ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 ապրիլի 2023 թվականի N 543-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(3-րդ մաս)
19. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻ ԿԱՄ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՏՈՒՅԺԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԸ
229. Կալանավորված անձի կամ դատապարտյալի նկատմամբ օրենսդրությամբ նախատեսված տույժի միջոցները կիրառվում են քրեակատարողական հիմնարկի պետի որոշմամբ:
230. Կալանավորված անձանց և դատապարտյալների նկատմամբ տույժի միջոցներ կիրառելու մասին որոշումները հաշվառելու նպատակով քրեակատարողական հիմնարկի վարչակազմը վարում է համապատասխան մատյան, որտեղ նշվում են կիրառված տույժի տեսակը, կիրառման հիմքը, կիրառման ամսաթիվը, տույժը հանելու կամ մարվելու ամսաթիվը: Պատժախուց տեղափոխելը որպես տույժի միջոց կիրառելու դեպքում տվյալ մատյանում գրանցվում են նաև կալանավորված անձին կամ դատապարտյալին այնտեղ պահելու սկիզբը և ավարտը, ինչպես նաև ավարտման հիմքը, եթե այն դադարեցվել է վաղաժամկետ:
231. Կատարված խախտման կապակցությամբ կալանավորված անձից կամ դատապարտյալից պահանջվում է գրավոր բացատրություն, իսկ այն տալուց հրաժարվելու դեպքում կազմվում է համապատասխան արձանագրություն:
232. Կատարված կարգապահական խախտումը քննելիս և կարգապահական տույժ նշանակելիս քրեակատարողական հիմնարկի պետը ծանոթանում է կատարվածի վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի ծառայողի ներկայացրած գրավոր նյութերին, ընդունում համապատասխան որոշում, որը կցվում է կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական գործին:
233. Կալանավորված անձի կամ դատապարտյալի նկատմամբ տույժ կիրառելու որոշման մեջ նշվում են կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական տվյալները, խախտման բնույթն ու հետևանքները, կատարված ուսումնասիրությունների արդյունքները և տույժի տեսակը:
234. Կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից կատարված խախտման կապակցությամբ կազմված բոլոր փաստաթղթերը կցվում են նրա անձնական գործին:
235. Տույժի միջոցները կիրառվում են գրավոր որոշմամբ, բացառությամբ նախազգուշացման, որը կարող է հայտարարվել բանավոր: Բանավոր նախազգուշացման մասին համապատասխան նշում է կատարվում դատապարտյալի անձնական գործում:
236. Կալանավորված անձը կամ դատապարտյալը երեք օրվա ընթացքում ծանոթացվում է տույժի կիրառման մասին որոշմանը` նրանից ստորագրություն վերցնելով:
237. Կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից տույժի միջոցի բողոքարկումը չի կասեցնում տույժի կիրառումը:
238. Կալանավորված անձը կամ դատապարտյալը պատժախուց կարող է տեղափոխվել`
1) այլ կալանավորված անձանց կամ դատապարտյալների նկատմամբ ճնշում գործադրելու, նրանց վիրավորելու, քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցչի կամ այլ անձանց վրա հարձակում գործելու.
2) քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցչի օրինական պահանջներին չենթարկվելու.
3) արգելված առարկաներ, իրեր և սննդամթերք ձեռք բերելու, պահելու, օգտագործելու, պատրաստելու կամ փոխանցելու,
4) քրեակատարողական հիմնարկի գույքը ոչնչացնելու կամ վնասելու համար,
5) եթե չարամիտ խախտող ճանաչված կալանավորված անձը կամ դատապարտյալը թույլ է տվել սույն կանոնակարգի պահանջների խախտում կամ այլ իրավախախտում:
239. Բժշկական սպասարկման համապատասխան ծառայողը և պատասխանատու հերթապահն ամեն օր այցելում են պատժախցում պահվող կալանավորված անձին կամ դատապարտյալին` դրա մասին գրառում կատարելով համապատասխան մատյանում:
240. Քրեակատարողական հիմնարկի պետն իրավունք ունի հետաձգելու պատժախուց տեղափոխելու ձևով տույժի կիրառումը, կրճատելու պատժախցում գտնվելու ժամանակահատվածը կամ ժամկետից շուտ կալանավորված անձին կամ դատապարտյալին ազատելու տույժը կրելուց` հաշվի առնելով հիվանդության հետ կապված պատժախցում գտնվելու անթույլատրելիության վերաբերյալ բժշկի եզրակացությունը: Պատժախուց տեղափոխելու ձևով տույժի կիրառումը հետաձգելու վերաբերյալ որոշումը վերանայվում է բժշկի եզրակացության հիման վրա: Համապատասխան բժշկական եզրակացությունը տրվում է առավելագույնը 21 օր պարբերականությամբ:
241. Տույժի կիրառումը հետաձգելու պահից 6 ամիսն անցնելուց հետո, եթե չեն վերացել հետաձգման հիմքերը, քրեակատարողական հիմնարկի պետը կարող է կալանավորված անձին կամ դատապարտյալին ազատել տույժը կրելուց, եթե այդ ընթացքում կալանավորված անձը կամ դատապարտյալը նոր խախտում չի կատարել և տույժի չի ենթարկվել:
242. Քրեակատարողական հիմնարկի պատժախցից քրեակատարողական հիմնարկի բժշկական ստորաբաժանում տեղափոխված կալանավորված անձի կամ դատապարտյալի` նշված ստորաբաժանումում պահելու ժամանակը հաշվվում է տույժը կրելու ժամանակի մեջ:
243. Եթե կալանավորված անձը կամ դատապարտյալը պատժախցից բժշկական ստորաբաժանում է տեղափոխվել հիվանդության ձևացման (սիմուլյացիա) կամ անդամախեղության պատճառով, ապա բժշկական ստորաբաժանումում նրա անցկացրած ժամանակահատվածը չի հաշվարկվում տույժը կրելու ժամկետի մեջ:
244. Կալանավորված անձը կամ դատապարտյալը պատժախցում կարող է պահվել միայնակ:
245. Պատժախցում գտնվելու ընթացքում կալանավորված անձը կամ դատապարտյալն անհատական քնելու տեղով ապահովվում է միայն քնի համար սահմանված ժամերին:
246. Պատժախցում պահվող կալանավորված անձը կամ դատապարտյալն իր մոտ կարող է ունենալ առաջին անհրաժեշտության առարկաներ:
247. Պատժախցում պահվող կալանավորված անձը կամ դատապարտյալն օգտվում է ամենօրյա` մեկ ժամ տևողությամբ զբոսանքի իրավունքից:
248. Մինչև պատժախուց տեղափոխվելը` կալանավորված անձի կամ դատապարտյալի մոտ եղած սնունդը, իր դիմումի համաձայն, հանձնվում է պահպանության և վերադարձվում տույժը կրելուց հետո: Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը միջոցներ է ձեռնարկում սնունդը պահպանելու համար, սակայն դրանց բնական փչացման համար պատասխանատվություն չի կրում: Սննդամթերքի փչացման դեպքերում այն ոչնչացվում է, ինչի մասին կազմվում է համապատասխան արձանագրություն և կցվում կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական գործին:
249. Պատժախցում պահվող կալանավորված անձի կամ դատապարտյալի սննդի ընդունումն իրականացվում է պատժախցում:
250. Պատժախուցը մաքրվում է այնտեղ գտնվող կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից:
20. ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԶՆՆՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒՄ
251. Քրեակատարողական հիմնարկում խուզարկության և զննման` օրենսդրությամբ սահմանված հիմքերի առկայության դեպքում քրեակատարողական ծառայողը կալանավորված անձին կամ դատապարտյալին ծանոթացնում է խուզարկության կամ զննման կարգի հետ:
252. Խուզարկությունը պետք է անցկացվի այնպիսի պայմաններում, որոնք չեն նվաստացնում անձի պատիվն ու արժանապատվությունը: Խուզարկությունից առաջ անձին առաջարկվում է ներկայացնել իր մոտ առկա առարկաները, իրերն ու սննդամթերքը, իսկ արգելված առարկաների, իրերի կամ սննդամթերքի առկայության դեպքում` դրանք ինքնակամ հանձնել:
253. Խուզարկությունն ու զննումը կատարվում են քրեակատարողական առնվազն երկու ծառայողի մասնակցությամբ: Մերկացմամբ զուգորդվող անձնական խուզարկությունը կարող է իրականացնել հիմնավոր կասկածի դեպքում և միայն նույն սեռի մեկ ծառայողը: Կասկածը համարվում է հիմնավոր, եթե առկա է արգելված առարկաների, իրերի կամ սննդամթերքի պահելու կասկած մարմնի վրա կամ մարմնում:
254. Անձնական խուզարկությունն իրականացվում է մեկուսացված սենյակում, որտեղ առկա է բավարար լուսավորություն և անհրաժեշտ ջերմաստիճան:
255. Խուզարկության ավարտից հետո խուզարկվող անձի մոտ թողնվում են միայն այն առարկաները, իրերը և սննդամթերքը, որոնք արգելված չեն սույն կանոնակարգով:
256. Այլ անձանց զննման, անձնական խուզարկության, կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական խուզարկության կամ խցի կամ կացարանի խուզարկության, ինչպես նաև հագուստի և իրերի զննման ժամանակ վերցնելու ենթակա առարկաների հայտնաբերման դեպքում կազմվում է արձանագրություն արգելված իրերի հայտնաբերման և վերցնելու մասին: Արձանագրությունն ստորագրվում է զննություն կամ խուզարկություն կատարող անձանց և խուզարկության կամ զննման ենթարկված անձի կողմից, ում` արձանագրության ստորագրումից հրաժարվելու դեպքում արձանագրության մեջ կատարվում է համապատասխան նշում: Կալանավորված անձին կամ դատապարտյալին վերաբերելի դեպքերում արձանագրությունը կցվում է կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական գործին:
257. Կալանավորված անձի կամ դատապարտյալի խցերի կամ կացարանների խուզարկությունը կարող է իրականացվել սույն կանոնակարգով նախատեսված պայմանների կամ կարգի խախտման կասկածի կամ ենթադրության առնչությամբ կամ անվտանգության ապահովման նպատակներով, այդ թվում` խցում կամ կացարանում պահվող կալանավորված անձանց կամ դատապարտյալների բացակայությամբ:
258. Կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական խուզարկության կամ խցի կամ կացարանի խուզարկության, ինչպես նաև հագուստի և իրերի զննման ժամանակ քաղաքացիական շրջանառությունից չհանված` վերցված առարկաները, իրերը կամ սննդամթերքն ի պահ են հանձնվում քրեակատարողական հիմնարկի վարչակազմին: Կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական խուզարկության կամ խցի կամ կացարանի խուզարկության, ինչպես նաև իրերի զննման ժամանակ հայտնաբերված դրամը փոխանցվում է կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական հաշվին:
259. Եթե կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական խուզարկության կամ խցի կամ կացարանի խուզարկության, ինչպես նաև իրերի զննման ժամանակ վերցվել են այնպիսի տեսակի կամ այնպիսի քանակությամբ արգելված առարկաներ, իրեր կամ սննդամթերք, որոնք քրեակատարողական հիմնարկի վարչակազմին ի պահ հանձնելն անհնարին է կամ ոչ նպատակահարմար, ապա կալանավորված անձին կամ դատապարտյալին առաջարկվում է դրանք իր հաշվին ուղարկել իր մատնանշած անձին: Եթե կալանավորված անձը կամ դատապարտյալը հրաժարվել է արգելված առարկաները, իրերը կամ սննդամթերքն ուղարկել որևէ անձի, ապա քրեակատարողական հիմնարկի վարչակազմն այդ արգելված առարկաները, իրերը կամ սննդամթերքը տնօրինում է օրենսդրությամբ սահմանված կարգով:
260. Կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական խուզարկության կամ խցի կամ կացարանի խուզարկության, ինչպես նաև իրերի զննման ժամանակ վերցված` քաղաքացիական շրջանառությունից հանված առարկաները կամ իրերը հանձնվում են իրավասու մարմիններին:
261. Կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական խուզարկության կամ խցի կամ կացարանի խուզարկության, ինչպես նաև իրերի զննման ժամանակ վերցված այն առարկաները, իրերը կամ սննդամթերքը, որոնք կարող են հանցագործության մասին տվյալներ պարունակել, ուղարկվում են համապատասխան մարմիններ, և դրանց հետագա տնօրինության հարցը որոշվում է նշված մարմինների կողմից:
262. Քրեակատարողական հիմնարկի տարածք մուտք գործող ու այդ տարածքից ելք ունեցող անձի մոտ առկա առարկաների, իրերի, սննդամթերքի և հագուստի զննումը պարտադիր է: Նշված անձանց հագուստի զննումն իրականացվում է նույն սեռին պատկանող քրեակատարողական ծառայողի կողմից:
263. Քրեակատարողական հիմնարկի տարածք մուտք գործող ու այդ տարածքից ելք ունեցող անձի իրերի զննումից առաջ անձին ներկայացվում է արգելված առարկաների, իրերի և սննդամթերքի ցանկը և առաջարկվում` դրանց առկայության դեպքում ինքնակամ հանձնել: Զննման ընթացքում առաջարկվում է ցույց տալ պայուսակի, ճամպրուկի, հանձնուքի, ծանրոցի կամ այլ պահոցի պարունակությունը, իսկ անհրաժեշտության դեպքում` զննման համար տրամադրել նաև հագուստը:
264. Քրեակատարողական հիմնարկի տարածք մուտք գործող ու այդ տարածքից ելք ունեցող անձանց` կալանավորված անձանց կամ դատապարտյալների համար նախատեսված հանձնուքները, ծանրոցները և անձնական իրերը համապատասխան տեխնիկական միջոցներով զննվելուց հետո, դրանցում արգելված իրեր պարունակելու հիմնավոր կասկածներ լինելու կամ տեխնիկական միջոցների բացակայության դեպքում` առհասարակ, քրեակատարողական ծառայողի կողմից զննվում են հետևյալ կերպ`
1) հացաբուլկեղենը կտրատվում է.
2) պահածոները բացվում և տեղափոխվում են մեկ այլ տարայի մեջ.
3) ձուկը կտրատվում է մասերի.
4) պանիրը, երշիկեղենը և մսեղենը կտրատվում են կտորների.
5) սորուն (շաքարավազ, աղ և այլն) և ծորուն (հեղուկ մեղր, թանձր կիսել և այլն) մթերքները լցվում են մեկ այլ տարայի մեջ.
6) ծխախոտների տուփերը բացվում և ստուգվում են.
7) կոնֆետներն ընդունվում են առանց փաթեթավորման, անհրաժեշտության դեպքում կտրատվում են կտորների.
8) բոլոր մյուս մթերքները, որոնք կարող են օգտագործվել իրենց մեջ արգելված իրեր թաքցնելու համար, ստուգվում են նույն կերպ.
9) գրքերը, ամսագրերը և այլ տպագրական հրատարակությունները թերթվում են, և գրքերի կազմերը շոշափվում են` թաքստոցներ հայտնաբերելու նպատակով.
10) էլեկտրատեխնիկական սարքերն ու սարքավորումները բացվում կամ քանդվում են` այն հաշվով, որպեսզի դրանք չկորցնեն իրենց տեխնիկական հնարավորությունները և նպատակային նշանակությունը` թաքստոցների առկայությունը բացառելու, արգելված իրերի ներթափանցումը կանխելու նպատակով:
265. Սույն կանոնակարգի 264-րդ կետով չնախատեսված առարկաները, իրերը կամ սննդամթերքը զննվում են այնպես, ինչպես նույն կետով նախատեսված` այդ առարկային, իրին կամ սննդամթերքին նման առարկաները, իրերը և սննդամթերքը:
266. Զննումը կատարվում է այնպես, որպեսզի առարկաները, իրերը և սննդամթերքը չկորցնեն իրենց նպատակային նշանակությամբ օգտագործվելու հնարավորությունները:
267. Կալանավորված անձանց կամ դատապարտյալների համար նախատեսված հանձնուքները, ծանրոցները և անձնական իրերը քրեակատարողական ծառայողի կողմից հատուկ տեխնիկական միջոցներով (անշփում զննման համակարգերով, ռենտգեն կամ այլ սարքերով) զննվելու արդյունքում արգելված իրեր չհայտնաբերվելու, ինչպես նաև դրանցում արգելված իրեր պարունակելու հիմնավոր կասկածի բացակայության դեպքում չեն իրականացվում սույն կանոնակարգի 264-րդ կետով նախատեսված գործողությունները:
268. Քրեակատարողական հիմնարկի տարածք մուտք գործող ու այդ տարածքից ելք ունեցող անձանց իրերի զննման ժամանակ արգելված իրերի հայտնաբերման դեպքում առաջարկվում է դրանք թողնել այդ նպատակով ստեղծված պահախցերում` քրեակատարողական հիմնարկի տարածքից ելք ունենալիս դրանք հետ վերցնելու նպատակով` բացառությամբ սույն կանոնակարգով նախատեսված դեպքերի:
269. Քրեակատարողական հիմնարկի տարածք մուտք գործող ու այդ տարածքից ելք ունեցող անձանց իրերի զննման ժամանակ քաղաքացիական շրջանառությունից հանված առարկաների կամ իրերի հայտնաբերման դեպքում դրանք վերցվում են համապատասխան քրեակատարողական ծառայողի կողմից` կազմելով դրանց հայտնաբերման և վերցնելու մասին արձանագրություն:
270. Քրեակատարողական հիմնարկի տարածք մուտք գործող ու այդ տարածքից ելք ունեցող անձանց իրերի զննման ժամանակ վերցված առարկաները, իրերը կամ սննդամթերքը հանձնվում են իրավասու մարմիններին:
271. Քրեակատարողական հիմնարկի տարածք մուտք գործող ու այդ տարածքից ելք ունեցող անձանց իրերի զննման ժամանակ վերցված այն առարկաները, իրերը կամ սննդամթերքը, որոնք կարող են հանցագործության մասին տվյալներ պարունակել, հանձնվում են համապատասխան մարմիններին, և դրանց հետագա տնօրինության հարցը որոշվում է նշված մարմինների կողմից:
272. Քրեակատարողական հիմնարկի տարածքում հայտնաբերված տիրազուրկ գույքի տնօրինման հարցը որոշվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:
21. ԱՌԱՆՑ ՊԱՀԱԿԱԽՄԲԻ ԿԱՄ ՈՒՂԵԿՑՈՐԴՄԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ
273. Դատապարտյալին առանց պահակախմբի կամ ուղեկցորդման քրեակատարողական հիմնարկի սահմաններից դուրս տեղաշարժվելու մասին քրեակատարողական հիմնարկի պետի կողմից ընդունված որոշման մեջ նշվում են դատապարտյալի անունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը, պատժաչափը, հոդվածը, որով նա դատապարտվել է, պատժի փաստացի կրած ժամկետը, կատարվող աշխատանքների բնույթը, տեղաշարժման ուղին և ժամանակը:
274. Սույն կանոնակարգի 275-րդ կետում նշված որոշումը կցվում է դատապարտյալի անձնական գործին:
275. Առանց պահակախմբի կամ ուղեկցորդման տեղաշարժվելու թույլտվություն ստացած դատապարտյալին տրվում է սահմանված նմուշի անցագիր (ձև N 13): Քրեակատարողական հիմնարկի վարչակազմն իրականացնում է անցագրերի հաշվառում` վարելով համապատասխան հսկողական մատյան, որում նշվում են անցագիր ստացած դատապարտյալի անունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը, պատժաչափը, պատիժը կրելու սկիզբը և վերջը, տեղաշարժման ուղին ու ժամանակը, անցագիրը տալու օրը, գործողության ժամկետը և ծանոթագրություններ` գործողության ժամկետի երկարաձգման մասին:
276. Մինչև անցագիր տալը` դատապարտյալը ծանուցվում է առանց պահակախմբի կամ ուղեկցորդման քրեակատարողական հիմնարկի սահմաններից դուրս գտնվելու թույլտվություն ստացած դատապարտյալի վարքագծի կանոնների մասին: Քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից կազմվում է դրա մասին արձանագրություն (ձև N 14), որը ստորագրվում է նաև դատապարտյալի կողմից: Արձանագրությունը կցվում է դատապարտյալի անձնական գործին:
277. Դատապարտյալին առանց պահակախմբի կամ ուղեկցորդման տեղաշարժվել թույլատրվում է միայն անցագրում դրա համար նշված ժամերին և ուղիով: Դատապարտյալի` քրեակատարողական հիմնարկի սահմաններից դուրս գալու և վերադարձի ժամանակը կարգավորվում է ըստ աշխատանքի բնույթի և տևողության:
278. Առանց պահակախմբի կամ ուղեկցորդման տեղաշարժվելու թույլտվություն ստացած դատապարտյալը բնակվում է քրեակատարողական հիմնարկի վարչական սահմաններում` սահմանված կարգով հսկողության տակ գտնվող` իրեն հատկացված վայրում:
279. Առանց պահակախմբի կամ ուղեկցորդման տեղաշարժվելու թույլտվություն ստացած դատապարտյալների` քրեակատարողական հիմնարկի սահմաններից դուրս բնակվելն արգելվում է` բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
280. Առանց պահակախմբի կամ ուղեկցորդման տեղաշարժվելու թույլտվություն ստացած դատապարտյալը ոչ աշխատանքային ժամերին գտնվում է քրեակատարողական հիմնարկի տարածքում: Նրա նկատմամբ տարածվում են քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալի համար սույն կանոնակարգով սահմանված վարքագծի կանոնների պահանջները:
281. Քրեակատարողական հիմնարկի պետի որոշման հիման վրա դատապարտյալը զրկվում է առանց պահակախմբի կամ ուղեկցորդման քրեակատարողական հիմնարկի սահմաններից դուրս գտնվելու թույլտվությունից` այդպիսի թույլտվություն ստացած դատապարտյալի կողմից վարքագծի կանոնների խախտման կամ աշխատանքի բնույթը փոխվելու դեպքերում: Համապատասխան որոշման մեջ նշվում են դատապարտյալի տվյալները և առանց պահակախմբի կամ ուղեկցորդման` քրեակատարողական հիմնարկի սահմաններից դուրս գտնվելու թույլտվություն տալու մասին որոշման վերացման հիմքերի համառոտ բովանդակությունը: Նշված դեպքում դատապարտյալի անցագիրը վերցվում է և կցվում դատապարտյալի անձնական գործին:
282. Առանց պահակախմբի կամ ուղեկցորդման գտնվելու թույլտվություն ստացած դատապարտյալը քրեակատարողական հիմնարկի սահմաններից դուրս տեղաշարժվելու ընթացքում պարտավոր է`
1) պահպանել տեղաշարժման ուղին և ժամանակը.
2) ժամանակին վերադառնալ և դրա մասին տեղյակ պահել քրեակատարողական հիմնարկի վարչակազմին.
3) քրեակատարողական հիմնարկի վարչակազմի, ինչպես նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչների առաջին իսկ պահանջով ներկայացնել անցագիրը, իսկ քրեակատարողական հիմնարկ վերադառնալուց հետո այն հանձնել քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցչին.
4) աշխատանքային ժամերին չլքել աշխատավայրը.
5) անցագիրը չտրամադրել այլ անձանց:
283. Առանց պահակախմբի կամ ուղեկցորդման գտնվելու թույլտվություն ստացած դատապարտյալը քրեակատարողական հիմնարկի սահմաններից դուրս տեղաշարժվելու ընթացքում կարող է կրել տարվա եղանակին համապատասխան սահմանված միասնական նմուշի կամ քաղաքացիական հագուստ:
22. ԲԺՇԿԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՈՒՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻՆ ԿԱՄ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
284. Քրեակատարողական հիմնարկում տեղակայվում և կահավորվում է բժշկական ստորաբաժանում:
285. Կալանավորված անձին կամ դատապարտյալին քրեակատարողական հիմնարկի բժշկական ստորաբաժանումում անջատ պահելու` օրենսդրությամբ նախատեսված պահանջներից բացի կիրառվում են նաև այլ չափորոշիչներ, որի անհրաժեշտությունը բխում է բժշկական ստորաբաժանման խնդիրների իրականացման առանձնահատկություններից, հիվանդությունների տեսակներից ու բնույթից, հակահամաճարակային պայմաններից:
286. Առանձնապես ծանր հանցագործությունների համար որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձինք, ովքեր բուժման նպատակով բժշկական ստորաբաժանում են տեղափոխվել քրեակատարողական հիմնարկի բարձր անվտանգային գոտուց, քրեակատարողական հիմնարկի բժշկական ստորաբաժանումում պահվում են հատուկ առանձնացված և խցային հիվանդասենյակներում:
287. Բժշկական ստորաբաժանման օրվա կարգացուցակը ներառում է բուժական միջոցառումներ:
288. Կալանավորված անձանց և դատապարտյալների ներկայությունը ստուգվում է ըստ մեկուսացված մասերի կամ հիվանդասենյակների քանակական հաշվարկի և ազգանունների ընթերցման միջոցով` օրական երկու անգամից ոչ պակաս:
289. Բժշկական ստորաբաժանումում գտնվող դատապարտյալին երկարատև տեսակցությունները տրամադրվում են ըստ տվյալ դատապարտյալին պահելու պայմանների առանձնահատկությունների, եթե նրա մոտ բացակայում են բժշկական հակացուցումներ:
290. Կալանավորված անձի կամ դատապարտյալի աշխատանքը կազմակերպվում է համաձայն բժշկական ցուցումների` ըստ նրա աշխատունակության աստիճանի և բժշկական ստորաբաժանման պայմաններում նրան համապատասխան աշխատանքում ներգրավելու հնարավորության:
291. Հիվանդության սիմուլյացիայի կամ կեղծ փաստաթուղթ օգտագործելու կամ խաբեության կամ ապօրինի այլ եղանակով բժշկական օգնության կամ սպասարկման դիմած կալանավորված անձի կամ դատապարտյալի վարքագիծը գնահատվում է որպես սույն կանոնակարգի պահանջների խախտում, և նրա նկատմամբ կարող են կիրառվել օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության, ներառյալ` տույժի միջոցներ: Հիվանդության ձևացման (սիմուլյացիա) դրդապատճառները, մինչև դրանց համար համապատասխան տույժի միջոցներ կիրառելը, որոշվում են կալանավորված անձի կամ դատապարտյալի նկատմամբ իրականացված հոգեբանական կամ բժշկական քննության միջոցով` համապատասխան մասնագետների կողմից տրված կարծիքի կամ կարծիքների հիման վրա:
23. ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՈՒԺԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
292. Քրեակատարողական հիմնարկում բժշկական օգնության և սպասարկման այն տեսակները, որոնց համար մասնագիտացված կազմակերպությունը չի ստացել համապատասխան լիցենզիա, տրամադրում են առողջապահական մարմինների բուժական հիմնարկները:
293. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքը տարածվում է առողջապահական մարմինների բուժական հիմնարկների կողմից կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և տրամադրման հետ կապված հարաբերությունների վրա այնքանով, որքանով այն կիրառելի է սույն իրավահարաբերությունների նկատմամբ:
294. Կալանավորված անձանց և դատապարտյալների բուժումն առողջապահական մարմինների բուժական հիմնարկներում կազմակերպվում է, որպես կանոն, մեկ տեղանոց հիվանդասենյակներում կամ այդ նպատակով նախատեսված այլ տարածքում` բացառելով բուժում ստացող այլ անձանց ներկայությունը:
295. Հայաստանի Հանրապետության արդարադատության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարների միջև կնքված պայմանագրով կարգավորվում են քրեակատարողական ծառայության և առողջապահական մարմինների բուժական հիմնարկի միջև ծագող հարաբերությունները, մասնավորապես` առանձնացված մեկ տեղանոց հիվանդասենյակ տրամադրելու, ծառայողների հանգիստն ապահովելու համար հնարավոր պայմաններ առաջարկելու, ծառայողական կամ ծառայողների անձնական մեքենաներն առողջապահական մարմինների բուժական հիմնարկի տարածք անարգել մուտքի և ելքի թույլտվություն տրամադրելու և այնտեղ տեղակայելու, բացառիկ դեպքերում` առողջապահական մարմինների բուժական հիմնարկի անվտանգության ծառայողների հետ համագործակցելու և ծառայության բնույթով պայմանավորված այլ հարաբերություններ ևս:
296. Դատապարտյալների կամ կալանավորված անձանց բժշկական օգնությունը և սպասարկումն առողջապահական մարմինների բուժական հիմնարկներում կազմակերպելիս, նշված հաստատության համապատասխան վայրը, որտեղ մինչև բուժման ավարտը կարող է պահվել անազատության մեջ գտնվող անձը, դիտարկվում է որպես քրեակատարողական հիմնարկի արտաքին պահպանության օբյեկտ (այսուհետ նաև` պահակակետ), որի վրա տարածվում են սույն կանոնակարգի և օրենսդրության պահանջները:
297. Պահակակետում քրեակատարողական ծառայողները պահպանություն են իրականացնում համապատասխանաբար` քրեակատարողական ծառայության կամ քրեակատարողական հիմնարկի պետի հրամանի հիման վրա:
298. Պահակակետում` կալանավորված անձը կամ դատապարտյալը ստորագրությամբ ծանոթացվում է իր իրավունքների և պարտականությունների մասին:
299. Պահակախումբն ընդունում է պահակակետը, այնտեղ բուժում ստացող կալանավորված անձին կամ դատապարտյալին և կատարում է հիվանդասենյակի կամ դրա համար նախատեսված տարածքի խուզարկություն և անձնական իրերի զննություն, իսկ եթե հիմնավոր կասկածներ են առաջացել, որ կալանավորված անձի կամ դատապարտյալի մոտ կարող են առկա լինել արգելված առարկաներ, իրեր կամ սննդամթերք, ապա վերջինս ենթարկվում է նաև անձնական խուզարկության, որն իրականացվում է նույն սեռի ներկայացուցչի մասնակցությամբ:
300. Խուզարկության կամ զննության արդյունքներով արգելված առարկաներ, իրեր կամ սննդամթերք հայտնաբերելու դեպքում կազմվում է համապատասխան արձանագրություն, և այդ մասին զեկուցվում է ըստ վերադասության: Արձանագրությունները և սահմանված կարգով վերցված արգելված առարկաները, իրերը կամ սննդամթերքը փոխանցվում են համապատասխան քրեակատարողական հիմնարկին` դրանց հետագա ճակատագիրը որոշելու համար:
301. Բուժող բժիշկը պահակախմբի ավագին է փոխանցում կալանավորված անձի կամ դատապարտյալի բուժման ընթացքի հետ անմիջական կապ ունեցող բուժական անձնակազմի անձնական կամ այլ անհրաժեշտ տվյալներ:
302. Առողջապահական մարմինների բուժական հիմնարկում բուժում ստացող կալանավորված անձի կամ դատապարտյալի` հանձնուքներ կամ ծանրոցներ ստանալու, ինչպես նաև տեսակցություններ տրամադրելու կամ հեռախոսակապից կամ տեսազանգից օգտվելու հարցը սահմանված կարգով քննարկում և համապատասխան որոշում է կայացնում քրեակատարողական հիմնարկի պետը կամ օրենսդրությամբ նման իրավասություն ունեցող պաշտոնատար այլ անձը: Առողջապահական մարմինների բուժական հիմնարկում հանձնուքները կամ ծանրոցներն ընդունվում են անշփում զննման համակարգերով, ռենտգեն կամ այլ սարքերով, իսկ դրանց բացակայության դեպքում` օրենսդրությամբ սահմանված այլ եղանակներով: Հանձնուքներ կամ ծանրոցներ ընդունելիս արգելված առարկա, իր կամ սննդամթերք անցկացնելու փորձի հիմնավոր կասկածի դեպքում հանձնուքը կամ ծանրոցն ուղարկվում է առողջապահական մարմինների բուժական հիմնարկին առավել մոտ գտնվող քրեակատարողական հիմնարկ` օրենսդրությամբ սահմանված կարգով զննում իրականացնելու նպատակով:
303. Կալանավորված անձի պաշտպանը, քրեական վարույթով պաշտպան չհանդիսացող փաստաբանը կամ դատապարտյալի փաստաբանն ունի խորհրդապահական կարգով անարգել տեսակցելու իրավունք` առանց տեսակցությունների թվի և տևողության սահմանափակման, անկախ աշխատանքային օրերից կամ ժամերից, որը տեղի է ունենում պահակախմբի տեսողական հսկողության ներքո: Տեսակցության եկած պաշտպանը կամ փաստաբանը` պահակախմբի ավագին է ներկայացնում փաստաբանի վկայականը և համապատասխան քրեակատարողական հիմնարկի պետի անունով գրավոր պահանջագիրը, որի հիման վրա էլ պահակախմբի ավագը կազմակերպում է պաշտպանի կամ փաստաբանի և կալանավորված անձի կամ դատապարտյալի տեսակցությունը` համապատասխան նշում կատարելով պահակակետային ամփոփագրում:
304. Հանձնուք կամ ծանրոց բերած կամ տեսակցության եկած անձը պահակախմբի ավագին է ներկայացնում անձնագիրը կամ նույնականացման քարտը, համապատասխան պաշտոնատար անձի կողմից տրված գրավոր թույլտվությունը կամ որոշումը, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկի կողմից սահմանված կարգով, այդ թվում` տեխնիկական միջոցներով զննված և այնտեղից կապարակնքված կամ հատուկ կնքված հանձնուքը կամ ծանրոցը` հանձնուքի կամ ծանրոցի պարունակության վերաբերյալ նշումով:
305. Պահակախմբի ավագը համեմատում է հանձնուքի կամ ծանրոցի պարունակությունը քրեակատարողական հիմնարկի կողմից տրված հանձնուքի կամ ծանրոցի պարունակության ձևաթղթի հետ և ընդունում այն, իսկ քրեակատարողական հիմնարկի կողմից տրված ձևաթուղթը կցում պահակակետային ամփոփագրին:
306. Առողջապահական մարմինների բուժական հիմնարկում բուժում ստացող կալանավորված անձինք կամ դատապարտյալները կարող են ստանալ լրացուցիչ հանձնուքներ և ծանրոցներ` բժշկական ցուցմամբ սահմանված համապատասխան քանակով ու տեսականիով:
307. Բժշկական ցուցմամբ կալանավորված անձանց կամ դատապարտյալների համար նախատեսված դեղերով և բժշկական արտադրատեսակներով հանձնուքներն ու ծանրոցները չեն ընդգրկվում օրենսդրությամբ նախատեսված հանձնուքների ու ծանրոցների քաշի մեջ: Դեղերով և բժշկական արտադրատեսակներով հանձնուքներն ու ծանրոցներն ուղարկվում են բուժող բժշկին համապատասխան կալանավորված անձի կամ դատապարտյալի բուժման նպատակով:
308. Առողջապահական մարմինների բուժական հիմնարկում բուժում ստացող կալանավորված անձի կամ դատապարտյալի հեռախոսակապից կամ տեսազանգից օգտվելն իրականացվում է քրեակատարողական հիմնարկի պետի կողմից սահմանված ժամանակացույցով` պետության միջոցների հաշվին: Այդ նպատակով` յուրաքանչյուր պահակախմբին հատկացվում է պետական հատուկ հեռախոսակապի միջոց: Հեռախոսազրույցը և տեսակցությունը տեղի են ունենում պահակակետում ծառայություն իրականացնող ծառայողի տեսողական հսկողության ներքո` գրանցելով այն պահակակետային ամփոփագրում: Կալանավորված անձանց և դատապարտյալների միջև հեռախոսակապն ու տեսազանգն արգելվում է:
309. Առողջապահական մարմինների բուժական հիմնարկում բուժում ստացող կալանավորված անձը կամ դատապարտյալն ապահովվում է առողջության և ուժերի պահպանման համար բավարար անվճար սննդով: Անվճար սննդից հրաժարվելու դեպքում կալանավորված անձը կամ դատապարտյալը կարող է օգտվել որպես հանձնուք կամ ծանրոց բերված սննդից կամ առողջապահական մարմինների բուժական հիմնարկի կողմից տրամադրվող սննդից, որը համապատասխան կարգով զննվում է պահակախմբի կողմից:
310. Առողջապահական մարմինների բուժական հիմնարկում բուժում ստացող կալանավորված անձին կամ դատապարտյալին խնամելու ցանկություն հայտնած անձին (այսուհետ` խնամակալ)` բուժող բժշկի կողմից տրված տեղեկանքի հիման վրա և քրեակատարողական հիմնարկի պետի որոշմամբ, կարող է թույլատրվել գտնվել նույն հիվանդասենյակում և ծառայողների հսկողության ներքո խնամել հիվանդին:
311. Եթե քննության շահերից ելնելով արգելվել են կալանավորված անձի տեսակցությունները մերձավոր ազգականների և այլ անձանց հետ, ապա առողջապահական մարմինների բուժական հիմնարկում գտնվող հիվանդություն ունեցող կալանավորված անձին խնամելու թույլտվության հարցը համաձայնեցվում է վարույթն իրականացնող մարմնի հետ, և եթե չեն վերացել կալանավորված անձի` մերձավոր ազգականների և այլ անձանց հետ տեսակցությունների արգելքի հիմքերը, ապա այդ մերձավոր ազգականը կամ այլ անձը քրեակատարողական հիմնարկի պետի կողմից չի ճանաչվում խնամակալ:
312. Խնամակալը պահակակետ է ներկայանում անձնագրով կամ նույնականացման քարտով և քրեակատարողական հիմնարկի պետի որոշմամբ:
313. Խնամակալի մուտքը պահակակետ իրականացվում է օրենսդրության համաձայն` պարտադիր կարգով զննության կամ, եթե կան բավարար հիմքեր` նաև անձնական խուզարկության ենթարկելով վերջինիս` բացառելով արգելված առարկաների, իրերի կամ սննդամթերքի ներթափանցումը: Անձնական խուզարկությունն իրականացվում է նույն սեռի ներկայացուցչի մասնակցությամբ:
314. Պահակակետում խնամակալին ծանոթացվում է օրենսդրությամբ նախատեսված արգելող նորմերի մասին և նախազգուշացվում, որ սույն կանոնակարգի կամ օրենսդրության պահանջների խախտման դեպքում խնամակալության որոշումը կարող է վերացվել, իսկ խնամակալության իրականացումը` վաղաժամկետ դադարեցվել:
315. Խնամակալի մոտից արգելված առարկաներ, իրեր կամ սննդամթերք հայտնաբերելու դեպքում կազմվում է արձանագրություն, դրանք համապատասխան կարգով վերցվում են, հետագայում` վերջինիս կամ նրա կողմից մատնանշված անձին փոխանցելու համար, իսկ եթե դրանք ունեցել են կալանավորված անձին կամ դատապարտյալին փոխանցելու նպատակ և իրենց մեջ կարող են պարունակել զանցանքի կամ հանցանքի տարրեր, ապա դրանց ընթացքը որոշվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:
316. Խնամակալը և նրա իրերն ու առարկաները ենթակա են խուզարկության` օրենսդրությամբ սահմանված կարգով:
317. Առողջապահական մարմինների բուժական հիմնարկում բուժում ստացող կալանավորված անձի կամ դատապարտյալի, բժշկի, պաշտպանի պահակակետի ծառայողների, խնամակալի, տեսակցող կամ հանձնուք կամ ծանրոց բերած անձի կամ այլ անձանց միջև ծագող իրավահարաբերությունների կանոնակարգումն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:
24. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿԱՄ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՆՔՆԱՎՆԱՍՄԱՆ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
318. Կալանավորված անձանց կամ դատապարտյալների ինքնասպանության և ինքնավնասման ռիսկի գնահատման արդյունքում կալանավորված անձանց կամ դատապարտյալների նկատմամբ սահմանվում են վարվեցողության հատուկ կանոններ, որոնք նպատակ են հետապնդում նվազեցնել ինքնասպանության և ինքնավնասման ռիսկերը:
319. Ինքնասպանության և ինքնավնասման ռիսկի գնահատումն իրականացվում է պատասխանատու հերթապահի (անհնարինության դեպքում` իր կողմից նշանակված անձի) կողմից կալանավորված անձի կամ դատապարտյալի` քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում:
320. Ինքնասպանության և ինքնավնասման միջին և միջինից բարձր ռիսկ բացահայտելու դեպքում անմիջապես ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ կանխարգելիչ միջոցները կալանավորված անձի կամ դատապարտյալի ապահովությունն ու անվտանգությունը երաշխավորելու ուղղությամբ:
321. Ինքնասպանության և ինքնավնասման ռիսկի գնահատման արդյունքում կալանավորված անձի կամ դատապարտյալի մոտ միջին և միջինից բարձր մակարդակի ռիսկ բացահայտվելու դեպքում 48 ժամվա ընթացքում հոգեբանի (նրա բացակայության դեպքում` սոցիալական աշխատողի) կողմից իրականացվում է ինքնասպանության և ինքնավնասման ռիսկի խորքային գնահատում:
322. Ինքնասպանության և ինքնավնասման ռիսկի խորքային գնահատում իրականացվում է նաև այն դեպքում, երբ առկա է կալանավորված անձի կամ դատապարտյալի վարքագծի վերաբերյալ անհանգստություն, կամ նրա կյանքում տեղի է ունեցել որևէ նշանակալի իրադարձություն, կամ նրա մոտ քրեակատարողական ծառայողի կողմից նկատվել է ինքնասպանության կամ ինքնավնասման հակում, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով:
323. Ինքնասպանության և ինքնավնասման միջին և միջինից բարձր ռիսկի բացահայտման դեպքում կալանավորված անձի կամ դատապարտյալի համար կազմվում է ռիսկերի կառավարման պլան:
324. Ինքնասպանության և ինքնավնասման միջին և միջինից բարձր ռիսկի բացահայտելու դեպքում կալանավորված անձի կամ դատապարտյալի համար ձևավորվում է բազմամասնագիտական խումբ` ըստ ռիսկերի կառավարման պլանում նախատեսված ոլորտների` անհրաժեշտության դեպքում ներգրավելով բժիշկ, հոգեբույժ կամ այլ մասնագետ, որի ձևավորումն ու գործունեությունը սահմանված են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով:
325. Բազմամասնագիտական թիմի հանդիպումների հաճախականությունը որոշվում է ըստ տվյալ կալանավորված անձի կամ դատապարտյալի ինքնասպանության և ինքնավնասման ռիսկի կառավարման անհրաժեշտության, բայց ոչ ուշ, քան ամիսը մեկ անգամ: Բազմամասնագիտական թիմի յուրաքանչյուր անդամի կարծիքը կամ պլանավորվող միջոցառումներն արձանագրվում են:
326. Ինքնասպանության և ինքնավնասման միջին և միջինից բարձր ռիսկ բացահայտելու դեպքում կալանավորված անձանց կամ դատապարտյալներին` քրեակատարողական հիմնարկի պետի պատճառաբանված որոշմամբ կարող է արգելվել իր մոտ ունենալ այնպիսի իրեր և առարկաներ, որոնք արգելված չեն քրեակատարողական հիմնարկում, սակայն որոնցով անձը կարող է կատարել ինքնասպանություն և ինքնավնասում: Լրացուցիչ արգելված իրերի և առարկաների ցանկը կցվում է կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական գործին, իսկ պատճենը` ռիսկի կառավարման պլանին:
25. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԻՐԱՎԱԿԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ
327. Կալանավորված անձը կամ դատապարտյալն իրավունք ունի անձամբ կամ իր ներկայացուցչի միջոցով մասնակցելու քաղաքացիաիրավական գործարքների, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
328. Կալանավորված անձը կամ դատապարտյալը գործարքը կնքելու համար գրավոր դիմում է ներկայացնում քրեակատարողական հիմնարկի վարչակազմին:
329. Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը կալանավորված անձի կողմից քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելու ցանկության մասին հայտնում է քրեական վարույթն իրականացնող մարմնին: Քրեական վարույթն իրականացնող մարմինը, քննության շահերից ելնելով, կալանավորված անձանց կարող է արգելել քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելը` օրենսդրությամբ սահմանված դեպքում և կարգով:
330. Եթե կալանավորված անձը կամ դատապարտյալը ցանկություն է հայտնել քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցել իր ներկայացուցչի միջոցով, ապա օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է համապատասխան լիազորագիր տալ իր ներկայացուցչին, որը հաստատվում է քրեակատարողական հիմնարկի պետի կողմից` ստորագրությամբ և զինանշանի պատկերմամբ կնիքով:
331. Եթե անձը ցանկություն է հայտնել անձամբ մասնակցել քաղաքացիաիրավական գործարքներին, ապա քրեակատարողական հիմնարկի վարչակազմը հնարավորություն է ընձեռում քրեակատարողական հիմնարկում գործարքի մեջ մատնանշված կողմերի ներկայությունն ապահովելու համար:
332. Քաղաքացիաիրավական գործարքի կնքման համար քրեակատարողական հիմնարկում կարող է տրամադրվել տեսակցությունների համար նախատեսված սենյակը:
333. Եթե գործարքի կնքման համար նոտարական ձևակերպումը պարտադիր է, ապա քրեակատարողական հիմնարկի վարչակազմն ապահովում է նաև նոտարի մասնակցությունը:
334. Քաղաքացիաիրավական գործարքին մասնակցելու և դրա կնքման հետ կապված ծախսերն իրականացվում են կալանավորված անձի կամ դատապարտյալի կամ նրանց կողմից մատնանշված անձի կողմից, և դրա համար քրեակատարողական հիմնարկի վարչակազմը պատասխանատվություն չի կրում:
26. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻ ԿԱՄ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՑԱԴՈՒԼԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՊԱՀՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
335. Հացադուլ իրականացնող կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից հացադուլ իրականացնելու մասին հայտարարությունը կամ այդ մասին հայտնի դարձած տվյալները քրեակատարողական հիմնարկի վարչակազմը գրանցում է համապատասխան մատյանում (ձև N 15)` նշելով կալանավորված անձի կամ դատապարտյալի տվյալները, առողջական վիճակի վերաբերյալ տվյալներ, հացադուլ հայտարարելու պատճառները, հացադուլի իրականացման սկսելու և ավարտելու օրերը:
336. Հացադուլ իրականացնող կալանավորված անձից կամ դատապարտյալից ճշգրտվում է նրա պաշտպանին կամ փաստաբանին, մերձավոր ազգականին կամ այլ անձանց` հացադուլ իրականացնելու մասին հայտնելու ցանկության մասին: Եթե կալանավորված անձը կամ դատապարտյալը հայտնում է նման համաձայնություն, ապա նրա կողմից մատնանշված անձին այդ տեղեկատվությունը հայտնվում է անհապաղ, բայց ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում: Հացադուլ իրականացնող անչափահաս կալանավորված անձի կամ դատապարտյալի դեպքում նրա համաձայնությունը չի պահանջվում, և նրա օրինական ներկայացուցիչները պարտադիր տեղեկացվում են հացադուլ իրականացնելու մասին:
337. Հացադուլ իրականացնելու փաստը քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից արձանագրվելուց հետո քրեակատարողական հիմնարկի պետը մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր հաղորդում է ներկայացնում քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմին և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության համապատասխան ստորաբաժանում, իսկ կալանավորված անձի դեպքում` նաև քրեական վարույթն իրականացնող մարմին` նշելով հացադուլ իրականացնող անձի անունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը, ամիսը, օրը, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի այն հոդվածը, որով նախատեսված հանցանքի կատարման համար նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը կամ նշանակվել է պատիժ, կալանքի կամ պատժի սկիզբը, հացադուլի պատճառը, հացադուլ իրականացնելու վերաբերյալ հայտարարությունը (դրա առկայության դեպքում), այն սկսելու տարեթիվը, ամիսը, օրը և ժամը:
338. Հացադուլ իրականացնող կալանավորված անձի կամ դատապարտյալի համաձայնության առկայության դեպքում նա պարբերաբար ենթարկվում է անհրաժեշտ բժշկական զննության և քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից հացադուլ իրականացնելու փաստի արձանագրման պահից 24 ժամվա ընթացքում քրեակատարողական հիմնարկի պետի որոշմամբ տեղափոխվում է այդ նպատակով հատուկ առանձնացված խուց` հնարավորինս հաշվի առնելով քրեակատարողական հիմնարկի շենքային պայմանները` բացառությամբ ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժ կրող դատապարտյալների: Հատուկ առանձնացված խցի պայմանները չպետք է ավելի վատ լինեն, քան սույն կանոնակարգով սահմանված նվազագույն չափանիշները և մինչ հացադուլ հայտարարելը կալանավորված անձի կամ դատապարտյալի եղած պայմանները:
339. Հացադուլ իրականացնելու ժամանակահատվածում հացադուլ իրականացնող կալանավորված անձը կամ դատապարտյալը գտնվում է մշտական բժշկական հսկողության ներքո: Բժիշկը հացադուլ իրականացնող կալանավորված անձին կամ դատապարտյալին մայրենի կամ հասկանալի այլ լեզվով ներկայացնում է սննդամթերքից կամ ջրից հրաժարվելու հետևանքով առողջական վիճակի հետագա վատթարացման ռիսկերը և այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն հացադուլ իրականացնող կալանավորված անձի կամ դատապարտյալի առողջական վիճակի չվատթարացման նպատակով:
340. Մինչև հացադուլի դադարեցումը բժիշկը յուրաքանչյուր օր պարզում է հացադուլ իրականացնող կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից սննդամթերքի կամ ջրի ընդունումից հրաժարվելու հետևանքով գիտակցության մթագնման կամ կորստի, ինչպես նաև կոմայի մեջ ընկնելու դեպքում բժշկական օգնություն և սպասարկում (այդ թվում` արհեստական սնուցման ձևով) տրամադրելու վերաբերյալ համաձայնության առկայության կամ բացակայության հանգամանքը և դրա մասին կատարում գրառում նրա բժշկական քարտում:
341. Հացադուլ իրականացնող կալանավորված անձի կամ դատապարտյալի գիտակցության մթագնման կամ կորստի, ինչպես նաև կոմայի մեջ ընկնելու դեպքում վերջինիս` առանց իր համաձայնության, տրամադրվում է անհրաժեշտ բժշկական օգնություն և սպասարկում (այդ թվում` արհեստական սնուցման ձևով) միայն կյանքին սպառնացող վտանգի, ինչպես նաև շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների դեպքերում` օրենսդրությամբ սահմանված կարգով` բժշկի պատճառաբանված գրավոր եզրակացության հիման վրա: Սույն կետով նախատեսված անհրաժեշտ բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու հիմքերի և դրա համար կալանավորված անձի կամ դատապարտյալի համաձայնությունը հաշվի չառնելու մասին կալանավորված անձը կամ դատապարտյալը գրավոր իրազեկվում են հացադուլ իրականացնելու փաստը հայտնաբերելու պահին:
342. Հացադուլ իրականացնելու ընթացքում հացադուլ իրականացնող կալանավորված անձին կամ դատապարտյալին օրվա կարգացուցակով նախատեսված ժամերին առաջարկվում է օրվա համապատասխան սննդաբաժինը:
343. Հացադուլը դադարեցնելու վերաբերյալ հացադուլ իրականացնող կալանավորված անձի կամ դատապարտյալի հայտարարությունից կամ անհրաժեշտ սննդամթերքը կամ ջուրն ընդունելուց հետո քրեակատարողական հիմնարկի պետը դրա մասին մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր հաղորդում է ներկայացնում սույն կանոնակարգի 339-րդ կետում նշված պետական մարմիններին և պաշտոնատար անձանց:
344. Հացադուլ իրականացնող կալանավորված անձի կամ դատապարտյալի փոխադրումն այլ քրեակատարողական հիմնարկ, ապացուցողական գործողությունների կատարման վայր կամ դատարան իրականացվում է ընդհանուր հիմունքներով, անհրաժեշտության դեպքում` բուժաշխատողի ուղեկցությամբ:
345. Հացադուլ իրականացնող կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից հացադուլի իրականացման ընթացքում որևէ սնունդ ընդունելու` այդ թվում արհեստական սնուցման եղանակով կամ պահման վայրում սննդամթերք հայտնաբերելու դեպքում քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից կազմվում է արձանագրություն և զեկուցագրով ներկայացվում քրեակատարողական հիմնարկի պետին:
346. Սույն կանոնակարգի 347-րդ կետում նշված պայմանների առկայության դեպքում քրեակատարողական հիմնարկի պետի հանձնարարությամբ կատարված ուսումնասիրությունների արդյունքներով հացադուլը կարող է համարվել դադարեցված:
27. ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՆԵՐՔԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ
347. Քրեակատարողական հիմնարկներում արտակարգ իրավիճակ հայտարարվում և դադարեցվում է օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով:
348. Քրեակատարողական հիմնարկներում արտակարգ իրավիճակ հայտարարվելու բոլոր դեպքերում և ցանկացած իրավիճակներում քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հիմնական խնդիրները կալանավորված անձանց ու դատապարտյալների կյանքի և առողջության պաշտպանությունը, փախուստի և խմբակային անկարգությունների կանխումն են:
349. Քրեակատարողական հիմնարկում արտակարգ իրավիճակ հայտարարվելու դեպքում դրա մասին անհապաղ հաղորդվում է կալանավորված անձանց կամ դատապարտյալներին` ներքին ռադիոցանցի կամ բարձրախոսի միջոցով:
350. Անհրաժեշտության դեպքում կարող է հաղորդվել նաև քրեակատարողական հիմնարկում արտակարգ իրավիճակներում գործելու համար սահմանված կարգով հաստատված պլանով նախատեսված առանձին գործողությունների մասին:
351. Քրեակատարողական հիմնարկում արտակարգ իրավիճակում գործելու համար սահմանված կարգով հաստատված պլանով նախատեսված կալանավորված անձանց կամ դատապարտյալների իրավունքների սահմանափակման վերաբերյալ նրանց հաղորդվում է պարտադիր կերպով:
352. Քրեակատարողական հիմնարկում արտակարգ իրավիճակ հայտարարվելու դեպքում կարող են սահմանափակվել կալանավորված անձանց կամ դատապարտյալների հետևյալ իրավունքները`
1) կրոնական ծեսերին մասնակցելու.
2) քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելու.
3) կրթություն ստանալու.
4) աշխատանքով զբաղվելու.
5) սննդամթերք կամ առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու.
6) լրացուցիչ վճարովի ծառայություններից օգտվելու.
7) դրամական փոխանցումներ, ծանրոցներ և հանձնուքներ ուղարկելու և ստանալու.
8) նամակագրության.
9) զբոսանքի.
10) տեսակցություններ ունենալու.
11) հեռախոսակապից և տեսազանգից օգտվելու.
12) մեկնումների.
13) առանց պահակախմբի կամ ուղեկցորդման քրեակատարողական հիմնարկի սահմաններից դուրս տեղաշարժվելու:
353. Քրեակատարողական հիմնարկում արտակարգ իրավիճակ հայտարարվելու դեպքում դադարեցվում է կալանավորված անձանց կամ դատապարտյալների տեղաշարժը, նրանք մնում են այնտեղ, որտեղ գտնվել են արտակարգ իրավիճակ հայտարարվելու պահին` մինչև վարչակազմի ներկայացուցչի նոր հրահանգը:
354. Քրեակատարողական հիմնարկի գույքը փրկելու անհրաժեշտության դեպքում փրկարարական աշխատանքներում կարող են համապատասխան հսկողությամբ ընդգրկվել տնտեսական սպասարկման աշխատանքներ կատարող դատապարտյալները:
28. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿԱԼԱՆՔԻՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
355. Օրենսդրությամբ սահմանված կարգով կալանավորված անձին կալանքից ազատելը կատարվում է քրեակատարողական հիմնարկի պետի կողմից` օրենսդրությամբ սահմանված կարգով` օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում:
356. Դատապարտյալը պատժից ազատվում է քրեակատարողական հիմնարկի պետի որոշմամբ` օրենսդրությամբ սահմանված կարգով` օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում:
357. Կալանքից կամ պատժից ազատված անձանց հանձնվում են անձնական փաստաթղթերը, իրերը, առարկաները, անձնական հաշվում առկա դրամը, ինչպես նաև նրանց անազատության մեջ պահելու ժամկետի և ազատման հիմքերի մասին տեղեկանք` համաձայն օրինակելի ձևի (ձև N 16)` կատարելով գրանցում համապատասխան մատյանում:
Ձև N 1
ՏԵՂԵԿԱՆՔ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԾԱՆՈՒՑՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ինձ`__________________________________________________________ -իս,
(կալանավորված անձի կամ դատապարտյալի անուն, ազգանուն)
տեղեկացվել է իմ իրավունքների և պարտականությունների, ներքին կանոնակարգի, կալանքը կամ պատիժը կրելու կարգի և պայմանների, ինչպես նաև կալանքը կամ պատիժը կրելու սահմանված կարգի խախտման համար նախատեսված պատասխանատվության, իմ նկատմամբ հսկողություն իրականացնելու համար առկա տեխնիկական միջոցների, համապատասխան դեպքերում ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն գործադրելու կարգի, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների դեպքում` փախստականի կարգավիճակ ձեռք բերելու և ապաստան հայցելու իրավունքի մասին, որի փաստը հաստատում եմ ստորագրությամբ:
_____________________ _________________
(անուն, ազգանուն) (ստորագրություն)
____ _____________20 թ.
Ձև N 2
ՕՐՎԱ ԿԱՐԳԱՑՈՒՑԱԿ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ
(օրինակելի տարբերակ)
1. Վերկաց` ոչ ուշ առավոտյան ժամը` 7.00-8.00
2. Մարմնամարզություն` տևողությունը` 15 րոպե
3. Հարդարում` տևողությունը` 10 րոպե
4. Առավոտյան ստուգում, առավոտյան և երեկոյան հաշվառում` տևողությունը` մեկ ժամ
5. Նախաճաշ` տևողությունը` մեկ ժամ` ժամը` 8.00-9.00
6. Աշխատանքի բաշխում` առկայության դեպքում` տևողությունը` 40 րոպե
7. Աշխատանքային ժամ` տևողությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի
8. Ճաշ` տևողությունը` մեկ ժամ` ժամը` 14.00-15.00
9. Երեկոյան հարդարանք` տևողությունը` 25 րոպե
10. Ընթրիք` տևողությունը` մեկ ժամ` ժամը` 18.00-20.00
11. Հանգստի ժամ` տևողությունը` մեկ ժամ
12. Քնելու նախապատրաստություն` տևողությունը` 10 րոպե
13. Քուն անընդմեջ` տևողությունը` 8 ժամ
14. Ուսուցման ծրագրեր` իրականացվում են առանձին ժամանակացույցով
Ձև N 3
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԾԱՆՈՒՑՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ինձ` ________________________________________ -իս, տեղեկացվել է «»
(դատապարտյալի անուն, ազգանուն)
քրեակատարողական հիմնարկի _________անվտանգային գոտու պատժի կրման_______ պայմանների համար սահմանված սահմանների վերաբերյալ:
________________________
(ստորագրություն)
____ ______________ 20 թ.
Ձև N 4
ՄԱՏՅԱՆ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԶԲՈՍԱՆՔԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
Սկսված է ____ ______________ 20 թ.
Ավարտված է ____ ______________ 20 թ.
._____________________________________________________________________.
|NN |Կալանավորված անձի |Զբոսանքի|Զբոսանքից|Զբոսանքից|Զբոսանքից|Նշում- |
|ը/կ|կամ դատապարտյալի |դուրս- |հրաժար- |հրաժարվող|հրաժար- |ներ |
| |անունը, ազգանունը,|բերման |վելու օրը|անձի |վելու | |
| |խցի կամ կացարանի |օրը | |ստորագ- |դիմումը | |
| |համարը | | |րությունը|ստացողի | |
| | | | | |ստորագրու| |
| | | | | |թյունը | |
|___|__________________|________|_________|_________|_________|_______|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|___|__________________|________|_________|_________|_________|_______|
|___|__________________|________|_________|_________|_________|_______|
._____________________________________________________________________.
--------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում