Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ 10-11-ՐԴ Դ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

30 մարտի 2023 թվականի N 25-Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ 10-11-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

4. ԱՌԱՐԿԱՅԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

1. Առարկայի բովանդակության կառուցման հիմքում ընկած է համակարգային մոտեցումը, համաձայն որի` օբյեկտներն ու երևույթները դիտարկվում են որպես փոխազդող տարրերի ամբողջական համակարգեր, օրինակ` բնական համակարգեր (օրգանիզմ, էկոհամակարգ), տեխնիկական համակարգեր (համակարգիչ, հրթիռ), սոցիալական համակարգեր (կրթական համակարգ, առողջապահական համակարգ) և այլն:

2. Ուսումնական նյութը չպետք է լինի տարբեր բնագիտական առարկաներից վերցրած նյութերի մեխանիկական մեկտեղում: Գիտելիքները պետք է համախմբվեն որոշակի ընդհանրական գաղափարների շուրջը: Կենդանի և անկենդան բնության օբյեկտներն ու երևույթները պետք է ներկայացվեն փոխադարձ կապերով և առկա հակասություններով:

3. Բովանդակության կառուցման հիմքում պետք է ընկած լինեն մարդու և բնության փոխկապվածության և «մարդ-բնություն» համակարգի ներդաշնակության գաղափարները: Այս առումով առարկայի բովանդակությունը պետք է որոշակի էկոլոգիական ուղղվածություն ունենա, հանրամատչելի ձևով պետք է ներկայացվեն մարդկությանը հուզող էկոլոգիական համամոլորակային հիմնախնդիրները:

4. Առարկայի բովանդակությունը պետք է նպաստի սովորողների տրամաբանական մտածողության, ճանաչողական որակների զարգացմանը: Սովորողների գիտական աշխարհայացքի ձևավորման գործում սկզբունքային նշանակություն ունի բնական գիտությունների` բնության ուսումնասիրման գործընթացի մեթոդաբանությունը:

5. Դասընթացում պետք է ներկայացվեն ճանաչողության էմպիրիկ և տեսական մեթոդները, ցույց տրվեն, որ դրանք անհրաժեշտ են յուրաքանչյուր մարդու համար` անկախ իր գործունեության ոլորտից: Այդ մեթոդներին ծանոթանալով բնական երևույթների ուսումնասիրության օրինակով` սովորողները պետք է կարողանան դրանք կիրառել նաև հասարակական երևույթները բացատրելիս, այս կամ այն երևույթի մասին կարծիք հայտնելիս, իրենց ամենօրյա գործունեության ընթացքում:

6. Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ առարկայի բովանդակությունը հասցեագրված է սովորողներին, որոնք հետագայում չեն աշխատելու բնական գիտությունների ոլորտում: Դա նշանակում է, որ ներկայացվող ուսումնական նյութը պետք է լինի գիտահանրամատչելի, զերծ մաթեմատիկական բարդ հաշվարկներից` ներառելով միայն բնական գիտությունների առանցքային գաղափարները և դրանց դերը քաղաքակրթության զարգացման գործում:

7. Ծրագրային նյութը պետք է խթանի սովորողների հետաքրքրասիրությունը, նրանց մղի բանավեճերի, ձևավորի այս կամ այն երևույթի վերաբերյալ իրենց կարծիքն արտահայտելու, իրենց տեսակետը պնդել կարողանալու և հիմնավորելու մշակույթ: Դասընթացը պետք է նպաստի այնպիսի քաղաքացու ձևավորմանը, որն ունակ է գնահատելու գիտության դերը նոր տեխնոլոգիաների ստեղծման, կյանքի որակի բարելավման, շրջակա միջավայրի պահպանման գործում, կարող է հաջողությամբ մասնակցել հասարակական վիճահարույց հարցերի քննարկումներին, որոնք առնչվում են գիտական ձեռքբերումների կիրառություններին:

8. Առարկայի բովանդակությունը պետք է ներառի որոշակի դրվագներ գիտությունների զարգացման պատմությունից, տեղեկություններ մարդկության պատմության տարբեր փուլերում կատարված բնագիտական հայտնագործությունների, քաղաքակրթության զարգացման գործում դրանց ունեցած ազդեցության մասին, հետաքրքրաշարժ դրվագներ անվանի գիտնականների կենսագրություններից: Նման մոտեցումն առավել մոտ է հումանիտար և հասարակագիտական ոլորտում մասնագիտացող աշակերտների հետաքրքրություններին ու հակումներին:

9. Առարկայի բովանդակությունը պետք է նպաստի սովորողների քննադատական մտածողության զարգացմանը, լրատվական տարբեր աղբյուրներում հաճախ մատուցվող կեղծ, ոչ գիտական տեղեկատվությունը տարբերելու, դրա նկատմամբ ճշգրիտ վերաբերմունք ցուցաբերելու կարողությունների զարգացմանը: Դասընթացը չպետք է հակադրի գիտությունն ու կրոնը` դիտարկելով դրանք որպես սոցիալական բարդ երևույթներ:

 

Առարկայի բովանդակությունը կառուցվում է չորս հիմնական գաղափարների հենքի վրա.

I. Ժամանակ, տարածություն, նյութ.

II. Շարժում և փոխազդեցություն.

III. Տեխնիկա և տեխնոլոգիա.

IV. Մարդ-բնություն փոխհարաբերություններ:

«Ժամանակ, տարածություն, նյութ» և «Շարժում և փոխազդեցություն» հիմնական գաղափարները նպատակաուղղված են սովորողների տրամաբանական մտածողության, ճանաչողական ընդհանրական որակների զարգացմանը, աշխարհի միասնական պատկերի, գիտական աշխարհայացքի ձևավորմանը:

Այստեղ ներառվում են հետևյալ թեմաները:

Բնության ճանաչողության էմպիրիկ և տեսական մեթոդները: Օրինաչափություն, օրենք, տեսություն հասկացությունները: Ուսումնասիրության համակարգային մոտեցումը:

Ժամանակի և տարածության, նյութի կառուցվածքի մասին պատկերացումների զարգացումը: Շարժման տարբեր ձևերն ու տեսակները, դրանց դրսևորումներն անկենդան և կենդանի բնության մեջ: Հիմնարար փոխազդեցությունները: Էներգիայի պահպանման և փոխակերպման օրենքի դրսևորումները բնության տարբեր երևույթներում:

Հարաբերականության հատուկ տեսությունը և տիեզերքի կառուցվածքը: Աստղերի էվոլյուցիան: Մեծ պայթյունի տեսությունը: Կյանքի ծագումը Երկրի վրա, էվոլյուցիոն տեսությունը:

«Տեխնիկա և տեխնոլոգիա» հիմնական գաղափարի նպատակը բնական գիտությունների կիրառական կողմի, տեխնիկայի և տեխնոլոգիաների զարգացման հետ նրանց կապերի ներկայացումն է, սովորողների կողմից քաղաքակրթության զարգացման գործում բնական գիտությունների տեղի և դերի գիտակցումը:

Այն կարող է ներառել հետևյալ թեմաները:

Տեխնիկայի էությունը, ծագումն ու զարգացումը: Մարդու և տեխնիկայի փոխհարաբերության ժամանակակից դրսևորումները: Ժամանակակից տեխնոլոգիաները: Էներգիայի այլընտրանքային աղբյուրներ: Կիսահաղորդչային տեխնիկա, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ` բջջային հեռախոս, համակարգիչ, համացանց: Էլեկտրամագնիսական դաշտերի կիրառությունները բժշկության մեջ: Նանոտեխնոլոգիաներ: Լուսային տեխնոլոգիաներ` լազերներ, հոլոգրաֆիա: Միջուկային տեխնոլոգիաներ, ատոմակայան, միջուկային զենք:

Տրված հատկություններով նյութերի ստացում: Կենսատեխնոլոգիաներ: Բջջային ճարտարագիտություն: Կլոնավորում:

«Մարդ-բնություն փոխհարաբերություններ» հիմնական գաղափարի նպատակը մարդ-բնություն ներդաշնակ հարաբերությունների ձևավորում է, անվտանգ կենսագործունեություն ապահովելու, վնասակար սովորություններից գիտակցաբար խուսափելու, շրջակա միջավայրի պահպանության գործում սեփական ներդրումն ունենալու, համամարդկային էկոլոգիական հիմնախնդիրների մասին հիմնավորված կարծիք հայտնելու կարողությունների զարգացումը:

Այն ներառում է հետևյալ թեմաները:

Մարդու առողջության պահպանման հիմնախնդիրը: Հիվանդություններ: Վարակի հարուցիչներ, դրանց ազդեցությունը մարդու վրա: Ժառանգական հիվանդություններ: Պրոֆիլակտիկա, դեղամիջոցներ:

Բնական գիտությունները և համամարդկային հիմնախնդիրները: Էկոլոգիական աղետներ: Շրջակա միջավայրի պահպանման, բնօգտագործման հետ կապված հիմնախնդիրները: Կլիմայի համամոլորակային փոփոխությունը և դրա հետևանքները: Հասարակության կայուն զարգացման և կենսոլորտի հիմնախնդիրները:

Նշված հիմնական գաղափարներն առավել հստակեցվում և որոշակիացվում են հաջորդ երկու մակարդակներում:

 

._____________________________________________________________________.

|Հիմնական գաղափարները` ըստ մակարդակների                               |

|_____________________________________________________________________|

|I մակարդակ   |II մակարդակ  |III մակարդակ                             |

|_____________|_____________|_________________________________________|

|1. Ժամանակ,  |Ժամանակ,     |Բնության ուսումնասիրության մեթոդներ      |

|տարածություն,|տարածություն,|(Բ10.ԺՏՆ.ԺՏՇ.ԲՈՒՄ)                       |

|նյութ (ԺՏՆ)  |շարժում      |_________________________________________|

|             |(ԺՏՆ.ԺՏՇ)    |Տարածական և  ժամանակային մասշտաբներ,     |

|             |             |շարժում (Բ10.ԺՏՆ.ԺՏՇ.ՏԺՄՇ)               |

|_____________|_____________|_________________________________________|

|             |Նյութի       |Մեգաաշխարհ (Բ10.ԺՏՆ.ՆԿ.ՄԳ)               |

|             |կառուցվածքը  |_________________________________________|

|             |(ԺՏՆ.ՆԿ)     |Նյութերի ստացման ժամանակակից տեխնոլո-    |

|             |             |գիաներ (Բ11.ԺՏՆ.ՆԿ.ՆԺՏ)                  |

|             |             |_________________________________________|

|             |             |Նյութերը մեր շրջապատում (Բ10.ԺՏՆ.ՆԿ.ՆՄՇ) |

|_____________|_____________|_________________________________________|

|2. Փոխազդեցու|Հիմնարար     |Ֆիզիկական դաշտ: Հիմնարար փոխազդեցու-     |

|թյուն (.Փ)   |փոխազդեցու-  |թյուններ: (Բ10.Փ.ՀՓ.ԴՀՓ)                 |

|             |թյուններ     |                                         |

|             |(Փ.ՀՓ)       |                                         |

|             |_____________|_________________________________________|

|             |Էներգիա      |Էներգիա (Բ10.Փ.էն.Էն)                    |

|             |(Փ.ԷՆ)       |                                         |

|             |_____________|_________________________________________|

|             |Էվոլյուցիա   |Կարգավորվածություն և  քաոս (Բ10.Փ.ԷՎ.ԿՔ) |

|             |(Փ.ԷՎ)       |_________________________________________|

|             |             |Կենդանի օրգանիզմների էվոլյուցիան         |

|             |             |(Բ10.Փ.ԷՎ.ԿՕէ)                           |

|             |             |_________________________________________|

|             |             |Տիեզերքի ծագումն ու զարգացումը           |

|             |             |(Բ10.Փ.ԷՎ.ՏԾԶ)                           |

|_____________|_____________|_________________________________________|

|3. Տեխնիկա և |Բնագիտու-    |Տեխնիկան որպես մարդկային մշակույթի       |

|տեխնոլոգիա   |թյունը և     |բաղադրիչ (Բ11.ՏՏ.ԲԺՏ.ՏՄԲ)                |

|(ՏՏ)         |ժամանակակից  |_________________________________________|

|             |տեխնոլոգիա-  |Միջուկային տեխնոլոգիաներ (Բ11.ՏՏ.ԲԺՏ.ՄՏ) |

|             |ները (ՏՏ.ԲԺՏ)|_________________________________________|

|             |             |Լուսային տեխնոլոգիաներ (Բ11.ՏՏ.ԲԺՏ.ԼՏ)   |

|             |             |_________________________________________|

|             |             |Տիեզերագնացություն (Բ11.ՏՏ.ԲԺՏ.Տ)        |

|             |             |_________________________________________|

|             |             |ԴՆԹ տեխնոլոգիաներ (Բ11.ՏՏ.ԲԺՏ.ԴՆԹՏ)      |

|_____________|_____________|_________________________________________|

|4. Մարդ-     |Շրջակա       |Մարդը և  շրջակա միջավայրը (Բ11.ՄԲՓ.ՇՄ    |

|բնություն    |միջավայր     |ՄՇՄ)                                     |

|փոխհարաբերու-|(ՄԲՓ.ՇՄ)     |_________________________________________|

|թյուններ     |             |Էկոլոգիական հիմնախնդիրներ (Բ11.ՄԲՓ.ՇՄ.ԷՀ)|

|(ՄԲՓ)        |             |_________________________________________|

|             |             |Էկոլոգիական անվտանգություն (Բ11.ՄԲՓ.     |

|             |             |ՇՄ.ԷԱ)                                   |

|             |_____________|_________________________________________|

|             |Առողջ ապրելա-|Մարդու ժառանգականությունը (Բ11.ՄԲՓ.ԱԱ.ՄԺ)|

|             |կերպ (ՄԲՓ.ԱԱ)|                                         |

|             |             |_________________________________________|

|             |             |Մարդու առողջությունը (Բ11.ՄԲՓ.ԱԱ.ՄԱ)     |

._____________________________________________________________________.

 

Աշխարհի ճանաչողության միասնական մեթոդաբանական հիմքերի ապահովման նպատակով առարկայի բովանդակությունը կառուցվում է նաև մի շարք ընդհանրական խաչվող հասկացությունների հենքի վրա: Դրանք առանցքային հասկացություններ են, որոնք ընդհանրական են տարբեր գիտությունների համար և օգնում են սովորողներին միավորելու, կապակցելու տարբեր առարկաներից ձեռք բերած գիտելիքները աշխարհի մասին մեկ ամբողջական պատկերացման շրջանակներում:

Այդ հասկացությունները պետք է մեծ ուշադրության արժանանան դպրոցի բոլոր աստիճաններում, բոլոր առարկաների, այդ թվում` «Բնագիտություն» առարկայի ուսուցման ժամանակ:

Առանձնացվում են յոթ այդպիսի խաչվող հասկացություններ.

1. Օրինաչափություն:

2. Պատճառ և հետևանք, մեխանիզմ և կանխատեսում:

3. Մասշտաբ, համամասնություն և քանակ:

4. Համակարգ և մոդել:

5. Էներգիա և նյութ, հոսքեր, ցիկլեր, պահպանում:

6. Կառուցվածք և գործառույթ:

7. Կայունություն և փոփոխություն:

 

5. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԵՎ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Ուսումնական գործընթացը նախատեսում է տեսական նյութի ուսումնասիրություն, հետազոտական, նախագծային աշխատանքներ, ցուցադրումներ, լաբորատոր աշխատանքներ: Սովորողների արժեքային համակարգի ձևավորմանն են ուղղված տարբեր թեմաներով սեմինարների, բանավեճերի կազմակերպումը, ուսումնասիրվող թեմաներին վերաբերող գիտահանրամատչելի ֆիլմերի դիտումն ու քննարկումը:

Դասընթացում կարևորվում է սովորողների կողմից ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործումը` բնության տարբեր երևույթները դինամիկ զարգացման մեջ դիտելու, վիրտուալ դիտումներ և փորձեր իրականացնելու համար: Տրվում են ինքնուրույն ուսումնասիրության համար նախատեսված էլեկտրոնային գրականության ցանկեր, աղբյուրներ:

Առարկայի բովանդակությունը պետք է լիարժեք հնարավորություններ ընձեռի սովորողների կողմից տարատեսակ հետազոտություններ կատարելու համար անհրաժեշտ այնպիսի ընդհանրական հմտությունների ձևավորմանը, ինչպիսիք են`

1) հարցադրումներ կատարել, խնդիրներ ձևակերպել,

2) մշակել և օգտագործել մոդելներ,

3) պլանավորել և իրականացնել հետազոտություններ,

4) վերլուծել և մեկնաբանել տվյալները,

5) օգտագործել մաթեմատիկան և հաշվողական մտածողություն,

6) ձևակերպել բացատրություն և մշակել լուծումներ,

7) բերել հիմնավորումներ ապացուցման համար,

8) ստանալ, գնահատել և հաղորդել տեղեկույթ:

«Բնագիտության» ուսուցումը լիարժեք իրականացնելու համար դպրոցները պետք է`

1. ունենան կահավորված ուսումնառության ապահով միջավայր, որտեղ առկա են սառը ջուր, էլեկտրական հոսանքի աղբյուրներ, լվացարաններ, հատուկ ծածկույթով սեղաններ, ցուցադրման սեղան, քարշիչ պահարան, ուսումնական մոդելներ, ցուցապաստառներ և ցուցադրման հարմարություն, օրինակ` պրոյեկտոր, բարձրախոսներ, սենյակը մթնեցնող վարագույրներ և այլն,

2. ապահովեն ծրագրում նշված փորձարարական, մոդելավորման և այլ գործնական աշխատանքների համար պահանջվող սարքեր և նյութեր,

3. ունենան անհրաժեշտ քանակությամբ համակարգիչներ` ծրագրով նախատեսված հետազոտական աշխատանքները վիրտուալ միջավայրում ՏՀՏ համապատասխան գործիքների և փաթեթների կիրառմամբ իրականացնելու համար,

4. ստեղծեն միջավայր, որտեղ հարմար լինի աշխատել խմբերով, հավաքել և պահել հետազոտության համար անհրաժեշտ նյութերը և ներկայացնել շնորհանդեսներ:

 

6. ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

«Բնագիտություն» առարկայի սովորողների գնահատման նպատակն է`

1. պարզել նրանց գիտելիքների, հմտությունների, վերաբերմունքի և արժեքային համակարգի համապատասխանության աստիճանը առարկայի չափորոշչով և ծրագրով սահմանված պահանջներին,

2. բացահայտել ուսումնառության գործընթացում յուրաքանչյուր սովորողի ձեռքբերումները, կարիքներն ու դժվարությունները,

3. օգնել ուսուցչին հետադարձ կապի միջոցով բարելավելու ուսուցման որակը:

Այդ նպատակով կիրառվում են սովորողների ձևավորող (ուսուցանող) և քանակական (միավորային) ձևերը:

Ձևավորող գնահատումն իրականացվում է ուսումնական գործընթացի արդյունավետության մասին անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու նպատակով:

Միավորային գնահատումն իրականացվում է որոշակի ժամանակահատվածում ուսումնական նյութի որոշակի ծավալի շրջանակներում սովորողների ձեռքբերումները պաշտոնապես գրանցելու նպատակով: Միավորային գնահատումը սովորաբար իրականացվում է առանձին թեմատիկ միավորի ուսուցման, քառորդի կամ կիսամյակի վերջում:

Միավորային գնահատումն իրականացվում է 10 միավորային սանդղակով: Գնահատման այլ սանդղակներ կիրառելիս արդյունքներն արտահայտվում և ամրագրվում են 10 միավորային սանդղակով:

Գնահատման ժամանակ հաշվի են առնվում հետևյալ բաղադրիչները.

1. գիտելիք և ընկալում,

2. տեղեկույթի կիրառում, խնդիրների լուծում,

3. փորձարարական, հետազոտական հմտություններ:

Գնահատման գործընթացում առավել կարևորվում է սովորողի գիտական աշխարհայացքի ձևավորման հիմքում ընկած գիտական հասկացությունների և սկզբունքների ընկալումն ու կիրառումը, տրամաբանական մտածողությունը, այլ ոչ թե մեծաքանակ փաստական նյութի մտապահումը: Քննական թեստերը չպետք է պարունակեն մաթեմատիկական երկար ու բարդ հաշվարկներ պահանջող առաջադրանքներ: Առանձնակի ուշադրություն պետք է դարձվի ինքնուրույն հետազոտություններ կատարելու, դրա համար անհրաժեշտ տեղեկատվություն որոնելու և օգտագործելու կարողությունների ստուգմանը:

 

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

 

1. Հանրակրթության մասին ՀՀ օրենքը:

i

2. Հանրակրթության պետական չափորոշիչ, հաստատված ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 136-Ն որոշմամբ:

3. Հանրակրթության պետական կրթակարգ, միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004:

4. Հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման կարիքի գնահատման ուսումնասիրություն, պատրաստվել է «Ի-Վի քոնսալթինգ» ՓԲԸ-ի և «Այբ» կրթական հիմնադրամի կողմից, ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» գրասենյակի պատվերով, Երևան, 2016:

5. Ռաբօտա ս ԲՕԼՇԻՄԻ ԻԴԵՅԱՄԻ նաուչնօգօ օբրազօվանիյա, Պօդ րեդակցիեյ Wynne Harlen ի պրի սօտրուդնիչեստվե: Derek Bell, Rosa Deves, Hubert Dyasi, Guillermo Fernandez de la Garza, Pierre Lena, Robin Millar, Michael Reiss, Patricia Rowell ի Wei Yu, Wynne Harlen, 2015:

6. Հանրակրթական ավագ դպրոցի «Քիմիա» առարկայի չափորոշիչներ և ծրագրեր

(ՀՀ կրթության և գիտության նախարարի 04.05.2009թ. N 381-Ա/Ք հրաման):

 

Պաշտոնական հրապարակման օրը` 3 ապրիլի 2023 թվական:

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
30.03.2023
N 25-Ն
Հրաման