ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
24 փետրվարի 2023 թվականի N 10-Ն
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ` ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ (ՎԱՐՔԱԿԱՆՈՆԸ) ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 26.6-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Սահմանել հանրակրթական ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի անդամների և մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոնները (վարքականոնը)` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախարար` Ժ. Անդրեասյան
Հավելված
ՀՀ կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարի
2023 թվականի փետրվարի 24-ի
N 10-Ն հրամանի
ԿԱՆՈՆՆԵՐ (ՎԱՐՔԱԿԱՆՈՆ) ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ` ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հանրակրթական ուսումնական հաստատության (այսուհետ` հաստատություն) կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի (այսուհետ` խորհուրդ) անդամների և մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոնները (այսուհետ` վարքականոն) բխում են «Հանրակրթության մասին» օրենքով, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատությունների կանոնադրություններով, հանրակրթական պետական չափորոշիչներով, ուսուցչին ներկայացվող մասնագիտական չափանիշներով սահմանված պահանջներից:
2. Սույն հավելվածով սահմանվում է ընդհանուր էթիկական արժեքներին, սկզբունքներին և նորմերին համապատասխան վարքականոն, որի նպատակն է`
1) ուղղորդել հաստատության խորհրդի անդամների և մանկավարժական աշխատողներին` ապահովելու պատշաճ վարքագիծ.
2) ամրապնդել հանրության վստահությունը հանրակրթության բնագավառի և մանկավարժական աշխատողների նկատմամբ.
3) ապահովել վարքագծի սկզբունքների կիրառման միասնականությունը:
3. Հաստատությունում մանկավարժական խորհրդի որոշմամբ, ելնելով հաստատության առանձնահատկություններից, համայնքում գործող ավանդույթներից, կարող են սահմանվել վարքականոնի առանձին դրույթների հավելումներ և լրացումներ` ներքին կարգապահական կանոններում` սույն կարգում ամրագրված նպատակներին ու հիմնական սկզբունքներին չհակասելու պայմանով:
2. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՎԱՐՔԱԿԱՆՈՆՆԵՐԸ
4. Խորհրդի անդամը`
1) պարտավոր է հարգել հանրության բարոյական նորմերը, մարդու արժանապատվությունը, անհարկի չընդգծել պաշտոնեական դիրքը.
2) պետք է լինի անկողմնակալ, օրինապահ, զուսպ, բարեկիրթ, համբերատար, հարգալից վարվի այն բոլոր անձանց նկատմամբ, ում հետ առնչվում է իր գործառույթներն իրականացնելիս.
3) չպետք է օգտագործի պաշտոնեական դիրքը` իր կամ այլ անձանց համար արտոնություններ, բացառություններ և այլ նպաստավոր պայմաններ ստեղծելու համար, որոնք կարող են վնասել հաստատության կրթության կառավարմանը.
4) հաստատությունում իրեն վերապահված գործառույթներն իրականացնելիս պետք է դրսևորի քաղաքականապես չեզոքություն և զսպվածություն.
5) պետք է թույլ չտա, որ անձնական կամ այլ հարաբերություններն ազդեցություն ունենան խորհրդի անդամների պարտականությունների կատարման վրա.
6) չպետք է ստեղծի բարոյահոգեբանական ճնշող մթնոլորտ, որն անմիջական ազդեցություն կարող է ունենալ գործընկերների վրա.
7) իր լիազորությունները կատարելիս պարտավոր է խուսափել այնպիսի հարաբերություններից, որոնք առաջացնում են կամ կարող են առաջացնել շահերի բախում կամ որոնց առկայության պայմաններում հնարավորություն չի ունենա անաչառ և անկողմնակալ կատարելու իր պարտականությունները.
8) պետք է նախատեսված ժամկետում մասնակցի խորհրդի նիստերին, չպետք է խոչընդոտի խորհրդի մյուս անդամների աշխատանքային պարտականությունների կատարմանը:
3. ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՎԱՐՔԱԿԱՆՈՆԸ
5. Մանկավարժական աշխատողը`
1) պետք է գիտակցի իր սոցիալական դերի, հետևաբար` հասարակության մեջ սոցիալական դերը գիտակցող անհատի ձևավորման գործում իր առաքելությունը.
2) պետք է հարգի սովորողի անհատականությունը` անկախ նրա ազգությունից, տարիքային, ֆիզիկական, մտավոր, անձնային առանձնահատկություններից, դավանանքից, ռասայից, սեռից, լեզվից, ընտանեկան և սոցիալական կարգավիճակից.
3) որոշումներ ընդունելիս պետք է գործի ազնվորեն` ցուցաբերելով քաղաքավարություն, ողջամտություն.
4) պարտավոր է հաստատության գույքը, ֆինանսական միջոցները, տեղեկատվական միջոցները, էլեկտրոնային համակարգերը օգտագործել ծառայողական նպատակներով.
5) պարտավոր է խուսափել սոցիալական ցանցերում անձնական այնպիսի լուսանկարներ և տեսագրություններ հրապարակելուց, որոնք կարող են հաստատությանը, գործընկերներին կամ սովորողներին վարկաբեկող լուրերի տարածման պատճառ հանդիսանալ, հաստատության մասին հրապարակումներում պետք է լինի զուսպ և անկողմնակալ.
6) պարտավոր է հաստատությունում դրսևորել քաղաքական չեզոքություն, հաստատությունից դուրս իր գործունեության ոլորտի շահառուների (սովորող, ծնող) նկատմամբ դրսևորել զսպվածություն.
7) պարտավոր է զերծ մնալ հաստատությունում կրոնական գործունեություն և քարոզչություն իրականացնելուց.
8) պարտավոր է խուսափել նվեր ընդունել կամ տալ, եթե ողջամտորեն կարող է ընկալվել, որ այն կապված է մասնագիտական պարտականությունների իրականացման հետ, որը կարող է ուղղակի կամ անուղղակի կերպով ազդել իր կողմից իրականացվող մասնագիտական գործունեության որակի կամ համապատասխանության վրա:
4. ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂ - ՍՈՎՈՐՈՂ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
6. Մանկավարժական աշխատողը`
1) սովորողների հետ իր հարաբերությունները պետք է կառուցի փոխադարձ հարգանքի վրա.
2) պետք է դասարանում ձևավորի բարենպաստ մթնոլորտ, որին կարող է հասնել նաև սովորողներին վարքագծի կանոնները սովորեցնելու, հետևողականորեն դրանց կիրառմանը ուղղորդելու` սեփական օրինակի ճանապարհով.
3) պետք է անաչառ ու բարյացակամ լինի բոլոր սովորողների նկատմամբ, հետևողական` նրանց կրթական պահանջների բավարարման գործում, պատրաստակամությամբ արձագանքի այդ առնչությամբ ծագած բոլոր խնդիրներին.
4) պետք է նպաստի սովորողների մեջ այնպիսի դրական անձնային հատկանիշների ձևավորմանը, ինչպիսիք են` ինքնակրթությունը, ուսման արժևորումը, ինքնադաստիարակությունը, ինքնուրույնությունը, ինքնավերահսկումը, պատասխանատվությունը.
5) պետք է նպաստի սովորողների ներանձնային և միջանձնային հարաբերություններում դրսևորվող դրական այնպիսի որակների զարգացմանը, ինչպիսիք են համագործակցելու, ապրումակցման, ուրիշներին օգնելու պատրաստակամությունը.
6) սովորողի մեջ սերմանի պատասխանատվություն հաստատության և հանրային սեփականություն համարվող գույքի պահպանման համար.
7) պետք է հարգի սովորողների մտքի, խղճի և դավանանքի ազատությունը, պատշաճ ուշադրություն դարձնի նրանց արտահայտած կարծիքներին ու հայացքներին և նրանց չպարտադրի իր սեփական հայացքները.
8) յուրաքանչյուր սովորողի հիմնարար իրավունքները երաշխավորելու համար պետք է հարգի յուրաքանչյուր սովորողի անձնական կյանքը և չտարածի կամ չփոխանցի սովորողի կողմից սոցիալական կայքերում.
9) պետք է պահանջկոտ և հետևողական լինի բոլոր սովորողների նկատմամբ, ընդ որում` այդ պահանջկոտությունը պետք է հիմնավորված լինի և բխի գործընթացի կազմակերպման համընդհանուր շահերից.
10) պարտավոր է գաղտնի պահել սովորողի մասնավոր կյանքին առնչվող տեղեկությունը, ինչպես նաև նրա կողմից իրեն վստահված գաղտնիքը` բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի: Սովորողի անձին վերաբերող տեղեկությունը կարող է օգտագործվել բացառապես ի շահ սովորողի.
11) պետք է սովորողներին ծանոթացնի հաստատության սահմանած ներքին կարգապահական կանոններին, ուղղորդի, աջակցի և հետևի դրանց կատարմանը.
12) ելնելով իր, նաև ոլորտի հեղինակության պահպանման շահերից` պետք է անաչառ լինի սովորողներին գնահատելիս, գնահատումը պետք է լինի հիմնավորված և անկողմնակալ` բարոյական արժեքներին ու սկզբունքներին համապատասխան: Սովորողների նվաճումները գնահատելիս ուսուցիչը պարտավոր է ձգտել օբյեկտիվության և արդարության: Իրավունք չունի սեփական հայեցողությամբ բարձրացնելու կամ իջեցնելու սովորողների գնահատականները, առաջադիմությունն արհեստականորեն բարձրացնելու նպատակով նրանց փոխարեն ուղղելու թույլ տված սխալները կամ քողարկել դրանք.
13) չպետք է դրսևորի կոպիտ, արհամարհական վերաբերմունք սովորողի անձի նկատմամբ, պետք է զերծ մնա անհիմն, կրկնվող մեղադրանքներից:
5. ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂ - ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
7. Մանկավարժական աշխատողը`
1) պետք է ձգտի գործընկերների հետ ակտիվ համագործակցության, փոխադարձաբար հարգի և օգնի գործընկերոջը` ի շահ հաստատության: Գործընկերներին պետք է միավորի փոխադարձ վստահությունը, թիմային համերաշխությունը, միմյանց աջակցելու ազնիվ մղումն ու պատրաստակամությունը.
2) պարտավոր է պաշտպանել ոչ միայն իր, այլև հաստատության, յուրաքանչյուր գործընկերոջ հեղինակությունը: Սովորողների կամ այլ անձանց ներկայությամբ չպետք է քննադատի գործընկերներին.
3) գործընկերների և ղեկավարության աշխատանքային գործունեության գնահատումը մանկավարժական աշխատողի իրավունքն ու պարտականությունն է, ուստի արգելվում է քննադատության համար վերջինիս հետապնդումը: Ցանկացած դիտարկում պետք է լինի հաստատության ներսում, անաչառ և հիմնավոր, արվի նրբանկատ կերպով, ոչ վիրավորական շեշտով: Բամբասանքն անհանդուրժելի է հաստատությունում.
4) պարտավոր է խուսափել աղմկահարույց իրավիճակներ ստեղծելուց և ընդհարումներ հրահրելուց: Տարաձայնությունների առաջացման դեպքում պետք է ձգտի հարթել դրանք` ցուցաբերելով կառուցողական մոտեցում.
5) չպետք է թաքցնի գործընկերների գործած սխալներն ու զանցանքները, չպետք է իր քաղաքական և կրոնական կողմնորոշումը պարտադրի այլ անձանց.
6) հանրակրթության ոլորտի աշխատակիցների, սեփական իրավունքների առավել արդյունավետ պաշտպանության նպատակով կարող է համերաշխություն արտահայտել գործընկերների, նրանց միությունների օրինական պահանջներին:
6. ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂ - ԾՆՈՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
8. Մանկավարժական աշխատողը`
1) պետք է հարգալից և փոխըմբռնումով վերաբերվի սովորողների ծնողներին, սովորողի կրթության իրավունքն իրացնելու գործում նրանց ընդունի որպես աջակից.
2) չպետք է հրապարակի ինչպես սովորողների, այնպես էլ ծնողների` միմյանց մասին իրեն վստահած կարծիքներն ու դիտարկումները.
3) ծնողների հետ մանկավարժական աշխատողի հարաբերությունները ոչ մի կերպ չպետք է ազդեն սովորողների գնահատականի կամ կրթական այս կամ այն ծրագրերում նրանց չհիմնավորված ներառելու կամ չներառելու հանգամանքի վրա.
4) մանկավարժական աշխատող-սովորող փոխհարաբերությունների և սովորողների գնահատականների վրա ոչ մի կերպ չպետք է ազդի սովորողների ծնողների կողմից հաստատությանը ցուցաբերված աջակցությունը` անկախ դրա ձևից, չափից, կարևորությունից և բարդության աստիճանից.
5) սովորողի անվտանգության նկատառումներից ելնելով` խնդրահարույց իրավիճակ առաջանալու դեպքում ցանկալի է, որ մանկավարժական աշխատողը հարցը պարզաբանի տվյալ սովորողի ծնողի հետ, անհամաձայնության դեպքում դիմի դասղեկին, հետո` հաստատության տնօրենի տեղակալին, տնօրենին.
6) պետք է ծնողին իրազեկի, որ խնդրահարույց հարցերի առկայության դեպքում ցանկալի է մինչև կրթության գերատեսչական մարմին դիմելը հարցը պարզաբանել հաստատությունում:
7. ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎԱՐՔԱԿԱՆՈՆԻ ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՄՆ ՈՒ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ
9. Հաստատությունում վարքականոնի կենսագործումն իրականացվում է անհատի գիտակցման, համարժեք վարքագծի դրսևորման, իսկ վերահսկողությունը` ինքնագնահատման, հասարակական կարծիքի զուգակցման ու համագործակցման միջոցով:
10. Հասարակական դերակատարումը պատշաճ իրականացնելու նպատակով մանկավարժական աշխատողի համար կարևոր է վարքականոնի կիրառումը իրեն վերապահված գործառույթներն իրականացնելիս:
11. Հաստատությունում մանկավարժական աշխատողների գործունեությունն ու վարքագիծը վերահսկելու, կարողությունը խթանելու նպատակով հաստատության տնօրենը պարտավոր է իրականացնել փաստաթղթի դրույթների պատշաճ իրազեկում, որոնք հասցեատերը պարտավոր է յուրացնել ու դարձնել իր գործելակերպի և մտադրությունների ուղեցույց:
12. Հաստատության ղեկավարությունն իրավունք չունի ուսուցչից պահանջելու կամ սեփական նախաձեռնությամբ` առանց ուսուցչի գիտության, հավաքելու նրա անձնական կյանքին վերաբերող տեղեկություններ, եթե դա ուղղակիորեն չի առնչվում վերջինիս կողմից իր աշխատանքային պարտականությունների կատարմանը:
Պաշտոնական հրապարակման օրը` 27 փետրվարի 2023 թվական: