ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 հուլիսի 2022 թվականի N 1133-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ 2022-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1441-Լ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ
Փաստահավաք գործունեության իրականացման համար անհրաժեշտ կառուցակարգերի ներդնում
Անկախությունից ի վեր Հայաստանում տեղի ունեցած իրավունքների խախտումների դեպքերի ուսումնասիրության և դրանց վերաբերյալ տեղեկությունների հավաքման համար անհրաժեշտ է ձևավորել կառույց, որն իր հերթին, պետք է օժտված լինի այնպիսի գործառույթներով, որոնք հնարավորություն կտան ուսումնասիրել և քարտեզագրել 1991 թվականից սկսած Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային և պարբերաբար կատարված խախտումների դեպքերը և դրանց պատճառները, առաջարկներ ներկայացնել բացահայտված խախտված իրավունքները վերականգնելու և պաշտպանելու, ինչպես նաև դրանց կրկնությունը բացառելու համար: Այս համատեքստում փաստահավաք գործառույթներով օժտված մարմինը պետք է ուսումնասիրի և հավաքագրի 1991 թվականի սեպտեմբերից ի վեր Հայաստանի Հանրապետությունում համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների և հանրաքվեների կազմակերպման և անցկացման, հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումների, հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումների, անձանց սեփականության իրավունքից զրկելու այլ դրսևորումների, ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերի, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում վերոնշյալ դեպքերի և իրադարձությունների հետ համակարգային առումով փոխկապակցված այլ ոլորտներում տեղի ունեցած մարդու իրավունքների խախտման դեպքերը:
Փաստահավաք գործառույթներ իրականացնող կառույցն իրականացված ուսումնասիրություններից և բացահայտումներից հետո պետք է հնարավորություն ունենա հրապարակելու զեկույցներ` որպես իր կատարած աշխատանքների վերջնարդյունք` անդրադառնալով դեպքերի և իրադարձությունների ներկայացմանը, փաստերին, բացահայտված խախտումներին, դրանց արդյունքում կատարված եզրակացություններին, ինչպես նաև առաջարկություններին: Ընդ որում, նշված զեկույցները կարող են հասցեական ուղարկվել համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին` դրանք ուսումնասիրելու և, ըստ անհրաժեշտության, դրանցով պայմանավորված գործողություններ ձեռնարկելու համար: Իր հերթին, նշված զեկույցները կարող են ներկայացվել Ազգային ժողովի քննարկմանը` բացահայտումները ավելի արդյունավետ հանրային քննարկման առարկա դարձնելու, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, բացահայտումների լուծմանը և նման իրավիճակների հետագա կանխմանը ուղղված օրենսդրական նախաձեռնություններ իրականացնելու նպատակով:
Փաստահավաք գործառույթներ իրականացնող կառույցն իր գործունեության ընթացքում ուսումնասիրված դեպքերի և իրադարձությունների շրջանակում և դրանց կրկնությունը կանխելու նպատակով մշակում է ինստիտուցիոնալ բարեփոխումներին ուղղված առաջարկություններ, այդ թվում ուղղված անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններին, մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցների, հանցագործությունների և իրավախախտումների բացահայտման և անձանց պատասխանատվության ենթարկելու մեխանիզմների արդյունավետության բարձրացմանը, պետական և տեղական ինքնակառավարման ոլորտի արդյունավետության և թափանցիկության բարձրացմանը, հանրային ծառայողների բարեվարքության ամրապնդմանն ու բարելավմանը և այլն:
Նախանշված նպատակների իրականացման համար փաստահավաք գործառույթներ իրականացնող կառույցի գործառույթները, ի թիվս այլնի, պետք է ներառեն խախտումներից տուժած անձանց կողմից ներկայացված տեղեկությունների փաստաթղթավորումը, խախտումներից տուժած անձանց համաձայնությամբ նրանց պատմությունները հանրայնացնելը, պետական մարմիններից տեղեկություններ պահանջելը, բացատրություններ տալու նպատակով անձանց հրավիրելը, ինչպես նաև իրավապահ և այլ անհրաժեշտ մարմինների գործունեության ուսումնասիրության մեթոդաբանության մշակումը և այդ գործունեությանը գնահատական տալը` անդրադառնալով նաև դրանց հիման վրա կոռուպցիոն սխեմաների բացահայտմանը: Վերը նշվածի համատեքստում, ի թիվս այլ մոդելների, որպես օրինակ կարող է դիտարկվել արդեն իսկ գործող մարմնի շրջանակներում նման կառույցի ստեղծումը:
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿ
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ
Ժողովրդավարության կայացման և ամրապնդման շրջանակներում կարևոր նշանակություն ունի նաև ժողովրդավարական ինստիտուտների պարբերաբար առաջընթացը և զարգացումը: Նշվածով պայմանավորված` անհրաժեշտ է անդրադառնալ նաև դատական և իրավական բարեփոխումների համատեքստում ներառվող ժողովրդավարական ինստիտուտների, ինչպիսիք են սահմանադրությունը և ընտրական համակարգը, զարգացմանը:
Այսպես, 2015 թ.-ի փոփոխություններով Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը կիսանախագահական կառավարման համակարգից անցում կատարեց խորհրդարանական կառավարման համակարգի, ինչի արդյունքում վերափոխվեց նաև ամբողջ սահմանադրաիրավական համակարգը` կանխորոշելով մի շարք ուղղություններով Հայաստանի Հանրապետության զարգացման հեռանկարները: Օրինակ` ի համեմատ 2005 թ.-ի փոփոխություններով Սահմանադրության` էականորեն բարելավվեց մարդու հիմնական իրավունքների և ազատությունների սահմանումը: Սակայն, Սահմանադրության իրավակիրառ պրակտիկայի և երկրում տեղի ունեցած իրավաքաղաքական իրադարձությունների արդյունքում հասարակության, այդ թվում մասնագիտական տարբեր շրջանակներում քննարկման առարկա է դառնում այն, որ Սահմանադրությամբ, այնուամենայնիվ, առկա են տարբեր խնդրահարույց կարգավորումներ, որոնք որոշակի առումով կարող են խաթարել սահմանադրական կարգի, սահմանադրական մշակույթի կայացումը, իրավունքի գերակայության սկզբունքի պատշաճ ապահովումը և սահմանադրաիրավական նորմերի անխաթար կիրառումը: Ուստի, սահմանադրական բարեփոխումների իրականացումը պետք է նպատակ հետապնդի բացահայտել նման խնդիրների առկայությունը և անհրաժեշտության դեպքում երաշխավորել սահմանադրական կայունությունը, սահմանադրական և այլ մարմինների պատշաճ գործունեությունը և անձանց հիմնական իրավունքների իրացումը:
Հետևաբար, սահմանադրական փոփոխությունների հիմնական նպատակը բոլոր տեսակի սուբյեկտիվ գործոններից զերծ, առանց որևէ ուղղորդման, ժողովրդի կողմից իր ազատ կամահայտնության արդյունքում ընդունված Սահմանադրություն ունենալն է:
Հաջորդիվ հարկ է նկատել, որ Կառավարության 2019-2023 թվականների ծրագրի, ինչպես նաև Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության համատեքստում ընտրական օրենսդրության շրջանակներում սահմանված նպատակներին համապատասխան իրականացվեցին մի շարք բարեփոխումներ: Մասնավորապես, 2021 թվականին Ընտրական օրենսգրքում կատարվել են համապարփակ փոփոխություններ, որոնք լայնորեն քննարկվել և աջակցության են արժանացել կուսակցությունների և քաղաքացիական հասարակության խմբերի մեծ մասի կողմից: Արդյունքում պարզեցվել է ընտրակարգը և վերացվել է տարածքային ընտրացուցակների համակարգը, բարելավվել են կոալիցիաների ձևավորման, քարոզարշավների անցկացման կարգերը, բարձրացվել է ընտրությունների անցկացման թափանցիկությունը: 2021թ. տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները ԺՀՄԻԳ Դիտորդական առաքելության կողմից գնահատվել են որպես մրցունակ և ընդհանուր առմամբ լավ կազմակերպված` հաշվի առնելով վերջինիս կազմակերպման համար նախատեսված կարճ ժամանակահատվածը, ընտրողներն ունեցել են ընտրության լայն հնարավորություն, կարողացել են ազատ քարոզչություն իրականացնել(16): Բացի այդ, նոր օրենսդրությամբ 2021թ. համամասնական ընտրակարգով տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների լայնածավալ ընտրություններ 38 խոշորացված համայնքներում:
________________
16) Տե՛ս https://www.osce.org/files/f/documents/2/0/508394.pdf հղումով:
Սակայն ընտրությունների արդյունքում ակնհայտ դարձավ, որ ընտրական օրենսդրության շրջանակներում առանձին ուղղություններով դեռևս առկա է շարունակական բարելավումներ կատարելու անհրաժեշտությունը` ընտրական իրավունքի պատշաճ իրացումը հնարավորինս լիարժեք ապահովելու նպատակով: Այս առումով, բարելավման անհրաժեշտության մասին են վկայում նաև ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելությունների` 2018 և 2021թթ. Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով կազմված զեկույցները, որոնք թեև ընդգծում են այս ոլորտում Հայաստանի ընտրական օրենսդրության դրական զարգացումները, սակայն միաժամանակ նշում են որոշ ուղղություններով դեռևս առկա փոփոխությունների անհրաժեշտությունը(17):
_______________________________
17) Տե՛ս «Հայաստանի Հանրապետություն, Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, 9 դեկտեմբերի 2018թ.» ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության վերջնական զեկույցը` https://www.osce.Org/files/f/documents/9/b/4135640.pdf հղումով, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետություն, Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, 20 հունիսի 2021թ.» ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության վերջնական զեկույցը` https://www.osce.org/files/f/documents/2/0/508394.pdf հղումով:
Ընդ որում, որպես շարունակական բարեփոխումների հիմք պիտի ծառայեն ինչպես բարեփոխված ընտրական օրենսդրության փոփոխությունների կիրառման, հատկապես, 2021 թվականի խորհրդարանական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում վեր հանված խնդիրները, այնպես էլ նախկինում գոյություն ունեցած խնդիրները, որոնց կապակցությամբ դեռևս անհրաժեշտ է իրականացնել բարեփոխումներ:
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Սահմանադրական բարեփոխումների իրականացում 2022 թվականի հունվարի 27-ին սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու համար Վարչապետի որոշմամբ ձևավորել է սահմանադրական բարեփոխումների խորհուրդ և հաստատվել են խորհրդի անհատական կազմն ու խորհրդի գործունեության կարգը: Նույն որոշման հիման վրա մրցութային ընթացակարգով ձևավորվել է նաև սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը` կազմված հինգ անդամից: Ընդ որում, հանձնաժողովի կազմում ընդգրկվել են իրավաբանական գիտությունների դոկտորի, իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան կամ օտարերկրյա պետությունում իրավագիտության մագիստրոսի որակավորման աստիճան և իրավունքի ոլորտում առնվազն յոթ տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն ունեցող իրավաբաններ` ընտրված խորհրդի կողմից: Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հիմնական գործառույթն է բարեփոխումների ուղղությունների որոշումը, որոնց շրջանակներում մասնագիտական հանձնաժողովը իրականացնելու է հայեցակարգի և դրա հիման վրա նաև` Սահմանադրության փոփոխությունների նախագծի մշակումը:
Նշվածի համատեքստում անհրաժեշտ է ապահովել սահմանադրական բարեփոխումների խորհրդի և մասնագիտական հանձնաժողովի կողմից Սահմանադրության բարեփոխումների հայեցակարգի և նախագծի մշակման ուղղությունների հստակեցումը: Իր հերթին, սահմանադրական բարեփոխումների ներառականության ապահովման նպատակով անհրաժեշտ է քննարկումներ կազմակերպել հանրության լայն շրջանակների հետ, որոնց արդյունքում գեներացված կարիքների, խնդիրների և լուծման հնարավորությունների հիման վրա հնարավոր կլինի որոշել փոփոխությունների նպատակահարմարությունն ու օրակարգը, իսկ այնուհետև մշակել բարեփոխումների հայեցակարգը և ըստ անհրաժեշտության` Սահմանադրության փոփոխությունների նախագիծը:
Կայացած ընտրությունների ընթացքում ծագած և վերհանված խնդիրների վերհանման միջոցով ընտրական օրենսդրության բարեփոխում
Սահմանված ռազմավարական նպատակի համատեքստում անհրաժեշտություն է առաջանում վեր հանել 2018 և 2021 թվականների խորհրդարանական ընտրությունների, ինչպես նաև 2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների շրջանակներում դրսևորված տարբեր իրավական և գործնական խնդիրները, այդ թվում` ընտրությունների կազմակերպման և անցկացման թվային գործիքների ընդլայնման, ընտրությունների ժամանակ անձի համընդհանուր (ոչ միայն տեղամասային մակարդակով) նույնականացման միասնական եղանակի ներդրման, այդ թվում` տեղեկատվական շտեմարանների փոխգործելիությանն ուղղված նոր գործիքակազմերի ներդրման առնչությամբ: Իր հերթին, նախընտրական քարոզչության առնչությամբ անհրաժեշտ է օրենսդրական մակարդակում ճիշտ հավասարակշռել նախընտրական քարոզարշավի ընթացքը, ապահովել հանրային հարթակների և ռեսուրսների հավասար հասանելիությունը: Ընտրական օրենսդրության բարելավման և ընտրական իրավունքի պատշաճ իրացման տեսանկյունից առանձնակի կարևորություն է ձեռք բերում վեր հանված խնդիրների համակարգումն ու գույքագրումը, որը կարող է հիմք հանդիսանալ ընտրական օրենսդրության վերանայման համար: Վերոնշյալի համար հիմք կարող են ծառայել նաև ընտրական օրենսդրության բարեփոխման նախկին գործընթացների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումները, ինչպես նաև կայացած ընտրությունների վերաբերյալ միջազգային և տեղական դիտորդական առաքելությունների կողմից հրապարակված զեկույցներում արծարծված հարցերը:
Այնուհետև, Ընտրական օրենսդրության գույքագրված խնդիրների լուծման կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանալու մշակել դրանց վերացմանն ուղղված իրավական նորմեր և կառուցակարգեր և օրենսդրությամբ սահմանված կարգով նախաձեռնել դրանց քննարկումն ու ընդունումը Ազգային ժողովի կողմից:
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿ
ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ
Հայաստանի Հանրապետությունը` որպես ժողովրդավարական և իրավական պետություն, հանձն է առել շարունակաբար ամրապնդել և զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, որպիսի նպատակի իրականացման տեսանկյունից առաջնային կարևորություն ունի անկախ և անաչառ դատական համակարգի առկայությունը: Այս համատեքստում, 1985 թվականին Միավորված ազգերի կազմակերպության կողմից ընդունված Դատական իշխանության Անկախության սկզբունքների(18) համաձայն` դատական իշխանության անկախությունը պետք է երաշխավորվի տվյալ պետության կողմից և ամրագրում ստանա Սահմանադրության կամ օրենքի մակարդակում: Դատական իշխանության անկախությունը ապահովելը բոլոր պետական և ոչ պետական կառույցների պարտականությունն է: Ավելին, սկզբունքներով սահմանվել է դատական գործընթացների անհարկի միջամտության ու կայացված դատական որոշումները վերանայելու արգելքը: Իր հերթին, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի թիվ (2010)12 հանձնարարականով(19) սահմանվում է դատարանների անկախության նպատակը, համաձայն որի` այն նպատակ ունի երաշխավորել յուրաքանչյուրի արդար դատաքննության իրավունքը` առանց անհարկի ճնշումների և հիմնվելով իրավական հիմքերի վրա: Դատավորների անկախությունը պետք է դիտարկվի որպես ազատության, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի և օրենքի անաչառ կիրառության երաշխիք:
_______________________
18) Basic Principles on the Independence of the Judiciary, Adopted by the Seventh United Nations Congress on 1985, հասանելի է հետևյալ հղումով` https://www.ohchr.org/en/professionalinterest/pages/-independencejudiciary. aspx:
19) Եվրոպայի խորհուրդ, Նախարարների կոմիտեի թիվ (2010)12 հանձնարարական, կետ 3
Վերոգրյալի համատեքստում դատական իշխանության անկախության ապահովման կարևոր նախադրյալներից են արդարադատության արդյունավետության բարձրացումը և դատական պրակտիկայի միասնականության ապահովումը, արդարադատության իրականացման ոլորտում իրավական որոշակիության առկայությունը, դատական գործերի քննության ողջամիտ ժամկետների առավել լիարժեք պահպանման ապահովումը և դատաիրավական ժամկետների խնայողության սկզբունքի արդյունավետ իրականացման նպատակի իրացումը: Նշվածով պայմանավորված` դատական համակարգի շարունակական բարեփոխումները, ի թիվս այլնի, պետք է նպատակ հետապնդեն.
. երաշխավորել արդարադատության արդյունավետության բարձրացման և դատական պրակտիկայի միասնականության ապահովումը, ինչպես նաև արդարադատության իրականացման ոլորտում սահմանել իրավական որոշակիության ավելի բարձր նշաձող, ապահովել դատական գործերի քննության ողջամիտ ժամկետների առավել լիարժեք պահպանման և դատավարական ժամկետների խնայողության սկզբունքի արդյունավետ իրականացման նպատակի իրացումը.
. ապահովել դատարանների մասնագիտացումների և դատավորների ենթամասնագիտացումների առկայությունն իրավունքի տարբեր ենթաոլորտներում, որի միջոցով մի կողմից կերաշխավորվի գործերի առավել մասնագիտական քննությունը, հատկապես երբ խոսքը վերաբերում է բարդ, համալիր իրավահարաբերությունների և նեղ մասնագիտական գիտելիքների կիրառություն պահանջող գործերի քննությանը, մյուս կողմից` հնարավորություն կստեղծի վերաբաշխելու դատական համակարգի ընդհանուր ծանրաբեռնվածությունը.
. բարձրացնել դատավորների թեկնածուների ընտրության գործընթացի օբյեկտիվությունը և հիմնավորվածությունը.
. ապահովել դատական համակարգում դատավորների վարձատրության շարունակական բարձրացումը` սկսած բարձր ատյաններից.
. ապահովել դատավորների բարեվարքության շարունակական ստուգումը.
. շարունակել դատարանների շենքային պայմանների բարելավման գործընթացը.
. և այլն:
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Դատարանների մասնագիտացման կամ դատավորների ենթամասնագիտացման, կարողությունների, ինչպես նաև բարեվարքության կառուցակարգերի զարգացման շարունակական ապահովում
Ինչպես հասարակական հարաբերությունները, այնպես էլ իրավունքը պարբերաբար և անընդհատ զարգանում են, ինչն անհրաժեշտություն է առաջացնում նախատեսել նոր կամ զարգացած հասարակական հարաբերությունների շրջանակներում ծագած իրավական վեճերի լուծման նոր մոտեցումներ և կառուցակարգեր: Այս առումով, հարկ է նկատի ունենալ, որ զարգացումները հաճախ տեղի են ունենում իրավունքի միևնույն ոլորտում` առաջացնելով դրա ճյուղավորումներ տարբեր ենթաոլորտներով, որոնց համապատասխան ճյուղավորվում են նաև իրավաբանների, այդ թվում վեճերը լուծող դատավորների մասնագիտացումները: Արդյունքում, օբյեկտիվորեն տարբեր դատավորներ առավել մասնագիտանում են իրավունքի այս կամ այն ենթաոլորտում` ըստ համապատասխան ենթամասնագիտացումների. օրինակ` կոռուպցիոն հանցագործություններ, մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր, առևտրային վեճեր, հարկային իրավախախտումների գործեր և այլն: Նման պարագայում, երբ զարգացումները տեղի են ունենում առավելապես ենթամակարդակներում, առավել նպատակահարմար է թվում ոչ միայն առանձին մասնագիտացված դատարանների ստեղծումը, այլև ընդհանուր իրավասության կամ որևէ մասնագիտացված դատարանում առանձին ենթամասնագիտությամբ դատավորների նախատեսումը կամ ընդհանուր իրավասության դատարանների այնպիսի վերաիմաստավորումը, որի դեպքում դրանք կկարողանան առանձին քննել նման ենթաոլորտների շրջանակներում ծագող վեճերը: Ներկայումս դատավորների մասնագիտացման առումով նախատեսված է նրանց մասնագիտացումն ըստ իրավունքի ոլորտների` քաղաքացիական, քրեական և վարչական, իսկ քաղաքացիական մասնագիտացման ներսում` նաև սնանկության մասնագիտացումը: Հատկանշական է, որ ենթամասնագիտացումների զարգացման միտումները արդեն իսկ դրսևորվում են հայաստանյան իրավական համակարգում. մասնավորապես, օրինակ, ներդրվել է մինչդատական քրեական վարույթի և օպերատիվ-հետախուզական միջոցառումների վերաբերյալ միջնորդություններ քննող դատավորների ինստիտուտը, Վճռաբեկ դատարանում ներդրվել են վարչական և հակակոռուպցիոն պալատները: Իր հերթին, օրենսդրությամբ առկա է առանձին տեսակի գործերով դատավորների առանձնացման հնարավորությունը: Այնուամենայնիվ, ինստիտուցիոնալ առումով նման մեխանիզմներ ներկայումս ներդրված չեն, և դա թողնված է Բարձրագույն դատական խորհրդի հայեցողությանը: Իր հերթին, նշվածի համատեքստում հատուկ կարևորվում է նաև դատավորների կարողությունների զարգացման շարունակական ապահովումը, որը միտված կլինի արդյունավետ արդարադատության ապահովմանը, դատական պաշտպանության իրավունքի պատշաճ երաշխավորմանը, դատավորների մասնագիտական որակների բարձրացմանը, ինչպես նաև դատավորների մասնագիտացման (ենթամասնագիտացման) կայուն զարգացման ապահովմանը: Այս համատեքստում անհրաժեշտ է իրականացնել դատավորների վերապատրաստումներ, հատկապես նոր ներդրված մասնագիտացումներով, ինչպես օրինակ` հակակոռուպցիոն դատարանների դատավորներն են:
Բացի այդ, անհրաժեշտ է նախատեսել դատավորների բարեվարքության շարունակական ստուգման կառուցակարգեր, որոնց ընթացքում կիրականացվի գույքային դրության, անհամատեղելիության պահանջների պահպանվածության, շահերի բախման իրավիճակների, այլ սահմանափակումների և օրենքով նախատեսված այլ պահանջների և տեղեկատվության ստուգում:
Հարկ է նշել, որ ներկայումս առկա կարգավորումները թույլ են տալիս իրականացնել միայն նոր նշանակվող և առաջխաղացման ենթակա դատավորների բարեվարքության ստուգում, իսկ հետագայում ստուգվում է միայն վերջիններիս գույքային դրությունը: Արդյունքում բացակայում է հնարավորությունը բացահայտելու պաշտոնավարման ընթացքում անհամատեղելիության պահանջների, շահերի բախման, այլ սահմանափակումների առկայությունը և օրենքով սահմանված այլ տեղեկատվությունը:
Այսպիսով, թեպետ օրենսդրությամբ առկա են դատավորների բարեվարքության ստուգմանն ուղղված մեխանիզմներ, այնուամենայնիվ, առկա կառուցակարգերը հնարավորություն չեն տալիս լիարժեք պատկեր կազմել դատական համակարգի ընդհանուր բարեվարքության վերաբերյալ:
Այդ է պատճառը, որ նախատեսվում է ձևավորել բարեվարքության ստուգման «երկաստիճան» համակարգ, որի գործողությունը կտարածվի թե` նոր նշանակվող, թե` առաջխաղացման ենթակա դատավորների և թե` գործող դատավորների բարեվարքության գնահատման նկատմամբ: Առաջարկվող կառուցակարգի ներդրմամբ հնարավորություն կստեղծվի ստուգել դատավորների բարեվարքությունը պաշտոնը ստանձնելու և առաջխաղացման փուլերում (նախնական ստուգում), իսկ հետագայում իրականացնել ընթացիկ ստուգում, որը կապահովի գործող դատավորների բարեվարքության շարունակական գնահատումը:
Միաժամանակ, պետք է արձանագրել, որ դատավորների բարեվարքության պարբերական ստուգման իրականացումը կարևոր նշանակություն ունի դատական համակարգում կոռուպցիայի կանխարգելման համար: Մյուս կողմից, նշված քայլերը կապահովեն դատավորի բարեվարք կերպարի ձևավորումը` դրանով իսկ նպաստելով հանրության մոտ դատական իշխանության նկատմամբ վստահության բարձրացմանը:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի արդյունավետության բարձրացում
Ներկայումս Երևան քաղաքում գործում է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, որին ենթակա են քրեական և քաղաքացիական գործերի քննությունը: Հատկանշական է, որ դատարանին հատկացվող տարեկան բյուջեն կազմում է շուրջ 4,2 մլրդ ՀՀ դրամ (2021 թ.-ի համար), ինչպես նաև այդտեղ գործում են թվով 72 դատավորներ, որոնցից 33-ը քրեական, իսկ 39-ը քաղաքացիական մասնագիտացմամբ: Այս համատեքստում Երևան քաղաքի առաջին ատյան ընդհանուր իրավասության դատարանի անձնակազմը ամենամեծն է Հայաստանի դատական համակարգում, ինչով պայմանավորված էլ դրա գործունեության ղեկավարման կապակցությամբ առաջանում են տարատեսակ բարդություններ: Այսպես, այս դատարանի աշխատանքը համակարգվում և ղեկավարվում է մեկ անձի` դատարանի նախագահի կողմից: Նման պարագայում օբյեկտիվորեն բարդություններ են առաջանում դատարանի բնականոն գործունեությունը ապահովելու, դատարանի աշխատակազմի գործունեությունը վերահսկելու և նման այլ հարցերում: Բացի այդ, առկա է անհրաժեշտություն բարելավելու դատարան մուտք լինող գործերի` դատավորների միջև օպերատիվ բաշխման ընթացքը` հաշվի առնելով, որ ներկայումս Երևան քաղաքի դատարանը ունի 6 նստավայր:
Ուստի, անհրաժեշտ է ուսումնասիրել Երևան քաղաքում առաջին ատյանի քրեական և քաղաքացիական դատարաններ ձևավորելու իրավական հնարավորությունը և ըստ անհրաժեշտության մշակել օրենսդրական փոփոխությունների փաթեթ` նշված դատարանների ձևավորման վերաբերյալ:
Դատավորների վարձատրության շարունակական բարձրացում` սկսած բարձր ատյաններից
Վճռաբեկ դատարանի և Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրության հետ կապված հարաբերությունները, այդ թվում` աշխատավարձի չափը, կարգավորվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով (այսուհետ` Օրենք): Օրենքով Վճռաբեկ դատարանի և Սահմանադրական դատարանի դատավորների համար սահմանված վարձատրության չափը, սակայն, չի համապատասխանում վերջիններիս կողմից կատարվող պարտականությունների բնույթին և նրանց վրա դրված առաջադրանքների կարևորությանը: Դատավորի պաշտոնին ու պատասխանատվությանը համապատասխանող պատշաճ վարձատրության ապահովման անհրաժեշտության մասին նշվել է նաև «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի աջակցությամբ իրականացվող «Դատական իշխանության անկախության ապահովումը դատաիրավական բարեփոխումների համատեքստում» ծրագրի շրջանակներում պատրաստված «Դատական իշխանության անկախության ապահովում ֆինանսավորման միջոցով» զեկույցում(20):
__________________
20) Տե՛ս https://www.osf.am/wp-content/uploads/2022/02/%D4%B6%D5%A5%- D5%AF%D5%-B8%D6%82%D5%B5%D6%81-%D4%B4%D5%A1%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6- %D5%AB%D5%B7%D5%AD%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1% D5%B6%D5%AF%D5%A1%D5%AD%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BA%- D5%A1%D5%B0%D5%B8%D5%BE%D5%B8%D6%82%D5%B4-%D6%86%D5%AB%D5%B6%D5%A1%D5%B6%- D5%BD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%AB%D5%BB%D5%B8%- D6%81%D5%B8%D5%BE.pdf հղումով, էջ 57:
Այս առումով պետք է նկատի ունենալ, որ օրինակ, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-337-Ն օրենքով հակակոռուպցիոն դատարանի դատավորի համար, գործունեության ոլորտով պայմանավորված ռիսկայնությունից ելնելով, սահմանվեց հավելում` պաշտոնային դրույքաչափի 70 տոկոսի չափով: Նույն ձևով վերաքննիչ քրեական դատարանի կոռուպցիոն հանցագործությունների գործերը քննող առանձին դատավորների և վերաքննիչ քաղաքացիական դատարանի քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցերով և «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցերով հարուցված քաղաքացիական գործեր քննող առանձին դատավորների համար, գործունեության ոլորտով պայմանավորված ռիսկայնությունից ելնելով, սահմանվեց հավելում` պաշտոնային դրույքաչափի 60 տոկոսի չափով: Որպես նշված փոփոխությունների տրամաբանական շարունակություն` անհրաժեշտ է նախ և առաջ վերանայել Վճռաբեկ դատարանի և Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրության չափը: Նման անհրաժեշտությունը պայմանավորված է ինչպես ներպետական համակարգում ամրագրված` Վճռաբեկ դատարանի և Սահմանադրական դատարանի սահմանադրական կարգավիճակով, գործունեության վերաբերյալ առկա կարգավորումներով, այնպես էլ միջազգային կառույցների կողմից դատական համակարգին տրվող երաշխիքների վերաբերյալ արտահայտած դիրքորոշումներով: Որպես նշված գործընթացի շարունակականություն` անհրաժեշտ է աստիճանաբար քայլեր ձեռնարկել նաև մյուս ատյաններում դատավորների սոցիալական երաշխիքների վերանայման առումով:
Հակակոռուպցիոն դատարանի շենքային և նյութատեխնիկական հագեցվածության ապահովում
Հակակոռուպցիոն դատարանի ձևավորման գործընթացը սկսվել է 2021 թվականին` համապատասխան օրենսդրական փոփոխությունների արդյունքում: Ներկայումս, արդեն իսկ, ընթանում է դատավորների թեկնածուների ընտրության գործընթացը, սակայն դատարանի ձևավորման և գործունեությունը սկսելու համար առկա չեն շենքային պայմաններ և նյութատեխնիկական հագեցվածություն: Մասնավորապես, առկա է անհրաժեշտություն քաղաք Երևանում կառուցել հակակոռուպցիոն դատարանի և հակակոռուպցիոն կոմիտեի նոր շենքային համալիր, ինչպես նաև Արա Սարգսյան 5/1, Գարեգին Նժդեհի 23/1 և Թբիլիսյան խճուղի 3/9, Բաշինջաղյան 100 հասցեներում իրականացնել շինարարական և վերանորոգողական աշխատանքներ` ապահովելու համար Հակակոռուպցիոն դատարանի դատավորների (ներառյալ դրա ակտերի դեմ բերված բողոքները քննող կազմի) անհրաժեշտ շենքային պայմանները և դատարանի բնականոն գործունեությունը:
Դատավորների թեկնածուների ընտրության գործընթացի բարելավում
2020 թվականին Դատական օրենսգրքում կատարված փոփոխություններով մի շարք նորամուծություններ մտցվեցին դատավորների ընտրության և նշանակման գործընթացում, այդ թվում` որակավորման ստուգման արդյունքների բողոքարկման, ինչպես նաև հարցազրույցի փուլում գրավոր քննության արդյունքները հաշվի առնելու կարգավորումների մասով: Այնուամենայնիվ, դատավորների ընտրության և նշանակման գործընթացի նկատմամբ վստահության, ինչպես նաև գործընթացի օբյեկտիվության բարձրացման տեսանկյունից կարևոր է նաև այնպիսի կառուցակարգերի ներդնումը, որոնց միջոցով հնարավոր կլինի ապահովել գործընթացի գրավոր և բանավոր փուլերի արդյունքների համադրումը` գնահատման միասնական համակարգի միջոցով: Իր հերթին, անհրաժեշտ է վերանայել նաև դատավորների ներգրավման օրենսդրական կարգը, ինչը հնարավորություն կտա տարբեր բարձր մասնագիտական պահանջների բավարարող անձանց համար սահմանել առավել ճկուն ընթացակարգեր` ապահովելով դատական համակարգի գրավչության բարձրացումը, ինչպես նաև ավելի մեծ թվով պրոֆեսիոնալ անձանցով համալրումը: Միևնույն ժամանակ, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն նույնպես կարևորում է դատական նշանակումների իրականացումը օրենքով նախատեսված օբյեկտիվ չափանիշների հիման վրա(21) հաշվի առնելով անձի որակավորումը, բարեվարքությունը, կարողությունները և արդյունավետությունը(22):
_________________________
21) Դատավորների անկախության, արդյունավետության և պարտականությունների մասին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի CM/Rec(2010)12 հանձնարարական, տե՛ս https://www.icj.org/wp-content/uploads/2014/06/CMRec201012E.pdf հղումով:
22) Դատավորների աշխատանքի գնահատման, արդարադատության որակի և դատական անկախության նկատմամբ հարգանքի վերաբերյալ Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի թիվ 17 կարծիք, 2014, տե՛ս https://www.ejtn.eu/- Documents/About%20EITN/RoL%20Project/RoL 2019 02 Brussels-/CCIE%200pinion% 20no%2017%20on%20the%20evaluation%20of%20judges%60%20work,%20qualitv%20of% 20justice%20and%20respect%20for%20judicial%20independence.pdf հղումով:
Այս առումով գործընթացի բարելավման անհրաժեշտությունը ընդգծվել է նաև Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023թթ. ռազմավարության այլընտրանքային մշտադիտարկման արդյունքում(23):
___________
23) Տե՛ս Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից կազմված «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության 2019-2021 թվականների մշտադիտարկման արդյունքների» զեկույցը https://armla.am/wp-content/uploads/2022/05/%D4%B4%D4%BB%D4%B2%D5%8C %D40%B6%D5%A5%D5%AF%D5%B8%D6%82%D5%B5%D6%81%D4%BB%D5%80%D4%B1.pdf հղումով:
Բարձրագույն դատական խորհրդի` կարգապահական գործերով որոշումների բողոքարկման իրավական հնարավորության նախատեսում
Դատարանների և դատավորների անկախությունն ապահովող մարմինների, ինչպիսիք են դատական խորհուրդները կամ կարգապահական դատարանները, դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ անցկացնելու լիազորությանը զուգահեռ անհրաժեշտ է որպեսզի գոյություն ունենա նաև կարգապահական գործերով որոշումները բողոքարկելու հնարավորություն(24): Այս համատեքստում Սահմանադրությանը և Դատական օրենսգրքին համապատասխան Հայաստանում դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցերը լուծում է Բարձրագույն դատական խորհուրդը` գործելով որպես դատարան: Սակայն, հարկ է նկատել, որ բացակայում է Բարձրագույն դատական խորհրդի` կարգապահական գործերով կայացրած որոշումները բողոքարկելու, այն է մեկ այլ անձանց կողմից նույն (այլ ոչ թե նոր ի հայտ եկած) փաստերի և ապացույցների հիման վրա կայացված որոշման օրինականության և արժանահավատության ստուգման իրավական հնարավորությունը(25): Այսպես, Վենետիկի հանձնաժողովը, նշված իրողությունը դիտարկելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) 6-րդ հոդվածի լույսի ներքո, ընդգծել է Բարձրագույն դատական խորհրդի որոշումների բողոքարկման իրավական հնարավորության նախատեսման կարևորությունը: Իր հերթին, Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհուրդը նույնպես կարևորել է դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և լիազորությունների դադարեցման վերաբերյալ որոշումները դատական վերանայման օբյեկտ դիտարկելը(26): Դատական օրենսգրքում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումների բողոքարկման հնարավորության նախատեսման հարցը բարձրացվել է նաև Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) զեկույցներում: Մասնավորապես, ԳՐԵԿՈ-ի գնահատման խումբը դեռևս 2015 թ.-ին կազմված զեկույցի շրջանակներում ընդգծել է կարգապահական որոշումները դատարանում բողոքարկելու դատավորների իրավունքի կարևորությունը, ի հակադրություն այդ պահին ներկա իրավիճակի, երբ գործի էր դրվում միայն Արդարադատության խորհուրդը, որը պետք է «գործի որպես դատարան», և դատավորներին հնարավորություն չէր տրվում վիճարկել Արդարադատության խորհրդի որոշումները», ըստ էության, ինչպես ներկայումս Բարձրագույն դատական խորհրդի դեպքում է(27): Այնուհետև, 2021 թվականի համապատասխանության միջանկյալ զեկույցում նշվել է, որ թեև դատավորների աշխատանքի ընդունման և առաջխաղացման վերաբերյալ որոշումների բողոքարկման պատշաճ մեխանիզմներ ստեղծվել են, սակայն դա չի վերաբերում աշխատանքից ազատումներին(28):
_______________________________
24) «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) դատական համակարգի անկախության մասին զեկույց, մաս 1. «Դատավորների անկախությունը», կետ 43, էջ 9:
25) Այլ առումով Վենետիկի հանձնաժողովը վկայակոչել է նաև, որ ԲԴԽ-ի կողմից իր անդամների 2/3-ի համաձայնությամբ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին կարգավորումը կարող է շատ բարձր շեմ լինել:
26) Դատավորների անկախության, արդյունավետության և պարտականությունների մասին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի CM/Rec(2010)12 հանձնարարական, տե՛ս https://www.icj.org/wp-content/uploads/2014/06/CMRec201012E.pdf հղումով:
27) Տե՛ս Greco Eval IV Rep (2015) 1E:
28) Տե՛ս GrecoRC4(2021)15:
Վերոգրյալի համատեքստում անհրաժեշտություն է առաջանում բարեփոխել նաև վերաբերելի օրենսդրությունը` ապահովելով Բարձրագույն դատական խորհրդի` կարգապահական գործերով կայացված որոշումների բողոքարկման իրավական հնարավորությունը: Ընդ որում, որպես առաջարկվող կառուցակարգին առավել հստակություն հաղորդող լուծում կարելի է քննարկել կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ հանդես եկող անձին նաև պատասխանատվության միջոցը միջնորդելու իրավասության վերապահումը: Իր հերթին, հաշվի առնելով գործող սահմանադրաիրավական նորմերը, որպես առաջարկվող լուծում կարելի է դիտարկել հենց Բարձրագույն դատական խորհրդի շրջանակներում նման բողոքների քննությունը:
Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամների թվի հարաբերակցության վերանայում
Ներկայումս դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը կազմված է 8 անդամներից, որոնցից ոչ դատավոր անդամների թիվը սահմանափակվում է 2-ով: Արդյունքում, սակայն, դատավոր անդամները, միևնույնն է, ունենում են գերակշիռ մասնակցություն հանձնաժողովի կազմում և դրա որոշումների կայացման ընթացքում:
Այս համատեքստում հարկ է նկատի ունենալ, որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքին ներկայացված Դատական օրենսգրքի փոփոխությունների նախնական տարբերակում հանձնաժողովի կազմում նախատեսված էր երեք ոչ դատավոր անդամների ներգրավում, ինչը Վենետիկի հանձնաժողովը ողջունելի էր համարել` հանձնաժողովի գործունեությունը արտաքին վերահսկողության/դիտարկման համար առավել բաց դարձնելու տեսանկյունից(29): Իր հերթին, 2017 թ.-ի հոկտեմբերին Դատական օրենսգրքի նախագծի վերաբերյալ տրված կարծիքում(30) Վենետիկի հանձնաժողովը ընդգծել է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովում կորպորատիվ մոտեցում որդեգրելու ռիսկերը` առաջարկելով հանձնաժողովի կազմի հավասարակշռումը ոչ դատավոր անդամների ընդգրկման միջոցով:
_______________________
29) Տե՛ս Վենետիկի հանձնաժողովի և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինություն համատեղ թիվ CDL-AD(2019)024 կարծիքը https://www.venice.coe.int/webforms/documents/?pdf=CDL-AD (2019)024-e հղումով: 30) Տե՛ս Վենետիկի հանձնաժողովի թիվ CDL-AD(2017)019 կարծիքը https://www.venice.coe.int/webforms/documents/?pdf=CDL-AD(2017)019-e հղումով:
Վերոգրյալի համատեքստում անհրաժեշտ է վերանայել դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հանձնաժողովում որոշումների կայացման գործընթացում ոչ դատավոր անդամների ձայների կշիռը:
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿ
ՔՐԵԱԻՐԱՎԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ
Քրեական և քրեական դատավարության ոլորտի բարեփոխումները պայմանավորված են ոլորտային նոր օրենսգրքերի ընդունմամբ: Մասնավորապես, անհրաժեշտ է ապահովել ինչպես նոր օրենսգրքերի կիրարկումը, այնպես էլ դրանց պրակտիկ կիրառման համար ստեղծել անհրաժեշտ իրավական և գործնական նախադրյալներ:
Միևնույն ժամանակ, բարեփոխումների տրամաբանությունից բխում է նաև քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում համակարգային բարելավումների իրականացումը: Ընդ որում, բարելավումները պետք է իրականացվեն ինչպես ընթացակարգային, այնպես էլ կադրային և նյութական ռեսուրսների զարգացման ուղղություններով, ներառյալ` էլեկտրոնային գործիքների ներդնումը: Էլեկտրոնային արդարադատության համակարգերի ներդնմանը զուգահեռ իրավական դաշտի համապատասխանեցումը և նախապատրաստումը բխում են նաև այս ոլորտում սահմանված Եվրոպայի խորհրդի չափանիշներից. օրինակ` Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովի (CEPEJ) կողմից մշակված ուղեցույցի համաձայն` էլեկտրոնային արդարադատության վերաբերյալ օրենսդրությունը անհրաժեշտ նախապայման է դատական ընթացակարգերի հաջող թվայնացման համար(31): Իր հերթին, Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհուրդը, նույնպես ընդգծելով նախօրոք օրենսդրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը, նշել է նաև, որ դրանք պետք է ուժի մեջ մտնեն էլեկտրոնային համակարգերի ներդնումից հետո միայն(32):
________________________
31) Տե՛ս CEPEJ, Guidelines on electronic court filing (e-filing) and digitalisation of courts, 2021
32) OPINION ON THE DRAFT JUDICIAL AND LEGAL REFORMS STRATEGY FOR 2022-2026 OF THE REPUBLIC OF ARMENIA AND THE ACTION PLAN DERIVING THEREFROM (PRELIMINARY ASSESSMENT), European Union and Council of Europe Partnership for Good Governance 2019-2022, Project «Support to the judicial reform - enhancing the independence and professionalism of the judiciary in Armenia», 21 May 2022
Այս համատեքստում կարևոր է անդրադառնալ նաև քննչական մարմիններին, որոնց համար նոր օրենսգրքերի ընդունմամբ պայմանավորված անհրաժեշտ է սահմանել նախադրյալներ` ապահովելու վարույթի արդյունավետությանը միտված նրանց մասնագիտական որակները և կարողությունները:
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի պրակտիկ կիրառման ապահովում
Ազգային ժողովի կողմից 2021 թվականի մայիսի 5-ին և 2021 թվականի հունիսի 30-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել են համապատասխանաբար քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերը: Օրենսգրքերի կիրառումն ապահովելու նպատակով անհրաժեշտ աշխատանքներն իրականացվում են մի քանի ուղղություններով` օրենսգրքերը կիրառող մարմինների նյութատեխնիկական և անհրաժեշտ հաստիքային միավորներով ապահովում, հարակից օրենքների ներդաշնակեցում, որը նախատեսված է նշված օրենսգրքերի կիրարկման ցանկերում, իրավապահ մարմինների իրազեկում: Հաշվի առնելով սույն ռազմավարության էությունն ու թիրախները` անհրաժեշտ է ռազմավարական մակարդակում հստակեցնել ճանապարհային այն քարտեզը, որը միտված է լինելու երկու նոր օրենսգրքերի սահուն իմպլեմենտացիայի ապահովմանը:
Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտում կարողությունների հզորացում
Արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները տարիներ շարունակ կենտրոնացված են եղել առավելապես դատական ոլորտի վրա, մինչդեռ քրեական արդարադատության շղթայի մաս կազմող այլ սուբյեկտները ևս անմասն չպետք է մնան բարեփոխումների համալիրից: Այս շղթայի մեջ իրենց ուրույն տեղն ունեն քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունները, որոնց զարգացումն ուղղակիորեն ազդում է արդարադատության ողջ համակարգի բարելավման վրա:
Մասնավորապես` Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը, հատկապես հայեցակարգային առումով նոր քրեակատարողական հիմնարկի ձևավորման համատեքստում, և Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությունը անհրաժեշտ է համալրել պրոֆեսիոնալ և բարեվարք կադրերով` գործնականում վերասոցիալականացման և վերականգնողական արդարադատության գաղափարախոսությունները ամրապնդելու նպատակով: Որակյալ կադրերի պատրաստումը կարող է իրականացվել Պարեկային ծառայության օրինակով` տեսական և գործնական գիտելիքների համատեղման նմանատիպ մեթոդների կիրառմամբ: Բացի այդ, քրեակատարողական ծառայողների հաշվետու և թափանցիկ գործելաոճն ապահովելու, կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակով` անհրաժեշտ է քրեակատարողական հիմնարկներն ապահովել արդի տեսահսկման և օպերատիվ կառավարման գործիքակազմերով, ինչը նաև հնարավորություն կտա հետագայում հնարավոր վարույթների շրջանակներում որպես ապացույց օգտագործել նշված գործիքակազմերի միջոցով ձեռք բերված տվյալները:
Սույն ռազմավարության շրջանակներում առանձնացվել են այն միջոցառումները, որոնք կարևորվում են դատական բարեփոխումների շարունակականությունը ապահովելու տեսանկյունից, իսկ այլ բարեփոխումները նախատեսված են նեղ ոլորտային ռազմավարությամբ:
Քննչական մարմինների համակարգի բարեփոխում
Արդարադատության համակարգի առողջացման նպատակով կարևոր է ապահովել, որ քննչական մարմիններն իրենց կառուցվածքով, գործունեության սկզբունքներով և մասնագիտական ներուժով համապատասխանեն արդարադատության նոր հայեցակարգի տեսլականին: Այս համատեքստում հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունը արդեն իսկ մի շարք օրենսդրական բարեփոխումների իրականացման արդյունքում ներդրել է բարեվարքության ուսումնասիրության կառուցակարգեր դատական, դատախազական համակարգերում, սույն գործընթացի կազմակերպման համար նախատեսվել է իրավասու մարմին, որը օժտվել է համապատասխան գործիքակազմով: Նշված կառուցակարգերը գործարկվել են նաև Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների համար: Սակայն հարկ է ապահովել նշված բարեփոխումների շարունակականությունը` դրանք տարածելով նաև իրավապահ համակարգի մյուս մարմինների վրա, այսպիսով ապահովելով նշված համակարգերում բարեվարք կադրերի ներգրավումը: Բացի այդ, իրավապահ համակարգում բարձր պրոֆեսիոնալիզմ ապահովելու նպատակով անհրաժեշտ է հետևողական լինել կարողությունների զարգացման հարցում` պարբերաբար իրականացնելով անձնակազմի վերապատրաստումներ:
Նշվածով պայմանավորված` քննչական մարմինների համակարգի բարեփոխման նպատակով անհրաժեշտ է`
ա) նախատեսել քննիչների թեկնածուների և առաջխաղացման ցուցակում ընդգրկված անձանց բարեվարքության ստուգման կառուցակարգեր.
բ) զարգացնել քննիչների, այդ թվում` Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կարողությունները` կոռուպցիոն, տնտեսական, պաշտոնեական և այլ հանցագործությունների քննության, էլեկտրոնային ապացույցների հետ աշխատելու և այլ բնագավառներում.
գ) նախատեսել քննիչների բարեվարքության շարունակական ստուգման կառուցակարգեր (գույքային դրություն, անհամատեղելիության պահանջների պահպանվածություն, շահերի բախման իրավիճակներ և այլ սահմանափակումներ):
Ինչպես դատական իշխանության պարագայում, քննչական մարմինների դեպքում ևս կարևոր է բարեվարք կադրերով համալրվածությունը: Հարկ է նշել, որ ներկայումս բարեվարքության ստուգման կառուցակարգեր սահմանված են միայն Հակակոռուպցիոն կոմիտեի պարագայում: Սակայն կարևորելով պետության զարգացման գործում կայացած, բարեվարք, կոռուպցիայից զերծ իրավապահ համակարգի առկայությունը` քննչական մարմիններում կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված քայլերը պետք է կրեն պարբերական բնույթ: Այս համատեքստում ևս կարևոր է քննիչների բարեվարքության ինչպես նախնական, այնպես էլ ընթացիկ ստուգման իրականացումը, որը ինչպես և դատավորների դեպքում հնարավորություն կստեղծի ստուգել քննիչների բարեվարքությունը պաշտոնը ստանձնելու և առաջխաղացման փուլերում (նախնական ստուգում), իսկ հետագայում իրականացնել ընթացիկ ստուգում: Բարեվարքության ընթացիկ ստուգման ընթացքում կիրականացվի գույքային դրության, անհամատեղելիության պահանջների պահպանվածության, շահերի բախման իրավիճակների, այլ սահմանափակումների և օրենքով նախատեսված այլ պահանջների և տեղեկատվության ստուգում, ինչն էլ կապահովի գործող քննիչների բարեվարքության շարունակական գնահատումը:
Դատախազների բարեվարքության ամրապնդում
Դատախազական համակարգի բարեփոխման նպատակով անհրաժեշտ է իրականացնել դատախազների բարեվարքության պարբերական գնահատում:
Ներկայումս Կառավարության առջև ծառացած հիմնական խնդիրներից է նաև բարեվարք, կոռուպցիայից զերծ դատախազական համակարգի ձևավորումը: Առկա կարգավորումները դատախազների բարեվարքության ստուգման սահմանափակ հնարավորություններ են տալիս և միայն պաշտոնի նշանակման կամ առաջխաղացման փուլում: Մինչդեռ կարևոր է ապահովել դատախազների բարեվարքությունը նրանց գործունեության ողջ ընթացքում, ինչը հնարավոր է երաշխավորել միայն որոշակի պարբերականությամբ իրականացվող ստուգումների միջոցով, երբ կիրականացվի նրանց գույքային դրության, անհամատեղելիության պահանջների պահպանվածության, շահերի բախման իրավիճակների, այլ սահմանափակումների և օրենքով նախատեսված այլ պահանջների և տեղեկատվության ստուգում:
Դատախազների բարեվարքության շարունակական ստուգման նշված կառուցակարգը կնպաստի բարեվարք, կոռուպցիայից զերծ դատախազական համակարգի ձևավորմանը: Նման պայմաններում արդեն իսկ իրականացված բարեփոխումները կամբողջականացվեն` ապահովելով դատախազական համակարգում բարեվարք կադրերի առկայությունը, որոնք իրենց գործունեությունը կիրականացնեն առավելապես անկաշկանդ և զերծ կլինեն մասնավոր շահերի ազդեցությունից:
Արդյունքում դատախազների դեպքում ևս, ինչպես քննիչների և դատավորների պարագայում, կձևավորվի բարեվարքության ստուգման «երկաստիճան» համակարգ. բարեվարքության նախնական ստուգում, որն իրականացվում է պաշտոնը ստանձնելու փուլում կամ առաջխաղացման դեպքում, և ընթացիկ ստուգում, որն իրականացվելու է որոշակի պարբերականությամբ` վերը բացահայտված բովանդակությամբ:
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ
Հայաստանի Հանրապետության ներկայիս քաղաքացիական օրենսգիրքն ընդունվել է 1998թ. մայիսի 5-ի Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մոդելային օրենսգրքի հիման վրա: Սակայն, ուղղված լինելով մասնավոր իրավահարաբերությունների կարգավորմանը` Քաղաքացիական օրենսգրքի կարգավորումները պարբերաբար և շարունակական վերանայման և բարելավման կարիք ունեն, ինչը պետք է նպատակ հետապնդի դրանք համապատասխանեցնել ժամանակակից տնտեսական կարգից բխող պայմաններին, շուկայի պահանջներին, տեխնոլոգիական զարգացումներին, և, իհարկե, միջազգային իրավական զարգացումներին: Նշված համատեքստում օրենսգրքի ընդունումից ի վեր դրանում ի հայտ են եկել կարգավորման տարբեր խնդիրներ, առանձին իրավական ինստիտուտների վերանայման կարիքներ և տարաբնույթ անճշտություններ:
Քաղաքացիական դատավարության ոլորտում իրավական բարեփոխումները մեծապես կյանքի են կոչվել 2018 թվականի փետրվարի 9-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի շրջանակներում: Այնուամենայնիվ, իրավական կարգավորման խնդիրները, հատկապես նոր ներդրված կարգավորումների և ինստիտուտների համատեքստում, մեծապես ի հայտ են գալիս դրանց կիրառման արդյունքում: Նշված հանգամանքներից է բխում Քաղաքացիական դատավարության օրենսգրքի կիրառման արդյունքում ծագած խնդիրների վերհանման և գույքագրման անհրաժեշտությունը, որը կարող է հիմք ծառայել Քաղաքացիական դատավարության օրենսգրքում իրավակիրառ պրակտիկայի կարիքներից բխող անհրաժեշտ փոփոխությունների կատարման համար: Միևնույն ժամանակ, Քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորումները փոփոխելու անհրաժեշտություն է առաջանում էլեկտրոնային արդարադատության գործիքակազմի ներդրման արդյունքում և դրա ուղղությամբ տարվող աշխատանքներին զուգահեռ:
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Քաղաքացիական օրենսդրության բարեփոխում
Վերոգրյալի համատեքստում անհրաժեշտություն է առաջանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի և հարակից օրենսդրության առանձին կարգավորումներ կամ ինստիտուտներ համապատասխանեցնել տնտեսական հարաբերությունների և մասնավոր իրավահարաբերությունների կարգավորման ժամանակակից մոտեցումներին, շուկայի արդի պահանջներին: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի վերլուծությունը ցույց է տալիս, որ.
1. կարիք կա ուսումնասիրելու և վերանայելու պայմանագրային իրավունքի որոշ կարգավորումներ: Մասնավորապես, տնտեսական հարաբերությունների և դրանց գործունեության միջավայրի զարգացման, հատկապես, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման աճի պայմաններում անհրաժեշտ է նախատեսել էլեկտրոնային եղանակով կնքվող պայմանագրերի վերաբերյալ ժամանակակից կարգավորումներ, որոնք կապահովեն մասնավոր իրավահարաբերությունների պատշաճ կարգավորումը, գործարար միջավայրի զարգացումը, ինչպես նաև անձանց իրավունքների և շահերի պաշտպանվածությունը նշված զարգացումների համատեքստում: Այս առումով անհրաժեշտ է նաև վերանայել պայմանագրերի օրինակելի պայմանների կամ, ինչպես ավելի ընդունված է անվանել, ընդհանուր պայմանների վերաբերյալ իրավակարգավորումները` համապատասխանեցնելով դրանք իրավունքի միջազգային զարգացումներին և մոտեցումներին, այդ թվում` նախատեսելով կանոններ էլեկտրոնային միջավայրում այդպիսի կարգավորումների նախատեսման և կնքման առնչությամբ, ինչը բավականին տարածված երևույթ է տարբեր երկրներում, այդ թվում` Հայաստանում: Պայմանագրային հարաբերությունների նշված ուղղությունների բարելավմանը զուգահեռ, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև սպառողների իրավունքների պաշտպանության գործիքների ներդրմանը, ինչը կապահովի նախատեսվող կարգավորումների պարագայում սպառողների իրավունքների պատշաճ պաշտպանվածությունը, ինչպես նաև բխում է ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրից: Այս համատեքստում, անհրաժեշտ է վերանայել միանալու պայմանագրերի վերաբերյալ դրույթները, նախատեսել սպառողների հետ կնքվող պայմանագրերում անարդար պայմանների նախատեսման և դրանց իրավական հետևանքների վերաբերյալ կարգավորումներ.
2. պարտավորությունների կատարման ապահովման իրավական կարգավորումները և դրանցում համապատասխան փոփոխությունների կատարումը նույնպես կարիք ունեն ուսումնասիրության և ըստ անհրաժեշտության` վերանայման: Նշվածի հաշվառմամբ հատկապես կարևորվում է 2014 թ.-ին ներդրված ապահովված իրավունքի ինստիտուտի վերանայումը, մասնավորապես, դրա և գրավի ինստիտուտների հարաբերակցության տեսանկյունից, ինչը, ինքնին, ազդում է ապահովված իրավունքի կիրառման արդյունավետության վրա, և բնականաբար իրավական միջազգային զարգացումների համատեքստում տեղի ունեցած փոփոխությունների լույսի ներքո.
3. ժամանակակից շուկայի կարևոր պահանջներից է նաև կորպորատիվ իրավահարաբերությունների շարունակական զարգացումը: Այս առումով, 2021 թ. մայիսին մեծածավալ փոփոխություններ կատարվեցին «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում: Սակայն, նշվածի հաշվառմամբ անհրաժեշտություն է վերանայել կազմակերպաիրավական այլ ձևերի գործունեությունը կարգավորող իրավական դաշտը և նախատեսել առևտրային կազմակերպությունների իրավահարաբերությունները կարգավորող համապարփակ օրենսդրություն, որը կպարունակի կորպորատիվ կառավարման ժամանակակից լուծումներ, կնպաստի կապիտալ շուկայի զարգացմանը և ընդհանուր առմամբ ողջ կորպորատիվ միջավայրը կդարձնի ներդրողների համար առավել գրավիչ.
4. անհրաժեշտ է վերանայել գնումների մասին օրենսդրության և քաղաքացիական իրավունքի հարաբերակցության հարցը: Այս առումով խնդրահարույց է այն, որ գնումների վերաբերյալ օրենսդրությունը ձևավորված չէ Քաղաքացիական օրենսգրքի` պետական կարիքների համար մատակարարման պայմանագրի համապատասխան նորմերի հիմքի վրա:
Քաղաքացիական դատավարության օրենսդրության վերանայում
2018 թվականի փետրվարի 9-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի գործնականում կիրառման արդյունքում արձանագրվել են տարբեր խնդիրները, որոնք անհրաժեշտ է վեր հանել և գույքագրել: Աջակցություն դատական բարեփոխումներին «Հայաստանում դատական իշխանության անկախության և պրոֆեսիոնալիզմի բարձրացում» ծրագրի շրջանակներում «Քաղաքացիական դատավարության օրենսգրքի որոշ դրույթների` եվրոպական չափանիշներին համապատասխանության մասին» պատրաստված կարծիքում նույնպես նշվել է Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին(33): Նման խնդիրների վերհանումը և գույքագրումը հնարավորություն կտա հետագայում մշակել դրանց լուծմանն ուղղված իրավական ակտերի նախագծեր: Հատկապես անհրաժեշտ է ուշադրություն դարձնել դատական պրակտիկայում բարձրաձայնված, Քաղաքացիական դատավարության օրենսգրքի բնույթով նոր իրավակարգավորումների և ինստիտուտների բացահայտված խնդիրներին:
_________________________
33) Տե՛ս Աջակցություն դատական բարեփոխումներին «Հայաստանում դատական իշխանության անկախության և պրոֆեսիոնալիզմի բարձրացում» ծրագրի շրջանակներում «Քաղաքացիական դատավարության օրենսգրքի որոշ դրույթների` եվրոպական չափանիշներին համապատասխանության մասին» պատրաստված կարծիքը:
Այնուհետև, կատարված ուսումնասիրությունների և գույքագրման արդյունքների հիման վրա անհրաժեշտ կլինի մշակել Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող փաթեթ, որը կարտացոլի վերհանված հիմնական խնդիրների համապարփակ լուծումները:
Միևնույն ժամանակ, Քաղաքացիական դատավարության օրենսգրքի փոփոխությունների միջոցով անհրաժեշտ է անդրադառնալ էլեկտրոնային արդարադատության ներդրմամբ պայմանավորված իրավական կարգավորման անհրաժեշտությանը: Էլեկտրոնային արդարադատության համակարգերի ներդնմանը զուգահեռ իրավական դաշտի համապատասխանեցումը և նախապատրաստումը բխում են նաև այս ոլորտում սահմանված Եվրոպայի խորհրդի չափանիշներից. օրինակ` Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովի (CEPEJ) կողմից մշակված ուղեցույցի համաձայն` էլեկտրոնային արդարադատության վերաբերյալ օրենսդրությունը անհրաժեշտ նախապայման է դատական ընթացակարգերի հաջող թվայնացման համար(34): Իր հերթին, Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհուրդը, նույնպես ընդգծելով նախօրոք օրենսդրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը, նշել է նաև, որ դրանք պետք է ուժի մեջ մտնեն էլեկտրոնային համակարգերի ներդնումից հետո միայն(35):
____________________________
34) Տե՛ս CEPEJ, Guidelines on electronic court filing (e-filing) and digitalisation of courts, 2021:
35) Տե՛ս OPINION ON THE DRAFT JUDICIAL AND LEGAL REFORMS STRATEGY FOR 2022-2026 OF THE REPUBLIC OF ARMENIA AND THE ACTION PLAN DERIVING THEREFROM (PRELIMINARY ASSESSMENT), European Union and Council of Europe Partnership for Good Governance 2019-2022, Project «Support to the judicial reform - enhancing the independence and professionalism of the judiciary in Armenia», 21 May 2022:
Այս համատեքստում հնարավոր կլինի քաղաքացիական դատավարության գործընթացում ներգրավված անձանց համար ապահովել արդարադատության մատչելիության և արդյունավետության ավելի բարձր մակարդակ: Առաջարկվող լուծումները, ի թիվս այլնի, պետք է նախատեսեն.
1. էլեկտրոնային ծանուցումների վերաբերյալ առավել արդյունավետ կարգավորումներ` հաշվի առնելով, որ էլեկտրոնային եղանակով դատական ծանուցումների իրականացումը դատավարության արդյունավետության և սեղմ ժամկետներում գործի քննության ապահովման կարևորագույն նախադրյալներից է.
2. էլեկտրոնային փաստաթղթերի և տվյալների, այդ թվում` դատավարական փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով ներկայացման վերաբերյալ կարգավորումներ: Մասնավորապես, ներկայումս Քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված է դատավարական փաստաթղթերը (հայցադիմում, դիմում, բողոք, հայցադիմումի պատասխան, միջնորդություն և այլն) էլեկտրոնային եղանակով ներկայացնելու հնարավորություն, սակայն անհրաժեշտ է մանրամասնել դրանց ներկայացման, կիրառման, օգտագործման, պահպանման կարգը` էլեկտրոնային արդարադատության գործիքների ներդրմանը զուգահեռ.
3. էլեկտրոնային ապացույցների վերաբերյալ կարգավորումներ` հաշվի առնելով դրանց ձեռքբերման հնարավորությունների և ամրագրման տեխնիկական միջոցների շրջանակի ընդլայնումը և դրանց` դատական պրակտիկայում կիրառման դեպքերի աճը.
4. էլեկտրոնային գործիքների կիրառմամբ պարզեցված վարույթների իրականացմանն ուղղված կարգավորումներ, ինչն էապես կնպաստի այս վարույթների արդյունավետության բարձրացմանը:
Միևնույն ժամանակ, հարկ է վերանայել նաև քաղաքացիական և վարչական գործերով բերվող վճռաբեկ բողոքները Վճռաբեկ դատարանի կողմից վերադարձնելու ինստիտուտը: Մասնավորապես, անհրաժեշտ է առանձնացնել այն դեպքերը, երբ գործ ունենք բողոքին ներկայացվող պահանջների ակնհայտ տեխնիկական բնույթի խախտումների հետ և դրանց հիման վրա բողոքները վերադարձնելու գործառույթը վերապահել Վճռաբեկ դատարանի գրասենյակին` դրանով իսկ համապատասխան պալատի դատական կազմին չծանրաբեռնելով բողոքը վերադարձնելու մասին ակտ կայացնելու խնդրով: Ընդ որում, անհրաժեշտ է լինելու նախատեսել այնպիսի ընթացակարգ, որը չի բացառի բողոքի վերադարձի հետ անհամաձայնության դեպքում այն Վճռաբեկ դատարանին կրկին ներկայացնելու հնարավորությունը: Բացի այդ, Վճռաբեկ դատարանի կողմից բողոքի վերադարձման հիմքով ևս ընդգծվում է վճռաբեկ բողոքի քննության ողջամիտ ժամկետի երաշխավորման անհնարինությունը:
------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում