Սեղմել Esc փակելու համար:
ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ՑԱՆՑԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ՑԱՆՑԵՐԻ ՋԵՐՄԱՈՒԺԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 ապրիլի 2023 թվականի N 541-Ն

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ՑԱՆՑԵՐԻ ՋԵՐՄԱՈՒԺԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(9-րդ մաս)

 

Արյունահոսության դադարեցումը լարանի կամ ոլորքի միջոցով

 

Այս եղանակը կիրառվում է այն դեպքում, երբ հոդը ծալելու եղանակը կիրառելի չէ (օրինակ` նույն վերջույթի ոսկրերի միաժամանակ կոտրվելու դեպքում): Վիրավորված վերջույթից ուժեղ արյունահոսության դեպքում անհրաժեշտ է լարան դնելով ձգել վերջույթը: Որպես լարան կարելի է օգտագործել որևէ առաձգական ձգվող գործվածք, ռետինե խողովակ, տաբատակալներ և այլն: Լարանը դնելուց առաջ վերջույթը (ձեռքը կամ ոտքը) պետք է բարձրացնել: Եթե օգնություն ցույց տվողն օգնական չունի, ապա մատներով զարկերակի նախնական սեղմումը կարելի է հանձնարարել հենց տուժածին: Լարանը դնում են թևի կամ ազդրի` իրանին մոտ գտնվող մասի վրա (նկ. 34): Այն տեղը, որտեղ դրվելու է լարանը, մաշկը չվնասելու համար պետք է փաթաթվի որևէ փափուկ բանով, օրինակ` մի քանի շերտ բինտով, մառլյայի կամ այլ կտորով: Լարանը կարելի է դնել նաև վերնաշապիկի թևքի կամ անդրավարտիքի վրայից:

 

(նկար)

 

Լարանը դնելուց առաջ այն հարկավոր է ձգել, հետո ամուր փաթաթել վերջույթին այնպես, որ լարանի փաթույթների միջև մաշկի չծածկված մաս չմնա (նկ.35):

 

(նկար)

 

բ) ոլորում փայտիկի օգնությամբ

գ) փայտիկի ամրացում (սևեռում)

Լարանի միջոցով վերջույթը չպետք է չափից շատ ձգել, քանի որ կարող են ձգվել ու վնասվել նյարդերը. լարանը պետք է ձգել միայն մինչև արյունահոսության դադարելը: Եթե արյունահոսությունը լրիվ չի դադարել` պետք է դնել լարանի ևս մի քանի փաթույթ (ավելի ձիգ): Լարանը դնելու ճշտությունը ստուգում են երակազարկի միջոցով. եթե այն շոշափվում է, ուրեմն լարանը սխալ է դրված: Պետք է հանել և նորից փաթաթել: Լարանը 1,5-2 ժամից ավել ձգված թողնել չի թույլատրվում, քանի որ արյունազրկված վերջույթները կարող են մեռնել:

Ցավը, որ պատճառում է դրված լարանը, շատ ուժեղ է լինում, ինչի հետևանքով երբեմն ստիպված են լինում որոշ ժամանակով լարանը հանել: Այդ դեպքերում լարանը հանելուց առաջ անհրաժեշտ է մատներով սեղմել այն զարկերակը, որով արյունը հոսում է դեպի վերքը և տուժածին հնարավորություն տալ ցավից հանգստանալու, իսկ վերջույթին` որոշ չափով արյուն ստանալու: Դրանից հետո լարանը կրկին դնում են: Լարանը պետք է թուլացնել աստիճանաբար ու դանդաղ: Եթե նույնիսկ տուժածը դիմանում է ցավին, այնուամենայնիվ, մեկ ժամ հետո լարանը անպայման պետք է 10-15 րոպեով հանել:

Ձեռքի տակ որևէ ձգվող ժապավեն չլինելու դեպքում վերջույթը կարելի է ձգել, այսպես կոչված, ոլորքի միջոցով, որը պատրաստվում է ձգվող կտորից` փողկապից, գոտուց, ոլորված թաշկինակից կամ սրբիչից, պարանից, կաշեգոտուց և այլն (նկ.36):

Այն կտորը, որից պատրաստվում է ոլորքը, օղակում է բարձրացրած վերջույթը, որի տակ նախօրոք դրվում է համապատասխան փափուկ տակդիր (օրինակ` մի քանի շերտ բինտ), և վերջավորության դրսի կողմից կապվում հանգույցով: Այդ հանգույցի մեջ (կամ դրա տակ) անցկացվում է փայտիկի ձև ունեցող որևէ ամուր առարկա, որը պտտում են մինչև արյունահոսության դադարելը: Մինչև անհրաժեշտ չափի պտտելուց հետո փայտիկն ամրացնում են այնպես, որ ինքնաբերաբար հետ չպտտվի (նկ.36):

Լարանը կամ ոլորքը դնելուց հետո անհրաժեշտ է երկտող գրել, նշելով դրանց դնելու ժամանակը, և տեղավորել վիրակապի կամ լարանի տակ: Կարելի է գրել նաև վերջույթի մաշկի վրա: Տուժածին` ձգված լարանով պետք է որքան կարելի է արագ տեղափոխել բուժհաստատություն:

Ներքին արյունահոսության ժամանակ, որը շատ վտանգավոր է կյանքի համար, արյունը հոսում է ներքին խոռոչների մեջ, և, գործնականում, արյունը դադարեցնելն անհնար է: Այդ մասին կարելի է գլխի ընկնել տուժածի արտաքին տեսքից. գունատվում է, մաշկի վրա առաջանում է կպչուն քրտինք, շնչում է արագ և մակերեսային, երակազարկը` հաճախակի ու թույլ լիցքով: Տուժածին պետք է պառկեցնել կամ կիսանստած դիրքի բերել` ապահովելով լրիվ հանգիստ, և ենթադրվող արյունահոսող տեղի վրա «սառը» դնել (սառույցով կամ սառը ջրով պարկ) և շտապ բժիշկ կանչել: Եթե որովայնային խոռոչի օրգանների վնասվածքի կասկած կա, ապա տուժածին ջուր խմել չի կարելի:

Քթից արյունահոսության դեպքում տուժածին պետք է նստեցնել` գլուխը թեթևակի առաջ թեքած, որ արյունը քթըմպանի մեջ չլցվի: Պետք է արձակել օձիքը, քթի և քթարմատի վրա դնել սառը թրջոց (տաքանալուց փոխել), քթանցքի մեջ մտցնել ջրածնի պերօքսիդի 3%-անոց լուծույթով թրջված թանզիֆի կամ բամբակի կտոր, չորսից-հինգ րոպե մատներով սեղմելով փակել քթանցքները:

Բերանից արյունահոսության դեպքում (արյան փսխումով) տուժածին պետք է պառկեցնել` գլուխը թեքելով կողքի, և շտապ հասցնել բուժհաստատություն:

 

8. ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՏՐՎԱԾՔՆԵՐԻ, ՀՈԴԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ, ՃՄԼՎԱԾՔՆԵՐԻ (ՍԱԼՋԱՐԴԵՐԻ) ԵՎ ԿԱՊԱՆՆԵՐԻ (ՋԻԼԵՐԻ) ԳԵՐՁԳՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

Կոտրվածքը ոսկրի ամբողջականության խախտումն է: Կոտրվածքի շրջանում տուժածն զգում է սուր ցավ, որն ուժեղանում է դիրքը փոխել փորձելիս, նկատվում է ոսկրի կոտրված մասերի շեղումով պայմանավորված ձևախախտում (դեֆորմացիա), ուռածություն: Կոտրվածքները լինում են բաց և փակ. բաց կոտրվածքը ուղեկցվում է մաշկի վնասվածքով:

Կոտրվածքների ժամանակ անհրաժեշտ է ապահովել կոտրված ոսկրի անշարժացում (հանգիստ վիճակի ստեղծում): Դա նվազեցնում է ցավը և կանխում ոսկրի մասերի հետագա շեղումը և դրանցով արյունատար անոթներին և փափուկ հյուսվածքներին կրկնական վնասվածք հասցնելը:

Բաց կոտրվածքների ժամանակ նախ դադարեցնում են արյունահոսությունը և դնում մանրէազերծ վիրակապ: Անշարժացման համար օգտագործում են ստանդարտ ձևի կամ ձեռքի տակ եղած նյութերից (նրբատախտակից, տախտակից, փայտից և այլն) պատրաստված տախտավանդներ (բեկակալ):

Փակ կոտրվածքի ժամանակ տուժածի վրայից հագուստը չպետք է հանել. տախտավանդը պետք է դնել հագուստի վրայից: Ցավը նվազեցնելու համար կոտրվածքի տեղում պետք է սառը դնել (սառույցով կամ սառը ջրով ռետինե պարկ, սառը թրջոցներ և այլն):

Հոդախախտումը ոսկրերի կայուն տեղաշարժն է, երբ հոդային մակերեսները դադարում են մասամբ կամ ամբողջությամբ հպվել: Հոդախախտման պահին առաջացած սուր ցավը չի նվազում և հետո: Հոդախախտման համար ամենաբնորոշը հոդում շարժումների անհնարինությունն է, նրա ոչ բնական դիրքը, ուռածությունը:

Հոդախախտման կամ կոտրվածքի ժամանակ անհրաժեշտ է տախտավանդի օգնությամբ ապահովել վնասված վերջույթի լրիվ անշարժությունը և սառը դնել վնասված տեղին: Չի կարելի փորձել ինքնուրույն ուղղել հոդախախտումը. դա կարող է անել միայն բժիշկը:

Տուժածին անհրաժեշտ է հասցնել բուժհաստատություն` հանգիստ դիրք ստեղծելով վնասված վերջույթի կամ մարմնի այլ մասերի համար` փոխադրելու կամ բուժանձնակազմին հանձնելու ժամանակ:

Վերջույթի ոսկրերի հոդախախտման և կոտրվածքի դեպքում տախտավանդ դնելով պետք է ապահովել ծայրահեղ դեպքում երկու հոդերի անշարժությունը. մեկը` կոտրվածքից վերև, մյուսը` կոտրվածքից ներքև: Իսկ խոր ոսկրերի կոտրվածքի դեպքում` նույնիսկ երեք հոդերի, տախտավանդի կենտրոնը պետք է գտնվի կոտրվածի տեղում: Տախտավանդի կապերը չպետք է սեղմեն խոշոր անոթները, նյարդերը և ոսկրերի ելուստները: Ավելի լավ է` տախտավանդը փաթաթել փափուկ կտորով և բինտով կապել:

Տախտավանդի դիրքը հաստատում (սևեռում) են բինտով, գլխաշորով, գոտիով և այլն: Տախտավանդ չլինելու դեպքում պետք է վնասված վերին վերջույթը կապել իրանին, իսկ վնասված ստորին վերջույթը` առողջ վերջույթին:

Ուսոսկրի կոտրվածքի կամ հոդախախտման դեպքում տախտավանդը պետք է դնել արմնկահոդում ծալված ձեռքի վրա: Ոսկրի վերին մասի վնասվածքի ժամանակ տախտավանդը պետք է ընդգրկի երկու հոդ` բազկի և արմունկի, իսկ ստորին մասի կոտրվածքի դեպքում` նաև ենթադաստակի (նկ.37): Տախտավանդը պետք է կապել ձեռքին բինտով, իսկ ձեռքը գլխաշորով կամ բինտով կախել պարանոցից:

Նախաբազկի կոտրվածքի կամ հոդախախտման դեպքում տախտավանդը (ափի լայնությամբ) պետք է դնել արմնկահոդից մինչև մատների ծայրը` տուժածի ափի մեջ դնելով բամբակից կամ բինտից պինդ խծուկ, որը տուժածը, կարծես թե, բռնում է բռունցքում (նկ.38): Տախտավանդ չլինելու դեպքում ձեռքը գլխաշորով (նկ.39) կարելի է կախել վզից կամ բաճկոնի փեշից (նկ.40):

Եթե հոդախախտման ժամանակ ձեռքը հեռացած է իրանից, պետք է ձեռքի և իրանի արանքում որևէ փափուկ բան դնել (օրինակ` ոլորված հագուստ):

Ձեռքի մատների և դաստակի ոսկրերի կոտրվածքի կամ հոդախախտման դեպքում դաստակը պետք է բինտով կապել լայն (ափի լայնությամբ) տախտավանդին, որը պետք է սկսվի նախաբազկի մեջտեղից և վերջանա մատների ծայրում: Վնասված ձեռքի ափի մեջ պետք է դրվի բամբակից կամ բինտից խծուկ, որպեսզի մատները փոքր-ինչ ծալված լինեն: Ձեռքը պետք է բինտով կամ գլխաշորով կախել պարանոցից:

Ազդրոսկրի կոտրվածքի կամ հոդախախտման դեպքում ոտքը պետք է արտաքին կողմից տախտավանդին ամրացվի այնպես, որ տախտավանդի մի ծայրը հասնի թևատակին, իսկ մյուսը` կրունկին: Երկրորդ տախտավանդը դնում են վնասված ոտքի կողմից` շեքից մինչև կրունկ (նկ.41): Դրանով ապահովվում է ամբողջ ստորին վերջույթի լրիվ հանգիստը: Տախտավանդները պետք է դնել` ոտքը հնարավորինս չբարձրացնելով, այլ` հենց տեղում պահելով, մի քանի տեղից (իրանին, ազդրին, սրունքին), կապել բինտով, բայց ոչ կոտրված տեղում կամ նրան անմիջապես մոտ: Բինտը գոտկատեղի, ծնկի կամ կրունկի տակ պետք է անցկացնել (խցկել) փայտիկի միջոցով:

Սրունքի կոտրվածքի կամ հոդախախտման դեպքում անշարժացվում են ծնկի և սրունքաթաթի հոդերը (նկ.42):

Անրակի կոտրվածքի կամ հոդախախտման դեպքում պետք է վնասված կողմից թևատակի (անութի) փոսիկի մեջ դնել ոչ մեծ բամբակե խծուկ, արմունկում ուղիղ անկյան տակ ծալած ձեռքը բինտով կապել իրանին (նկ.43) և գլխաշորով կամ բինտով կախել պարանոցից: Բինտը պետք է փաթաթել հիվանդ ձեռքից դեպի մեջքի ուղղությամբ:

Ողնաշարի վնասվածքի դեպքում զգացվում է սուր ցավ ողնաշարի մեջ, հնարավոր չէ մեջքը թեքել կամ շրջվել: Առաջին օգնությունը պետք է լինի զգուշորեն, տուժածին չբարձրացնելով, նրա մեջքի տակ պետք է մտցնել լայն տախտակ կամ ծխնիներից հանված դուռ, կամ տուժածին պետք է շրջել դեմքով դեպի ներքև և խստորեն հետևել, որպեսզի շրջելու ժամանակ իրանը չճկվի (ողնուղեղի վնասումից խուսափելու համար):

Կողոսկրի կոտրվածքի դեպքում` շնչելիս, հազալիս և շարժվելիս` ցավ է զգացվում: Օգնություն ցույց տալու ժամանակ անհրաժեշտ է բինտով ամուր կապել կուրծքը կամ` արտաշնչելիս` սրբիչով պինդ ձգել:

Կոնքոսկրի կոտրվածքի դեպքում` ցավ է զգացվում կոնքը շոշափելիս, աճուկում, սրբանոսկրի (գավակի) շրջանում, անհնար է բարձրացնել ուղղված ոտքը: Օգնությունը կայանում է հետևյալում. տուժածի մեջքի տակ պետք է մտցնել լայն տախտակ, պառկեցնել «գորտի» դիրքում, այսինքն` ծնկները ծալված ու իրարից հեռացած, իսկ ոտնաթաթերն` իրար միացած, ծնկների տակ դնել ոլորված հագուստ: Տուժածին չի կարելի շրջել կողքի, նստեցնել կամ կանգնեցնել (ներքին օրգանները չվնասելու համար):

Գլխի վնասվածքի դեպքում հնարավոր է գանգոսկրի կոտրվածք (նշաններն են` արյունահոսություն բերանից ու ականջներից, անգիտակից վիճակ) կամ ուղեղի ցնցում (նշաններն են` գլխացավ, սրտխառնոց, փսխում, գիտակցության կորուստ):

Առաջին օգնությունը կայանում է հետևյալում. տուժածին պետք է պառկեցնել մեջքի վրա, գլուխը երկու կողմից անշարժացնել ոլորված հագուստի միջոցով, գլուխը ձիգ վիրակապել, վերքի առկայության դեպքում մանրէազերծ վիրակապ դնել (նկ.44), դնել «սառը» և ապահովել լրիվ հանգիստ` մինչև բժշկի գալը:

Անգիտակից վիճակում գտնվող տուժածը կարող է փսխել, դրա համար գլուխը պետք է կողքի վրա թեքել: Կարող է նաև լեզուն կուլ գնալու հետևանքով շնչահեղձություն առաջանալ: Այդ դեպքում անհրաժեշտ է առաջ քաշել ստորին ծնոտը և պահել այդ դիրքում, ինչպես արհեստական շնչառություն տալու ժամանակ (տես նկ.18):

Ճմլվածքի (սալջարդի) դեպքում առաջանում է ուռածություն, ցավ` ճմլված տեղին դիպչելիս: Օգնությունը կայանում է ցավը նվազեցնելու և արյան զեղումը կանխելու համար «սառը» դնելու և պիրկ վիրակապելու մեջ: Ճմլված տեղի համար ստեղծում են հանգիստ վիճակ: Ճմլված տեղին չպետք է յոդ քսել, շփել, տրորել և տաքացնող թրջոց դնել, քանի որ դրանք ուժեղացնում են ցավը:

Կապանների (ջլերի) ձգվելու (հոդի վնասվածքի) դեպքում զգացվում է սուր ցավ, առաջանում է ուռածություն և սահմանափակվում է հոդերի շարժունակությունը: Առաջին օգնություն ցույց տալու ժամանակ վնասված վերջույթն անհրաժեշտ է պիրկ վիրակապել և ապահովել հանգիստ վիճակ: Վնասված տեղին պետք է դնել «սառը»: Վնասված ոտքը պետք է լինի բարձրացված, իսկ ձեռքը` գլխաշորով պարանոցից կախված:

Ծանրության տակ ճզմվելու դեպքում պետք է տուժածին ազատել ծանրությունից, վնասված վերջույթը բինտով ձիգ փաթաթել և բարձրացնել` տակը ոլորած հագուստ դնելով: Վնասված հյուսվածքների քայքայման ժամանակ` առաջացող թունավոր նյութերի ներծծումը նվազեցնելու համար` բինտի վրայից դնել «սառը»:

Վերջույթի կոտրվածքի դեպքում պետք է բեկակալ դնել: Եթե տուժածի մոտ բացակայում են շնչառությունն ու երակազարկը, անհրաժեշտ է անմիջապես սկսել արհեստական շնչառություն տալն ու սրտի մերսում կատարելը:

 

(նկար)

 

9. ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՐՎԱԾՔՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ

 

Այրվածքները լինում են. ջերմային, որն առաջանում է կրակից, շոգից, տաք առարկաներից ու նյութերից, քիմիական` թթուներից ու ալկալիներից, ինչպես նաև որոշ ծանր մետաղների աղերից, էլեկտրական` էլեկտրական հոսանքի կամ էլեկտրական աղեղի ազդեցությունից, ճառագայթային սարքավորումներից, արևից:

Ըստ վնասվածության խորության` այրվածքները բաժանվում են 4 աստիճանի. առաջին` մաշկի կարմրելն ու այտուցվելը, երկրորդ` բուշտերի առաջացում, երրորդ` մաշկի շերտերի մեռուկացում, չորրորդ` ամբողջական մաշկի ածխացում, մկանների, ոսկրերի և ջղերի վնասում:

Առաջին աստիճանի ջերմային-էլեկտրական այրվածքների դեպքում մարդու մարմնի վրա վնասակար գործոնի (կրակի, տաք մակերեսների, տաք հեղումների, շոգու և այլն) ներգործությունը վերացնելուց հետո մարմնի վնասված մասերը 10-15 րոպեով պետք է ջրել սառը շիթով: Դա նվազեցնում է ցավը, ինչպես նաև հյուսվածքների գերտաքացման ժամանակն ու խորությունը, և կանխում այտուցը:

Առաջին և երկրորդ աստիճանի ոչ մեծ մակերեսով այրվածքի դեպքում այրված մասի վրա պետք է դնել մանրէազերծ վիրակապ` օգտագործելով բինտ կամ թանզիֆ, ջրել սառը շիթով, ցավազրկել:

Տուժածին առաջին օգնություն ցույց տալու ժամանակ, վարակումից խուսափելու համար, չի կարելի ձեռքերով դիպչել մաշկի այրված մակերեսին, քսել որևէ քսուք, յուղ, վազելին, կամ ցանել խմելու սոդա, օսլա և այլն: Չի կարելի բացել բշտիկները, հեռացնել այրված տեղին կպած մածիկը, խեժը, բևեկնախեժը կամ այլ խեժանյութեր, քանի որ այդ դեպքում կարելի է հեշտությամբ պոկել այրված մաշկը և դրանով իսկ բարենպաստ պայմաններ ստեղծել վերքի վարակման համար:

Հագուստն ու կոշիկները այրված տեղերից պոկել չի կարելի, այլ անհրաժեշտ է կտրատել մկրատով և զգուշությամբ հանել: Եթե հագուստի խանձված կտորները կպած են մաշկի այրված մասին, ապա դրանց վրայից պետք է դնել մանրէազերծ վիրակապ և տուժածին ուղարկել բուժհաստատություն: Ծանր և ընդարձակ (բազմաթիվ) այրվածքների դեպքում տուժածին անհրաժեշտ է փաթաթել մաքուր սավանով կամ կտորով` առանց հագուստը հանելու, տաք ծածկել, տալ մեկից երկու հաբ անալգին կամ ասպիրին, խմեցնել տաք թեյ և ստեղծել հանգիստ պայմաններ, մինչև բժշկի ժամանելը:

Այրված դեմքը անհրաժեշտ է ծածկել մանրէազերծ թանզիֆով:

Ցնցման առաջին նշանների դեպքում, երբ տուժածը կտրուկ գունատվում է, շնչառությունը դառնում է մակերեսային և հաճախակի, երակազարկը հազիվ է շոշափվում, անհրաժեշտ է նրան շտապ խմեցնել 20 կաթիլ կատվախոտի (վալերիանա) թուրմ:

Աչքերի այրվածքների դեպքում ֆուրոցիլինի լուծույթով թրջված ստերիլ թանզիֆե կտորով փակել և անմիջապես տուժածին ուղարկել բժշկի մոտ:

Էլեկտրական աղեղից կամ հոսանահարումից այրվածք ստանալու դեպքում տուժածին, անկախ այրվածքի չափից, պետք է հասցնել բուժհաստատություն, քանի որ նա պետք է գտնվի մշտական բժշկական հսկողության տակ` հաշվի առնելով մարդու օրգանիզմի վրա էլեկտրական հոսանքի ազդեցության առանձնահատկությունները: Էլեկտրական հոսանքի ազդեցությունը կարող է լինել.

ա. կենսաքիմիական,

բ. էլեկտրաքիմիական,

գ. ջերմային,

դ. մեխանիկական:

Քիմիական այրվածքների դեպքում հյուսվածքների վնասվածքի խորությունը մեծ մասամբ կախված է քիմիական նյութի ազդեցության տևողությունից: Կարևոր է, թե որքանով արագ կարելի է նվազեցնել քիմիական նյութի խտությունը և նրա ազդեցության տևողությունը: Դրա համար վնասված տեղը անմիջապես լվանում են հոսող սառը ջրով (ծորակից, ռետինե ճկափողից կամ դույլից` 15-20 րոպե):

Եթե թթուն կամ ալկալին մաշկի վրա են ընկել հագուստի միջով, ապա նախ այն պետք է լվանալ հագուստի վրայից, հետո զգուշությամբ կտրատել և հանել թաց հագուստը, որից հետո լվանալ մաշկը: Մարդու մարմնի վրա ծծմբաթթվի կամ ալկալիի պինդ նյութ ընկնելու դեպքում անհրաժեշտ է այն հեռացնել չոր բամբակով կամ մաքուր կտորով, հետո նոր վնասված տեղը խնամքով լվանալ ջրով և դնել չոր մանրէազերծված վիրակապ:

Քիմիական այրվածքի դեպքում քիմիական նյութերն ամբողջությամբ ջրով լվանալ- հեռացնելն անհնար է: Այդ պատճառով էլ լվանալուց հետո վնասված տեղն անհրաժեշտ է մշակել համապատասխան չեզոքացնող լուծույթներով, որոնք օգտագործվում են թրջոցի, վիրակապի ձևով:

Հետագա օգնությունը քիմիական այրվածքների դեպքում ցույց է տրվում տեղում այնպես, ինչպես ջերմային այրվածքների ժամանակ: Թթվից մաշկի այրվածքի դեպքում դնում են խմելու սոդայի լուծույթի (1 բաժակ ջրին` մեկ թեյի գդալ սոդա) թրջոց (վիրակապ):

Թթուն` հեղուկի, գոլորշու կամ գազի ձևով աչքերի կամ բերանի խոռոչի մեջ ընկնելու դեպքում, անհրաժեշտ է լվանալ մեծ քանակությամբ ջրով, իսկ հետո ողողել սոդայի լուծույթով (1 բաժակ ջրին` մեկ թեյի գդալ սոդա):

Մաշկը ալկալիով կամ հիմքով այրվելու դեպքում վնասված տեղերը լվանալուց հետո դնում են բորաթթվի լուծույթի (1 բաժակ ջրին` մեկ թեյի գդալ թթու) կամ քացախաթթվի թույլ լուծույթի (կիսով չափ ջրով բացված սեղանի քացախով) թրջոցներ (վիրակապ):

Ալկալիի ցայտերը կամ գոլորշիներն աչքերի մեջ կամ բերանի խոռոչ ընկնելու դեպքում անհրաժեշտ է վնասված տեղերը լվանալ մեծ քանակությամբ ջրով, իսկ հետո` բորաթթվի լուծույթով (1 բաժակ ջրին` մեկ թեյի գդալ բորաթթու): Եթե աչքերի մեջ ընկել են քիմիական նյութի պինդ կտորներ, ապա` նախ պետք է դրանք հեռացնել խոնավ վիրախծուծով (տամպոն), քանի որ աչքերը լվանալիս դրանք կարող են վնասել լորձաթաղանթը և առաջացնել լրացուցիչ վնասվածք: Թթուն կամ ալկալին կերակրափողի մեջ ընկնելու դեպքում անհրաժեշտ է շտապ բժիշկ կանչել:

Մինչև նրա գալը հարկավոր է տուժածի բերանից հեռացնել թուքն ու լորձունքը, պառկեցնել և տաք ծածկել, իսկ փորի վրա դնել սառը` ցավը նվազեցնելու համար: Եթե տուժածի մոտ առաջանում են շնչահեղձության նշաններ, անհրաժեշտ է տալ արհեստական շնչառություն «բերանից-քիթ» եղանակով, քանի որ բերանի լորձաթաղանթը այրված է:

Կերակրափողի մեջ ընկած թթուն կամ ալկալին չի կարելի չեզոքացնել կամ ստամոքսը լվանալ ջրով, առաջացնելով փսխում, քանի որ կերակրափողով հետադարձ շարժման ժամանակ այրող հեղուկը կրկին անգամ կվնասի լորձաթաղանթը և կարող է առաջացնել կոկորդի այտուց: Տուժածին կարելի է տալ խմելու ամենաշատը երեք բաժակ ջուր` դրանով ջրիկացնելով կերակրափողի մեջ ընկած թթուն կամ ալկալին և նվազեցնելով նրա այրող ներգործությունը: Արդյունավետ է ներգործում կաթը կամ, երբ խմելու ջրի մեջ լուծում են ձվի սպիտակուց (մեկ լիտր սառը ջրին` 12 հատ):

Մաշկի զգալի այրվածքների, ինչպես նաև աչքերի մեջ թթու կամ ալկալի ընկնելու դեպքում առաջին օգնություն ցույց տալուց հետո տուժածին պետք է անմիջապես ուղարկել բուժհաստատություն:

 

10. ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՑՐՏԱՀԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

Հյուսվածքների վնասվելը ցածր ջերմաստիճանի ազդեցությունից կոչվում է ցրտահարում:

Ցրտահարման պատճառները լինում են տարբեր և, համապատասխան պայմաններում (ցրտի երկարատև ազդեցություն, քամի, բարձր խոնավությունը, նեղ կամ թաց կոշիկներ, անշարժ դիրքը, տուժածի ընդհանուր վիճակը` հիվանդություն, ուժասպառություն, ալկոհոլային հարբածություն, արյան կորուստ և այլն), ցրտահարում կարող է տեղի ունենալ նույնիսկ 3-7 աստիճան ցելսիուսի ջերմաստիճանի դեպքում: Ցրտահարմանն առավել ենթակա են մատները, դաստակները, ոտնաթաթերը, ականջներն ու քիթը:

Ցածր ջերմաստիճանում հյուսվածքները ոչ թե մեռնում են, այլ տեղի է ունենում նրանց կենսական պրոցեսների ճնշվածություն:

Ինչքան ցածր է հյուսվածքների ճնշվածությունը, այնքան շատ են ճնշվում նրանց կենսագործունեությունը պայմանավորող նյութափոխանակության պրոցեսները (19 oC ջերմաստիճանում գրեթե լրիվ դադարում են նյութափոխանակության պրոցեսները, իսկ 10 oC ջերմաստիճանում դադարում է արյան հոսքը): Նյութափոխանակության պրոցեսների ճնշումը նվազեցնում է հյուսվածքների կենսական պահանջները, բայց չի տանում նրանց վնասվելուն:

Գերսառած հյուսվածքները սկսում են մեռնել անհամաչափ տաքանալուց:

Օգնություն ցույց տալու ժամանակ գլխավորն այն է, որ թույլ չտրվի գերսառած մասերի արագ տաքացումը, քանի որ նրանց վրա կործանարար ձևով է ազդում տաք ջուրը, տաք օդը, տաք առարկաների և նույնիսկ ձեռքերի հպումը: Մինչև ջեռուցվող շինություն մտնելը տուժածի մարմնի գերսառած մասերը (ավելի հաճախ` ձեռքերը կամ ոտքերը) պետք է պաշտպանել ջերմության ազդեցությունից` նրանց վրա ջերմամեկուսացնող վիրակապեր (բամբակամառլյայե, բրդյա և այլն) դնելով:

Վիրակապը պետք է ծածկի մաշկի միայն խիստ ճերմակած մասը` չընդգրկելով փոփոխման չենթարկված մաշկը: Հակառակ դեպքում, մարմնի արյան շրջանառությունը չխախտված մասերից ջերմությունը վիրակապի տակով կտարածվի գերսառած մասերի վրա և կառաջացնի նրանց մակերեսի տաքացում, ինչն էլ կհանգեցնի մակերեսային հյուսվածքների մեռնելուն: Ջերմամեկուսացնող վիրակապը դնելուց հետո անհրաժեշտ է ապահովել ձեռքերի ու ոտքերի գերսառած մատների անշարժությունը, քանի որ նրանց անոթները շատ բեկուն են, և արյան հոսքի վերականգնման հետևանքով հնարավոր են արյունազեղումներ: Դրա համար կարելի է օգտագործել տախտավանդներ, ինչպես նաև ձեռքի ցանկացած նյութ` պինդ ստվարաթղթի, նրբատախտակի և տախտակի կտորներ: Ոտնաթաթի համար պետք է օգտագործել տախտակի երկու կտոր. մեկը` սրունքի երկարությամբ դեպի ազդրն անցումով, մյուսը` ոտնաթաթի երկարությամբ: Դրանք պետք է պինդ ամրացնել 900 անկյան տակ:

Մարմնի գերսառած մասերի վրա վիրակապը պետք է թողնել այնքան ժամանակ, մինչև ջերմության զգացողությունը վերականգնվի:

Մարմնի ցրտահարման մասում (վերջույթում) արյան շրջանառությունը վերականգնելու համար կարելի է այդ վերջույթը դնել գոլ ջրով (20 oC) տաշտի մեջ: 20-30 րոպեի ընթացքում ջրի ջերմաստիճանը բարձրացնում են 20-ից մինչև 40 oC, ընդ որում` վերջույթը օճառով խնամքով լվանում են: Լոգանքից (տաքացնելուց) հետո վնասված մասերը պետք է չորացնել (սրբել), մանրէազերծ վիրակապ դնել և տաք ծածկել: Չի կարելի ճարպ կամ քսուք քսել, քանի որ այն զգալիորեն դժվարացնում է հետագա մշակումը: Մարմնի ցրտահարված մասը չի կարելի շփել ձյունով, որովհետև այդ դեպքում ուժեղանում է սառածությունը, իսկ փոքրիկ սառցակտորները վնասում են մաշկը, ինչը նպաստում է ցրտահարված մասի վարակվելուն: Ցրտահարված տեղերը չի կարելի տրորել նաև ձեռնոցով, թաշկինակով կամ որևէ կտորով: Կարելի է մերսել մաքուր ձեռքերով, ծայրամասերից դեպի իրան ուղղությամբ:

Մարմնի սահմանափակ մասերի (քիթը, ականջները) ցրտահարման դեպքում դրանք կարելի է տաքացնել օգնություն ցույց տվողի ձեռքերի ջերմության միջոցով:

Օրգանիզմում ջերմությունը վերականգնելու և արյան շրջանառությունը կարգավորելու համար պետք է տալ նաև տաք, քաղցր թեյ, սուրճ, կաթ:

Գիտակցության կորստով ուղեկցվող օրգանիզմի ընդհանուր գերսառչելու դեպքում առաջին բժշկական օգնությունը կայանում է տուժածի ձեռքերին ու ոտքերին ջերմամեկուսիչ վիրակապ դնելու մեջ` մինչև նրան տաք շինություն տեղափոխելը:

Եթե տուժածի հագին կան սառցակալած կոշիկներ, ապա դրանք չի կարելի հանել, այլ ոտքերը պետք է փաթաթել վերարկուով կամ ձեռքի տակ եղած որևէ կտորով: Տուժածին պետք է շտապ հասցնել մոտակա բուժհաստատություն` չհանելով ջերմամեկուսիչ վիրակապերը:

Մարմնին կամ հագուստին հեղուկ փուլում գտնվող հեղուկացված գազ ընկնելուց առաջացած ցրտահարությունը նման է այրվածքին: Հեղուկ գազը մաշկի վրա կամ աչքերի մեջ ընկնելու դեպքում անհրաժեշտ է վնասված տեղը լվանալ ջրի առատ շիթով և քսել (քանի դեռ բուշտեր չեն առաջացել) հակաայրվածքային քսուք:

 

11. ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴՈՒ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՄԵՋ ՕՏԱՐ ՄԱՐՄԻՆ ԸՆԿՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

 

Օտար մարմինները կարող են ընկնել ըմպանի, կերակրափողի, շնչառական ուղիների, աչքերի մեջ, մաշկի տակ և այլն:

Ըմպանի, կերակրափողի և շնչառական ուղիների մեջ ուտելու ժամանակ հաճախ ընկնում են մսի, ձկան ոսկորներ, ինչպես նաև` աշխատանքի ժամանակ` քորոց, մանր մեխ և այլ առարկաներ` բերանի մեջ առնելու դեպքում: Այդ ժամանակ կարող են առաջանալ ցավեր, շնչառության վատացում, հազի նոպա և նույնիսկ շնչահեղձություն: Հացի կողը, շիլա, կարտոֆիլ ուտելով օտար մարմինը կերակրափողից ստամոքս անցնելու փորձերը մեծ մասամբ հաջողություն չեն բերում: Այդ իսկ պատճառով բոլոր դեպքերում պարտադիր պետք է դիմել բժշկի:

Օտար մարմինները մանր մասնիկների տեսքով (մետաղի, քարի, փայտի բեկորներ, ավազահատիկ, միջատներ և այլն) աչքի մեջ ընկնելով առաջացնում են ցավ, արցունք և կարող են աչքի վնասվածքի և տեսողության վատանալու պատճառ դառնալ: Եթե աչքի մեջ փոշեհատիկ է ընկել, ապա այն կարելի է հեռացնել աչքը ջրի շիթով լվանալով` շիթն ուղղելով արտաքին անկյունից (քունքից) դեպի ներս (քթի կողմը):

Կարելի է նաև կոպը շրջել և ավազահատիկը հեռացնել մաքուր, խոնավ բամբակով կամ մաքուր թաշկինակով (նկ.45): Աչքը տրորել չի կարելի: Փոշեհատիկը եղջերաթաղանթից ինքնուրույն հեռացնել չի կարելի: Դա պետք է անի միայն բուժաշխատողը և ընդ որում` որքան հնարավոր է` շուտ. փոշեհատիկն ինչքան երկար մնա աչքի մեջ, այնքան շատ կվնասի եղջերաթաղանթը և կմեծանա բարդացման վտանգավորությունը, ընդհուպ մինչև խոց առաջանալը: Աչքը ծածկելով չոր, մանրէազերծ վիրակապով (նկ.46)` պետք է տուժածին որքան հնարավոր է շուտ հասցնել բուժհաստատություն:

Փափուկ հյուսվածքների մեջ (մաշկի, եղունգի տակ և այլն) ընկած օտար մարմինները վտանգավոր են նրանով, որ նրանց հետ միասին թափանցում են մանրէներ, որոնք օտար մարմնի շուրջն առաջացնում են բորբոքային պրոցես: Փափուկ հյուսվածքներից օտար մարմինն ինքնուրույն կարելի է հեռացնել միայն այն դեպքում, երբ վստահ ես, որ կարող ես դա անել հեշտությամբ և ամբողջովին (անմնացորդ):

Փոքր իսկ դժվարության դեպքում պետք է դիմել բժշկի: Օտար մարմինը հեռացնելուց հետո այդ տեղին պետք է յոդ քսել և մանրէազերծ վիրակապ դնել:

 

(նկար)

 

12. ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՇԱԹԱՓՈՒԹՅԱՆ, ՋԵՐՄԱՀԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԵՎԱՀԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

Ուշաթափությունը գիտակցության հանկարծակի, կարճատև կորուստ է (մի քանի վայրկյանից մինչև մի քանի րոպե)` ուղեղից արյան հանկարծակի հետհոսքի պատճառով: Ուշաթափությանը սովորաբար նախորդում է գլխապտույտը, աչքերի առաջ մթնելը, ականջներում խշշոցը, իսկ երբեմն նաև` սրտխառնոցն ու փսխումը: Ուշաթափությունը կարող է լինել վախի, ուժեղ ցավի, արյունահոսության, մարմնի դիրքի` հորիզոնականից ուղղաձիգի կտրուկ փոփոխման հետևանքով: Ուշաթափության ժամանակ տուժածն առատ քրտնում է, վերջույթները սառչում են, երակազարկը դառնում է հաճախակի և թույլ, շնչառությունը` մակերեսային, մաշկը` գունատ: Օգնություն ցույց տալու ժամանակ տուժածին պետք է պառկեցնել մեջքի վրա այնպես, որ գլուխը ցածր լինի իրանից (ոտքերին բարձր դիրք տալ), արձակել շնչառությունը դժվարացնող հագուստը, ապահովել թարմ օդի ներհոսք, դեմքին ցանել սառը ջուր, տալ հոտոտելու անուշադրի սպիրտով թրջած բամբակ, թեթևակի խփել այտերին: Գիտակցությունը կորցրած վիճակում տուժածը կարող է փսխել, այդ պատճառով գլուխը պետք է կողքի թեքել: Հարկ չկա գլխին սառը թրջոց կամ սառույց դնել: Նախաուշաթափության վիճակում տուժածին պետք է տալ սառը ջուր կամ տաք թեյ:

Ջերմահարությունը կամ արևահարությունն առաջանում են օրգանիզմի գերտաքացումից և դրա հետևանքով` դեպի ուղեղը արյան ուժեղ հոսքից: Դա լինում է այն դեպքերում, երբ ջերմային բալանսը խախտվում է, և դրսից ստացված ու օրգանիզմում կուտակվող ջերմության անջատումը (ջերմափոխանակությունը) ինչ-որ պատճառով դժվարանում է: Գերտաքացման են հանգեցնում շրջապատող օդի բարձր ջերմաստիճանը, զգալի խոնավությունը, խոնավությունը չանցկացնող (ռետինապատ կամ բրեզենտե) հագուստը: Գերտաքացմանը նպաստում են ծանր ֆիզիկական աշխատանքը, ալկոհոլային հարբածությունը, քնատությունը, ջուր խմելու և սնվելու ռեժիմի խախտումը:

Ջերմահարության ժամանակ վատանում է ինքնազգացողությունը, առաջանում է թուլություն, ուժեղ շոգի զգացում, մաշկի կարմրություն, առատ քրտնարտադրություն (քրտինքը հոսում է կաթիլներով), սրտի արագացած զարկեր, շնչարգելություն, զարկեր և ծանրություն քունքերում, գլխապտույտ, գլխացավ, սրտխառնոց, երբեմն` փսխում: Մարմնի ջերմաստիճանը բարձրանում է մինչև 38-40 oC, երակազարկի հաճախությունը` հասնում րոպեում 100-120-ի:

Ջերմահարությունը բնութագրվում է օրգանիզմում ջերմության սահմանային կուտակումով (մարմնի ջերմաստիճանը` 41-42 oC և ավելի), գիտակցության մթագնումով` ընդհուպ նրա լրիվ կորուստը, մկանների տարբեր խմբերի ջղաձգությամբ, շնչառության և արյան շրջանառության խախտումով: Հնարավոր են զգայախառնություն և զառանցանք: Մաշկը դառնում է չոր և տաք, լեզուն նույնպես չոր, երակազարկը` հազիվ շոշափվող և անհամաչափ: Եթե ջերմահարության դեպքում օգնությունը ժամանակին չտրվի, հնարավոր է մահացու ելք: Մարդը մահանում է շնչառության և արյան շրջանառության խախտման հետևանքով:

Արևահարությունն առաջանում է, երբ մարդը երկար ժամանակ գլուխը բաց գտնվում է արևի ուղիղ ճառագայթների տակ: Արևահարության նշանները նույնն են, ինչ ջերմահարության ժամանակ:

Ջերմահարության և արևահարության դեպքում օգնությունը կայանում է հետևյալում. տուժածին պետք է շտապ տեղափոխել զով տեղ, պառկեցնել մեջքի վրա, գլխի տակ դնելով ծալված հագուստը, հանել կամ արձակել հագուստը, գլուխն ու կուրծքը թրջել սառը ջրով, սառը թրջոց կամ սառույց դնել գլխին (ճակատի վրա, գագաթի շրջանում, ծոծրակին) և աճուկային, անրակատակի, ծնկատակի, թևատակի շրջաններում, որտեղ կուտակված են շատ անոթներ: Եթե մարդու գիտակցությունը տեղն է, ապա նրան կարելի է տալ թունդ սառը թեյ կամ սառը աղի ջուր: Երբ տուժածի մոտ խախտված է շնչառությունը և երակազարկ չկա, անհրաժեշտ է կատարել վերակենդանացման միջոցառումներ` արհեստական շնչառություն և սրտի արտաքին մերսում:

 

13. ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ

 

Գազերից թունավորվելու ժամանակ, այդ թվում ացետիլենից, շմոլ գազից, բնական գազից, բենզինի գոլորշիներից և այլն, առաջանում է գլխացավ, զարկեր քունքերում, խշշոց ականջներում, ընդհանուր թուլություն, գլխապտույտ, սրտի արագ զարկեր, սրտխառնոց և փսխում:

Ուժեղ թունավորումների ժամանակ առաջանում է քնկոտություն և ապատիայի (հոգեկան անտարբերության) վիճակ, իսկ ծանր թունավորումների ժամանակ` անկանոն շարժումներով գրգռված վիճակ, շնչառության խանգարում, բիբերի լայնացում: Գազավորված գոտուց տուժածին դուրս բերելուց հետո անհրաժեշտ է պառկեցնել տուժածին` գլխատակը 30 աստիճան բարձր դիրքում, շփել մարմինը, տաք ծածկել, և տալ բարձիկով թթվածին: Անգիտակից վիճակում տուժածը կարող է փսխել, այդ պատճառով պետք պառկեցնել կողքի:

Շնչառությունը դադարելու դեպքում պետք է արհեստական շնչառություն տալ: Ազոտի օքսիդից թունավորվելու դեպքում ներշնչելիս առաջանում է շնչառության դժվարություն, հազ, կոկորդի այտուց, սուլող շնչառություն: Տուժածին պետք է տալ թթվածին, չփչել Սալբուտամոլ (3 հրոց):

Աչքերը, ականջները, քիթը և կոկորդը լցվելիս առաջացնում է քթի, աչքերի, ականջների, շուրթերի կամ լեզվի այրոց, ուժեղ ցավ կոկորդում, կուլ տալու անկարողություն, տեսողության խանգարում, ուստի անհրաժեշտ է առատ ջրով ողողել բերանը: Ստամոքս ներթափանցելու դեպքում փսխում առաջացնել չի կարելի: Աչքերի ախտահարման դեպքում չի կարելի աչքերը տրորել, անհրաժեշտ է շարունակաբար` 15- 20 րոպե տևողությամբ, լվանալ, ցավի դեպքում կաթեցնել տեղային անզգայացնող աչքի կաթիլներ: Մաշկին թափվելու դեպքում լվանալ առատ գոլ ջրով:

Քլորից թունավորում կարող է առաջանալ մաշկի հետ շփման, կլման և շնչելու դեպքում, որը առաջացնում է մաշկի այրվածքներ և գրգռվածություն, այրոց բերանում և կոկորդում, կոկորդի այտուց, ստամոքսի ցավ, փսխում: Շնչառական ախտանշանները ներառում են հազ, շնչառության դժվարացում, շնչարգելություն, հեղուկի կուտակում թոքերում: Աչքերի վնասումն առաջացնում է այրոց, արցունքահոսություն, տեսողության խանգարում:

Անհրաժեշտ է ախտահարված մաշկը լվանալ օճառով և ջրով, քիթը և բերանը` ջրով, աչքերը` ջրով` 15 րոպե շարունակ, կլման ակտի առկայության դեպքում` խմեցնել գոլ կաթ կամ ջուր, փսխում չառաջացնել: Շնչարգելության դեպքում տալ թթվածնի բարձիկ, կատարել Սալբուտամոլի ներփչում:

Ամոնիակից թունավորվելու դեպքում պետք է տալ ներշնչման թթվածին բարձիկով, թույլ չտալ տուժածին տեղաշարժվել, քանի որ անշարժ մնալը կարող է հետաձգել թոքային այտուցի ախտանիշները (վիճակ, երբ ավելորդ հեղուկը կուտակվում է թոքերում): Մաշկի հետ շփման դեպքում տուժած մաշկը լվանալ գոլ ջրով 5 րոպե, հեռացնել հագուստը տուժած մաշկին կպչող հատվածներից, ծածկել ստերիլ վիրակապով:

Պատահաբար ամոնիակի լուծույթ խմելու դեպքում փսխում չառաջացնել: Աղտոտված աչքերը գազային ամոնիակի դեպքում լվանալ 5 րոպե գոլ ջրով, հեղուկ գազային ամոնիակի դեպքում աչքերը կարճատև լվանալ գոլ ջրով, այնուհետև երկու աչքերը փակել ստերիլ վիրակապով:

Ածխածնի օքսիդից (CO) թունավորումն առաջացնում է գլխացավ, թուլություն, գլխապտույտ, արգելակում, տեսողության խանգարումներ, սրտխառնոց, փսխումներ, ցավ կամ սեղմող զգացում կրծքավանդակում, հաճախասրտություն, հաճախաշնչություն, ծանր դեպքերում` ուշագնացություն, գիտակցության խանգարում, ցնցումներ, մակերեսային առիթմիկ շնչառություն կամ շնչառության ընկճում, առիթմիկ պուլս, ճնշման անկում:

Պետք է հետևել, որ տուժածը չքնի, քանի որ քնած ժամանակ նվազում է շնչառությունը և հետևաբար` թթվածնի մուտքը օրգանիզմ, և տուժածը կարող է մահանալ (տուժածին քայլեցնելն ու ուժեղ քաշքշելն արգելվում է, քանի որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է հանգեցնել մահվան):

Անհրաժեշտ է թթվածնի բարձիկից մաքուր թթվածին տալ շնչելու:

Հիդրազինհիդրատից թունավորվելու դեպքում (բերանով) անհրաժեշտ է տուժածի ստամոքսը լվանալ` ջուր խմեցնելով առաջացնել փսխում. տալ լուծողական (մեկ բաժակ ջրին 1-2 ճաշի գդալ դառը անգլիական աղ) և շտապ հասցնել բուժհաստատություն:

Հիդրազինհիդրատ շնչելու դեպքում` տուժածին տեղափոխել մաքուր օդ և հանգիստ թողնել շնչելու համար հարմար դիրքում:

Մաշկին թափվելիս` անմիջապես հանել աղտոտված հագուստը, լվանալ մաշկը ջրով/ցնցուղով, եթե մաշկի գրգռում կամ ցան է առաջանում` դիմել բժշկական խորհրդատվության:

Աչքերին թափվելիս` զգուշորեն լվանալ ջրով մի քանի րոպե: Հեռացնել կոնտակտային ոսպնյակները, եթե առկա են:

Սինթետիկ «իվվիոլ» յուղից թունավորվելու դեպքում (բերանով)` տուժածի մոտ առաջանում է գլխացավ, փսխում, ցավեր որովայնի շրջանում, ընդհանուր թուլություն: Երբեմն սկսվում է փորլուծություն, բարձրանում է ջերմությունը: Անհրաժեշտ է տուժածին տալ բժշկական ածուխ` 50 գ` լուծված 100 մլ ջրում: Հետո տուժածին պետք է շտապ հասցնել բժշկական հաստատություն:

«Իվվիոլ» յուղը մաշկին կաթալու դեպքում` մաշկը սրբել կտորով (զգուշորեն, որ չներծծվի), իսկ հետո խնամքով լվանալ օճառով և տաք ջրով, իսկ աչքի մեջ ընկնելու դեպքում` աչքերը լվանալ մեծ քանակությամբ ջրով:

Շնչառության և արյան շրջանառության խախտման դեպքում անհրաժեշտ է առանց հապաղելու անցնել արհեստական շնչառություն տալուն և սրտի արտաքին մերսմանը:

 

14. ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՅԹՎԱԾՔԻ ԴԵՊՔՈՒՄ

 

Թունավոր օձերի և միջատների խայթելու դեպքում առաջանում են գլխապտույտ, սրտխառնոց, փսխում, բերանի չորություն և դառը համ, արագացած սրտխփոց, շոգի զգացում, շնչարգելություն և քնկոտություն: Բացառիկ ծանր դեպքերում կարող է նկատվել ջղաձգություն, գիտակցության կորուստ, շնչառության ընդհատում: Խայթված տեղում առաջանում է այրող ցավ, մաշկը կարմրում է և այտուցվում: Օձի խայթելու դեպքում օգնությունը կայանում է (որքան կարելի է` արագ) թույնն արտածծելու (մշտապես այն թքելով) և թույնի տարածումը դանդաղեցնելու նպատակով տուժածի շարժունակությունը սահմանափակելու մեջ:

Օգնություն ցույց տվողի համար թույնի արտածծումը վտանգավոր չէ, նույնիսկ եթե բերանում քերծվածքներ կան: Խայթված ոտքը պետք է բինտով կապել առողջ ոտքին և, տակը որևէ բան դնելով` բարձրացնել: Խայթված ձեռքն անհրաժեշտ է անշարժացնել ծալած դիրքում: Տուժածին հարկավոր է մեծ քանակությամբ հեղուկ տալ (լավ է` տաք թեյ): Ոչ մի դեպքում չի կարելի խայթված վերջույթի վրա լարան դնել, խայթված տեղը այրել, թույնի հեշտ հեռացման համար կտրվածքներ անել, տուժածին ալկոհոլային խմիչք տալ: Տուժածին անհրաժեշտ է ուղարկել բուժհաստատություն, տանել կամ փոխադրել միայն պառկած դիրքում:

Միջատների (մեղուների, պիծակների, իշամեղուների, ձիաբոռերի) կծելու կամ խայթելու դեպքում պետք է հեռացնել խայթը, եթե մնացել է մաշկի մեջ, այտուցի տեղը դնել «սառը» (սառույց, սառը ջրով պարկ, սառը թրջոց), տուժածին տալ մեծ քանակությամբ հեղուկ: Տուժածին արգելվում է ալկոհոլ ընդունել, քանի որ այն նպաստում է անոթների թափանցիկությանը և թույնը պահում է բջիջներում, որն էլ բերում է սաստիկ այտուցման:

Միջատների թույնի նկատմամբ զգայուն մարդկանց մոտ (ալերգիկ հակազդում) միջատների խայթելուց հետո կարող է առաջանալ կոկորդի և լեզվի այտուց և անաֆիլակտիկ (անպաշտպանվածության) ցնցում (գիտակցության կորուստ, սրտանոթային և նյարդային համակարգերի և այլ օրգանների գործունեության խանգարում): Այդ դեպքում տուժածին անհրաժեշտ է տալ 1-2 հաբ դիմեդրոլ և 20-25 կաթիլ կորդիամին, շուրջը դնել տաք ջրով ջեռակներ և շտապ հասցնել բուժհաստատություն:

Շնչառության խանգարման և սրտի կանգի ժամանակ պետք է արհեստական շնչառություն տալ և կատարել սրտի արտաքին մերսում:

Կենդանիների կծելու դեպքում, նույնիսկ եթե կծող կենդանին բոլորովին առողջ տեսք ունի, անհրաժեշտ է վերքի և ճանկռվածքի շուրջ յոդ քսել և դնել մանրէազերծ վիրակապ: Տուժածին պետք է ուղարկել բուժհաստատություն` կատաղության դեմ պատվաստումներ կատարելու համար: Բժշկի մոտ պետք է ուղարկել նաև այն անձանց, որոնց մաշկի վրա, աչքերի, քթի կամ բերանի մեջ է ընկել կատաղած կենդանու թուքը:

 

15. ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԽԵՂԴՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

 

Խեղդվողին առաջին օգնություն ցույց տալը կախված է խեղդվելու ձևից: Տարբերում են խեղդվելու երկու ձև. կապույտ (կապույտ ասֆիկսիա)` շնչահեղձություն, որի ժամանակ ջուրը լցվում է թոքերը, և գունատ (սպիտակ ասֆիկսիա)` շնչահեղձություն, երբ ջուրը չի թափանցում թոքերը:

Կապույտ տեսակը պատահում է ավելի հաճախ և առաջանում է, երբ խեղդվողը անմիջապես չի ընկղմվում ջրի մեջ, այլ փորձում է մնալ ջրի մակերեսին` ծախսելով բավականին էներգիա: Շնչառությունը դառնում է անհամաչափ: Շնչելիս կուլ է տալիս մեծ քանակությամբ ջուր, որը գերլցնում է ստամոքսը: Դժվարանում է շնչառությունը և մեծանում է մարմնի զանգվածը: Առաջանում է թթվածնի սով` հիպօքսիա: Ջրի մեջ վերջնականապես ընկղմվելուց հետո մարդը բնազդորեն պահում է շնչառությունը: Սաստկացող հիպօքսիան բերում է գիտակցության կորստի, մաշկը կապտում է: Երբ առաջանում է թոքերի այտուց, բերանից և քթից արտաթորվում է փրփուր, սիրտը կանգ է առնում:

Խեղդվելու գունատ (սպիտակ) տեսակը լինում է այն մարդկանց մոտ, որոնք չեն փորձում պայքարել կյանքի համար և արագ իջնում են հատակ, կամ խեղդվում են անգիտակից վիճակում: Սառը ջրի հետ շփման ժամանակ առաջանում է շնչառության և սրտի հանկարծակի կանգ: Կոկորդում հայտնված ջուրը առաջացնում է ձայնախոռոչի բնազդային փակում, և շնչառական ուղիները դառնում են անանցանելի: Այդ ժամանակ ջուրը չի թափանցում թոքերը:

Խեղդվելու կապույտ տեսակի ժամանակ տուժածին ջրից հանելուց հետո նախ պետք է շնչառական ուղիներից հեռացնել ջուրը: Փրկարարը պետք է տուժածին որովայնով դեպի ներքև դնի իր ծալած ծնկի վրա այնպես, որ ծնկին հենվի նրա կրծքավանդակի ներքևի մասը, իսկ իրանի վերին մասն ու գլուխը կախվեն ներքև: Մի ձեռքով պետք է սեղմի կզակը կամ բարձրացնի տուժածի գլուխը, որպեսզի բերանը բաց լինի, և մյուս ձեռքով եռանդուն սեղմելով (մի քանի անգամ) մեջքը, օգնի ջրի հեռացմանը (նկ.47): Ջրի արտահոսքը դադարելուց հետո տուժածին պետք է պառկեցնել մեջքի վրա, մաքրել բերանի խոռոչը և սկսել արհեստական շնչառություն տալը: Եթե տուժածի քներակը չի զարկում և բիբերը լայնացած են, պետք է անմիջապես սկսել սրտի արտաքին մերսումը:

Խեղդվելու գունատ տեսակի ժամանակ տուժածին ջրից հանելուց հետո պետք է անմիջապես սկսել վերակենդանացման միջոցառումներ (արհեստական շնչառություն և սրտի արտաքին մերսում) կատարելը: Եթե փրկարարը մենակ չէ, ապա մյուսներն այդ ընթացքում պետք է շփեն և տաքացնեն տուժածի մարմինը: Եթե տուժածը սկսի շնչել, պետք է նրան հոտոտելու տալ անուշադրի սպիրտ: Եթե տուժածն ուշքի է եկել, նրան պետք է խմեցնել 20 կաթիլ վալերիանայի (կատվախոտ) թուրմ, հագցնել չոր հագուստ, տաք ծածկել, թունդ թեյ տալ և ապահովել հանգիստ վիճակ մինչև բժշկի գալը:

 

(նկար)

 

16. ՏՈՒԺԱԾԻՆ ՏԵՂԱՓՈԽԵԼՆ ՈՒ ՓՈԽԱԴՐԵԼԸ

 

Դժբախտ պատահարների դեպքում անհրաժեշտ է ոչ միայն անհապաղ օգնություն ցույց տալ տուժածին, այլև արագ և ճիշտ հասցնել նրան մոտակա բուժհաստատություն: Տեղափոխելու և փոխադրելու կանոնների խախտումը կարող է անուղղելի վնաս հասցնել տուժածին:

Տուժածին բարձրացնելու, տեղափոխելու ժամանակ անհրաժեշտ է հետևել, որ նա գտնվի հարմար դիրքում, և` չթափահարել նրան: Ձեռքերի վրա, առանց պատգարակի տեղափոխելու ժամանակ, օգնություն ցույց տվողները պետք է շարժվեն ոչ համաքայլ, մանր քայլերով, փոքր-ինչ ծալված ծնկներով: Տուժածին պետք է բարձրացնել և պատգարակին դնել ներդաշնակ շարժումներով, ավելի լավ է հրամանով:

Տուժածին պետք է վերցնել առողջ կողմից. այդ դեպքում օգնություն ցույց տվողները պետք է իջնեն նույն ծնկի վրա և ձեռքերն այնպես մտցնեն տուժածի մեջքի, գլխի, ոտքերի, հետույքի տակ, որ մատները երևան նրա մարմնի մյուս կողմից: Պետք է աշխատել տուժածին չտեղափոխել պատգարակի մոտ, այլ ծնկած տեղից վեր չկենալով, նրան թեթևակի բարձրացնել գետնից, որ պատգարակը մտցնեն նրա տակ: Դա հատկապես կարևոր է կոտրվածքների ժամանակ, այդ դեպքում որևէ մեկը պետք է պահի կոտրված տեղը: Գլխի, գանգոսկրի ու գլխուղեղի, ողնաշարի և ողնուղեղի, որովայնի վնասվածքի, կոնքոսկրի և ստորին վերջույթների կոտրվածքների դեպքում տուժածին փոխադրում են մեջքի վրա պառկած դիրքում: Տուժածի գլուխը պետք է կողքի թեքել, որպեսզի փսխուկը և արյունը չընկնեն շնչառական ուղիների մեջ: Վնասված ողնաշարով տուժածին փոխադրելու դեպքում պատգարակի պաստառի վրա պետք է դնել լայն տախտակ, իսկ նրա վրա` հագուստը. տուժածը պետք է պառկի մեջքի վրա:

Տախտակ չլինելու դեպքում տուժածին պատգարակի վրա պետք է պառկեցնել դեմքով ներքև (փորի վրա):

Ստորին ծնոտի կոտրվածքի դեպքում, եթե տուժածը շնչահեղձ է լինում, նրան պետք է պառկեցնել փորի վրա, դեմքով ներքև:

Որովայնի վնասվածքի կամ կոնքոսկրի կոտրվածքի դեպքում տուժածին պետք է պառկեցնել մեջքի վրա` «գորտի» դիրքով:

Կրծքավանդակի վնասվածքի դեպքում տուժածին պետք է տեղափոխել կիսանստած դիրքում` մեջքի տակ դնելով հագուստը: Հարթ տեղերով գնալիս տուժածին պետք է տեղափոխել ոտքերով դեպի առաջ: Սարով կամ սանդուղքով բարձրանալիս, ինչպես նաև, երբ տուժածը գտնվում է անգիտակից վիճակում, նրան պետք է տեղափոխել գլուխը դեպի առաջ: Որպեսզի պատգարակը չթեքվի, ներքևում գտնվող օգնություն ցույց տվողները պետք է բարձրացնեն պատգարակը: Ցնցումները կանխելու և պատգարակը չթափահարելու համար օգնություն ցույց տվողները պետք է քայլեն ոչ համաքայլ, մանր քայլերով:

Պատգարակով տեղափոխելու ժամանակ պետք է հետևել դրված վիրակապերի և տախտավանդների վիճակին: Երկար տարածություն տանելու ժամանակ պետք է փոխել տուժածի դիրքը, ուղղել գլխատեղը, տակը դրված հագուստը, հագեցնել ծարավը (բայց ոչ որովայնային վնասվածքի դեպքում), պաշտպանել ցրտից ու վատ եղանակից:

Տուժածին պատգարակից իջեցնելիս պետք է վարվել այնպես, ինչպես պատգարակին դնելիս: Տուժածին պատգարակով հեռու տարածություն տանելիս` օգնություն ցույց տվողները պետք է օգտվեն ուսափոկերից, որոնք կապում են պատգարակի բռնակներից և անցկացնում իրենց պարանոցին:

Ծանր վնասվածքներով տուժածին փոխադրելիս` լավ է նրան մեքենայի կամ սայլակի մեջ դնել հենց նույն պատգարակով` տակը փռելով խոտ, ծղոտ և այլն: Տուժածին պետք է փոխադրել զգուշորեն` խուսափելով ցնցումներից:

 

ՏՈՒԺԱԾԻՆ ՕԴԱՅԻՆ ԳԾԻ ՀԵՆԱՐԱՆԻՑ ԻՋԵՑՆԵԼԸ

 

Աշխատանքի ժամանակ դժբախտ պատահարի դեպքում, երբ տուժածն անգիտակից վիճակում գտնվում է ՕԳ-ի հենարանի վրա, պետք է իմանալ, թե ինչպես կարելի է իջեցնել նրան հենարանից:

Դրա համար ՕԳ-ի վրա աշխատանքներ կատարող բրիգադը պետք է հանդերձված լինի հատուկ հարմարանքներով.

ա. հենարանին ամրակապելու հարմարանք ունեցող միահոլովակ բազմաճախարակով,

բ. առնվազն 10 մմ տրամագծով և հենարանի կրկնակի բարձրության երկարությամբ (20 մ և ավելի) կապրոնե կամ բամբակե պարանով,

գ. ՕԳ-ի լարմանը համապատասխանող էլեկտրապաշտպանիչ միջոցներով:

Հենարանից տուժածին իջեցնելու համար նախատեսված բազմաճախարակը պետք է ունենա պարան և լինի մշտապես պատրաստ օգտագործման համար:

Տուժածին հենարանից իջեցնելուց առաջ պետք է միջոցներ ձեռք առնել` օգնություն ցույց տվողին հոսանահարվելն ու բարձրությունից վայր ընկնելը բացառելու համար: Հոսանահարման հնարավորությունը կանխելու համար անհրաժեշտ է պահպանել լարման տակ գտնվող ՕԳ-ից թույլատրելի հեռավորությունն` ըստ «Էլեկտրատեղակայանքների շահագործման անվտանգության տեխնիկայի կանոնների»: Եթե թույլատրելի հեռավորությունները հնարավոր չէ պահպանել, ապա ՕԳ-ն պետք է անջատվի փոխարկիչ սարքով կամ արհեստական կարճ միացում ստեղծելու միջոցով` մինչև 20 կՎ ՕԳ-ի վրա մետաղալար նետելով: Տուժածի մոտ կարելի է բարձրանալ հատուկ վերհան մեխանիզմների կամ հենարանի վրա բարձրանալու հարմարանքների (ճանկեր, մագլցիչներ) միջոցով: Անպայման պետք է օգտվել մոնտյորի գոտուց և պաշտպանիչ սաղավարտից:

Հենարանի վրա բարձրանալիս պետք է իր հետ ունենալ նաև տուժածին իջեցնելու համար նախատեսված բազմաճախարակը: Վերջինս պետք է հուսալիորեն ամրացվի հենարանի կառուցվածքային տարրերին (լայնակ, կեռ և այլն)` տուժածից վերև գտնվող մասերում: Որից հետո պարանի ծայրը պետք է անցկացնել և կապել տուժածի թևատակերից, որ իջեցնելիս` տուժածը գտնվի ուղղաձիգ դիրքում և օղակի միջից չսահի: Պարանի մյուս ծայրը պետք է իջեցնել գետնին: Այդ ծայրը պետք է 1-2 անգամ փաթաթել հենարանի գլանաձև որևէ տարրի (կանգնակ, լայնակ, կեռ և այլն) շուրջ` իջեցնելու ժամանակ արգելակման մոմենտ ստեղծելու և տուժածին լրացուցիչ վնասվածքներ չպատճառելու համար:

Բարձրանալով հենարանի վրա` պետք է որոշել տուժածի վիճակը և, վերակենդանացման միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտության դեպքում, կատարել թոքերի երկու ներփչում և առանց հապաղելու իջեցնել գետնին: Գետնի վրա կանգնած մարդը պետք է պարանից ձգելով մի փոքր բարձրացնի տուժածին, որպեսզի հնարավորություն տա ազատելու նրան ճանկերից (մագլցիչից) ու էլմոնտյորի ամրագոտուց: Տուժածին հենարանից ազատելուց հետո պետք է զգուշորեն և արագ իջեցնել գետնին և շարունակել առաջին օգնության ցույց տալը:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 18 ապրիլի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.04.2023
N 541-Ն
Որոշում