ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 մայիսի 2022 թվականի N 774-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ԲՈՂՈՔՆԵՐԻ, ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ԿԱԶՄՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԳՅՈՒՏԵՐԻ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ, ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ, ԳՅՈՒՏԻ ՀԱՅՏԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ՀԱՅՏԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳՐՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ, ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ, ԳՅՈՒՏԵՐԻ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԴՐԱՆՑՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԵՐԸ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ՔԱՂՎԱԾՔԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԵՋ ՆՇՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԳՅՈՒՏԻ ԿԱՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՖՐԱՆՉԱՅԶԻՆԳԸ), ԴՐԱՆՑ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ, ԳՅՈՒՏԻ ԿԱՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ԱՐՏՈՆԱԳՐԱՏԻՐՈՋ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(5-րդ մաս)
34. ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՃՇՏՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄԸ
538. Սահմանված պետական տուրքերի վճարման ճշտությունը ստուգելիս սահմանվում են, պետական տուրքերի վճարումը հաստատող փաստաթղթերի առկայությունը, դրանց վճարման և վճարման փաստաթղթերի Գրասենյակ ներկայացման ժամկետների պահպանումը, վճարված գումարների համապատասխանությունը «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված չափերին:
539. Հայտի գրանցված նյութերում, սույն կարգի 538-րդ կետի համաձայն, ստուգվում են` գյուտի արտոնագիր (կարճաժամկետ արտոնագիր) ստանալու հայտի, այդ թվում` ազգային փուլ փոխադրված միջազգային հայտի, գրանցման և նախնական փորձաքննության արդյունքներով որոշում կայացնելու համար սահմանված պետական տուրքի, և համապատասխան դեպքերում, հայտի նյութերում ներկայացված գյուտի հավակնության սահմանման 5-ից ավելի կետերից յուրաքանչյուրի համար սահմանված պետական տուրքի վճարմանը վերաբերող տվյալների ճշտությունը:
540. Եթե սույն կարգի 539-րդ կետում նշված պետական տուրքերի վճարված չափը չի համապատասխանում սահմանված չափին, ապա հայտատուին առաջարկվում է այդ մասին ծանուցագրի ստացման օրվանից երկամսյա ժամկետում, պետական տուրքի լրավճարման կամ հավակնության սահմանման կետերի քանակի ճշգրտման և(կամ) պետական տուրքի լրավճարման ճանապարհով վճարված պետական տուրքի չափը հավակնության սահմանման կետերի քանակին համապատասխանեցնելու անհրաժեշտության մասին:
541. Սույն կարգի 540-րդ կետում նշված ժամկետում գյուտի արտոնագիր (կարճաժամկետ արտոնագիր) ստանալու հայտի, այդ թվում` ազգային փուլ փոխադրված միջազգային հայտի, գրանցման և նախնական փորձաքննության արդյունքներով որոշում կայացնելու համար սահմանված պետական տուրքի լրավճարումը չկատարելու դեպքում հայտը համարվում է հետ կանչված, ինչի մասին ծանուցվում է հայտատուն:
542. Հավակնության սահմանման 5-ից ավելի կետերից յուրաքանչյուրի համար սահմանված պետական տուրքի լրավճարումից կամ հավակնության սահմանման կետերի քանակի ճշգրտումից հայտատուի հրաժարվելու կամ ծանուցագիրն անպատասխան թողնելու դեպքում, նախնական փորձաքննությունն անցկացվում է հավակնության սահմանման մեջ առաջինը նշված այն կետերի նկատմամբ, որոնց համար բավարարում է վճարված պետական տուրքը:
543. Եթե պարզվում է, որ հայտին կից ներկայացվել է պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը, ապա գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով Գրասենյակը հավաստիանում է պետական տուրքի վճարման մասին: Եթե օրենքով սահմանված պետական տուրքի վճարման մասին տվյալը չի հայտնաբերվում համապատասխան համակարգում, ապա հայտատուին երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է ծանուցագիր` այն ուղարկելու օրվանից երկամսյա ժամկետում անդորրագրի բնօրինակը կամ տվյալ վճարման իսկությանը վերաբերող ապացույցները ներկայացնելու վերաբերյալ առաջարկությամբ:
544. Երկամսյա ժամկետում պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը չներկայացվելու կամ տվյալ վճարման իսկության մասին համապատասխան համակարգի միջոցով չհավաստիանալու դեպքում հայտը համարվում է հետ կանչված, ինչի մասին ծանուցվում է հայտատուն:
545. Սահմանված պետական տուրքերի վճարման ճշգրտությունն ստուգելիս որոշվում է նվազեցված դրույքաչափով դրանց վճարման հնարավորությունը: Նվազեցված դրույքաչափը չի կիրառվում, եթե հայտատուներից որևէ մեկը նվազեցված դրույքաչափով պետական տուրք վճարելու արտոնությունից օգտվելու իրավունք չունի:
546. Եթե մի քանի անձինք հանդիսանում են մեկ հայտի հայտատուներ, ապա նվազեցված դրույքաչափով պետական տուրք վճարելու արտոնությունը կիրառվում է միայն այն դեպքում, երբ նրանք բոլորն օգտվում են նվազեցված դրույքաչափով պետական տուրք վճարելու արտոնությունից:
547. Եթե հայտատուների մեջ կան անձինք, որոնք օգտվում են տարբեր տոկոսով նվազեցված դրույքաչափով պետական տուրք վճարելու արտոնությունից, ապա պետական տուրքը վճարվում է նվազագույն նվազեցված տոկոսով:
548. Եթե սահմանված պետական տուրքը վճարվել է նվազեցված դրույքաչափով, ապա ստուգվում է նաև աշխատողների թվի մասին տեղեկանքի առկայությունը, որում նշվում է տվյալ կազմակերպության (իրավաբանական անձի) աշխատողների թվաքանակը` պետական տուրքի վճարման օրվա դրությամբ: Տեղեկանքն ստորագրում է տվյալ կազմակերպության ղեկավարը կամ այդպիսի իրավասություն ունեցող այլ անձ:
549. Նշված տեղեկանքի բացակայության դեպքում հայտատուին երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է ծանուցագիր` այն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում տեղեկանքը ներկայացնելու կամ պետական տուրքի համապատասխան լրավճարում կատարելու կամ վճարված գումարին համապատասխան նրա հավակնությունների ծավալի սահմանափակման վերաբերյալ առաջարկությամբ, եթե դա հնարավոր է:
550. Երկամսյա ժամկետում նշված տեղեկանքը չներկայացնելու կամ պետական տուրքի լրավճարումը չկատարելու դեպքում հայտատուն երեք աշխատանքային օրվա ընթացքում ծանուցվում է, որ հայտի հետագա քննարկումը կիրականացվի դրա սկզբնական նյութերում առկա հավակնության սահմանման մեջ առաջինը նշված այն կետերի նկատմամբ, որոնց համար բավարարում է վճարված պետական տուրքը, իսկ դրա անհնարինության դեպքում` հայտը կհամարվի հետ կանչված:
35. ԳՅՈՒՏԻ ԱՌԱՐԿԱՅԻ ԱՐՏՈՆԱԳՐԱՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄԸ
551. Գյուտի առարկայի արտոնագրաունակությունն ստուգելիս պարզվում է գյուտի առարկայի(ների), որի (որոնց) նկատմամբ խնդրարկվում է գյուտի արտոնագիր (կարճաժամկետ արտոնագիր), ակնհայտորեն վերաբերումը` օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասում նշված օբյեկտներին, որոնք չեն պահպանվում որպես գյուտ, կամ օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասում նշված գյուտերին, որոնք ենթակա չեն իրավական պահպանության, կամ օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասում նշված գյուտերին, որոնք օրենքի իմաստով արտոնագրաունակ գյուտեր չեն համարվում:
552. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները բացառում են նշված օբյեկտների իրավական պահպանությունն այնքանով, որքանով հայտը վերաբերում է նշված օբյեկտին որպես այդպիսին:
553. Եթե նախնական փորձաքննության արդյունքում պարզվում է, որ հայտատուի առաջարկած հավակնության սահմանմամբ հայտարկված գյուտի, իսկ եթե հայտարկված է գյուտերի խումբ` այդ խմբի գյուտերից որևէ մեկի առարկան օրենքի 13-րդ հոդվածի իմաստով արտոնագրաունակ չէ, ապա հայտատուին հիմնավոր ծանուցագիր է ուղարկվում տվյալ հայտով արտոնագիր տալը մերժելու հնարավորության մասին, և նշված ծանուցագրի ուղարկման օրվանից եռամսյա ժամկետում իր նկատառումները և(կամ) իր հավակնությունների հնարավոր սահմանափակումները ներկայացնելու առաջարկությամբ:
554. Եթե սահմանված եռամսյա ժամկետում հայտատուն չի պատասխանում սույն կարգի 553-րդ կետում նշված ծանուցագրին, կամ պատասխանում է, սակայն Գրասենյակը համարում է, որ ներկայացրած պատասխանով չեն հերքվում ծանուցագրում բերված` արտոնագիր տալը մերժելու վերաբերյալ փաստարկները, կամ չեն սահմանափակվել հավակնությունները, ապա որոշում է կայացվում ներկայացված հայտով արտոնագիր տալը մերժելու մասին, որոշման մեջ բերելով հայտատուի փաստարկների վերլուծության արդյունքները:
555. Արտոնագիր տալը մերժելու մասին որոշումը Գրասենյակը կայացնում է սույն կարգի 554-րդ կետով նախատեսված` հայտատուի պատասխանն ստանալու օրվանից հետո երկամսյա ժամկետում, իսկ դրանք նույն կետում նշված եռամսյա ժամկետում չստանալու դեպքում` այդ ժամկետի ավարտից հետո` տասն աշխատանքային օրվա ընթացքում:
556. Սույն կարգի 554-րդ կետում նշված որոշման մասին հայտատուն ծանուցվում է:
557. Ներկայացված հայտով արտոնագիր տալը մերժելու մասին որոշման կայացման վերաբերյալ Գրասենյակը տեղեկություն է հրապարակում իր պաշտոնական տեղեկագրում:
558. Եթե սույն կարգի 553-րդ կետում նշված ծանուցագրի համաձայն սահմանված եռամսյա ժամկետում ներկայացված պատասխանով հայտատուն հիմնավորապես հերքում է արտոնագիր տալը մերժելու վերաբերյալ փորձաքննության փաստարկները, կամ սահմանափակում է իր հավակնությունները, ապա հայտի նախնական փորձաքննությունը շարունակվում է:
36. ՀԱՅՏԻ ՈՒՂՂՎԱԾ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՐՑՈՒՄԸ
559. Եթե փորձաքննության ընթացքում պարզվում է, որ հայտում կամ լրացուցիչ նյութերում առկա են բացակայող մասեր կամ փաստաթղթեր, ապա բերելով հիմնավոր փաստարկներ, հայտատուին ուղարկվում է հարցում` հայտնաբերված թերությունների նշումով, հարցումն ուղարկելու օրվանից եռամսյա ժամկետում ուղղված կամ բացակայող մասերը կամ փաստաթղթերը ներկայացնելու առաջարկությամբ:
560. Հարցման հիմք է հանդիսանում`
1) սույն կարգի 42-49-րդ կետերով նախատեսված հայտի փաստաթղթերից առնվազն մեկի բացակայությունը.
2) օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի կամ նվազեցված դրույքաչափով պետական տուրքի վճարման հիմքերը հաստատող փաստաթղթի` պետական տուրքի վճարման օրվա դրությամբ, բացակայությունը.
3) հայտի փաստաթղթերի հայերեն թարգմանության բացակայությունը, եթե դրանք ներկայացված են այլ լեզվով.
4) լիազորված ավանդադրման կենտրոնում միկրոօրգանիզմի շտամի, բույսերի կամ կենդանիների բջիջների գծի ավանդադրման մասին փաստաթղթի (տեղեկանքի) բացակայությունը, եթե հայտում կա ավանդադրման մասին նշում.
5) հայտի ներկայացման կարգի խախտումը.
6) ներկայացուցչի լիազորագրի բացակայությունը, եթե դիմումն ստորագրված է արտոնագրային հավատարմատար չհանդիսացող հայտատուի ներկայացուցչի կողմից, կամ լիազորագրի ըստ սահմանված պահանջի ձևակերպման խախտումը.
7) փաստաթղթերի ձևակերպման թերությունների բացահայտումը, որոնք խոչընդոտում են դրանց անմիջական վերարտադրմանը, հրապարակմանը, պահպանմանը և(կամ) անհնարին են դարձնում դրանց` շահագրգիռ անձանց ծանոթանալը (թերթերի ձևաչափերի, ազատ դաշտերի չափերի նկատմամբ պահանջների խախտումը, տպագրության որակը և այլն, որոնք դժվարացնում են հայտի նյութերի ընթերցումը).
8) արտոնագիր ստանալու մասին դիմումում սույն Կարգով նախատեսված ստորագրությունների բացակայությունը.
9) գյուտի նկարագրությունում սույն կարգով նախատեսված կառուցվածքային բաժինների բացակայությունը (եթե տեղեկությունները, որոնք պետք է լինեին համապատասխան բաժնում, բերված են այլ բաժնում, հարցում չի ուղարկվում), ինչպես նաև նկարագրության կամ գյուտի հավակնության սահմանման մեջ հատկանիշի բնութագրի փոխարինումը այն տեղեկատվության աղբյուրի նշումով, որտեղ այդ հատկանիշը բացահայտված է.
10) գյուտի նկարագրության «տեխնիկայի մակարդակը» բաժնում ամենամոտ նմանակի մասին տեղեկությունների բացակայությունը, բացառությամբ այն դեպքի, երբ գյուտի հավակնության սահմանումը կազմված է առանց սահմանափակիչ և տարբերիչ մասերի բաժանման: Ընդ որում, փորձաքննությունը կարող է հայտատուին հարցման մեջ հայտնել իր կողմից ընտրված ամենամոտ նմանակի տարբերակի մասին և առաջարկել հայտատուին քննարկել այդ նմանակը և համաձայնության դեպքում ճշգրտել հավակնության սահմանումը.
11) հայտում ոչ հանրամատչելի կամ գաղտնի ճանաչված տեղեկատվական աղբյուրների նշումը.
12) գյուտի հավակնության սահմանման կետը մեկ նախադասությամբ շարադրելու` սույն կարգի 209-րդ կետի պահանջների խախտումը.
13) հավակնության սահմանման մեջ այն գյուտի օբյեկտի նշման բացակայությունը, որի համար խնդրարկվում է իրավական պահպանություն.
14) հավակնության սահմանման մեջ գյուտի առարկայի հատկանիշների փոխարեն միայն դրա շահագործման և սպառման հատկությունների, իրագործման կամ օգտագործման դեպքում տեղի ունեցող ազդեցությունների կամ երևույթների մասին տվյալների առկայությունը.
15) առաջին հայացքից հայտի անհամապատասխանությունը գյուտի միասնության պահանջին.
16) հավակնության սահմանման մեջ այնպիսի կախյալ կետի առկայությունը, որը հանգեցնում է համապատասխան անկախ կետի հատկանիշի բացառման կամ փոխարինման.
17) հայտի փաստաթղթերում տեղ գտած անհամապատասխանությունները (դիմումում բերված գյուտի անվանումը չի համապատասխանում նկարագրությունում բերված անվանմանը, նկարագրության մեջ բացակայում են հավակնության սահմանման մեջ բերված հատկանիշները, գծագրերը չեն համապատասխանում նկարագրությանը և այլն).
18) սույն կարգի 293-319-րդ կետերով ռեֆերատի նկատմամբ սահմանված պահանջների խախտումը.
19) սույն կարգի պահանջների այլ խախտումների առկայությունը, որոնք բացահայտվում են առանց հայտարկված գյուտի կամ գյուտերի խմբի էությունը վերլուծելու:
561. Եթե հավակնության սահմանման կետերի համար վճարված պետական տուրքը չի համապատասխանում ներկայացված հավակնության սահմանման կետերի քանակին (5-ից ավելի կետերի դեպքում), ապա հայտատուին առաջարկվում է համապատասխանեցնել վճարված պետական տուրքի չափը կետերի քանակին` ճշգրտելով կետերի քանակը և(կամ) լրավճարելով պետական տուրքը:
562. Եթե գյուտի նկարագրության մեջ կան հղումներ հայտի սկզբնական նյութերում բացակայող գծագրերի վրա, ապա հայտատուին առաջարկվում է նկարագրությունից բացառել տվյալ գծագրերի վերաբերյալ տեղեկատվությունը:
563. Ուղղված կամ բացակայող մասերը կամ փաստաթղթերը ներկայացնելու առաջարկությամբ հարցումը հայտատուին կարող է ուղարկվել այնքան անգամ, ինչքան անհրաժեշտ է հայտի փաստաթղթերում թերությունները վերացնելու համար:
564. Հարցման հիման վրա հայտատուի ներկայացրած փաստաթղթերը ձևակերպվում են սույն կարգի 417-425-րդ կետերի համաձայն:
565. Եթե հայտատուն սահմանված ժամկետում չի ներկայացնում պահանջվող նյութերը կամ դրանց ներկայացնելու ժամկետի երկարաձգման մասին դիմումը` կցելով դրան համապատասխան պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը, ապա հայտը համարվում է հետ կանչված:
566. Սույն կարգի 565-րդ կետում նախատեսված դեպքում հայտատուին երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է ծանուցագիր սահմանված ժամկետի խախտման և դրա իրավական հետևանքների մասին և առաջարկվում է նշված ծանուցագրի ուղարկման օրվանից եռամսյա ժամկետում Գրասենյակ ներկայացնել դիմում` հայտով գործավարությունը շարունակելու մասին, ավարտելով չկատարված գործողությունը (ներկայացնել պահանջվող նյութերը) և վճարելով հայտով գործավարությունը շարունակելու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար օրենքով սահմանված պետական տուրքը:
567. Եթե նշված ժամկետում հայտատուն չի ներկայացնում դիմում հայտով գործավարությունը շարունակելու մասին, ապա Գրասենյակը որոշում է կայացնում հայտը հետ կանչված համարելու մասին, հայտով գործավարությունը դադարեցվում է, և հայտի նյութերը փոխանցվում են Գրասենյակի արխիվ:
37. ՀԱՅՏԻ ՆՅՈՒԹԵՐՈՒՄ ՈՒՂՂՈՒՄՆԵՐ ԵՎ ՃՇԳՐՏՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ
568. Օրենքի 50-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն հայտը ներկայացնելու թվականից հետո` երկամսյա ժամկետում, իր նախաձեռնությամբ կամ հարցման հիման վրա հայտատուն կարող է լրացուցիչ նյութեր ներկայացնելով ուղղումներ կամ ճշգրտումներ կատարել հայտի նյութերում` չփոփոխելով ներկայացված գյուտի էությունը, եթե հայտատուն նախապես չի հրաժարվել իր նախաձեռնությամբ լրացուցիչ նյութեր ներկայացնելու իրավունքից:
569. Հայտատուի նախաձեռնությամբ հայտի փաստաթղթերի փոփոխումը, ուղղումը կամ ճշգրտումն իրականացվում է հայտում փոփոխություն կատարելու մասին դիմումի ներկայացման և հայտում փոփոխություն կատարելու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման դեպքում:
570. Իր նախաձեռնությամբ լրացուցիչ նյութեր ներկայացնելու իրավունքից հայտատուն կարող է հրաժարվել` հայտը ներկայացնելու թվականից հետո երկամսյա ժամկետում Գրասենյակ համապատասխան դիմում ներկայացնելու միջոցով:
571. Գծագրերում կամ գրաֆիկական այլ նյութերում պարունակվող տեղեկատվության հիման վրա գյուտի նկարագրության և հավակնության սահմանման մեջ ուղղումներ և ճշգրտումներ կատարելը թույլատրվում է այն դեպքերում, երբ այդ տեղեկատվությունն առկա էր գծագրերում կամ գրաֆիկական այլ նյութերում հայտի ներկայացման թվականի դրությամբ, այդ թվում` առաջնության խնդրարկման դեպքում, և երբ գծագրերն ու գրաֆիկական նյութերը տալիս են այդ տեղեկատվության մասին միանշանակ պատկերացում:
572. Հավակնության սահմանման մեջ փոփոխություններ կատարելը թույլատրվում է գյուտի հայտի նկարագրության մեջ գյուտի բացահայտման սահմաններում:
573. Հայտի նախնական փորձաքննության ընթացքում գյուտի հավակնության սահմանման մեջ լրացուցիչ կետի ներառումը (հավակնության սահմանման 5 կետը գերազանցող) ուղեկցվում է հավակնության սահմանման յուրաքանչյուր (անկախ կամ կախյալ) կետի համար օրենքով սահմանված լրացուցիչ պետական տուրքի վճարմամբ:
574. Հայտի նյութերում կատարվող փոփոխությունները` ուղղումները և ճշգրտումները ձևակերպվում են սույն կարգի 417-425-րդ կետերով սահմանված պահանջներին համապատասխան:
575. Հայտի ձևակերպման թերություններին, որոնք կարող են շտկվել հայտը ներկայացնելու թվականը սահմանելուց հետո, վերաբերում են, մասնավորապես.
1) հեղինակի, հայտատուի կամ արտոնագրատիրոջ անվան, ազգանվան, հայրանվան, հայտատուի կամ արտոնագրատիրոջ անվանման մեջ սխալները (այդ թվում, գրադարձության արդյունքում),
2) հեղինակի, հայտատուի հասցեի կամ նամակագրության հասցեի նշման սխալները.
3) դիմումի կազմումը ոչ հայերեն,
4) թերի կամ սխալ առաջնության խնդրարկումը,
5) դիմումի մեջ ստորագրության բացակայությունը,
6) տպագրական սխալները,
7) գյուտի անվանման բացակայությունը,
8) համառոտ շարադրանքի (ռեֆերատի) բացակայությունը:
576. Հայտի ձևակերպման թերությունները, մասնավորապես` սույն կարգի 575-րդ կետում նշված, հայտատուի նախաձեռնությամբ կարող են շտկվել մինչև` գյուտի արտոնագիր ստանալու հայտի հրապարակման մասին որոշման կայացումը, կարճաժամկետ արտոնագիր տալու, արտոնագիր տալը մերժելու մասին կամ հայտը հետ կանչված համարելու մասին որոշումներից մեկի կայացումը: Նշված թերությունները շտկելու համար` հայտում փոփոխություն կատարելու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարում չի պահանջվում:
577. Հայտի ձևակերպման թերություններին, որոնք չեն կարող շտկվել հայտը ներկայացնելու թվականը սահմանելուց հետո, վերաբերում է, մասնավորապես` նկարագրության անհրաժեշտ մասերի և գծագրերի բացակայությունը:
578. Եթե հայցվող նյութերի բացակայությունը չի խոչընդոտում գործավարության իրականացմանը (օրինակ` բացակայում է հայտի վավերացված պատճենը, որի հիման վրա խնդրարկվում է առաջնություն, կամ բացակայում է որևէ փաստաթղթի օրինակը (պատճենը)), հայտատուին սահմանված կարգով ուղարկվում է հարցում` ուղղված կամ բացակայող մասերը կամ փաստաթղթերը հարցման մեջ նշված ժամկետում ներկայացնելու առաջարկությամբ:
579. Հայտի նյութերն ուղղելու կամ ճշգրտելու համար տրված ժամկետները կարող են երկարաձգվել հայտատուի խնդրանքով` օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում և կարգով:
38. ՀԱՅՏԱՐԿՎԱԾ ԳՅՈՒՏԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
580. Փորձաքննության ընթացքում, գյուտի առարկան այս կամ այն տեխնիկայի բնագավառին վերաբերելու նպատակով, հայտարկված գյուտը դասակարգվում է Միջազգային արտոնագրային դասակարգման (այսուհետ` ՄԱԴ) գործող խմբագրությանը համապատասխան:
581. Դասակարգման ցուցիչ ընտրելիս հիմք է ընդունվում հայտարկված գյուտի հավակնության սահմանումը: Ավելի ճշգրիտ դասակարգման համար հաշվի են առնվում նաև գյուտի նկարագրությունը և գծագրերը: Եթե հայտը ներառում է մի քանի գյուտի առարկա, որոնք վերաբերում են ՄԱԴ-ի տարբեր բաժիններին, ապա սահմանվում են դասակարգման բոլոր համապատասխան ցուցիչները: Ընդ որում, առաջին ցուցիչի ընտրությունը որոշվում է գյուտի անվանումով:
582. Եթե հայտատուն որոշել է գյուտի դասակարգման ցուցիչները, ապա ստուգվում է դրանց ընտրության ճշտությունը Միջազգային արտոնագրային դասակարգման հիմնական մակարդակի համար «Ներածություն միջազգային արտոնագրային դասակարգման»-ով սահմանված կանոնների համաձայն:
583. Հայտատուի կողմից ընտրված դասակարգման ցուցիչների ճշգրտումը կամ դասակարգման ցուցիչների ընտրությունը, եթե դրանք հայտատուի կողմից ընտրված չեն եղել, կատարվում է հայտի նախնական փորձաքննության ընթացքում:
584. Գյուտի արտոնագիր ստանալու հայտի նախնական փորձաքննության ընթացքում տրված դասակարգման ցուցիչները կարող են ճշգրտվել գյուտի ըստ էության փորձաքննության անցկացման ընթացքում:
39. ԳՅՈՒՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ
585. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, գյուտի առաջնությունը որոշվում է հայտը Գրասենյակ ներկայացնելու թվականով:
586. Եթե հայտատուն օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն խնդրարկում է միջազգային առաջնություն, ապա պետք է Գրասենյակին հայտնի այդ մասին հայտ ներկայացնելիս` գյուտի արտոնագիր (կարճաժամկետ արտոնագիր) արտոնագիր ստանալու մասին դիմումի մեջ, նշելով` խնդրարկվող առաջնության թվականը:
587. Հայտատուն կարող է միջազգային առաջնություն խնդրարկել նաև հայտի ներկայացման թվականից երկու ամսվա ընթացքում` համապատասխան խնդրանքը պարունակող դիմումը և սույն կարգի 588-րդ կետում նշված տվյալները Գրասենյակ ներկայացնելու միջոցով:
588. Եթե միջազգային առաջնություն խնդրարկվում է մի քանի առաջին հայտերի հիման վրա, ապա համապատասխան դիմումներում նշվում են բոլոր առաջին հայտերի վերաբերյալ տվյալները:
589. Միջազգային առաջնություն խնդրարկելիս համապատասխան դիմումին կցվում է միջազգային առաջնության խնդրարկումը քննարկելու և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար (խնդրարկվող յուրաքանչյուր առաջնության համար) սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը:
590. Միջազգային առաջնության խնդրարկումը քննարկելիս Գրասենյակն առաջին հերթին ստուգում է` օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված ժամկետում հայտը Գրասենյակ ներկայացնելու փաստը, սույն կարգի 586-րդ կետում նշված տվյալները սահմանված ժամկետում Գրասենյակ ներկայացնելու փաստը, սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի առկայությունը և վճարված պետական տուրքի չափի համապատասխանությունը սահմանվածին:
591. Առանց համապատասխան պետական տուրքի վճարման միջազգային առաջնություն խնդրարկող դիմումը համարվում է չներկայացված, ինչի մասին հայտատուն ծանուցվում է:
592. Եթե սույն կարգի 589-րդ կետում նշված պետական տուրքը վճարված է ոչ լրիվ, ապա հայտատուին առաջարկվում է այդ մասին ծանուցագրի ստացման օրվանից երկամսյա ժամկետում լրավճարել պետական տուրքը:
593. Եթե հայտը ներկայացվել է օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետի ավարտից հետո, ապա խնդրարկվող միջազգային առաջնությունը չի տրամադրվում, ինչի մասին հայտատուն ծանուցվում է: Նշված որոշումը չի կայացվում, եթե հայտատուն օրենքով սահմանված ժամկետում Գրասենյակ է ներկայացնում առաջնության իրավունքի վերականգնման մասին դիմում, կցելով առաջնության իրավունքի վերականգնման մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը:
594. Եթե սույն կարգի 586-րդ կետում նշված տվյալները չեն ներկայացվում Գրասենյակ օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված ժամկետում, ապա խնդրարկվող միջազգային առաջնությունը չի տրամադրվում, ինչի մասին հայտատուն ծանուցվում է:
595. Եթե Գրասենյակը սույն կարգի 590-րդ կետում նշված պայմանները համարում է կատարված, ապա հաջորդիվ ստուգվում է հետևյալ պայմանների պահպանումը`
1) առաջին հայտի ներկայացման թվականից, իսկ եթե առաջին հայտերը մի քանիսն են` այդպիսի հայտերի ամենավաղ ներկայացման թվականից տասնվեց ամսվա ընթացքում հայտատուն պետք է Գրասենյակ ներկայացնի առաջին հայտի` այն ստացած գերատեսչության կողմից վավերացված պատճենը (եթե այդպիսի պատճեն պետք է ներկայացվի).
2) առաջին հայտում հայտարկված գյուտի բովանդակության բացահայտված լինելը:
596. Առաջին հայտում հայտարկված գյուտի բովանդակության բացահայտումն ստուգելիս, մասնավորապես, սահմանվում է.
1) հայտարկված գյուտի հավակնության սահմանման մեջ ներառված բոլոր հատկանիշների պարունակումը նշված նյութերում.
2) խնդրարկվող առաջնության թվականի դրությամբ այդ նյութերում գյուտը բավարար չափով բացահայտումը տվյալ բնագավառի մասնագետի կողմից այն իրագործելու համար:
597. Եթե սույն կարգի 596-րդ կետում նշված ստուգումն իրականացնելիս, անհրաժեշտության դեպքում, Գրասենյակը հայտատուից կարող է պահանջել առաջին հայտի հայերեն թարգմանությունը, որը ներկայացվում է այդ մասին հարցումն ուղարկելու օրվանից եռամսյա ժամկետում:
598. Եթե սույն կարգի 596-րդ կետում նշված ստուգումը պահանջում է գյուտի տեխնիկական էության ուսումնասիրություն, ապա այն իրականացվում է գյուտի ըստ էության փորձաքննության անցկացման ընթացքում:
599. Եթե սույն կարգի 595-րդ կետում նշված բոլոր պայմանները Գրասենյակը համարում է պահպանված, ապա խնդրարկվող միջազգային առաջնությունը տրամադրվում է, ինչի մասին հայտատուն ծանուցվում է:
600. Եթե սույն կարգի 595-րդ կետում նշված ստուգման արդյունքներով Գրասենյակը համարում է, որ սահմանված պայմանները չեն պահպանվել, ապա խնդրարկվող միջազգային առաջնությունը չի տրամադրվում, ինչի մասին հայտատուն ծանուցվում է:
601. Եթե առաջին հայտերը մի քանիսն են, ապա սույն կարգի 590-րդ և 595-րդ կետերի համաձայն ստուգումը կատարվում է դրանցից յուրաքանչյուրի նկատմամբ առանձին:
602. Օրենքի 31-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն, զատված (սկզբնական (ավելի վաղ ներկայացված) հայտից առանձնացված) հայտով ներկայացված գյուտի առաջնությունը որոշվում է միևնույն հայտատուի կողմից Գրասենյակ ներկայացված սկզբնական հայտի ներկայացման թվականով, իսկ սկզբնական հայտով ավելի վաղ առաջնություն խնդրարկելու իրավունք ունենալու դեպքում` այդ իրավունքի հիման վրա խնդրարկված առաջնության թվականով, հայտատուի կողմից հետևյալ պայմանների պահպանման դեպքում`
1) զատված հայտը պետք է ներկայացվի Գրասենյակ` մինչև սկզբնական հայտով կայացված արտոնագիր տալը մերժելու մասին որոշումը բողոքարկելու հնարավորությունների ամբողջությամբ սպառվելը, իսկ սկզբնական հայտով կայացրած արտոնագիր տալու մասին որոշման դեպքում` ոչ ուշ, քան մինչև սկզբնական հայտով արտոնագիր տալու մասին տեղեկությունների հրապարակումը.
2) զատված հայտ ներկայացնելու օրվա դրությամբ սկզբնական հայտը հետ կանչված կամ հետ կանչված համարված չէ.
3) զատված հայտով ներկայացված գյուտը պետք է բացահայտված լինի սկզբնական (ավելի վաղ ներկայացված) հայտում կամ առաջին հայտում, եթե այն զատված է միջազգային առաջնության իրավունքից օգտվող հայտից և առաջնությունը խնդրարկվում է այդ հայտի առաջնության թվականով:
603. Եթե հայտատուի կողմից պահպանված չէ սույն կարգի 602-րդ կետում նշված պայմաններից առնվազն մեկը, ապա խնդրարկվող առաջնությունը չի տրամադրվում, ինչի մասի հայտատուն ծանուցվում է:
604. Եթե սույն կարգի 602-րդ կետում նշված պայմանները պահպանված չեն որևէ գյուտի նկատմամբ, որն, օրինակ` բնութագրված է բազմօղակ հավակնության սահմանման կետերից որևէ մեկում, ապա խնդրարկվող առաջնությունը չի տրամադրվում միայն այս գյուտի նկատմամբ, ինչի մասի հայտատուն ծանուցվում է:
605. Եթե հայտատուն պահպանել է սույն կարգի 602-րդ կետում նշված բոլոր պայմանները, ապա հայտարկված գյուտի համար սահմանվում է խնդրարկված առաջնությունը:
606. Անձը, որը գյուտն ամբողջությամբ կամ մասնակիորեն ցուցադրում է (գյուտի օգտագործմամբ կամ կիրառմամբ նկարագիրը տարածելը) պաշտոնական կամ պաշտոնապես ճանաչված միջազգային ցուցահանդեսում, որը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետությունում կամ Փարիզյան կոնվենցիային մասնակից որևէ պետությունում կամ այդ կոնվենցիայի մասնակից չհանդիսացող Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ որևէ պետությունում, կարող է ցուցահանդեսի փակման օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում, Գրասենյակ հայտ ներկայացնել` խնդրարկելով առաջնություն, որը սահմանվում է ցուցահանդեսում գյուտի ցուցադրման առաջին օրով (ցուցահանդեսային առաջնություն):
607. Հայտատուն, որը օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ցանկանում է խնդրարկել ցուցահանդեսային առաջնություն, պետք է այդ մասին հայտնի Գրասենյակին հայտ ներկայացնելիս` գյուտի արտոնագիր (կարճաժամկետ արտոնագիր) ստանալու մասին դիմումի մեջ, բերելով տվյալներ խնդրարկվող առաջնության թվականի (ցուցադրման առաջին օրվա) վերաբերյալ, ինչպես նաև ներկայացնի առանձին դիմում` ցուցահանդեսի տեսակի, դրա անցկացման վայրի, բացման և փակման թվականների մասին տեղեկատվությամբ, այդ դիմումին կցելով ցուցահանդեսի միջազգային կարգավիճակի մասին գրավոր հավաստագիրը, որը տրվել է ցուցահանդեսը կազմակերպած մարմնի կողմից:
608. Հայտատուն կարող է նաև խնդրարկել ցուցահանդեսային առաջնություն հայտի ներկայացման թվականից եռամսյա ժամկետում Գրասենյակ համապատասխան դիմում ներկայացնելու միջոցով: Դիմումում նշվում է սույն կարգի 607-րդ կետում նշված տեղեկատվությունը և կցվում ցուցահանդեսի միջազգային կարգավիճակի մասին գրավոր հավաստագիրը:
609. Սույն կարգի 607-րդ և 608-րդ կետերի համաձայն ցուցահանդեսային առաջնության խնդրարկման մասին համապատասխան դիմումներին պետք է կցվի ցուցահանդեսային առաջնության խնդրարկումը քննարկելու և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը:
610. Ցուցահանդեսային առաջնության խնդրարկման մասին դիմումի քննարկման ընթացքում Գրասենյակը ստուգում է դրա` սույն կարգի 606-609-րդ կետերով սահմանված պահանջներին համապատասխանությունը:
611. Եթե հայտատուն սահմանված ժամկետում չի ներկայացնում սույն կարգի 607-րդ կետում նշված տեղեկատվությունը և ցուցահանդեսի միջազգային կարգավիճակի մասին գրավոր հավաստագիրը, ապա խնդրարկվող ցուցահանդեսային առաջնությունը չի տրամադրվում, ինչի մասի հայտատուն ծանուցվում է:
612. Ցուցահանդեսային առաջնության խնդրարկման մասին դիմումը քննարկելիս Գրասենյակն այն ներկայացնելու օրվանից հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է` սահմանված ժամկետում դիմումը ներկայացնելու փաստը, սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի առկայությունը և վճարված պետական տուրքի չափի համապատասխանությունը սահմանվածին:
613. Առանց համապատասխան պետական տուրքի վճարման ցուցահանդեսային առաջնության խնդրարկման մասին դիմումը համարվում է չներկայացված, ինչի մասին հայտատուն ծանուցվում է:
614. Եթե սույն կարգի 609-րդ կետում նշված պետական տուրքը վճարված է ոչ լրիվ, ապա հայտատուին առաջարկվում է այդ մասին ծանուցագրի ստացման օրվանից երկամսյա ժամկետում լրավճարել պետական տուրքը:
615. Եթե դիմումը ներկայացվել է սույն կարգի 606-րդ կետում նշված ժամկետի ավարտից հետո, ապա դիմումը մերժվում է (կայացվում է մերժման մասին որոշում), ինչի մասին հայտատուն ծանուցվում է:
616. Եթե Գրասենյակը սույն կարգի 612-րդ կետում նշված պայմանները համարում է կատարված, ապա ստուգվում է` պաշտոնական կամ պաշտոնապես ճանաչված միջազգային ցուցահանդեսում ցուցադրված օբյեկտում գյուտի բովանդակության բացահայտումը, ըստ որի, մասնավորապես, սահմանվում է.
1) նշված նյութերում հայտարկված գյուտի հավակնության սահմանման մեջ ներառված բոլոր հատկանիշները պարունակումը.
2) խնդրարկվող ցուցահանդեսային առաջնության թվականի դրությամբ այդ նյութերում գյուտը բավարար չափով բացահայտումը տվյալ բնագավառի մասնագետի կողմից այն իրագործելու համար:
617. Եթե սույն կարգի 616-րդ կետում նշված ստուգումը պահանջում է գյուտի տեխնիկական էության ուսումնասիրություն, ապա այն իրականացվում է գյուտի ըստ էության փորձաքննության անցկացման ընթացքում:
618. Եթե սույն կարգի 610-րդ կետի համաձայն կատարված ստուգման արդյունքներով Գրասենյակը համարում է, որ սահմանված պահանջները պահպանվել են, ապա խնդրարկվող ցուցահանդեսային առաջնությունը տրամադրվում է: Նշված որոշումը կարող է փոփոխվել գյուտի ըստ էության փորձաքննության անցկացման ընթացքում` սույն կարգի 616-րդ կետում նշված ստուգման արդյունքներով:
619. Եթե սույն կարգի 610-րդ կետի համաձայն կատարված ստուգման արդյունքներով Գրասենյակը համարում է, որ սահմանված պահանջները չեն պահպանվել, ապա խնդրարկվող ցուցահանդեսային առաջնությունը չի տրամադրվում, ինչի մասին հայտատուն ծանուցվում է:
620. Խնդրարկվող առաջնությունը ճշգրտելու կամ լրացնելու համար հայտատուն կարող է դիմում ներկայացնել Գրասենյակ առաջնության թվականից, կամ եթե ճշգրտումը կամ լրացումն առաջացնում է առաջնության թվականի փոփոխություն` այդ փոփոխված առաջնության թվականից տասնվեց ամսվա ընթացքում, պայմանով, որ այդ դիմումը Գրասենյակ է ներկայացվում հայտը ներկայացնելու թվականից չորս ամսվա ընթացքում:
621. Դիմումին պետք է կցվի խնդրարկվող առաջնությունը ճշգրտելու կամ լրացնելու համար դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը:
622. Սույն կարգի 620-րդ կետի համաձայն` ցանկացած դիմում, որը Գրասենյակ է ներկայացվել հայտի վաղաժամկետ հրապարակման մասին հայտատուի դիմումից հետո, համարվում է չներկայացված, եթե համապատասխան հրապարակման օրվան անմիջականորեն նախորդող տասներորդ աշխատանքային օրվա դրությամբ հայտի վաղաժամկետ հրապարակման մասին դիմումը հետ չի կանչվել:
623. Խնդրարկվող առաջնությունը ճշգրտելու կամ լրացնելու համար դիմումի քննարկման ընթացքում Գրասենյակը ստուգում է դրա` սույն կարգի 620-622-րդ կետերով սահմանված պայմաններին համապատասխանությունը:
624. Խնդրարկվող առաջնությունը ճշգրտելու կամ լրացնելու համար դիմումը քննարկելիս Գրասենյակն այն ներկայացնելու օրվանից հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է` սահմանված ժամկետում դիմումը ներկայացնելու փաստը, սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի առկայությունը և վճարված պետական տուրքի չափի համապատասխանությունը սահմանվածին:
625. Եթե դիմումը ներկայացվել է սույն կարգի 620-րդ կետում նշված ժամկետի ավարտից հետո, ապա դիմումը մերժվում է (կայացվում է մերժման մասին որոշում), ինչի մասին հայտատուն ծանուցվում է:
626. Առանց համապատասխան պետական տուրքի վճարման խնդրարկվող առաջնությունը ճշգրտելու կամ լրացնելու համար դիմումը համարվում է չներկայացված, ինչի մասին հայտատուն ծանուցվում է:
627. Եթե սույն կարգի 621-րդ կետում նշված պետական տուրքը վճարված է ոչ լրիվ, ապա հայտատուին առաջարկվում է այդ մասին ծանուցագրի ստացման օրվանից երկամսյա ժամկետում լրավճարել պետական տուրքը:
628. Եթե Գրասենյակը սույն կարգի 624-րդ կետում նշված պայմանները համարում է կատարված, ապա ստուգվում է` նույն հայտատուի կամ նրա իրավահաջորդի կողմից ներկայացված սկզբնական (ավելի վաղ ներկայացված) հայտի վավերացված պատճենի առկայությունը, եթե այդպիսի պատճենը պետք է ներկայացվի, և սկզբնական (ավելի վաղ ներկայացված) հայտում հայտարկված գյուտի բովանդակության բացահայտված լինելը:
629. Սկզբնական (ավելի վաղ ներկայացված) հայտում հայտարկված գյուտի բովանդակության բացահայտումն ստուգելիս, մասնավորապես, սահմանվում է.
1) նշված նյութերում հայտարկված գյուտի հավակնության սահմանման մեջ ներառված բոլոր հատկանիշների պարունակումը.
2) արդյո՞ք խնդրարկվող առաջնության թվականի դրությամբ այդ նյութերում գյուտը բավարար չափով բացահայտվել է տվյալ բնագավառի մասնագետի կողմից այն իրագործելու համար: Միջազգային առաջնության խնդրարկման դեպքում տվյալ պայմանն ստուգելիս հայտատուին կարող է առաջարկվել ներկայացնել առաջին հայտի հայերեն թարգմանությունը:
630. Եթե սույն կարգի 629-րդ կետում նշված ստուգումը պահանջում է գյուտի տեխնիկական էության ուսումնասիրություն, ապա այն իրականացվում է գյուտի ըստ էության փորձաքննության անցկացման ընթացքում:
631. Եթե սույն կարգի 628-րդ կետում նշված ստուգման արդյունքներով Գրասենյակը համարում է, որ սահմանված պահանջները չեն կատարվել, ապա խնդրարկվող առաջնությունը ճշգրտելը կամ լրացնելը մերժվում է (կայացվում է մերժման մասին որոշում), ինչի մասին հայտատուն ծանուցվում է:
632. Եթե սույն կարգի 624-րդ և 628-րդ կետերի համաձայն կատարված ստուգման արդյունքներով Գրասենյակը դիմումը համարում է սահմանված պահանջներին համապատասխանող, ապա խնդրարկվող առաջնությունը ճշգրտվում կամ լրացվում է: Նշված որոշումը կարող է փոփոխվել գյուտի ըստ էության փորձաքննության անցկացման ընթացքում` սույն կարգի 629-րդ կետում նշված ստուգման արդյունքներով:
633. Համաձայն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի, եթե հայտը, որով խնդրարկվում է միջազգային առաջնություն, հայտատուի կողմից Գրասենյակ է ներկայացվում ուշացումով` առաջին հայտի ներկայացման թվականից տասներկու ամիս լրանալուց հետո, ապա հայտատուն կարող է առաջնության իրավունքի վերականգնման մասին դիմում ներկայացնել Գրասենյակ (եթե նշված ժամկետի խախտումը տեղի է ունեցել հայտատուից անկախ հանգամանքներով, ինչի իրական լինելը հայտատուն պետք է ապացուցի Գրասենյակին):
634. Սույն կարգի 633-րդ կետում նշված դեպքում առաջնության իրավունքի վերականգնման մասին դիմումը Գրասենյակ ներկայացվում է առաջնության թվականի խնդրարկման ժամկետի ավարտից հետո` երկու ամսվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան հայտի հրապարակման օրվանից տասն աշխատանքային օր առաջ:
635. Դիմումին պետք է կցվի առաջնության իրավունքի վերականգնման մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը:
636. Առաջնության իրավունքի վերականգնման մասին դիմումի քննարկման ընթացքում Գրասենյակը ստուգում է դրա` սույն կարգի 633-635-րդ կետերով սահմանված պայմաններին համապատասխանությունը:
637. Առաջնության իրավունքի վերականգնման մասին դիմումը քննարկելիս Գրասենյակն այն ներկայացնելու օրվանից հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է` սահմանված ժամկետում դիմումը ներկայացնելու փաստը, սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի առկայությունը և վճարված պետական տուրքի չափի համապատասխանությունը սահմանվածին:
638. Եթե դիմումը ներկայացվել է սույն կարգի 634-րդ կետում նշված ժամկետի ավարտից հետո, ապա դիմումը մերժվում է (կայացվում է մերժման մասին որոշում), ինչի մասին հայտատուն ծանուցվում է:
639. Առանց համապատասխան պետական տուրքի վճարման առաջնության իրավունքի վերականգնման մասին դիմումը համարվում է չներկայացված, ինչի մասին հայտատուն ծանուցվում է:
640. Եթե սույն կարգի 635-րդ կետում նշված պետական տուրքը վճարված է ոչ լրիվ, ապա հայտատուին առաջարկվում է այդ մասին ծանուցագրի ստացման օրվանից երկամսյա ժամկետում լրավճարել պետական տուրքը:
641. Եթե Գրասենյակը սույն կարգի 637-րդ կետում նշված պայմանները համարում է կատարված, ապա ստուգվում են հայտատուի կողմից ներկայացված` ժամկետի խախտումը հայտատուից անկախ հանգամանքներով պայմանավորված լինելն ապացուցող փաստաթղթերը:
642. Եթե սույն կարգի 641-րդ կետի համաձայն անցկացված ստուգման արդյունքներով Գրասենյակը ժամկետի խախտումը հայտատուից անկախ հանգամանքներով պայմանավորված լինելն ապացուցող փաստաթղթերը համարում է հիմնավոր, ապա առաջնության իրավունքը վերականգնվում է, ինչի մասին հայտատուն ծանուցվում է:
643. Եթե սույն կարգի 641-րդ կետի համաձայն անցկացված ստուգման արդյունքներով Գրասենյակը ժամկետի խախտումը հայտատուից անկախ հանգամանքներով պայմանավորված լինելը համարում է չապացուցված, ապա առաջնության իրավունքի վերականգնման մասին դիմումը մերժվում է (կայացվում է մերժման մասին որոշում), ինչի մասին հայտատուն ծանուցվում է:
644. Եթե առաջին հայտի վավերացված պատճենը չի ներկայացվել Գրասենյակ օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ մասում նշված ժամկետում, ապա Գրասենյակը կարող է վերականգնել առաջնության իրավունքը հետևյալ պայմանները պահպանելու դեպքում`
1) համապատասխան դիմումը հայտատուն ներկայացրել է մինչև օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ մասում նշված ժամկետի ավարտը, դիմումին կցելով առաջնության իրավունքի վերականգնման մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը,
2) հայտատուն Գրասենյակ ներկայացրել է ապացույց այն մասին, որ առաջին հայտի պատճենի խնդրարկման դիմումը տվյալ հայտը գրանցած գերատեսչություն ներկայացվել է ոչ ուշ քան առաջին հայտի ներկայացման թվականից տասնչորս ամիս լրանալը,
3) առաջին հայտի վավերացված պատճենը Գրասենյակ է ներկայացվել երկու ամսվա ընթացքում այն օրվանից, երբ առաջին հայտը գրանցած գերատեսչությունը հայտատուին տվել է համապատասխան պատճենը:
645. Սույն կարգի 644-րդ կետում նշված դեպքում Գրասենյակն առաջնության իրավունքի վերականգնման մասին դիմումի քննարկման ընթացքում ստուգում է` սահմանված ժամկետում դիմումը ներկայացնելու փաստը, սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի առկայությունը, վճարված պետական տուրքի չափի համապատասխանությունը սահմանվածին, ապացույցն այն մասին, որ առաջին հայտի պատճենի խնդրարկման դիմումը տվյալ հայտը գրանցած գերատեսչություն ներկայացվել է օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում նշված ժամկետում, ինչպես նաև առաջին հայտի վավերացված պատճենը օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում նշված ժամկետում Գրասենյակ ներկայացված լինելու փաստը:
646. Առաջնության իրավունքի վերականգնման մասին դիմումը քննարկելիս Գրասենյակն այն ստանալու օրվանից սկսած յոթ աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է` սահմանված ժամկետում դիմումը ներկայացնելու փաստը, սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի առկայությունը և վճարված պետական տուրքի չափի համապատասխանությունը սահմանվածին:
647. Եթե դիմումը ներկայացվել է օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ մասում նշված ժամկետի ավարտից հետո, ապա դիմումը մերժվում է (կայացվում է մերժման մասին որոշում), ինչի մասին հայտատուն ծանուցվում է:
648. Առանց համապատասխան պետական տուրքի վճարման առաջնության իրավունքի վերականգնման մասին դիմումը համարվում է չներկայացված, ինչի մասին հայտատուն ծանուցվում է:
649. Եթե սույն կարգի 644-րդ կետի 1-ին ենթակետում նշված պետական տուրքը վճարված է ոչ լրիվ, ապա հայտատուին առաջարկվում է այդ մասին ծանուցագրի ստացման օրվանից երկամսյա ժամկետում լրավճարել պետական տուրքը:
650. Եթե Գրասենյակը սույն կարգի 646-րդ կետում նշված պայմանները համարում է կատարված, ապա ստուգվում են սույն կարգի 644-րդ կետում նշված մյուս` առաջին հայտի պատճենի խնդրարկման դիմումը տվյալ հայտը գրանցած գերատեսչություն ներկայացված լինելը ապացուցող փաստաթղթի առկայությունը և սահմանված ժամկետում առաջին հայտի վավերացված պատճենը Գրասենյակ ներկայացված լինելու փաստը:
651. Եթե սույն կարգի 645-րդ կետում նշված բոլոր պայմանները Գրասենյակը համարում է պահպանված, ապա առաջնության իրավունքը վերականգնվում է, ինչի մասին հայտատուն ծանուցվում է:
652. Եթե սույն կարգի 650-րդ կետում նշված ստուգման արդյունքներով Գրասենյակը համարում է, որ սահմանված պայմանները չեն պահպանվել, ապա առաջնության իրավունքի վերականգնման մասին դիմումը մերժվում է (կայացվում է մերժման մասին որոշում), ինչի մասին հայտատուն ծանուցվում է:
653. Եթե հայտատուն Գրասենյակ ներկայացված մեկ հայտով խնդրարկում է մի քանի առաջնություն, ապա այդպիսի առաջնություններից յուրաքանչյուրի համար ստուգվում է սույն կարգի 585-605-րդ կետերում նշված համապատասխան պահանջների պահպանումը:
654. Մեկից ավելի առաջնություն սահմանվում է նաև այն դեպքում, երբ հայտարկված է գյուտերի խումբ, որի մեջ մտնող գյուտերը նկարագրված են ներկայացված հայտին նախորդող մի քանի հայտերում:
655. Մի քանի առաջնություն սահմանվում է նաև այն դեպքում, երբ հայտարկված է գյուտերի խումբ, որի մեջ մտնող գյուտերն ունեն տարբեր ցուցահանդեսային առաջնություններ, այդպիսի առաջնություններից յուրաքանչյուրի համար ստուգվում է սույն կարգի 606-619-րդ կետերում նշված համապատասխան պահանջների պահպանումը:
656. Մի քանի առաջնություն սահմանվում է նաև այն դեպքում, երբ գյուտը բնութագրված է այլընտրանքի տեսքի ներկայացված հատկանիշով (հատկանիշներով) (օրինակ` Մարկուշի բանաձևը), ինչպես նաև որևէ մեծության ընտրության համար արժեքների միջակայքի տեսքով:
657. Գյուտերի խմբի յուրաքանչյուր գյուտի կամ այն գյուտի առաջնությունը, որը բնութագրված է ներկայացված այլընտրանքներից որևէ մեկով կամ ներկայացված միջակայքի որևէ արժեքով (կամ արժեքների տիրույթով), կարող է սահմանվել դրան նախորդող հայտի ներկայացման թվականով, որում այդ գյուտը նկարագրված է:
658. Մասնակի առաջնություն կարող է սահմանվել այն դեպքում, երբ գյուտերից մի քանիսը նկարագրված են նախորդող հայտում (հայտերում), իսկ մնացածը` առաջին անգամ նոր հայտում: Այս դեպքում առաջնություն սահմանվում է միայն այն գյուտերի համար, որոնք նկարագրված են նախորդող հայտում (հայտերում):
659. Եթե հավակնության սահմանման անկախ և կախյալ կետերում բնութագրված գյուտերի համար ներկայացման տարբեր թվականներ ունեցող երկու առաջին հայտերի հիման վրա խնդրարկվում են տարբեր առաջնություններ, ստուգվում է երկու առաջին հայտերի վավերացված պատճենների առկայությունը, եթե այդպիսի պատճեն պետք է ներկայացվեր, և այդ հայտերի ներկայացման թվականի նկատմամբ 12-ամսյա ժամկետի պահպանումը:
660. Անկախ և կախյալ կետերում բնութագրված յուրաքանչյուր գյուտի բացահայտումը ստուգվում է այն առաջին գյուտի նկատմամբ, որի ներկայացման թվականով խնդրարկվում է նոր հայտով ներկայացված գյուտի առաջնությունը:
661. Սույն կարգի 585-660-րդ կետերին համապատասխան` առաջնության սահմանման պայմանների պահպանումն ստուգելիս պետք է համոզվել, որ Գրասենյակ ներկայացված հայտը, որի հիման վրա խնդրարկվում է առաջնություն, կամ որի համար ներկայացված են այդպիսի խնդրագրի (դիմումի) հիմք հանդիսացող լրացուցիչ նյութեր, հետ կանչված չէ կամ չի համարվում այդպիսին:
662. Եթե առաջնության ստուգման ընթացքում ի հայտ եկած հարցերը չեն խոչընդոտում հայտի փորձաքննության անցկացմանը, ապա դրանք պարզվում են հայտի քննարկման հետ կապված այլ հարցերի հետ մեկտեղ:
663. Այն դեպքում, երբ առաջնության թվականը սահմանելուց հետո հայտատուն ներկայացնում է փոփոխված հավակնության սահմանում, կատարվում է խնդրարկված առաջնության սահմանման հիմքերի կրկնակի ստուգում:
40. ՀԱՐՑՄԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԿԱՄ ՀԱՅՏԱՏՈՒԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆՅՈՒԹԵՐԻ ՍՏՈՒԳՈՒՄԸ
664. Օրենքի 50-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, եթե նախնական փորձաքննության ընթացքում պարզվում է, որ հայտում կամ լրացուցիչ նյութերում առկա են բացակայող մասեր կամ փաստաթղթեր, ապա Գրասենյակը հայտատուին ուղարկում է հարցում` ուղղված կամ բացակայող մասերը կամ փաստաթղթերը հարցումն ուղարկելու օրվանից եռամսյա ժամկետում ներկայացնելու առաջարկությամբ:
665. Հարցման հիման վրա հայտատուն կարող է լրացուցիչ նյութեր ներկայացնելով ուղղումներ կամ ճշգրտումներ կատարել հայտի նյութերում` չփոփոխելով ներկայացված գյուտի էությունը:
666. Օրենքի 50-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն հայտը ներկայացնելու թվականից հետո` երկամսյա ժամկետում, իր նախաձեռնությամբ հայտատուն կարող է լրացուցիչ նյութեր ներկայացնելով ուղղումներ կամ ճշգրտումներ կատարել հայտի նյութերում` չփոփոխելով ներկայացված գյուտի էությունը:
667. Հայտատուի նախաձեռնությամբ հայտի նյութերի փոփոխումը, ուղղումը կամ ճշգրտումն իրականացվում է հայտում փոփոխություն կատարելու մասին դիմումի ներկայացման և հայտում փոփոխություն կատարելու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման դեպքում:
668. Հայտում փոփոխություն կատարելու մասին դիմումը քննարկելիս փորձաքննությունն այն ներկայացնելու օրվանից հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է` դիմումը օրենքի 50-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետում ներկայացնելու փաստը, սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի առկայությունը և վճարված պետական տուրքի չափի համապատասխանությունը սահմանվածին: Առանց համապատասխան պետական տուրքի վճարման` հայտում փոփոխություն կատարելու մասին դիմումը համարվում է չներկայացված, ինչի մասին հայտատուն ծանուցվում է:
669. Եթե սույն կարգի 667-րդ կետում նշված պետական տուրքը վճարված է ոչ լրիվ, ապա հայտատուին առաջարկվում է այդ մասին ծանուցագրի ստացման օրվանից երկամսյա ժամկետում լրավճարել պետական տուրքը:
670. Եթե դիմումը ներկայացվել է հայտատուի նախաձեռնությամբ լրացուցիչ նյութերի ներկայացման համար սահմանված ժամկետի ավարտից հետո, ապա հայտում փոփոխություն կատարելու մասին դիմումը մերժվում է (կայացվում է մերժման մասին որոշում), ինչի մասին հայտատուն ծանուցվում է:
671. Եթե փորձաքննությունը սույն կարգի 668-րդ կետում նշված պայմանները համարում է կատարված, ապա տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում ստուգվում է` ներկայացված լրացուցիչ նյութերի կողմից գյուտի էության (սույն կարգի 677-683-րդ կետերի համաձայն) փոփոխման փաստի բացակայությունը և(կամ) դրանց ներկայացումը գյուտի միասնության պահանջի պայմանների պահպանմամբ:
672. Եթե հայտատուի նախաձեռնությամբ ներկայացված լրացուցիչ նյութերն ամբողջությամբ փոփոխում եմ գյուտի էությունը, ապա Գրասենյակը հայտում փոփոխություն կատարելու մասին դիմումը մերժում է, ինչի մասին հայտատուն ծանուցվում է:
673. Եթե հայտատուի նախաձեռնությամբ ներկայացված լրացուցիչ նյութերը չեն փոփոխում գյուտի էությունը, ապա Գրասենյակը լրացուցիչ նյութերը ընդունում է քննարկման, ինչի մասին հայտատուն ծանուցվում է:
674. Եթե հայտատուի նախաձեռնությամբ ներկայացված լրացուցիչ նյութերի միայն մի մասն է փոփոխում գյուտի էությունը, ապա Գրասենյակը լրացուցիչ նյութերը ընդունում է քննարկման, միաժամանակ ծանուցելով հայտատուին, որ լրացուցիչ նյութերի գյուտի էությունը փոփոխող մասը հաշվի չի առնվի փորձաքննության ընթացքում:
675. Երբ հարցման հիման վրա հայտատուն ներկայացնում է նախկինում ներկայացված հայտի նյութերն ուղղող կամ ճշգրտող նյութեր, ապա առաջին հերթին ստուգվում է այդպիսի նյութերի ներկայացման ժամկետին վերաբերող` օրենքի 50-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջները:
676. Եթե հարցման հիման վրա հայտատուն օրենքով սահմանված ժամկետում` չի ներկայացնում պահանջվող լրացուցիչ նյութերը, չի դիմում սահմանված ժամկետի երկարաձգման համար, կամ չի վերացնում հարցման մեջ հիշատակված բոլոր թերությունները, ապա հայտը համարվում է հետ կանչված, ինչի մասին հայտատուն ծանուցվում է:
677. Լրացուցիչ նյութերը համարվում են գյուտի էությունը փոփոխող, եթե դրանք պարունակում են հավակնության սահմանման մեջ ներառման ենթակա հատկանիշներ, որոնք առկա չեն եղել հայտի սկզբնական նյութերում:
678. Այն հատկանիշները, որոնք բնութագրում են միայն նախորդող տեխնիկայի մակարդակի լուծումները (այդ թվում և ամենամոտ նմանակը), չեն վերաբերում հայտի սկզբնական նյութերում հայտարկված գյուտի հատկանիշներին:
679. Այն դեպքում, երբ հայտը վերաբերում է գյուտերի խմբին` տարբերակներին, հայտի սկզբնական նյութերում պարունակվող խմբի որևէ գյուտի հատկանիշներ են համարվում նկարագրության մեջ հենց այդ գյուտի վերաբերյալ հիշատակված հատկանիշները:
680. Եթե հայտարկված գյուտը վերաբերում է սարքի, նյութի, կենսատեխնոլոգիական արգասիքի կամ եղանակի կիրառմանը, ապա գյուտի էությունը փոփոխող են ճանաչվում այն լրացուցիչ նյութերը, որոնցում նշված են հայտի սկզբնական նյութերում բացակայող նոր, այլ նշանակության կամ հայտնի օբյեկտը բնութագրող այլ հատկանիշներ:
681. Լրացուցիչ նյութերը չեն համարվում գյուտի էությունը փոփոխող, եթե դրանք պարունակում են հայտի սկզբնական նյութերում բացակայող տեղեկություններ, որոնք հավակնության սահմանման մեջ ներառվելու ենթակա հատկանիշներ չեն: Այդպիսի տեղեկություններ կարող են համարվել, մասնավորապես, գյուտի իրագործմանը վերաբերող նոր (լրացուցիչ) տվյալները, գյուտի իրագործման օրինակները, լրացուցիչ տեխնիկական արդյունքի ստացման հնարավորության նշումը, ճշգրտված գրաֆիկական նյութերը և այլն:
682. Եթե լրացուցիչ նյութերում ներկայացվում է հայտատուի կողմից փոփոխված հավակնության սահմանում, ստուգման ընթացքում որոշվում է` այդ հավակնության սահմանման մեջ այլ գյուտի ներառումն այն հավակնության սահմանման համեմատ, որի նկատմամբ կատարվել են փոփոխություններ:
683. Փոփոխված հավակնության սահմանումը համարվում է այլ գյուտ ներառող, եթե`
1) նշանակությունն արտահայտող սեռային հասկացությունը փոխարինվում է այլ, ոչ համարժեք չհատվող և կախվածության մեջ չգտնվող հասկացությամբ.
2) գյուտի օբյեկտի տեսակը (սարք, նյութ, եղանակ և այլն) փոփոխվում է, եթե չի կատարվել պայմանը, որով վերստին նշված գյուտի տեսակն առավելագույն չափով համապատասխանում է փոփոխված գյուտի հավակնության սահմանման մեջ ներառվող հատկանիշների բնույթին:
684. Եթե հարցման հիման վրա ներկայացված լրացուցիչ նյութերն ամբողջությամբ կամ մասամբ փոփոխում են հայտարկված գյուտի էությունը և (կամ) ներկայացված են առանց գյուտի միասնության պահանջի պայմանները պահպանելու, ապա հայտատուն ծանուցվում է այն մասին, որ դրանք չեն կարող հաշվի առնվել փորձաքննության կողմից ամբողջությամբ կամ համապատասխան մասով:
----------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում