ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 հունիսի 2023 թվականի N 891-Ն
ՊԵՏԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՄԱՐՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ` ԶԵՆՔ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել պետական ռազմականացված կազմակերպությունների կողմից իրենց սպառազինության մեջ գտնվող մարտական և ծառայողական զենքը ժամանակավոր պահելու և կրելու նպատակով պետական մարմինների` զենք պահելու և կրելու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց փոխանցելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. հունիսի 5
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2023 թվականի հունիսի 1-ի
N 891-Ն որոշման
ԿԱՐԳ
ՊԵՏԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՄԱՐՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ` ԶԵՆՔ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ
1. Պետական մարմինների պաշտոնատար անձանց ժամանակավոր պահելու և կրելու նպատակով զենք փոխանցվում է պետական մարմինների պաշտոնատար անձանց պաշտոնավարման ժամանակահատվածի ընթացքում` ինքնապաշտպանության նպատակով:
2. Պետական մարմինների պաշտոնատար անձանց ժամանակավոր պահելու և կրելու նպատակով զենք փոխանցվում է պետական ռազմականացված կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություններ) կողմից:
3. Պետական մարմինների պաշտոնատար անձինք ժամանակավոր պահելու և կրելու նպատակով զենք ստանալու համար դիմում են ներկայացնում պետական մարմնի ղեկավարին, որին կցվում է`
1) պաշտոնի նշանակվելու մասին պետական մարմնի ղեկավարի հրամանի քաղվածքը.
2) զենք կրելուն խոչընդոտող հիվանդությունների ու ֆիզիկական թերությունների բացակայության մասին բժշկական եզրակացությունը.
3) 3x4 սմ չափի երկու լուսանկար.
4) զենք պահելու և կրելու թույլտվության պատճենը.
5) զենքի հետ անվտանգ վարվելու կանոնների իմացության վերաբերյալ տեղեկանք.
6) զենքի գործադրման ուսուցում ստացած լինելու վերաբերյալ տեղեկանք:
4. Պետական մարմինների պաշտոնատար անձանց` զենքի հետ անվտանգ վարվելու կանոնների, ինչպես նաև զենքի գործադրման ուսուցումը կազմակերպում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը (այսուհետ` ոստիկանություն) կամ ռազմամարզական հասարակական կազմակերպությունները:
5. Պետական մարմինը պետական մարմնի պաշտոնատար անձի` ժամանակավոր պահելու և կրելու նպատակով զենք փոխանցելու դիմումը և սույն կարգի 3-րդ կետով պահանջվող փաստաթղթերն ստանալու օրվանից մեկշաբաթյա ժամկետում փոխանցում է ոստիկանություն` զենքի հատկացման գործընթացը կազմակերպելու նպատակով:
6. Ոստիկանությունը դիմումը և կից փաստաթղթերն ստանալու օրվանից մեկշաբաթյա ժամկետում տալիս է մարտական և ծառայողական զենք պահելու և կրելու թույլտվությունը:
7. Ոստիկանություն ներկայացրած դիմումում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում ոստիկանությունը դրանք հայտնաբերելու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է իրեն դիմած պետական մարմնին հինգ աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները:
8. Ռազմականացված կազմակերպությունը զենքը հանձնում է պետական մարմնի լիազորված ներկայացուցչին` հանձնման-ընդունման ակտով:
9. Զենքը գործադրելու, ինչպես նաև դրա կորցնելու կամ դրա փչանալու դեպքում պետական մարմնի պաշտոնատար անձն անհապաղ տեղեկացնում է պետական մարմնի ղեկավարին և ոստիկանությանը:
10. Պետական մարմնի պաշտոնատար անձի լիազորությունները դադարելու կամ դադարեցվելու դեպքում պետական մարմինը դրա մասին 3-օրյա ժամկետում տեղեկացնում է ոստիկանությանը:
11. Պետական մարմնի պաշտոնատար անձի լիազորությունները դադարելու կամ դադարեցվելու դեպքում իրեն փոխանցված զենքը պետական մարմնի պաշտոնատար անձն անմիջապես սահմանված կարգով հանձնում է պետական մարմնին:
12. Պաշտոնավարման ընթացքում պետական մարմնի պաշտոնատար անձի` ժամանակավոր պահելու և կրելու իրավունքով փոխանցված զենքից հրաժարվելու ցանկության դեպքում պետական մարմնի պաշտոնատար անձը դիմում է ներկայացնում պետական մարմնի ղեկավարին, ինչից հետո զենքը հանձնում է պետական մարմնին:
13. Սույն կարգի 11-րդ և 12-րդ կետերով սահմանված դեպքերով պետական մարմինը պետական մարմնում առկա պետական մարմնի պաշտոնատար անձին չամրացված զենքը 3-օրյա ժամկետում հանձնման-ընդունման ակտով հանձնում է ռազմականացված կազմակերպությանը:
Պաշտոնական հրապարակման օրը` 5 հունիսի 2023 թվական: