ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 օգոստոսի 2023 թվականի N 1291-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը, 21-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերը, 22-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշման NN 1 և 4 հավելվածներով հաստատված կարգերի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ` կոմիտե) ամրացված, պետական սեփականություն հանդիսացող` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, համայնք Հրազդան, Հրազդան ք., Սպանդարյան փողոց 24 հասցեում գտնվող 1108.56 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.7177 հեկտար մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 05042023-07-0245 վկայական, այսուհետ` գույք) օտարել դասական աճուրդով:
2. Սահմանել`
i
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2023 թվականի հունիսի 15-ի դրությամբ գույքի գնահատված շուկայական արժեքը` 121 300 000 ՀՀ դրամ.
2) անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքում ներառված` հատկացված հողամասի գնահատված շուկայական արժեքը` 94 400 000 ՀՀ դրամ.
3) հատկացված հողամասի տվյալ պահին գործող հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը` 31 878 799 ՀՀ դրամ.
4) աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գինը` գույքի գնահատված արժեքի 100 տոկոսի չափով` 121 300 000 ՀՀ դրամ.
5) աճուրդին մասնակցելու նախավճարը` գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով` 6 065 000 ՀՀ դրամ, որը աճուրդի հաղթող մասնակցի (այսուհետ` գնորդ) համար համարվում է գույքի վաճառքի գնի մաս և գնորդի կողմից հետագա վճարումները կատարելուց հրաժարվելու դեպքում վերադարձման ենթակա չէ ու փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: Աճուրդի չհաղթող մասնակցին (մասնակիցներին) նախավճարը վերադարձվում է աճուրդի կայացման օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում` իրենց կողմից ներկայացված հաշվեհամարին.
6) գնորդը պարտավոր է վճարել նաև գույքի արժեքի որոշման ծառայությունների վճարը` 562 178.40 դրամ գումարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), որը ենթակա է վճարման աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելու օրվանից 10 օրվա ընթացքում` գնահատողի համապատասխան հաշվին ու չի ներառվում աճուրդի արդյունքում գնորդի առաջարկած գնի մեջ.
7) աճուրդի արդյունքում գնորդի առաջարկած գինը ենթակա է վճարման արձանագրությունը ստորագրվելու օրվանից 10 օրվա ընթացքում:
3. Կոմիտեի նախագահին`
1) աճուրդի անցկացման օրվանից առնվազն 15 օր առաջ կոմիտեի պաշտոնական և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների մասին.
2) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում.
3) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպել հերթական աճուրդներ` գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցնելով վերջին աճուրդի մեկնարկային գնի 15 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան գնահատված արժեքի 50 տոկոսի չափը.
4) սույն որոշման 2-րդ կետի 6-րդ և 7-րդ ենթակետերով նախատեսված վճարումներն իրականացնելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել գույքի օտարման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:
4. Գնորդի կողմից սույն որոշման 2-րդ կետի 6-րդ և 7-րդ ենթակետերով սահմանված ժամկետում վճարումները չկատարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, և լոտը վաճառելու նպատակով կազմակերպվում է նոր աճուրդ` նույն պայմաններով, առանց մեկնարկային գնի նվազեցման:
5. Սահմանել, որ գնորդը վճարումը կատարում է Հայաստանի Հանրապետության արժույթով, ընդ որում` աճուրդում առաջարկված գինը` նվազեցված վճարման ենթակա հողամասի շուկայական (գնի բարձրացման դեպքում պահպանվում է հողամասի շուկայական արժեքի վճարման համամասնությունը) արժեքի չափով` 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հատկացված հողամասի շուկայական արժեքը` համապատասխան գանձապետական հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. օգոստոսի
Երևան