ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
| Քաղ. Երևան |
16 դեկտեմբերի 2022 թ. |
2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ԵՎՐՈՊԱ» ԾՐԱԳՐԻՆ (2021-2027) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը` կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Ա. Թունյանի, Ե. Խունդկարյանի, Է. Շաթիրյանի, Ա. Վաղարշյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`
Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2022 թվականի սեպտեմբերի 14-ին և 2022 թվականի հոկտեմբերի 11-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին (2021-2027) Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր` 2022 թվականի դեկտեմբերի 1-ի N 1843-Ա որոշմամբ հավանություն է տվել 2022 թվականի սեպտեմբերի 14-ին և 2022 թվականի հոկտեմբերի 11-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին (2021-2027) Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է այդ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցով դիմել Սահմանադրական դատարան:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության` 2022 թվականի դեկտեմբերի 2-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով սույն գործով վերոնշյալ համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին (2021-2027) Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2022 թվականի սեպտեմբերի 14-ին (Երևանում) և 2022 թվականի հոկտեմբերի 11-ին (Բրյուսելում)` «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին (այսուհետ` Ծրագիր) (2021-2027) Հայաստանի Հանրապետության մասնակցության ապահովման նպատակով:
Համաձայն Համաձայնագրի 1-ին հոդվածի` Հայաստանի Հանրապետությունը մասնակցում է մշակութային և ստեղծագործ ոլորտներում Եվրոպական միության (այսուհետ` Միություն) Ծրագրին, ինչպես սահմանված է Եվրոպական պառլամենտի և Խորհրդի ԵՄ 2021/818 կանոնակարգով (այսուհետ` Ստեղծագործ Եվրոպա կանոնակարգ) և որպես ասոցացված երկիր մասնակցում է Ծրագրի մշակութային տիրույթի բոլոր գործողություններին, ինչպես նաև միջոլորտային տիրույթում ներառված` Ծրագրի հարթակի ստեղծմանն օժանդակող գործողություններին: Հայաստանի Հանրապետությունը մասնակցում է Ծրագրին` Միության ցանկացած ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցությունը կարգավորող շրջանակային համաձայնագրով սահմանված պայմաններին և Համաձայնագրում նշված ժամկետներին ու պայմաններին, Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված իրավական ակտին, ինչպես նաև Ծրագրի իրականացմանն ու գործողությունների առավել արդիական տարբերակներին վերաբերող ցանկացած այլ կանոններին համապատասխան:
2. Համաձայնագիրն ունի 2 հավելված` Հավելված I. «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրում Հայաստանի ֆինանսական հատկացումը կարգավորող կանոնները (2021-2027)» և Հավելված II. «Ֆինանսների խելամիտ կառավարումը ֆինանսական շահերի պաշտպանությունը և բարելավումը»:
3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
3.1. ստեղծել համապատասխան կառույցներ և մեխանիզմներ և Ծրագիրն իրականացնելու նպատակով ընդունել համակարգման և գործունեության կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր մյուս միջոցները` Ստեղծագործ Եվրոպա կանոնակարգի համապատասխան դրույթների համաձայն. մասնավորապես ստեղծել «Ստեղծագործ Եվրոպա» հարթակ` Ստեղծագործ Եվրոպա կանոնակարգի 7(1)(դ) հոդվածին և Հանձնաժողովի կողմից տրամադրված ուղեցույցին համապատասխան (հոդված 2, կետ 3),
3.2. կատարել ֆինանսական հատկացում Ծրագրի իրականացման մշտադիտարկման համար պատասխանատու Ստեղծագործ Եվրոպա կոմիտեում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչների համար` այն հարցերով, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը (հոդված 2, կետ 4),
3.3. անգլերենն օգտագործել հայտերի, պայմանագրերի և հաշվետվությունների, ինչպես նաև Ծրագրի այլ վարչական հարցերի հետ կապված ընթացակարգերի առնչությամբ Հանձնաժողովի հետ կապ հաստատելու համար (հոդված 2, կետ 8),
3.4. ֆինանսական միջոցներ հատկացնելու հրավերին համապատասխան` հրավերի օրվանից ոչ ուշ, քան 45 օր հետո` եվրոյով, տարեկան միանվագ վճարի տեսքով, տրամադրել գործառնական հատկացման (հաշվարկվում է Համաձայնագրի 3-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ կետերով սահմանված կարգով) և մասնակցության վճարի (հաշվարկվում է Համաձայնագրի 3-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված կարգով և Հավելված I-ի I կետով սահմանված կարգով և մասնաբաժիններով) տեսքով ֆինանսական հատկացում (հոդված 3, կետեր 2 -7 և 9, Հավելված I, կետ I),
3.5. Համաձայնագիրն իրականացնել 2005 թվականի «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիայով սահմանված` Հայաստանի Հանրապետության պարտավորություններին համապատասխան (հոդված 5),
3.6. համաձայնել, որ Համաձայնագրի 6-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան Համաձայնագրի դադարեցման դեպքում` Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո և նախքան Համաձայնագրի գործողության դադարումը նախաձեռնած նախագծերը, գործողությունները կամ աշխատանքները կշարունակվեն մինչև դրանց ավարտը` Համաձայնագրով սահմանված պայմանների համաձայն և տարեկան ֆինանսական հատկացումը N տարվա համար, որի ընթացքում Համաձայնագիրը դադարեցվում է, ամբողջությամբ կվճարվեն Համաձայնագրով սահմանված պայմանների համաձայն (հոդված 6, կետ 6, մասեր ա, բ),
3.7. ֆինանսական հատկացումը վճարելու մասով ցանկացած հետաձգման դեպքում` վճարման ժամկետի օրվանից սկսած, ժամկետանց գումարի մասով վճարել տույժ (Հավելված I, կետ II, ենթակետ 3, պրբ. 2),
3.8. վճարել վճարման ժամկետի օրը չվճարված գումարի նկատմամբ կիրառվող տոկոսադրույքը, որն Եվրոպական կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորվող հիմնական գործառնությունների նկատմամբ կիրառվող այն տոկոսադրույքն է, ինչպես հրապարակված է Եվրոպական միության պաշտոնական տեղեկագրի «C» շարքում, որը գործում է վճարման ժամկետի ամսվա առաջին օրացուցային օրվա դրությամբ` ավելացրած մեկ և կես տոկոսային կետ (Հավելված I, կետ II, ենթակետ 3, պրբ. 3),
3.9. երաշխավորել, որ Եվրոպական միության` Հայաստանի Հանրապետությունում բնակվող ցանկացած ֆիզիկական անձի կամ այդտեղ հիմնադրված իրավաբանական անձի, որոնք Միությունից ստանում են դրամական միջոցներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում բնակվող կամ հիմնադրված` Միության դրամական միջոցների գործածման գործընթացում ներգրավված երրորդ կողմի տարածքում տեխնիկական, գիտական, ֆինանսական կամ այլ տեսակի վերանայում և աուդիտ իրականացնելու իրավունքը` Միության մեկ կամ մի քանի հաստատությունների կամ մարմինների համար կիրառվող ակտերին համապատասխան և ինչպես նախատեսված է համապատասխան համաձայնագրերում և (կամ) պայմանագրերում. այդպիսի վերանայում և աուդիտ կարող է իրականացվել Եվրոպական միության հաստատությունների և մարմինների, մասնավորապես` Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական հաշվիչ դատարանի գործակալների կամ Եվրոպական հանձնաժողովի պաշտոնատար անձանց կողմից (Հավելված II, հոդված 1, կետ 1),
3.10. ապահովել, որ Եվրոպական միության հաստատությունների և մարմինների, մասնավորապես` Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական հաշվիչ դատարանի պաշտոնյաները, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի կողմից լիազորված այլ անձինք ունենան վայրերի, աշխատանքների և փաստաթղթերի (ինչպես էլեկտրոնային, այնպես էլ թղթային տարբերակներ) և աուդիտն իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր տեղեկությունների, համապատասխան հասանելիություն, այդ թվում` երաշխավորելով աուդիտի ենթարկվող ֆիզիկական կամ իրավաբանական անձի կամ աուդիտի ենթարկվող երրորդ անձի կողմից պահվող ցանկացած փաստաթղթի տպագիր/էլեկտրոնային օրինակ և քաղվածքներ կամ թվային կրիչի բովանդակությունը ստանալու իրավունքը (Հավելված II, հոդված 1, կետ 2),
3.11. Եվրոպական հանձնաժողովին և Խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակին (ԽՊԵԳ) տալ իրավասություն` Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնելու վարչական քննություններ, այդ թվում` տեղում իրականացվող ստուգումներ և ուսումնասիրություններ. այդ վարչական քննություններն իրականացվում են Միության մեկ կամ մի քանի հաստատությունների կիրառելի ակտերով սահմանված ժամկետներին և պայմաններին համապատասխան (Հավելված II, հոդված 2, կետ 1),
3.12. ապահովել, որ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինները ողջամիտ ժամկետներում Եվրոպական հանձնաժողովին կամ ԽՊԵԳ-ին տեղեկացնեն իրենց հայտնի դարձած և Միության ֆինանսական շահերի վրա ազդող խախտումների, խարդախությունների և այլ ապօրինի գործունեության հետ կապված ցանկացած փաստի կամ կասկածի մասին (Հավելված II, հոդված 2, կետ 2),
3.13. ապահովել Հանձնաժողովի պաշտոնյաների և ԽՊԵԳ-ի աշխատակիցների տեղում պատշաճ ստուգումներ և ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով պահանջվող գործառույթների վերաբերյալ ամբողջ տեղեկություններին և փաստաթղթերին, այդ թվում` համակարգչային տվյալներին հասանելիությունը (Հավելված II, հոդված 2, կետ 6),
3.14. ֆիզիկական անձի, իրավաբանական անձի կամ երրորդ կողմի տեղում իրականացվող ստուգումների կամ ուսումնասիրությունների դեմ առարկելու դեպքում, ապահովել, որ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինները, գործելով Հայաստանի Հանրապետության կանոններին և կարգավորումներին համապատասխան, Եվրոպական Հանձնաժողովին կամ ԽՊԵԳ-ին տրամադրեն անհրաժեշտ աջակցություն, որպեսզի նրանք կարողանան կատարել տեղում ստուգումներ կամ ուսումնասիրություններ իրականացնելու իրենց պարտականությունները. այս աջակցությունը ներառում է համապատասխան կանխարգելիչ միջոցների ձեռնարկում` Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, մասնավորապես` ապացույցների ապահովման մասով (Հավելված II, հոդված 2, կետ 7),
3.15. ապահովել, որ Հայաստանի Հանրապետության մարմինները համագործակցեն Եվրոպայի գլխավոր դատախազության հետ` թույլատրելով վերջինիս կատարել Եվրոպական միության ֆինանսական շահերի վրա ազդող հանցագործություններ կատարող անձանց և հանցակիցներին քննելու, հետապնդելու և դատապարտելու իրենց պարտականությունները` կիրառելի օրենսդրությանը համապատասխան (Հավելված II, հոդված 2, կետ 13),
3.16. ապահովել պետություններից բացի, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար Ծրագրից բխող որևէ պահանջի առնչությամբ Եվրոպական հանձնաժողովի կողմից ընդունված` նյութական պարտավորություն սահմանող որոշումների կատարումը Հայաստանի Հանրապետությունում (Հավելված II, հոդված 3, կետ 1),
3.17. ապահովել Միության ծրագրերի, աշխատանքների, գործողությունների կամ նախագծերի առնչությամբ պայմանագրում կամ համաձայնագրում պարունակվող արբիտրաժային դրույթի կիրառման արդյունքում ընդունվող Եվրոպական միության արդարադատության դատարանի վճիռների ու հրամանների կատարումը Հայաստանի Հանրապետությունում նույն կերպ, ինչպես Եվրոպական հանձնաժողովի` Համաձայնագրի II հավելվածի 3-րդ հոդվածի 1-ին կետում նշված որոշումները (Հավելված II, հոդված 3, կետ 2):
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2022 թվականի սեպտեմբերի 14-ին և 2022 թվականի հոկտեմբերի 11-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին (2021-2027) Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՆԱԽԱԳԱՀՈՂ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
16 դեկտեմբերի 2022 թվականի
ՍԴՈ-1673
Հրապարակվել է ՍԴ պաշտոնական կայքէջում (concourt.am)` 16 դեկտեմբերի 2022 թվական: