհանուր ներկայացուցիչը չունի Հայաստանի Հանրապետության տարածքում մշտական բնակության կամ գտնվելու վայր, ապա նա պետք է Գրասենյակում գործերը վարի Հայաստանի Հանրապետության տարածքում մշտական բնակության կամ գտնվելու վայր ունեցող ներկայացուցչի միջոցով:
395. Եթե ներկայացուցչի նշանակումն իրականացվում է մի քանի անձանց կողմից, ապա լիազորագիրը պետք է ստորագրեն բոլոր այդ անձինք: Մասնավորապես, եթե հայտը ներկայացվում է մի քանի հայտատուների անունից, ապա լիազորագիրը պետք է ստորագրվի նրանցից յուրաքանչյուրի կողմից: Նման պահանջներ ներկայացվում են նաև Գրասենյակի հետ գործերը վարող մի քանի արտոնագրատերերի կամ այլ շահագրգիռ անձանց կողմից լիազորագրի տրամադրման ժամանակ:
396. Առանձին լիազորագիր չի պահանջվում, եթե ներկայացուցիչը նշված է հայտատուի կողմից ստորագրված գյուտի արտոնագիր (կարճաժամկետ արտոնագիր) ստանալու մասին դիմումի ձևում: Այդ դեպքում ներկայացուցիչն ունի բոլոր լիազորությունները տվյալ հայտի նկատմամբ` ընդհուպ մինչև արտոնագիր ստանալը:
397. Ներկայացուցիչ նշանակող կողմը (հայտատուն, արտոնագրատերը, այլ շահագրգիռ անձը) կարող է նշանակել մեկ կամ մի քանի ներկայացուցիչ յուրաքանչյուր կամ բոլոր գործողությունների համար, որոնք նախատեսված են Գրասենյակի ընթացակարգով: Եթե նշանակված է մի քանի ներկայացուցիչ, և ներկայացուցիչ նշանակող կողմը չի նշանակում ընդհանուր ներկայացուցչի, որի հետ Գրասենյակը պետք է վարի գործավարությունը, ապա Գրասենյակը ծանուցումները և որոշումներն ուղարկում է հայտը ներկայացրած ներկայացուցչին, իսկ դրա անհնարինության դեպքում` նշանակված ներկայացուցիչներից որևէ մեկին:
398. Գրասենյակի հետ գործերի վարման համար ներկայացուցիչը ներկայացնում է իրեն տրված լիազորագրի բնօրինակը: Լիազորագրի պատճենները կարող են ներկայացվել միայն ներկայացուցիչ նշանակող կողմի նախկինում տրված և Գրասենյակում պահվող լիազորագրի հետ կապված (ընդհանուր լիազորագիր): Այս դեպքում, հայտ ներկայացնելիս, հայտատուն պետք է նշի, որ ընդհանուր լիազորագրի բնօրինակը նախկինում ներկայացվել էր Գրասենյակ, ինչպես նաև այն հայտի համարը, որում պահվում է լիազորագրի բնօրինակը:
399. Հայտատուի կամ արտոնագրատիրոջ կողմից տրված լիազորագիրը (կամ ընդհանուր լիազորագրի պատճենը) ներկայացվում է Գրասենյակ այն փաստաթղթի (հայտի, դիմումի) հետ միասին, որի ներկայացման համար նշանակվում է ներկայացուցիչը, կամ այդ փաստաթղթի (հայտի, դիմումի) ներկայացնելուց հետո` երկու ամսվա ընթացքում: Մինչև լիազորագիր ներկայացնելը ներկայացուցչի կատարած գործողությունները համարվում են չկատարված և հաշվի չեն առնվում, բացառությամբ հայտը (դիմումը) Գրասենյակ ներկայացնելուց և սահմանված պետական տուրքը վճարելուց:
400. Հայտատուի կողմից ներկայացուցչին տրված լիազորագիրն ուժի մեջ է նրա կողմից Գրասենյակի հետ արտոնագրի հետ կապված գործերի վարման համար, եթե համապատասխան լիազորությունները նշված են լիազորագրում, և եթե արտոնագիրը տրված է հայտատուի անունով:
401. Եթե արտոնագիրը պատկանում է հայտատուից տարբեր այլ անձի, ապա ներկայացուցչի միջոցով Գրասենյակի հետ գործերի վարման համար արտոնագրատերը պետք է ներկայացնի նոր լիազորագիր, որը սահմանում է ներկայացուցչի լիազորությունները: Այս դեպքում արտոնագրատերը լիազորագիրը ներկայացնում է Գրասենյակ այն փաստաթղթի (դիմումի) հետ միասին, որի ներկայացման կապակցությամբ նշանակվում է ներկայացուցիչը, կամ Գրասենյակի կողմից այդ փաստաթղթի (դիմումի) ստացման օրվանից երկու ամսվա ընթացքում:
402. Ներկայացուցչի միջոցով Գրասենյակի հետ գործերի վարման համար այլ շահագրգիռ անձինք լիազորագիրը ներկայացնում են այն փաստաթղթի (դիմումի) հետ միասին, որի ներկայացման կապակցությամբ նշանակվում է ներկայացուցիչ:
403. Ներկայացուցիչ նշանակող կողմը (հայտատուն, արտոնագրատերը, այլ շահագրգիռ անձը) ցանկացած ժամանակ կարող է դադարեցնել լիազորագրի գործողությունը, իսկ ներկայացուցիչը հրաժարվել իր նշանակումից` այդ մասին տեղեկացնելով Գրասենյակին: Ներկայացուցիչ նշանակող կողմի որոշումն ուժի մեջ է մտնում Գրասենյակի կողմից այն ստանալու օրվանից: Իր նշանակումից հրաժարվելու մասին ներկայացուցչի որոշումն ուժի մեջ է մտնում այդ որոշումը Գրասենյակի կողմից ստանալու օրվանից, պայմանով, որ այդ մասին ծանուցված է ներկայացուցիչ նշանակող կողմը: Նշանակող կողմն ավելի ուշ ծանուցվելու դեպքում ներկայացուցչի որոշումն ուժի մեջ է մտնում այդ որոշումը նշանակող կողմի ստանալու օրվանից:
404. Սույն կարգի 403-րդ կետով սահմանված դեպքերում, ներկայացուցիչ նշանակող կողմը (հայտատուն, արտոնագրատերը, այլ շահագրգիռ անձը) Գրասենյակի հետ գործերի վարման համար կարող է նշանակել նոր ներկայացուցիչ:
405. Արտոնագրային հավատարմատարի լիազորությունները հաստատող փաստաթղթի (լիազորագրի) բնօրինակը ներկայացվում է նրա հայեցողությամբ, բացառությամբ հետևյալ դեպքերի`
1) սույն կարգի 404-րդ կետի համաձայն նոր ներկայացուցիչ նշանակվելու,
2) հայտի հետկանչման մասին դիմում կամ առաջնության իրավունքից հրաժարման մասին դիմում ներկայացնելու,
3) արտոնագիր ստանալու իրավունքի փոխանցման մասին դիմում կամ հայտատուի անվան կամ անվանման փոփոխություն կատարելու մասին դիմում ներկայացնելու,
4) Գրասենյակի հիմնավոր կասկածների, թե արդյոք արտոնագրային հավատարմատարն ունի համապատասխան լիազորություններ:
406. Եթե լիազորագիրը ներկայացված է օտար լեզվով, դրան կցվում է հայերեն թարգմանությունը:
24. ՆԱՄԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՀԵՏ
407. Գրասենյակի հետ նամակագրությունը վարում է հայտատուն, արտոնագրատերը կամ նրանց կողմից նշանակված ներկայացուցիչը կամ արտոնագրային հավատարմատարը, յուրաքանչյուր հայտով կամ արտոնագրով առանձին:
408. Հայտը Գրասենյակ ներկայացվում է սույն կարգի 24-րդ կետով նախատեսված կարգով:
409. Հայտին վերաբերող փաստաթղթերը Գրասենյակ կարող են ներկայացվել սույն կարգի 28-րդ կետով նախատեսված կարգով:
410. Հայտ ներկայացնելուց հետո դրան վերաբերող նյութերը պետք է ներկայացվեն հայտի համարի նշմամբ, իսկ արտոնագիր տալու դեպքում` արտոնագրի համարի նշմամբ:
411. Հայտ ներկայացնելուց հետո դրան վերաբերող նյութերը պետք է ստորագրեն հայտատուն, արտոնագրատերը, կամ նրանց կողմից նշանակված ներկայացուցիչը կամ արտոնագրային հավատարմատարը:
412. Ստորագրությունները վերծանվում են` ստորագրող անձանց անունների սկզբնատառերի և ազգանունների նշումով:
413. Եթե հայտատուն կազմակերպություն է (մասնավորապես` իրավաբանական անձ), ապա նշվում է կազմակերպության լրիվ անվանումը, իսկ դիմումը ստորագրում է կազմակերպության ղեկավարը կամ դրա համար կազմակերպության կանոնադրությամբ լիազորված մեկ այլ անձ` նշելով պաշտոնը: Նշված պահանջը կիրառելի է նաև հայտով կամ արտոնագրով գործավարության ընթացքում ստորագրություն պահանջող այլ փաստաթղթերի նկատմամբ:
414. Եթե հարցմանն ի պատասխան ներկայացված նյութերում հայտի համարը նշված չէ, ապա դրանք վերադարձվում են առանց քննարկման, այն դեպքում, երբ հայտի համարը հնարավոր չէ որոշել անուղղակի ճանապարհով:
415. Օրենքի 42-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Գրասենյակում գործավարությունն իրականացվում է հայերեն: Այլ լեզվով ներկայացված նյութերին պետք է կցվի դրանց հայերեն թարգմանությունը: Այլ լեզվով ներկայացված նյութը համարվում է չներկայացված, եթե այն ներկայացվել է առանց թարգմանության:
416. Գրասենյակ ներկայացված նյութերը, որոնք ձևակերպված են թերություններով և դժվար ընթեռնելի են, չեն քննարկվում, ինչի մասին ծանուցվում է այդ նյութերը ներկայացրած անձը:
25. ՀԱՅՏԻ ՆՅՈՒԹԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՁԵՎԸ
417. Հայտով գործավարության ցանկացած փուլում հավակնության սահմանման մեջ փոփոխություններ կատարելիս հայտատուն պարտավոր է ներկայացնել փոփոխված հավակնության սահմանումն առանձին փաստաթղթի տեսքով, որը կպարունակի հավակնության սահմանման բոլոր կետերը: Նշված փաստաթուղթը չպետք է պարունակի գրառումներ կամ սրբագրումներ:
418. Փոփոխված հավակնության սահմանումը պետք է ներկայացվի ուղեկցող նամակով, որում.
1) ուշադրություն է դարձվում նախկինում ներկայացված հավակնության սահմանման և փոփոխված հավակնության սահմանման միջև եղած տարբերության վրա, և նշվում է, թե հավակնության սահմանման որ կետերը`
ա. փոփոխվել են (օրինակ` 4-րդ կետը փոփոխված է, լրացված է նոր 6-րդ կետը, 8-րդ կետը` 7-րդ կետի բաժանման արդյունքն է և այլն),
բ. չեղարկվել են,
գ. մնացել են անփոփոխ:
2) նշվում է հայտի սկզբնական նյութերում հատուկ տեղը, որը պարունակում է այն տեղեկատվությունը, որի հիման վրա կատարվում են այդ փոփոխությունները:
419. Եթե հայտատուն չի ներկայացնում ուղեկցող նամակը, կամ նամակում չի նշում հավակնության սահմանման մեջ կատարվող փոփոխությունների հիմքը, ապա Գրասենյակն իրավունք ունի հաշվի չառնել ներկայացված փոփոխությունները:
420. Գյուտի նկարագրության մեջ փոփոխություններ կատարելիս, հայտատուն պետք է ներկայացնի գյուտի նկարագրության փոփոխված խմբագրությունն առանձին փաստաթղթի տեսքով, որը կփոխարինի նախկինում ներկայացված ամբողջ նկարագրությունը` հետևյալ դեպքերում.
1) եթե փոփոխություններն ուղղված են տեխնիկական սխալների վերացմանը, գյուտի նկարագրության ձևակերպմանը ներկայացվող պահանջների բավարարմանը, նկարագրության հայերեն թարգմանության մեջ սխալների վերացմանը.
2) եթե նկարագրության փոփոխությունը հայտատուի կողմից կատարվում է օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով և ժամկետում` համաձայնեցված հավակնության սահմանմանը գյուտի նկարագրությունը համապատասխանեցնելու համար, մասնավորապես` հավակնության սահմանմանը նկարագրության «գյուտի բացահայտումը» բաժինը, իսկ անհրաժեշտության դեպքում` գյուտի նկարագրության մեջ պարունակվող նաև այլ տեղեկությունները համապատասխանեցնելու համար:
421. Թղթային կրիչի վրա ներկայացված գյուտի նկարագրության աննշան փոփոխությունների (տպագրական սխալների, մատենագիտական տվյալներում թույլ տրված անճշտությունների և այլն) դեպքում, գյուտի նկարագրության փոփոխությունները կարող են կատարվել փոխարինող թերթեր ներկայացնելու միջոցով: Անհրաժեշտության դեպքում Գրասենյակը (մասնավորապես` գյուտի նկարագրությունը հրապարակման համար նախապատրաստելու նպատակով) իրավունք ունի պահանջել հայտատուից ներկայացնել գյուտի նկարագրության փոփոխված խմբագրությունն առանձին փաստաթղթի տեսքով:
422. Եթե սույն կարգի 421-րդ կետի համաձայն փոփոխություններ մտցնելուց հետո փոխարինող թերթի տեքստը զբաղեցնում է էջը ոչ լրիվությամբ կամ տեքստը, որը նախկինում զբաղեցնում էր մեկ էջ, դուրս է գալիս դրա շրջանակներից, ապա անհրաժեշտ է փոխարինել նաև հաջորդող թերթերը:
423. Փոփոխված գրաֆիկական նյութերը (գծագրերը և այլն) ներկայացվում են փոխարինող թերթերի տեսքով:
424. Փոփոխված նկարագրությանը կամ գծագրերին պետք է կցվի ուղեկցող նամակ, որում նշվում են փոփոխության ենթարկված նկարագրության տեղերը (էջը, պարբերությունը և այլն) կամ գծագրերը (նկարի համարը):
425. Եթե ճշգրտումները վերաբերում են հայտատուի կամ նրա ներկայացուցչի անվանմանը, պայմանով, որ այն մնում է նույն անձը, և(կամ) նրա հասցեին, և(կամ) նամակագրության հասցեին, հայտատուի համապատասխան դիմումը կարող է վերաբերել միևնույն հայտատուի մի քանի հայտերին: Այս դեպքում դիմումի բնօրինակը ներկայացվում է հայտերից մեկով, իսկ մնացածներից յուրաքանչյուրով ներկայացվում է դրա պատճենը, որի վրա նշվում է այն հայտը, որում պահվում է դիմումի բնօրինակը:
26. ԶԱՏՎԱԾ ՀԱՅՏԵՐ
426. Գյուտի հայտը, որը չի բավարարում գյուտի միասնության պահանջին, հայտատուի նախաձեռնությամբ կամ Գրասենյակի առաջարկով, մինչև սկզբնական հայտով արտոնագիր տալու մասին տեղեկությունների հրապարակումը, իսկ սկզբնական հայտով կայացրած արտոնագիր տալը մերժելու մասին որոշման դեպքում` մինչև որոշումը բողոքարկելու հնարավորությունների ամբողջությամբ սպառվելը կարող է բաժանվել մեկ կամ մի քանի զատված հայտ ներկայացնելու միջոցով:
427. Զատված հայտը պետք է բավարարի հայտին ներկայացվող բոլոր պահանջներին, ինչպես նաև զատված հայտերի համար առանձնահատուկ պահանջներին, մասնավորապես` զատված հայտով հայտատուի հավակնությունները չեն կարող տարածվել այն գյուտերի վրա, որոնք նույնական են գյուտերին, որոնց նկատմամբ սկզբնական հայտով խնդրարկվում է իրավական պահպանություն: Զատված հայտով գյուտի նկարագրությունը չպետք է պարունակի տեղեկություններ, որոնք չեն վերաբերում այդ հայտում հայտարկված գյուտին(երին):
428. Զատված հայտը պետք է ներկայացված լինի սկզբնական հայտի հայտատուի(ների) կողմից, իսկ այլ հայտատուի(ների) կողմից ներկայացվելու դեպքում պետք է կիրառվեն օրենքի 70-րդ հոդվածով նախատեսված հայտի նկատմամբ իրավունքի փոխանցման դրույթները:
429. Զատված հայտը կարող է հանդես գալ որպես իրենից այլ զատված հայտի զատման աղբյուր պայմանով, որ գյուտը բացահայտված է եղել ինչպես սկզբնական, այնպես էլ առաջին զատված հայտերում:
430. Զատված հայտով ներկայացված գյուտի բովանդակության` սկզբնական հայտով ներկայացված գյուտի բովանդակությանը համապատասխանության ստուգումն իրականացվում է` զատված հայտով նախնական փորձաքննության անցկացման ընթացքում (առաջին հայացքից), ինչպես նաև անհրաժեշտության դեպքում, ըստ էության փորձաքննության անցկացման ընթացքում:
431. Զատված հայտ ներկայացնելիս չի պահանջվում նախորդող հայտի վավերացված պատճենը, եթե այն սկզբնական հայտով ներկայացված է եղել:
432. Եթե սկզբնական հայտով նախորդող հայտի առաջնության խնդրարկումը մերժվել է կամ հայտատուն հրաժարվել է դրանից, ապա զատված հայտով առաջնություն չի տրամադրվում:
433. Զատված հայտ ներկայացնելու հնարավորությունը պահպանվում է այն դեպքում, երբ դեռ չի լրացել հետ կանչված համարված սկզբնական հայտի նկատմամբ իրավունքների վերականգնման մասին դիմումի ներկայացման ժամկետը:
434. Օրենքի 52-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` զատված հայտով, որը առանձնացվել է այն սկզբնական (ավելի վաղ) ներկայացված հայտից, որով սկսվել էր ըստ էության փորձաքննության անցկացումը և վճարվել էր օրենքով սահմանված պետական տուրքը, ըստ էության փորձաքննությունն անցկացվում է հայտի նախնական փորձաքննության դրական արդյունքով ավարտից անմիջապես հետո:
435. Սույն կարգի 434-րդ կետում նշված դեպքում ըստ էության փորձաքննություն անցկացնելու համար սահմանված պետական տուրքը չի վճարվում:
436. Սույն կարգի 434-րդ կետում նշված դեպքում օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` ըստ էության փորձաքննություն անցկացնելու մասին դիմումի ներկայացման ժամկետը կիրառելի չէ:
27. ՀԱՅՏԻ ՀԵՏԿԱՆՉՈՒՄԸ, ԱՐՏՈՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ
437. Օրենքի 38-րդ հոդվածի համաձայն` գործավարության ցանկացած փուլում հայտատուն կարող է հետ կանչել Գրասենյակ ներկայացրած գյուտի արտոնագիր (կարճաժամկետ արտոնագիր) ստանալու մասին իր դիմումը (հետ կանչել հայտը):
438. Հայտը համարվում է հետ կանչված` Գրասենյակի կողմից հայտի հետկանչման մասին դիմումն ստանալու օրվանից: Գրասենյակը հայտի հետկանչման մասին հայտատուի դիմումի հիման վրա որոշում է կայացնում հայտը հետ կանչված համարելու մասին, ինչի մասին հայտատուն երեք աշխատանքային օրվա ընթացքում ծանուցվում է: Որոշումը հայտատուին ուղարկելուց հետո հայտով գործավարությունը դադարեցվում է:
439. Հայտի հետկանչման մասին հայտատուի դիմումի հիման վրա Գրասենյակն իր պաշտոնական տեղեկագրում տեղեկություն է հրապարակում տվյալ հայտով գործավարությունն ավարտելու մասին:
440. Հետագայում հայտատուի իրավունքները չեն կարող հիմնվել այդ հայտի վրա:
441. Եթե հայտատուն հայտը հետ է կանչում ավելի ուշ, քան հայտի հրապարակման օրվանից տասն աշխատանքային օր առաջ, որից հետո հայտը հրապարակվել է, ապա հրապարակված հայտը չի կարող օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն կազմել տեխնիկայի նախորդող մակարդակի առանձին մաս:
442. Հայտի հետկանչման մասին իր դիմումը չեղյալ համարելու վերաբերյալ հայտատուի խնդրանքը, որը ներկայացվել է դիմումը Գրասենյակի կողմից ստանալուց հետո, չի կարող բավարարվել:
443. Մինչև տվյալ հայտով գործավարության ավարտը` օրենքի 70-րդ հոդվածի 17-րդ մասի համաձայն, հայտատուն արտոնագիր ստանալու իրավունքն ամբողջությամբ կամ մասնակիորեն կարող է պայմանագրով փոխանցել այլ անձի և (կամ) տրամադրել գյուտի օգտագործման թույլտվություն` լիցենզիա: Ընդ որում, լիցենզային պայմանագրում նշվում են նաև տվյալ հայտով արտոնագիր ստանալու կամ չստանալու հետ կապված կողմերի հետագա փոխհարաբերությունները կարգավորելու հնարավոր մեխանիզմները:
444. Արտոնագիր ստանալու իրավունքի փոխանցման մասին դիմումը պետք է առնվազն ներառի` հայտի համարը, դրա ներկայացման թվականը, արտոնագիր ստանալու իրավունքը փոխանցողի (հայտատուի) և այդ իրավունքները ստացողի (նոր հայտատուի) վերաբերյալ տվյալներ (ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, բնակության վայրը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում) (անհատ ձեռնարկատեր նշումով), հաշվառման վայրը, կազմակերպության դեպքում` անվանումը, գտնվելու վայրը): Եթե արտոնագիր ստանալու իրավունքը փոխանցողը և այդ իրավունքները ստացողը մի քանիսն են, նշված տեղեկությունները բերվում են նրանցից յուրաքանչյուրի համար: Դիմումը պետք ստորագրված լինի իրավունքը փոխանցողի, ինչպես նաև այդ իրավունքը ստացողի կողմից:
445. Արտոնագիր ստանալու իրավունքի փոխանցման մասին դիմումին հայտատուն պետք է կցի արտոնագիր ստանալու իրավունքի փոխանցման մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը:
446. Գրասենյակն արտոնագիր ստանալու իրավունքի փոխանցման մասին դիմումի քննարկման ընթացքում ստուգում է դրա` սույն կարգի 443-445-րդ կետերով սահմանված պահանջներին համապատասխանությունը:
447. Արտոնագիր ստանալու իրավունքի փոխանցման մասին դիմումը քննարկելիս Գրասենյակն այն ներկայացնելու օրվանից հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է` սահմանված ժամկետում դիմումը ներկայացնելու փաստը, դիմումի մեջ անհրաժեշտ տեղեկությունների առկայությունը, սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի առկայությունը և վճարված պետական տուրքի չափի համապատասխանությունը սահմանվածին, հաշվի առնելով` նվազեցված դրույքաչափով դրա վճարման հնարավորությունը:
448. Առանց համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագրի ներկայացման` արտոնագիր ստանալու իրավունքի փոխանցման մասին դիմումը համարվում է չներկայացված, ինչի մասին հայտատուն ծանուցվում է:
449. Եթե սույն կարգի 445-րդ կետում նշված պետական տուրքը վճարված է ոչ լրիվ, ապա հայտատուին առաջարկվում է այդ մասին ծանուցագրի ստացման օրվանից երկամսյա ժամկետում լրավճարել պետական տուրքը:
450. Արտոնագիր ստանալու իրավունքի փոխանցման մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար սահմանված պետական տուրքի նվազեցված դրույքաչափը կիրառվում է, եթե արտոնագիր ստանալու իրավունքը փոխանցողը և այդ իրավունքները ստացողը, օգտվում են նվազեցված դրույքաչափով պետական տուրք վճարելու արտոնությունից: Ընդ որում, եթե նրանք համարվում են տարբեր կատեգորիաների հայտատուներ, այսինքն` օգտվում են նվազեցված դրույքաչափի տարբեր տոկոսներից, ապա տուրքը վճարվում է նվազագույն նվազեցված տոկոսով:
451. Եթե սույն կարգի 445-րդ կետում նշված պետական տուրքը վճարվել է նվազեցված դրույքաչափով, ապա ստուգվում է նաև իրավունքը փոխանցողի և այդ իրավունքը ստացողի (եթե դրանք կազմակերպություններ են) աշխատողների թվի մասին տեղեկանքի առկայությունը, որում նշվում է տվյալ կազմակերպության (իրավաբանական անձի) աշխատողների թվաքանակը` պետական տուրքի վճարման օրվա դրությամբ: Տեղեկանքն ստորագրում է տվյալ կազմակերպության ղեկավարը կամ այդպիսի իրավասություն ունեցող այլ անձ:
452. Սույն կարգի 451-րդ կետում նշված տեղեկանքի բացակայության դեպքում դիմումատուին երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է ծանուցագիր` այն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում տեղեկանքը ներկայացնելու կամ, համապատասխան դեպքում, պետական տուրքի լրավճարում կատարելու առաջարկությամբ:
453. Սահմանված ժամկետում նշված տեղեկանքը կամ պետական տուրքը չլրավճարելու դեպքում արտոնագիր ստանալու իրավունքի փոխանցման մասին դիմումը համարվում է չներկայացված, ինչի մասին հայտատուն երեք աշխատանքային օրվա ընթացքում ծանուցվում է:
454. Եթե սույն կարգի 446-րդ կետի համաձայն կատարված ստուգման արդյունքներով Գրասենյակը դիմումը համարում է սահմանված պահանջներին համապատասխանող, ապա որոշվում է կայացվում արտոնագիր ստանալու իրավունքի փոխանցման մասին, ինչի մասին հայտատուն երեք աշխատանքային օրվա ընթացքում ծանուցվում է:
455. Սույն կարգի 454-րդ կետի համաձայն կայացված որոշման հիման վրա Գրասենյակը համապատասխան փոփոխություն է կատարում գյուտերի հայտերի հիմնապաշարում:
28. ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԵՎ ՀԱՅՏԵՐԻ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ
456. Ցանկացած անձ իր դիմումի համաձայն կարող է ուսումնասիրել հայտերին վերաբերող փաստաթղթերը և ծանոթանալ ձեռք բերված կամ գրանցված իրավունքներին վերաբերող նյութերին` հաշվի առնելով օրենքի 9-րդ հոդվածով սահմանված պահանջները:
457. Հայտին կամ գրանցված իրավունքներին վերաբերող փաստաթղթերն ու նյութերը ուսումնասիրելու կամ դրանց ծանոթանալու մասին դիմումին պետք է կցվի` հայտին կամ գրանցված իրավունքներին վերաբերող փաստաթղթերն ու նյութերը ուսումնասիրելու կամ դրանց ծանոթանալու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը:
458. Մինչև Գրասենյակի պաշտոնական տեղեկագրում գյուտի արտոնագիր ստանալու հայտերի կամ գյուտերի կարճաժամկետ արտոնագրերի մասին տեղեկությունների հրապարակումը դրանց նյութերը համարվում են գաղտնի:
459. Գաղտնի համարվող (չհրապարակված) նյութերը ծանոթացման համար դառնում են մատչելի միայն հայտատուի գրավոր համաձայնությամբ կամ թույլտվությամբ:
460. Ցանկացած անձ, որը Գրասենյակին ապացուցում է, որ հայտատուն իրեն գրավոր տեղեկացրել է հայտի և խնդրարկվող իրավական ծավալի բովանդակության մասին, կարող է ծանոթանալ գաղտնի համարվող (չհրապարակված) նյութերին` առանց հայտատուի լրացուցիչ համաձայնության կամ թույլտվության:
461. Գրասենյակը հայտին կամ գրանցված իրավունքներին վերաբերող փաստաթղթերն ու նյութերը ուսումնասիրելու կամ դրանց ծանոթանալու մասին դիմումի քննարկման ընթացքում ստուգում է դրա համապատասխանությունը սույն կարգի 456-460-րդ կետերով սահմանված պահանջներին:
462. Սույն կարգի 456-րդ կետում նշված դիմումը քննարկելիս Գրասենյակն այն ներկայացնելու օրվանից հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է` սահմանված ժամկետում ներկայացված, սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի առկայությունը և վճարված պետական տուրքի չափի համապատասխանությունը սահմանվածին:
463. Առանց համապատասխան պետական տուրքի վճարման սույն կարգի 456-րդ կետում նշված դիմումը համարվում է չներկայացված, ինչի մասին դիմումատուն ծանուցվում է:
464. Եթե սույն կարգի 457-րդ կետում նշված պետական տուրքը վճարված է ոչ լրիվ, ապա դիմումատուին առաջարկվում է այդ մասին ծանուցագրի ստացման օրվանից երկամսյա ժամկետում լրավճարել պետական տուրքը:
465. Համապատասխան դեպքում Գրասենյակը ստուգում է սույն կարգի 459-րդ կետում նշված հայտատուի գրավոր համաձայնության կամ թույլտվության առկայությունը, կամ դրա բացակայությունը հիմնավորող ապացույցների իսկությունը:
466. Եթե սույն կարգի 461-րդ և 462-րդ կետերի համաձայն կատարված ստուգման արդյունքներով Գրասենյակը դիմումը համարում է սահմանված պահանջներին համապատասխանող, ապա Գրասենյակը թույլատրում է ծանոթանալ պահանջվող փաստաթղթերին պայմանավորված օրը և ժամին, առանց նյութերից քաղվածքներ և պատճեններ պատրաստելու:
467. Եթե սույն կարգի 461-րդ կամ 462-րդ կետերի համաձայն կատարված ստուգման արդյունքներով Գրասենյակը դիմումը չի համարում սահմանված պահանջներին համապատասխանող, ապա հայտին կամ գրանցված իրավունքներին վերաբերող փաստաթղթերն ու նյութերը ուսումնասիրելու կամ դրանց ծանոթանալու մասին դիմումը մերժվում է (կայացվում է մերժման մասին որոշում), ինչի մասին դիմումատուն ծանուցվում է:
468. Մինչև պաշտոնական տեղեկագրում գյուտի արտոնագիր ստանալու հայտի կամ գյուտի կարճաժամկետ արտոնագրի մասին տեղեկությունների հրապարակումը Գրասենյակը կարող է բացահայտել կամ երրորդ անձանց տրամադրել հետևյալ տվյալները`
1) հայտի համարը.
2) հայտի ներկայացման թվականը, իսկ առաջնություն խնդրարկելու դեպքում` նաև առաջին հայտի ներկայացման թվականը, համարը և երկիրը.
3) հայտատուին վերաբերող տվյալները (ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, բնակության վայրը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում) (անհատ ձեռնարկատեր նշումով), հաշվառման վայրը, կազմակերպության դեպքում` անվանումը, գտնվելու վայրը).
4) գյուտի անվանումը, եթե այն չի բացահայտում տվյալ գյուտի էությունը:
469. Սույն կարգի 467-րդ կետի համաձայն կայացված որոշման դեպքում գաղտնի համարվող (չհրապարակված) հայտի վերաբերյալ դիմումատուին կարող են տրամադրվել միայն սույն կարգի 468-րդ կետում նշված տվյալները:
29. ՀԱՅՏԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆՇՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՆ ԾԱՆՈԹԱՆԱԼԸ
470. Հայտատուն (կամ նրա ներկայացուցիչը) կարող է Գրասենյակից պահանջել փորձաքննության հարցման կամ որոշման մեջ նշված նյութերի պատճենները: Նշված նյութերն ուղարկվում են հայտատուի դիմումի ստացման օրվանից մեկ ամսվա ընթացքում` համապատասխան պետական տուրք վճարելու պայմանով:
471. Եթե այդ նյութերը վերաբերում են չհրապարակված հայտին, ապա հայտատուին կարող են տրամադրվել այդ հայտի վերաբերյալ միայն օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասում նշված տվյալները: Այդ հայտի նյութերի պատճենները հայտատուին չեն ուղարկվում:
30. ՀԱՅՏԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՀԱՅՏԱՏՈՒԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
472. Հայտի հետ կապված հարցերը կարող են քննարկվել հայտատուի մասնակցությամբ, որն անցկացվում է Գրասենյակի առաջարկությամբ կամ հայտատուի խնդրանքով` այդ հարցերին երկու կողմերի ծանոթանալուց հետո:
473. Փորձաքննության հարցերը կարող են շարադրվել այն հարցման մեջ, որում լրացուցիչ հայտնվում է հանդիպման նպատակահարմարության մասին, իսկ հայտատուի հարցերը` այդպիսի հանդիպման մասին դիմումի մեջ:
474. Դիմումը կազմվում է ազատ շարադրանքով և ստորագրվում է հայտատուի կամ նրա ներկայացուցչի կողմից: Դիմումի մեջ պետք է նշվեն` հայտի համարը, քննարկման համար առաջարկվող հարցերը, հանդիպման ցանկալի թվականը և ժամը և կոնտակտային հեռախոսահամար` քննարկման թվականը և ժամը վերջնական համաձայնեցնելու համար:
475. Հարցման դեպքում հայտատուի պատասխանը ներկայացվում է օրենքի 50-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում, անկախ նրանից, թե հայտատուն մտադրություն ունի մասնակցելու հայտի քննարկմանը, թե` ոչ:
476. Հայտի քննարկման թվականը և ժամը հայտատուի հետ վերջնական համաձայնեցվում են դիմումի մեջ նշված կոնտակտային հեռախոսահամարով:
477. Հանգամանքների փոփոխման դեպքում այն կողմը, որը նշանակված ժամկետին հնարավորություն չունի մասնակցելու հայտի քննարկմանը, այդ մասին անհապաղ տեղեկացնում է մյուս կողմին:
478. Եթե Գրասենյակը կամ հայտատուն հայտի համատեղ քննարկումը համարում են անժամանակ կամ ոչ նպատակահարմար, Գրասենյակի առաջարկությունը կամ հայտատուի խնդրանքը կարող է մերժվել` բերելով համապատասխան փաստարկներ:
479. Առանց նախնական համաձայնության Գրասենյակ ներկայացված հայտի համատեղ քննարկման հայտատուի խնդրանքը կարող է մերժվել:
480. Հայտի քննարկմանը կարող է մասնակցել հայտատուի ներկայացուցիչը` պայմանով, որ լիազորագրում նշված են նրա իրավասությունները:
481. Հայտի` հայտատուի մասնակցությամբ քննարկմանը նրա խնդրանքով, որպես խորհրդատու, կարող է մասնակցել նաև այլ անձ: Այլ անձի մասնակցությունը հայտի քննարկմանը հնարավոր է նաև հայտատուի ներկայացուցչի խնդրանքով, եթե լիազորագրով նրան տրված է այդպիսի իրավասություն:
482. Անձը, որը միակ հայտատուն չէ, կարող է մասնակցել դիմումի քննարկմանը այլ հայտատուների բացակայության դեպքում միայն ընդհանուր ներկայացուցչի լիազորություններ ունենալու դեպքում:
483. Հայտատուի մասնակցությամբ հայտի քննարկումն իրականացվում է բանակցությունների միջոցով կամ փորձաքննական խորհրդակցությունում:
484. Բանակցություններն անցկացվում են այն դեպքում, երբ հարցերը կարող են վճռվել անմիջականորեն փորձագետի և հայտատուի կողմից, իսկ փորձաքննական խորհրդակցությունը` եթե հարցի լուծման համար պահանջվում է փորձաքննության կողմից մի շարք մասնագետների մասնակցություն:
485. Բանակցությունների կամ փորձաքննական խորհրդակցության արդյունքում սահմանված ձևով կազմվում է արձանագրություն` երկու օրինակից, որում նշվում են տեղեկություններ մասնակիցների մասին, կողմերի ներկայացրած փաստարկները և առաջարկությունները, ինչպես նաև հետագա գործավարության մասին եզրակացությունները:
486. Արձանագրության մեջ կարող են բերվել հայտատուի (նրա ներկայացուցչի) կողմից առաջարկված կամ փորձաքննության հետ համաձայնեցված գյուտի հավակնության սահմանման նոր խմբագրությունը, հայտը հետ կանչելու մասին դիմումը, գրավոր բացատրություն պահանջող փորձաքննության հարցերը և այլն:
487. Արձանագրությունն ստորագրվում է բանակցությունների կամ փորձաքննական խորհրդակցության բոլոր մասնակիցների կողմից, որի մեկ օրինակը կցվում է հայտի նյութերին, մյուսը հանձնվում է հայտատուին (նրա ներկայացուցչին):
488. Քննարկվող հարցերի վերաբերյալ անհամաձայնության դեպքում արձանագրության մեջ կարող է տեղ գտնել խորհրդակցության մասնակիցների հատուկ կարծիքը: Հայտատուին (նրա ներկայացուցչին) հանձնած արձանագրության օրինակը, որն ընդգրկում է համապատասխան եզրակացություններ, կարող է փոխարինել փորձաքննության հարցմանը, ինչը ձևակերպվում է համապատասխան գրառմամբ:
489. Արձանագրությունը կարող է փոխարինել փորձաքննության հարցմանը տրված հայտատուի պատասխանը (եթե չեն խախտվում պատասխանի ներկայացման սահմանված ժամկետները): Այս դեպքում արձանագրության մեջ կատարվում է համապատասխան գրառում:
31. ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ, ՀԱՅՏՈՎ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼԸ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ
490. Մինչև որոշակի գործողություններ կատարելու համար օրենքով սահմանված ժամկետների ավարտը հայտատուն կարող է դրանց երկարաձգման մասին դիմում ներկայացնել Գրասենյակ` կցելով սահմանված ժամկետների երկարաձգման մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը:
491. Գրասենյակը կարող է սահմանված ժամկետները երկարաձգել առավելագույնը վեց ամսով:
492. Սույն կարգի 491-րդ կետով նախատեսված, ինչպես նաև օրենքի 15-րդ հոդվածով, 31-րդ հոդվածի 2-րդ մասով, 32-րդ հոդվածի 1-ին մասով, 33-րդ հոդվածի 1-ին մասով, 34-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 36-րդ հոդվածի 2-րդ մասով, 37-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով, 41-րդ հոդվածի 3-րդ մասով, 46-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, 52-րդ հոդվածի 1-ին մասով, 59-րդ հոդվածի 1-ին մասով, 62-րդ հոդվածով, 81-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում սահմանված ժամկետները չեն երկարաձգվում:
493. Գրասենյակը սահմանված ժամկետների երկարաձգման մասին դիմումի քննարկման ընթացքում` դրա ներկայացման օրվանից հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում, ստուգում է դիմումի` սույն կարգի 490-492-րդ կետերով սահմանված պահանջներին համապատասխանությունը:
494. Եթե սույն կարգի 493-րդ կետի համաձայն կատարված ստուգման արդյունքներով դիմումը համապատասխանում է սահմանված պահանջներին, ապա սահմանված ժամկետները երկարաձգվում են, ինչի մասին հայտատուն ծանուցվում է:
495. Եթե սույն կարգի 493-րդ կետի համաձայն կատարված ստուգման արդյունքներով սահմանված ժամկետների երկարաձգման մասին դիմումը ենթակա է մերժման, ապա Գրասենյակը նախապես գրավոր ծանուցում է դիմող կողմին դիմումի հնարավոր մերժման մասին` ծանուցագրի ուղարկման օրվանից եռամսյա ժամկետում իր նկատառումները ներկայացնելու առաջարկությամբ:
496. Սույն կարգի 495-րդ կետի համաձայն ստացված նկատառումների քննարկման արդյունքներով Գրասենյակը երկարաձգում է սահմանված ժամկետները կամ մերժում սահմանված ժամկետների երկարաձգման մասին դիմումը, ինչի մասին դիմող կողմը ծանուցվում է:
497. Հայտատուն, որը սահմանված ժամկետում չի կատարել գյուտի նկատմամբ իրավունքների ձեռքբերման գործընթացներին առնչվող պարտադիր գործողությունները և դրա հետևանքով կորցրել է հայտի նկատմամբ ունեցած իրավունքը, կարող է դիմել Գրասենյակ` իր իրավունքը վերականգնելու և հայտով գործավարությունը շարունակելու խնդրանքով:
498. Հայտով գործավարությունը շարունակելու մասին դիմումը ներկայացնելու համար սահմանված ժամկետի խախտման և դրա իրավական հետևանքների մասին Գրասենյակի կողմից ծանուցագրի ուղարկման օրվանից եռամսյա ժամկետում, հայտատուն պետք է ավարտի չկատարված գործողությունը և վճարի հայտով գործավարությունը շարունակելու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար օրենքով սահմանված պետական տուրքը:
499. Եթե հայտով գործավարությունը շարունակելու մասին հայտատուի դիմումը վերաբերում է սույն կարգի 498-րդ կետում նշված ժամկետի, ինչպես նաև բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու, սահմանված ժամկետների երկարաձգման մասին, իրավունքների վերականգնման մասին, խնդրարկվող առաջնության ճշգրտման կամ լրացման մասին, կամ առաջնության իրավունքի վերականգնման մասին դիմում կամ առաջին հայտի վավերացված պատճենը ներկայացնելու, կամ արտոնագիրը գործողության մեջ պահելու համար տարեկան պետական տուրքերի վճարման ժամկետների խախտմանը, ապա այն Գրասենյակի կողմից ենթակա է մերժման:
500. Գրասենյակը հայտով գործավարությունը շարունակելու մասին դիմումի քննարկման ընթացքում` դրա ներկայացման օրվանից հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում, ստուգում է դիմումի` սույն կարգի 498-499-րդ կետերով սահմանված պահանջներին համապատասխանությունը:
501. Եթե սույն կարգի 500-րդ կետի համաձայն կատարված ստուգման արդյունքներով դիմումը համապատասխանում է սահմանված պահանջներին, ապա Գրասենյակը շարունակում է հայտով գործավարությունը, ինչի մասին հայտատուն ծանուցվում է:
502. Սույն կարգի 498-րդ կետում նշված ժամկետում չկատարված գործողությունը հայտատուի կողմից չավարտելու և սահմանված պետական տուրքը չվճարելու դեպքում դիմումը համարվում է չներկայացված:
503. Եթե սույն կարգի 500-րդ կետի համաձայն կատարված ստուգման արդյունքներով հայտով գործավարությունը շարունակելու մասին դիմումը ենթակա է մերժման, ապա Գրասենյակը նախապես գրավոր ծանուցում է դիմող կողմին դիմումի հնարավոր մերժման մասին` ծանուցագրի ուղարկման օրվանից եռամսյա ժամկետում իր նկատառումները ներկայացնելու առաջարկությամբ:
504. Սույն կարգի 503-րդ կետի համաձայն ստացված նկատառումների քննարկման արդյունքներով որոշվում է շարունակել հայտով գործավարությունը կամ հայտով գործավարությունը շարունակելու մասին դիմումը մերժել, ինչի մասին հայտատուն ծանուցվում է:
505. Գրասենյակի առջև գործավարություն իրականացնող կողմը, որը օրենքի և դրա կիրարկումն ապահովող կարգերի համաձայն Գրասենյակի սահմանած ժամկետներում չի կարողացել պատշաճ կերպով կատարել իր պարտականությունները, կարող է վերականգնել իր իրավունքները, եթե սահմանված ժամկետի խախտումը հանգեցնում է հայտի կամ ցանկացած դիմումի հետկանչմանը, մերժմանը կամ իրավունքից զրկմանը և Գրասենյակը համարում է, որ ժամկետների խախտումը տեղի է ունեցել հայտատուից անկախ հանգամանքներով:
506. Իրավունքների վերականգնման մասին դիմումը ներկայացվում է սահմանված ժամկետի խախտման պատճառի վերացման պահից, կամ, եթե կողմը հետագայում Գրասենյակի կողմից ծանուցվել է սահմանված ժամկետի խախտման մասին` այդ մասին ծանուցագիրն ուղարկելու օրվանից եռամսյա ժամկետում: Դիմումը ներկայացվում է սահմանված ժամկետը լրանալուց հետո պահանջված գործողությունները կատարելու դեպքում` կցելով իրավունքների վերականգնման մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը:
507. Իրավունքների վերականգնման մասին դիմումը ներկայացվում է ոչ ուշ, քան սահմանված ժամկետը լրանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, իսկ եթե դիմումը վերաբերում է տարեկան պետական տուրքերի չվճարմանը` ոչ ուշ, քան Օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված վեցամսյա ժամկետը լրանալուց հետո` մեկ տարվա ընթացքում:
508. Եթե իրավունքների վերականգնման մասին դիմումը վերաբերում է սույն կարգի 506-րդ և 507-րդ կետերով սահմանված, իրավունքների վերականգնման մասին դիմում ներկայացնելու ժամկետներին, բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու, առաջին հայտի վավերացված պատճենը ներկայացնելու, սահմանված ժամկետների երկարաձգման, հետագա գործավարությունը շարունակելու, խնդրարկվող առաջնության ճշգրտման կամ լրացման, կամ առաջնության իրավունքի վերականգնման մասին դիմում ներկայացնելու ժամկետներին, ապա այն Գրասենյակի կողմից ենթակա է մերժման:
509. Գրասենյակն իրավունքների վերականգնման մասին դիմումի քննարկման ընթացքում` դրա ներկայացման օրվանից հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում, ստուգում է դիմումի` սույն կարգի 505-508-րդ կետերով սահմանված պահանջներին համապատասխանությունը:
510. Եթե սույն կարգի 509-րդ կետի համաձայն կատարված ստուգման արդյունքում դիմումը համապատասխանում է սահմանված պահանջներին, ապա իրավունքները վերականգնվում են, ինչի մասին դիմող կողմը ծանուցվում է:
511. Սույն կարգի 506-րդ կետում նշված պահանջները չկատարելու դեպքում դիմումը համարվում է չներկայացված:
512. Եթե իրավունքների վերականգնման մասին դիմում ներկայացնելիս նշված չեն եղել ժամկետը բաց թողնելու պատճառները, ապա դիմող կողմն այդ տվյալները ներկայացնում է այդ մասին Գրասենյակի ծանուցագրի ուղարկման օրվանից եռամսյա ժամկետում: Նշված ժամկետում պահանջված տվյալները Գրասենյակ չներկայացնելու դեպքում դիմումը համարվում է չներկայացված:
513. Եթե սույն կարգի 509-րդ կետի համաձայն կատարված ստուգման արդյունքներով իրավունքների վերականգնման մասին դիմումը ենթակա է ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժման, ապա Գրասենյակը նախապես գրավոր ծանուցում է դիմող կողմին դիմումն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժման հնարավորության մասին` ծանուցագրի ուղարկման օրվանից եռամսյա ժամկետում իր նկատառումները ներկայացնելու առաջարկությամբ:
514. Սույն կարգի 513-րդ կետի համաձայն ստացված նկատառումների քննարկման արդյունքներով իրավունքները վերականգնվում են կամ իրավունքների վերականգնման մասին դիմումը մերժվում է (կայացվում է մերժման մասին որոշում), ինչի մասին դիմող կողմը ծանուցվում է:
32. ՀԱՅՏԻ ՁԵՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
515. Ձևական փորձաքննության անցկացման ընթացքում Գրասենյակն ստուգում է հայտի համապատասխանությունը հայտի ներկայացման թվականը սահմանելու պահանջներին:
516. Գրասենյակ ներկայացված նյութերը գրանցվում են որպես հայտ, եթե այն պարունակում է առնվազն`
1) հիշատակում (դիմում) այն մասին, որ հայտով խնդրարկվում է գյուտի արտոնագիր կամ գյուտի կարճաժամկետ արտոնագիր,
2) տեղեկություններ, որոնք թույլ են տալիս անհատականացնել հայտատուին (ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը հայրանունը (առկայության դեպքում), բնակության վայրը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում) (անհատ ձեռնարկատեր նշմամբ), հաշվառման վայրը, կազմակերպության դեպքում` անվանումը, գտնվելու վայրը) կամ հաղորդակցվել նրա հետ,
3) տարր, որն արտաքնապես հիշեցնում է գյուտի նկարագրություն:
517. Եթե ներկայացված նյութերը համապատասխանում են սույն կարգի 516-րդ կետում նշված պահանջին, ապա Գրասենյակը սահմանում է հայտի ներկայացման թվականը` նշված բոլոր փաստաթղթերի և տեղեկությունների ստացման թվականով և հայտին տալիս է գրանցման հերթական համար:
518. Եթե ստուգման արդյունքներով պարզվում է, որ ստացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի 516-րդ կետում նշված պահանջներին, Գրասենյակը դրանք ստանալու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին ծանուցում է հայտատուին` ծանուցագրի ուղարկման օրվանից եռամսյա ժամկետում բացակայող փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները ներկայացնելու առաջարկությամբ:
519. Սույն կարգի 518-րդ կետում նշված ժամկետում պահանջվող փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները Գրասենյակ չներկայացնելու դեպքում հայտը համարվում է չներկայացված, ինչի մասին ծանուցվում է հայտատուն:
520. Եթե սույն կարգի 518-րդ կետի համաձայն հայտի փաստաթղթերը համապատասխանեցվել են սահմանված պահանջներին, ապա Գրասենյակը հայտի ներկայացման թվականը սահմանում է դրանցից վերջինի ստացման թվականով, եթե պահանջված փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները Գրասենյակ ներկայացվել են ոչ միաժամանակ:
521. Եթե հայտի ներկայացման թվականը սահմանելիս Գրասենյակը գտնում է, որ գյուտի նկարագրության մասը կամ գծագիրը, որին հղում է կատարված, բացակայում է, ապա նա այդ մասին ծանուցում է հայտատուին` ծանուցագրի ուղարկման օրվանից եռամսյա ժամկետում բացակայող նյութերը ներկայացնելու առաջարկությամբ:
522. Հայտատուի կողմից սույն կարգի 521-րդ կետում նշված եռամսյա ժամկետում ծանուցագրում նշված նկարագրության բացակայող մասը կամ բացակայող գծագիրը ներկայացնելու դեպքում դրանք ներառվում են հայտի կազմում: Այս դեպքում հայտի ներկայացման թվականը սահմանվում է նկարագրության այդ մասի կամ գծագրի ստացման թվականով: Եթե պահանջված փաստաթղթերը ներկայացվում են ոչ միաժամանակ, ապա հայտի ներկայացման թվականը սահմանվում է դրանցից վերջինի ստացման թվականով և հայտին տրվում է գրանցման հերթական համար: Սահմանված ժամկետում պահանջված փաստաթղթերը չներկայացնելու դեպքում հայտը համարվում է չներկայացված, ինչի մասին ծանուցվում է հայտատուն:
523. Սույն կարգի 516-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն` արտաքնապես գյուտի նկարագրություն հիշեցնող տարրի փոխարեն հայտատուն կարող է ներկայացնել դիմում (կամ գյուտի արտոնագիր (կարճաժամկետ արտոնագիր) արտոնագիր ստանալու մասին դիմումի համապատասխան սյունակում կատարել նշում) այն մասին, որ հայտի ներկայացման թվականը սահմանելու համար գյուտի նկարագրությունը փոխարինված է հայտատուի կողմից ավելի վաղ ներկայացված (սկզբնական կամ նախորդող) հայտին կատարված հղումով:
524. Դիմումը պետք է ներկայացվի հայերեն և պարունակի ավելի վաղ ներկայացված հայտի համարն ու ներկայացման թվականը, և որտեղ է ներկայացված եղել սկզբնական կամ նախորդող հայտը: Եթե սկզբնական կամ նախորդող հայտը ներկայացված է այլ անձի կողմից, ապա դիմումին կցվում է հայտատուի իրավահաջորդությունը հաստատող փաստաթուղթը:
525. Գրասենյակի կողմից այդպիսի դիմում պարունակող հայտի ստացման թվականից երեք ամսվա ընթացքում հայտատուն պետք է ներկայացնի ավելի վաղ ներկայացված հայտի վավերացված պատճենը: Ավելի վաղ ներկայացված (սկզբնական կամ նախորդող) հայտի վավերացված պատճենը չի ներկայացվում, եթե այդ հայտը կամ դրա պատճենն արդեն ներկայացված են եղել Գրասենյակ:
526. Եթե ավելի վաղ ներկայացված հայտը հայերեն չէ, ապա սույն կարգի 525-րդ կետում նշված ժամկետում պետք է ներկայացվի նաև դրա հայերեն թարգմանությունը:
527. Եթե հայտատուն սույն կարգի 524-526-րդ կետերի համաձայն չի ներկայացնում հայտատուի իրավահաջորդությունը հաստատող փաստաթուղթը կամ ավելի վաղ ներկայացված հայտի վավերացված պատճենը և(կամ) դրա հայերեն թարգմանությունը (համապատասխան դեպքերում), ապա հայտը համարվում է չներկայացված, ինչի մասին ծանուցվում է հայտատուն:
528. Եթե օրենքի 44-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված կենսաբանական նյութի ավանդադրման մասին տեղեկանքը հայտատուն ներկայացնում է արտաքնապես գյուտի նկարագրություն հիշեցնող տարրի ներկայացումից հետո, և տեղեկանքում նշված ավանդադրման թվականն ավելի ուշ է, քան հայտի այդ մասի ստացման թվականը, ապա հայտի ներկայացման թվական է համարվում Գրասենյակի կողմից կենսաբանական նյութի ավանդադրման մասին տեղեկանքի ստացման թվականը:
529. Ազգային փուլ փոխադրված միջազգային հայտի ներկայացման թվական է համարվում ստացող գերատեսչության կողմից սահմանած հայտի միջազգային ներկայացման թվականը:
530. Զատված հայտի ներկայացման թվական համարվում է այն սկզբնական (ավելի վաղ) հայտի Գրասենյակ ներկայացման թվականը, որից կատարվել է հայտի զատումը (առանձնացումը, բաժանումը):
531. Սկզբնական (ավելի վաղ ներկայացված) հայտի ներկայացման թվականից սկսած տասներկու ամսվա ընթացքում ներկայացված հայտի (սկզբնական հայտի միաժամանակ հետկանչմամբ) ներկայացման թվական է համարվում այդ սկզբնական (ավելի վաղ ներկայացված) հայտի ներկայացման թվականը:
532. Այն հայտի, որի առաջնությունը խնդրարկվում է պաշտոնական կամ պաշտոնապես ճանաչված միջազգային ցուցահանդեսում, որը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետությունում կամ Փարիզյան կոնվենցիային մասնակից կամ այդ կոնվենցիայի մասնակից չհանդիսացող Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ որևէ պետությունում, գյուտն ամբողջությամբ կամ մասնակիորեն ցուցադրման առաջին օրով, ներկայացման թվական է համարվում այդ հայտը Գրասենյակ ներկայացնելու թվականը:
533. Նոր հայտի, որը համաձայն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասին 2-րդ կետի ներկայացվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հայտարկված գյուտի արտոնագիր ստանալու իրավունք ունեցող ճանաչված անձի կողմից, ներկայացման թվական է համարվում ոչ իրավասու անձի կողմից ներկայացված առաջին հայտի ներկայացման թվականը:
534. Գրասենյակը հայտի ներկայացման թվականը սահմանելու օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր ծանուցում է հայտատուին` նշելով նաև հայտին տրված գրանցման հերթական համարը:
535. Հայտը թղթային կրիչի վրա ստանալու դեպքում, ներկայացված հայտի նյութերի յուրաքանչյուր թերթի հակառակ երեսին Գրասենյակը նշում է ստացման թվականը: Այս ձևով թվագրվում է նաև այդ հայտով հետագա ողջ նամակագրությունը: Գրանցված հայտի նյութերը հայտատուին հետ վերադարձման ենթակա չեն:
33. ՀԱՅՏԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
536. Հայտի ներկայացման թվականը սահմանելուց հետո Գրասենյակը եռամսյա ժամկետում անցկացնում է հայտի նախնական փորձաքննություն:
537. Նախնական փորձաքննության ընթացքում ստուգվում է`
1) սահմանված պետական տուրքերի, ներառյալ` օրենքի 62-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն վճարված տարեկան պետական տուրքերի, վճարման ճշտությունը.
2) հայտի փաստաթղթերի հայերեն թարգմանության ներկայացված լինելը, եթե դրանք ներկայացվել են այլ լեզվով.
3) հայտում հեղինակի անհատականացման համար բավարար տեղեկությունների առկայությունը.
4) օրենքով և սույն կարգի 391-406-րդ կետերով սահմանված` ներկայացուցչությանը վերաբերող պահանջների կատարումը.
5) օրենքով և սույն կարգի 585-663-րդ կետերով նախատեսված առաջնության խնդրարկման համար սահմանված պահանջների կատարումը և, համապատասխան դեպքում, սահմանվում է խնդրարկվող առաջնությունը.
6) հայտարկված գյուտի առարկայի արտոնագրաունակությունն օրենքի 13-րդ հոդվածի իմաստով.
7) հայտատուի կողմից կատարված գյուտի դասակարգման ճշտությունն ըստ Միջազգային արտոնագրային դասակարգման, կամ կատարվում է այդպիսի դասակարգում, եթե այն չի արվել հայտատուի կողմից.
8) օրենքի 40-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշված` հայտի անհրաժեշտ փաստաթղթերի, այդ թվում` հայտին կցվող փաստաթղթերի առկայությունը, և սույն կարգով դրանց ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջներին համապատասխանությունը.
9) առաջին հայացքից հայտի համապատասխանությունն օրենքի 47-րդ հոդվածով և սույն կարգի 709-719-րդ կետերով սահմանված պահանջներին.
10) հայտի նյութերում փոփոխություններ կատարելու ձևը.
11) հարցման հիման վրա կամ հայտատուի նախաձեռնությամբ ներկայացված լրացուցիչ նյութերի բովանդակությունը (համապատասխան դեպքում), պարզելու համար, արդյոք դրանք չեն փոխում գյուտի էությունը:
----------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում