ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 ապրիլի 2023 թվականի N 541-Ն
ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ՑԱՆՑԵՐԻ ՋԵՐՄԱՈՒԺԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(3-րդ մաս)
ԳԼՈՒԽ 12
ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ` ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՈՒՄ ԵՎ ՏԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
165. Բոլոր ստորգետնյա կառույցներում, մուտք գործել թույլ տալուց անմիջապես առաջ, պետք է ստուգվեն ամենահավանական վնասակար նյութերի պարունակությունն աշխատանքային գոտու օդում: Ստորգետնյա գազամուղին անմիջապես մոտ գտնվող (նրա երկու կողմերում մինչև 15 մ հեռավորության վրա) ստորգետնյա կառույցների ստուգման ժամկետները, սպասարկման և դրանց մեջ մարդիկ իջեցնելու կարգը պետք է որոշվեն կազմակերպության գլխավոր ճարտարագետի հաստատած հրահանգով: Գազամուղին զուգընթաց որևէ կառույցում գազի հայտնաբերման դեպքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել դրանց օդափոխության համար: Ընդ որում, պետք է լրացուցիչ ստուգվի գազամուղից 50 մ շառավղով տարածքում այլ ստորգետնյա կառույցներում գազի առկայությունը:
166. Ստորգետնյա կառույցներում ավելի հաճախ հանդիպող պայթյունավտանգ և վնասակար գազերը և բնութագրերը և դրանցից պաշտպանության միջոցներն են`
1) մեթանը` CH4 (ճահճային գազ)` անգույն այրվող գազ է, առանց հոտի, օդից թեթև: Ստորգետնյա շինություններն է թափանցում հողից: Առաջանում է առանց օդի մուտք գործելու` բուսական մնացորդների դանդաղ քայքայման ժամանակ, ջրի տակ բջջանյութի փտումից (ճահիճներում, կանգնած ջրերում, լճակներում), կամ էլ քարածխի հանքակուտակումներում` բուսական մնացորդների քայքայման ժամանակ: Մեթանը հանդիսանում է արդյունաբերական գազի բաղադրամասերից մեկը և անսարք գազատարներից կարող է թափանցել ստորգետնյա շինությունները: Թունավոր չէ, սակայն դրա ներկայությունը նվազեցնում է ստորգետնյա շինությունների օդի մեջ թթվածնի պարունակությունը, որն էլ առաջ է բերում շինություններում աշխատելիս բնականոն շնչառության խախտումներ: Օդում` ըստ ծավալի 5-ից մինչև 15% մեթանի կուտակումները, առաջ են բերում պայթյունավտանգ խառնուրդներ: Պաշտպանության միջոցներն են` կՄ-1, կՄ-2 ճկափողային հակագազերը, հկԼ-20, կԺձ-3 փրկադիմակները և այլն.
2) պրոպանը (C3H8) «բութանը (C4H10), պրոպիլենը (C3H6) և բութիլենը (C4 H8)` անգույն, այրվող գազեր են, օդից ծանր, առանց հոտի, օդի հետ դժվար են խառնվում: Նվազ քանակությամբ պրոպանի և բութանի ներշնչումը թունավորում չի առաջացնում, պրոպիլենը և բութիլենը թմրեցնող ազդեցություն են թողնում: Հեղուկացված գազերն օդի հետ կարող են առաջացնել պայթյունավտանգ խառնուրդներ, ըստ ծավալի, դրանց հետևյալ %-ային պարունակության դեպքում` պրոպան` 2,1- 9,5, բութան` 1,6-8,5, պրոպիլեն` 2,2-9,7, բութիլեն` 1,7-9,0: Պաշտպանության միջոցներն են` կՄ-1, կՄ-2 ճկափողային հակագազերը, հկԼ-20, կԺձ-3 փրկադիմակները և այլն.
3) ածխածնի օքսիդը (CO)` անգույն, առանց հոտի գազ է, այրվում է և պայթյունավտանգ է, օդից մի փոքր թեթև է: Ածխածնի օքսիդը չափազանց թունավոր է: Նրա ֆիզիոլոգիական ազդեցությունը մարդու վրա կախված է օդում նրա խտությունից և շնչելու երկարատևությունից: Ներշնչվող օդի մեջ ածխածնի օքսիդի` թույլատրելի սահմանից բարձր խտության առկայությունը կարող է թունավորում առաջացնել և անգամ լինել մահաբեր: Օդում` ըստ ծավալի 12,5-75% ածխածնի օքսիդի կուտակումներն առաջացնում են պայթյունավտանգ խառնուրդներ: Պաշտպանության միջոցներն են` CO տեսակի զտող հակագազը, հկԼ-20 և կԺձ-3 տեսակի փրկադիմակները և այլն.
4) ածխաթթու գազը CO2 (ածխածնի երկօքսիդ)` անգույն, անհոտ գազ է, թթու համով, օդից ծանր է: Ստորգետնյա շինություններն է թափանցում հողից: Առաջանում է օրգանական նյութերի քայքայումից: Առաջանում է նաև ամբարներում (բաքերում, զետեղարաններում և այլն) ածխի կամ սուլֆածխի առկայության դեպքում` դրանց դանդաղ օքսիդացման հետևանքով: Թափանցելով ստորգետնյա շինությունները, ածխաթթու գազն արտամղում է օդը` հատակից լցվելով ստորգետնյա շինության տարածություն: Ածխաթթու գազը թունավոր չէ, բայց թմրեցնող ներգործություն ունի և կարող է գրգռել լորձաթաղանթները: Բարձր խտությունների դեպքում առաջացնում է շնչահեղձություն` օդում թթվածնի պարունակության նվազման հետևանքով: Պաշտպանության միջոցներն են` կՄ-1, կՄ-2 տեսակի ճկափողային հակագազերը, փրկադիմակները` հկԼ-20, կԺձ-3 տեսակի և այլն.
5) ծծմբաջրածինը (H2S)` անգույն, այրվող գազ է, նեխած ձվի հոտ ունի, օդից փոքր ինչ ծանր է: Թունավոր է, ազդում է նյարդային համակարգի վրա, գրգռում է շնչառական ուղիները և աչքերը: Օդում` ըստ ծավալի 4,3-45,5% ծծմբաջրածնի կուտակումները պայթյունավտանգ խառնուրդներ են առաջացնում: Պաշտպանության միջոցներն են` Թ, ԽԺ տեսակի զտող հակագազերը, հկԼ-20, կԺձ-3 տեսակի փրկադիմակները և այլն.
6) ամոնիակը (NH3)` անգույն, այրվող գազ է, բնորոշ սուր հոտով, օդից թեթև, թունավոր է, գրգռում է աչքերը և շնչառական ուղիները, առաջացնում է շնչահեղձություն: Օդում` ըստ ծավալի 15-20% ամոնիակի կուտակումները պայթյունավտանգ խառնուրդներ են առաջացնում: Պաշտպանության միջոցներն են` ԽԺ տեսակի զտող հակագազը, հկԼ-20, կԺձ-3 տեսակի փրկադիմակները և այլն.
7) ջրածին (H2)` անգույն, այրվող գազ է, առանց հոտի և համի, օդից բավականին թեթև: Ջրածինը ֆիզիոլոգիապես չեզոք գազ է, բայց բարձր խտությունների դեպքում առաջացնում է շնչահեղձություն` թթվածնի պարունակության նվազման հետևանքով: Թթու պարունակող ազդանյութերը, շփվելով տարողությունների մետաղյա պատերի հետ, որոնք պատված չեն հակակոռոզիոն (հակաժանգոտող) ծածկույթով, առաջացնում են ջրածին: Օդում` ըստ ծավալի 4-75% ջրածնի կուտակումներն առաջացնում են պայթյունավտանգ խառնուրդներ.
8) թթվածինը (O2)` անգույն գազ է, առանց հոտի և համի, օդից ծանր է: Թունավոր հատկություններ չունի, բայց երկար ժամանակ մաքուր թթվածին շնչելը (մթնոլորտային ճնշման դեպքում) մահվան պատճառ է հանդիսանում` թոքաթաղանթի այտուցի առաջացման հետևանքով: Թթվածինը այրվող գազ չէ, սակայն հանդիսանում է նյութերի այրմանը նպաստող հիմնական գազը: Բարձր ակտիվություն ունի, միանում է տարրերի մեծ մասի հետ: Այրվող գազերի հետ թթվածինն առաջացնում է պայթյունավտանգ խառնուրդ:
167. Յուրաքանչյուր կազմակերպությունում ղեկավարի կողմից պետք է կազմվի և հաստատվի գազավտանգ ստորգետնյա կառույցների ցանկը, որը հայտնվում է ի գիտություն արտադրամասի (տեղամասի) աշխատողներին: Ցանկը պետք է կախվի արտադրամասում` լավ տեսանելի տեղում: Տեխնոլոգիական սխեմաների և երթուղիների քարտերի վրա պետք է նշվեն բոլոր գազավտանգ ստորգետնյա կառույցները: Գազավտանգ ստորգետնյա կառույցների ելանցքները պետք է ունենան հատուկ գույն (խորհուրդ է տրվում ելանցքի երկրորդ կափարիչը ներկել դեղին գույնով):
168. Ստորգետնյա կառույցի կամ պահոցի օդում ամենահավանական վնասակար նյութերի առկայությունն անհրաժեշտ է որոշել գազավերլուծիչով: Օդի նմուշներն անհրաժեշտ է վերցնել ստորգետնյա կառույցի կամ պահոցի ելանցքի մեջ իջեցվող ճկափողով: Տնտկղանքի կոյուղու հորում վնասակար նյութերի առկայությունն ստուգելուց առաջ անհրաժեշտ է, կանգնելով քամոտ կողմը, երկար ձողով կատարել դրա հատակի նստվածքի փխրունացում:
169. Օդի նմուշները պետք է վերցնել ստորգետնյա կառույցի կամ պահոցի վերին և ստորին գոտիների ամենավատ օդափոխվող տեղերից: Վերին գոտուց նմուշ վերցնելու դեպքում ճկափողի ծայրը պետք է ներս իջեցվի 20-ից մինչև 30 սմ: Այդ դեպքում կարող է հայտնաբերվել օդի խտությունից ավելի փոքր խտություն ունեցող վնասակար նյութեր: Օդից ծանր վնասակար նյութեր հայտնաբերելու համար նմուշը պետք է վերցվի ստորին գոտուց, ընդ որում, ճկափողի ծայրը պետք է իջեցվի մինչև հատակից (հողից) ոչ ավել, քան 1 մ հեռավորության վրա:
170. Արգելվում է իջնել ստորգետնյա կառույց կամ պահոց` օդի նմուշ վերցնելու համար:
171. Մինչև իջնելը և աշխատանքների ժամանակ ստորգետնյա կառույցում կամ պահոցում պետք է ապահովվի բնական և ստիպողական օդափոխությունը: Խցերի և անցուղիների բնական օդափոխությունը պետք է առաջացվի բացելով ոչ պակաս երկու ելանցք և դրանց մոտ տեղադրելով հատուկ հովարներ, որոնք օդի հոսքն ուղղում են ելանցքների մեջ: Մինչև ստորգետնյա կառույց մարդկանց իջնելը, կամ պահոց մտնելը, բնական օդափոխության տևողությունը պետք է լինի առնվազն 20 րոպե: Ստիպողական օդափոխությունը կատարվում է կառույցի կամ պահոցի օդում վնասակար նյութերի առկայության, կամ օդի 32 oC-ից բարձր ջերմաստիճանի դեպքում: Ստիպողական օդափոխությունը կարող է ապահովվել շարժական օդամղիչով կամ ճնշակով` ստորգետնյա կառույցի կամ պահոցի օդը 10-15 րոպեում ամբողջությամբ փոխելով: Ստորգետնյա կառույց օդամղիչի իջեցված ճկափողը պետք է գտնվի հատակից 20-25 սմ բարձր: Եթե բնական և ստիպողական օդափոխությունը չեն ապահովում վնասակար նյութերի հեռացումը, ապա ստորգետնյա կառույց կամ պահոց թույլատրվում է իջնել միայն` օգտագործելով շնչառական օրգանները մեկուսացնող միջոցներ (փրկադիմակներ` կԺձ-3, հկԼ-20 և այլն, ճկափողային հակագազ): Ճկափողային հակագազի օգտագործումը թույլատրվում է օդի նմուշառման տեղում վնասակար և վտանգավոր գազերի բացակայության պայմանի դեպքում:
172. Ստորգետնյա կառույցի կամ պահոցի օդափոխությունը թթվածնով արգելվում է:
173. Ճանապարհի երթևեկելի մասում գտնվող ստորգետնյա կառույցների բաց ելանցքների երկու կողմերում, դրանցից 10-ից մինչև 15 մ հեռու, փոխադրամիջոցների շարժման ուղղությամբ, պետք է տեղադրվեն նախազգուշացնող ճանապարհային նշաններ: Բնակավայրերից դուրս, աշխատանքների կատարման տեղից` փոխադրամիջոցի շարժման կողմից առնվազն 50 մ հեռավորության վրա, դրվում է լրացուցիչ նախազգուշացնող ճանապարհային նշան: Օրվա մութ ժամերին և վատ տեսանելիության պայմաններում, նախազգուշացնող ճանապարհային նշանները, ինչպես նաև աշխատանքների կատարման տեղի շրջափակումը, պետք է լուսավորված լինեն 42 Վ-ից ոչ բարձր լարման լամպերով: Ձմռանն աշխատանքի տեղերի շրջափակված գոտիները և անցումները` դեպի ելանցքները, պետք է մաքրվեն ձյունից և նրանց վրա ցանվի ավազ:
174. Աշխատողներին պահոցներում և ստորգետնյա կառույցներում աշխատել թույլ տալուց առաջ, խողովակաշարերը, որոնցից հնարավոր է գազերի, թթուների և այլ ագրեսիվ նյութերի արտահոսք, պետք է լինեն անջատված, դրանց կցաշուրթային միացումների վրա տեղադրված լինեն խցափակիչներ, փակված փակիչ արմատուրների վրա կախված լինեն նախազգուշացնող պլակատներ կամ անվտանգության նշաններ` «Չբացե՛լ, մարդիկ են աշխատում»: Պահոցի և ստորգետնյա կառույցի անջատումը խողովակաշարից, որից հնարավոր է ջրի և շոգու արտահոսք, պետք է կատարվի սույն Կանոնների կետ 207-ի պահանջներին համապատասխան:
175. Ստորգետնյա կառույցի կամ պահոցի ելանցքը բացելու ժամանակ պետք է կանգնել քամոտ կողմում (մեջքով դեպի քամին):
176. Ստորգետնյա կառույցում կամ պահոցում գտնվելու ժամանակը, ինչպես նաև դրանցից դուրս գալով հանգստանալու տևողությունը, որոշում է աշխատանքների ղեկավարը, կախված աշխատանքի պայմաններից և բնույթից` նշելով կարգագրի «Հատուկ պայմաններ» տողում:
177. Աշխատել ստորգետնյա կառույցում կամ պահոցում (բացի վառելիքի և յուղերի պահոցներից), դրանում օդի 32 oC-ից բարձր ջերմաստիճանի դեպքում թույլատրվում է միայն բացառիկ դեպքերում (վթարի դեպքում, երբ այն սպառնում է մարդկանց կյանքին, սարքավորման ավերմանը և այլն), աշխատանքների ղեկավարի թույլտվությամբ և նրա անմիջական ղեկավարությամբ` ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ` կանխելու համար անձնակազմի այրվածքները: Ստորգետնյա կառույցում կամ պահոցում օդի 32 oC-ից բարձր ջերմաստիճանի դեպքում աշխատանքը պետք է կատարվի տաք արտահագուստով: Ստորգետնյա կառույցում կամ պահոցում հեղուկ միջավայրի առկայության դեպքում պետք է օգտվել ռետինե կոշիկներից:
178. Արգելվում է աշխատել ստորգետնյա կառույցում կամ պահոցում, երբ ջրի մակարդակը հատակից բարձր է 200 մմ-ից, ինչպես նաև, երբ ջրի ջերմաստիճանը բարձր է 45 oC-ից: Բանվորների իջնելը շոգիով լցված ստորգետնյա կառույց կամ նկուղային շինություններ, անկախ նրանցում օդի ջերմաստիճանից, չի թույլատրվում:
179. Ստորգետնյա կառույցի կամ պահոցի ներսում աշխատելու, ինչպես նաև դրանց պարբերական զննման համար, պետք է նշանակվի առնվազն երեք մարդուց կազմված հրահանգավորված բրիգադ, որոնցից երկուսը պետք է գտնվեն ելանցքի մոտ և հետևեն աշխատողի վիճակին ու ճկափողային հակագազի օդառիչ կցափողին: Աշխատանքի գոտում կողմնակի անձանց գտնվելն արգելվում է:
180. Հսկողներն իրավունք չունեն հեռանալու ստորգետնյա կառույցի կամ պահոցի ելանցքի մոտից և զբաղվելու այլ աշխատանքներով, քանի դեռ ստորգետնյա կառույցում կամ պահոցում մարդ է գտնվում: Մեծ խորություն և երկարություն ունեցող ստորգետնյա կառույցում աշխատելու ժամանակ, երբ աշխատողին տեսնելով հսկողություն պահպանելն անհնար է, նրա հետ պետք է կազմակերպվի կապ, ընդունված ազդանշանների օգնությամբ (տես` կետ 190) կամ հեռախոսով: Եթե ստորգետնյա կառույցում աշխատողն իրեն վատ զգա, պետք է դադարեցնի աշխատանքը և դուրս գա, ընդ որում, հսկողը պետք է օգնի նրան` ներգրավելով մոտակայքում գտնվող աշխատողներին: Տուժածի մոտ իջնելու անհրաժեշտության դեպքում հսկողներից մեկը պետք է հագնի մեկուսացնող միջոց (փրկադիմակներ` կԺձ-3, հկԼ-20 և այլն, ճկափողային հակագազ) և փրկարար գոտի` փրկարար պարանի ծայրը տալով վերևում մնացող հսկողին:
181. Աշխատանքի սկզբում պետք է ստուգվի հակագազի և ճկափողի վիճակը: Օդի ստիպողական մատուցումով հակագազում պետք է ստուգվի նաև օդափուքի սարքինությունը և շարժաբերի աշխատանքը: Հակագազի և ճկափողի հերմետիկությունն ստուգվում է հակագազը հագած վիճակում` ձեռքով սեղմելով ճկափողը: Եթե այդ վիճակում շնչելն անհնար է, ապա հակագազը սարքին է:
182. Ստորգետնյա կառույց կամ պահոց իջնելուց առաջ հակագազի դիմակի շնչառական կափույրին օդ մատուցող ծալքավոր ճկափողը պետք է ամրացվի գոտկափոկին: Հակագազի օդառիչ կցափողերը պետք է տեղադրվեն վնասակար նյութերի անջատման կամ հնարավոր անջատման տեղի քամոտ կողմում և ամրացվեն այնպես, որպեսզի անհնար լինի հողի մակերևույթից փոշու ներծծումը: Օդամղիչի օգնությամբ օդի ստիպողական մատուցման բացակայության դեպքում ճկափողի երկարությունը պետք է լինի 15 մ-ից ոչ ավել: Ճկափողը պետք է չունենա կտրուկ ծալվածքներ կամ որևէ բանով ճզմվի:
183. Ստորգետնյա կառույցում կամ պահոցում օդի վերլուծությունը պետք է կատարվի` օգտագործելով պայթունաանվտանգ (կայծ չառաջացնող) պաշտպանված տեսակի գազավերլուծիչով, իսկ դրա բացակայության դեպքում` օդի նմուշառման ճանապարհով և դրա վերլուծությամբ` կառույցից կամ պահոցից դուրս:
184. Գազավտանգ ստորգետնյա կառույցում կամ պահոցում աշխատելիս` փրկարար գոտիների և պարանների օգտագործումը պարտադիր է: Փրկարար գոտիները պետք է ունենան ուսափոկեր` մեջքի կողմից դրանց խաչման կետում օղակով` փրկարար պարանն ամրացնելու համար: Գոտին պետք է հարմարեցվի այնպես, որպեսզի օղակը տեղավորվի թիակներից ոչ ցածր: Առանց ուսափոկերի գոտիների օգտագործումն արգելվում է: Փրկարար պարանի մյուս ծայրը պետք է լինի հսկողի ձեռքում:
185. Ստորգետնյա կառույցում կամ պահոցում աշխատողի և հսկողի կապի համար օգտագործվում են հետևյալ ազդանշանները`
1) մեկ ձգումը կառույցում (պահոցում) աշխատողի կողմից նշանակում է` «Քաշի՛ր պարանը և ճկափողը»: Ընդ որում, դրանք պետք է քաշել հսկողի կողմից ազդանշան (մեկ ձգում) տալուց և գազավտանգ կառույցից (պահոցից) մեկ ձգման ձևով պատասխան ստանալուց հետո: Եթե պատասխան չի հետևել, պետք է սկսել հանել ոչ միայն ճկափողը և պարանը, այլ նաև աշխատողին, քանի որ հնարավոր է, որ ձգումը տեղի է ունեցել աշխատողի ընկնելու հետևանքով.
2) երկու ձգումը նշանակում է «Իջեցրու՛ ճկափողը և պարանը»: Այդպիսի ազդանշան տալիս է կառույցում կամ պահոցում աշխատողը, երբ նրան անհրաժեշտ է տեղաշարժվել.
3) երեք ձգումը նշանակում է «Ամեն ինչ կարգի՛ն է».
4) բազմակի ձգումներն փրկարար պարանով, որոնք տալիս է աշխատողը, նշանակում է, որ գազավտանգ կառույցում կամ պահոցում աշխատողը պետք է մոտենա ելանցքին կամ վերև բարձրանա: Պահոցում գտնվող աշխատողի տված այդպիսի ազդանշանը նշանակում է նրան հանելու պահանջ, այդ պատճառով հսկողը պետք է այնպես բռնի պարանը և ճկափողը, որպեսզի չխանգարի նրանց ազատ տեղափոխմանը և թույլ չտա, որ նրանք ընկնեն: Հենց որ աշխատողը դադարի տեղաշարժվել, նա պետք է տա ազդանշան` երեք ձգում, որը նշանակում է «Ամեն ինչ կարգի՛ն է»: Հսկողը պարանի և ճկափողի շարժման դադարից հետո չունենալով ազդանշան, պետք է մեկ ձգումով հարցնի աշխատողին, որից նա պետք է ստանա պատասխան` երեք ձգումով:
186. Հսկողները պետք է տեղավորվեն ելանցքի քամոտ կողմում, պարբերաբար հավաստիանան աշխատողի բնականոն ինքնազգացողության մասին և նրա ազդանշանով իջեցնեն կամ դուրս քաշեն փրկարար պարանն ու ճկափողը:
187. Եթե, անկախ օդափոխությունից, սարքով հաստատվում է վնասակար նյութերի առկայություն, աշխատանքները ստորգետնյա կառույցում պետք է դադարեցվեն այնքան ժամանակ, մինչև վերացվի վնասակար նյութերի մուտքը և կրկնական ստուգումը հաստատի նրանց բացակայությունը: Եթե անհնար է ուժեղացված օդափոխությունով վերացնել վնասակար նյութերի առկայությունը ստորգետնյա կառույցում, անհրաժեշտ է նրա մեջ իջնել ու դրանում աշխատել փրկադիմակով (հկԼ-20, կԺձ-3 և այլն) կամ ճկափողային հակագազով` պահպանելով 95-րդ կետի պահանջները: Գազավտանգ աշխատանքները պետք է կատարվեն գազի տնտեսությունում` անվտանգության պահանջներին համապատասխան:
188. Արգելվում է բացել և փակել ելանցքների կափարիչներն անմիջապես ձեռքով, պնդօղակային բանալիներով կամ այլ` այդ նպատակի համար չհարմարեցված առարկաներով. այդ նպատակի համար պետք է օգտագործվեն առնվազն 50 սմ երկարությամբ հատուկ կեռիկներ:
189. Աշխատանքի ավարտից հետո, մինչև ելանցքները փակելը, ղեկավարը, աշխատանքներն իրագործողը, պետք է համոզվեն, որ աշխատողներից որևէ մեկը պատահաբար չի մնացել ստորգետնյա կառույցում կամ պահոցում, ինչպես նաև` այնտեղ չեն մոռացվել նյութեր, գործիքներ և այլ կողմնակի առարկաներ: Ստորգետնյա կառույցում կամ պահոցում աշխատանքներն ավարտելուց հետո ելանցքները բաց թողնելն արգելվում է:
ԳԼՈՒԽ 13
ՋԵՐՄԱՓՈԽԱՆԱԿԻՉ ՍԱՐՔԵՐԻ ԵՎ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
190. Արգելվում է ջերմափոխանակիչ սարքերի շահագործումը հերթական զննության ժամկետը լրանալուց կամ դրանց հուսալի և անվտանգ աշխատանքին սպառնացող թերությունների հայտնաբերումից հետո` պաշտպանության և մակարդակի կարգավորիչների տարրերի բացակայության կամ անսարքության դեպքերում: Դրա մասին պետք է գրանցվի ջերմափոխանակիչ սարքի տեղեկաթերթիկում` նշելով արգելման պատճառը:
191. Բոլոր խողովակաշարերը և ջերմափոխանակիչ սարքերը վերին կետերում պետք է ունենան օդահաններ, իսկ ստորին կետերում և գոգավորություններում` մթնոլորտի հետ անմիջական միացումով ջրաքաշ սարքվածքներ: Ջրաքաշ խողովակաշարից ջուրը դատարկելու տեղերը պետք է դուրս բերվեն աշխատողների համար անվտանգ հեռավորության վրա:
192. Ջերմափոխանակիչ սարքի աշխատանքի ընթացքում արգելվում է կատարել դրա նորոգումը կամ ճնշման տակ գտնվող սարքի առանձին տարրերի միացումների անկիպությունները վերացնող աշխատանքներ` բացառությամբ 208-րդ կետի վերապահված դեպքերի:
193. Ջերմափոխանակիչ սարքի ապահովիչ փականների, ճնշաչափերի և այլ արմատուրների սարքինությունը պետք է ստուգի սպասարկող անձնակազմը` ջերմափոխանակիչ սարքերի սպասարկման հրահանգին համապատասխան:
194. Շոգեջրային ուղիներում ճեղքերի հայտնաբերման դեպքում արտադրամասի հերթափոխի պետը պետք է անհապաղ որոշի վտանգավոր գոտին, դադարեցնի բոլոր աշխատանքները, հեռացնի այնտեղից աշխատողներին, ցանկապատի այդ գոտին և փակցնի անվտանգության նշաններ` «Անցումն արգելվում է», «Զգու՛յշ: Վտանգավոր գոտի է»: Ձեռնարկված միջոցների մասին պետք է զեկուցել վերադաս հերթապահին:
195. Նորոգման ենթակա ջերմափոխանակիչ սարքը կամ խողովակաշարի տեղամասը, դրա մեջ գոլորշու կամ տաք ջրի թափանցումը կանխելու նպատակով, պետք է անջատել ինչպես հարակից խողովակաշարերից ու սարքավորումներից, այնպես էլ ջրաքաշ և շրջանցիկ գծերից: Անմիջապես մթնոլորտի հետ հաղորդակցվող ջրաքաշ գծերը և օդանցքերը պետք է բաց լինեն:
196. Ջերմափոխանակիչ սարքերը (խողովակաշարերը) անհրաժեշտ է անջատել երկու հաջորդաբար տեղադրված սողնակներով: Դրանց միջև պետք է լինի մթնոլորտի հետ անմիջականորեն միացված ջրաքաշ սարքվածք: Ոչ կցաշուրթավոր արմատուրի սխեմաներում, առանձին դեպքերում, երբ ջերմափոխանակիչ սարքը (խողովակաշարը) նորոգման համար չի կարելի անջատել երկու իրար հաջորդող սողնակներով, գլխավոր ճարտարագետի թույլտվությամբ թույլատրվում է նորոգվող տեղամասն անջատել մեկ սողնակով: Ընդ որում, նորոգման ընթացքում, անջատված տեղամասում բաց ջրաքաշ սարքվածքից դեպի մթնոլորտ հոսակորուստ չպետք է լինի: Գլխավոր ճարտարագետի թույլտվությունը հաստատվում է կարգագրի լուսանցքում` նրա ստորագրությամբ:
197. Նորոգման համար անջատված ջերմափոխանակիչ սարքերից և խողովակաշարերից պետք է հանել ճնշումը և դատարկել ջուրն ու գոլորշին: Անջատող արմատուրների էլեկտրաշարժաբերներից հանել լարումը, իսկ էլեկտրաշարժաբերներով կառավարվող շղթաներից` ապահովիչները: Բոլոր անջատիչ արմատուրները պետք է լինեն փակ վիճակում: Ջրաքաշների` անմիջապես մթնոլորտի հետ միացված փականները, պետք է բաց լինեն: Ջերմափոխանակիչ սարքի (խողովակաշարի) ցամաքեցումից հետո փակ տեսակի ջրաքաշների փականները պետք է փակված լինեն. փակող արմատուրի և ջերմափոխանակիչ սարքի (խողովակաշարի) միջև պետք է լինի անմիջապես մթնոլորտի հետ կապված արմատուր: Անջատիչ արմատուրը և ջրաքաշների փականները պետք է լինեն շղթաներով կապված, կամ այլ հարմարանքներով ուղեկապված և կողպեքով փակված: Անջատիչ արմատուրի փականների և սողնակների վրա անհրաժեշտ է փակցնել անվտանգության պլակատներ ու նշաններ` «Չբացե՛լ, մարդիկ են աշխատում», բաց ջրաքաշների փականներին` «Չփակե՛լ, մարդիկ են աշխատում», անջատիչ արմատուրների էլեկտրաշարժաբերների կառավարման բանալիներին` «Չմիացնե՛լ, մարդիկ են աշխատում», աշխատատեղում` «Աշխատել այստե՛ղ»: Սարքերում և խողովակաշարերում ավելցուկային ճնշման առկայության դեպքում արգելվում է սկսել դրանց նորոգումը: Ջրի և գոլորշու ցամաքեցումը պետք է կատարվի ջրաքաշ արմատուրով:
198. Սողնակների ու փականների բացելն ու փակելը բռնակի կամ թափանիվի բազուկը երկարացնող լծակների օգտագործմամբ, եթե այն չի նախատեսված արմատուրի շահագործման հրահանգում` արգելվում է:
199. Խմբակային սխեմայով միացված բարձր ճնշման տաքացուցիչներից որևէ մեկի նորոգման աշխատանքները կատարելիս պետք է անջատվի տաքացուցիչների ամբողջ խումբը:
200. Խողովակաշարերի կցաշուրթային միացումների հեղույսները հանելու ժամանակ դրանք հարկ է թուլացնել զգուշությամբ` մանեկների աստիճանաբար հետ պտտումով` խուսափելու համար շոգեջրային խառնուրդի հնարավոր արտանետումներից, եթե խողովակաշարերը լրիվ ցամաքեցված չեն: Ընդ որում, անհրաժեշտ է կանխել կցաշուրթերից մետաղյա միջադիրների և չափիչ տափօղակների դուրս գալն ու ցած ընկնելը (ներքևի հատվածամասերի ցանկապատումով, երեսարկմամբ, կրկնատակերի տեղադրմամբ):
201. Ջերմափոխանակիչ սարքերի ներսում մարդկանց աշխատելու, ինչպես նաև անջատիչ կցաշուրթային արմատուրի անբավարար կիպության դեպքում նորոգվող սարքավորումը պետք է առանձնացվի գործողից` խցափակիչների օգնությամբ, որոնց հաստությունը պետք է համապատասխանի աշխատանքային միջավայրի պարամետրերին: Խցափակիչների տեղադրման ստուգումը հեշտացնելու համար դրանք պետք է ունենան լավ տեսանելի պոչամասեր: Թույլատրվում է մեկ սողնակով (առանց խցափակիչների) անջատել ջերմափոխանակիչ սարքը` ըստ այն հոսքերի, որոնցում աշխատանքային ճնշումը չի գերազանցում մթնոլորտայինը, իսկ ջերմակրի ջերմաստիճանը` 45 oC:
202. Պայթունավտանգ, թունավոր և ագրեսիվ նյութեր պարունակող սարքավորումը նորոգման դուրս բերելիս` անհրաժեշտ է այն անջատել, դատարկել, մաքրել (լվանալ, փչահարել) և անկախ տեղափոխվող նյութի ճնշումից ու ջերմաստիճանից` խցափակիչներով զատել գործող սարքավորումներից:
203. Գոլորշու և ջրի խողովակաշարերի փորձարկման և տաքացման ժամանակ կցաշուրթային միացումների հեղույսների ձգումը պետք է կատարել 0,5 ՄՊա (5 կԳ/սմ2)-ից ոչ բարձր ավելցուկային ճնշման դեպքում: Խցուկային փոխհատուցիչների խցուկները պետք է ձգել 1,2 ՄՊա (12 կԳ/սմ2)-ից ոչ բարձր ճնշման տակ` զգուշորեն, այնպես որ հեղույսները չվնասվեն:
204. Կոմպենսատորների և արմատուրի խցուկները թույլատրվում է լցախցկել, երբ խողովակաշարերում ավելցուկային ճնշումը 0,02 ՄՊա (0,2 կԳ/սմ2)-ից ավել չէ և ջերմակրի ջերմաստիճանը 45 oC-ից բարձր չէ: Փոխհատուցիչների խցուկի խցվածքը թույլատրվում է փոխել` խողովակաշարը լրիվ դատարկելուց հետո:
205. Բոլոր կցաշուրթային միացումներում հեղույսները պետք է ձգել աստիճանաբար, տրամագծորեն հակառակ կողմերից` հերթականությամբ:
206. Պարուրակներից արտահոսքը վերացնելու համար ստուգիչ-չափիչ սարքերի միացման խողովակապտուկները պետք է ձգել միայն մանեկադարձակներով, որոնց չափը պետք է համապատասխանի ձգվող տարրերի նիստերին: Ընդ որում, միջավայրի ճնշումն իմպուլսային գծերում չպետք է գերազանցի 0,3 ՄՊա (3 կԳ/սմ2): Այդ նպատակների համար այլ դարձակների, ինչպես նաև երկարացնող լծակների օգտագործումն արգելվում է: Նախքան ձգելը պետք է ստուգել պարուրակի տեսանելի մասի վիճակը, հատկապես օդանցքի խողովակապտուկների վրա: Պարուրակային միացումը ձգելիս` բանվորը պետք է գտնվի պարուրակի պոկման դեպքում ջրի կամ գոլորշու շիթի հնարավոր արտանետման հակառակ կողմում:
207. Շոգեմուղների տաքացումը և գործարկումը պետք է կատարվի տեղային հրահանգներին համապատասխան կամ հատուկ ծրագրով:
208. Շոգեմուղների տաքացման ժամանակ սկզբից պետք է բացել ջրաքաշները, այնուհետև դանդաղ և զգուշորեն` կողանցները (շոգեփականները): Հիդրավլիկ հարվածներ առաջանալու դեպքում` տաքացումն անհրաժեշտ է դադարեցնել մինչև դրանց վերանալը և ձեռնարկել միջոցներ` այդ հարվածների առաջացման պատճառները վերացնելու համար:
209. Եթե շոգեմուղը տաքացնելու կամ դրանում ճնշումը բարձրացնելու ընթացքում ջրաքաշման խողովակապտուկը խցանվել է, ապա այն պետք է փչահարվի փականի արագ փակումով ու բացումով: Եթե փչահարումով հնարավոր չէ վերացնել խցանումը, ապա հարկ է շոգեմուղն ամբողջությամբ անջատել և մաքրել ջրաքաշման խողովակապտուկը: Ջրաքաշման խողովակապտուկի փչահարումը կատարող բանվորը պետք է գտնվի խտուցքի կամ գոլորշու արտանետման հակառակ կողմում և աշխատի թաթպաններով:
210. Շոգեմուղների փչահարումը հարկ է իրականացնել տեղակայող, նորոգող կամ գործարկող-կարգաբերող կազմակերպության (տեղամասի) ղեկավարի կողմից հաստատված և տվյալ արտադրամասի ղեկավարության հետ համաձայնեցված հատուկ ծրագրով: Սպասարկման տեղերում ժամանակավոր խողովակաշարը պետք է ծածկված լինի մեկուսիչով: Շենքի սահմաններից դուրս եկած խողովակի վերջնամասի հենարանը պետք է լինի հուսալիորեն ամրացված: Փչահարման ժամանակավոր շոգեմուղի արտանետման խողովակի ելքի տարածքը պետք է ցանկապատվի և դրա սահմաններում կարգվեն հսկողներ: Արտանետման տեղը պետք է ընտրված լինի այնպիսի հաշվարկով, որ վտանգավոր գոտում չլինեն աշխատողներ, մեխանիզմներ և սարքավորումներ: Փչահարվող շոգեմուղի մոտ լաստակներն ու տախտամածները պետք է քանդվեն: Հիդրավլիկ հարվածների նշաններ հայտնվելու դեպքում պետք է անմիջապես դադարեցվի շոգու մատուցումը շոգեմուղ և լրիվ բացվեն բոլոր ջրաքաշները: Փչահարմանը մասնակցող աշխատողները պետք է ապահովված լինեն հակաաղմկային ականջակալներով կամ ներդրակներով:
ԳԼՈՒԽ 14
ՊՏՏՎՈՂ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՆՈՐՈԳՈՒՄ
211. Պտտվող մեխանիզմների նորոգման նախապատրաստումը պետք է իրականացնել կարգագրում նշված աշխատանքների կատարման պայմանների համաձայն: Ընդ որում, մեխանիզմը պետք է կանգնեցվի: Մեխանիզմի էլեկտրաշարժիչից և արմատուրի էլեկտրաշարժաբերներից հանվի լարումը, իսկ էլեկտրաշարժիչը սնող մալուխը հողակցվի` էլեկտրակայանքների շահագործման անվտանգության տեխնիկայի կանոններին համապատասխան: Պտտվող մեխանիզմի և էլեկտրաշարժիչի վրա միաժամանակյա աշխատանքի դեպքում կցորդիչը պետք է անջատված լինի: Կցորդիչի անջատումը կատարում է նորոգող անձնակազմը` պտտվող մեխանիզմի նորոգման կարգագրով: Մեխանիզմի փակող արմատուրը (սողնակներ, ձգափականներ, սահափականներ, փականներ և այլն) անհրաժեշտ է դնել աշխատանքի անվտանգ կատարումն ապահովող դիրքում: Արմատուրի կառավարման շարժաբերների ղեկանիվները պետք է փակել կողպեքով` շղթաների կամ այլ սարքերի ու հարմարանքների օգնությամբ: Անջատված շարժաբերների և մեխանիզմի գործարկման սարքվածքի վրա պետք է փակցնել լարման մատակարարումը և փակող արմատուրի հետ գործողություններ կատարելն արգելող անվտանգության նշաններ, իսկ աշխատանքների կատարման տեղում` «Աշխատել այստե՛ղ» անվտանգության պլակատ կամ նշան:
212. Էլեկտրաշարժաբերով պտտվող մեխանիզմները նորոգման դուրս բերելիս` էլեկտրաշարժիչից և արմատուրի էլեկտրաշարժաբերից լարման հանումը պետք է իրագործի էլեկտրատեխնիկական անձնակազմը:
213. Պտտվող մեխանիզմի փորձնական միացման կամ դրա հավասարակշռման ժամանակ պետք է գործի մեխանիզմի էլեկտրաշարժիչի վթարային անջատման կոճակը: Վթարային անջատման կոճակի մոտ պետք է կանգնեցվի հսկող, որպեսզի աշխատանքների ղեկավարի ազդանշանով անջատի մեխանիզմը:
214. Պտտվող մեխանիզմի գործարկումից առաջ, այդ թվում և փորձարկումից առաջ, պետք է հավաքված լինի շաղկապող կցորդիչը, տեղադրված լինեն շարժվող մասերի բոլոր պաշտպանիչ ցանկապատները, հանված լինեն անվտանգության նշանները, հավաքված լինեն գործիքներն ու նյութերը և աշխատատեղերից դուրս բերվեն մարդիկ: Աշխատանքների ղեկավարը պետք է կարգագիրը հանձնի արտադրամասի հերթափոխի պետին: Միջանկյալ կարգագրով աշխատելու դեպքում այն պետք է հանձնվի կարգագիրը տվող անձին: Մեխանիզմի փորձարկումից հետո (նրա վրա աշխատանքները շարունակելու անհրաժեշտության դեպքում) աշխատատեղը նորից է նախապատրաստվում` կարգագրում նշված աշխատանքների կատարման պայմաններին համապատասխան:
215. Պտտվող մեխանիզմի ռոտորի հավասարակշռման ժամանակ բեռներ կարելի է կախել ռոտորի պտտվելը կանխող միջոցներ ձեռք առնելուց հետո միայն:
216. Հատուկ հավասարակշռող հաստոցներով ծխաքաշների կամ օդափոխիչների ռոտորների ստատիկ հավասարակշռում կատարելուց առաջ դրանց վրա պետք է տեղադրվեն ռոտորի ընկնելն արգելակող հենակներ:
217. Դեպի վարընթաց գազանցք ելք ունեցող ծխաքաշի և օդափոխիչի ներսում աշխատանքներ կարող է թույլատրվել այդ գազանցքն ամուր վրաքաշով փակելուց և ռոտորի պտտվելը կանխարգելող միջոցներ ձեռք առնելուց հետո միայն:
218. Քարշափչող մեքենաների ռոտորները հանելու համար օգտագործվող հարմարանքները պետք է համապատասխանեն Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին օրենքի պահանջներին: Քարշափչող մեքենաների ռոտորը հանելու գոտուց մարդիկ պետք է հեռացվեն:
219. Քարշափչող մեքենաների նորոգման աշխատանքները 1,3 մ և ավել բարձրության վրա պետք է կատարվեն տախտամածներից և լաստակներից` Գլուխ 9-ի գլխի պահանջներին համապատասխան:
220. Քարշափչող մեքենաների զրահը փոխելիս և թիակները ձուլակցելիս` իրանի կափարիչները պետք է լինեն բացված:
221. Բոլոր եռակցման աշխատանքներն անմիջապես քարշափչող մեքենաների ռոտորի վրա պետք է կատարվեն հողակցված ռոտորի դեպքում:
222. Քարշափչող մեքենաների թիակների ձուլակցման ժամանակ պետք է խուսափել էլեկտրաեռակցողի վրա հալված մետաղի ընկնելուց: Քարշափչող մեքենայի թիակների ձուլակցումն առանց ռոտորը հանելու պետք է կատարվի անհրաժեշտ օդափոխությունն ապահովող օդափոխիչների առկայության դեպքում և էլեկտրաանվտանգության II կամ բարձր խումբ ունեցող հսկողի հսկողությամբ, որը պետք է գտնվի քարշափչող մեքենայից դուրս: Ներսում գտնվող էլեկտրաեռակցողը պետք է կապի ապահովաճոպանով փրկագոտի: Ապահովաճոպանի ծայրը պետք է լինի հսկողի մոտ:
ԳԼՈՒԽ 15
ՋԵՐՄԱՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ԵՎ ՈՐՄՆԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
223. Աշխատող սարքավորումների վրա արգելվում է կատարել ջերմամեկուսացման աշխատանքներ` բացառությամբ հարդարման աշխատանքներից` ջերմամեկուսիչի պաշտպանիչ շերտի պատրաստումից ու պատենավորումից:
224. Մինչև մեկուսացման ենթակա սարքավորումների վրա աշխատանքներ սկսելը` անհրաժեշտ է ստուգել նրանցում արտահոսքերի, ծորումների բացակայությունը, ինչպես նաև` հարևան գործող սարքավորումների աշխատանքային ռեժիմի կայունությունը:
225. Արգելվում է մեկուսացման աշխատանքներ կատարել սարքավորումների վրա` դրանց հիդրավլիկ և օդաճնշական փորձարկումների ժամանակ, ինչպես նաև փորձարկվող սարքավորումների կամ խողովակաշարերի գոտում:
226. Հեղուկ ապակու և հեղուկ ապակի պարունակող մածիկի տեսքով ջերմամեկուսիչ և այլ նյութերի հետ աշխատանքները, ինչպես նաև կրաասբեստացեմենտային, պերլիտային, վերմիկուլիտային շաղախով ու մածիկով մեկուսապատումն ու սվաղը, պետք է կատարել ռետինե թթվակայուն և հիմնակայուն ձեռնոցներով ու պաշտպանիչ ակնոցներով:
227. Աշխատանքները հանքային և ապակե բամբակի ու դրանցից պատրաստված իրերի հետ պետք է կատարվեն պաշտպանիչ ակնոցով, հակափոշիական շնչադիմակով և հատուկ ձեռնոցներով ու խիտ գործվածքից կարված թաթմաններով: Հատուկ հագուստի (արտահագուստի) թևքերը և օձիքը պետք է կոճկված լինեն: Արգելվում է աշխատել թևքերը քշտած: Անդրավարտիքը պետք է իջնի ճտքակոշիկների վրա:
228. Ջերմամեկուսիչ իրերի կտրումն անշարժ (ստացիոնար) կամ տանովի սկավառակային սղոցով թույլատրվում է դրա կոշտ ամրակման, ցանկապատի տեղադրման և միացված արտածող օդափոխության դեպքում: Սղոցի պտտվող սկավառակին ձեռքերը մոտեցնելն արգելվում է, անհրաժեշտ է օգտագործել փայտե հրիչներ:
229. Անշարժ կամ տանովի սկավառակային սղոցների վրա աշխատել թույլատրվում է միայն ուսուցում և հրահանգավորում անցած բանվորներին: Մետաղալարի օգտագործումով ջերմամեկուսացման աշխատանքներ կատարելիս` մեկուսիչի մետաղալարե հիմնակմախքի և մետաղալարե ամրակման մասերի ծայրերը պետք է ծռվեն և ծածկվեն մեկուսիչ կամ հարդարման շերտով: Արգելվում է օգտագործել շիկափափկած մետաղալար և ծայրերը թողնել չծռված:
230. Բեռնաթափվող մեկուսիչ նյութերը պետք է պահեստավորվեն դարսակներով` 1,2 մ-ից ոչ ավել բարձրությամբ: Դարսակներից սորուն նյութերը հարկ է վերցնել միայն վերևից:
231. Մեկուսիչ նյութերի մատուցումը բարձրության վրա պետք է լինի մեքենայացված: Փոշի առաջացնող մեկուսիչ նյութերը, հանքային կամ ապակե բամբակը պետք է աշխատատեղ մատակարարվեն բեռնարկղերով կամ փաթեթներով` դրանցից փոշու գոյացումը բացառող պայմանների պահպանմամբ:
232. Մեկուսացման և որմնապատի քանդման ժամանակ արգելվում է հարվածել խողովակաշարերի և սարքավորումների պատերին: Մեկուսացման քանդումն անհրաժեշտ է կատարել պաշտպանիչ ակնոցներով և միայն վերևից ներքև ուղղությամբ: Փոշեգոյացումը կանխելու համար քանդվող մեկուսացումը հարկ է խոնավացնել:
233. Թերթավոր մետաղը և ապակեպլաստիկն անհրաժեշտ է ձևել ու կտրել հատուկ ձեռնոցներով` ծլեպներով և սուր եզրերով ձեռքերը կտրելուց խուսափելու համար: Արգելվում է ձեռքերը պահել աշխատող մկրատի սայրերի մոտ:
234. Մեկուսիչ նյութերի օդաճնշական տեղափոխումից առաջ անհրաժեշտ է համոզվել շաղախի օդաճնշական մատուցման կայանքի սարքինության մեջ: Կայանքի ոչ սարքին տարրերի հետ, ինչպես նաև տեղափոխվող օդի ճնշումը ցույց տվող ճնշաչափի բացակայության կամ անսարքության դեպքում աշխատանքն արգելվում է: Շաղախի կամ մածիկի տեղափոխման խողովակները ծալելն արգելվում է:
235. Տեղակայումից հետո, և հետագայում առնվազն 3 ամիսը մեկ, շաղախամուղները պետք է ենթարկվեն հիդրավլիկ փորձարկման` աշխատանքայինը 1,5 անգամ գերազանցող ճնշումով: Փորձարկումների արդյունքները ձևակերպվում են ակտով և գրանցվում տեխնիկական տեղեկաթերթիկում:
236. Արգելվում է ճնշման տակ գտնվող շաղախամուղների նորոգումը, ինչպես նաև դրանց կցաշուրթային միացումների ձգումը:
237. Շաղախամուղների միացումների (կցվածք) միջով շաղախը չանցնելու դեպքում անհրաժեշտ է անջատել ճնշակը, քանդել անսարք հանգույցը և հեռացնել գոյացած խցանը: Խցանի հեռացման համար շաղախամուղը թխթխկացնելն արգելվում է:
238. Շաղախախառնիչի թմբուկի մաքրման ժամանակ պետք է անջատված լինի հոսանահատիչը և շաղախախառնիչի էլեկտրաշարժիչից հանված լինեն ապահովիչները: Հոսանահատիչի վրա պետք է փակցված լինի անվտանգության նշան կամ պլակատ` «Չմիացնե՛լ, մարդիկ են աշխատում»: Շաղախախառնիչի աշխատանքի ժամանակ ձեռքերը մտցնել նրա թմբուկի մեջ, ինչպես նաև բեռնաթափել այդ թմբուկն ընթացքի ժամանակ, արգելվում է: Շաղախախառնիչների թմբուկները պետք է փակված լինեն 70 x 70 մմ-ից ոչ ավել չափի անցքեր ունեցող պաշտպանիչ ցանցով: Շերեփը լցնելու շաղախափոսը թույլատրվում է մաքրել միայն շերեփը բարձրացված դիրքում ամրացնելուց հետո: Բարձրացված և չամրացված շերեփի տակ բանվորների գտնվելն արգելվում է:
239. Շաղախամուղի փչահարման և մաքրման ժամանակ անհրաժեշտ է աշխատել պաշտպանիչ ակնոցներով: Շաղախամուղը սեղմված օդով փչահարելու ժամանակ բոլոր աշխատողները, բացի այդ աշխատանքն անմիջապես կատարողներից, պետք է հեռացվի փչահարման գոտուց առնվազն 10 մ հեռավորության վրա:
240. 1,3 մ և ավել բարձրության վրա գտնվող սարքավորումների մեկուսացման համար պետք է կառուցվեն հարթակներ (տես` Գլուխ 9):
ԳԼՈՒԽ 16
ՃՆՇԱԿՆԵՐԻ ԵՎ ՕԴԱՏԱՐՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
241. Ճնշակների և օդատարների շահագործումն ու նորոգումը պետք է կատարվի մնայուն ճնշակային կայանքների, օդատարների և գազատարների սարքվածքի և անվտանգ շահագործման, ինչպես նաև ճնշման տակ աշխատող անոթների սարքվածքի և անվտանգ շահագործման պահանջներին համապատասխան:
242. Ճնշակային կայանքի շինության մուտքը պետք է սարքավորված լինի սպասարկող անձնակազմին կանչող ազդասարքով և դռան վրա պետք է փակցված լինի արգելող պլակատ կամ անվտանգության նշան` «Մուտքն արգելվում է»:
ԳԼՈՒԽ 17
ՀՈՂԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
243. Հողային աշխատանքները պետք է կատարվեն համաձայն ՀՀՇՆ 13-02-2022 «Անվտանգության տեխնիկա` շինարարությունում» շինարարական նորմին:
244. Էներգակազմակերպությունների տարածքում, ինչպես նաև ստորգետնյա հաղորդակցուղիների (էլեկտրամալուխներ, գազատարներ և այլն) պահպանական գոտիներում, հողային աշխատանքները կատարվում են միայն արտադրամասի ղեկավարության կամ այդ հաղորդակցուղիների շահագործման համար պատասխանատու կազմակերպությունների գրավոր թույլտվությամբ: Թույլտվությանը պետք է կցված լինի հաղորդակցուղիների գծագիրը (սխեման)` նշելով դրանց տեղաբաշխումն ու տեղադրման խորությունը: Մինչև աշխատանքներն սկսելը պետք է տեղադրվեն անվտանգության նշաններ կամ ստորգետնյա հաղորդակցուղիներով տեղերը ցույց տվող մակագրություններ:
245. Գործող ստորգետնյա հաղորդակցուղիների գոտիներում հողային աշխատանքները պետք է իրականացվեն կարգագրով` աշխատանքի ղեկավարի անմիջական հսկողությամբ, իսկ լարման տակ գտնվող մալուխի, գործող գազատարների ու ջերմային ուղեգծի պահպանման գոտում` բացի դրանից, նաև դրանք շահագործող կազմակերպության ներկայացուցչի հսկողությամբ:
246. Գործող ստորգետնյա հաղորդակցուղիներին անմիջապես մոտ (0,3 մ-ից պակաս) տարածության վրա բնահողի մշակումը թույլատրվում է կատարել միայն բահերով` առանց կտրուկ հարվածների:
247. Պայթյունավտանգ նյութերի կամ ռազմամթերքի հայտնաբերման դեպքում, որոնք չեն նշված ստորգետնյա շինությունների աշխատանքային գծագրերում (սխեմաներում), հողային աշխատանքները պետք է անհապաղ դադարեցվեն, բանվորները դուրս բերվեն անվտանգ գոտի և միջոցներ ձեռք առնվեն` կանխելու օտար մարդկանց մուտքը վտանգավոր գոտի: Մինչև համապատասխան կազմակերպությունից թույլտվություն ստանալը` աշխատանքների վերսկսելն արգելվում է:
248. Խրամուղիներում կամ փոսորակներում վնասակար գազ հայտնաբերելու դեպքում դրանցում աշխատանքները պետք է անհապաղ դադարեցվեն, իսկ բանվորները դուրս բերվեն վտանգավոր գոտուց: Աշխատանքները կարող են վերսկսվել աշխատանքային գոտի գազի մուտքը դադարելուց և դրանում եղած գազը հեռացնելուց հետո միայն: Գազալեցուն գոտում աշխատանքների կատարման անհրաժեշտության դեպքում պետք է պահպանվեն սույն Կանոնների Գլուխ 11-ի պահանջները:
249. Խրամուղիներում, որոնց մոտակայքում գտնվում է գազատարը կամ որոնցում հնարավոր է գազի կուտակում, բաց կրակի օգտագործումն արգելվում է:
250. Թույլ կամ խոնավ բնահողում խրամուղիներ փորելու ժամանակ, երբ փլուզման վտանգ կա, դրա պատերը պետք է հուսալիորեն ամրացվեն: Սորուն բնահողում աշխատանքները կարելի է կատարել առանց ամրացումների, սակայն բնահողի բնական թեքության անկյանը համապատասխանող շեպերով (թեքություններով):
251. Շեպերի և առանց ամրացումների կատարված փորվածքների ուղղաձիգ պատերի մակերևույթների վիճակն պետք է հետևողականորեն հսկել: Ճաքեր հայտնվելու դեպքում բանվորներն անմիջապես պետք է հեռացվեն վտանգավոր գոտիներից, որից հետո ձեռնարկվեն միջոցներ բնահողի փլուզման դեմ:
252. Խրամուղիներ և փոսորակներ հարկ է իջնել միայն բազրիքավոր ձեռնասանդուղքներով կամ հենասանդուղքներով, որոնք համապատասխանում են ԳՕՍՏ 26887:
253. Մարդկանց կամ փոխադրամիջոցների տեղաշարժման վայրերում մշակվող փոսորակներն ու խրամուղիները պետք է ցանկապատվեն ըստ ԳՕՍՏ 23407-79, ԳՕՍՏ 23407-78: Ցանկապատի վրա պետք է տեղադրել նախազգուշացնող անվտանգության պլակատներ և նշաններ, իսկ գիշերային ժամերին` ազդանշանային լուսավորություն:
254. Ցանկապատի և երկաթուղու մոտակա ռելսի առանցքի միջև հեռավորությունը պետք է լինի առնվազն 2,5 մ:
255. Արգելվում է ավտոտրանսպորտի ու շինարարական մեքենաների կանգառն ու երթևեկությունը, կարապիկների, սարքավորումների, նյութերի և այլ իրերի տեղաբաշխումը փլուզման պրիզմայի սահմաններում` առանց փորվածքների պատերի ամրացման: Ամրացված փորվածքների մոտ, բնահողի փլուզման պրիզմայի սահմաններում, շինարարական մեքենաների և ավտոտրանսպորտի կանգառն ու երթևեկությունը թույլատրվում է աշխատանքների կատարման նախագծում նշվածի հետ ամրացումների ամրության համապատասխանության նախնական հաշվարկային ստուգումներից հետո` հաշվի առնելով բեռնվածության մեծությունն ու հարաշարժությունը:
256. Փոսորակների և խրամուղիների տախտակե ամրակապումները պետք է քանդել ներքևից վերև ուղղությամբ` բնահողը հետ լցնելուն համապատասխան: Ամրակապումները քանդելու ժամանակ, ըստ բարձրության, թույլատրվում է միաժամանակ հեռացնել երեք տախտակից ոչ ավել, իսկ սորուն և ոչ կայուն բնահողերում` մեկական: Տախտակների հեռացմանը զուգընթաց պահանջները հարկ է տեղափոխել, ընդ որում, եղած պահանգները կարելի է հանել միայն նորերը տեղադրելուց հետո: Ամրակապումները պետք է քանդել աշխատանքների ղեկավարի անմիջական հսկողությամբ:
257. Բնահողի էլեկտրատաքացման հետ կապված աշխատանքները պետք է կատարվեն բացառիկ դեպքերում և ԳՕՍՏ 12.1.013 ԱԱՍՀ «Շինարարություն: Էլեկտրաանվտանգություն: Ընդհանուր պահանջներ», ՀՍՏ 12.1.03 ԱԱՍՀ «Էլեկտրաանվտանգություն: Պաշտպանիչ հողակցում, զրոյացում» պահանջներին համապատասխան:
258. Շոգեհարումով կամ ծխագազերով բնահողի տաքացման ժամանակ պետք է ձեռնարկվեն միջոցներ` կանխելու համար բանվորների այրվածքներն ու թունավորումը վնասակար գազերից:
259. Հողափոր մեքենաների աշխատանքի հետ առնչվող աշխատողները պետք է իմանան վարորդի (մեքենավարի) կողմից տրվող ձայնային ազդանշանների նշանակությունը:
260. Էքսկավատորի աշխատանքի ժամանակ արգելվում է`
1) ամրացման համար օգտվել այդ նպատակի համար չնախատեսված իրերից: Ամրացումը պետք է կատարվի գույքային հենակներով.
2) գտնվել էքսկավատորի գործունեության գոտուց 5 մ-ից պակաս հեռավորության վրա.
3) բարձրացված դիրքում մաքրել շերեփը:
261. Հողափոր մեքենաների և մեխանիզմների` էլեկտրահաղորդման գծերի մոտով անցնելու և դրանց մոտ աշխատելու դեպքում պետք է կատարվեն 265-րդ կետի պահանջները:
ԲԱԺԻՆ 4
ԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
ԳԼՈՒԽ 18
ՎԱՌԵԼԻՔԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
262. Երկաթուղային տնտեսության սպասարկումը պետք է կատարվի գործող նորմատիվային փաստաթղթերի պահանջներին համապատասխան: Ներքին երկաթուղով գնացքների երթևեկության և մանևրային աշխատանքների ժամանակ պետք է պահանջվեն հարող երկաթուղային կայարանի հետ համաձայնեցված տեղային հրահանգները:
263. Բոլոր արտաչափային տեղերը պետք է նշվեն նախազգուշացնող մակագրություններով և անհրաժեշտության դեպքում լուսավորվեն:
264. Երկաթուղու հետ հետիոտն ու տրանսպորտային ճանապարհների հատման տեղերում պետք է կառուցել անցումներ ու գծանցներ: Հետիոտն ճանապարհները պետք է կառուցվեն ամենահարմար և ապահով տեղերում և ապահովեն անվտանգ անցում: Ուղեգծի վրայով անցումային տեղերում ռելսերի գլխիկների բարձրությամբ պետք է փռված լինեն տախտամածեր: Անցումների մոտ պետք է տեղադրված լինեն հատուկ ցուցատախտակներ` «Անցում երկաթուղու երկայնքով» և «Անցում երկաթուղու վրայով»: Անցումային տեղի լայնությունը պետք է լինի առնվազն 1,5 մ, բեռներով անցնելու համար` առնվազն 2 մ:
265. Երկաթուղու երկայնքով հետիոտնի երթևեկության (բանուկ) ճանապարհները չպետք է ծանրաբեռնվեն ժամանակավոր կամ մշտական` ազատ անցումը խոչընդոտող, կառույցներով:
266. Երկաթուղու գծանցների տեղերում պետք է տեղադրվեն ուղեփակոցներ, ազդասարք, լուսավորություն, պարսպող սյուներ կամ ճաղաշարք և անվտանգության նախազգուշացնող նշաններ: Հսկող գծանցներում պետք է լինի հեռախոսային կապ` մոտակա կայարանի կամ պահակետի հետ:
267. Ազդանշանային սարքվածքների (ուղեփակոցներ, սյուներ, ուղենշաններ և այլն) ներկվածքը տարեկան առնվազն 2 անգամ պետք է թարմացվի:
268. Քիչ գործող երկաթգծերի սլաքային գծանցումները` կախված երթևեկության հաճախությունից ու բնույթից, ճանապարհի պրոֆիլից և այլն, պետք է փակվեն կողպեքներով: Այդ սլաքների ցանկը հաստատում է կազմակերպության գլխավոր ճարտարագետը:
269. Ուղեգծի առանցքից 3 մ-ից պակաս հեռավորության վրա գտնվող սլաքային պահակետերի և այլ ծառայական շինությունների դռների ելքը պետք է ուղղված լինի միայն ուղեգծի երկայնքով: Դռան մոտ` ուղեգծի կողմից, պետք է լինեն պաշտպանիչ արգելապատնեշներ: Պաշտպանիչ արգելապատնեշներ պետք է տեղադրվեն նաև մոտեցող շարժակազմը տեսնելուն խանգարող շենքերի ու շինությունների հետևի կողմից` երկաթուղի դուրս եկող տեղերում:
270. Երկաթուղային գծերն ու գծամեջերը (ուղեմեջեր) պետք է մաքրվեն ձյունից, վառելանյութից, խարամից և այլ առարկաներից ու նյութերից և մշտապես պահվեն սահմանված չափսերի սահմանում: Անվտանգ անցումն ապահովելու համար ջրհորների և ջրհորդանների վրա պետք է կառուցվեն ծածկեր:
271. Ձյան տեղումների ժամանակ, երբ հնարավոր չէ ժամանակին հեռացնել ամբողջ ձյունը, անհրաժեշտ է անցումային տեղերում և գործող գծերում, որպես ժամանակավոր միջոց, ուղեմեջերում հավաքված ձյան թմբերում յուրաքանչյուր 9 մ-ը մեկ բացել առնվազն 1 մ լայնությամբ անցումներ:
272. Սառցապատման ժամանակ մանևրային աշխատանքների հիմնական աշխատատեղերում և մարդկանց անցումային տեղերում անհրաժեշտ է ցանել ավազ կամ մոխիր:
273. Արգելակման կալուններն ու վագոնների պահեստամասերը պահելու արկղերն ու դարակաշարերը պետք է տեղավորել ուղեմեջերում` գծերի երկայնքով և չպետք է խանգարեն մանևրային և գնացքներ կազմող բրիգադների աշխատանքին: Վագոնների և դարակաշարերի ու արկղերի միջև անցումները պետք է լինեն առնվազն 1 մ: Արգելվում է արգելակման կալուններն ու վագոնների պահեստամասերը տեղավորել անմիջապես գետնին:
274. Երկաթուղու մոտ բեռնաթափված կամ բեռնման համար նախապատրաստված բեռները պետք է դարսված և ամրացված լինեն սույն Կանոնների Բաժին 3-ի Գլուխ 7-ի 101-րդ կետին համապատասխան:
275. Առանձնացված գծերի վրա գտնվող բեռնվող ու բեռնաթափվող, ինչպես նաև դատարկ վագոնները, պետք է շղթայակցվեն և անշարժացվեն ձեռքի արգելակներով կամ արգելակման կալուններով: Արգելվում է արգելակման կալունների փոխարեն վագոնների անիվների տակ դնել քարեր, աղյուսներ, տախտակներ և այլ առարկաներ:
276. Բոլոր մարդկանց, բացի երկաթուղային տրանսպորտն սպասարկող անձնակազմից, արգելվում է լինել գծերի վրա, քայլել գծերի մեջ և հատել դրանք չնախատեսված տեղերում:
277. Աշխատանքների ընդմիջումներին արգելվում է մնալ երկաթուղագծերի վրա: Ընդմիջման ընթացքում բանվորները պետք է գծերից դուրս գան ճամփեզր` եզրային ռելսից առնվազն 2 մ հեռավորության վրա: Միաժամանակ գծերից պետք է հավաքվեն նաև գործիքները:
278. Յուրաքանչյուր աշխատող, մարդկանց կյանքին կամ երթևեկությանը սպառնացող վտանգ նկատելիս` պետք է կանգառի ազդանշան տա գնացքին կամ մանևրային շարժակազմին:
279. Երկաթուղիներում երթևեկության անվտանգությանն սպառնացող անսարքություն հայտնաբերելիս, վտանգավոր տեղերը պետք է ցանկապատվեն և անսարքությունները վերացնելու միջոցներ ձեռնարկվեն:
280. Մանևրային աշխատանքները պետք է կատարի գնացքներ կազմող բրիգադը կամ մենակ կազմողը: Գնացքաքարշերի կամ գնացքներ կազմող բրիգադների կազմը որոշվում է էլեկտրակայանի ղեկավարության կողմից` կախված տեղային պայմաններից` համաձայնեցնելով այն հարող կայարանի երկաթուղու ծառայությունների հետ: Նեղագիծ երկաթուղային տրանսպորտի շահագործման բոլոր դեպքերում մանևրները կատարվում են մեկ անձի ցուցմունքով` գնացքները կազմողի կամ վագոնակցիչ բանվորի: Մանևրները կատարելիս` արգելվում է օգտվել հրահանգներով չնախատեսված ազդանշաններից:
281. Հաշվի առնելով գնացքաքարշի տեսակը և տեղային պայմանները` թույլատրվում է մանևրային գնացքաքարշերի սպասարկումը մեկ մեքենավարի և մեկ գնացքներ կազմողի կողմից տեխնիկական հրահանգչի համաձայնությամբ:
282. Մեկ մեքենավարի կողմից սպասարկման դեպքում թույլատրվում է մանևրային աշխատանքների համար օգտագործել միայն մանևրային շարքի ջերմաքարշեր: Մեկ մեքենավարի կողմից սպասարկվող ջերմաքարշերի վրա պետք է լինեն`
1) երկկողմանի ռադիոկապ մեքենավարի և արտադրամասի հերթափոխի ավագ հերթապահի միջև.
2) անմիջական ռադիոկապ («Տյուլպան», «Սիրենա» և այլ տեսակի ռադիոկայան)` մեքենավարի և գնացքները կազմող բրիգադի միջև.
3) գրանցող արագաչափ` հխ-2Ծ (ժապավենը հանելու կարգը սահմանվում է տեղային հրահանգով).
4) գնացքաքարշերի թեքուղային ազդասարք` գնացքաքարշային ավտոմատ ազդանշանումով (մանևրային թեքուղու վրա աշխատող ջերմաքարշերի համար).
5) գնացքաքարշերի անընդհատ գործողության ավտոմատ ազդասարք` գնացքաքարշերի շարժման ընթացքում զգոնության ստուգումով.
6) ջերմաքարշի կառավարման երկրորդ վահան` տեղադրված խցիկի ձախ կողմում.
7) ջերմաքարշի խցիկի վրա, աջ և ձախ կողմերում տեղադրված ազդանշանային դեղին լամպեր, որոնք ազդանշանում են մեքենավարի գտնվելու տեղը.
8) ջերմաքարշի ինքնակցիչների հեռագործ շարժաբեր.
9) առջևի և հետևի ձախ տեսադաշտի հայելիներ:
283. Կառավարման երկրորդ վահանը և ազդանշանային լամպերը պետք է տեղադրվեն այն տեղամասում աշխատող ջերմաքարշերի վրա, որտեղ գնացքներ կազմողն ազդանշանները տալիս է ձեռքով ինչպես աջ, այնպես էլ ձախ կողմից` ելնելով տեսանելիության պայմաններից: Շոգեքարշը վագոններին կցելու բոլոր դեպքերում կցորդման հուսալիությունը, ինչպես նաև ինքնարգելակների միացումն ստուգում է գնացքներ կազմողը կամ նրա օգնականը: Գնացքաքարշի շարժման ընթացքում արգելվում է մեքենավարին և գնացքները կազմող բրիգադին փոխել ազդանշան տալու կողմը և ձախ կամ աջ վահաններից ջերմաքարշի կառավարման կողմերը: Բացառիկ դեպքերում, որոնք որոշվում են տեղային հրահանգներով և կայանի տեխնիկակարգադրական ակտով, թույլատրվում է ջերմաքարշի շարժման ընթացքում փոխել ազդանշաններ տալու և ջերմաքարշի կառավարման կողմերը` պայմանով, որ գնացքները կազմող բրիգադը գտնվի արգելակման հարթակների վրա:
284. Գնացքաքարշեր-գնացքները կազմող կրճատ բրիգադների դեպքում երթևեկության անվտանգությունն ապահովող մանևրային աշխատանքների կատարման կարգը պետք է արտացոլվի մանևրային գնացքաքարշերը մեկ մեքենավարով սպասարկելու տեղային հրահանգում և նշվի տեխնիկակարգադրական ակտում: Մանևրային գնացքաքարշերը մեկ մեքենավարով սպասարկելու տեղային հրահանգում պետք է հաշվի առնվեն անհամապատասխան եզրաչափսերի և կոր տեղերի առկայությունը, տեսանելիության պայմանները, աշխատանքի ծավալները, ինչպես նաև նշվեն միանձնյա աշխատանքի դեպքում սահմանափակումները, շարժակազմի սահմանային երկարությունը և գնացքները կազմողի գտնվելու տեղը` վագոններով առաջ շարժվելու ժամանակ:
285. Թափարգելի սկավառակների բացակայության դեպքում արգելվում է վագոնների պտուտակային կցումը կատարել ձեռքով:
286. Նախատեսված տեղաշարժերի վայրում, մինչև մանևրային աշխատանքներն սկսելն պետք է զննել գծերը և ստուգել կցման ու անջատման ենթակա վագոնները (մասնավորապես` ամրացված բաց վագոնների կողերի ամրությունը, վագոնների մտոցների փակ լինելը, բաց շարժակազմում բեռների տեղաշարժի բացակայությունը, կցորդիչ սարքվածքների սարքինությունը և այլն), ինչպես նաև ստուգել եզրաչափսերի համապատասխանությունը սահմանված նորմերին և ազդանշանների սարքինությունը: Մանևրներ կատարելու գծերին մոտ գտնվող մարդիկ պետք է հեռացվեն:
287. Մանևրներ կատարելիս` գնացքաքարշերը կամ վագոնները փակուղային հենակին ավելի քան 2 մ մոտեցնելն արգելվում է:
288. Մանևրային գնացքաքարշի արագությունը (կմ/ժ) չպետք է գերազանցի հետևյալ մեծությունները`
1) 40 կմ/ժ` ազատ գծով երթևեկելիս, վագոնները հետևից.
2) 25 կմ/ժ` ազատ գծով երթևեկելիս, վագոնները առջևից.
3) 25 կմ/ժ` կողմային գծերի վրա ուղեսլաքներով երթևեկելիս.
4) 15 կմ/ժ` մարդկանցով կամ վտանգավոր բեռներով վագոնների դեպքում.
5) 3 կմ/ժ` գնացքաքարշը (վագոններով կամ առանց դրանց) վագոններին մոտեցնելու ժամանակ.
6) 2 կմ/ժ` բեռնաթափման սարքվածքներում և զետեղման սպասասրահում.
7) 5 կմ/ժ` վագոնը վագոնին (կցում, անջատում) մոտեցնելիս:
289. Շարժակազմի արագությունը` վագոնային կշեռքների վրայով, որոշվում է դրանց սպասարկման հրահանգով:
290. Մանևրային աշխատանքների հետ կապված անձանց արգելվում է`
1) նստել արգելակման հարթակների աստիճաններին կամ վագոնների, գնացքաքարշերի հատուկ ոտնակներին և իջնել դրանցից 3 կմ/ժ-ից ավել արագության դեպքում, ինչպես նաև սլաքային գծանցումների և գծանցների տեղերում.
2) գիծն անցնել շարժակազմի կամ գնացքաքարշի առջևից.
3) սողոսկել վագոնների տակ.
4) անցնել անջատված վագոնների արանքով, եթե դրանց հեռավորությունը 5 մ-ից պակաս է.
5) կանգնել կամ նստել գծի վրա:
291. Առավել զգուշություն պետք է ցուցաբերել անբարենպաստ եղանակի դեպքում (մառախուղ, ձյուն, սառցակալում, հողմ և այլն) գծերն անցնելիս կամ գծերի երկայնքով քայլելիս:
292. Մանևրային աշխատանքների ժամանակ երթանցը թույլատրվում է միայն արգելակման հարթակների կամ վագոնների ոտնակների, ցիստեռնների աստիճանների հետ համատեղված ոտնակների և գնացքաքարշերի ոտնակների կամ հարթակների վրա կանգնած, ընդ որում, պետք է ամուր բռնել բռնաձողերից:
293. Մանևրային աշխատանքների ժամանակ շարժակազմով զբաղված գիծը պետք է անցնել միայն վագոնների արգելակման հարթակներով: Մանևրային աշխատանքների հետ կապված անձինք, կանգնած շարժակազմը կամ գնացքաքարշը պետք է շրջանցեն 3 մ-ից ոչ մոտ հեռավորությամբ:
294. Եզրաչափերին չհամապատասխանող տեղերում, բեռնման-բեռնաթափման գծերի վրա և արտադրամասերի ներսում, վագոնների ոտնակների և արգելակման հարթակի աստիճանների վրա գտնվելն արգելվում է:
295. Ազդանշանը` շարժակազմը բաց թողնելու համար ուղեսլաքի պատրաստ լինելու մասին, գնացքաշարի մեքենավարին պետք է տրվի միայն ուղեսլաքի փոխադրումից ու փակելուց և սլաքավարի ուղեմեջ դուրս գալուց հետո: Շարժակազմը սլաքի վրայով անցնելու ժամանակ չի թույլատրվում ոտքով պահել սլաքային հավասարակշռիչ լծակը:
296. Վագոններն արտադրամաս մտցնելու ժամանակ, բեռնման-բեռնաթափման գծի վրա, գնացքներ կազմողը պետք է գնա վագոնների առջևից` պաստառի կողնակի վրայով` զգուշացնելով մարդկանց շարժակազմի մոտենալու մասին: Շարժման արագությունը չպետք է գերազանցի 35 կմ/ժ:
297. Բեռնում-բեռնաթափումը չավարտված վագոնների մանևրային աշխատանքները թույլատրվում է բեռնում-բեռնաթափումը ղեկավարող անձի հետ համաձայնեցնելուց հետո:
298. Էլեկտրիֆիկացված երկաթուղու գնացքաքարշերը և շարժակազմերը զննելու և շահագործելու ժամանակ պետք է կատարվեն 109 և 110-րդ կետերի պահանջները:
299. Աշխատող շարժիչով գնացքաքարշերը արգելվում է թողնել առանց հսկողության:
-----------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում