Սեղմել Esc փակելու համար:
2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ ԱՍՏԱՆԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ ԱՍՏԱՆԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼ ...

 

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

Քաղ. Երևան 28 մարտի 2023 թ.

 

2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ ԱՍՏԱՆԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Ա. Թունյանի, Ե. Խունդկարյանի, Հ. Հովակիմյանի, Է. Շաթիրյանի, Ս. Սաֆարյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

Կառավարության ներկայացուցիչ` առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լ. Նանուշյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2022 թվականի հոկտեմբերի 28-ին Աստանայում ստորագրված «Հանրային առողջապահության ոլորտում սանիտարահամաճարակաբանական բնույթի արտակարգ իրավիճակների կանխարգելման և արձագանքման նպատակով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Կառավարությունն իր` 2023 թվականի փետրվարի 9-ի N 149-Ա որոշմամբ հավանություն է տվել 2022 թվականի հոկտեմբերի 28-ին Աստանայում ստորագրված «Հանրային առողջապահության ոլորտում սանիտարահամաճարակաբանական բնույթի արտակարգ իրավիճակների կանխարգելման և արձագանքման նպատակով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է այդ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցով դիմել Սահմանադրական դատարան:

Գործի քննության առիթը Կառավարության` 2023 թվականի փետրվարի 10-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով վերոնշյալ համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Հանրային առողջապահության ոլորտում սանիտարահամաճարակաբանական բնույթի արտակարգ իրավիճակների կանխարգելման և արձագանքման նպատակով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2022 թվականի հոկտեմբերի 28-ին Աստանայում` հանրային առողջապահության ոլորտում Հայաստանի Հանրապետության և Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների միջև համագործակցությունը ընդլայնելու նպատակով:

 

2. Համաձայնագրի 2-րդ հոդվածի համաձայն` Համաձայնագրի մասնակից պետություններից (այսուհետ` Կողմեր) մեկի պետության տարածքում անդրսահմանային տարածման պոտենցիալ ունեցող արտակարգ իրավիճակի առաջացման կամ դրա առաջացման վտանգի ի հայտ գալու դեպքում տվյալ Կողմն արտակարգ իրավիճակի առաջացման փաստի մասին տեղեկացնում է մյուս Կողմերի իրավասու մարմիններին, ինչպես նաև Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների` տվյալ ոլորտում համապատասխան բազային կազմակերպությանը:

 

3. Համաձայնագրի 3-րդ հոդվածի համաձայն` այն դեպքում, երբ Կողմերից մեկի պետությունը, որի տարածքում առաջացել է արտակարգ իրավիճակը, օգնություն տրամադրելու հարցմամբ դիմում է մյուս Կողմի պետությանը կամ Կողմերի պետություններին, արտակարգ իրավիճակի վերացման համար կարող են ներգրավվել մյուս Կողմերի պետությունների մասնագիտացված հակահամաճարակային բրիգադները:

 

4. Համաձայնագրի 4-րդ հոդվածի համաձայն` Կողմերը միմյանց օգնություն են ցուցաբերում իրենց հնարավորություններին համապատասխան և կամավորության հիմունքով:

Կողմերից մեկի պետության մասնագիտացված հակահամաճարակային բրիգադների մասնակցությունը մեկ այլ Կողմի պետության տարածքում արտակարգ իրավիճակի վերացման գործում իրականացվում է հայցող Կողմի օրենսդրությանը, Համաձայնագրին համապատասխան և Կողմերի պետությունների միջև կնքվող երկկողմ միջազգային պայմանագրերի հիման վրա:

 

5. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է մի շարք պարտավորությունները, մասնավորապես`

5.1. իրականացնել պետական սահմանով մասնագիտացված հակահամաճարակային բրիգադների առաջնահերթ բացթողման համար անհրաժեշտ միջոցառումները, ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքով դեպի արտակարգ իրավիճակի գոտի տեղաշարժվելիս նրանց ուղեկցումը, ներառյալ պաշտպանությունը, ինչպես նաև տրամադրել արտակարգ իրավիճակների կանխարգելման և (կամ) վերացման նպատակներով օգտագործվող սարքավորումների և գույքի` տրամադրող Կողմի պետության տարածք վերադարձի երաշխիքներ (հոդված 6),

5.2. ազատել մաքսատուրքերի, մաքսային վճարների և հարկերի վճարումից Հայաստանի Հանրապետության պետական (մաքսային) սահմաններով տեղափոխվող, այդ թվում` Հայաստանի Հանրապետության տարածքներով տարանցիկ տեղափոխվող հանդերձանքը և ծախսանյութերը (հոդված 8, պարբերություն 2),

5.3. նպաստել արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման նպատակով հայցող Կողմի պետության տարածք ուղևորվող` տրամադրող Կողմի մասնագիտացված հակահամաճարակային բրիգադների, հանդերձանքի և ծախսանյութերի` Հայաստանի Հանրապետության տարածքով անարգել տարանցմանը (հոդված 9),

5.4. կրել այն ծախսերը, որոնք կապված են մասնագիտացված հակահամաճարակային բրիգադների անդամների աշխատանքի վարձատրության, բրիգադների անձնակազմի և գույքի ապահովագրության հատուցման ծախսերի, ինչպես նաև մասնագիտացված հակահամաճարակային բրիգադների` դեպի արտակարգ իրավիճակի գոտի և հակառակ ուղղությամբ փոխադրման հետ (հոդված 12, պարբերություն 1),

5.5. իրականացնել Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների տարածքներում մասնագիտացված հակահամաճարակային բրիգադների` համահամաճարակաբանական աշխատանքի տեխնոլոգիային, լաբորատոր ախտորոշմանը, հակահամաճարակային միջոցառումների անցկացմանը վերաբերող գործունեություն (հոդված 15):

 

6. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված` միջազգային իրավունքի հիման վրա` բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված` արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2022 թվականի հոկտեմբերի 28-ին Աստանայում ստորագրված «Հանրային առողջապահության ոլորտում սանիտարահամաճարակաբանական բնույթի արտակարգ իրավիճակների կանխարգելման և արձագանքման նպատակով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    Նախագահող                              Ա. Դիլանյան

 

28 մարտի 2023 թվականի

ՍԴՈ-1682

 

Հրապարակվել է ՍԴ պաշտոնական կայքէջում (concourt.am)` 29 մարտի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
28.03.2023
N ՍԴՈ-1682
Որոշում