ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 մայիսի 2022 թվականի N 774-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ԲՈՂՈՔՆԵՐԻ, ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ԿԱԶՄՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԳՅՈՒՏԵՐԻ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ, ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ, ԳՅՈՒՏԻ ՀԱՅՏԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ՀԱՅՏԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳՐՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ, ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ, ԳՅՈՒՏԵՐԻ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԴՐԱՆՑՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԵՐԸ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ՔԱՂՎԱԾՔԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԵՋ ՆՇՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԳՅՈՒՏԻ ԿԱՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՖՐԱՆՉԱՅԶԻՆԳԸ), ԴՐԱՆՑ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ, ԳՅՈՒՏԻ ԿԱՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ԱՐՏՈՆԱԳՐԱՏԻՐՈՋ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(6-րդ մաս)
41. ԳՅՈՒՏԻ ՀԱՎԱԿՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՍՏՈՒԳՈՒՄԸ
685. Գյուտի հավակնության սահմանման ստուգումն անցկացվում է հայտարկված գյուտի հավակնության սահմանման մեջ էական հատկանիշների առկայության նկատմամբ, որոնց համախմբությունը բավարար է հայտատուի կողմից նշված տեխնիկական արդյունքն ստանալու համար:
686. Եթե պարզվում է, որ գյուտի հավակնության սահմանման անկախ կետում բացակայում է հատկանիշ, որը փորձաքննության կարծիքով էական հատկանիշ է, այսինքն` առանց այդ հատկանիշի տեխնիկական արդյունքը չի ապահովվում, սակայն այդ հատկանիշը առկա է նկարագրության մեջ կամ հավակնության սահմանման կախյալ կետում, ապա հայտատուին առաջարկվում է այդ հատկանիշը ներառել հավակնության սահմանման անկախ կետում: Ընդ որում, բերվում են փաստարկներ, որոնք ապացուցում են տեխնիկական արդյունքի ստացման համար դրա անհրաժեշտությունը: Այդ փաստարկները կարող են հիմնվել հատկանիշների և տեխնիկական արդյունքի միջև պատճառահետևանքային կապի վրա կամ փորձաքննության կողմից կատարված հայտարկված գյուտի տեսական վերլուծության վրա:
687. Այն դեպքում, երբ որոշվում է, որ հայտատուի կողմից բերված հավակնության սահմանման անկախ կետը ներառում է ոչ էական հատկանիշներ կամ հատկանիշներ, որոնք բնութագրում են հայտարկված գյուտի իրագործման կամ օգտագործման մասնավոր ձևերը, հայտատուին կարող է առաջարկվել քննարկել այդպիսի խմբագրությամբ հավակնության սահմանման պահպանման նպատակահարմարության հարցը:
688. Գյուտի հավակնության սահմանման ստուգումը ներառում է նաև սույն կարգի 193-րդ կետի համաձայն հավակնության սահմանման հատկանիշների արտահայտումը գյուտի հավակնության սահմանման մեջ այնպես, որ հիմնվելով տեխնիկայի մակարդակի վրա` մասնագետը հասկանա դրանց իմաստային բովանդակությունը:
689. Եթե պարզվում է, որ հատկանիշի իմաստային բովանդակության բացահայտման համար անհրաժեշտ է գյուտի նկարագրության հիման վրա ճշգրտել դրա բնութագրումը, ապա հայտատուին առաջարկվում է ճշգրտել այն:
690. Եթե հատկանիշի իմաստային բովանդակության բացահայտման պահանջը պահպանված է, բայց դրա բնութագրման համար օգտագործված են տերմիններ, որոնք հնացած են կամ տեխնիկայի կոնկրետ բնագավառում ընդունված չեն, ապա հայտատուին կարելի է առաջարկել համապատասխան ճշգրտում մտցնել գյուտի հավակնության սահմանման մեջ:
691. Եթե պարզվում է, որ հատկանիշը բնութագրված է այնպիսի հասկացություններով, որոնք չեն ապահովում դրա իմաստային բովանդակության բացահայտման պահանջը և հայտատուն հրաժարվում է ճշգրտել գյուտի հավակնության սահմանումը, ապա հայտի հետագա քննարկման ընթացքում այդպիսի հասկացությունները հաշվի չեն առնվում:
692. Գյուտի հավակնության սահմանման ստուգումը ներառում է նաև հետևյալ հարցի պարզումը` գյուտի նկարագրության մեջ գյուտը բնութագրող հասկացությունների պարունակման փաստը:
693. Եթե բացահայտվում են այնպիսի հասկացություններ, որոնք հայտատուն օգտագործում է հավակնության սահմանման հատկանիշների բնութագրման համար, բայց դրանք բացակայում են գյուտի նկարագրության մեջ, ապա հայտատուն ծանուցվում է, որ ներկայացված հավակնության սահմանումը հիմնված չէ նկարագրության վրա, և առաջարկվում է այդ հասկացությունները ներգրավել նկարագրության մեջ (եթե հայտատուն կարևորում է դրանց պահպանումը հավակնության սահմանման մեջ) կամ այդ հասկացությունները հանել վերջինից:
694. Գյուտի հավակնության սահմանման ստուգումը ներառում է նաև հավակնության սահմանման մեջ այնպիսի հատկանիշների բացահայտում, որոնք անհրաժեշտ են միայն ոչ տեխնիկական համարվող արդյունքի ստացման համար:
695. Եթե գյուտի հավակնության սահմանման մեջ առկա են այնպիսի հատկանիշներ, որոնք անհրաժեշտ են միայն ոչ տեխնիկական համարվող արդյունքի ստացման համար, ապա հայտատուին առաջարկվում է ճշգրտել հավակնության սահմանումը` բացառելով դրանից այդ հատկանիշները:
696. Սույն կարգի 186-րդ կետի պահանջներին հավակնության սահմանման համապատասխանությունը ստուգելիս որոշվում է` հավակնության սահմանման մեջ ներառվող հատկանիշների բնութագրման համար նկարագրությունում առկա հասկացությունների օգտագործման փաստը:
697. Եթե հավակնության սահմանումը ներառում է հասկացություններ, որոնք բացակայում են դրանց բառացի ձևակերպմամբ նկարագրության մեջ, ապա որոշվում է` բացահայտված է արդյո՞ք նկարագրության մեջ այդպիսի հասկացությունների բովանդակությունը:
698. Ստուգվում է նաև հավակնության սահմանման հատկանիշները բնութագրելու համար` հայտատուի կողմից ընդհանրացման աստիճանի կիրառման իրավասությունը: Մասնավորապես, եթե հատկանիշը բնութագրված է ֆունկցիայի, հատկության մակարդակով, ապա ստուգվում է նկարագրության մեջ այն տեղեկությունների առկայությունը, որոնք ապացուցում են հավակնության սահմանման անկախ կետի մեջ ներառված այլ հատկանիշների համախմբությամբ այդպիսի ձևով նկարագրված հատկանիշի բավարարությունը` հայտատուի կողմից նշված տեխնիկական արդյունքը ստանալու համար:
699. Եթե հայտատուի կողմից նշված տեխնիկական արդյունքը ստանալու հնարավորության մասին կարող են բերվել միայն փորձարարական տվյալներ, ապա պետք է ստուգել գյուտի նկարագրության մեջ գյուտի իրագործելիությունը հաստատող համապատասխան տվյալներով օրինակների առկայությունը, ինչպես նաև դրանց բավարար լինելը եզրակացնելու, որ այդպիսի տեխնիկական արդյունքը հնարավոր է ստանալ ոչ միայն բերված օրինակների մասնավոր դեպքերում, և որ հայտատուն իրավասու է օգտագործել ընդհանրացման աստիճանը գյուտի հատկանիշների բնութագրման դեպքում:
700. Եթե որոշվում է, որ հավակնության սահմանումը չի կարող նկարագրության վրա լրիվությամբ հիմնված համարվել, հայտատուն ծանուցվում է դրա մասին, և նրան առաջարկվում է համապատասխան ճշգրտում մտցնել հավակնության սահմանման և(կամ) նկարագրության մեջ:
701. Եթե հայտում բերված է մի օղակ կամ մեկ անկախ կետով բազմօղակ հավակնության սահմանում, ստուգումը կատարվում է սույն կարգի 211-226-րդ կետերի պահանջների համաձայն: Եթե պարզվում է, որ խախտված են նշված պահանջները, ապա հայտատուին ուղարկվում է հարցում այդ խախտումները վերացնելու և հավակնության սահմանումը ճշգրտելու առաջարկությամբ: Ընդ որում, հայտատուն ծանուցվում է նաև ճշգրտված հավակնության սահմանման մեջ միասնության պահանջը չխախտելու անհրաժեշտության մասին, ինչպես նաև հավակնության սահմանման ճշգրտումից հրաժարվելու դեպքում` քննարկման ենթակա գյուտը նշելու անհրաժեշտության մասին:
702. Եթե հատկանիշը բնութագրելու համար հայտատուն չի պահպանում այլընտրանքային հասկացությունների կիրառման պայմանները, ապա նա ծանուցվում է կատարված խախտման բնույթի մասին` նշելով կոնկրետ այլընտրանքային բնութագրեր (բոլորը կամ հայտատուի կողմից բերվածներից մի քանիսը), որոնց նկատմամբ բացահայտված է այդ խախտումը:
703. Եթե քիմիական միացություններին վերաբերող գյուտերում օգտագործված է Մարկուշի բանաձևը, ապա պետք է հաշվի առնել` արդյո՞ք գյուտի հավակնության սահմանման մեջ թվարկված միացություններն ունեն ընդհանուր հատկություններ, կամ արդյո՞ք այդ միացություններն ունեն ընդհանուր էական կառուցվածքային տարր, որը տեխնիկայի նախորդ մակարդակի նկատմամբ կազմում է դրանց տարբերիչ բնութագիրը:
704. Եթե հայտատուի կողմից առաջարկված է մի քանի անկախ կետ ունեցող բազմօղակ հավակնության սահմանում, ապա փորձաքննությունը վերլուծում է յուրաքանչյուր անկախ կետը (և դրա կախյալ կետերը) և որոշում է` արդյո՞ք հավակնության սահմանման մեջ ընդգրկված գյուտերը ներկայացնում են միասնական գյուտարարական մտահղացում կազմող գյուտերի խումբ, անկախ այդ գյուտերն առանձին կետերում կամ մեկ կետում այլընտրանքի ձևով ներկայացված լինելու հանգամանքից: Գյուտի միասնությունն առկա է միայն այն դեպքում, երբ հայտարկված գյուտերի միջև կա տեխնիկական փոխադարձ կապ, որը ներառում է մեկ կամ մի քանի միանման կամ համապատասխան «հատուկ տեխնիկական հատկանիշներ», այսինքն` այնպիսի հատկանիշներ, որոնք որոշում են տեխնիկայի մակարդակի մեջ գյուտերից յուրաքանչյուրի ներդրումը:
705. Եթե ստուգվում է անկախ կետերում բնութագրած գյուտերի տարբերակներին վերաբերելու ճշտությունը, անհրաժեշտ է համոզվել, որ տարբերակների` հայտատուի կողմից նշված նշանակությունները և տեխնիկական արդյունքները համընկնում են:
706. Տեխնիկական արդյունքների համընկնելու պայմանը խախտված չի համարվում, եթե խմբի գյուտերից յուրաքանչյուրի համար նշված է մի քանի տեխնիկական արդյունք, որոնցից համընկնող է միայն մի մասը:
707. Տեխնիկական արդյունքների համընկնելու պայմանը խախտված չի համարվում նաև այն դեպքում, երբ բոլոր գյուտերի տեխնիկական ընդհանուր արդյունքի բնութագրումից բացի, որևէ մեկի ձևակերպումը լրացուցիչ ներառում է ինչ-որ հատուկ առանձնահատկություն: Օրինակ` «շփման նվազեցում», «շփման նվազեցում բարձր խոնավության պայմաններում»:
708. Գյուտի հավակնության սահմանման ստուգման ընթացքում պետք է ուշադրություն դարձնել հետևյալ հանգամանքներին`
1) գյուտի անվանումը պետք է համապատասխանի գյուտը բնութագրող հատկանիշներին: Օրինակ` եթե հայտարկված է «եղանակ», ապա ստուգվում է եղանակը բնութագրող հատկանիշների համախմբության առկայությունը հավակնության սահմանման մեջ.
2) լրացուցիչ կետերի բովանդակությունը պետք է համապատասխանի դրանց ներկայացվող պահանջներին, այսինքն պետք է ճշտել` այդ կետերում ներկայացված տեղեկատվությունը հանդիսանում է անկախ կետում բերված հատկանիշների համախմբության ճշգրտում կամ զարգացում, թե այդ հատկանիշները բնութագրում են գյուտի այլ օբյեկտ.
3) գյուտի հավակնության սահմանման անկախ կետը չպետք է պարունակի տարբեր տեսակի գյուտի օբյեկտների նկարագրություն` հաշվի առնելով, որ դրանք պետք է շարադրվեն տարբեր անկախ կետերում.
4) այս կամ այն հատկանիշի իրագործման տարբեր ձևերի ներառումը գյուտի հավակնության սահմանման միևնույն կետում պետք է լինի հիմնավորված.
5) ֆունկցիոնալ կախում ունեցող հատկանիշների տարբեր խմբերի հանդիսացումը որպես այլընտրանքներ, այսինքն` խմբերի, որոնք նկարագրում են օբյեկտի կոնկրետ բնութագիրը և իրականացնում են միանման ֆունկցիա, օրինակ` եթե նկարագրվում է եղանակ, որը նախատեսում է միանման ֆունկցիայի իրականացումը A և B փոխկապակցված պարամետրերի զույգերով, որոնք կարող են ընդունել A1, B1, A2, B2 և այլ նշանակություններ: Այդ զույգերը կարող են հանդիսանալ այլընտրանքներ: Հակառակ դեպքում` հայտատուն կարող է ծանուցվել այն մասին, որ տվյալ առաջարկությունը կարող է ներկայացվել հավակնության սահմանման մի քանի անկախ կետերում բնութագրված գյուտերի խմբով, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է այդ պարամետրերի համակցություններից մեկը.
6) նամակագրության ընթացքում հայտատուի կողմից ներկայացված հավակնության սահմանման ստուգմամբ պարզվում է` այդ հավակնության սահմանման մեջ հայտարկված գյուտին չվերաբերող նոր անկախ կետի բացակայությունը: Օրինակ` եթե հայտի սկզբնական նյութերում գյուտի օբյեկտ է «սարքը», լրացուցիչ նյութերը չպետք է պարունակեն «եղանակ» օբյեկտին վերաբերող անկախ կետով գյուտի հավակնության սահմանում, եթե անգամ չի խախտվել միասնության պահանջը:
42. ԳՅՈՒՏԻ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՍՏՈՒԳՈՒՄԸ
709. Գյուտի միասնության պահանջի կատարումն ստուգելիս պարզվում է, հայտի նյութերում մեկ գյուտի, կամ միասնական գյուտարարական մտահղացմամբ կապված գյուտերի խմբի պարունակման փաստը:
710. Գյուտերի խումբ կարող են կազմել թե գյուտերը, որոնք վերաբերում են տարբեր տեսակի օբյեկտներին (օրինակ` սարք և եղանակ, նյութ և եղանակ), և թե մի տեսակի օբյեկտներին վերաբերող գյուտերը, օրինակ` գյուտի տարբերակներ կամ գյուտեր, որոնք հարաբերակցվում են որպես ամբողջություն և մաս:
711. Հայտարկված գյուտերի խմբի նկատմամբ գյուտի միասնության պահանջը համարվում է կատարված այն դեպքում, երբ այդ գյուտերի միջև առկա է տեխնիկական փոխադարձ կապ, որն արտահայտվում է մեկ կամ մի քանի միանման կամ համապատասխան հատուկ տեխնիկական հատկանիշներով, որոնք որոշում են տեխնիկայի մակարդակի մեջ հայտարկված գյուտերից յուրաքանչյուրի ներդրումը:
712. Պարզ դեպքերում «համապատասխան տեխնիկական հատկանիշներ» տերմինը վերաբերում է նաև այլընտրանքային հատկանիշներին, որոնք կարող են փոխարինել մեկը մյուսին: Օրինակ` համապատասխանությունն առկա է, եթե հավակնության սահմանման մեկ կետում առաձգականություն ապահովող տեխնիկական հատկանիշը կարող է լինել մետաղե զսպանակ, իսկ մեկ այլ կետում` կաուչուկից կամ այլ նյութից պատրաստված տարր: Որոշ դեպքերում, սակայն, «համապատասխան» տերմինը կարող է օգտագործվել «լրացուցիչ», «օժանդակող», «հատուկ հարմարեցված» և այլ իմաստներով:
713. Գյուտերի խումբը տարբերակների տեսքով ներկայացնելիս, գյուտի միասնության պահանջը համարվում է կատարված, եթե սպասվող տեխնիկական արդյունքը ձեռք է բերվում գյուտերով, որոնք հիմնված են միևնույն սկզբունքի վրա, ինչն արտացոլվում է, մասնավորապես, գյուտերի այն հատկանիշների միջև փոխադարձ կապի մեջ, որոնք որոշում են տեխնիկական արդյունքը:
714. Միասնության պահանջին գյուտի համապատասխանության գնահատման եղանակը կախված չէ նրանից, թե խումբ կազմող գյուտերը ներկայացված են հավակնության սահմանման տարբեր կետերում, թե մեկ կետում` որպես այլընտրանք:
715. Միջանկյալ արգասիքն, առանց գյուտի միասնության պահանջի խախտման, կարող է հայտարկվել որպես ինքնուրույն գյուտ գյուտերի խմբի կազմում` վերջնական արգասիքի հետ միասին, եթե վերջնական և միջանկյալ արգասիքներն ունեն ընդհանուր էական կառուցվածքային տարր:
716. Միջանկյալ և վերջնական արգասիքները համարվում են տեխնիկապես փոխկապված այն դեպքում, եթե վերջնական արգասիքն ստացվում է կամ անմիջականորեն միջանկյալ արգասիքից, կամ վերջինից անջատվում է փոքր քանակությամբ այլ միջանկյալ արգասիքների միջոցով, որոնք ունեն միևնույն էական կառուցվածքային տարրը: Միջանկյալ և վերջնական արգասիքները, վերջինի ստացման գործընթացում չպետք է առանձնացվեն մեկ այլ ոչ նոր միջանկյալ արգասիքով:
717. Գյուտի միասնության պահանջը խախտված չի լինի նաև այն դեպքում, եթե վերջնական արգասիքը ստացվում է տարբեր միջանկյալ արգասիքներից, որոնք օգտագործվում են տարբեր գործընթացներում, պայմանով, որ դրանք ունեն միևնույն էական կառուցվածքային տարր:
718. Գյուտի միասնության պահանջը համարվում կատարված, եթե գյուտերում, որոնք գյուտի հավակնության սահմանման մեջ ներկայացված են գյուտերի խմբի տեսքով, որպես գյուտերի հատկանիշներ նկարագրված են չպարզված կառուցվածքով միջանկյալ և(կամ) վերջնական արգասիքներ: Այս դեպքում պետք է ցույց տրվի, տեխնիկական արդյունքն ստանալու համար անհրաժեշտ, դրանց հիմնական տեխնիկական բնութագրերի նմանությունը:
719. Գյուտի միասնության պահանջը գյուտերի խմբի նկատմամբ համարվում է կատարված, եթե գյուտերից մեկը նոր քիմիական միացություն է, իսկ մյուսները` դրա տարբեր կիրառություններն են: Ընդ որում, յուրաքանչյուր այդպիսի կիրառություն ներկայացված է հավակնության սահմանման անկախ կետի տեսքով և քննարկվում է որպես առանձին գյուտ:
720. Գյուտի միասնության պահանջի խախտման հայտնաբերման դեպքում, հայտատուին առաջարկվում է այդ մասին ծանուցումն ուղարկելու օրվանից եռամսյա ժամկետում հայտնել, թե միասնության պահանջը բավարարող գյուտերից որոնք պետք է քննարկվեն տվյալ հայտի շրջանակներում և անհրաժեշտության դեպքում, ճշգրտումներ կատարել հայտի փաստաթղթերում: Միևնույն ժամանակ, հայտատուն ծանուցվում է մեկ կամ մի քանի զատված հայտերի ներկայացման հնարավորության մասին` գյուտի միասնության պահանջը բավարարող այլ գյուտերի կամ գյուտերի խմբերի համար:
721. Եթե հայտատուն սահմանված ժամկետում չի տեղեկացրել, թե միասնության պահանջը բավարարող որ գյուտը (կամ գյուտերի խումբը) պետք է քննարկվի, և չի ներկայացրել ճշգրտված փաստաթղթերը, ապա փորձաքննությունն անցկացվում է միայն հավակնության սահմանման մեջ առաջինը բերված գյուտի նկատմամբ կամ հավակնության սահմանման մեջ առաջինը բերված այն հայտարկված գյուտերի նկատմամբ, որոնք կազմում են գյուտի միասնության պահանջը բավարարող խումբ: Այս դեպքում հայտատուին ուղարկվում է հարցում` այն ուղարկելու օրվանից եռամսյա ժամկետում հայտի փաստաթղթերում համապատասխան ճշգրտումներ կատարելու առաջարկությամբ:
722. Հայտի նախնական փորձաքննության ընթացքում սույն կարգի 709-719-րդ կետերի համաձայն գյուտի միասնության պահանջի կատարման ստուգումն իրականացվում է առաջին հայացքից` առանց հայտարկվող գյուտի էության վերլուծության:
43. ՀԱՅՏԻ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄԸ
723. Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, մինչև հայտի հրապարակումը, բայց ոչ ուշ, քան հայտի հրապարակման օրվանից տասն աշխատանքային օր առաջ, իսկ հայտի նախնական փորձաքննության արդյունքում գյուտի արտոնագիր տալը մերժելու կամ հայտը հետ կանչված համարելու մասին որոշման դեպքում` մինչև օրենքով նախատեսված կարգով նշված որոշման բողոքարկման հնարավորությունների ամբողջությամբ սպառվելը, հայտատուն կարող է գյուտի արտոնագիր տալու հայտը գյուտի կարճաժամկետ արտոնագիր տալու հայտի փոխակերպելու մասին դիմում ներկայացնել Գրասենյակ:
724. Օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, գյուտի կարճաժամկետ արտոնագիր ստանալու հայտը կարող է փոխակերպվել գյուտի արտոնագիր ստանալու հայտի մինչև գյուտի կարճաժամկետ արտոնագիր տալու վերաբերյալ Գրասենյակի որոշման կայացումը, իսկ արտոնագիր տալը մերժելու կամ հայտը հետ կանչված համարելու մասին որոշման դեպքում` մինչև օրենքով նախատեսված կարգով նշված որոշման բողոքարկման հնարավորությունների ամբողջությամբ սպառվելը: Գյուտի կարճաժամկետ արտոնագիր ստանալու հայտը կարող է փոխակերպվել գյուտի արտոնագիր ստանալու հայտի հայտատուի կողմից Գրասենյակ ներկայացված համապատասխան դիմումի հիման վրա:
725. Սույն կարգի 723-րդ և 724-րդ կետերում նշված դիմումներին պետք է կցվի համապատասխանաբար` գյուտի արտոնագիր տալու հայտը գյուտի կարճաժամկետ արտոնագիր տալու հայտի փոխակերպելու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար, կամ գյուտի կարճաժամկետ արտոնագիր տալու հայտը գյուտի արտոնագիր տալու հայտի փոխակերպելու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը:
726. Գրասենյակը գյուտի արտոնագիր տալու հայտը գյուտի կարճաժամկետ արտոնագիր տալու հայտի փոխակերպելու մասին դիմումի քննարկման ընթացքում ստուգում է դրա` սույն կարգի 723-րդ և 725-րդ կետերով սահմանված պահանջներին համապատասխանությունը:
727. Գրասենյակը գյուտի կարճաժամկետ արտոնագիր տալու հայտը գյուտի արտոնագիր տալու հայտի փոխակերպելու մասին դիմումի քննարկման ընթացքում ստուգում է դրա` սույն կարգի 724-րդ և 725-րդ կետերով սահմանված պահանջներին համապատասխանությունը:
728. Հայտը փոխակերպելու մասին դիմումը քննարկելիս Գրասենյակն այն ներկայացնելու օրվանից հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է` սահմանված ժամկետում դիմումը ներկայացնելու փաստը, սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի առկայությունը և վճարված պետական տուրքի չափի համապատասխանությունը սահմանվածին:
729. Առանց համապատասխան պետական տուրքի վճարման գյուտի արտոնագիր տալու հայտը գյուտի կարճաժամկետ արտոնագիր տալու հայտի փոխակերպելու մասին դիմումը, կամ համապատասխանաբար, գյուտի կարճաժամկետ արտոնագիր տալու հայտը գյուտի արտոնագիր տալու հայտի փոխակերպելու մասին դիմումը համարվում է չներկայացված, ինչի մասին հայտատուն ծանուցվում է:
730. Եթե սույն կարգի 725-րդ կետում նշված պետական տուրքը վճարված է ոչ լրիվ, ապա հայտատուին առաջարկվում է այդ մասին ծանուցագրի ստացման օրվանից երկամսյա ժամկետում լրավճարել պետական տուրքը:
731. Եթե համապատասխան դիմումը ներկայացվել է սույն կարգի 723-րդ և 724-րդ կետերում սահմանված ժամկետի ավարտից հետո, ապա դիմումը մերժվում է (կայացվում է մերժման մասին որոշում), ինչի մասին հայտատուն ծանուցվում է:
732. Եթե սույն կարգի 726-րդ կամ 727-րդ կետերի համաձայն կատարված ստուգման արդյունքներով Գրասենյակը դիմումը համարում է սահմանված պահանջներին համապատասխանող, ապա համապատասխանաբար` գյուտի արտոնագիր տալու հայտը փոխակերպվում է գյուտի կարճաժամկետ արտոնագիր տալու հայտի, կամ գյուտի կարճաժամկետ արտոնագիր տալու հայտը փոխակերպվում է գյուտի արտոնագիր տալու հայտի, ինչի մասին հայտատուն ծանուցվում է:
733. Հայտը, որի փոխակերպումը չի կայացել, մնում է համապատասխանաբար` գյուտի արտոնագիր տալու հայտ, կամ գյուտի կարճաժամկետ արտոնագիր տալու հայտ, և նրա հետագա գործավարությունն անցկացվում է սույն կարգի համաձայն:
734. Եթե հայտատուի կողմից ներկայացված հայտը փոխակերպելու մասին դիմումի ստացման թվականի դրությամբ հայտով ներկայացվել են հայտում ուղղումներ կամ ճշգրտումներ կատարող լրացուցիչ նյութեր կամ գյուտի ճշգրտված հավակնության սահմանում, ապա այդ նյութերի ստուգումը կատարվում է սույն Կարգի համաձայն, որի արդյունքների մասին ծանուցվում է հայտատուն:
735. Փոխակերպում չի կատարվում հետ կանչված և հետ կանչված համարված հայտերի նկատմամբ:
736. Սույն կարգի 723-րդ և 724-րդ կետերում նշված փոխակերպումների ժամանակ պահպանվում են սկզբնական հայտով սահմանված առաջնությունը և հայտի ներկայացման թվականը:
44. ԳՅՈՒՏԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԿԱՅԱՑՎՈՂ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
737. Եթե Գրասենյակը գյուտի արտոնագիր ստանալու հայտի նախնական փորձաքննության արդյունքում համարում է, որ հայտի փաստաթղթերն ու լրացուցիչ նյութերն իրենց բովանդակությամբ և ձևով համապատասխանում են օրենքով սահմանված պահանջներին, և գյուտի առարկան արտոնագրաունակ է օրենքի 13-րդ հոդվածի իմաստով, ապա Գրասենյակը որոշում է կայացնում հայտի հրապարակման մասին` որոշման մեջ նշելով դրա հրապարակման նախատեսվող թվականը: Կայացրած որոշման մասին հայտատուն ծանուցվում է:
738. Եթե Գրասենյակը գյուտի կարճաժամկետ արտոնագիր ստանալու հայտի նախնական փորձաքննության արդյունքում համարում է, որ հայտի փաստաթղթերն ու լրացուցիչ նյութերն իրենց բովանդակությամբ և ձևով համապատասխանում են օրենքով սահմանված պահանջներին, և գյուտի առարկան արտոնագրաունակ է օրենքի 13-րդ հոդվածի իմաստով, ապա Գրասենյակը հաշվի առնելով իր տրամադրության տակ գտնվող հանրամատչելի դարձած տեխնիկայի համապատասխան բնագավառի լուծումները, ստուգում է գյուտի համապատասխանությունը կարճաժամկետ արտոնագրով պահպանվող գյուտի արտոնագրաունակության պայմաններին, որի արդյունքում որոշում է կայացնում կարճաժամկետ արտոնագիր տալու կամ կարճաժամկետ արտոնագիր տալը մերժելու մասին:
739. Կարճաժամկետ արտոնագրով պահպանվող գյուտի արտոնագրաունակության պայմաններին հայտարկված գյուտի համապատասխանության ստուգումը ներառում է`
1) «արդյունաբերորեն կիրառելիություն» արտոնագրաունակության պայմանին գյուտի համապատասխանության ստուգում, համաձայն սույն կարգի 820-833-րդ կետերի (համապատասխան փոփոխություններով).
2) «նորություն» արտոնագրաունակության պայմանին գյուտի համապատասխանության ստուգում, համաձայն սույն կարգի 841-850-րդ կետերի (համապատասխան փոփոխություններով).
3) տեխնիկայի մակարդակից գյուտի ուղղակիորեն բխման ստուգում, համաձայն սույն կարգի 851-869-րդ կետերի (համապատասխան փոփոխություններով):
740. Գրասենյակը սույն կարգի 739-րդ կետում նշված ստուգման համար տեխնիկայի մակարդակը որոշում է հետևյալ նյութերի շրջանակներում.
1) Հայաստանի Հանրապետության արտոնագրային փաստաթղթեր (հայտեր և արտոնագրեր).
2) Եվրասիական արտոնագրային-տեղեկատվական համակարգում (EAPATIS) որոնման համար հասանելի նյութեր.
3) Եվրոպական արտոնագրային կազմակերպության արտոնագրերի որոնման համակարգում (Espacenet) որոնման համար հասանելի արտոնագրային փաստաթղթեր.
4) Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության միջազգային և ազգային արտոնագրային հավաքածուներում որոնման համակարգում (PATENTSCOPE) որոնման համար հասանելի արտոնագրային փաստաթղթեր.
5) Ամերիկայի Միացյալ Նահանգների արտոնագրային գերատեսչության` որոնման համար հասանելի արտոնագրային փաստաթղթեր.
6) Ռուսաստանի Դաշնության արտոնագրային գերատեսչության` որոնման համար հասանելի արտոնագրային փաստաթղթեր.
7) մարդկանց լայն շրջանակի համար նախատեսված աղբյուրներում (օրինակ` հանրագիտարաններում, բառարաններում, ուսումնական ձեռնարկներում և այլն) ներառված ընդհանուր գիտելիքներ.
8) Ինտերնետի միջոցով հասանելի դարձած տեղեկատվություն:
741. Գյուտի կարճաժամկետ արտոնագիր տալու մասին որոշումը Գրասենյակը կայացնում է սույն կարգի 870-875-րդ կետերի համաձայն (համապատասխան փոփոխություններով):
742. Գյուտի կարճաժամկետ արտոնագիր տալը մերժելու մասին որոշումը Գրասենյակը կայացնում է սույն կարգի 876-879-րդ կետերի համաձայն (համապատասխան փոփոխություններով):
743. Զատված գյուտի արտոնագիր ստանալու հայտով, որն առանձնացվել է այն սկզբնական (ավելի վաղ) ներկայացված հայտից, որով սկսվել էր ըստ էության փորձաքննության անցկացումը և վճարվել էր օրենքով սահմանված պետական տուրքը, հայտի նախնական փորձաքննության դրական արդյունքով ավարտի դեպքում, Գրասենյակն այդ մասին և գյուտի ըստ էության փորձաքննության անցկացումը սկսելու մասին ծանուցում է հայտատուին:
45. ԳՅՈՒՏԻ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ
744. Սույն կարգի 737-րդ կետի համաձայն` գյուտի արտոնագիր ստանալու հայտի հրապարակման մասին որոշման կայացման դեպքում Գրասենյակը հրապարակում է հայտը` այն ներկայացնելու թվականից, իսկ խնդրարկված առաջնության դեպքում` առաջնության թվականից հաշված տասնութ ամիսը լրանալուց հետո:
745. Հայտատուի` հայտի վաղաժամկետ հրապարակման մասին դիմումի համաձայն, օրենքով սահմանված պետական տուրքի վճարման պայմանով, հայտը կարող է հրապարակվել մինչև սույն կարգի 744-րդ կետում նշված տասնութամսյա ժամկետը լրանալը, բայց ոչ շուտ, քան մինչև հայտը ներկայացնելու թվականից երեք ամիս լրանալը, պայմանով, որ Գրասենյակը որոշում է կայացրել հայտի հրապարակման մասին:
746. Սույն կարգի 737-րդ կետի համաձայն ազգային փուլ փոխադրված միջազգային հայտի հրապարակման մասին որոշման կայացման դեպքում միջազգային հայտերի մասին տեղեկությունները հրապարակվում են ազգային փուլ փոխադրման օրվանից վեց ամիսը լրանալուց հետո, օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջների պահպանման պայմանով:
747. Հայտատուի` հայտի վաղաժամկետ հրապարակման մասին դիմումի համաձայն, օրենքով սահմանված պետական տուրքի վճարման պայմանով, միջազգային հայտը կարող է հրապարակվել մինչև ազգային փուլ փոխադրման օրվանից վեցամսյա ժամկետը լրանալը, բայց ոչ շուտ, քան մինչև միջազգային հայտի ազգային փուլ փոխադրման օրվանից երեք ամիս լրանալը, պայմանով, որ Գրասենյակը որոշում է կայացրել հայտի հրապարակման մասին:
748. Հայտատուն հայտի վաղաժամկետ հրապարակման մասին դիմումում կարող է սույն կարգի 745-րդ կամ 747-րդ կետերով նշված ժամկետներում նշել հայտի հրապարակման իր նախընտրելի ժամկետը:
749. Հայտի վաղաժամկետ հրապարակման մասին դիմումի քննարկման ընթացքում Գրասենյակը ստուգում է` հայտի հրապարակման մասին կայացրած որոշման առկայությունը, սույն կարգի 745-րդ կամ 747-րդ կետերով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի առկայությունը և վճարված պետական տուրքի չափի համապատասխանությունը սահմանվածին:
750. Առանց համապատասխան պետական տուրքի վճարման հայտի վաղաժամկետ հրապարակման մասին դիմումը համարվում է չներկայացված, ինչի մասին հայտատուն ծանուցվում է:
751. Եթե սույն կարգի 745-րդ կամ 747-րդ կետերով նշված պետական տուրքը վճարված է ոչ լրիվ, ապա հայտատուին առաջարկվում է այդ մասին ծանուցագրի ստացման օրվանից երկամսյա ժամկետում լրավճարել պետական տուրքը:
752. Եթե սույն կարգի 749-րդ կետի համաձայն կատարված ստուգման արդյունքներով Գրասենյակը դիմումը համարում է սահմանված պահանջներին համապատասխանող, ապա որոշվում է հայտը հրապարակել վաղաժամկետ: Կայացրած որոշման և հրապարակման նախատեսվող թվականի մասին հայտատուն ծանուցվում է:
753. Եթե սույն կարգի 749-րդ կետերի համաձայն կատարված ստուգման արդյունքներով Գրասենյակը պարզում է, որ հայտի վերաբերյալ բացակայում է հայտի հրապարակման մասին Գրասենյակի կայացրած որոշումը, ապա հայտը վաղաժամկետ հրապարակելու մասին դիմումը մերժվում է (կայացվում է մերժման մասին որոշում), ինչի մասին հայտատուն ծանուցվում է:
754. Սույն կարգի 744-րդ կետով նախատեսված հրապարակման մեջ ներառվում են` մատենագիտական տվյալները և գյուտի հավակնության սահմանումը` հայտի ներկայացման թվականի դրությամբ ներկայացված կամ հայտի հրապարակման օրվանից ոչ ուշ, քան տասն աշխատանքային օր առաջ սահմանված կարգով հայտատուի կողմից փոփոխված խմբագրությամբ:
755. Հայտի մասին տեղեկությունների հրապարակումը կարող է հետաձգվել, եթե հայտատուն հրաժարվել է առաջնության իրավունքից, պայմանով, որ հրաժարման մասին դիմումը ներկայացվել է ոչ ուշ, քան հայտի հրապարակման օրվանից տասն աշխատանքային օր առաջ: Եթե հրաժարվելու մասին դիմումը հայտատուն ներկայացրել է նշված ժամկետից ավելի ուշ, ապա հայտի մասին տեղեկությունները հրապարակվում են նախապես խնդրարկվող առաջնության թվականից տասնութ ամիսը լրանալուց հետո` առաջնության իրավունքից հրաժարվելու մասին տեղեկատվության հետագա հրապարակմամբ:
46. ԳՅՈՒՏԻ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՏԱԼԸ ԵՎ ԴՐԱ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ
756. Գյուտի կարճաժամկետ արտոնագիր տալու մասին որոշման հիման վրա` գյուտի պետական գրանցման և կարճաժամկետ արտոնագիր տալու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման դեպքում Գրասենյակը գյուտը գրանցում է գրանցամատյանում և տալիս է արտոնագիր:
757. Գյուտը գրանցամատյանում գրանցելու հետ միաժամանակ Գրասենյակն իր պաշտոնական տեղեկագրում տեղեկություններ է հրապարակում արտոնագիր տալու մասին, որոնք ներառում են` հեղինակի անունը, ազգանունը (եթե հեղինակը չի հրաժարվել նշվել որպես այդպիսին), արտոնագրատիրոջ անունը, ազգանունը կամ անվանումը, գյուտի անվանումը, հավակնության սահմանումը և այլ տեղեկություններ:
758. Գյուտի կարճաժամկետ արտոնագիր տալու թվական համարվում է Գրասենյակի պաշտոնական տեղեկագրում արտոնագիր տալու մասին տեղեկությունների հրապարակման թվականը:
759. Գյուտի կարճաժամկետ արտոնագիր տալու մասին սույն կարգի 757-րդ կետում նշված տեղեկությունների հրապարակումը պաշտոնական տեղեկագրում և համապատասխան գյուտի գրանցումը գրանցամատյանում իրականացվում է ոչ շուտ, քան հայտը ներկայացնելու թվականից, իսկ համապատասխան դեպքում` միջազգային հայտի ազգային փուլ փոխադրման օրվանից, երեք ամիս լրանալուց հետո:
760. Գյուտի կարճաժամկետ արտոնագիր տալու մասին տեղեկությունների հրապարակման հետ միաժամանակ Գրասենյակը հրապարակում է արտոնագրին կից գյուտի լրիվ նկարագրությունը (գյուտի նկարագրությունը, հավակնության սահմանումը, համապատասխան դեպքերում` գծագրերը և այլ նյութեր):
761. Արտոնագրին կից գյուտի լրիվ նկարագրությունը հրապարակվում է այն տեսքով, որով այն ներկայացվել է հայտատուի կողմից, մասնավորապես` այն բանից հետո, երբ հայտատուն գյուտի նկարագրությունը համապատասխանեցրել է հավակնության սահմանմանը, սույն կարգով սահմանված պահանջներին, հայտատուի նախաձեռնությամբ կամ փորձաքննության առաջարկությամբ վերացվել են նկարագրության թերությունները:
762. Անհրաժեշտության դեպքում Գրասենյակը կարող է խմբագրական ճշգրտումներ մտցնել հրապարակման ենթակա` արտոնագրին կից գյուտի լրիվ նկարագրության նյութերում:
47. ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
763. Հայտի հրապարակման օրվանից հետո, բայց ոչ ուշ, քան մինչև հայտարկված գյուտի ըստ էության փորձաքննության արդյունքներով Գրասենյակի կողմից որևէ որոշման կայացումը, ցանկացած երրորդ անձ կարող է Գրասենյակ առարկություն ներկայացնել տվյալ հայտով գյուտի արտոնագիր տալու դեմ` օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերում նշված հիմքերով:
764. Սույն կարգի 763-րդ կետի համաձայն ստացված առարկության մասին Գրասենյակը ծանուցում է հայտատուին` դրա վերաբերյալ իր նկատառումները ծանուցագիրն ուղարկելու օրվանից երկամսյա ժամկետում ներկայացնելու առաջարկությամբ:
765. Սույն կարգի 763-րդ կետի համաձայն ստացված առարկությունը և 764-րդ կետի համաձայն ներկայացված հայտատուի նկատառումները Գրասենյակը հրապարակում է իր պաշտոնական ինտերնետային կայքում դրանց ստացման օրվանից հետո` մեկամսյա ժամկետում:
766. Սույն կարգի 765-րդ կետի համաձայն հրապարակվում են առնվազն` ստացված առարկության հիմքը և Գրասենյակի կողմից նախապատրաստած` ներկայացված նկատառումների համառոտ բովանդակությունը:
767. Ստացված առարկություններն ու հայտատուի նկատառումները հաշվի են առնվում Գրասենյակի կողմից տվյալ հայտով անցկացվող գյուտի ըստ էության փորձաքննության ընթացքում` գյուտի արտոնագիր տալու կամ գյուտի արտոնագիր տալը մերժելու մասին որոշումները կայացնելիս:
48. ԳՅՈՒՏԻ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
768. Գրասենյակն անցկացնում է գյուտի ըստ էության փորձաքննությունը հայտատուի կամ ցանկացած երրորդ անձի կողմից ներկայացված գրավոր դիմումի հիման վրա:
769. Երրորդ անձի կողմից ստացված գյուտի ըստ էության փորձաքննություն անցկացնելու վերաբերյալ դիմումի մասին Գրասենյակը ծանուցում է հայտատուին:
770. Մի քանի անձանց կողմից գյուտի ըստ էության փորձաքննություն անցկացնելու մասին դիմումների ներկայացման դեպքում ավելի ուշ ներկայացման թվական ունեցողները համարվում են չներկայացված, եթե դրանք վերաբերում են այն գյուտին (գյուտերին), որին վերաբերում է ավելի վաղ ներկայացված դիմումը (դիմումները), ինչի մասին ծանուցվում են այդ դիմումները ներկայացնողները:
771. Գյուտի ըստ էության փորձաքննություն անցկացնելու մասին դիմումը կարող է ներկայացվել հայտի հրապարակումից հետո` հայտի ներկայացման թվականից կամ միջազգային հայտի ազգային փուլ փոխադրման թվականից հետո հինգ տարվա ընթացքում:
772. Գյուտի ըստ էության փորձաքննություն անցկացնելու մասին դիմումը պետք է պարունակի`
1) հիշատակում այն մասին, որ դիմումով խնդրարկվում է գյուտի ըստ էության փորձաքննության անցկացում,
2) գյուտի անվանումը,
3) հայտի համարը,
4) հայտի ներկայացման թվականը կամ միջազգային հայտի ազգային փուլ փոխադրման թվականը,
5) նշում դիմումատուի մասին (հայտատու, հայտատուի ներկայացուցիչ կամ երրորդ անձ),
6) դիմումատուին վերաբերող տվյալներ (ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, բնակության վայրը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում) (անհատ ձեռնարկատեր նշումով), հաշվառման վայրը, կազմակերպության դեպքում` անվանումը, գտնվելու վայրը),
7) նամակագրության հասցեն, հեռախոսահամար, ինչպես նաև դիմումատուի ցանկությամբ` էլեկտրոնային փոստի հասցեն,
8) գյուտի հավակնության սահմանման այն անկախ կետի(երի) նշումը, որի(ոնց) վերաբերյալ խնդրարկվում է ըստ էության փորձաքննության անցկացում,
9) տեղեկություններ դիմումին կցված օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի վերաբերյալ (բանկի անվանումը, փաստաթղթի համարը, վճարված գումարի չափը և վճարման թվականը),
10) տեղեկություններ դիմումին կցված այլ փաստաթղթերի վերաբերյալ (դրանց առկայության դեպքում),
11) ստորագրություն, որը վերծանվում է` ստորագրող անձի անվան սկզբնատառի և ազգանվան նշումով (եթե դիմումատուն կազմակերպություն է, ապա դիմումը ստորագրում է դրա ղեկավարը կամ կազմակերպության հիմնադիր փաստաթղթով լիազորված այլ անձ` նշելով պաշտոնը),
12) դիմումի ներկայացման թվականը:
773. Դիմումին կցվում են`
1) ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթը (լիազորագիր), եթե դիմումը ներկայացվել է հայտատուի ներկայացուցչի միջոցով.
2) օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը:
774. Գյուտի ըստ էության փորձաքննություն անցկացնելու մասին դիմումը համարվում է ներկայացված օրենքով սահմանված պետական տուրքի վճարման դեպքում և չի կարող հետ կանչվել:
775. Գյուտի ըստ էության փորձաքննությունը չի անցկացվում, եթե ըստ էության փորձաքննություն անցկացնելու մասին ներկայացված դիմումը վերաբերում է ավելի վաղ հետ կանչված կամ հետ կանչված համարված հայտին:
776. Գյուտի ըստ էության փորձաքննություն անցկացնելու մասին դիմումն ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում, Գրասենյակը ստուգում է վճարված պետական տուրքի համապատասխանությունը սահմանված չափին:
777. Եթե վճարված գումարը համապատասխանում է սահմանված չափին, ապա Գրասենյակը ծանուցում է դիմումատուին գյուտի ըստ էության փորձաքննության անցկացումն սկսելու մասին: Ծանուցագրի ուղարկման թվականը համարվում է գյուտի ըստ էության փորձաքննության անցկացման սկիզբը:
778. Եթե վճարված գումարը չի համապատասխանում սահմանված չափին, դիմումատուին առաջարկվում է այդ մասին ծանուցագրի ստացման օրվանից երկամսյա ժամկետում լրավճարել պետական տուրքը կամ սահմանափակել իր հավակնությունները:
779. Սահմանված ժամկետում դիմումատուի կողմից վճարված պետական տուրքը սահմանված չափին համապատասխանեցնելու կամ իր հավակնությունները սահմանափակելու դեպքում Գրասենյակը երեք աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է դիմումատուին գյուտի ըստ էության փորձաքննության անցկացումն սկսելու մասին: Ծանուցագրի ուղարկման թվականը համարվում է գյուտի ըստ էության փորձաքննության անցկացման սկիզբը:
780. Սահմանված ժամկետում դիմումատուի կողմից վճարված պետական տուրքը սահմանված չափին չհամապատասխանեցնելու կամ իր հավակնությունները չսահմանափակելու դեպքում գյուտի ըստ էության փորձաքննություն անցկացնելու մասին դիմումը համարվում է չներկայացված, ինչի մասին ծանուցվում է հայտատուն:
781. Եթե գյուտի ըստ էության փորձաքննություն անցկացնելու մասին դիմումը և ըստ էության փորձաքննություն անցկացնելու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը չեն ներկայացվում սույն կարգի 771-րդ կետում նշված ժամկետում, ապա հայտը համարվում է հետ կանչված, ինչի մասին ծանուցվում է հայտատուն:
782. Զատված հայտով, որը առանձնացվել է այն սկզբնական (ավելի վաղ) ներկայացված հայտից, որով սկսվել էր ըստ էության փորձաքննության անցկացումը և վճարվել էր օրենքով սահմանված պետական տուրքը, ըստ էության փորձաքննությունն անցկացվում է հայտի նախնական փորձաքննության դրական արդյունքով ավարտից անմիջապես հետո, ինչի մասին հայտատուն ծանուցվում է: Ծանուցագրի ուղարկման թվականը համարվում է գյուտի ըստ էության փորձաքննության անցկացման սկիզբը:
783. Սույն կարգի 782-րդ կետում նշված դեպքում զատված հայտը չի հրապարակվում և գյուտի ըստ էության փորձաքննությունն անցկացնելու համար սահմանված պետական տուրքը չի վճարվում:
784. Սույն կարգի 782-րդ կետի իմաստով, հայտի նախնական փորձաքննությունը համարվում է դրական արդյունքով ավարտված, եթե հայտի փաստաթղթերն ու լրացուցիչ նյութերն իրենց բովանդակությամբ և ձևով համապատասխանում են օրենքով սահմանված պահանջներին, և գյուտի առարկան արտոնագրաունակ է օրենքի 13-րդ հոդվածի իմաստով:
785. Գյուտի ըստ էության փորձաքննության անցկացման շրջանակներում ստուգվում է, մասնավորապես`
1) գյուտի հավակնության սահմանման ձևակերպման ճշտությունը.
2) գյուտի միասնության պահանջի կատարումը.
3) լրացուցիչ նյութերի (եթե դրանք ներկայացված են) ներկայացման օրինականությունը և փորձաքննության ժամանակ դրանց օգտագործման հնարավորությունը.
4) առաջնության խնդրարկման օրինականությունը և առաջնության սահմանման հնարավորությունը.
5) ըստ Միջազգային արտոնագրային դասակարգման գյուտի դասակարգման ճշտությունը.
6) հայտի նյութերի համապատասխանությունը գյուտի ամբողջական բացահայտման պահանջին.
7) օրենքի 12-17-րդ հոդվածներով սահմանված` արտոնագրաունակության պահանջներին գյուտի համապատասխանությունը:
786. Գյուտի արտոնագրաունակության պայմաններին հայտարկված գյուտերի համապատասխանության ստուգումն իրականացվում է հետևյալ հերթականությամբ`
1) «արդյունաբերորեն կիրառելիություն» արտոնագրաունակության պայմանին գյուտի համապատասխանության ստուգում.
2) «նորություն» արտոնագրաունակության պայմանին գյուտի համապատասխանության ստուգում.
3) «գյուտարարական մակարդակ» արտոնագրաունակության պայմանին գյուտի համապատասխանության ստուգում:
787. Գյուտի ըստ էության փորձաքննություն անցկացնելու մասին դիմում ներկայացրած երրորդ անձը, որը չի հանդիսանում հայտատու, հայտի քննարկմանը չի մասնակցում:
788. Եթե գյուտի ըստ էության փորձաքննություն անցկացնելու ընթացքում պարզվում է, որ հայտարկված գյուտը չի համապատասխանում սույն կարգի 785-րդ կետում նշված պահանջներին, Գրասենյակը հայտատուին ուղարկում է հարցում` այնքան անգամ, որքան անհրաժեշտ է, հարցումն ուղարկելու օրվանից եռամսյա ժամկետում նկատառումներ ներկայացնելու և հայտի նյութերում փոփոխություններ կատարելու մասին` լրացուցիչ նյութերին ներկայացվող պահանջներին համապատասխան:
789. Եթե հայտատուն սահմանված ժամկետում չի պատասխանում սույն կարգի 788-րդ կետին համապատասխան ուղարկված հարցմանը, կամ չի դիմում սահմանված ժամկետի երկարաձգման համար, հայտը համարվում է հետ կանչված, ինչի մասին հայտատուն ծանուցվում է:
790. Եթե գյուտի ըստ էության փորձաքննություն անցկացնելու ընթացքում պարզվում է, որ խախտված է գյուտի միասնության պահանջը, ապա կիրառվում են սույն կարգի 720-րդ և 721-րդ կետերի պահանջները:
791. Եթե մինչև ըստ էության փորձաքննության ավարտը հայտը հետ է կանչվում հայտատուի կողմից, ապա Գրասենյակը գյուտի ըստ էության փորձաքննություն անցկացնելու մասին դիմում ներկայացրած երրորդ անձին ծանուցում է այդ մասին:
792. Գյուտի ըստ էության փորձաքննության արդյունքներով, Գրասենյակը նախապատրաստում է գյուտի արտոնագրաունակության մասին եզրակացություն, որի հիման վրա, հաշվի առնելով օրենքի 56-րդ հոդվածի համաձայն ստացված` գյուտի արտոնագիր տալու դեմ երրորդ անձանց առարկություններն ու հայտատուի նկատառումները, Գրասենյակը որոշում է կայացնում գյուտի արտոնագիր տալու կամ գյուտի արտոնագիր տալը մերժելու մասին:
793. Գրասենյակը սույն կարգի 792-րդ կետում նշված` գյուտի արտոնագրաունակության մասին եզրակացության նախապատրաստումը նաև կարող է պատվիրել այն օտարերկրյա ազգային կամ տարածաշրջանային արտոնագրային գերատեսչությանը, որի հետ ունի համապատասխան պայմանագիր:
794. Սույն կարգի 792-րդ կետի համաձայն Գրասենյակի կայացրած որոշումը տրամադրվում է հայտատուին: Եթե ըստ էության փորձաքննությունն անցկացվել է երրորդ անձի դիմումի համաձայն, նրան տրամադրվում է Գրասենյակի որոշման պատճենը:
795. Սույն կարգի 792-րդ կետում նշված գյուտի արտոնագիր տալու մասին որոշման կայացման համար հիմք կարող է ծառայել նաև նույն գյուտի ըստ էության փորձաքննության արդյունքներով օտարերկրյա ազգային կամ տարածաշրջանային արտոնագրային գերատեսչության կողմից տրված եզրակացությունը կամ արտոնագիրը:
796. Որպես սույն կարգի 795-րդ կետում նշված եզրակացություն կարող է համարվել ԱՀՊ պայմանագրի 2-րդ գլխի համաձայն նախապատրաստված արտոնագրաունակության մասին միջազգային նախնական եզրակացությունը, իսկ դրա բացակայության դեպքում` ԱՀՊ պայմանագրի 1-ին գլխի համաձայն նախապատրաստված արտոնագրաունակության մասին միջազգային նախնական եզրակացությունը:
797. Որպես սույն կարգի 795-րդ կետում նշված արտոնագիր կարող է համարվել նույն գյուտի ըստ էության փորձաքննության արդյունքներով տրված արտոնագիրը, եթե այն տրվել է ԱՀՊ պայմանագրի 32-րդ հոդվածի համաձայն` միջազգային նախնական փորձաքննության մարմնի կարգավիճակ ունեցող արտոնագրային գերատեսչության կողմից:
49. ՀԱՎԱԿՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՃՇՏՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄԸ ԳՅՈՒՏԻ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ
798. Հայտարկված գյուտի կամ գյուտերի խմբի արտոնագրաունակության պայմաններին համապատասխանության ստուգման ընթացքում որոշվում է հայտատուի առաջարկած հավակնության սահմանումով արտոնագիր տալու հնարավորությունը: Այս ստուգման ընթացքում սահմանվում է.
1) գյուտի հավակնության սահմանման մեջ էական հատկանիշների համախմբության առկայությունը, այսինքն հատկանիշների, որոնք անհրաժեշտ են հայտարկված որակով գյուտը բնութագրելու համար (նշված նշանակությամբ իրագործման համար, եթե այն առկա է)` հայտարկված տեխնիկական արդյունքի ապահովմամբ.
2) գյուտի հավակնության սահմանման համապատասխանությունը գյուտի նկարագրությանը` գյուտը բնութագրելու համար օգտագործվող հասկացությունների ծավալի և բովանդակության վերաբերյալ:
799. Եթե սույն կարգի 798-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն կատարված ստուգման արդյունքներով պարզվում է, որ էական հատկանիշը, առանց որի տեխնիկական արդյունքին հնարավոր չէ հասնել, ներառված չէ հավակնության սահմանման մեջ, բայց առկա է նկարագրության մեջ, հայտատուին առաջարկվում է այն ներառել գյուտի հավակնության սահմանման մեջ: Այս առաջարկը պետք է հիմնավորված լինի համախմբության, ներառյալ այդ հատկանիշը, և հայտարկված տեխնիկական արդյունքի միջև պատճառահետևանքային կապի առկայության ապացույցով:
800. Եթե սույն կարգի 798-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն կատարված ստուգման արդյունքներով պարզված է հավակնության սահմանման մեջ առկա հատկանիշի նույնականացման անհնարինությունը, դրա բնութագրման համար տերմինի (արտահայտության) օգտագործման պատճառով, որի իմաստը պարզ չէ, ապա հայտատուին առաջարկվում է, հիմնվելով գյուտի նկարագրության վրա, կատարել համապատասխան ճշգրտումներ (ուղղումներ):
801. Եթե սույն կարգի 798-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն կատարված ստուգման արդյունքներով պարզվում է, որ հավակնության սահմանումը պարունակում է ոչ էական հատկանիշ(ներ), ներառյալ գյուտի իրականացման կամ օգտագործման միայն հատուկ ձևերը բնութագրող հատկանիշները, հայտատուին կարող է առաջարկվել հավակնության սահմանման մեջ կատարել համապատասխան փոփոխություններ: Հավակնության սահմանման մեջ ուղղումներ կատարելուց հայտատուի հրաժարումը հիմք չէ հայտը հետ կանչված համարելու համար և չի ունենում որևէ այլ բացասական հետևանքներ հայտի քննարկման ժամանակ:
802. Եթե սույն կարգի 798-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն կատարված ստուգման արդյունքներով պարզվում է, որ գյուտի հավակնության սահմանումը պարունակում է ընդհանուր հասկացությամբ արտահայտված հատկանիշ, ապա պարզվում է այդ հասկացության օգտագործման օրինականությունը` հաշվի առնելով գյուտի նկարագրությունը:
803. Եթե փորձաքննությունը հայտնաբերում է ընդհանուր հասկացությամբ արտահայտված հատկանիշի իրականացման այնպիսի մասնավոր ձևեր, որոնք չեն ապահովում (այլ էական հատկանիշների հետ համատեղ) գյուտի իրականացման հնարավորությունը` հայտարկված տեխնիկական արդյունքի ստացմամբ, ապա հայտատուին ներկայացվում են համապատասխան փաստարկներ և առաջարկվում է` հիմք ընդունելով գյուտի նկարագրությունը, փոփոխություններ մտցնել գյուտի հավակնության սահմանման մեջ կամ հերքել փորձաքննության փաստարկները:
804. Գյուտի միասնության պահանջի խախտման, իրավական պահպանության խնդրարկվող ծավալի մի մասի հայտի սկզբնական նյութերով հաստատված չլինելու, հավակնության սահմանման մեջ բնութագրված մեկ կամ մի քանի գյուտերի արտոնագրաունակության պայմաններին անհամապատասխանության հետ կապված հավակնության սահմանման ճշգրտման դեպքում` գյուտի նկարագրությունից, գծագրերից (հնարավորության դեպքում) և ռեֆերատից, հայտատուն բացառում է ճշգրտված հավակնության սահմանման համաձայն իրավական պահպանություն ստացող գյուտերի հետ կապ չունեցող տեղեկությունները:
50. ԳՅՈՒՏԻ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՍՏՈՒԳՈՒՄԸ ԳՅՈՒՏԻ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ
805. Գյուտի ըստ էության փորձաքննության ընթացքում գյուտի միասնության պահանջի կատարման ստուգումը իրականացվում է սույն կարգի 709-721-րդ կետերի համաձայն և ներառում է հետևյալ փուլերը`
1) առաջին (հավակնության սահմանման մեջ առաջինը հիշատակված) գյուտի առարկայի համեմատումը գյուտի առարկային վերաբերող հայտնի տեղեկատվության աղբյուրի հետ` այն տեխնիկական հատկանիշները որոշելու նպատակով, որոնք որոշում են այդ գյուտի ներդրումը քննարկվող տեխնիկայի մակարդակում ամբողջությամբ.
2) առաջին գյուտի տեխնիկական հատկանիշների (որոնք սահմանված են առաջին փուլում) համեմատումը երկրորդ գյուտի առարկայի հետ և մեկ կամ մի քանի միանման կամ համապատասխան` երկու գյուտերի միջև տեխնիկական փոխադարձ կապն ապահովող, տեխնիկական հատկանիշների առկայության կամ բացակայության որոշումը.
3) եթե առկա է տեխնիկական փոխադարձ կապ, արձանագրվում է միասնական գյուտարարական մտահղացման առկայությունը, հակառակ դեպքում` միասնական մտահղացումը բացակայում է:
51. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՅՈՒՏԻ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄԸ
806. Երբ հայտատուն ներկայացնում է հայտի նախկինում ներկայացված նյութերը լրացնող, փոփոխող կամ ճշգրտող նյութեր, ապա ստուգվում են օրենքի 50-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված լրացուցիչ նյութերին ներկայացվող պահանջները, մասնավորապես` ներկայացված նյութերի բովանդակության և դրանց ներկայացման ժամկետի վերաբերյալ:
807. Այն նյութերը, որոնք իրենցից ներկայացնում են գյուտի նկարագրության, հավակնության սահմանման, գծագրերի լրացում, ճշգրտում կամ փոփոխություն, համարվում են գյուտի էությունը փոփոխող, եթե դրանք պարունակում են հավակնության սահմանման մեջ ներառման ենթակա հատկանիշներ, որոնք առկա չեն եղել հայտի սկզբնական նյութերում (գյուտի նկարագրություն, հավակնության սահմանում և գծագրեր), կամ եթե այդ նյութերը ներառում են հայտի ներկայացման թվականի դրությամբ գյուտի նկարագրության, հավակնության սահմանման և գծագրերում բացակայող այլ գյուտերի բնութագիր:
808. Նշված նյութերը փորձաքննության ընթացքում հաշվի չի առնվում, բացի այն դեպքերից, երբ դրանցում պարունակվող տեղեկատվությունը մասնագետի կողմից կարող է ակնհայտորեն (ըստ հայտնի կանոնների) դուրս բերվել հայտի սկզբնական նյութերից:
809. Եթե գյուտը վերաբերում է սարքի, նյութի, կենսատեխնոլոգիական արգասիքի, եղանակի կիրառմանը, ապա էությունը փոփոխող են ճանաչվում լրացուցիչ նյութերը, որոնք պարունակում են հայտի սկզբնական նյութերում նշվածից տարբերվող` հայտնի օբյեկտի նշանակություն կամ հայտնի օբյեկտը բնութագրելու համար օգտագործվող այլ հատկանիշներ, որոնք բացակայում են հայտի սկզբնական նյութերում:
810. Գյուտի ըստ էության փորձաքննության ընթացքում գյուտի հավակնության սահմանման մեջ լրացուցիչ կետերի ներառումը, որոնք առկա չէին հայտի ներկայացման թվականի դրությամբ, ուղեկցվում է սահմանված պետական տուրքի վճարմամբ` հավակնության սահմանման մեջ ներառվող յուրաքանչյուր կախյալ կամ անկախ կետի համար:
811. Մասնավորապես, սահմանված պետական տուրքը վճարվում է, եթե հայտատուն հավակնության սահմանման մեջ ներառում է նոր անկախ կետեր, օրինակ` գյուտի տարբերակներ, եթե հավակնության սահմանման փոփոխությունը կատարվել է հայտատուի կողմից տարբերակներ բնութագրող հավակնության սահմանման ձևակերպմանը ներկայացվող պահանջների խախտման վերացման արդյունքում:
812. Հայտատուի կողմից առաջարկված հավակնության սահմանման փոփոխությունները, որոնք հանգեցնում են գյուտի միասնության պահանջի խախտմանը կամ հավակնության սահմանման ձևակերպման կանոնների խախտմանը, փորձաքննության կողմից հաշվի չեն առնվում, ինչի մասին հայտատուն ծանուցվում է:
813. Մասնավորապես, եթե գյուտերի խմբի, որը ներառում է քիմիական միացություն և մի քանի գյուտ, որոնք բնութագրում են այդ միացության տարբեր կիրառությունները, փորձաքննության ժամանակ բացահայտվում է քիմիական միացության անհամապատասխանությունը նորության կամ գյուտարարական պահանջին, ապա հավակնության սահմանման փոփոխությունը` քիմիական միացությանը վերաբերող կետերի բացառմամբ, և այդ քիմիական միացության միայն կիրառություններին վերաբերող գյուտերի բնութագրերը պարունակող կետերի պահպանմամբ, չի թույլատրվում` միասնության պահանջին հավակնության սահմանման մեջ մնացած գյուտերի անհամապատասխանության պատճառով:
814. Նմանապես, եթե հայտարկված է գյուտերի խումբ, որը ներառում է բաղադրանյութը, դրա ստացման եղանակը և կիրառումը, և փորձաքննության ժամանակ պարզվում է, որ բաղադրանյութը չի բավարարում նորության կամ գյուտարարական մակարդակի պահանջներին, ապա նույն պատճառներով չի թույլատրվում փոփոխել հավակնության սահմանումն այնպես, որ դրա փոփոխված խմբագրության մեջ մնան միայն բաղադրանյութի ստացման եղանակին և բաղադրանյութի կիրառմանը վերաբերող կետերը:
815. Եթե հայտատուն, հայտի ներկայացման թվականից հետո, ներկայացրել է հայտում պարունակվող որոշակի դրույթների հաստատման համար անհրաժեշտ լրացուցիչ նյութեր (օրինակ` տեխնիկական արդյունքին հասնելու կամ գյուտի իրականացման հնարավորությունը հաստատող օրինակներ), ապա այդպիսի նյութերը կցվում են հայտի գործին, սակայն արտոնագիր տալու մասին որոշման կայացման դեպքում, չեն ներառվում գյուտի նկարագրության մեջ:
816. Հավակնության սահմանման մեջ հատկանիշների ներառումը կամ որոշ հատկությունների փոխարինումը մյուսներով թույլատրվում է, եթե ներառված հատկությունները առկա էին գյուտի նկարագրության մեջ կամ ուղղակիորեն և միանշանակ հետևում էին դրանում պարունակվող տեղեկություններից:
817. Ոչ էական հատկանիշը կարող է բացառվել հավակնության սահմանումից, եթե այս եղանակով ճշգրտված հավակնության սահմանումը հիմնված է գյուտի նկարագրության վրա:
818. Լրացուցիչ նյութերը, որոնք ցույց են տալիս տեխնիկական արդյունքի հասնելը, որի մասին տեղեկատվությունը առկա չի եղել հայտի սկզբնական նյութերում, հաշվի են առնվում, եթե նոր նշված տեխնիկական արդյունքը կարող է դուրս բերվել հայտի սկզբնական նյութերից:
819. Հատկանիշները, որոնք ներառված չեն եղել գյուտի նկարագրության մեջ դրա սկզբնական տեսքով, բայց առկա են եղել փաստաթղթերում, որոնց վրա հղում էր կատարված գյուտի նկարագրության մեջ, կարող են ներառվել գյուտի նկարագրության մեջ, եթե դրանք առկա են եղել հավակնության սահմանման մեջ, և մասնագետի համար ակնհայտ է, որ այդ հատկանիշները բնորոշ են հայտի սկզբնական նյութերում ձևակերպված գյուտին:
----------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում